Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.12.2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23.12.2011 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 360-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՂԲԱՀԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                       ԵԷԴ/1332/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1332/02/16            2018թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԳՈՒԴՎԻՆ-ԲԵՏ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ Երևան համայնքի հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 537.777 ՀՀ դրամ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 28.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.10.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.06.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևան համայնքը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշմամբ հաստատված «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգի» 8-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի հետևությունն այն մասին, որ Ընկերությունն իրականացնում է քաղաքացիների սպասարկում, այսինքն` մատուցում է հանրային ծառայություններ, միայն ենթադրություն է, որը որևէ իրավական ակտով չի հիմնավորվում: Ընկերությունը, բացի խաղադրույք ընդունելուց և շահում վճարելուց, այլ գործառույթով չի զբաղվում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ մինչև հայցադիմում ներկայացնելը տարիներ շարունակ աղբահանության դիմաց գումարները գանձվել են մեկ քառակուսի մետրի դիմաց 8 ՀՀ դրամի չափով:

Վերաքննիչ դատարանն առանց որևէ հիմնավորման նույնականացրել է «գրասենյակ» և «սպասարկման սրահ» հասկացությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ընկերությունը, վկայակոչելով փաստերն այն մասին, որ վեճի առարկա տարածքները գրասենյակներ են, և այդ տարածքներում սպասարկման ծառայություններ չեն իրականացվում, ինքն էր պարտավոր ապացուցել նշված փաստերը: Մինչդեռ նշված փաստերն ապացուցելու նպատակով Ընկերությունը որևէ ապացույց չի ներկայացրել:

 

4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Արտակ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 22.05.2012 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 1.1 կետի համաձայն` «Արտակ» ՍՊԸ-ն պարտավորվել է վճարի դիմաց Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևանի Էրեբունի համայնքի Արցախի փողոցի թիվ 6 շենքի 63-րդ շինություն հասցեում գտնվող 87,75 քմ մակերեսով անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 6-7).

2) Վալենտինա Մկրտումյանի և Ընկերության միջև 01.05.2014 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 1.1 կետի համաձայն` Վալենտինա Մկրտումյանը պարտավորվել է որոշակի վարձավճարի դիմաց Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևանի Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 19/12 հասցեում գտնվող ընդհանուր 94,4 քմ ոչ բնակելի տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 17-18).

3) Ստեփան Ղազարյանի և Ընկերության միջև 23.05.2014 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 1.1 կետի համաձայն` Ստեփան Ղազարյանը պարտավորվել է որոշակի վարձավճարի դիմաց Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61/35 հասցեում գտնվող ընդհանուր 52,1 քմ ոչ բնակելի տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 30-31).

4) «ԴԵ ՍՊԱՍԻՐ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 03.06.2015 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 1.1 կետի համաձայն` «ԴԵ ՍՊԱՍԻՐ» ՍՊԸ-ն պարտավորվել է որոշակի վարձավճարի դիմաց Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 34/4 հասցեում գտնվող ընդհանուր 80,6 քմ ոչ բնակելի տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 63-66).

5) Երևան համայնքի ղեկավարը, վերը նշված տարածքները տիրապետող Ընկերության նկատմամբ աղբահանության վճարները հաշվարկելով 1 քմ-ի դիմաց 70 ՀՀ դրամով` որպես բնակչության սպասարկման ծառայություն իրականացնող շինության, ընդհանուր վճարման է ներկայացրել 537.777 ՀՀ դրամ, որից 419.745 ՀՀ դրամը` որպես ապառք, 118.032 ՀՀ դրամը` որպես տույժ (հատոր 1-ին, գ.թ. 3, 4, 8, 19, 32, 47):

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ համայնքի ղեկավարի կողմից աղբահանության վճարի չափի հաշվարկման ընթացակարգին, ինչպես նաև վերահաստատել նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` դատական ակտերի իրավական հիմնավորվածության վերաբերյալ:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աղբահանության վճարը նույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց նույն օրենքով սահմանված կարգով և նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աղբահանության վճարը սահմանվում է ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար`

ա. ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար` առավելագույնը 3000 դրամ, կամ

բ. ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` առավելագույնը 10000 դրամ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերի սահմաններում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրույքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաև անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունը:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաև այդ վճարի գանձումը և համայնքի բյուջե փոխանցումն իրականացնում է համայնքի ղեկավարը:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն`աղբահանության վճար վճարողները պարտավոր են նույն օրենքով սահմանված ժամկետում և սահմանված դրույքաչափով վճարել աղբահանության վճարը:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աղբահանության վճարի վճարումը նույն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0,075 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից:

Նշված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղբահանության վճարը համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքը որևէ իրավունքով տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից աղբահանության դիմաց վերը նշված օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում յուրաքանչյուր համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Ընդ որում, աղբահանության վճարի չափն անմիջական կախվածության մեջ է գտնվում նաև աղբի տեսակից, անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունից: Օրինակ, ի տարբերություն կենցաղային աղբի` ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության համար դրույքաչափը սահմանվում է ելնելով ծավալից կամ զանգվածից:

Բացի այդ, օրենսդիրը որոշակի պատասխանատվություն է նախատեսել աղբահանության վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար` սահմանելով տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:

Օրենսդիրը նաև սահմանել է, որ վերոնշյալ օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի տարածքում աղբահանության վճարի չափը սահմանում է համայնքի ավագանին:

Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշմամբ հաստատվել է աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը, որի 7-րդ կետի համաձայն` աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից, ընդ որում`

1) բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար` փաստացի բնակվող անձերի քանակով,

2) այլ շենքերի կամ շինությունների համար` ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Նույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` նույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու (պարզելու) անհնարինության դեպքում, այդ թվում` տեխնիկական, աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ամսական դրույքաչափերով` առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով` 1 քմ - 70 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 30,72 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 70 դրամ), իսկ 3-րդ ենթակետի համաձայն` արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` 1 քմ - 8 դրամ (հաշվարկվել է, որ միջինացված յուրաքանչյուր 312,5 քմ-ից ամսական արտադրվում է 1 խմ աղբ կամ 1 քմ - 8 դրամ):

Նշված կարգի համապատասխան դրույթների վերլուծությունից բխում է, որ բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է շենքի կամ շինության գործառնական նշանակությունից ելնելով` փաստացի բնակվող անձերի քանակով, իսկ այլ շենքերի կամ շինությունների համար` ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում: Ընդ որում, եթե անհնարին է որոշել (պարզել) նույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը, ապա աղբահանության վճարի հաշվարկը առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով կատարվում է ամսական 1 քմ-ի դիմաց 70 ՀՀ դրամ դրույքաչափով, իսկ արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` 1 քմ-ի դիմաց 8 ՀՀ դրամ դրույքաչափով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, նույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ է, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն առանձին չորս վարձատուների հետ կազմել է անշարժ գույքի վարձակալության պայմանագրեր սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքն օգտագործելու մասին: Երևան համայնքի ղեկավարը, վերը նշված տարածքները տիրապետող Ընկերության նկատմամբ աղբահանության վճարները հաշվարկելով 1 քմ-ի դիմաց 70 ՀՀ դրամով` որպես բնակչության սպասարկման ծառայություն իրականացնող շինության, ընդհանուր վճարման է ներկայացրել 537.777 ՀՀ դրամ, որից հետո հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ընկերության` նշված գումարը բռնագանձելու պահանջի մասին:

Դատարանը, պատճառաբանելով, որ «Ընկերությունը չապացուցեց, որ գրասենյակ է», «ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու և հետազոտելու դատավարական գործողության ընթացքում արձանագրվեց, որ Ընկերության տարածքներում տեղադրված են սեղաններ, աթոռներ, բազմոց, համակարգիչներ, հեռուստացույցեր, և ըստ էության, Ընկերությունն իրականացնում է քաղաքացիների սպասարկում, այսինքն` մատուցում է հանրային ծառայություններ, ուստի որպես բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինություններ` աղբահանության վարձավճարը հաշվարկվում է 1 քմ-ի համար 70 ՀՀ դրամ», հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Ընկերությունը, կրելով իր վկայակոչած այն փաստերն ապացուցելու պարտականությունը, որ վեճի առարկա տարածքները գրասենյակներ են, և Ընկերությունն այդ տարածքներում սպասարկման ծառայություններ չի իրականացնում, դրանց վերաբերյալ վերաբերելի, թույլատրելի և բավարար ապացույցներ չի ներկայացրել», «Ընկերության տարածքներում տեղադրված հեռուստացույցների վրա արտացոլվում են տարբեր խաղերի համար սահմանված գործակիցները, ինչը հնարավորություն է տալիս անձանց կատարել խաղադրույքներ, այսինքն` ըստ էության, նման կերպ Ընկերությունը մատուցում է սպասարկման այլ ծառայություններ», Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ վարձակալության պայմանագրի առարկա տարածքներում Ընկերությունն իրականացրել է «բնակչության սպասարկման այլ ծառայություն», հաստատված են համարել առանց որևէ իրավական հիմնավորման: Մինչդեռ տվյալ դեպքում Երևան համայնքն էր պարտավոր ինչպես մինչև հայցադիմումը Դատարան ներկայացնելն Ընկերությանը պահանջ ներկայացնելիս, այնպես էլ գործի քննության ժամանակ ապացուցել, որ նման դրույքաչափ կիրառելը պայմանավորված է աղբի տեսակով, վարձակալության պայմանագրի առարկա անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությամբ, արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի որոշման (պարզման) անհնարինությամբ: Ստորադաս դատարանները համապատասխան քննություն չեն իրականացրել նաև այդ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Ընկերության այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու վերը նշված հանգամանքները պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Ընկերության վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ԵԷԴ/1332/02/16
Որոշում