Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

    

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1468/02/15
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1468/02/15 2017 թ.
Նախագահող դատավոր`   Ա. Խառատյան
                                                   Գ. Կարախանյան
                                                   Ս. Թորոսյան

    

                                                                               

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ռ. Հակոբյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ա. Բարսեղյանի
  Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

 

                 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ Աննա Նիկողոսյանի` գումարի բռնագանձման և տոկոսների հաշվեգրման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Աննա Նիկողոսյանից բռնագանձել 2.893,53 ԱՄՆ դոլար` որպես անհիմն հարստացում, նույն գումարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած 12.03.2014 թվականից մինչև փաստացի վճարումը կատարելու օրը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.12.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետը, 73-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Բանկի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն` հայցագինը կազմված է եղել 2.893,53 ԱՄՆ դոլարից և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկվող տոկոսներից` սկսած 12.03.2014 թվականից մինչև փաստացի վճարումը կատարելու օրը, իսկ նկատի ունենալով, որ հայցը մերժելու մասին վճիռը կայացվել է 07.12.2015 թվականին, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները և դրանց համար վճարման ենթակա պետական տուրքի 2% գումարը պետք է հաշվարկվեր մինչև այդ օրը: Ընդ որում, մինչև վճռի կայացման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը կազմում է 171,2 ԱՄՆ դոլար, որի 2%-ի չափով պետական տուրքի գումարն իր հերթին կազմում է 3,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Մինչդեռ Դատարանն արձանագրել է, որ պետական տուրքի գումարը կազմում է 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որի հետ համաձայնել է նաև Վերաքննիչ դատարանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` Բանկից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

i

1) Բանկի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն` հայցագինը կազմել է 2.893,53 ԱՄՆ դոլար և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկվող տոկոսներից` սկսած 12.03.2014 թվականից մինչև փաստացի վճարումը կատարելու օրը (հատոր 1-ին, գ.թ. 3-7):

2) Դատարանը վճռով Բանկից բռնագանձել է 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի բռնագանձման պահանջի համար պետական տուրքի գումար` բանկային տոկոսների հաշվարկը կատարելով 21.05.2015 թվականից (հայցադիմումը դատարան ներկայացվելու օրվանից) մինչև 07.12.2015 թվականը (վճռի կայացման օրը) ընկած ժամանակահատվածի համար (հատոր 1-ին, գ.թ. 106-111):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի, 73-րդ հոդվածի 1-ին կետի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի համար նախատեսված պետական տուրքի գումարի հաշվարկման հարցին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերության համաձայն` հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների (...) համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...) համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` գույքային պահանջներով հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:

Վկայակոչված նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքի գումարը, որը վճարվում է դատարան ներկայացվող հայցադիմումների համար, հանդիսանում է դատական ծախս և, ըստ այդմ, ներառվում է դատարանի կողմից` գործին մասնակցող անձանց միջև բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն բաշխվող դատական ծախսերի կազմի մեջ: Գույքային պահանջներով հայցադիմումների համար պետական տուրքի գումարի չափը սահմանվում է` հիմք ընդունելով հայցագինը, որը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից: Ընդ որում, հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

i

Վկայակոչված նորմի վերլուծությունից բխում է, որ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում ծագում է այդ գումարին տոկոսներ վճարելու պարտավորություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, նաև «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է, ինչը հիմք է տալիս փաստելու, որ այն հանդիսանում է օրենքով նախատեսված տուժանք, որը հաշվեգրվում է օրենքի ուժով, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված և վճռի կատարման օրվա դրությամբ հաշվարկվելիք տոկոսները նույնպես մտնում են հայցագնի մեջ: Ըստ այդմ, երբ հայցապահանջի մեջ է ներառված նաև վճռի կատարման օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված դրամական պարտավորությունները խախտելու համար վճարվող տոկոսների բռնագանձման պահանջը, ապա դատարանը վերջնական դատական ակտով պետք է անդրադառնա նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի համար պետական տուրքի գանձման հարցին` հաշվարկելով և բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն գործին մասնակցող անձանց միջև բաշխելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի երկու տոկոսը` որպես պետական տուրքի գումար (դատական ծախս)` առաջնորդվելով դատական ծախսերի բաշխման և պետական տուրքի գումարի հաշվարկման ընդհանուր կանոններով:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը ներկայացված հայցադիմումով դատարանից պահանջել է Աննա Նիկողոսյանից բռնագանձել 2.893,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ներկայացրել է նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջ` կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Այսինքն` հայցադիմումի համաձայն` հայցագինը կազմված է եղել 2.893,53 ԱՄՆ դոլարից և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկվող տոկոսներից:

Դատարանը, մերժելով Բանկի հայցը, միաժամանակ անդրադարձել է դատական ծախսերի բաշխման հարցին. 2.893,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի մասով պետական տուրքի հարցը համարել է լուծված` հաշվի առնելով, որ այդ մասով պետական տուրքը նախապես վճարվել է, իսկ 2.893,53 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվարկելու և բռնագանձելու պահանջի մասով պետական տուրքի հարցին անդրադառնալով` Դատարանը գտել է, որ Բանկից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` այդ եզրահանգման հիմքում դնելով այն հանգամանքը, որ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է 21.05.2015 թվականին, իսկ նշված օրվանից մինչև վճռի կայացման օրը` 07.12.2015 թվականը հաշվարկված գումարից վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 171,2 ԱՄՆ դոլար: Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշված հաշվարկը կատարել է հետևյալ կերպ. 2.893,53 *12:100:365 *180 (օր)=171,2:

Բանկը նշված վճիռն ամբողջությամբ, այդ թվում` դատական ծախսերի մասով, բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և պետական տուրքի մասով ևս վճիռը թողել է օրինական ուժի մեջ` համաձայնելով Դատարանի կողմից կատարված հաշվարկների հետ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների ժամանակաշրջանը հաշվարկելով 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականը` Բանկից ՀՀ պետական բյուջե բռնագանձել է ոչ թե նշված ժամանակահատվածի համար 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների 2%-ը, այլ հենց 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը: Ավելին, Դատարանը 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածը հաշվելով օրերի քանակով` համարել է, որ այն կազմում է 180 օր, մինչդեռ նշված ժամանակաշրջանն օրերի քանակով կազմում է 200 օր, որպիսի պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը կազմում է 190,26 ԱՄՆ դոլար, որի երկու տոկոսը կազմում է 3,8 ԱՄՆ դոլար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպես, Վերաքննիչ դատարանը համաձայնել է Դատարանի կողմից կատարված հաշվարկի հետ` 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների 2%-ը նույնացնելով 2.893,53 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հետ և նշված տոկոսների գումարը` որպես պետական տուրքի գումար ՀՀ պետական բյուջե բռնագանձելը համարել է հիմնավոր` թույլ տալով դատական սխալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` պետական տուրքի բռնագանձման մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում է միայն Դատարանի վճիռը 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների մասով պետական տուրքի գումար բռնագանձելու մասն օրինական ուժի մեջ թողնելու մասով, հաշվի առնելով այն, որ պետական տուրքի բռնագանձման մասով Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն վերը նշված ժամանակահատվածի համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Սույն գործով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բանկի կողմից Վերաքննիչ դատարանի 07.04.2016 թվականի որոշումը բողոքարկվել է մասնակիորեն` միայն պետական տուրքի գումարը բռնագանձելու մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը շարադրված պատճառաբանության հիմքով Բանկը չի կրում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականություն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման հարցը պետք է համարել լուծված:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2016 թվականի որոշման` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2015 թվականի վճիռը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե 171,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի բռնագանձման պահանջի համար պետական տուրքի գումարի բռնագանձման մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3,8 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես 21.05.2015 թվականից մինչև 07.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի բռնագանձման պահանջի մասով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և չվճարված պետական տուրքի գումար:

2. Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵՄԴ/1468/02/15
Որոշում