Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...

 

 

020.1425.100718

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 հուլիսի 2018թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ն. Ղարիբյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրված` Կառավարության` 2018 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով փոխըմբռնման հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ` Հուշագիր) ստորագրվել է 2018 թվականի մարտի 20-ին Բրյուսելում` հայաստանյան մշակութային ոլորտի կազմակերպությունների` եվրաինտեգրման գործընթացին ակտիվորեն ներգրավվելու, գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և կինոարտադրության ոլորտներում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նպատակով:

2. Հուշագրի անբաժանելի մաս են կազմում երկու Հավելվածները, որոնցով սահմանվում են մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրում Հայաստանի ֆինանսական հատկացումը կարգավորող կանոնները և ֆինանսական վերահսկողության, փոխհատուցման ու խարդախության դեմ միջոցառումները:

3. Հուշագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունը մասնակցի մշակութային ենթածրագրին և մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) միջոլորտային հարթակին` Հուշագրի և Շրջանակային համաձայնագրում շարադրված պայմաններին համաձայն,

* ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ծրագրի միջոցառումներին համահունչ լինի (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգով սահմանված նպատակներին, չափանիշներին, ընթացակարգերին և վերջնաժամկետներին,

* Ծրագիրն իրականացնելու նպատակով ապահովել, որ ներպետական մակարդակով ստեղծվեն համապատասխան կառույցներ ու մեխանիզմներ և ձեռնարկվեն բոլոր այլ անհրաժեշտ միջոցներն աշխատանքների ներպետական համակարգման և կազմակերպման համար` համաձայն 1295/2013 կանոնակարգի համապատասխան դրույթների,

* յուրաքանչյուր տարի ֆինանսական հատկացում կատարել Եվրոպական Միության ընդհանուր բյուջե` Հուշագրի 1-ին Հավելվածով սահմանված կարգով,

* ֆինանսական կանոնակարգի և Հուշագրում նշված այլ կանոնների համաձայն` ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնված` Ծրագրի շահառուների հետ կնքված պայմանագրերը և դրամաշնորհային համաձայնագրերը ապահովեն ֆինանսական կամ այլ աուդիտների անցկացումը ցանկացած ժամանակ` պայմանագրի կամ դրամաշնորհային համաձայնագրի իրականացման ընթացքում և 5 տարվա կտրվածքով` սկսած հաշվեկշռի վճարման օրվանից, բացառությամբ 60.000 եվրոյին համարժեք կամ դրանից ցածր դրամաշնորհների, որոնց համար այդ ժամկետը կսահմանափակվի մինչև 3 տարվա կտրվածքով,

* ապահովել, որ Հանձնաժողովի գործակալները կամ Հանձնաժողովի լիազորած այլ անձինք ունենան պատշաճ հասանելիություն կայքերին, աշխատանքներին ու փաստաթղթերին և ամբողջ այն տեղեկատվությանը, որը պահանջվում է նման աուդիտ իրականացնելու համար, ներառյալ էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև ապահովել, որ հասանելիության այդ իրավունքը հստակ շարադրված լինի պայմանագրերի և դրամաշնորհային համաձայնագրերի մեջ, որոնք կկնքվեն` Հուշագրում նշված գործիքները իրականացնելու համար,

* Եվրոպական Միության իրավասու մարմիններին պարբերաբար փոխանցել համապատասխան տեղեկություններ,

* ապահովել, որ Հայաստանի իրավասու մարմիններն առանց ձգձգման Հանձնաժողովին տեղեկացնեն իրենց նկատած ցանկացած փաստի և կասկածի մասին, որը վերաբերում է խախտման` կապված պայմանագրերի և դրամաշնորհային համաձայնագրերի կնքման և իրականացման հետ, որոնք կնքվել են Հուշագրում նշված գործիքներն իրականացնելու համար,

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հուլիսի 2018 թվականի

ՍԴՈ-1425

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.07.2018
N ՍԴՈ-1425
Որոշում