Սեղմել Esc փակելու համար:
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հունվարի 2017 թվականի N 12-Ա/1

 

i

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 69-Ա/1 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ մեթոդական ուղեցույցը`» համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 13-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» N 69-Ա/1 հրամանը:

3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանին` ապահովել «Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության վերաբերյալ մեթոդական ուղեցույցի» տրամադրումը խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. հունվարի 31-ի

թիվ 12-Ա/1 հրամանի

 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) գործունեության վերաբերյալ մեթոդական ուղեցույցը (այսուհետ` ուղեցույց) որպես գործնական օգնություն կարող է ծառայել խնամակալության և հոգաբարձության մարմինների համար:

2. ՈՒղեցույցի նպատակն է աջակցել խնամակալության և հոգաբարձության մարմիններին` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովելու երեխաների, ինչպես նաև անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում, ըստ անհրաժեշտության համագործակցում են մարզպետարանների, Երևանում` Երևանի քաղաքապետարանի, այլ համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների, իրենց սպասարկման տարածքների սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) (այսուհետ` գործակալություն կամ բաժին), զբաղվածության տարածքային կենտրոնների, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հաստատությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) տարածքային մարմինների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության մյուս կողմերի հետ:

4. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներն երեխաների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության, իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցների վերաբերյալ խորհրդատվություն, տեղեկատվություն և աջակցություն ստանում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներն անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն ու տեղեկատվություն կարող են ստանալ նաև մարզպետարաններից, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանից և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող այլ շահագրգիռ գերատեսչություններից ու կազմակերպություններից:

 

II. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՓԱՍՏԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՉԳՐԱՆՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՊՔԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

 

5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին տեղեկություններ ստանալու դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը հանձնաժողովի միջոցով ուսումնասիրում է ծնողների, ծնողական խնամքի բացակայության, ծնողական խնամքից զրկվելու, համայնքում երեխայի ծննդյան փաստի օրենքով սահմանված կարգով չգրանցման, երեխաների մահացության, համայնքում երեխաների հանդեպ բռնության, թրաֆիքինգի և այլ դեպքերը, ինչպես նաև մասնակցում է դատական գործերի քննությանը:

6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, համայնքում երեխայի ծննդյան փաստի օրենքով սահմանված կարգով չգրանցման, ինչպես նաև երեխաների մահացության, համայնքում երեխաների թրաֆիքինգի դեպքերի ուսումնասիրությունը խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են ոստիկանության, առողջապահական հաստատությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և սոցիալական պաշտպանություն իրականացնող այլ կառույցների օգնությամբ: Դատական, քրեակատարողական մարմինները ևս կարող են տեղեկությունների տրամադրման աղբյուր լինել, քանի որ ծնողների ձերբակալության, բանտարկության դեպքերում նրանք տեղյակ են միայնակ մնացած երեխաների մասին:

7. Խնամակալության և հոգաբարձության մարմինների ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև այն ընտանիքները, որտեղ, ծնողների առկայության պարագայում, բացահայտվել է երեխայի անտեսման փաստը: Նման դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմինները աջակցում են ծնողներին` երեխայի խնամքը ու դաստիարակությունը ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար:

8. Համայնքում երեխայի ծննդյան փաստի օրենքով սահմանված կարգով չգրանցման, ինչպես նաև երեխաների մահացության դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմինները տեղեկացնում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համապատասխան տարածքային բաժիններին (մարմիններին), միաժամանակ նախաձեռնում դրանց պետական գրանցման գործընթացը, իսկ երեխայի ծնողների կամ ազգականների կողմից խնամքի փաստի բացակայություն բացահայտելիս` ապահովում երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը` մինչև նրա տեղավորման հարցի լուծումը:

 

III. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սկզբնական հաշվառումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն իրականացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը (ՀՀ Կառավարության 22.06.2006թ N 962-Ն որոշում):

10. Դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության և նմանատիպ այլ հաստատությունների ղեկավարները, որոնց ղեկավարած հաստատություններում գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել` յոթնօրյա ժամկետում այդ մասին հայտնում են այդ հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

11. Խնամակալության և հոգաբարձության մարմինը եռօրյա ժամկետում հետազոտում է երեխայի կենսապայմանները և ծնողական խնամքի բացակայության փաստը հաստատվելու դեպքում երեխայի մասին տվյալները գրանցում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սկզբնական հաշվառման մատյանում և 3 օրվա ընթացքում լրացնում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի անձնական քարտը, որի պատճենը և երեխայի լուսանկարը 2 օրինակից, ուղարկում է մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան)` երեխային տարածքային հաշվառման վերցնելու համար:

12. Խնամակալության և հոգաբարձության մարմինն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավական կարգավիճակի փոփոխման դեպքում (ծնողի (ծնողների) ծնողական իրավունքների վերականգնման, երեխայի որդեգրման և այլն) 3-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

 

IV. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Խնամակալության և հոգաբարձության մարմինները ընտրում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքներում տեղավորելու ձևերը (խնամակալ, հոգաբարձու նշանակելը, խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության հանձնելը)` ելնելով երեխայի լավագույն շահերի ապահովման սկզբունքից: Երեխայի վերաբերյալ ցանկացած հարց քննարկելիս կամ որոշում կայացնելիս հաշվի է առնվում երեխայի լավագույն շահը և զարգացման առանձնահատկությունները, երեխայի իրավունքները և նրա կարծիքը` նրա տարիքին և հասունությանը համապատասխան:

14. Երեխայի տեղավորման ձևի ընտրության հարցում պետք է հնարավորինս ապահովել երեխայի` ընտանիքում խնամվելու և դաստիարակվելու իրավունքը, նախապատվությունը տալով խնամքի ընտանեկան պայմաններին մոտ ձևերին. մասնավորապես խնամակալությանը (հոգաբարձությանը) և խնամատարությանը: Եթե չկան այդ հնարավորությունները, ապա նոր միայն դիտարկվում է երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու հնարավորությունը:

15. Խնամակալության և հոգաբարձության մարմինը`

1) ՀՀ ոստիկանությունից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կրթական և բժշկական կազմակերպություններից առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին տեղեկություններ ստանալու դեպքում իրականացնում է իրավիճակի ուսումնասիրություն, կազմում երեխայի հայտնաբերման (տեսակցելու) մասին արձանագրություն, կազմակերպում է երեխայի առաջնային բուժզննումը, անհրաժեշտ օգնության տրամադրումը, անհրաժեշտության դեպքում երեխային անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով կազմակերպում է համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելը,

2) այդ մասին տեղեկացնում է ՀՀ մարզպետարանին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին)` բացառությամբ այն դեպքի, երբ այդ երեխայի մասին տեղեկատվությունն ստացվել է տվյալ մարզպետարանից (Երևանում` Երևանի քաղաքապետարանից), երեխայի գտնվելու վայրի տարածքն սպասարկող գործակալություն կամ բաժին` բացառությամբ այն դեպքի, երբ այդ երեխայի մասին տեղեկատվությունն ստացվել է տվյալ գործակալության կամ բաժնի կողմից, ինչպես նաև ՀՀ ոստիկանությանը, եթե անհայտ է երեխայի ծնողների կամ նրանցից որևէ մեկի կամ միակ ծնողի գտնվելու վայրը կամ անհայտ են երեխայի ծնողները` բացառությամբ այն դեպքի, երբ այդ երեխայի մասին տեղեկատվությունն ստացվել է ՀՀ ոստիկանությունից,

3) ապահովում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը` մինչև նրա տեղավորման հարցի վերջնական լուծումը:

 

V. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

16. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն ընդունում են որոշում խնամակալություն սահմանելու մասին տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ, և հոգաբարձություն` 14-18 տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

17. Խնամակալության և հոգաբարձության մարմինները խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար նախապատրաստում են փաստաթղթեր` համաձայն սույն ուղեցույցին կից ձև 1-ի:

18. Մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալության և հոգաբարձության մարմինը կազմակերպում է երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կենսապայմանների հետազոտություն` փաստաթղթային ուսումնասիրություններ, տունայցեր, հարցազրույցներ:

19. Խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք` իրենց համաձայնությամբ: Խնամակալ նշանակելիս հաշվի են առնում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է:

20. Խնամակալներ կարող են լինել երեխայի մերձավոր ազգականների, ինչպես նաև երեխայի հետ ազգակցական կապ չունեցող անձինք: Եթե երեխայի ազգականները ցանկանում են դառնալ խնամակալ, ապա նախապատվությունը տրվում է ազգականներին, բացառությամբ այն դեպքերի, երբ այն չի բխում երեխայի շահերից:

21. Խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները և պարտականությունները ծագում են խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու մասին որոշման ընդունման պահից: Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալներից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա: Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին:

22. Խնամակալը հանդիսանում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանը ցանկացած ատյանում, այդ թվում և դատարանում, իսկ հոգաբարձուն միայն օրենքով սահմանված դեպքերում իրավունք ունի հանդես գալ իր խնամարկյալի անունից:

23. Խնամակալության և հոգաբարձության մարմինը հսկողություն է իրականացնում խնամակալների և հոգաբարձուների գործունեության նկատմամբ` պարբերաբար կատարում է նրանց կենսապայմանների ուսումնասիրություն (առնվազն տարեկան երկու անգամ)` նախապես մշակված հարցաշարի միջոցով, երեխայի և ընտանիքի մյուս անդամների փոխհարաբերությունների, երեխայի առողջական վիճակի, ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակի, երեխայի կրթական մակարդակի, վարքի, առաջադիմության և այլնի մասին անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելու համար: Այցելությունները կատարվում են մասնագիտական էթիկայի կանոններին համաձայն:

24. Այդ տեղեկությունը (անուն, ազգանուն, հասցե, հեռախոս, որոշման ժամանակը և այլն) գրանցվում է համապատասխան մատյաններում:

 

VI. ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ՏԵՂԱՎՈՐԵԼԸ

 

25. Խնամակալության և հոգաբարձության մարմինները կայացնում են որոշում երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու վերաբերյալ և կնքում պայմանագիր խնամատար ծնողի հետ, վերջինիս` երեխայի նկատմամբ ունեցած իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

26. Երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու վերաբերյալ որոշման կայացման նպատակով խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար դիմում է իր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին կամ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

27. Խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձը, ընտրված երեխային իր ընտանիքում տեղավորման մասին դիմումը ներկայացնում է երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին, որը դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ընտրված երեխայի մասին տեղեկություն ստանալու համար հարցում է ուղարկում երեխայի խնամքն իրականացնող համապատասխան դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպության ղեկավարին կամ այն անձին, ում մոտ գտնվում է երեխան:

28. Երեխայի խնամքն իրականացնող համապատասխան դաստիարակչական, բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպության ղեկավարը, կամ անձը, ում մոտ գտնվում է երեխան, հարցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում փաստաթղթեր` համաձայն սույն ուղեցույցին կից ձև 2-ի:

29. Ընտրված երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշումն ընդունում է երեխայի բնակության (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` վերը նշված փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում: Երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշումը և սահմանված փաստաթղթերը երեխայի բնակության, (գտնվելու) վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն անձին է տրամադրում երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշման ընդունման պահից 3-օրյա ժամկետում: Երեխային խնամատար ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամատար ծնողի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների միջև` երեխային խնամատար ընտանիք դաստիարակության հանձնելու մասին որոշման հիման վրա:

30. Խնամակալության և հոգաբարձության մարմինը.

1) խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն, խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության, առողջության, կրթության, ապրելակերպի, կենցաղային պայմանների ուսումնասիրության և երեխայի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակով պարբերաբար այցելում խնամատար ընտանիք,

2) խնամատար ընտանիքում երեխայի ապրելակերպի, դաստիարակության և կրթության անբարենպաստ պայմանների, երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում ձեռնարկում է համապատասխան միջոցներ, ընդհուպ մինչև պայմանագրի լուծումը,

3) անհրաժեշտության դեպքում խնամատար ընտանիքին ցուցաբերում է օգնություն, նպաստում երեխայի կյանքի ու դաստիարակության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

 

VII. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ (ԾՆՈՂՆԵՐԻՆ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ)

 

31. Երեխայի իրավունքների ու շահերի խախտման, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ երեխայի դաստիարակությունից և խնամքից, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից ծնողների խուսափելու կամ ծնողական իրավունքների չարաշահման դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմինն իրականացնում է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանություն:

32. Երեխայի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ սպառնալու դեպքում` ծնողների կամ ընտանիքի անդամների կողմից երեխայի հանդեպ ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության, անտեսման դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմինը իրավասու է երեխային վերցնել ծնողներից կամ խնամակալից, անհապաղ ապահովել երեխայի ժամանակավոր տեղավորումը (խնամակալություն, ընտանիքի աջակցության կենտրոն կամ խնամատար ընտանիք):

33. Խնամակալության և հոգաբարձության մարմինը 7-օրյա ժամկետում դիմում է դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով:

34. Խնամակալության և հոգաբարձության մարմինը իրավասու է դիմել դատարան 14-18 տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը սահմանափակելու միջնորդությամբ:

35. Խնամակալության և հոգաբարձության մարմինը մասնակցում է դատարանում երեխաների որդեգրման հաստատմանը և որդեգրման վերացմանը վերաբերող գործերի քննությանը, երեխայից առանձին ապրող ծնողի ծնողական իրավունքների իրականացման հարցում ծագած կամ երեխայի դաստիարակության հետ կապված վեճերը քննող դատական նիստերին, դատարանում ծնողական իրավունքների վերականգնման քննությանը, ծնողական իրավունքների սահմանափակման կամ զրկման մասին գործերի քննությանը, դատարանում 16 տարեկան դարձած անչափահասին լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին գործերի քննմանը` օրենքով սահմանված դեպքերում, անչափահասների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը, քրեական վարույթում որպես օրինական ներկայացուցիչ չունեցող անչափահաս տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչ:

36. Խնամակալության և հոգաբարձության մարմինը թույլատրում է` խնամակալին կնքել, իսկ հոգաբարձուին` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող գույքի նկատմամբ իրավունքներից հրաժարվելուն, ինչպես նաև նրա գույքը բաժանելուն կամ դրանից բաժիններ առանձնացնելուն, խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարքների, հոգաբարձուին 16 տարին լրացած խնամարկյալից առանձին ապրել, եթե դա բացասաբար չի անդրադառնա խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների և շահերի պաշտպանության վրա, սահմանված կարգով ծնողական սահմանափակված իրավունքներով ծնողներին երեխայի հետ շփումը, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա:

37. Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ ծնողին, նրանցից մեկի մերժման դեպքում, չխանգարելու պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ մերձավոր ազգականների հետ երեխայի շփումը:

 

VIII. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՕԳՆԱԿԱՆ (ՊԱՏՐՈՆ) ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

38. Խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է քաղաքացու օգնական (պատրոն)` քաղաքացու համաձայնությամբ, չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները: Սահմանված պատրոնաժը դադարում է օրենքով նախատեսված դեպքերում:

39. Խնամակալության և հոգաբարձության մարմինը նման բնակիչների մասին տեղեկություններ ստանում է համայնքային այլ կազմակերպությունների և կառույցների օգնությամբ:

40. Խնամակալության և հոգաբարձության մարմինը վերահսկում է պատրոնի գործունեությունը, նրա գործունեության մասին պարբերաբար տեղեկություն է ստանում քաղաքացուց, որի նկատմամբ պատրոնաժ է սահմանվել:

 

IX. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆԸ` ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺՈՂԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻ, ԿԱՍԿԱԾՅԱԼԻ, ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

41. Խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը երեխայի նկատմամբ կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ:

42. Խնամակալության և հոգաբարձության մարմինը հաշվառում է անչափահաս տուժողին, քաղաքացիական հայցվորին, կասկածյալին, մեղադրյալին:

43. Խնամակալության և հոգաբարձության մարմինը յուրաքանչյուր դեպքի համար ունենում է հաշվառման մատյան, որտեղ նշվում են երեխայի անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիս, տարեթիվը, հասցեն, փաստացի գտնվելու վայրը, ծնողների կամ օրինական ներկայացուցիչների մասին տվյալներ, եթե կա դատարանի վճիռ, ապա համառոտ նկարագիրը, երեխայի հետ կապված հետագա աշխատանքների նկարագիրը: Եթե երեխան շարունակելու է մնալ համայնքում, ապա նրա նկատմամբ հսկողության նշանակման ամսաթիվը, երեխայի խնդրով զբաղվող այլ կառույցների մասին տվյալներ, գործի հետագա ընթացքի մասին տվյալներ: Եթե երեխան տեղափոխվում է խնամքի և պաշտպանության, սոցիալական վերականգնողական կամ անչափահասների քրեակատարողական հիմնարկ, ապա խնամակալության և հոգաբարձության մարմինը հետևում է երեխայի կյանքի ընթացքին, նրա իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև դիտարկում է հնարավորություններ` հետագայում նրան համայնք ընդունելու համար: Եթե երեխան ունի գույք, սեփականություն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը պետք է ի գիտություն ունենա այդ հանգամանքները` հետագայում երեխային համայնքում վերաինտեգրելու համար:

 

X. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

44. Մինչև տասնվեց տարեկան անչափահասի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությամբ: Այդ պայմանագիրը կարող է լուծվել ծնողներից մեկի, օրինական ներկայացուցիչների, նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկի կամ աշխատանքի անվտանգության հարցով ծառայողի պահանջով:

45. Խնամակալության և հոգաբարձության մարմինը ընդունում է որոշում անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) մասին, քննարկում է 16 տարեկանի գործունակության դեպքերը: Որոշումն ընդունվում է ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

 

Ձև-1

 

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու նպատակով իրականացվող փաստաթղթային ուսումնասիրությունների իրականացման համար հավաքագրվում են հետևյալ փաստաթղթերը.

1) Դիմում խնամակալության և հոգաբարձության մարմնին խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու մասին,

2) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի առողջական վիճակի մասին տեղեկանք (համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 5-ի թիվ 517-Ն որոշման),

4) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք, եթե անձնագրում հաշվառումը չի համապատասխանում փաստացի բնակության վայրին,

5) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի ընտանիքի անդամների գրավոր համաձայնությունը խնամակալության կամ հոգաբարձության վերաբերյալ,

6) Երեխային խնամքի և դաստիարակության համար խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիք հանձնելու իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողների ժամանակավոր բացակայության վերաբերյալ փաստաթուղթ, ծնողների (կամ միակ ծնողի) մահվան վկայականների պատճենները, ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողին անգործունակ ճանաչելու, կամ ծնողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու փաստը հաստատող դատական ակտի պատճենները, երեխայի ընկեցիկությունը հաստատող փաստաթուղթ (ակտ),

7) Երեխայի բնակության վայրի մասին տեղեկանք,

8) Երեխայի կրթական հաստատության մասին տեղեկանք (դպրոցական տարիքի երեխաների համար),

9) Տեղեկանք եղբայրների և քույրերի և նրանց գտնվելու վայրի մասին (առկայության դեպքում),

10) Խնամակալի կամ հոգաբարձուի թեկնածուի աշխատավայրի մասին տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում),

11) Երեխայի գույքի ցուցակագրման մասին ակտ, անշարժ գույքի առկայության մասին փաստաթուղթ (անշարժ գույքի առկայության դեպքում),

12) 10 տարեկանից բարձր երեխայի համաձայնությունը խնամակալություն սահմանելու մասին,

13) Երեխայի և խնամակալի կարիքների գնահատման թերթիկ:

 

Ձև-2

 

ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Երեխային խնամատար ընտանիք հանձնելու համար խնամակալության և հոգաբարձության մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

1) երեխայի ծննդյան վկայականը,

2) երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելու իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողների (կամ միակ ծնողի) մահվան վկայականների պատճենները կամ ծնողական իրավունքներից զրկելու, կամ ծնողին անգործունակ ճանաչելու, կամ ծնողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու փաստը հաստատող դատական ակտի պատճենները, երեխայի ընկեցիկությունը հաստատող փաստաթուղթ (ակտ),

3) երեխայի առողջական վիճակի, մտավոր և ֆիզիկական զարգացման մասին համապատասխան եզրակացություն` տրված բժշկական հաստատության կողմից,

4) քաղվածք երեխայի զարգացման պատմությունից` (նորածնի պատմությունից) նրա առողջական վիճակի մասին,

5) երեխայի կրթության մասին փաստաթուղթ (դպրոցական տարիքի երեխաների համար).

6) տեղեկանք եղբայրների և քույրերի գոյության և գտնվելու վայրի մասին (առկայության դեպքում),

7) երեխային պատկանող գույքի անվանացանկը և դրա պահպանման համար պատասխանատու անձանց մասին տեղեկություններ (առկայության դեպքում),

8) անշարժ գույքի նկատմամբ երեխայի սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում),

9) ալիմենտ բռնագանձելու մասին դատական ակտի պատճենը (առկայության դեպքում),

10) փաստաթղթեր, որոնք հաստատում են երեխայի կենսաթոշակ ստանալու իրավունքը, կենսաթոշակ ստացող երեխայի կենսաթոշակի գրքույկը, բանկում երեխայի անվամբ բացված հաշվի առկայության մասին փաստաթուղթը (առկայության դեպքում):

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
31.01.2017
N 12-Ա/1
Հրաման