Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀՀ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀՀ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՊԵՏՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 հունիսի 2018 թվականի N 73-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՍՆԱԿՑԻ` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և 56-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց` Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2018 թ. հունիսի 13-ի

N 73-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` քաղաքացի)` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց` Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգին առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

2) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:

3. Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի իր անունով բացված կենսաթոշակային հաշիվ, ապա կենսաթոշակային հաշիվ բացելու համար քաղաքացին կամ նրա լիազորած անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, որի ձևը և ներկայացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Սույն կետում նշված դիմումը ներկայացնելու պահից քաղաքացին համարվում է կենսաթոշակային համակարգի մասնակից, որի վրա տարածվում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար Օրենքով սահմանված դրույթները:

4. Օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշվին միջոցների փոխանցումը կազմակերպելու նպատակով քաղաքացին կամ նրա լիազորած անձը մասնակիցների ռեեստր վարողին, այդ թվում` հաշվի օպերատորի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով, ներկայացնում է.

1) օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից գումարները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ փոխանցելու վերաբերյալ դիմում, որում նշվում են`

ա. քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

բ. քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

գ. քաղաքացու էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում).

դ. պետության (պետությունների) անվանումները, որտեղ քաղաքացին անդամակցել է կուտակային կենսաթոշակային համակարգի.

ե. այն էլեկտրոնային հասցեն, որով, դիմումը մերժելու դեպքում, պետք է տեղեկացնել կամ այն անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում պետք է հանձնել դիմումը մերժելու մասին պատասխանը.

զ. եթե դիմումը ներկայացրել է մասնակցի լիազորած անձը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

2) քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը,

3) ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացու անունով բացված կենսաթոշակային հաշվի համարը:

5. Սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի ձևը սահմանում է անձը մասնակիցների ռեեստր վարողը: Դիմումին և փաստաթղթերին կից ներկայացվում է նաև տեղեկանք (փաստաթուղթ)` տրված օտարերկրյա պետությունում անձի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի կառավարումն իրականացնող մարմնի (ակտիվների կառավարչի, ապահովագրական ընկերության կամ համապատասխան այլ կազմակերպության (այսուհետ` համապատասխան կազմակերպություն)) կողմից, որում առկա է հետևյալ տեղեկատվությունը`

1) քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

2) օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի անվանումը,

3) համապատասխան կազմակերպության լրիվ անվանումը և գումարները փոխանցող կազմակերպության լրիվ անվանումը, եթե փոխանցումը փաստացի իրականացնողը չի հանդիսանում համապատասխան կազմակերպությունը,

4) կուտակված ընդհանուր գումարը` արտահայտված այն արժույթով, որով դրանք կուտակվել են` տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված` ազատ փոխարկելի արտարժույթների (ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի) կազմի մեջ մտնող արտարժույթը (ISO (ԻՍՈ) կոդը), որով համապատասխան կազմակերպությունը կարող է փոխանցել մասնակցի կենսաթոշակային հաշվում կուտակված դրամական միջոցները,

6) այն հաշվեհամարը, որից փոխանցվելու են գումարները,

7) տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը:

6. Սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկանքը մասնակիցների ռեեստր վարողին ներկայացվում է տեղեկանքը տրամադրելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

7. Սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկանքը ներկայացվում է ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ: Տեղեկանքը ներկայացվում է անգլերեն լեզվով կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:

8. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև 5-րդ կետով նախատեսված տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցների ռեեստրը վարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցվեն օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցները, ինչպես նաև այն տարբերակիչ ծածկագիրը, որը փոխանցող կողմը պարտադիր նշում է փոխանցման հանձնարարականի «նպատակ» դաշտում:

9. Մասնակիցների ռեեստրը վարողը կարող է մերժել սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվության (բանկային հաշվի և ծածկագրի) տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի անարժանահավատ տվյալներ կամ չեն համապատասխանում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կիրառվող` գործարքների կասկածելիության չափանիշներին` այդ մասին տեղեկացնելով սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված էլեկտրոնային հասցեով (դիմումում նշված լինելու դեպքում) կամ դիմումը մերժելու մասին պատասխանն առձեռն (ստորագրությամբ) հանձնելով քաղաքացուն կամ սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված անձին (քաղաքացու կամ այդ անձի դիմելու դեպքում): Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կիրառվող գործարքների կասկածելիության չափանիշները կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի կանխարգելումը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:

10. Օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակված և սույն կարգի 8-րդ կետում նշված բանկային հաշվին փոխանցված միջոցների արտարժույթի փոխարկման, այլ պետություն դրամական փոխանցում կատարելու բոլոր ծախսերը` ներառյալ թղթակից բանկերի և մասնակիցների ռեեստրը վարողի միջնորդավճարները գանձվում են քաղաքացու միջոցներից: Մասնակիցների ռեեստրը վարողի միջնորդավճարները սահմանվում են մասնակիցների ռեեստրը վարողի` սակագները կարգավորող ներքին իրավական ակտերով:

11. Մասնակիցների ռեեստրը վարողն 8-րդ կետում նշված բանկային հաշվի համարին փոխանցումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրամական միջոցների փոխարկումը փայերի և փայերի փոխանցումը քաղաքացու կենսաթոշակային հաշվին: Նշված գործընթացը կարգավորվում է մասնակիցների ռեեստրը վարողի` ռեեստրավարման գործառույթը կարգավորող ներքին իրավական ակտերով:

12. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված էլեկտրոնային հասցեով (դիմումում նշված լինելու դեպքում) մասնակիցների ռեեստրը վարողը փայերի թողարկումը կազմակերպելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցված գումարի չափի, դրա փոխարկման (նշելով արտարժույթը) և դրամական փոխանցումներ կատարելու հետ կապված բոլոր ծախսերի չափերի մասին այդ հասցեով ծանուցում է քաղաքացուն:

 

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2018 թ. հունիսի 13-ի

N 73-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կուտակային կենսաթոշակի մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:

3. Անձի` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված լինելու մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ մասնակիցների ռեեստր վարողի կողմից հարցում ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ` Գործակալություն), հիմք ընդունելով հարցման մեջ նշված` անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, հարցումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության մասին տեղեկատվություն:

4. Տեղեկատվությունը ներառում է`

1) անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում),

3) նշում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ,

4) բժշկասոցիալական փորձաքննական որոշման համարը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը Գործակալությունը փոխանցում է մասնակիցների ռեեստր վարողի հետ փոխհամաձայնեցված` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նա
13.06.2018
N 73-Ն
Հրաման