Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԵԿԱՄՍՅԱ ԺԱՄԿ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2089/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/2089/02/15   2017 թ.
Նախագահող դատավոր`   Հ. Ենոքյան
                                                   Ս. Միքայելյան
                                                   Ա. Սմբատյան

                                                                                   

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Ասատրյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Ասատրյանի ընդդեմ Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի և Վահան Մինասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Վարդան Ասատրյանը պահանջել է Սմբատ Մինասյանից, Գայանե Վարդանյանից և Վահան Մինասյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրն այդ գումարի նկատմամբ հաշվարկած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 07.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.04.2017 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.04.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ասատրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սմբատ Մինասյանի, Գայանե Վարդանյանի և Վահան Մինասյանի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ժամկետները պահպանված չեն եղել բողոք բերած անձի կողմից ներկայացված սխալ տեղեկատվության պատճառով, մասնավորապես` բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել ոչ թե 07.05.2016 թվականին, ինչպես նշվել է ներկայացված միջնորդության մեջ, այլ ավելի ուշ` 14.05.2016 թվականին: Մինչդեռ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարան բնօրինակ տեսքով ներկայացրել է թիվ RR206765016AM, RR212221985AM, RR212222005AM, RR212221115AM և RR212221999AM պատվիրված առաքանիները, որոնց վրա կնիքված է «07 մայիսի»:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչու է բողոք բերած անձի ներկայացուցչի կողմից ներկայացված ապացույցն ավելի քիչ արժանահավատ, և ինչու է որոշման հիմքում դրվել պատասխանողների կողմից ներկայացված գրությունը: Ավելին, բողոք բերած անձի ներկայացրած կտրոնները հանդիսանում են կոնկրետ փոստային բաժանմունքում նամակները հանձնելու վերաբերյալ ուղղակի ապացույց, իսկ պատասխանողների ներկայացրած գրությունն անուղղակի ապացույց է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ եթե գործում առկա է որևէ փաստի հաստատմանը կամ հերքմանն ուղղված հավասարազոր առնվազն երկու ապացույց, ապա տվյալ դեպքում դատարանը պարտավոր է առավել խորությամբ վերլուծության և գնահատման արժանացնել այս կամ այն ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Թիվ RR206765016AM, RR212221985AM, RR212222005AM, RR212221115AM և RR212221999AM պատվիրված առաքանիները Երևանի թիվ 0062 փոստային բաժանմունք են մուտքագրվել միայն 14.05.2016 թվականին, ներկայացված փոստային անդորրագրերը տպվել են 14.05.2016 թվականին, հետևաբար անդորրագրերի վրա առկա «07 MAY 2016» նշագրումով կնիքը դրվել է 14.05.2016 թվականին, ինչը հիմնավորվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի ավագ քննիչ Դ. Սարոյանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 26.07.2017 թվականի որոշմամբ: Նման պայմաններում ներկայացված փոստային անդորրագրերը ո՛չ արժանահավատ, և ո՛չ թույլատրելի ապացույցներ են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2016 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել (փոստային ծառայությանն է հանձնել) 21.05.2016 թվականին, այսինքն` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 96):

2. Վարդան Ասատրյանը 17.06.2016 թվականին ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որին կից ներկայացված միջնորդությամբ` բաց թողած դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, հայտնել է, որ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 07.05.2016 թվականին, ինչպես նաև կից ներկայացվել են թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM պատվիրված առաքանիների անդորրագրերի բնօրինակները (հատոր 2-րդ, գ.թ. 118-130):

3. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2016 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը համարվել է հարգելի, և վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 1):

4. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Դ. Սարոյանի «Առգրավում կատարելու մասին» 09.02.2017 թվականի որոշման հիման վրա թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM անդորրագրերի բնօրինակներն առգրավվել են (հատոր 3-րդ, գ.թ. 94-97):

5. «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի 10.08.2016 թվականի թիվ 2/3 2542 գրության համաձայն` Գևորգ Մարտիրոսյանի անվամբ ուղարկված թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM պատվիրված առաքանիները Երևանի թիվ 0062 փոստային բաժանմունք մուտք են եղել 14.05.2016 թվականին (հատոր 3-րդ, գ. թ. 26):

6. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի ավագ քննիչ Դ. Սարոյանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 26.07.2017 թվականի որոշմամբ նշվել է, որ «(...) թերևս քրեական գործով հաստատվել է, որ Գ. Մարտիրոսյանի կողմից որպես ապացույց վերաքննիչ դատարան ներկայացված թվով 5 անդորրագրերի վրա առկա ամսաթվերը չեն համապատասխանում դրանք «Հայփոստ» ՓԲԸ-ի էլեկտրոնային բազա մուտք անելու ժամանակահատվածին, դրանց ստորին մասում բացակայում են իրական ամսաթվերը և քրեական գործով չի հաստատվել Գ. Մարտիրոսյանի կողմից նամակները 14.05.2016 թվականին փոստին հանձնելու հանգամանքը, միաժամանակ հնարավոր չի եղել հերքել այն հանգամանքը, որ Գ. Մարտիրոսյանը ծրարները հանձնել է 07.05.2016 թվականին կամ սահմանված ժամկետում (...)» (ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք գործին մասնակցող անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետը պահպանված լինելու հարցը կարող է գնահատման արժանանալ նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո բողոքի քննության փուլում:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

i

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը: Նշված իրավունքի իրացման համար օրենսդրի կողմից սահմանվել են պայմաններ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է ապահովվել այն: Մասնավորապես` որպեսզի գործին մասնակցող անձը հնարավորություն ունենա իրացնելու դատական պաշտպանության իր իրավունքը, պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին բավարարող բողոք մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Նման ժամկետի սահմանումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված` դատավարական գործողությունները նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունից` հստակեցնելով անձի կողմից իր իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինելու ընթացակարգը:

i

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանվել է ոչ միայն վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացման ժամկետ, այլ դա նաև հանդիսանում է վերաքննության կարգով դատական ակտի վերանայման մեկամսյա վաղեմություն, որն ուղղակիորեն գործին մասնակցող անձին զրկում է վերաքննիչ բողոքարկման հնարավորությունից: Ընդ որում, ի տարբերություն հայցային վաղեմության ժամկետի, որը դատարանը կիրառում է միայն կողմի միջնորդությամբ, նշված մեկամսյա ժամկետն ուղղակիորեն վերաքննությունը բացառող հանգամանք է և դատարանին պարտավորեցնում է սեփական նախաձեռնությամբ կիրառել այս նորմը` վերադարձնելով վերաքննիչ բողոքը: Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն` վերաքննությունն ընդհանրապես բացառող հանգամանք է դատական ակտի հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետի լրանալը, որը կարող է հարգելի ճանաչվել և վերականգնվել բողոք բերած անձի կողմից համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում: Ընդ որում, «վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնում» եզրույթը նշանակում է ոչ թե վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հոսքի վերսկսում, այլ դատական ակտի բողոքարկման եղանակով անձի խախտված իրավունքների պաշտպանության տրամադրում: Այն դեպքերում, երբ մեկամսյա ժամկետը խախտվել է օբյեկտիվ հիմքերով, օրենսդիրը հնարավորություն է տվել ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` դրանով իսկ ապահովելով դատական ակտի բողոքարկման եղանակով դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակցող անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պարզի, թե արդյոք բողոքը ներկայացվել է սահմանված մեկամսյա ժամկետի ընթացքում: Ընդ որում, պայմանավորված վարույթ ընդունելու փուլի առանձնահատկություններով` վերաքննիչ դատարանն այդ հանգամանքը պարզում է` առերևույթ գնահատելով ժամկետը պահպանված լինելու հանգամանքը: Այլ կերպ ասած, եթե առերևույթ պահպանված է ժամկետը, վերաքննիչ դատարանը բողոքը պետք է վարույթ ընդունի, քանի որ դա է բխում անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի էությունից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդեն իսկ վերաքննիչ բողոքի քննության փուլում վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու հարցի վերաբերյալ կասկածներ ծագելու դեպքում վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հանգամանքով և պարտավոր է անդրադառնալ ու գնահատման արժանացնել ժամկետը պահպանած լինելու փաստը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը բողոքի քննության փուլում նույնպես կարող է գնահատման արժանացնել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու պայմանների պահպանված լինելը և եթե պարզի, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս պահպանված չեն եղել վերաքննիչ բողոք բերելու ժամկետները, ապա ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված լիազորություններով` վերաքննիչ բողոքը պետք է մերժի` հաշվի առնելով, որ ի սկզբանե առկա են եղել վերաքննությունը բացառող հանգամանքներ:

i

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո գտնում է, որ նման կարգավորումը կիրառելի է նաև բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելիս: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելիս գնահատել է միջնորդությունը և այն հարգելի համարելով` վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, սակայն բողոքի քննության փուլում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են միջնորդության ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ, ապա վերաքննիչ դատարանն այս դեպքում ևս պետք է մերժի վերաքննիչ բողոքը (տե՛ս, նաև ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի` թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով, որը պետք է իրացվի օրենքով սահմանված ժամկետներում, որի պահպանված լինելը վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում պարզում է` առերևույթ գնահատելով ներկայացված ապացույցները, ինչը չի զրկում վերաքննիչ բողոքի քննության փուլում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը բացառող հանգամանքներն ի հայտ գալու դեպքում մերժել վերաքննիչ բողոքը` արձանագրելով վերաքննիչ բողոքարկումը բացառող հանգամանքի առկայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2016 թվականի որոշմամբ Վարդան Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերվել (փոստային ծառայությանն է հանձնել) 21.05.2016 թվականին, այսինքն` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Վարդան Ասատրյանը 17.06.2016 թվականին ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որին կից ներկայացված միջնորդությամբ` բաց թողած դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, հայտնել է, որ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 07.05.2016 թվականին, ինչպես նաև, ի հավաստումն նշվածի, կցել է թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM պատվիրված առաքանիների անդորրագրերի բնօրինակները: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2016 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը համարվել է հարգելի, և վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Դ. Սարոյանի` «Առգրավում կատարելու մասին» 09.02.2017 թվականի որոշման հիման վրա թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM անդորրագրերի բնօրինակներն առգրավվել են: ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Դ. Սարոյանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 26.07.2017 թվականի որոշմամբ նշվել է, որ «(...) թերևս քրեական գործով հաստատվել է, որ Գ. Մարտիրոսյանի կողմից որպես ապացույց վերաքննիչ դատարան ներկայացված թվով 5 անդորրագրերի վրա առկա ամսաթվերը չեն համապատասխանում դրանք «Հայփոստ» ՓԲԸ էլեկտրոնային բազա մուտք անելու ժամանակահատվածին, դրանց ստորին մասում բացակայում են իրական ամսաթվերը և քրեական գործով չի հաստատվել Գ. Մարտիրոսյանի կողմից նամակները 14.05.2016 թվականին փոստին հանձնելու հանգամանքը, միաժամանակ հնարավոր չի եղել հերքել այն հանգամանքը, որ Գ. Մարտիրոսյանը ծրարները հանձնել է 07.05.2016 թվականին կամ սահմանված ժամկետում (...)»:

i

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ «սույն դեպքում վերաքննիչ բողոքին կից ներկայացված ծրարի համաձայն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով 07.04.2016 թվականին կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայության է հանձնվել 21.05.2016 թվականին, ինչը հիմնավորվում է ներկայացված ծրարի վրա դրված կնիքով, այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բողոքարկման ժամկետը լրանալուց հետո, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված չի եղել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, հետևաբար Վերաքննիչ դատարանի 06.05.2016 թվականին կայացված որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: 15.06.2016 թվականին բողոքաբերի կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացված միջնորդության մեջ վերջինս նշել է, որ իրականում վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 07.05.2016 թվականին: Բողոքաբերը Վերաքննիչ դատարան է ներկայացրել թվով հինգ փոստային առաքանիներ, որոնց համաձայն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով 07.04.2016 թվականին կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 07.05.2016 թվականին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ներկայացված վերաքննիչ բողոքը, քանի որ 06.05.2016 թվականին կայացված որոշմամբ արձանագրված թերությունը շտկվել է, այն է` ներկայացվել է ապացույց այն մասին, որ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել ոչ թե 21.05.2016 թվականին, այլև 07.05.2016 թվականին»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «գործի քննության ժամանակ ի հայտ է եկել այնպիսի հանգամանք, ըստ որի` բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է միայն 14.05.2016 թվականին, այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված բողոքարկման ժամկետը լրանալուց հինգ օր հետո, որպիսի փաստը հիմնավորվում է «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի 10.08.2016 թվականի թիվ 2/3 2542 գրությամբ, որի համաձայն` Գևորգ Մարտիրոսյանի անվամբ ուղարկված թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM պատվիրված առաքանիները Երևանի թիվ 0062 փոստային բաժանմունք են մուտք եղել 14.05.2016 թվականին»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է վերաքննությունը բացառող հանգամանք, քանի որ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում պարզվել է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ժամկետները պահպանված չեն եղել բողոքաբերի կողմից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործողությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

i

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ սահմանված փաստաթղթերը կապի կազմակերպությանը հանձնելու իրավական հետևանքները հավասարեցվում են դրանք համապատասխան հասցեատիրոջը տալուն (տե՛ս, նաև «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ընդդեմ Տիգրան Հարությունյանի թիվ 3-1614(Ա) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ կառավարության 16.02.2012 թվականի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 3-րդ կետի 13-րդ ենթակետի համաձայն` փոստային առաքանին հանձնման մասին ծանուցմամբ (միջազգային փոստափոխանակման ժամանակ փոստային առաքանի ստանալու մասին տեղեկացմամբ)` գրանցվող փոստային առաքանի է, որը տալու ժամանակ ուղարկողը փոստային կապի օպերատորին հանձնարարում է իրեն կամ իր նշած անձին հաղորդել, թե երբ և ում է հանձնվել փոստային առաքանին կամ վճարվել դրամական միջոցների փոստային փոխադրության դիմաց:

i

Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` գրանցվող փոստային առաքանին ընդունվում է ուղարկողին` անդորրագրի հանձնումով և հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) հանձնվում է ստորագրությամբ` անձնագրի առկայության դեպքում:

i

Կանոնակարգի 32-րդ կետի համաձայն` գրանցվող փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունները փոստային կապի օբյեկտներում ընդունվում են ուղարկողի հասցեի առկայության դեպքում: Գրանցվող փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունման ժամանակ ուղարկողին տրվում է անդորրագիր: Անդորրագրում նշվում են առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրությունների տեսակը և տարատեսակը, հասցեատեր ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (իրավաբանական անձի անվանումը), նշանակման վայրի փոստային կապի օբյեկտի անվանումը, փոստային առաքանու կամ դրամական միջոցների փոստային փոխադրության համարը:

Վերը նշված կարգավորումներից հետևում է, որ գրանցվող փոստային առաքանու ընդունման ժամանակ ուղարկողին տրվում է անդորրագիր, որով հավաստվում է, որ փոստային առաքանին հանձնվել է կապի կազմակերպությանը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` գործում առկա են եղել թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM պատվիրված առաքանիների անդորրագրերի բնօրինակները, որոնք Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Դ. Սարոյանի «Առգրավում կատարելու մասին» 09.02.2017 թվականի որոշման հիման վրա առգրավվել են` գործում թողնելով դրանց պատճենները:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քաղաքացիական գործում միևնույն փաստի վերաբերյալ առկա են եղել հավասարազոր և թույլատրելի ապացույցներ, ընդ որում` թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM պատվիրված առաքանիների անդորրագրերը հանդիսացել են ուղղակի ապացույցներ` առաքանիները փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում բացառապես դրել է «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի 10.08.2016 թվականի թիվ 2/3 2542 գրությունն այն պարագայում, երբ, անդրադառնալով թիվ RR 206765016 AM, RR 212221985 AM, RR 212222005 AM, RR 212221115 AM և RR 212221999 AM պատվիրված առաքանիների անդորրագրերին, նշել է, որ դրանք այնուամենայնիվ ներկայացված են եղել Վերաքննիչ դատարան, որի հիման վրա վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը համարվել է հարգելի և վերականգնվել է: Վերաքննիչ դատարանը, սակայն, չի պատճառաբանել, թե ինչու է նշված անդորրագրերը դիտում ոչ թույլատրելի կամ նվազ արժանահավատ ապացույց:

Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննությունը բացառող հանգամանքի առկայության փաստը հաստատված համարելիս չի իրականացրել ապացույցների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում վիճելի է մնացել առաքանիները փոստային կապի ծառայությանը հանձնելու ստույգ ամսաթիվը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հստակ եզրահանգում չէր կարող կատարել վերաքննությունն ի սկզբանե բացառող հանգամանքի առկայության վերաբերյալ: Ավելին, վճռաբեկ բողոքի պատասխանին կից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի ավագ քննիչ Դ. Սարոյանի «Քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 26.07.2017 թվականի որոշումը, որում նշվել է, որ «(...) թերևս քրեական գործով հաստատվել է, որ Գ. Մարտիրոսյանի կողմից որպես ապացույց վերաքննիչ դատարան ներկայացված թվով 5 անդորրագրերի վրա առկա ամսաթվերը չեն համապատասխանում դրանք «Հայփոստ» ՓԲԸ էլեկտրոնային բազա մուտք անելու ժամանակահատվածին, դրանց ստորին մասում բացակայում են իրական ամսաթվերը և քրեական գործով չի հաստատվել Գ. Մարտիրոսյանի կողմից նամակները 14.05.2016 թվականին փոստին հանձնելու հանգամանքը, միաժամանակ հնարավոր չի եղել հերքել այն հանգամանքը, որ Գ. Մարտիրոսյանը ծրարները հանձնել է 07.05.2016 թվականին կամ սահմանված ժամկետում (...)»: Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցը ձևավորվել է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ավարտից հետո, որպիսի պայմաններում օբյեկտիվորեն չի գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից, միաժամանակ հաշվի առնելով, որ այն ևս էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության նշված ապացույցը գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ գնահատելու արդյունքում սույն գործով վերաքննությունը բացառող հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԷԴ/2089/02/15
Որոշում