Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԽՍՀ ՕՐԵՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԽՍՀ ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4397/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4397/02/14 2017 թ.
Նախագահող դատավոր`   Մ. Հարթենյան
                                                   Լ. Գրիգորյան
                                                   Գ. Խանդանյան

                                                                                   

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
 Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զարուհի, Գայանե Այվազյանների ընդդեմ Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, բնակարանի 1/2 մասի նկատմամբ համասեփականատեր ճանաչելու, գույքի 1/2 բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Զարուհի և Գայանե Այվազյանները պահանջել են իրենց ճանաչել Գագիկ Այվազյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, որպես հետևանք` մասնակի` 1/2 մասով անվավեր ճանաչել Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, նոտարական գրանցամատյանում Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի անվամբ կատարված գրանցումները, Երևանի Բրյուսովի փողոցի 19-րդ շենքի թիվ 33 հասցեում Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի անվամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Զարուհի Այվազյանին, Գայանե Այվազյանին ճանաչել Երևանի Բրյուսովի փողոցի 19-րդ շենքի թիվ 33 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասի սեփականատեր, ինչպես նաև Երևանի Բրյուսովի փողոցի 19-րդ շենքի թիվ 33 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասը բնեղենով առանձնացնել, իսկ դրա անհնարինության դեպքում` հրապարակային սակարկություններով վաճառել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.04.2017 թվականի որոշմամբ Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 51-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ նոտարական գործողության վերաբերյալ փաստաթղթերը բոլոր դեպքերում կազմվում են երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարի մոտ, իսկ բոլոր նոտարական գործողությունները գրանցվում են նոտարական գրանցամատյանում: Հետևաբար նոտարական գործողության վերաբերյալ անձի տիրապետման ներքո գտնվող փաստաթղթի իսկության և արժանահավատության վերաբերյալ կասկածի դեպքում Դատարանը պարտավոր էր պահանջել տեղեկատվություն այդ կապակցությամբ նոտարական գրանցամատյանում կատարված գրառման մասին:

Բացի այդ, ստորադաս դատարանները Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի կողմից ժառանգության ընդունման վերաբերյալ 18.01.2002 թվականին հայտարարություն տալը և այդ հիմքով ժառանգությունն ընդունելու փաստը վիճելի լինելու և այդ փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցների բացակայության պայմաններում հաստատված են համարել ժառանգությունն ընդունելու հանգամանքը` նույնացնելով ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն տալը դիմում տալու հետ, ինչն անթույլատրելի է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի կողմից 23.07.2001 թվականին տրված մահվան ԱԱ թիվ 162957 վկայականի համաձայն` Գագիկ Այվազյանը մահացել է 20.07.2001 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11).

2. Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի կողմից Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակին ուղղված հայերեն թարգմանությամբ 18.01.2002 թվականի հայտարարության համաձայն` վերջիններս ընդունել են իրենց հոր` Գագիկ Այվազյանի մահից հետո մնացած ժառանգությունը: Նշված հայտարարությունը գրանցված է սեղանամատյանում 3-544 համարով (հատոր 1-ին, գ.թ. 16).

3. Գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 02.08.2014 թվականին տրված թիվ ԱՏ-31/07/2014-1-0187 տեղեկանքի համաձայն` Երևանի Բրյուսովի փողոցի 19 շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ նոտարի 18.02.2002 թվականի թիվ 790 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա գրանցվել է Նաիրա Պետրոսյանի, Մարիա Այվազյանի համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 14).

4. ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարի 20.04.2015 թվականի գրությամբ մերժվել է Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի ներկայացուցչին Զարուհի և Գայանե Այվազյանների 18.01.2002 թվականի հայտարարության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը (հատոր 1-ին, գ.թ. 86).

i

5. Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի ներկայացուցիչը 15.06.2015 թվականին և 23.09.2016 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել միջնորդություն` ապացույց պահանջելու մասին, որով դատարանին միջնորդել է Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ա. Հայրապետյանից պահանջելու տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե արդյոք քաղաքացիներ Զարուհի Գագիկի Այվազյանի և Գայանե Գագիկի Այվազյանի, նրանց օրինական ներկայացուցչի «18 հունվարի 2002թ.» թվագրված հայտարարության հիման վրա Պետական նոտարական գրասենյակի նոտարական գործողությունների` ժառանգական գործերի 2002 թվականի մուտքի մատյանում գրառում կատարվել է, թե` ոչ, ինչպես նաև տրամադրել պետական նոտարական գրասենյակի նոտարական գործողությունների` ժառանգական գործերի 2002 թվականի մուտքի մատյանում գրառման համապատասխան էջի լուսապատճենները` գրառում կատարված լինելու պարագայում: Միջնորդությամբ հիմնավորվել է, որ սեղանամատյանում 18.01.2002 թվականի հայտարարության գրառման լուսապատճեն ներկայացնելու հնարավորություն առկա չէ, քանի որ նոտարը, հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը, մերժել է դրա տրամադրումը (հատոր 1-ին, գ.թ. 84).

6. 15.06.2015 թվականի, 23.09.2016 թվականի դատական նիստերին Դատարանը մերժել է Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի միջնորդությունը` Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի 18.01.2002 թվականի հայտարարության վերաբերյալ նոտարական գործողությունների գրանցամատյանում գրառման առկայության մասին ապացույց պահանջելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ 18.01.2002 թվականի հայտարարության բնօրինակի վրա առկա է նշում այն մասին, որ հայտարարությունը նոտարական գրասենյակում ներկայացված է եղել, որպիսի հանգամանքը Դատարանը դիտել է որպես ժառանգության ընդունման վերաբերյալ հայտարարություն ներկայացված լինելու փաստը հավաստող բավարար ապացույց, իսկ 18.01.2002 թվականի հայտարարության հիման վրա պետական նոտարական գրասենյակի նոտարական գործողությունների` ժառանգական գործերի 2002 թվականի մուտքի մատյանում գրառում կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, Դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի հիմքով էական նշանակություն չունի գործի լուծման համար (հատոր 1-ին, գ. թ. 97-100, 146-149, 169):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ,

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն տալ» և «ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում տալ» եզրույթների բովանդակության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

i

- արդյո՞ք «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 45-րդ հոդվածում կիրառվող «հայտարարություն» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածում կիրառվող «դիմում» եզրույթները նույնաբովանդակ հասկացություններ են.

- արդյո՞ք իրավաչափ է այն ապացույցը պահանջելու միջնորդության մերժումը, որը միջնորդող կողմը հնարավորություն չի ունեցել ինքնուրույն ձեռք բերելու այն պարագայում, երբ նման ապացույցը կարող է էական նշանակություն ունենալ գործի լուծման համար:

i

ա) Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրության հարցին: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով ժառանգության ընդունումը վիճարկվում է այն հիմքով, որ չեն պահպանվել տվյալ իրավահարաբերության ծագման պահին գործող` ժառանգության ընդունմանը ներկայացվող պահանջները, գտնում է, որ 18.01.2002 թվականին Գայանե և Զարուհի Այվազյանների կողմից Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակին ուղղված հայտարարությամբ վերջիններիս կողմից ժառանգության ընդունման հանգամանքը պարզելու համար կիրառելի է նաև ժառանգության ընդունման պահին գործող 26.12.1974 թվականի «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի (ընդունվել է 26.12.1974 թվականին, ուժը կորցրել է 01.03.2002 թվականին) 45-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակները, Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-551-րդ և 553-րդ հոդվածներին համապատասխան, հայտարարություններ են ընդունում ժառանգությունն ընդունելու կամ նրանից հրաժարվելու մասին: Ժառանգությունն ընդունելու կամ նրանից հրաժարվելու մասին հայտարարությունը պետք է արվի գրավոր ձևով:

i

Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 04.06.1964 թվականին, ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն:

Նույն հոդվածը սահմանել է նաև ժառանգության ընդունման եղանակները, մասնավորապես, համաձայն նշված հոդվածի` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:

Նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել է, ի թիվս այլ եղանակների, ժառանգության ընդունման հնարավորություն` նոտարական մարմնին հայտարարելու միջոցով, որի պարագայում ժառանգությունը, ըստ այդ կարգավորումների, համարվել է ժառանգի կողմից ընդունված:

i

Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն է հանդիսացել «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 45-րդ հոդվածը, որն արդեն նախատեսել է կոնկրետ կարգավորումներ հայտարարություններ տալու և դրան համապատասխան` նոտարի պարտականությունների վերաբերյալ:

Փաստորեն, նախկինում գործող` Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգիրքն օգտագործել է «հայտարարություն» եզրույթը (ըստ այդմ էլ` «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը նույնպես օգտագործել է «հայտարարություն» եզրույթը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 05.05.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականին) 1226-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

i

Նշվածից կարելի է եզրակացնել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդունմամբ տեղի է ունեցել նորմի վերաձևակերպում, որի արդյունքում օրենսդիրը սկսել է գործածել «դիմում» եզրույթը, այնինչ «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքը, որը դեռևս գործել է (ուժը կորցրել է 01.03.2002 թվականին), չկրելով փոփոխություն` պահպանել է «հայտարարություն» եզրույթը:

Վերոշարադրյալից հետևում է, որ եզրույթների հակասությունը կրել է զուտ տեխնիկական բնույթ` պայմանավորված իրավական նորմերի փոփոխության ժամանակավրեպությամբ: Ընդ որում, նորմերի ձևակերպումներում առկա տվյալ հակասությունը չի կարող ստեղծել իրավական անորոշություն այն պարագայում, երբ դրանց բովանդակությունը, ըստ էության, նույնական է, ինչն անհարկի կարող է սահմանափակել անձանց իրավունքները և օրինական շահերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, ամփոփելով վերոգրյալը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց սկսած մինչև «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի ուժը կորցնելը, այսինքն` 01.01.1999 թվականից մինչև 01.03.2002 թվականը, «դիմում» եզրույթը պետք է նույնականացնել «հայտարարություն» եզրույթի հետ և համարել, որ դրանք, ըստ էության, առաջացնում են նույն իրավական հետևանքները:

i

բ) 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

i

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

Համանման նորմեր են նախատեսված 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածով, համաձայն որի` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությունը, երաշխավորելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, սահմանել է, որ այն չպետք է կրի ձևական բնույթ, այլ իրավական պաշտպանության տվյալ եղանակը պետք է լինի արդյունավետ: Բացի այդ, ի թիվս այլ սկզբունքների, ՀՀ Սահմանադրությունը ամրագրել է, որ դատարանները գործեր քննելիս պարտավոր են պահպանել արդարության բոլոր պահանջները (տվյալ պարագայում վեճի լուծման համար կիրառման ենթակա դատավարական և նյութական նորմերը):

i

Նշված հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում: Մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի վճիռ, կետ 28):

i

Վերը շարադրվածի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որն ամրագրված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով, որի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

i

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

Սույն իրավադրույթների բովանդակության լույսի ներքո անհրաժեշտ է ընդգծել նաև ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության կարևորությունը` որպես արդար դատաքննության իրականացման երաշխիքի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմերի համակարգային ուսումնասիրությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, փաստել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս, օրինակ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0417/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Ըստ այդմ, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել ներկայացված հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը: Այսինքն` դատարանի ներքին համոզմունքը չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, նամանավանդ այն պարագայում, երբ կողմերից մեկը վիճարկում է այս կամ այն փաստի առկայությունը կամ բացակայությունը:

i

Վկայակոչված իրավունքների իրագործման երաշխիքները նախատեսված են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերով: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ապացույց ներկայացնելու կարգը սահմանող նորմերն այն գործուն դատավարական միջոցներն են, որոնք ապահովում են գործի բազմակողմանի քննության սկզբունքի իրագործումը դատավարության ընթացքում: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի հոդվածի 1-ին կետը սահմանել է ընդհանուր կանոն, համաձայն որի` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է դատավարական երաշխիքներ այն դեպքերի համար, երբ գործին մասնակցող անձը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան:

Վկայակոչված իրավանորմից ակնհայտ է, որ դատարանը պետք է օժանդակի կողմին ձեռք բերել անհրաժեշտ ապացույցը, եթե վերջինս հնարավորություն չունի այն ինքնուրույն ձեռք բերելու գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից: Նշվածը նպատակ ունի լիարժեք ապահովելու կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը, ինչպես նաև միայն այս պարագայում կարող է երաշխավորվել անձի` արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնի կողմից 23.07.2001 թվականին տրված մահվան ԱԱ թիվ 162957 վկայականի համաձայն` Գագիկ Այվազյանը մահացել է 20.07.2001 թվականին: Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի կողմից 18.01.2002 թվականին Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակ հայտարարություն է ներկայացվել` իրենց հոր` Գագիկ Այվազյանի մահից հետո մնացած ժառանգությունն ընդունելու վերաբերյալ: Նշված հայտարարությունը գրանցված է սեղանամատյանում` 3-544 համարով: Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 02.08.2014 թվականին տրված թիվ ԱՏ-31/07/2014-1-0187 տեղեկանքի համաձայն` Երևանի Բրյուսովի փողոցի 19-րդ շենքի թիվ 33 բնակարանի նկատմամբ նոտարի 18.02.2002 թվականի թիվ 790 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա գրանցվել է Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի համատեղ սեփականության իրավունքը:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում, հայցվորները, տալով համապատասխան հայտարարություն ժառանգությունն ընդունելու վերաբերյալ (որն ըստ էության նույն դիմումն է), պատշաճ կատարել են որպես ժառանգի` իրենց հոր ժառանգությունն ընդունելուն ուղղված պարտականությունը:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, նշել է, որ գործում առկա` Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի` Գագիկ Այվազյանի մահից հետո մնացած ժառանգությունն ընդունելու մասին 18.01.2002 թվականին Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից վավերացված հայտարարության բնօրինակը թույլատրելի և բավարար ապացույց է ժառանգությունն ընդունելու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելու եղանակով ժառանգությունն ընդունելու հանգամանքը հաստատելու համար:

Վերը շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ Զարուհի Այվազյանի և Գայանե Այվազյանի կողմից 18.01.2002 թվականին հայտարարություն տալը նոտարին` ժառանգությունն ընդունելու մասին, կանխամտածված, ակտիվ և գիտակցված գործողություն է հանդիսացել, որով վերջիններս ցանկացել են առաջացնել մեկ իրավական հետևանք, այն է` ժառանգական գույքն իրենց սեփականությունը դարձնել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Զարուհի Այվազյանի և Գայանե Այվազյանի կողմից 18.01.2002 թվականին հայտարարություն տալը բովանդակային առումով համապատասխանել է տվյալ ժամանակահատվածում գործող իրավակարգավորումներին և բխել է դրանց նպատակից, հետևաբար վճռաբեկ բողոքի փաստարկը` «հայտարարություն» և «դիմում» եզրույթների բովանդակային տարբերության վերաբերյալ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհիմն է:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարի 20.04.2015 թվականի գրությամբ մերժվել է Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի ներկայացուցչին Զարուհի և Գայանե Այվազյանների 18.01.2002 թվականի հայտարարության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի ներկայացուցիչը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել միջնորդություն` ապացույց պահանջելու մասին, որով դատարանին միջնորդել է Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ա. Հայրապետյանից պահանջել տրամադրելու տեղեկատվություն այն մասին, թե արդյոք քաղաքացիներ Զարուհի Գագիկի Այվազյանի և Գայանե Գագիկի Այվազյանի, նրանց օրինական ներկայացուցչի «18 հունվարի 2002թ.» թվագրված հայտարարության հիման վրա պետական նոտարական գրասենյակի նոտարական գործողությունների` ժառանգական գործերի 2002 թվականի մուտքի մատյանում գրառում կատարվել է, թե` ոչ, ինչպես նաև տրամադրել Պետական նոտարական գրասենյակի Նոտարական գործողությունների` ժառանգական գործերի 2002 թվականի մուտքի մատյանում գրառման համապատասխան էջի լուսապատճենները` գրառում կատարված լինելու պարագայում: Միջնորդությամբ հիմնավորվել է, որ սեղանամատյանում 18.01.2002 թվականի հայտարարության գրառման լուսապատճեն ներկայացնելու հնարավորությունը բացակայում է, քանի որ նոտարը, հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքը, մերժել է դրա տրամադրումը:

i

Դատարանը մերժել է Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի միջնորդությունը` Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի 18.01.2002 թվականի հայտարարության վերաբերյալ նոտարական գործողությունների գրանցամատյանում գրառման առկայության մասին ապացույց պահանջելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ 18.01.2002 թվականի հայտարարության բնօրինակի վրա առկա է նշում այն մասին, որ հայտարարությունն առաջին նոտարական գրասենյակում ներկայացված է եղել, որպիսի հանգամանքը Դատարանը դիտել է որպես ժառանգության ընդունման վերաբերյալ հայտարարություն ներկայացված լինելու փաստը հավաստող բավարար ապացույց, իսկ 18.01.2002 թվականի հայտարարության հիման վրա պետական նոտարական գրասենյակի նոտարական գործողությունների` ժառանգական գործերի 2002 թվականի մուտքի մատյանում գրառում կատարված լինելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, Դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի ուժով էական նշանակություն չունի:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի վերը նշված պատճառաբանությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` նոտարական բոլոր գործողությունները գրանցվում են նոտարական սեղանամատյանում: Այն համարը, որի տակ գրանցվել է նոտարական գործողությունը սեղանամատյանում, ցույց է տրվում պետական նոտարների կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձանց կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում:

i

«Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակները, Հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-551 և 553-րդ հոդվածներին համապատասխան, հայտարարություններ են ընդունում ժառանգությունն ընդունելու կամ նրանից հրաժարվելու մասին: Ժառանգությունն ընդունելու կամ նրանից հրաժարվելու մասին հայտարարությունը պետք է արվի գրավոր ձևով:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությունը ժառանգությունն ընդունած համարելու համար ներկայացվող հայտարարությանը (դիմումի) վերագրել է հետևյալ պահանջները`

1. ժառանգությունն ընդունելու հայտարարությունը պետք է տրվեր գրավոր,

2. այն պետք է գրանցվեր նոտարական սեղանամատյանում,

3. համարը, որի տակ գրանցվել է նոտարական գործողությունը սեղանամատյանում, պետք է ցույց տրվեր նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձանց կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում:

Տվյալ դեպքում ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի հիմքում դրվել է Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի կողմից 18.01.2002 թվականին Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակին ուղղված հայտարարությունը, որի վրա պետական նոտար Է. Շաբոյանի կողմից կատարվել է գրառում այն մասին, որ հայտարարությունը գրանցված է սեղանամատյանում 3-544 համարի տակ: Այսինքն` ժառանգությունն ընդունած համարելու համար հայտարարությանը (դիմումին) ներկայացվող պահանջներից առաջինն ու երրորդը 18.01.2002 թվականի հայտարարության պարագայում ապահովված է, իսկ երկրորդի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են: Պատասխանողներ Նաիրա Պետրոսյանը և Մարիա Այվազյանը կասկածներ են հայտնել նշված հայտարարության իսկության վերաբերյալ` Դատարանին միջնորդելով որպես ապացույց Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ա. Հայրապետյանից պահանջել տրամադրելու տեղեկատվություն այն մասին, թե արդյոք քաղաքացիներ Զարուհի Գագիկի Այվազյանի և Գայանե Գագիկի Այվազյանի, նրանց օրինական ներկայացուցչի «18 հունվարի 2002թ.» թվագրված հայտարարության հիման վրա Պետական նոտարական գրասենյակի Նոտարական գործողությունների` ժառանգական գործերի 2002 թվականի մուտքի մատյանում գրառում կատարվել է, թե` ոչ: Նշված միջնորդությունը, սակայն, Դատարանի որոշմամբ մերժվել է:

Վերոգրյալի հաշվառմամբ, միաժամանակ նկատի ունենալով, որ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի հիմքում դրվել է 18.01.2002 թվականի` Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի կողմից Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակին ուղղված հայտարարությունը, որի իսկության վերաբերյալ պատասխանողներ Նաիրա Պետրոսյանը և Մարիա Այվազյանը հայտնել են կասկածներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Գայանե և Զարուհի Այվազյանների կողմից ժառանգությունն ընդունելու փաստը նշված գրավոր ապացույցով հաստատելու համար դատարանը պարտավոր էր ձեռնարկել համարժեք միջոցներ այդ կասկածները փարատելու և 18.01.2002 թվականի` Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի կողմից Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակին ուղղված հայտարարության իսկությունը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ և միայն նշված գրավոր ապացույցի իսկությունը հաստատելու պարագայում այդ ապացույցը կարող էր հիմք հանդիսանալ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջը բավարարելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 18.01.2002 թվականի` Գայանե Այվազյանի և Զարուհի Այվազյանի կողմից Երևանի առաջին պետական նոտարական գրասենյակին ուղղված հայտարարության իսկությունը ստուգելուն ուղղված հետագա դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտության հարցը կարող էր քննարկման առարկա դառնալ միայն ժառանգությունն ընդունած համարելու համար հայտարարությանը ներկայացվող պահանջներից երկրորդի վերաբերող տեղեկատվությունը ստանալուց հետո:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը նշված իրավական վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ, արձանագրում է, որ թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը Գայանե և Զարուհի Այվազյանների կողմից ժառանգությունն ընդունելու հանգամանքը հաստատված համարելիս չեն ունեցել բավարար ապացույցներ այն մասին, որ վերջիններիս կողմից ժառանգությունն ընդունելու մասին հայտարարությունը ներկայացվել է իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումներին համապատասխան: Մասնավորապես, ստորադաս դատարանները նշված փաստը հաստատված են համարել գրավոր ապացույցի իսկության վերաբերյալ վեճի առկայության պարագայում: Ընդ որում, սույն գործում առկա փաստական հանգամանքները հիմք են տալիս հաստատված համարելու այն, որ կողմը, ձեռնամուխ լինելով սեփական միջոցներով ստանալ անհրաժեշտ ապացույցը, ստացել է մերժում, այնուհետև նպատակ ունենալով իրացնել իր դատավարական իրավունքը` դիմել է դատարան` ապացույց պահանջելու միջնորդությամբ, մինչդեռ Դատարանը տվյալ հարցը քննարկելիս բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, հաշվի չի առել միջնորդության ներկայացման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները, մերժել է այն` զրկելով կողմին ապացուցել իր կողմից վկայակոչված փաստը, որի արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության իրավունքը, ինչն էլ անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԿԴ/4379/02/14
Որոշում