Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԸ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՀ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1044/02/16 
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1044/02/16 2017 թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ`                    Ա. Սմբատյան
                                                 Հ. Ենոքյան

     

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Պարգև Պողոսյանի ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Սուքիասյանի ընդդեմ Վահագն Սուքիասյանի և Պարգև Պողոսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էլմիրա Դանիելյանի` փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Սուքիասյանը պահանջել է անվավեր ճանաչել Վահագն Սուքիասյանի և Պարգև Պողոսյանի միջև 27.08.2010 թվականին կնքված փոխառության ու անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը գրավի մասով և որպես անվավերության հետևանք` վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի գործակալության պետական կոմիտեի կողմից Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 անավարտ տաղավարի վերաբերյալ 01.09.2010 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Երիցյան) (այսուհետ` Դատարան) 30.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.05.2017 թվականի որոշմամբ Անահիտ Սուքիասյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 30.12.2016 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պարգև Պողոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածները, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտում, սխալ է մեկնաբանել սույն գործի փաստական հանգամանքները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործարքը կնքելիս, համաձայն թիվ 2257447 սեփականության վկայականի` Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 հասցեի անավարտ տաղավարի միակ սեփականատերը հանդիսացել է Վահագն Սուքիասյանը, ով ի հավաստումն նշվածի, 27.08.2010 թվականին նոտարական կարգով վավերացված հայտարարություն է տվել այն մասին, որ հանդիսանում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 հասցեի անավարտ տաղավարի միակ սեփականատերը և այն ձեռք բերելու պահին ամուսնացած չի եղել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա` 27.08.2010 թվականի կնքված փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի 11-րդ կետի համաձայն` գրավատուն պարտավորվում է գրավառուին նախազգուշացնել գրավադրվող գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների մասին: Ի հավաստումն պայմանագրով ստանձնած իր այդ պարտավորության` գործարքը կնքելուց առաջ Վահագն Սուքիասյանը պնդել է, որ անշարժ գույքի միակ սեփականատերն է, գույքն այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված չէ, որպիսի պայմաններում Պարգև Պողոսյանը, ծանոթանալով Վահագն Սուքիասյանի անվամբ տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականին, վստահելով Վահագն Սուքիասյանի կողմից նոտարական կարգով արված և պայմանագրով ստանձնած երաշխավորությանը` գույքն այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ, կնքել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.05.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.12.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Թիվ ԱԱ045934 ամուսնության վկայականի համաձայն` Անահիտ Խաչատրյանը և Վահագն Սուքիասյանը 21.03.1998 թվականին ամուսնացել են, ամուսնությունից հետո ամուսինները կրել են Սուքիասյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 11):

2) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 19.07.2007 թվականի թիվ 2257447 վկայականի համաձայն` Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 հասցեի անավարտ տաղավարի նկատմամբ գրանցված է Վահագն Սուքիասյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 15-19):

3) Վահագն Սուքիասյանի և Պարգև Պողոսյանի միջև 27.08.2010 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի համաձայն` Պարգև Պողոսյանը Վահագն Սուքիասյանին է հանձնել 6.000.000 ՀՀ դրամ մինչև 03.08.2011 թվականը վերադարձնելու պայմանով: Որպես Վահագն Սուքիասյանի պարտավորությունների կատարման ապահովում` վերջինս Պարգև Պողոսյանի մոտ գրավ է դրել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 հասցեի անավարտ տաղավարը (հատոր 1-ին, գ.թ. 13-14):

4) Գրավի իրավունքի գրանցման 21.09.2010 թվականի թիվ 0108477 վկայականի համաձայն` Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 հասցեի անավարտ տաղավարի նկատմամբ գրանցված է Պարգև Պողոսյանի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20):

5) Վահագն Սուքիասյանի կողմից 27.08.2010 թվականին արված և նոտարական կարգով վավերացված հայտարարության համաձայն` Վահագն Սուքիասյանը հայտնել է, որ հանդիսանում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 հասցեի անավարտ տաղավարի միակ սեփականատերը և այն ձեռք բերելու պահին ամուսնացած չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 137):

6) 16.12.2016 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Պարգև Պողոսյանը հայտնել է, որ գործարքի կնքման պահին Վահագն Սուքիասյանն իրեն տեղեկացրել է, որ ինքն ամուսնալուծված է (հատոր 2-րդ, գ.թ. 29-32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի, 201-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք համատեղ սեփականության մասնակցի կողմից կնքված գործարքը մյուս մասնակցի պահանջով կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, երբ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն կարող էր իմանալ գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորության բացակայության փաստի մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածներով նախատեսված վերոնշյալ իրավադրույթների մեկնաբանությանը, արձանագրել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ`

1) համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն.

i

2) գործարքի մյուս կողմի` այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տե՛ս, Թագուշ Պետրոսյանն ընդդեմ Ժաննա Ղազարյանի թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, Գայանե Թումասյանն ընդդեմ Հովհաննես Երիցյանի և մյուսների թիվ ԱՐԴ1/0956/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Սուքիասյանի և Վահագն Սուքիասյանի ամուսնությունը գրանցվել է 21.03.1998 թվականին, վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վահագն Սուքիասյանի սեփականության իրավունքը գրանցվել է 19.07.2007 թվականին, 27.08.2010 թվականի փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով Վահագն Սուքիասյանը վիճելի գույքը գրավադրել է: 27.08.2010 թվականին կնքված փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրի 11-րդ կետի համաձայն` Վահագն Սուքիասյանը պարտավորվել է Պարգև Պողոսյանին նախազգուշացնել գրավադրվող գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների մասին: Նույն օրը` 27.08.2010 թվականին, Վահագն Սուքիասյանը նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ հայտնել է, որ հանդիսանում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2/2 հասցեի անավարտ տաղավարի միակ սեփականատերը և այն ձեռք բերելու պահին ամուսնացած չի եղել:

Դատարանը սույն գործով հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Անահիտ Սուքիասյանը Վահագն Սուքիասյանի` վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և այդ մասին գործարքի մյուս կողմի` գրավառու Պարգև Պողոսյանի կողմից իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով չի իրականացվել գործի փաստերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Մասնավորապես` սույն քաղաքացիական գործով ձեռք չի բերվել որևէ գրավոր փաստաթուղթ, որով կհիմնավորվեր, որ Անահիտ Սուքիասյանը տվել է իր համաձայնությունը Վահագն Սուքիասյանին` վիճելի գույքի նկատմամբ որևէ գործարք կնքելու վերաբերյալ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պատասխանող Պարգև Պողոսյանը 16.12.2016 թվականի դատական նիստի ընթացքում հայտնել է, որ տեղյակ է եղել, որ «Վահագն Սուքիասյանն ամուսնալուծված է եղել», որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ պատասխանողը տեղյակ է եղել, որ Վահագն Սուքիասյանն ամուսնացած է եղել, սակայն միջոցներ չի ձեռնարկել պարզելու, թե երբ է ձեռք բերվել գրավի առարկա գույքը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը, քանի որ ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար գործարք կնքելու անհրաժեշտ լիազորության բացակայության մասին: Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Պարգև Պողոսյանը 27.08.2010 թվականի փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը կնքելիս իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանար Վահագն Սուքիասյանի մոտ գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորության բացակայության մասին:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Պարգև Պողոսյանը դատական նիստի ժամանակ նշել է, որ տեղյակ է եղել Վահագն Սուքիասյանի «ամուսնալուծված» լինելու մասին, ապա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի կարգավորումը, գտնում է, որ միայն Պարգև Պողոսյանի կողմից Անահիտ և Վահագն Սուքիասյանների «ամուսնալուծված» լինելու փաստի իմացությունը բավարար հիմք չէ ենթադրելու, որ Պարգև Պողոսյանն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար, որ Վահագն Սուքիասյանը համատեղ գույքը տնօրինելու լիազորություն չի ունեցել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ 27.08.2010 թվականի փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը գրավի մասով անվավեր ճանաչելու որևէ հիմք, հետևաբար հիմնավոր է Դատարանի եզրահանգումը` հայցը մերժելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ Պարգև Պողոսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պարգև Պողոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Անահիտ Սուքիասյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2016 թվականի վճռին:

2. Անահիտ Սուքիասյանից հօգուտ Պարգև Պողոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ԵԱԴԴ/1044/02/16
Որոշում