Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 124.4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                       ՎԴ/5059/05/15

    Վարչական գործ թիվ ՎԴ/5059/05/15                2018թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Կոջոյանի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Կոջոյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Կոջոյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2017 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 02.05.2016 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Կոջոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 29-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշմամբ Գագիկ Կոջոյանին վերագրվող արարքի կատարման փաստը հաստատելու համար ներկայացված տեսագրությունը նկարահանված է հեռախոսի միջոցով պարեկային ավտոմեքենայում տեղադրված տեսագրող սարքից և չի կարող հանդիսանալ իրավախախտման հայտնաբերման համար նախատեսված տեխնիկական միջոցով կատարված տեսագրություն: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի հիմքում դրել է անթույլատրելի ապացույց և հաշվի չի առել, որ վարչական մարմինը չի կատարել իր ապացուցման պարտականությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.05.2016 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության կողմից 22.08.2015 թվականին կազմված արձանագրության համաձայն` Գագիկ Կոջոյանը «Մերսեդես-Բենց» մակնիշի «19SU531» պետհամարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին` 50 կմ/ժ առավելագույն արագությունը սահմանափակող նշանի ազդման գոտում,22.08.2015 թվականին` ժամը 16:20-ին, երթևեկել է 77 կմ/ժ արագությամբ, այսինքն` գերազանցել է սահմանված արագությունը 17 կմ/ժ-ով (արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար հանելով 10 կմ/ժ արագությունը), ինչը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի հատկանիշներին (գ.թ. 35).

2) Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշման համաձայն` Գագիկ Կոջոյանը երթևեկության թույլատրելի արագության կանոնները խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 25.500 ՀՀ դրամի չափով (գ.թ. 35).

3) Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշմամբ Գագիկ Կոջոյանին վերագրվող արարքի կատարման փաստը հաստատելու համար ներկայացված տեսագրությունն իրենից ներկայացնում է ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցից ստացված տեսագրության` ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշմամբ չնախատեսված տեխնիկական միջոցով (հեռախոսով) կատարված վերարտադրությունը (գ.թ. 33-ում գտնվող էլեկտրոնային կրիչ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում հայտնաբերված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված զանցանքի կատարման փաստի հաստատման համար դատարան ներկայացվող ապացույցների թույլատրելիության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի պահանջները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցից ստացված տեսագրության` օրենսդրությամբ չնախատեսված տեխնիկական միջոցներով կատարված վերարտադրությունը կարող է արդյո՞ք վարչական դատարանում համարվել թույլատրելի ապացույց ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում հայտնաբերված երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը հաստատելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար` նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (...) (գ) հաստատում է ճանապարհային երթևեկության կանոնները (...). (ժը) սահմանում է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը (...):

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (...) օրենսդրությամբ սահմանված կարգով` (...) (թ) իրականացնում է ճանապարհապարեկային ծառայություն (...):

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` երթևեկության սահմանված արագության գերազանցման (...) համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու լիազորություններն օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված` ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածով հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները:

Այսպես, ՀՀ կառավարության նշված որոշման թիվ 1 հավելվածի 65-րդ կետի համաձայն` վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ (...): Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով օրենքով իրեն վերապահված` ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը, 23.11.2006 թվականին ընդունել է «Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1769-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածի 1-ին կետի համաձայն` նույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (...) ճանապարհային ոստիկանության (...) կողմից ճանապարհապարեկային ծառայության կազմակերպման և իրականացման նպատակները, ձևերն ու մեթոդները, ինչպես նաև կարգավորվում են տեխնիկական միջոցների օգտագործման (...) հետ կապված հարաբերությունները:

ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշման թիվ 1 հավելվածի 12-րդ կետի համաձայն` պարեկային ավտոմոբիլները (մոտոցիկլետները) պետք է կահավորված լինեն (...) բորտ համակարգչով, իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցներով (արագաչափ, ալկոմետր, տեսախցիկ և այլն) (...):

Նույն որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետի համաձայն` ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով: Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չափաբանական ստուգում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը:

Նույն որոշման թիվ 1 հավելվածի 27-րդ կետի համաձայն` արգելվում է ծառայության կատարման ժամանակ այնպիսի տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք ոստիկանության հաշվեցուցակով նախատեսված չեն:

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվություն է նախատեսել երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու համար: Նշված հոդվածում նկարագրված արարքը, ըստ էության, դրսևորվում է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության այն կանոնի խախտմամբ, որի համաձայն` վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության սահմանված արագության գերազանցումը` որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, հաճախ հայտնաբերվում է ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս: Միաժամանակ օրենսդիրը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասում հստակ ամրագրել է, որ երթևեկության սահմանված արագության գերազանցման համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ: Ըստ այդմ, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից նշված իրավախախտման կատարման փաստը կարող է հայտնաբերվել և ամրագրվել միայն հատուկ` տեխնիկական միջոցներով: Իսկ ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում ոստիկանության կողմից տեխնիկական միջոցների օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշմամբ, որի վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար նախատեսված տեխնիկական միջոցներից են նաև արագաչափը և տեսախցիկը: Ընդ որում, ՀՀ կառավարությունն արգելել է ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար այնպիսի տեխնիկական (չափիչ) միջոցների, մասնավորապես` արագաչափի կամ տեսախցիկի, օգտագործումը, որոնք չեն անցել չափաբանական ստուգում կամ ունեն ժամկետանց ստուգման վկայական կամ սերտիֆիկացված չեն կամ նախատեսված չեն ոստիկանության հաշվեցուցակով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են (...) իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները (...): Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` իրեղեն ապացույցները հետազոտվում են զննման միջոցով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներով անդրադառնալով վարչական դատավարությունում ապացույցների հետազոտման և գնահատման հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, օրինակ Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթներով սահմանված են ապացույցների թույլատրելիության ընդհանուր և հատուկ կանոնները: Այսպես, ապացույցների թույլատրելիության ընդհանուր կանոնի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում: Ապացույցների թույլատրելիության այս կանոնը վերաբերում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված ձևական-ընթացակարգային պահանջների պահպանվածությունը և ենթադրում է. (ա) աղբյուրի օրինականություն` ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից, (բ) ձեռքբերման միջոցների օրինականություն` պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները, (գ) պատշաճ ձևակերպում` ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատշաճ ձևակերպման, (դ) լիազորված սուբյեկտ` ապացույցը պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից: Բացի վերոգրյալ ընդհանուր կանոնից, գոյություն ունի նաև ապացույցի թույլատրելիության հետևյալ հատուկ կանոնը. եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված է, որ գործի հանգամանքները պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, ապա այդ հանգամանքները չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այսինքն` որոշ դեպքերում ապացույցը կարող է անթույլատրելի համարվել նաև այն պատճառով, որ այն չի հանդիսանում տվյալ փաստական հանգամանքը հաստատելու համար օրենքով կամ այլ իրավական ակտերով կանխորոշված «անհրաժեշտ» ապացույցը` այն որոշակի ապացույցը, որով, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, կարող է հաստատվել տվյալ փաստական հանգամանքը:

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռքբերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս հայտնաբերված` երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու արարքի համար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով վարչական մարմինը կրում է այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի, մասնավորապես` պատասխանատվության ենթարկված անձի կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստի, ապացուցման բեռը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս հայտնաբերված` երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու արարքը կարող է ամրագրվել ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման համար նախատեսված տեխնիկական միջոցների օգտագործմամբ ձեռք բերված համապատասխան ապացույցի (լուսանկար, տեսագրություն և այլն) միջոցով: Այլ կերպ ասած` պատասխանատվության ենթարկված անձի կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը կարող է հաստատվել կամ հերքվել այնպիսի ապացուցման միջոցներով, ինչպիսիք են, օրինակ, ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման համար նախատեսված տեխնիկական միջոցների օգտագործմամբ ձեռք բերված լուսանկարը կամ տեսագրությունը, որոնք իրենց բովանդակությամբ հնարավորություն են ընձեռում դատարանին առնվազն նույնականացնելու տրանսպորտային միջոցը, ինչպես նաև պարզելու վերջինիս երթևեկության արագությունը: Հետևաբար խնդրո առարկա փաստական հանգամանքը հաստատելու համար վարչական մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման համար նախատեսված տեխնիկական միջոցներով ամրագրված համապատասխան ապացույցը, որը ձեռք է բերվել վարչական վարույթի ընթացքում և համապատասխանում է դրա թույլատրելիության բոլոր չափանիշներին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 47-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ տեսագրությունը և լուսանկարը վարչական դատավարությունում դասվում են օրենքով նախատեսված իրեղեն ապացույցների շարքին: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանատվության ենթարկված անձի կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստն ամրագրող տեսագրության կամ լուսանկարի` որպես իրեղեն ապացույցի թույլատրելիության չափանիշներից մեկը դրա ձեռքբերման միջոցների իրավաչափությունն է, որը հանգում է հետևյալին. նշված ապացույցը պետք է ստացված լինի այնպիսի տեխնիկական միջոցով, որը համապատասխանում է ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելիս ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջներին, մասնավորապես`

1) այդ տեխնիկական միջոցները` արագաչափը կամ տեսախցիկը, անցել են չափաբանական ստուգում,

2) արագաչափի կամ տեսախցիկի վկայականն իրավախախտման հայտնաբերման պահին չի եղել ժամկետանց,

3) արագաչափը կամ տեսախցիկը իրավախախտման հայտնաբերման պահին եղել են սերտիֆիկացված,

4) արագաչափը կամ տեսախցիկը նախատեսված են ոստիկանության հաշվեցուցակով:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած այն փաստը, որ վերջինս գերազանցել է երթևեկության սահմանված արագությունը, ապացուցելու համար վարչական դատարան ներկայացված տեսագրությունը քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում պետք է համապատասխանի ապացույցների թույլատրելիության, ի թիվս այլնի, նաև վերոգրյալ պահանջներին: Ընդ որում, տվյալ տեսագրությունը պետք է ստացված լինի անմիջականորեն ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցից և չպետք է հանդիսանա այդ միջոցից ստացված տեսագրության` ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշմամբ չնախատեսված տեխնիկական միջոցներով կատարված վերարտադրությունը: Մինչդեռ այն դեպքում, երբ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստն ապացուցելու համար վարչական դատարան ներկայացված տեսագրությունն իրենից ներկայացնում է ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցից ստացված տեսագրության` ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշմամբ չնախատեսված տեխնիկական միջոցներով կատարված վերարտադրությունը, ապա այն չի կարող համարվել թույլատրելի ապացույց` դրա ձեռքբերման միջոցների իրավաչափության պահանջները պահպանված չլինելու հիմքով: Նման տեսագրությունն ապացուցողական ուժ չունի և չի կարող դրվել դատական ակտի հիմքում, քանի որ քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը կարող է հաստատվել միայն ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված և ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշման պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցից անմիջականորեն ստացված տեսագրությամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գագիկ Կոջոյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշումը: Նշված վարչական ակտով Գագիկ Կոջոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 25.500 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ նա «Մերսեդես-Բենց» մակնիշի «19SU531» պետհամարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին` 50 կմ/ժ առավելագույն արագությունը սահմանափակող նշանի ազդման գոտում,22.08.2015 թվականին` ժամը 16:20-ին, երթևեկել է 77 կմ/ժ արագությամբ, այսինքն` գերազանցել է սահմանված արագությունը 17 կմ/ժ-ով (արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար հանելով 10 կմ/ժ արագությունը): Ընդ որում, նշված արարքը հայտնաբերվել է Ծառայության կողմից ճանապարհապարեկային ծառայության իրականացման ընթացքում:

Դատարանը բավարարել է Գագիկ Կոջոյանի հայցը` պատճառաբանելով, որ Ծառայությունը չի ներկայացրել իրավախախտումն ամրագրող տեսագրությունը: Դատարանը նշել է, որ գործում առկա էլեկտրոնային կրիչում ամրագրված տեսագրությունը չի կարող հանդիսանալ իրավախախտման հայտնաբերման համար նախատեսված տեխնիկական միջոցով կատարված տեսագրություն, քանի որ այն տեսանկարահանվել է հեռախոսի միջոցով` պարեկային ավտոմեքենայում տեղադրված տեսագրող սարքից:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` մերժել է Գագիկ Կոջոյանի հայցը: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ համաձայնել է Դատարանի այն դիրքորոշման հետ, որ գործում առկա էլեկտրոնային կրիչում ամրագրված տեսագրությունը կատարվել է ոչ թե իրավախախտման հայտնաբերման համար նախատեսված տեխնիկական միջոցով, այլ` հեռախոսով: Այնուհանդերձ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(...) այդ տեսագրությունով հաստատվում է, որ Գագիկ Կոջոյանին վերագրվող իրավախախտումը հայտնաբերվել և ամրագրվել է օրենքով նախատեսված համապատասխան հատուկ միջոցի կիրառմամբ, որի արտացոլանքն էլ հենց երևում է ներկայացված տեսագրությունում: (...) Ներկայացված տեսանյութով ոչ թե հայտնաբերվել և ամրագրվել է հայցվորի կողմից կատարված իրավախախտումը, այլ ապացուցվել է այն հանգամանքը, որ համապատասխան պաշտոնատար անձը պահպանել է օրենսդրության այն պահանջները, որոնք նախատեսված են իր կողմից իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման գործառույթն իրականացնելիս (...)»:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս ստորադաս դատարանների առջև բարձրացված հարցը վերաբերել է այն հանգամանքին, թե սույն գործում առկա էլեկտրոնային կրիչում ամրագրված տեսագրությունը հանդիսանում է արդյոք թույլատրելի ապացույց` Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշմամբ Գագիկ Կոջոյանին վերագրվող արարքի կատարման փաստը հաստատելու համար: Նշված տեսագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն իրենից ներկայացնում է ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցից ստացված տեսագրության` ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշմամբ չնախատեսված տեխնիկական միջոցներով կատարված վերարտադրություն: Այսինքն` այդ տեսագրությունն անմիջականորեն չի ստացվել ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված տեխնիկական միջոցից: Իսկ Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումների համաձայն` նման տեսագրությունն ապացուցողական ուժ չունի և չի կարող դրվել դատական ակտի հիմքում, քանի որ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը կարող է հաստատվել միայն ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման համար ոստիկանությանը հատկացված և ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշման պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցից անմիջականորեն ստացված տեսագրությամբ:

Փաստորեն, սույն գործով մերժելով Գագիկ Կոջոյանի հայցը` Վերաքննիչ դատարանը Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշման իրավաչափությունը հաստատել է այնպիսի ապացույցի միջոցով, որը` որպես Գագիկ Կոջոյանի կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստն ապացուցելու համար վարչական դատարան ներկայացված իրեղեն ապացույց, չի համապատասխանում այդ փաստն ամրագրող տեսագրության թույլատրելիության չափանիշներին, քանի որ վարչական մարմինը չի պահպանել այդ ապացույցի ձեռքբերմանն միջոցների իրավաչափության պահանջները: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է անթույլատրելի ապացույց` անտեսելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը չի կատարել վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած փաստական հանգամանքի ապացուցման պարտականությունը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ այլ թույլատրելի ապացույց, որով կարող է հաստատվել Գագիկ Կոջոյանի կողմից երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստը:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված տեսագրությունը` որպես անթույլատրելի ապացույց, ապացույցների շարքից հանելու պայմաններում հաստատվում է այն հանգամանքը, որ Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ժը» կետի, 17-րդ հոդվածի 8-րդ մասի և այդ օրենքի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 23.11.2006 թվականի թիվ 1769-Ն որոշման խախտմամբ և ենթակա էր անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անվավեր ճանաչելով Ծառայության 22.08.2015 թվականի թիվ ԱԹ 425744 որոշումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են (...) ֆիզիկական անձինք` (...) վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով (...):

Հաշվի առնելով, որ հայցվորը սույն գործով ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վերջինիս բերած վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման Ծառայության կողմից, հետևաբար վերջինից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 02.05.2016 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.04.2018
N ՎԴ/5059/05/15
Որոշում