Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՕՐԻՆԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔ) ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
Վարչական վերաքննիչ դատարանի որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ5/0036/05/15
Վարչական գործ թիվ ՎԴ5/0036/05/15  2017 թ.
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ`                    Հ. Բեդևյան
                                                 Ա. Սարգսյան

                                              

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Արզումանյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանի և Զարուհի Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարինե Արզումանյանի ընդդեմ Շիրակի մարզպետարանի (այսուհետ` Մարզպետարան), երրորդ անձինք Մարալիկի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարինե Արզումանյանը պահանջել է պարտավորեցնել Մարզպետարանին իրեն հատկացնել երկու սենյականոց բնակարան կամ իր կողմից զբաղեցրած Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և թիվ 12 մեկ սենյականոց բնակարանները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ.Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 06.08.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է` պարտավորեցնել Մարզպետարանին հայցվոր Մարինե Արզումանյանին հատկացնել երկու սենյականոց բնակարան կամ հայցվորին հատկացնել վերջինիս կողմից զբաղեցրած` Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և 12 մեկ սենյականոց բնակարանները: Պետական տուրքի հարցը համարվել է լուծված:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2016 թվականի որոշմամբ երրորդ անձ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.08.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարինե Արզումանյանի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածը, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Մարինե Արզումանյանը հանդիսանում է երկու սենյականոց բնակարանի շահառու, միաժամանակ ամրագրել է, որ վերջինս չի կարող օգտվել իր սեփականության իրավունքից, քանի որ պետությունը, չնայած նրան, որ ստանձնել է ապահովելու Մարինե Արզումանյանին սեփականության իրավունքով, սակայն երկու սենյականոց բնակարան այլևս չկա, իսկ 2 հատ մեկ սենյականոց բնակարան տրամադրելու խոչընդոտ է հանդիսանում համապատասխան ընթացակարգի բացակայությունը: Ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանի նման պատճառաբանությունը խախտում է հայցվորի ինչպես սեփականության իրավունքը, այնպես էլ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Տվյալ դեպքում հայցվորը, օգտվելով իր դատական պաշտպանության իրավունքից, ըստ էության, ստացել է բավարարում այնքանով, որ Վերաքննիչ դատարանն ամրագրել է հայցվորի` երկու սենյականոց բնակարանի շահառու լինելու փաստը, բայց այնքանով, որքանով Վերաքննիչ դատարանը գործնականում զրկել է հայցվորին այդ իրավունքից օգտվելու և իրացնելու հնարավորությունից, սեփականության իրավունքի պաշտպանության միջոցը դարձել է անարդյունավետ: Հարկ է նշել, որ այն պայմաններում, երբ պետությունն ստանձնել է պարտավորություն ապահովելու շահառուներին համարժեք բնակարանով և այդ նպատակով կառուցել է շենք, ապա ընթացակարգային առումով ևս պետությունը պարտավոր է սահմանելու այնպիսի նորմեր, որով կկարողանա ապահովել հայցվորի` երկու սենյականոց բնակարան ունենալու իրավունքը կամ փաստացի տրամադրել 2 հատ մեկ սենյականոց բնակարան, որոնց մակերեսը, միասին վերցված, ավելի փոքր է, քան հայցվորի կողմից նվիրաբերված բնակարանի մակերեսը: Հատկանշական է, որ այդ շենքի կառուցման նպատակը եղել է ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշմամբ բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց այդ իրավունքով ապահովվելը, այսինքն` հաշվի առնելով նաև, որ հայցվորի փաստացի զբաղեցրած բնակարանները վերջինիս տրամադրելու դեպքում որևէ մեկի իրավունքը չի խախտվում, անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.08.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշման 3-րդ կետի համաձայն` ՀՀ կառավարությունը որոշել է «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կառուցված թիվ 17, 22, 28 և 35 բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացմամբ լուծել Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա թիվ 5 վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման` անվտանգ բնակելի տարածությամբ ապահովման, ինչպես նաև Մարալիկ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն համայնքի ղեկավարի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում հաշվառված անձանց բնակարանային խնդիրները»: Նույն որոշման 4-րդ կետով սահմանվել է, որ «որոշման 3-րդ կետում նշված շենքերի բնակարանները հատկացվում են Շիրակի մարզպետի կողմից ստեղծված` բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունների հիման վրա բնակարան ստացող անձանց և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված համապատասխան պայմանագրերով`

1) Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա թիվ 5 վթարային շենքի բնակարանների սեփականատերերին` շենքում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող բնակարանը համայնքին նվիրաբերելու և հետագայում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում`

ա. այլ հասցեներում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող անձանց` իրենց պատկանող բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան,

բ. այլ հասցեներում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող անձանց` իրենց պատկանող բնակարանի (սենյակների թվով) չափից մեկ սենյակով պակաս սենյակների թվով բնակարան, իսկ 1-սենյականոց բնակարանի դեպքում` 1-սենյականոց բնակարան (...)

4) բնակարանի հատկացման ժամանակ առաջնահերթությունը տրվում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա թիվ 5 վթարային շենքի բնակարաններում փաստացի բնակվող վարձակալներին, ինչպես նաև շենքում փաստացի բնակվող և այլ հասցեներում սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող սեփականատերերին (հատոր 1-ին, գ.թ. 13-17).

2) Ի պատասխան Մարինե Արզումանյանի դիմումի` Շիրակի մարզպետի տեղակալը 13.01.2014 թվականի թիվ 022/51-14 գրությամբ հայտնել է, որ «...քանի որ Մարալիկ քաղաքում Հր. Շահինյան փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ Ձեր անվամբ գրանցված է սեփականության իրավունք, ուստի Ձեր ընտանիքը հանդիսանում է 1 սենյականոց բնակարանի շահառու» (հատոր 1-ին, գ.թ. 18).

3) Ի պատասխան Մարինե Արզումանյանի դիմումի` Շիրակի մարզպետի տեղակալը 03.03.2014 թվականի թիվ 022/947-14 գրությամբ հայտնել է, որ «...Ձեր դիմումում բարձրացված` համարժեք բնակարանային փոխհատուցման վերաբերյալ հարցը հնարավոր կլինի քննարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014 թվականի թիվ ՇԴ3/0040/02/14 գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 19).

4) 12.03.1996 թվականի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Մարինե Արզումանյանը ձեռք է բերել և իր անվամբ որպես սեփականություն գրանցել Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի 5-րդ շենքի թիվ 5 հասցեի երկու սենյականոց բնակարանը: Հետագայում` 23.07.2003 թվականին, Կարապետ Առաքելյանից գնել է Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում գտնվող կիսակառույց տունը: Կիսակառույց տան վերաբերյալ Գրետա Արզումանյանի հայցով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ՇԴ3/0040/02/14 քաղաքացիական գործով 21.02.2014 թվականի վճռով Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում գտնվող կիսակառույց տան նկատմամբ ճանաչել է Գրետա Արզումանյանի սեփականության իրավունքը, իսկ Մարինե Արզումանյանի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է անվավեր: Նշված վճիռն օրինական ուժի մեջ է մտել 24.03.2014 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 25-29).

5) Թիվ ՇԴ3/0040/02/14 քաղաքացիական գործով 21.02.2014 թվականի վճիռը Մարինե Արզումանյանը Շիրակի մարզպետին է ներկայացրել 25.02.2014 թվականի դիմումին կից` այն հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու խնդրանքով (անվիճելի փաստ, հատոր 1-ին, գ.թ. 12).

6) Ի պատասխան Մարինե Արզումանյանի դիմումի` ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալը 09.04.2014 թվականի թիվ 022/1585-14 գրությամբ հայտնել է, որ «...Ձեր բնակարանային գործը քննարկվել է բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից, և Ձեր ընտանիքը ճանաչվել է 1 սենյականոց բնակարանի շահառու, սակայն պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու պատճառով Ձեզ չի թույլատրվել մասնակցելու 02.04.2014 թվականին կայացած բնակարանների բաշխման վիճակահանությանը: Ձեր բնակարանային փոխհատուցման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 20).

7) Ի պատասխան Մարինե Արզումանյանի դիմումի` Շիրակի մարզպետի տեղակալը 05.06.2014 թվականի թիվ 022/2522-14 գրությամբ հայտնել է, որ «...ՀՀ Շիրակի մարզպետի 27.03.2014 թվականի թիվ 55-Ա որոշմամբ հաստատված «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28, 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքների» ցուցակի համաձայն` 02.04.2014 թվականին անցկացվել է բնակարանների բաշխման վիճակահանություն, որի արդյունքում ազատ մնացած 2 սենյականոց բնակարաններ այլևս չկան:

(...) Ձեր ընտանիքին բնակարան հատկացնելու հարցը հնարավոր կլինի քննարկել միայն Ձեր կողմից ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով պահանջվող «Վթարային շենքում սեփականության (համատեղ սեփականության) իրավունքով պատկանող բնակարանը համայնքին նվիրաբերելու և հետագայում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին» նոտարական կարգով վավերացված հայտարարությունը և անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 42).

8) Ի պատասխան Մարինե Արզումանյանի դիմումի` Շիրակի մարզպետի տեղակալը 27.01.2015 թվականի թիվ 022/282-15 գրությամբ հայտնել է, որ «...ՀՀ Շիրակի մարզպետի 27.03.2014 թվականի թիվ 55-Ա որոշմամբ հաստատվել է «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28, 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքների» ցուցակը, իսկ Ձեր բնակարանային գործի ամբողջական փաթեթն անհրաժեշտ փաստաթղթերով համալրվել է Ձեր 11.06.2014 թվականի թիվ 100/4699-14 դիմումին կից ներկայացված փաստաթղթերով: Իսկ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014 թվականի թիվ ՇԴ3/0040/02/14 գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը և Ձեր անվամբ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկանքը ՀՀ Շիրակի մարզպետարան են ներկայացվել 15.05.2014 թվականի թիվ 100/4013-14 դիմումին կից` ՀՀ Շիրակի մարզպետի վերոհիշյալ որոշումից ավելի քան 1,5 ամիս հետո:

ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28 և 35 շենքերի կառուցվածքում բնակարանային պահանջարկի ապահովման համար անհրաժեշտ բնակարանների (սենյակների թվով) բացակայության դեպքում կարող է հատկացվել` 3 սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին` երկու հատ 1 սենյականոց բնակարան, իսկ 4 սենյականոց բնակարան ստանալուն հավակնող ընտանիքներին` մեկ հատ 1 սենյականոց և մեկ հատ 2 սենյականոց կամ երեք հատ 1 սենյականոց բնակարաններ: Վերոհիշյալ որոշմամբ այլ տարբերակներ նախատեսված չեն (ինչպես նաև 2 սենյականոց բնակարանի փոխարեն երկու հատ 1 սենյականոց բնակարաններ):

Ելնելով շենքի ծայրաստիճան վթարայնությունից` կրկին 19.06.2014 թվականին հրավիրվել է հանձնաժողովի նիստ, և առաջարկվել է Ձեզ մասնակցել մեկ սենյականոց բնակարանի վիճակահանությանը, իսկ լրացուցիչ ևս մեկ սենյականոց բնակարան ստանալու իրավունքը վիճարկել դատական կարգով» (հատոր 1-ին, գ.թ. 10-11).

9) Մարինե Արզումանյանը զբաղեցնում է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի 28 շենքի թիվ 11 և 12 բնակարանները, որոնք բաշխված չեն (հատոր 1-ին, գ.թ. 21-24, 76-77):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «սեփականության» հասկացության որակման և «օրինական սպասելիքի» վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք անձի սեփականության իրավունքի (օրինական ակնկալիք) պաշտպանությունը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից իր պոզիտիվ պարտականությունը թերի է կատարվել:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը (...):

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը (...): Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի (...):

Համանման կարգավորումներ նախատեսված են նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածներով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.(...):

i

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, կետ 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, կետ 32):

i

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալու արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե՛ս, Կարին» Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքների դատական, այդ թվում` վարչական դատավարության կարգով, պաշտպանությունը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատական պաշտպանության արդյունքում անձի իրավունքը չվերականգնվի: Այլ կերպ ասած` դատական պաշտպանության արդյունքում ոչ միայն պետք է արձանագրվի անձի իրավունքների խախտման հանգամանքը, այլ նաև պետք է իրական երաշխիքներ լինեն այդ իրավունքների վերականգնման համար, այսինքն` դատական ակտի կատարման արդյունքում իրավունքը պետք է վերականգնվի:

Անդրադառնալով սեփականության իրավունքի` դատական կարգով պաշտպանությանը` Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը:

Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկան:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, «Պրեսոս Կոմպանիա Նավիեռա Ս.Ա.»-ն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 17849/91 գանգատով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի թիվ 44912/98 գանգատով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

i

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշմամբ նախատեսվել է լուծել Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա թիվ 5 վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման` անվտանգ բնակելի տարածությամբ ապահովման խնդիրները, և մասնավորապես նախատեսվել է, որ այլ հասցեում սեփականության իրավունք չունեցող անձանց բնակարան պետք է հատկացնել վերոնշյալ շենքում ունեցած բնակարանի (սենյակների թվով) չափին համապատասխան: Մարինե Արզումանյանին սեփականության իրավունքով նշված վթարային շենքում պատկանել է 2 սենյականոց բնակարան: Շիրակի մարզպետարանը վերջինիս համարել է 1 սենյականոց բնակարանի շահառու: Ընդ որում, սույն գործով անվիճելի փաստ է, որ թիվ ՇԴ3/0040/02/14 քաղաքացիական գործով 21.02.2014 թվականի վճիռը Մարինե Արզումանյանը Շիրակի մարզպետին է ներկայացրել 25.02.2014 թվականի դիմումին կից, այսինքն` նախքան Շիրակի մարզպետի 27.03.2014 թվականի թիվ 55-Ա որոշման կայացումը: Մարինե Արզումանյանը նշված որոշման կայացումից հետո ներկայացրել է ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշմամբ պահանջվող փաստաթղթերը, սակայն բնակարան չի ստացել այն հիմնավորմամբ, որ 2 սենյականոց բնակարան առկա չէ, իսկ 2 սենյականոց բնակարանի փոխարեն երկու հատ 1 սենյականոց բնակարաններ հատկացնելու տարբերակ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված չէ:

i

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Շիրակի մարզպետի կողմից շահառուների` բնակարան ստացողների ցուցակը հաստատվել է 27.03.2014 թվականի թիվ 55-Ա որոշմամբ, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն առկա է եղել թիվ ՇԴ3/0040/02/14 գործով վճիռը: ՈՒստի «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28, 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքների» ցուցակը հաստատելիս, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2014 թվականի թիվ ՇԴ3/0040/02/14 գործով վճիռը հաշվի չառնելով, Շիրակի մարզպետարանի կողմից թույլ է տրվել ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի, այնպես էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 37-րդ հոդվածների խախտում, որով հայցվորին զրկել են երկու սենյականոց բնակարան ստանալու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և մերժելով հայցը, պատճառաբանել է, որ «Դատարանի այն հետևությունը, որ հայցվորը հանդիսանում է 2 սենյականոց բնակարանի շահառու, հիմնավոր է, սակայն հայցվորի` 2 սենյականոց բնակարանի շահառու հանդիսանալու պայմաններով հանդերձ, ներկա պահին այդպիսի բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջը չի կարող բավարարվել, քանի որ ստեղծված իրավիճակը բացառում է պարտավորեցման պահանջի բավարարումը, քանի որ դրա համար օրենսդրական և փաստական հիմքեր առկա չեն` նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշմամբ նախատեսված չէ 2 սենյականոց բնակարանի փոխարեն 2 հատ 1 սենյականոց բնակարան տրամադրելը, իսկ ազատ մնացած 2 սենյականոց բնակարաններ այլևս չկան»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստերը հաշվի առնելով և վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ անվիճելի է այն փաստը, որ Շիրակի մարզպետի կողմից շահառուների` բնակարան ստացողների ցուցակը հաստատելիս վերջինս տեղյակ է եղել թիվ ՇԴ3/0040/02/14 գործով վճռի վերաբերյալ, որի առկայության պայմաններում Մարինե Արզումանյանը, հանդիսանալով Մարալիկ քաղաքի` քանդման ենթակա թիվ 5 վթարային շենքի բնակարանի սեփականատեր, հավակնել է 2 սենյականոց բնակարանի: Ընդ որում, անվիճելի է, որ հետագայում նշված շենքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը Մարինե Արզումանյանը նվիրաբերել է համայնքին և տվել հետագայում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարություն, որպիսի պահանջը նախատեսված էր ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշման 4-րդ կետով: ՈՒստի վերջինս ունեցել է համարժեք ակնկալիք` հանձնված բնակարանի փոխարեն այլ համարժեք բնակարան ստանալու:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 14.11.2013 թվականի թիվ 1260-Ա որոշումից բխող գործողությունների կատարման արդյունքում Մարինե Արզումանյանն ունեցել է «օրինական սպասելիք»` բավարար իրավական հիմքեր, վստահելու վերը նշված որոշման իրավաչափությանը, որն ուղղված է եղել նրա համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, նրա մոտ ստեղծել է իրավաչափ որոշման տպավորություն, հետևաբար, նկատի ունենալով, որ Կոնվենցիայի հիմքով «օրինական սպասելիքը» հավասարեցվում է սեփականության իրավունքին և համապատասխանաբար պաշտպանվում է սեփականության իրավունքին համապատասխանող ռեժիմով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում պետության կողմից իր պարտականությունը, այն է` համապատասխան շենքում բնակարան չնախատեսելը կամ երկու սենյականոց բնակարանի փոխարեն այլ բնակարան տրամադրելու տարբերակ չնախատեսելը, չի կարող հիմք հանդիսանալ Մարինե Արզումանյանի սեփականության իրավունքի պաշտպանությունը մերժելու համար:

i

Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից Մարինե Արզումանյանի հայցի բավարարումը` իր կողմից զբաղեցրած` Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և թիվ 12 մեկ սենյականոց բնակարանները հատկացնել պարտավորեցնելու պահանջի մասով, անձի` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային-իրավական փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից հիմնավոր է և իրավաչափ, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Ինչ վերաբերում է Դատարանի կողմից Մարինե Արզումանյանի` նաև 2 սենյականոց բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի բավարարմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ սույն գործի փաստերով հիմնավորվել է վարչական մարմնի կողմից տվյալ պահանջի կատարման օբյեկտիվ անհնարինությունը, որպիսի պայմաններում այդ պահանջի մասով հայցը ենթակա էր մերժման: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացառել է տարբեր հայցերի միաժամանակյա բավարարումը պայմանով, քանի որ այն կարող է հանգեցնել դատական ակտի որոշակիության սկզբունքի խախտման, որպիսի սկզբունքը թեև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է և միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի` այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում (տե՛ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով կայացվող գործն ըստ էության լուծող դատական ակտերի նկատմամբ:

Սույն գործով Դատարանը, ըստ էության վեճը ճիշտ լուծելով, կայացրել է ոչ որոշակի դատական ակտ` հայցերը բավարարելով պայմանով, ինչը վերոնշյալ սկզբունքի խախտում է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջի մասով Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելով և փոփոխելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, հետևաբար այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ, սակայն սույն որոշման պատճառաբանություններով: Միաժամանակ նկատի ունենալով, որ վարչական մարմնի ոչ իրավաչափ անգործության արդյունքում կոպտորեն խախտվել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային-իրավական փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքը, Վճռաբեկ դատարանը, ելնելով սեփականության իրավունքի` որպես հիմնարար իրավունքի էությունից, գտնում է, որ Դատարանը, բավարարելով Մարինե Արզումանյանի մյուս` Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և թիվ 12 մեկ սենյականոց բնակարանները հատկացնել պարտավորեցնելու պահանջը, հանգել է իրավաչափ եզրահանգման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարինե Արզումանյանի կողմից զբաղեցրած` Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և թիվ 12 մեկ սենյականոց բնակարանները վերջինիս հատկացնելու պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ինչ վերաբերում է Մարզպետարանին երկու սենյականոց բնակարան տալը պարտավորեցնելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

Պահանջների մի մասով Դատարանի վճռին օրինական ուժ տալիս, իսկ մյուս մասով Վերաքննիչ դատարանի որոշումն անփոփոխ թողնելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` մասնակի բեկանման, որի արդյունքում մի մասով օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով Մարզպետարանից հօգուտ Մարինե Արզումանյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշման` Մարինե Արզումանյանի հայցը` վերջինիս կողմից զբաղեցրած Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված 11-րդ և 12-րդ մեկ սենյականոց բնակարանները վերջինիս հատկացնելու պահանջի մասով, մերժելու մասը, և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 06.08.2015 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշումը` Մարինե Արզումանյանի հայցը` Շիրակի մարզպետարանին երկու սենյականոց բնակարան տալը պարտավորեցնելու պահանջի մասով, մերժելու մասով, թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Շիրակի մարզպետարանից հօգուտ Մարինե Արզումանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ5/0036/05/15
Որոշում