Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

 

040.1122.151018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1122-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-367-12.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-367-12.09.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է քաղաքացիական գործ քննող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին վերապահել գործը վարչական դատարանի քննությանը հանձնելու իրավասություն` առաջարկվող փոփոխությունը հիմնավորելով միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում ցուցաբերված տարբերակված մոտեցումները վերացնելու անհրաժեշտությամբ: Նշված կարգավորման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը գնահատելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկ է համարում քննարկել պահանջն ըստ ընդդատության վերահասցեագրելու ինստիտուտի իրացման առանձնահատկությունները վարչական և քաղաքացիական դատավարություններում:

Այսպես, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության:

Վճռաբեկ դատարանը 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավական նորմի վերլուծությանը` նշել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով վարչական արդարադատության համակարգում ապահովել դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, նախատեսել է հայցադիմումի վերահասցեագրման ինստիտուտը: Այսպիսով, վարչական դատարանը, կաշկանդված լինելով արդարադատության պատշաճ իրականացման և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանության ապահովման կոնվենցիոն կարգավորումներով, պարտավոր է պարզել` արդյոք կոնկրետ գործն ընդդատյա է վարչական դատարանին, թե` ոչ, և գործը վարչական դատարանին ընդդատյա չլինելու պարագայում վերահասցեագրել այն ըստ ընդդատության` դրանով իսկ ապահովելով անձի` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի գործնական իրականացման երաշխավորումը:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը կարգավորել է նաև այն դեպքը, երբ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության: «Որևէ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրն ի նկատի է ունեցել, որ վեճը վերապահված չէ Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների քննությանը և լուծմանը: Նման իրավակարգավորումը կոչված է բացառելու դատարանների իրավասությանը չհանձնված վեճերի քննությունը և լուծումը դատարանների կողմից: Եթե գործը ենթակա չէ դատարանին, ապա դատարան դիմող անձը հայց հարուցելու իրավունք չունի, իսկ դատարանն իրավասու չէ խախտել այլ մարմինների իրավասությունը և լուծել նրանց վերապահված գործերը, հետևաբար գործի վարույթը ենթակա է կարճման:

Ամփոփելով վերոգրյալը` կարելի է եզրահանգել, որ վարչական դատավարության ցանկացած փուլում պահանջը վերահասցեագրելու իրավասությունը վարչական դատարանին վերապահելը պայմանավորված է`

1) վարչական դատավարության էությամբ, մասնավորապես` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի իրացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորմամբ, որն օժտում է դատարանին ակտիվ դերակատարությամբ` վերացնելու ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները: Այսպես, վերահասցեագրման իրավասություն չունենալու պարագայում ինքնին իմաստազրկվում է ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու իրավասության իրագործումը, եթե ներկայացվել է պահանջ, որը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով.

2) վարչական դատավարությունում հայցատեսակների դասակարգմամբ և յուրաքանչյուր հայցատեսակի համար հստակ պահանջի ձևակերպման անհրաժեշտությամբ.

3) վարչական դատարան ներկայացվող հիմնական և ածանցյալ պահանջների տարբերակման անհրաժեշտությամբ:

Առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու կապակցությամբ այլ իրավակարգավորումներ են սահմանվում գործող քաղաքացիադատավարական օրենսդրությամբ:

Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը կարող է գործը հանձնել այլ դատարանի քննության, եթե այն վարույթ է ընդունվել տարածքային ընդդատության կանոնների խախտմամբ, ընդ որում, «այլ դատարան» եզրույթի ներքո օրենսդիրն ի նկատի է ունեցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործեր քննող ընդհանուր իրավասության դատարաններին:

Նույն հոդվածի 3-րդ մասով դատարանին ընձեռվել է գործը սնանկության դատարանի քննությանը հանձնելու իրավասություն, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ սնանկության դատարանը ևս գործը քննում է քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգով:

Հետևաբար, գործի` առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում դատարանն իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով: Այսինքն` այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին: Ընդ որում, նշված հոդվածի հիմքով ենթակա են կարճման ոչ միայն այն գործերը, որոնցով վեճը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, այլև այն գործերը, որոնցով վեճն ընդհանրապես ենթակա չէ որևէ այլ դատարանի քննությանը: Ընդհանուր իրավասության դատարանին վերահասցեագրման իրավասություն չվերապահելը պայմանավորված է քաղաքացիական դատավարությունում առանցքային դեր ունեցող մրցակցության սկզբունքով:

Փաստորեն, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, որը տարբերակված մոտեցում է դրսևորել վեճը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին ընդդատյա չլինելու և վեճը որևէ դատարանին ենթակա չլինելու հարցում, տարբերակված կերպով կարգավորելով նաև դրանցից բխող դատավարական հետևանքները (մի դեպքում սահմանելով վերահասցեագրման, մյուս դեպքում` գործի վարույթի կարճման հնարավորություն)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է մեկ ընդհանուր դատավարական հետևանք` գործի վարույթի կարճում:

Քննարկելով վարչական և քաղաքացիական դատավարությունում առարկայական ընդդատության կանոնների խախտման հետևանքների տարբերությունը և վերահասցեագրման ինստիտուտի դերը դատական պաշտպանության իրավունքի իրացման հարցում` այդուհանդերձ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն խնդիրները, որոնք կարող են ծագել քաղաքացիական դատավարությունում այս ինստիտուտի ներդրմամբ`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով հայցադիմումին ներկայացվող պահանջները տարբերվում են, ուստի պահանջը վարչական դատարանին վերահասցեագրելու դեպքում գործը կմտնի փակուղի, քանի որ պարզ չեն հայցադիմումը թերություններով ներկայացված լինելու դեպքում վրա հասնող հետևանքները (օրինակ, եթե հայցադիմումին ի սկզբանե չեն կցվել վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ փաստաթղթեր, որը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով հայցադիմումին ներկայացվող պարտադիր պահանջ է).

2) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված են վարչական հայցի ներկայացման հստակ ժամկետներ, որոնք բացակայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ուստի պահանջը վարչական դատարանին վերահասցեագրելու դեպքում ծագում է վարչական հայցին ներկայացվող ժամկետների հաշվարկման խնդիր.

3) հայցի ապահովման կիրառման կառուցակարգերը տարբերվում են քաղաքացիական և վարչական դատավարություններում: Այսպես, վիճարկման հայց ներկայացված լինելու դեպքում հայցի ապահովում չի կիրառվում, սակայն վիճարկման հայցը վարույթ ընդունվելու դեպքում վարչական ակտի կատարումը, որպես կանոն, կասեցվում է.

4) ընդհանուր իրավասության դատարանին պարտադիր վերահասցեագրման լիազորությամբ օժտելը նրան կարող է անհարկի ծանրաբեռնել տարատեսակ անորոշ կամ հստակ ձևակերպված, բայց նրան ոչ ենթակա պահանջներով:

Ի հավելումն նշված խնդիրների` հարկ է արձանագրել, որ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարության ցանկացած փուլում ներկայացված պահանջը վերահասցեագրելու ինստիտուտի կիրառման դրական և բացասական կողմերը դեռևս լրիվ բացահայտված չեն, իսկ վերահասցեագրման դեպքերը փոքր թիվ են կազմում` կապված լինելով վեճի` հանրային և մասնավոր իրավահարաբերությունից բխելու հանգամանքի հետ, հարցը, որպես կանոն, լուծվել է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ:

Վերոշարադրյալի արդյունքում հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող լուծումները հաշվի չեն առնում վարչական և քաղաքացիական դատավարությունների առանձնահատկությունները, հայցատեսակների, հայց ներկայացնելու ժամկետների, հայցի ապահովման, հայցադիմումին ներկայացվող պահանջների առկա տարբերությունները և դրանցից բխող տարբեր հետևանքները, ինչպես նաև վերահասցեագրման ինստիտուտի կիրառման պրակտիկան: Առաջարկի կարգավորման պայմաններում վերոշարադրյալ խնդիրները մնում են չլուծված, ինչը կարող է անհարկի ծանրաբեռնել ընդհանուր իրավասության դատարանին` չհանդիսանալով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման երաշխիք: ՈՒստի, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1122-Լ
Որոշում