Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

 

 

041.0744.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 744-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պետական կառավարման մարմինների համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. հունիսի 11-ի

N 744-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն.

2) ռուսերեն` Մինիստերստվօ էկօնօմիչեսկօգօ ռազվիտիա ի ինվեստիցիյ Ռեսպուբլիկի Արմենիա.

3) անգլերեն` The Ministry of Economic Development and Investments of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Ministere de developpement economique et d'investissement de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, նախարարի օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գործակալությունները, նախարարությանը ենթակա մարմինները:

7. Նախարարությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ` առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

9. Նախարարության գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Նախարարության նպատակներն են տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում:

11. Նախարարության խնդիրներն են`

1) մրցակցային պայմանների բարելավումը.

2) գիտելիքի տնտեսության և երկրում նորարարությունը խթանող միջավայրի ձևավորումը.

3) գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանումը.

4) ներդրումների խթանումը, ներդրումային ապահով միջավայրի երաշխավորումը.

5) արտահանման շուկաների հասանելիության ապահովումը և արտահանման խթանումը.

6) արդյունաբերության ներուժի ընդլայնումը և մրցունակության բարձրացումը.

7) զբոսաշրջության զարգացումը.

8) տարածքային համաչափ զարգացումը.

9) սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.

10) պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) արդյունավետության բարձրացումը.

11) բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է տնտեսական հետազոտություններ, վերլուծություններ և գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն.

2) մշակում է տնտեսական բարեփոխումների օրակարգը.

3) մասնակցում է երկրի տնտեսական հեռանկարային զարգացման քաղաքականության մշակմանը և դրա արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը.

4) դիտանցում է և առաջարկություններ է ներկայացնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի համագործակցության շրջանակի և ծրագրերի վերաբերյալ` տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, մակրոտնտեսական և բյուջետային քաղաքականություններին համահունչ.

5) իրականացնում է տնտեսական քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատումը, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները.

6) առաջարկություններ է ներկայացնում մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ, ներառյալ` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով.

7) մշակում է ճյուղային տնտեսական քաղաքականություններ և իրականացնում դրանց դիտանցում.

8) առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ` տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից.

9) առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ.

10) իրականացնում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը.

11) մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իրականացնում է դրա դիտանցում.

12) մշակում և իրականացնում է արտաքին առևտրային քաղաքականությունը` տարածաշրջանային տնտեսական կառույցների հետ համագործակցության համատեքստում.

13) դիտանցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում այլ ծրագրերի իրականացումը, և այդ ծրագրերի մասով իրականացնում է Եվրոպական միության կառույցների հետ տարվող աշխատանքները.

14) դիտանցում և համակարգում է Եվրոպական հարևանության գործիքների ներքո իրականացվող ծրագրերը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը.

15) իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության աշխատանքները.

16) իրականացնում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ապահովման աշխատանքները.

17) դիտանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի, Եվրոպական միությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և ներկայացուցիչների գործունեությունը.

18) ապահովում է Եվրոպական միության և այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող արտոնյալ առևտրային ռեժիմների արդյունավետ իրականացումը և դիտանցում դրանք.

19) ապահովում է Եվրոպական միության կողմից տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում արտահանման գործընթացների դյուրացումը, գրանցված արտահանողների համակարգի կիրառումը և առնչվող անհրաժեշտ բոլոր գործընթացների իրականացումը.

20) մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ, դիտանցում է Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և (կամ) անդամակցությունից բխող առևտրատնտեսական պարտավորությունների կատարումը.

21) ապահովում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` առևտրին առնչվող դրույթների իրականացման աշխատանքները, ինչպես նաև համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցությունը.

22) մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր.

23) մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը.

24) մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի կազմումը.

25) իր իրավասության սահմաններում իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում.

26) իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր.

27) մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը.

28) առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում.

29) մշակում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականությունը և դիտանցում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

30) մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը.

31) մշակում և իրականացնում է արդյունաբերության զարգացման քաղաքականությունը.

32) մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը.

33) մշակում է գիտելիքահենք և ինովացիոն տնտեսության ձևավորման ու զարգացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինովացիոն գործունեությանն աջակցության, ինովացիոն արդյունքի առևտրայնացման, ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը, նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց դիտանցումը.

34) մշակում է բարձր տեխնոլոգիական և ինովացիոն կարողությունների զարգացման, ինովացիոն գործունեություն իրականացնող, բարձր տեխնոլոգիական վերազգային ընկերությունների` Հայաստան ներգրավման ու հայկական ընկերությունների գլոբալացման խթանման և ոլորտի միջազգային գործընթացներին ներգրավվելու քաղաքականությունը.

35) մշակում և այլ շահագրգիռ մարմինների հետ իրականացնում է տնտեսություն-գիտություն-կրթություն կապերի ընդլայնման քաղաքականությունը, ինչպես նաև իրականացնում է նախարարության ենթակայությամբ գործող գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության պետական կազմակերպությունների ծրագրերի իրագործման դիտանցումը.

36) մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.

37) ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը և իրականացնում դիտանցում.

38) մշակում է սպառողների անվտանգության ապահովման մեխանիզմներ.

39) մշակում, իրականացնում և համակարգում է որակի ենթակառուցվածքի` տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավատարմագրման ոլորտների պետական քաղաքականությունը.

40) իրականացնում է որակի ենթակառուցվածքի ոլորտային համագործակցությունը միջազգային կառույցների հետ.

41) մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը.

42) մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները.

43) ուսումնասիրում և վերլուծում է արտաքին շուկաները, ապահովում և ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ.

44) առաջարկություններ է ներկայացնում պետական գործառնություններում մասնավոր հատվածի դերի բարձրացման վերաբերյալ.

45) մշակում և դիտանցում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը.

46) ձևավորում է Հայաստանի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և առաջարկություններ ներկայացնում դրա գովազդման ուղղությամբ.

47) մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում.

48) բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր.

49) ուսումնասիրում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերը և առաջարկություններ ներկայացնում դրանց պարզեցման ուղղությամբ.

50) մշակում և իրականացնում է թանկարժեք մետաղների բնագավառում քաղաքականությունը.

51) թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների կազմակերպումը.

52) ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը.

53) իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, ինչպես նաև լիցենզիաների, վկայականների, եզրակացությունների, թույլտվությունների, հավաստագրերի տրամադրման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները.

54) մշակում և իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականությունը.

55) մշակում և իրականացնում է պետական գույքի կառավարման (այդ թվում` մասնավորեցման) արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը.

56) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը (այսուհետ` նախարար):

14. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է նախարարության, իսկ առկայության դեպքում` նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

15. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

16. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

17. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը (խորհրդականները), օգնականը (օգնականները), մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

18. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

19. Նախարարը`

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության` նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում` վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց ու կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

19) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարությանը ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

20) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, նախարարությանը ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

21) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

20. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում` նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

21. Նախարարի տեղակալը`

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները.

6) իր օգնականին տրամադրում է արձակուրդ և խրախուսանքի միջոցներ կիրառում նրա նկատմամբ:

22. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

23. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

24. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

25. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

26. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

27. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, նախարարությանը ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.

11) կազմակերպում և համակարգում է նախարարության հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումն ու ներկայացումը:

28. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

29.Նախարարի խորհրդականը`

1) կազմում է իր աշխատանքային ծրագրերը` համաձայնեցնելով դրանք նախարարի հետ.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) նախարարի հրամանով կարող է համակարգել նախարարության որոշակի գործառույթներ.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի հանձնարարությամբ ներկայացնում է նախարարության դիրքորոշումն արտասահմանյան երկկողմ հարաբերություններում և միջազգային կառույցներում.

6) նախարարի հրամանով կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

7) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

8) նախարարի հանձնարարությամբ` կարող է կազմակերպել քաղաքացիների և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչների ընդունելություն.

9) կարող է ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կազմերում.

10) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

30. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) ներկայացնում է նախարարի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Նախարարի օգնականը`

1) հաշվետու է անմիջապես նախարարին.

2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների, ստորաբաժանումների ղեկավարների հետ և նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) առաջարկություններ է ներկայացնում նախարարին ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին և քննարկումներին.

5) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

6) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

7) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

8) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարին.

9) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

32. Նախարարի տեղակալի օգնականը`

1) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն նախարարի տեղակալին.

2) համագործակցում է նախարարության ստորաբաժանումների հետ և նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

3) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված հանձնարարականներ:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

33. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչություն.

2) գործարար միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչություն.

3) ներդրումային քաղաքականության վարչություն.

4) արդյունաբերական քաղաքականության վարչություն.

5) փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն.

6) ինովացիոն քաղաքականության վարչություն.

7) որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն.

8) Եվրամիության հետ համագործակցության վարչություն.

9) Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչություն.

10) Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն.

11) միջազգային համագործակցության վարչություն.

12) իրավաբանական բաժին.

13) ներքին աուդիտի բաժին:

34. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն.

2) անձնակազմի կառավարման վարչություն.

3) գործերի կառավարման վարչություն.

4) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն.

5) քարտուղարություն.

6) առաջին բաժին.

7) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Նախարարության գործակալություններն են`

1) Մտավոր սեփականության գործակալություն.

2) Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

36. Նախարարությանը ենթակա մարմիններն են`

1) Զբոսաշրջության կոմիտե.

2) Պետական գույքի կառավարման կոմիտե:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

37. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

38. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

39. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

40. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

41. Նախարարության կարիքների համար պետական գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

43. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

44. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

45. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 744-Լ
Որոշում