Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 199...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 199-ՐԴ, 201-ՐԴ, ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/0779/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0779/02/10   2018թ.

Նախագահող դատավոր` Ա. Հունանյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Չիլինգարյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի` ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համատեղ սեփականություն ճանաչելու, իր բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և կատարված պետական գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուսաննա Խաչատրյանը պահանջել է Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքը և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակն օրենքի ուժով ճանաչել Սուսաննա Խաչատրյանի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, ճանաչել Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը վերոնշյալ անշարժ գույքերի 1/2 բաժինների նկատմամբ, մասնակի անվավեր ճանաչել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանի նկատմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի անվամբ 25.12.2009 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյանի 00018 համարի տակ կատարված գրանցումը, սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյանի 00017 համարի տակ կատարված Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակի գրանցումը և 26.12.2009 թվականին Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքի նկատմամբ 00023 համարի տակ կատարված գրանցումը, օրենքի ուժով ճանաչել «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի բաժնեմասում Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը Սուսաննա Խաչատրյանի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք և ճանաչել Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի բաժնեմասում Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին սեփականության իրավունքով պատկանող 55 տոկոս բաժնեմասի 1/2 բաժնի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) 23.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս. Միքայելյան, Ն. Տավարացյան, Ն. Բարսեղյան) 10.07.2014 թվականի որոշմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 18.09.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Խառատյան, Կ. Հակոբյան, Տ. Նազարյան) 21.04.2016 թվականի որոշմամբ Սուսաննա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «մասնակի անվավեր ճանաչել Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի անվամբ կատարված` Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանի, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքի և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումները և 1/2 բաժնեմասով ճանաչել Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանի, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքի և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակի նկատմամբ: «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյանի միջև 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագրով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից ձեռք բերված 51 տոկոս բաժնեմասի 1/2 մասի նկատմամբ ճանաչել Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը: Հայցը` մնացած մասով, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2017 թվականի որոշմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Խաչատրյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 199-րդ, 201-րդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի թիվ 0951 վճռով հաստատվել է ամուսնության գրանցման արդյունքում գոյացած գույքային և նյութական իրավունքների դիմաց ամուսնությունից բխող իրավունքների գումարը Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից Սուսաննա Խաչատրյանին վճարելու և այն վերջինիս կողմից ստանալու հանգամանքը: Նշված վճիռը ճանաչվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ուստի այն պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում:

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ վերոնշյալ վճռով ամրագրված 14.06.2010 թվականի համաձայնագրով սահմանված «ամուսնության գրանցման արդյունքում գոյացած գույքային և նյութական իրավունքների դիմաց ամուսնությունից բխող իրավունքների գումար» արտահայտությունը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածով և 197-րդ հոդվածով սահմանված ռեժիմի կիրառմանը, այն է` ընդհանուր համատեղ սեփականության մասնակցին նրան հասանելիք բաժնի արժեքի հատուցմամբ ընդհանուր գույքում նրա սեփականության իրավունքի դադարմանը: Այսինքն` ամսական 10.000.000 ռիալը, որը Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը երկուսուկես տարի վճարել է Սուսաննա Խաչատրյանին, նույն վճռի համաձայն` վերաբերում է Սուսաննա Խաչատրյանի` ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքում նրա ունեցած մասի դիմաց Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից այդ մասի արժեքը վճարելուն և դրա հիմքով այդ մասի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը դադարելուն:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, օրինական և հիմնավորված համարելով Դատարանի եզրահանգումը, իր հերթին թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի խախտում, քանի որ ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ամուսինների փոխադարձ համաձայնությամբ այլ իրավական ռեժիմ սահմանված լինելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում, որով արդեն իսկ լուծվել է ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի հարցը և հաստատված է համարվել, որ Սուսաննա Խաչատրյանը ստացել է ամուսնությունից բխող իրավունքների գումարը, քողարկված կերպով կրկնակի քննության է ենթարկել արդեն իսկ մեկ անգամ լուծված գործը` կասկածի տակ դնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ճանաչված Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի 0951 համարով դատական ակտը, որով և անտեսվել է այդ ակտի պարտադիր բնույթը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 176-րդ հոդվածները, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը, նույն հոդվածի 4-րդ կետը, 11-րդ հոդվածի 7-րդ կետը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները հիմք են ընդունել այն հանգամանքը, որ «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մասնակիցներ «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև 17.11.2006 թվականին կնքվել է բաժնեմասի օտարման պայմանագիր, որի համաձայն` «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ն Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին է վաճառել «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ունեցած 51 տոկոս բաժնեմասը: Մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ իրավունքները մինչև այժմ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չեն ստացել: Ավելին, «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի` 27.04.2007 թվականի փոփոխությամբ գրանցված կանոնադրության համաձայն` «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ն «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 51 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, իսկ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը` միայն 4 տոկոս բաժնեմասի սեփականատերը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, Դատարանի եզրահանգումն օրինական և հիմնավորված համարելով, խախտել է ինչպես վերը նշված նյութական իրավունքի նորմերի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, քանի որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի հիմնադրման պայմանագիրը, կանոնադրությունը, այդ թվում` 27.04.2007 թվականի փոփոխությամբ գրանցված կանոնադրությունը` հանգելով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի 51 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու և այն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսանալու մասին սխալ հետևության:

Ավելին, Դատարան չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից վճարում է կատարվել բաժնեմասի դիմաց, ինչպես նաև ապացույց այն մասին, որ «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի հետագա գործունեությանը «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ն մասնակից չի դարձվել, որոնցով կհիմնավորվեր, որ վաճառող ընկերության իրավունքներն իրականում դադարած են: Այսինքն` 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագիրը, պայմանավորված դրանից ծագող իրավունքների պետական գրանցում չունենալու հանգամանքով, չի կարող հիմք հանդիսանալ բաժնեմասի նկատմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի սեփականության իրավունքը ծագած համարելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձի վկայակոչած 14.06.2010 թվականի համաձայնագիրը չի վերաբերում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքից հրաժարվելուն, քանի որ այն արդեն օրենքի ուժով պատկանել է Սուսաննա Խաչատրյանին: Սույն համաձայնագրով կողմերի կամքն ուղղված է եղել ամուսնական կապի հետևանքով ապագայում առաջանալիք կենցաղային բնույթի հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե այն բոլոր իրավունքներին, որոնք օրենքի ուժով արդեն իսկ ամուսիններից որևէ մեկի սեփականությունն են:

Համաձայնագրում վկայակոչվել են առանց իրավական կոնկրետության վերացական արտահայտություններ, ինչի ուժով այն չի կարող գնահատվել որպես սեփականության իրավունքից հրաժարում, քանի որ Սուսաննա Խաչատրյանն օրենքի ուժով արդեն իսկ վիճելի գույքի 1/2 բաժնի սեփականատեր է, այլ ոչ թե դրա նկատմամբ հավակնություն ունեցող անձ:

Ամուսինների գույքի ռեժիմը կարող էր սահմանվել ամուսնական պայմանագրով, իսկ սույն գործով վերացական համաձայնագիրը, որում ընդհանրապես նշում չկա համատեղ սեփականության ռեժիմը դադարեցնելու մասին, չի կարող դիտվել ամուսնական պայմանագիր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Ամուսնության պալատ տարածքային բաժնի 26.05.2006 թվականի թիվ ԱԱ 037499 ամուսնության վկայականի համաձայն` Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը և Սուսաննա Խաչատրյանն ամուսնացել են 26.05.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) «Մասիսավան Բրենչ» ՍՊԸ-ի` որպես վաճառողի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի` որպես գնորդի միջև 23.12.2009 թվականին կնքված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրի համաձայն` «Մասիսավան Բրենչ» ՍՊԸ-ն վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Վ. Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, Երևանի Վ. Անտառային փողոցի 127/5 շենքի թիվ 15 օժանդակ տարածքը և Երևանի Վ. Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակը, իսկ գնորդը գնում է այդ անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 35):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 26.12.2009 թվականին տրված թիվ 2562974 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Վերին Անտառային փողոցի 127/5 շենքի թիվ 15 օժանդակ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին: Գրանցված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010065-16 մատյանի 00023 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 19-21):

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.12.2009 թվականին տրված թիվ 2562975 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակը սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին: Գրանցված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-0065-16 մատյանի 00017 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 22-24):

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.12.2009 թվականին տրված թիվ 2562976 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին: Գրանցված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010065-16 մատյանի 00018 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 25-27):

6) 28.12.1993 թվականին կնքված հիմնադիր պայմանագրի և 30.12.1993 թվականին հաստատված «Արարատ-Ասլան» համատեղ ձեռնարկության կանոնադրության համաձայն` Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին է պատկանում ընկերության կանոնադրական կապիտալի 4 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 19-49):

7) «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մասնակիցներ «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյանի միջև 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագրի համաձայն` «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ն Վիգեն Ասլանյանին է վաճառել «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ունեցած 51 տոկոս բաժնեմասը` 28.359.774 ՀՀ դրամ անվանական արժեքով (հատոր 1-ին, գ.թ. 30):

8) «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 22.11.2006 թվականի արձանագրության համաձայն` ժողովը միաձայն որոշել է «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ին իր դիմումի համաձայն հանել ընկերության մասնակիցների կազմից, օրենքով սահմանված կարգով նրա հետ կատարել վերջնահաշվարկ, ընկերության կանոնադրության մեջ կատարել նրա բաժնեմասի փոխանցման և ընկերությունից դուրս գալու հետ կապված փոփոխությունը (հատոր 1-ին, գ.թ. 28-29):

9) «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի` 27.04.2007 թվականի փոփոխությամբ գրանցված կանոնադրության համաձայն` «ՄԵՐԻԹԱՅՄ ՔՈՆՍԱԼԹՆՍԻ ԼԹԴ»-ն «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի 51 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, իսկ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը` 4 տոկոս բաժնեմասի սեփականատերը (հատոր 1-ին, գ.թ. 9-18):

10) Իրանի Իսլամական Հանրապետության Արդարադատության նախարարության ակտերի և կալվածների գրանցման պետական կազմակերպության կողմից 07.12.2010 թվականին տրված թիվ 090865 ամուսնալուծության վկայականի համաձայն` ապահարզան տվող Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսը (Խաչատրյան) և ապահարզան տրվող Վիգեն Ասլանյան Ավանեսյանսն ամուսնալուծվել են: Ամուսնալուծության պայմանների և պայմանավորվածությունների համաձայն` օժիտի կամ ծախսերի հոգալու (նաֆաղե) առումով հավակնություններ չկան (հատոր 3-րդ, գ.թ. 11-13):

11) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Այլ պետության դատարանի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները քննության առնելու մասին» 01.04.2016 թվականի որոշման համաձայն` ՀՀ տարածքում ճանաչվել և թույլատրվել է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի 0951 համարով վճիռը: Որոշմամբ հղում է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության վճռին, համաձայն որի. ««Սեյեդե Ֆաթեմե Հոսեյնիի դատապաշտպանությամբ տիկին Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) հայցն ընդդեմ Հովիկ Բեհբուի դատապաշտպանությամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի, որի հիմքն է 05.03.1383

(20.05.2004 թվական) թվականի համար 3 ամուսնական վկայականը, որը տրվել է Հայաստանի հյուպատոսարանից, հենվելով քաղաքացիական օրենքի համար 1133 հոդվածին` դատարանը արձակում է համատեղ կյանքի անհնարինության հետևյալ վճիռը և հայտարարում է, որ կինն օժիտ չունի, բայց դատարանից դուրս կայացած համաձայնությամբ տղամարդը կնոջն է վճարել (հատկացրել) ապրուստի համար անհրաժեշտ և ամուսնությունից բխող իրավունքների գումարը: Օժիտի կամ ծախսերի հոգալու (նաֆաղե) առումով հավակնություններ չկան, համատեղ կյանքից երեխա չունեն: Բաժանման կրոնական կարգը կատարված է: Թեհրանի դատական իշխանություն, անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպության 14.06.2010 թվականի թիվ 139818 փաստաթղթի (այսուհետ նաև` Համաձայնագիր) համաձայն` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսը (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը, ներկա գտնվելով Թեհրանի համար 19 պաշտոնական նոտարական գրասենյակում և ներկայանալով համախորհուրդ, պայմանավորվել են հետևյալի մասին. «...3. Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը համաձայնեց երկու և կես տարվա ժամկետով ամսական 10.000.000 ռիալ վճարել կնոջը` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսին (Խաչատրյան) Հայաստանում, Անգլիայում և Իրանում գրանցված քրիստոնեական պաշտոնական ամուսնության կապի արդյունքում գոյացած պարտավորությունների և ընթացիկ ծախսերի համար, և տիկինը, ընդունելով վերոնշյալ պայմանները` ստորագրում է սույն փաստաթուղթը` հայտարարելով, որ իր բոլոր նյութական ստանալիքները, որոնք բխում են ամուսնական կապի արդյունքում ունեցած բոլոր տեսակի հավակնություններից, հայտարարում է, որ ապագայում ևս իր կողմից որևէ կարգի հավակնություն չի հնչելու, պարոնն իր հերթին, որպես գումարի վճարման երաշխիք` ստորագրեց համապատասխան չեկերը և սույն համաձայնագրի ստորագրումից հետո հանձնեց տիկնոջը...»»: Նշված որոշումը ստացել է օրինական ուժ (հատոր 6-րդ, գ.թ. 69-70):

12) Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպությունում 14.06.2010 թվականին Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև կնքված համաձայնագրի 6-րդ կետի համաձայն` նույն համաձայնագրի կետերի կատարման ուղղությամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսն ամուսնությունից բխող իր բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները կատարել է և ամբողջությամբ հաշվեփակ է արված, և նա այսուհետ Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) նյութական և ֆինանսական պահանջները բավարարելու ոչ մի պարտավորություն չունի (հատոր 3-րդ, գ.թ. 19-21):

13) Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը 15.07.2010-14.12.2012 թվականներն ընկած ժամանակահատվածում Սուսաննա Խաչատրյանին է փոխանցել ամսական 10.000.000 ռիալ (հատոր 4-րդ, գ.թ. 12-42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում ամուսինների համաձայնությամբ ամուսիններից մեկի իրավունքը դադարեցնելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի օտարման պայմանագրից բխող իրավունքների ծագման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

3) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 176-րդ հոդվածների, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք ամուսինների միջև կնքված համաձայնությունը, որի առարկան հստակ չէ, կարող է հիմք հանդիսանալ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում ամուսիններից մեկի իրավունքի դադարման համար,

2. արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի օտարման պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ բաժնեմասի նկատմամբ իրավունքի ծագման համար, եթե պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:

 

1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն (...) ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: (...) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն` ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: (...) Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը` բացի ամուսնության ընթացքում մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո (տե՛ս, Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Ստանիսլավ Հովակիմյանն ընդդեմ Արտաշես Դավթյանի և մյուսների գործով անդրադարձել է ամուսնական պայմանագրի էությանը և արձանագրել, որ ամուսնական պայմանագիրը գործարք է, որն ունի առանձնահատուկ սուբյեկտային կազմ և կարգավորման առարկա: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել բացառապես ամուսնացող կամ արդեն իսկ ամուսնացած անձանց միջև` համապատասխանաբար ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ամուսինների գույքային դրությունն է: Մասնավորապես, կնքելով նման պայմանագիր, ամուսինները կարող են փոփոխել համատեղ սեփականության օրենքով սահմանված ռեժիմը` նախատեսելով ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքի նկատմամբ ամուսինների բաժնային կամ յուրաքանչյուրի անհատական սեփականության իրավունքը: Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են նաև որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտների ստեղծմանը մասնակցելու, նրանցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսերը հոգալու կարգը:

Վերը շարադրվածը վկայում է ամուսնական պայմանագրի կարգավորիչ գործառույթի մասին: Ամուսնական պայմանագիրը, սակայն, իրականացնում է ոչ միայն կարգավորիչ, այլև` ապահովող գործառույթ: Ամուսնական պայմանագրի ապահովող գործառույթը նախևառաջ արտահայտվում է ամուսիններից յուրաքանչյուրի գույքային ինքնուրույնության երաշխավորմամբ, որը հատկապես կարևորվում է քաղաքացիական շրջանառությանը մասնակցելիս, ինչպես նաև ամուսնության լուծման դեպքում (տե՛ս, թիվ ԵԿԴ/1791/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ամուսինների համատեղ սեփականության բաժանման հնարավորությանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամուսիններն իրենց համատեղ սեփականություն հանդիսացող գույքի կարգավիճակը կարող են փոփոխել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

1) ամուսնական պայմանագիր կնքելով,

2) ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքելով և այն դատարանին ներկայացնելով,

3) որպես ընդհանուր սեփականության մասնակիցներ` գույքը բաժանելով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածների հիմքով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առավել մանրամասնեցնել 1-ին և 2-րդ հիմքերը` նկատի ունենալով, որ 3-րդ հիմքի դեպքում ամուսիններ լինելու հանգամանքը որևէ առանձնահատկություն չի առաջացնում ընդհանուր կանոնին համապատասխան գույքը բաժանելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամուսնական պայմանագրով ընդհանուր գույքի կարգավիճակը որոշվում է արտադատական կարգով, այսինքն` ամուսինների միջև դատական վեճից անկախ: Մինչդեռ ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքվում և հաստատվում է դատական կարգով: Տվյալ դեպքում դատարանը հաստատում է այդ համաձայնությունը, և ամուսինների ընդհանուր գույքը բաժանվում է արդեն դատարանի վճռի հիման վրա: Ամուսնական պայմանագրի դեպքում ամուսինները կնքում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պայմաններին համապատասխանող գործարք, որը ենթարկվում է նոտարական վավերացման: Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ավելի լայն է. այն կարող է նախատեսել ոչ միայն ընդհանուր գույքը բաժանելուն, այլ նաև գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած նորմեր:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ինչպես ամուսնական պայմանագրի, այնպես էլ ամուսնալուծվելիս կնքված համաձայնության առարկան պետք է լինի հստակ` նկատի ունենալով, որ երկուսն էլ գործարք են` ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն, ուստի կնքված համարվելու համար պետք է ունենան հստակ առարկա: Այլ կերպ ասած, եթե ամուսնալուծվելիս համաձայնությամբ ամուսինները որոշում են ընդհանուր գույքը բաժանել, ապա հստակ պետք է լինեն գույքը և ամուսինների բաժինները, կամ եթե կնքվում է ամուսնական պայմանագիր, ապա հստակ պետք է լինի ամուսինների կամքը, մասնավորապես` սահմանելու համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականությունը` ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ընդ որում, առարկայի մասին դրույթը պարզելիս ամուսնական պայմանագիրը և ամուսնալուծվելիս կնքվող համաձայնությունը պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Հետևաբար, եթե ամուսինների միջև կնքված համաձայնությունը միանշանակորեն հնարավորություն չի տալիս պարզել վերջինիս առարկան, այն չի կարող հիմք հանդիսանալ ամուսիններից մեկի սեփականության իրավունքի դադարման համար:

Սույն գործի փաստերի համաձայն` Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը և Սուսաննա Խաչատրյանը ամուսնացել են 26.05.2006 թվականին, իսկ ամուսնալուծվել` 07.12.2010 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը ձեռք է բերել Երևանի Վ. Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, նույն շենքի թիվ 15 օժանդակ տարածքը և թիվ 1 ավտոտնակը: Կողմերն ամուսնալուծվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Այլ պետության դատարանի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները քննության առնելու մասին» 01.04.2016 թվականի որոշման համաձայն` ՀՀ տարածքում ճանաչվել և թույլատրվել է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի 0951 համարով վճիռը: Որոշմամբ հղում է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության վճռին, համաձայն որի. «...դատարանը արձակում է համատեղ կյանքի անհնարինության հետևյալ վճիռը և հայտարարում է, որ կինն օժիտ չունի, բայց դատարանից դուրս կայացած համաձայնությամբ տղամարդը կնոջն է վճարել (հատկացրել) ապրուստի համար անհրաժեշտ և ամուսնությունից բխող իրավունքների գումարը: Օժիտի կամ ծախսերի հոգալու (նաֆաղե) առումով հավակնություններ չկան, համատեղ կյանքից երեխա չունեն: Բաժանման կրոնական կարգը կատարված է: Թեհրանի դատական իշխանություն, անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպության 14.06.2010 թվականի թիվ 139818 փաստաթղթի (այսուհետ նաև Համաձայնագիր) համաձայն` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսը (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը, ներկա գտնվելով Թեհրանի համար 19 պաշտոնական նոտարական գրասենյակում և ներկայանալով համախորհուրդ, պայմանավորվել են հետևյալի մասին. «...3. Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը համաձայնեց երկու և կես տարվա ժամկետով ամսական 10.000.000 ռիալ վճարել կնոջը` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսին (Խաչատրյան) Հայաստանում, Անգլիայում և Իրանում գրանցված քրիստոնեական պաշտոնական ամուսնության կապի արդյունքում գոյացած պարտավորությունների և ընթացիկ ծախսերի համար և տիկինը ընդունելով վերոնշյալ պայմանները` ստորագրում է սույն փաստաթուղթը` հայտարարելով, որ իր բոլոր նյութական ստանալիքները, որոնք բխում են ամուսնական կապի արդյունքում ունեցած բոլոր տեսակի հավակնություններից, հայտարարում է, որ ապագայում ևս իր կողմից որևէ կարգի հավակնություն չի հնչելու, պարոնն իր հերթին, որպես գումարի վճարման երաշխիք` ստորագրեց համապատասխան չեկերը և սույն համաձայնագրի ստորագրումից հետո հանձնեց տիկնոջը...» «: Նշված որոշումը ստացել է օրինական ուժ: Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպությունում 14.06.2010 թվականին Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև կնքված համաձայնագրի 6-րդ կետի համաձայն` նույն համաձայնագրի կետերի կատարման ուղղությամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսն ամուսնությունից բխող իր բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները կատարել է և ամբողջությամբ հաշվեփակ է արված, և նա այսուհետ Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) նյութական և ֆինանսական պահանջները բավարարելու ոչ մի պարտավորություն չունի:

Դատարանը, նախևառաջ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով, հիմք է ընդունել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի որոշմամբ հաստատված Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի ընտանեկան դատարանի վճռի բովանդակությունը և գտել, որ «ամուսնական կապի արդյունքում գոյացած պարտականություններ» հասկացությունն անորոշ է, որպիսի հանգամանքը խոչընդոտում է նշված եզրույթի բովանդակության վերաբերյալ որևէ հստակ եզրահանգման գալուն: Անդրադառնալով «նյութական ստանալիքները, որոնք բխում են ամուսնական կապի արդյունքում ունեցած բոլոր տեսակի հավակնություններից» եզրույթին` Դատարանն արձանագրել է, որ «ստանալիքներ», «հավակնություններ» եզրույթները ենթադրում են, որ դրանք պետք է առաջանան ապագայում, այլ ոչ արդեն իսկ ծագած իրավունքների նկատմամբ, ինչպես նաև նյութական ստանալիքներ կամ հավակնություններ կարող է լինել միայն այլ անձի գույքի նկատմամբ: Այսինքն` Սուսաննա Խաչատրյանը չէր կարող որևէ «ստանալիք» կամ «հավակնություն ունենալ» արդեն իսկ օրենքի ուժով իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ: ՈՒստի Դատարանը եզրահանգել է, որ Համաձայնագրով կողմերը համաձայնության չեն եկել ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքը բաժանելու մասին:

Վերաքննիչ դատարանը, վճիռն օրինական ուժի մեջ թողնելով և հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, հավելել է, որ Սուսաննա Խաչատրյանը Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի հետ հավասարապես դարձել է ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականատեր, և եթե կողմերը շարունակեին իրենց ամուսնական հարաբերությունները, միևնույնն է, Սուսաննա Խաչատրյանը նշված գույքի սեփականատեր է հանդիսանում: ՈՒստի Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «նյութական ստանալիք» և «հավակնություններ» հասկացությունները վերաբերում են միայն հետագայում, ապագայում գույք կամ գումար ստանալու ուղղությամբ որոշակի գործողություններ կատարելուն, հետևաբար անձն իր ունեցած, իր սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ չի կարող հավակնություններ ունենալ:

Վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը Երևանի Վ. Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, նույն շենքի թիվ 15 օժանդակ տարածքը և թիվ 1 ավտոտնակը ձեռք է բերել Սուսաննա Խաչատրյանի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, հետևաբար նշված անշարժ գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիմքով ընդհանուր համատեղ սեփականություն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հիմնական վիճելի հարցը համաձայնագրի առարկան է, այսինքն` այն հարցը, թե արդյոք ամուսնու հետ ամուսնալուծությունից առաջ համաձայնագիր կնքելով` Սուսաննա Խաչատրյանը հրաժարվել է ամուսնու հետ համատեղ սեփականությունում իր ունեցած իրավունքից:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի «Այլ պետության դատարանի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները քննության առնելու մասին» 01.04.2016 թվականի որոշումը, որով ճանաչվել է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի 0951 համարով վճիռը, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի հիմքով նախևառաջ անհրաժեշտ է հիմք ընդունել վերոնշյալ որոշմամբ մեջբերված համաձայնագրի տեքստը: Այսպես, վերոնշյալ վճռի համաձայն` «դատարանից դուրս կայացած համաձայնությամբ տղամարդը կնոջն է վճարել (հատկացրել) ապրուստի համար անհրաժեշտ և ամուսնությունից բխող իրավունքների գումարը: Օժիտի կամ ծախսերի հոգալու (նաֆաղե) առումով հավակնություններ չկան», «Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը համաձայնեց երկու և կես տարվա ժամկետով ամսական 10.000.000 ռիալ վճարել կնոջը` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսին (Խաչատրյան), ... ամուսնության կապի արդյունքում գոյացած պարտավորությունների և ընթացիկ ծախսերի համար», Սուսաննա Խաչատրյանը հայտարարել է, որ «իր բոլոր նյութական ստանալիքները, որոնք բխում են ամուսնական կապի արդյունքում ունեցած բոլոր տեսակի հավակնություններից, հայտարարում է, որ ապագայում ևս իր կողմից որևէ կարգի հավակնություն չի հնչելու»:

Բացի այդ, գործում առկա են ամուսինների միջև կնքված համաձայնագրի թվով 3 թարգմանություններ, որոնցից Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում համաձայնագրի այն թարգմանությունը, որը վկայակոչվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի որոշմամբ: Նշված համաձայնագրի 6-րդ կետի համաձայն` նույն համաձայնագրի կետերի կատարման ուղղությամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսն ամուսնությունից բխող իր բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները կատարել է և ամբողջությամբ հաշվեփակ է արված, և նա այսուհետ Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) նյութական և ֆինանսական պահանջները բավարարելու ոչ մի պարտավորություն չունի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում համաձայնագրով պայմանավորվածություն ձեռք բերած կողմերի իրական կամքը պարզելու նպատակով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված` պայմանագրի մեկնաբանման կանոնները: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, նշել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը` կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածին համապատասխան մեկնաբանելով համաձայնագիրը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինիս առարկան պետք է լիներ հստակ, որպեսզի հիմք ընդունվեր ամուսինների համատեղ սեփականության ռեժիմը փոփոխելու համար: Մինչդեռ համաձայնագիրը չի պարունակում հստակ կարգավորում այն մասին, որ Սուսաննա Խաչատրյանը հրաժարվում է կոնկրետ անշարժ գույքի նկատմամբ օրենքի ուժով իրեն պատկանող իրավունքից: Ընդ որում, համաձայնագրի բովանդակությունից չի կարելի նաև եզրակացնել, որ Սուսաննա Խաչատրյանը հրաժարվում է ցանկացած գույքի նկատմամբ իր ունեցած իրավունքից: Վճռաբեկ դատարանը համաձայնագրի վկայակոչված դրույթների մեկնաբանության արդյունքում փաստում է, որ համաձայնագիրը վերաբերել է ամուսինների միջև ֆինանսական պարտավորություններին` կապված ամուսնու կողմից կնոջ ծախսերը հոգալու հետ, ինչի մասին է վկայում նաև այն, որ համաձայնագրի կնքումից հետո` 15.07.2010-14.12.2012 թվականներն ընկած ժամանակահատվածում, Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը Սուսաննա Խաչատրյանին է փոխանցել ամսական 10.000.000 ռիալ: Ինչ վերաբերում է «նյութական ստանալիքներ», «բոլոր տեսակի հավակնություններ» արտահայտություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն եզրահանգել են, որ անձը չի կարող սպասելիք, հավակնություն ունենալ արդեն իսկ իրեն պատկանող գույքի նկատմամբ: Հետևաբար համաձայնագրի առարկան հստակ և որոշակի չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կողմերի միջև չի կնքվել ամուսնական պայմանագիր կամ այլ համաձայնություն` ընդհանուր համատեղ սեփականության ռեժիմը փոփոխելու համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի և Սուսաննա Խաչատրյանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք է բերվել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակը, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքը, որոնց 1/2-ի նկատմամբ ստորադաս դատարաններն իրավացիորեն ճանաչել են Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը` որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք: ՈՒստի չի հիմնավորվել այս պահանջի մասով դատական սխալի առկայությունը:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունն է:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` (...) ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`

ա) ընկերության անվանումը.

բ) ընկերության գտնվելու վայրը.

գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.

դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին (...):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընկերության կանոնադրությունում փոփոխությունները կատարվում են ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում նրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին տեղյակ պահելուց հետո:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` ընկերության մասնակիցներն իրավունք ունեն, ի թիվս այլնի, օրենքով սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն` իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում, ի թիվս այլ տեղեկությունների, գրառվում են մասնակիցների կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ, մասնակիցների` իրավաբանական անձի մասնակից դառնալու, մասնակցության չափի փոփոխության և մասնակցությունը դադարեցնելու տարին, ամիսը, ամսաթիվը:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է`

1) դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ` անձնագրային տվյալները` ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.

2) բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ և այլն).

3) ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման` օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին: Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում.

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.

5) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերի` նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված.

6) եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար, նույն մասի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը` վավերացված և հայերեն թարգմանված:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասն օտարել այլ մասնակցի կամ երրորդ անձի, սակայն բաժնեմասը ձեռք բերողի համար մասնակցության իրավունքը ծագած կհամարվի պետական գրանցման պահից: Ընդ որում, մասնակցի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` բաժնեմասի չափը պետք է գրանցվի ինչպես իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում, այնպես էլ փոփոխությունը պետք է արտացոլվի ընկերության կանոնադրությունում: Ընդ որում, օրենսդրությամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են բաժնեմասի օտարումից ծագող փոփոխությունների գրանցման համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման կարգավորումն ինքնանպատակ չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոնշյալ հոդվածները, արձանագրում է, որ կանոնադրությունն ընկերության իրավական կարգավիճակը սահմանող կարևորագույն փաստաթուղթ է: Կանոնադրությունը կարգավորում է հիմնադիրների (մասնակիցների) ներքին փոխհարաբերությունները, դրանով սահմանվում են, մասնավորապես, ընկերության անվանումը, գտնվելու վայրը, գործունեության նպատակը և առարկան, կառավարման և վերահսկողության մարմինները, շահույթի բաշխման կարգը և այլն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընկերության, ընկերության մասնակիցների, ընկերության կանոնադրության (նաև փոփոխությունների) գրանցումն ինքնանպատակ չէ: Բացի այն, որ պետական գրանցումը հնարավորություն է տալիս միասնական ամբողջական տեղեկատվություն հավաքել պետության տարածքում գործող իրավաբանական անձանց մասին, այն նաև հնարավորություն է տալիս հանրությանը` ամբողջական տեղեկություններ ստանալ իրավաբանական անձանց մասին: Դա հատկապես կարևորվում է առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, այդ թվում` ընկերությունների համար, քանի որ վերջիններիս ապագա հնարավոր կոնտրագենտները հնարավորություն են ունենում տեղեկություններ ձեռք բերել իրենց ապագա գործընկերների մասին` բացահայտելով վերջիններիս գործունեության նպատակները, կառավարման մարմինների արդյունավետությունը, մասնակիցների շրջանակը, ինչը ոչ պակաս կարևոր է, քանի որ մասնակիցների շրջանակով պայմանավորված` ապագա կոնտրագենտները կարող են հրաժարվել պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել տվյալ իրավաբանական անձի հետ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ անկախ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների կամ հնարավոր մասնակիցների ներքին հարաբերություններից, ներքին պայմանավորվածությունից` բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը ծագում է միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու, ընկերության կանոնադրությունում փոփոխություն կատարելու և այն գրանցելու պահից:

Սույն գործով «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մասնակիցներ «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև 17.11.2006 թվականին բաժնեմասի օտարման պայմանագրի համաձայն` «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ն Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին է վաճառել «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ունեցած 51 տոկոս բաժնեմասը` 28.359.774 ՀՀ դրամ անվանական արժեքով: Ընդ որում, ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 22.11.2006 թվականի արձանագրության համաձայն` ժողովը միաձայն որոշել է «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ին իր դիմումի համաձայն հանել ընկերության մասնակիցների կազմից, ընկերության կանոնադրության մեջ կատարել նրա բաժնեմասի փոխանցման և ընկերությունից դուրս գալու հետ կապված փոփոխությունը: «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի` 27.04.2007 թվականի փոփոխությամբ գրանցված կանոնադրության համաձայն` «ՄԵՐԻԹԱՅՄ ՔՈՆՍԱԼԹՆՍԻ ԼԹԴ»-ն «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի 51 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, իսկ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը` 4 տոկոսի բաժնեմասի սեփականատերը:

Դատարանը պատճառաբանել է, որ «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման չներկայացնելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նույն պայմանագրով ձեռք բերված 51 տոկոս բաժնեմասերի 1/2-ի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչելու համար և գտել է, որ սույն պայմանագրի կնքման պահից արդեն իսկ ծագել է Սուսաննա Խաչատրյանի համատեղ սեփականության իրավունքը ձեռք բերված բաժնեմասերի 51 տոկոսի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում կխախտվի անձի սեփականության իրավունքի ճանաչման սահմանադրական իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վերաքննիչ բողոքը մերժելով և արդյունքում Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ 17.11.2006 թվականին բաժնեմասի օտարման պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջներին համապատասխան, այն է` վաճառողը գնորդին է փոխանցել իր ունեցած 51 տոկոս բաժնեմասը, իսկ գնորդը ընդունել է այդ բաժնեմասը և դրա դիմաց վճարել 28.359.774 ՀՀ դրամ: «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի 27.04.2007 թվականի փոփոխությամբ գրանցված կանոնադրության մեջ նշված պայմանագրի հիման վրա պատասխանող Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի անվամբ փոփոխված բաժնեմասի մասին գրանցում չկատարելու հանգամանքը պետք է մեկնաբանել սուբյեկտիվ գործոններով, ինչի արդյունքում չպետք է խախտվի Սուսաննա Խաչատրյանի գույքային իրավունքները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ է, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ գործում առկա չէ ապացույց այն մասին, որ իրականում տեղի է ունեցել բաժնեմասի օտարում, որի արդյունքում 51 տոկոս բաժնեմասի նկատմամբ «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի իրավունքը կդադարեր և կծագեր Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի իրավունքը: Այսինքն` առկա չէ ապացույց այն մասին, որ ամուսինների համատեղ կյանքի ընթացքում 17.11.2006 թվականին բաժնեմասի օտարման պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, որը պարտադիր պայման է սեփականության իրավունքը ծագելու համար: Հետևաբար սույն պահանջի մասով առկա է նոր քննության անհրաժեշտություն` պարզելու համար, թե արդյոք ամուսինների համատեղ կյանքի ընթացքում (այդ թվում` 27.04.2007 թվականից հետո) 17.11.2006 թվականի պայմանագրից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, թե` ոչ, որից հետո միայն կարող է քննարկվել Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքի ճանաչման հարցը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյանի միջև 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագրով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ձեռք բերված 51 տոկոս բաժնեմասի 1/2 բաժնի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով, բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանում և գործը նոր քննության է ուղարկում միայն «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ձեռք բերված 51 տոկոս բաժնեմասի 1/2 բաժնի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով` նկատի ունենալով, որ 4 տոկոս բաժնեմասի մասով Սուսաննա Խաչատրյանի հայցը Դատարանի վճռով մերժվել է և այդ մասով բողոքարկում չի իրականացվել:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը վճռաբեկ բողոքի համար վճարել է 220.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք: Տվյալ դեպքում սույն գործով քննության առարկա է հանդիսանում տասնմեկ ոչ գույքային պահանջ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն` մեկ ոչ գույքային պահանջի մասով, և այդ մասով գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին այդ մասով հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ինչ վերաբերում է մյուս ոչ գույքային պահանջներին, ապա նկատի ունենալով, որ այդ պահանջները բավարարելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը թողնվում են օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցն այդ պահանջների մասով պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2017 թվականի որոշման` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.02.2017 վճիռը` «Մերի թայմ կոնսալթի» ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյանի միջև 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագրով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից «Արարատ-Ասլան» հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ձեռք բերված 51 տոկոս բաժնեմասի 1/2 բաժնի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Մնացած մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԵԿԴ/0779/02/10
Որոշում