Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ, 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                       ԱՎԴ/2319/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/2319/02/15            2018թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդիկ և Անահիտ Աղաբաբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էդիկ և Անահիտ Աղաբաբյանների ընդդեմ Սերյոժա Աղաբաբյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդիկ և Անահիտ Աղաբաբյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքն Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող բնակելի տնից` 44,38 քմ մակերեսով, անասնագոմից` 70,88 քմ մակերեսով, օժանդակ շինությունից` 5,78 քմ մակերեսով, դալանից` 14,38 քմ մակերեսով, փակ պատշգամբից` 23,925 քմ մակերեսով, տարածքների նկատմամբ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 15.09.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.02.2017 թվականի որոշմամբ Էդիկ և Անահիտ Աղաբաբյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.09.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էդիկ և Անահիտ Աղաբաբյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետը, 187-րդ հոդվածի 1-ին կետը, 280-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գույքի վիճելի մասի փաստացի տիրապետողները հանդիսացել են Էդիկ և Անահիտ Աղաբաբյանները, որոնք այն բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել են դեռևս 1982 թվականից, ինչի ուժով և դրա նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սերյոժա Աղաբաբյանի կողմից ցուցաբերած անգործությունը վկայում է սեփականության իրավունքից վերջինիս հրաժարվելու փաստի մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա փաստերը` չիրականացնելով ապացույցների բազմակողմանի և լրիվ քննություն: Հայցվորների կողմից ներկայացվել են մի շարք ապացույցներ, այդ թվում` կոմունալ վճարումներ կատարելու վերաբերյալ, որոնք պատշաճ չեն գնահատվել: Նման պայմաններում հիմնազուրկ է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ բողոք բերած անձինք դատարան չեն ներկայացրել թույլատրելի և բավարար ապացույցներ վիճելի անշարժ գույքն իրենց կողմից բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արտաշատի տարածքային բաժնի կողմից 25.07.2016 թվականին տրված ԱԲ թիվ 172733 ամուսնության վկայականի կրկնօրինակի համաձայն` Էդիկ Աղաբաբյանի և Անահիտ Վարդանյանի (ամուսնությունից հետո` Աղաբաբյան) ամուսնությունն օրենքով սահմանված կարգով գրանցվել է 27.12.1984 թվականին (գրանցում թիվ 43) (հատոր 1-ին, գ.թ. 123).

2) 11.06.2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2362991 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող 121 քմ մակերեսով բնակելի տան, կից շինությունների և տնամերձ հողամասի սեփականատեր է հանդիսանում Սերյոժա Աղաբաբյանը (հատոր 1-ին, գ.թ. 108-109).

3) Լուսիկ Մնացականյանի և Սվետլանա Վարդանյանի կողմից 26.06.2015 թվականին տրված գրավոր հայտարարությունների համաձայն` հայցվորները 1982 թվականից առ այսօր ապրում են վիճելի հասցեում, վերանորոգել են այն, տեղադրել են առանձին գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հաշվիչներ և առանձին տիրապետում են իրենց կողմից առանձնացված մասը (հատոր 1-ին, գ.թ. 12, 15).

4) Ա/Ձ Գեղամ Արշակյանի կողմից 05.08.2015 թվականին տրված` ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, Էդիկ Աղաբաբյանի կողմից փաստացի օգտագործվող տարածքի շինությունների հատակագծի համաձայն` Էդիկ Աղաբաբյանի կողմից փաստացի օգտագործվող տարածքները հանդիսանում են նշված հասցեում գտնվող բնակելի տնից` 44,38 քմ մակերեսը, անասնագոմից` 70,88 քմ մակերեսը, օժանդակ շինությունից` 5,78 քմ մակերեսը, իսկ 28,76 քմ մակերեսով դալանը և 47,85 քմ մակերեսով փակ պատշգամբը հանդիսանում են ընդհանուր օգտագործման տարածքներ (հատոր 1-ին, գ.թ. 58).

5) «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Արտաշատ» տեղամասի կողմից 01.06.2015 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Էդիկ Աղաբաբյանը (հասցե` ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 ա (22)) հանդիսանում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Արտաշատ» տեղամասի բաժանորդ 01.01.2003 թվականից առ այսօր (հատոր 1-ին, գ.թ. 19).

6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի «Արտաշատ» տեղամասի կողմից տրված էպիկրիզի պատճենի համաձայն` Էդիկ Աղաբաբյանը հանդիսանում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 ա (22) հասցեի բաժանորդ և վճարումներ է կատարել սկսած 2003 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 23-29).

7) «Ա. Հ. Ղազարյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից 2003 թվականի նոյեմբերին կազմված «Աշխատանքային նախագծի» համաձայն` ընկերությունն ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում Էդիկ Աղաբաբյանի հանձնարարությամբ կատարել է վերագազաֆիկացման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 20-22).

8) Սերյոժա Աղաբաբյանը 18.07.2016 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ Էդիկ և Անահիտ Աղաբաբյանների ամուսնությունից հետո վիճելի հասցեի անշարժ գույքից վերջիններիս տրամադրել է երկու սենյակ` ապրելու համար (դատական նիստի արձանագրություն, հատոր 1-ին, գ.թ. 111-112):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի, 187-րդ հոդվածի 1-ին կետի և 280-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ պատասխանողը չի հրաժարվել տան նկատմամբ իր սեփականության իրավունքից, շարունակել է տիրապետել անշարժ գույքը և մտադիր է եղել այն ժառանգել այլ անձի, որպիսի պայմաններում հայցվորները չէին կարող ունենալ բավարար հիմքեր ենթադրելու, որ իրենք այդ գույքն ամբողջությամբ տիրապետել և օգտագործել են բարեխղճորեն և որպես սեփական գույք:

Վերաքննիչ դատարանը մերժել է հայցվորների վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ` ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում են ինչպես տիրապետողի, այնպես էլ գույքի սեփականատիրոջ գործողություններով (անգործությամբ):

Այսպես, սույն գործում առկա փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ 11.06.2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2362991 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող բնակելի տան, կից շինությունների և տնամերձ հողամասի սեփականատեր է հանդիսանում Սերյոժա Աղաբաբյանը: Էդիկ Աղաբաբյանը և Անահիտ Աղաբաբյանն ամուսնացել են 27.12.1984 թվականին` համաձայն ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արտաշատի տարածքային բաժնի կողմից 25.07.2016 թվականին տրված ԱԲ թիվ 172733 ամուսնության վկայականի կրկնօրինակի: Ամուսնությունից հետո Սերյոժա Աղաբաբյանն Էդիկ և Անահիտ Աղաբաբյաններին վիճելի հասցեի անշարժ գույքից տրամադրել է երկու սենյակ` ապրելու համար, ինչից հետևում է, որ վիճելի գույքը հայցվորների փաստացի տիրապետմանն է անցել Սերյոժա Աղաբաբյանի կամքին ոչ հակառակ: Նշված փաստը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս արձանագրելու, որ հայցվորների մոտ ձևավորել է համոզմունք այն մասին, որ վիճելի գույքը ձեռք են բերել օրինական հիմքերով, իսկ տիրապետման ընթացքում ձևավորվել է համոզմունք առ այն, որ նշված գույքը տիրապետում են որպես սեփականություն: Նման հետևությունը հիմնավորվում է գործում առկա` Լուսիկ Մնացականյանի և Սվետլանա Վարդանյանի կողմից 26.06.2015 թվականին տրված գրավոր հայտարարություններով, որոնց համաձայն` հայցվորները 1982 թվականից առ այսօր ապրում են վիճելի հասցեում, վերանորոգել են այն, տեղադրել են առանձին գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հաշվիչներ և առանձին տիրապետում են իրենց կողմից առանձնացված մասը: Բացի այդ, Ա/Ձ Գեղամ Արշակյանի կողմից 05.08.2015 թվականին տրված` ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, Էդիկ Աղաբաբյանի կողմից փաստացի օգտագործվող տարածքի շինությունների հատակագծի համաձայն` Էդիկ Աղաբաբյանի կողմից փաստացի օգտագործվող տարածքները հանդիսանում են նշված հասցեում գտնվող բնակելի տնից` 44,38 քմ մակերեսը, անասնագոմից` 70,88 քմ մակերեսը, օժանդակ շինությունից` 5,78 քմ մակերեսը, իսկ 28,76 քմ մակերեսով դալանը և 47,85 քմ մակերեսով փակ պատշգամբը հանդիսանում են ընդհանուր օգտագործման տարածքներ: Ավելին, Էդիկ Աղաբաբյանը հանդիսանում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արևմտյան» տարածքային մասնաճյուղի «Արտաշատ» տեղամասի բաժանորդ 01.01.2003 թվականից առ այսօր, ինչը հավաստվում է նույն տեղամասի կողմից տրամադրված տեղեկանքով: Վերջինս հանդիսանում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի «Արտաշատ» տեղամասի բաժանորդ և վճարումներ է կատարել սկսած 2003 թվականից` համաձայն նույն տեղամասի կողմից տրված էպիկրիզի պատճենի: Միաժամանակ Էդիկ Աղաբաբյանի հանձնարարությամբ իրականացվել են բնակարանի վերագազաֆիկացման աշխատանքներ` «Ա. Հ. Ղազարյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից 2003 թվականի նոյեմբերին կազմված «Աշխատանքային նախագծի» հիման վրա:

Այսպիսով, վերոգրյալ փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս փաստելու, որ հայցվորներն անշարժ գույքը տիրապետել են որպես իրենց սեփականը` կատարելով այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են անշարժ գույքի սեփականատիրոջը:

Միաժամանակ նշված փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սերյոժա Աղաբաբյանը բավարար չափով հետևողականություն չի ցուցաբերել անշարժ գույքի վիճելի մասի նկատմամբ: Մասնավորապես` չի առարկել հայցվորների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների դեմ, չի պահանջել դադարեցնել դրանք կամ որևէ կերպ չի դիմել իր իրավունքների պաշտպանությանը` ցուցաբերելով անգործություն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանող Սերյոժա Աղաբաբյանն իր անգործությամբ հրաժարվել է իրեն պատկանող գույքից, այսինքն` վիճելի իրավահարաբերությունում առկա է պատասխանողի կողմից այնպիսի վարքագծի դրսևորում, որն ակնհայտ վկայում է վերջինիս` գույքի տիրապետումից, տնօրինումից և օգտագործումից մեկուսացման մասին, ինչի արդյունքում հայցվորների մոտ ողջամտորեն ձևավորվել է համոզմունք առ այն, որ նշված անշարժ գույքը վերջիններս տիրապետում են որպես սեփական գույք:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության, ճիշտ չեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում հանգել են սխալ եզրակացության: Վերը նշված հանգամանքները տվյալ պարագայում հիմք են տալիս հաստատված համարելու այն փաստը, որ սույն քաղաքացիական գործով միաժամանակ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված բոլոր վավերապայմանները, ուստի վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ տվյալ պարագայում կիրառելի են հիշատակված իրավական նորմի դրույթները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են վիճելի գույքի նկատմամբ հայցվորների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ նախապայմանները, հետևաբար ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ «հայցվորները չէին կարող ունենալ համոզմունք, որ գույքը տիրապետում են որպես իրենց սեփականություն», Վճռաբեկ դատարանը գտնում է անհիմն, քանի որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորների` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ, տասը տարուց ավելի և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը:

ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հայցը պետք է բավարարվեր և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվեր հայցվորների սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող բնակելի տան` 44,38 քմ մակերեսով, անասնագոմի` 70,88 քմ մակերեսով, 5,78 քմ մակերեսով օժանդակ շինության և հայցվորների և Սերյոժա Աղաբաբյանի կողմից համատեղ օգտագործվող դալանի և փակ պատշգամբի` համապատասխանաբար դալանից` 14,38 քմ, փակ պատշգամբից` 23,925 քմ մակերեսների նկատմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, իսկ հայցը` բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերյոժա Աղաբաբյանից հօգուտ հայցվորների ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել. ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Էդիկ Աղաբաբյանի և Անահիտ Աղաբաբյանի սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող բնակելի տնից` 44,38 քմ մակերեսով, անասնագոմից` 70,88 քմ մակերեսով, օժանդակ շինությունից` 5,78 քմ մակերեսով, դալանից` 14,38 քմ մակերեսով, փակ պատշգամբից` 23,925 քմ մակերեսով տարածքների նկատմամբ:

2. Սերյոժա Աղաբաբյանից հօգուտ Էդիկ և Անահիտ Աղաբաբյանների բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Սերյոժա Աղաբաբյանից հօգուտ Էդիկ և Անահիտ Աղաբաբյանների բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Սերյոժա Աղաբաբյանից հօգուտ Էդիկ և Անահիտ Աղաբաբյանների բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԱՎԴ/2319/02/15
Որոշում