ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10837/05/21
դատարանի որոշում 2025 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/10837/05/21
Նախագահող դատավոր` Կ. Գևորգյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Գ. Սոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Հ. Բեդևյան
զեկուցող Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
2025 թվականի ապրիլի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Արզուման Ղազարյանի ընդդեմ Քաղաքապետարանի` այլևս իրավաբանական ուժ չունեցող 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արզուման Ղազարյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող Երևանի քաղաքապետի 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի Հ.12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 10.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2024 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Լաուրա Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն վարչական գործով ենթակա էր պարզման, թե տվյալ հանրային իրավահարաբերություններում հայցվորի ո՞ր իրավունքն է խախտվել, արդյո՞ք տվյալ դեպքում հայցվորն ուներ կամ կարող էր ունենալ օրինական ակնկալիք և արդարացված շահ, թե` ոչ:
Վերաքննիչ դատարանն ի պաշտոնե պատշաճ գնահատման չի արժանացրել գործի փաստերը, մասնավորապես` չի գնահատել այն փաստական հանգամանքը, որ վիճարկվող որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն, որ Մազմանյան փողոցի թիվ 12 շենքի հարևանությամբ` Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ իրականացվել են մետաղական կոնստրուկցիաներով և քարե շարվածքով շինության շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվել է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք: Ավելին, գործում առկա չէ որևէ ապացույց, որ նշված շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով:
Հայցվորը չի ապացուցել իր համար առաջացած վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը, քանի որ նշված շինությունը չի համապատասխանել օրենքի պահանջներին և ենթակա չի եղել օրինականացման, հետևաբար վերջինս որևէ իրավունք չի ունեցել նշված շինության նկատմամբ, ուստի հայցվորի մոտ չի ծագել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի շրջանակներում հայցադիմում ներկայացնելու իրավունք:
Վերոգրյալից հետևում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու պարագայում կհանգեին այն հետևության, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու որոշում համայնքի ղեկավարն ընդունում է իր սեփական նախաձեռնությամբ և օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինչ վերաբերվում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում վիճարկվող որոշմամբ արձանագրված փաստն առ այն, որ տեղի է ունենում շինարարություն, սակայն տարածքը շինարարական հրապարակով կահավորված չէ, և որ կառուցվող շինությունը որևէ կերպ սահմանազատված չէ, մայթը տարանջատված չէ ինքնակամ շինությունից, ապա Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել համարժեք միջոցներ նշված ապացույցները ձեռք բերելու ուղղությամբ:
Վերաքննիչ դատարանը գործը քննել է թերի, հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, բոլոր ապացույցները համակցությամբ չի գնահատել, չի ապահովել գործի քննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունը, գործով էական նշանակություն ունեցող հարցերն ի պաշտոնե քննության առարկա չի դարձրել և դրանք չի պարզել, որոնք էլ հանգեցրել են սխալ համոզմունք ձևավորելուն և գործի ելքի սխալ լուծման:
Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2024 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետին հասցեագրված 31.05.2021 թվականի դիմումով Արզուման Ղազարյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Աջափնյակ, Մազմանյան 12 շենքի հարևանությամբ գտնվող շինությունը (հողամասը) (գ. թ. 13):
2) Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերով որոշվել է.
1. չօրինականացնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական կոնստրուկցիաներով և քարե շարվածքով ինքնակամ շինությունը:
2. Հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական կոնստրուկցիաներով և քարե շարվածքով ինքնակամ շինությունն (կրպակը) ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (գ. թ. 53-56):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի` որպես վարչական դատարանում իրավական պաշտպանության մեխանիզմի նշանակությանը և այդ համատեքստում բացահայտել, թե որ դեպքերում է միջամտող վարչական ակտը համարվում այլևս իրավաբանական ուժ չունեցող:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես. Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա` հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային և հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության և լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը` ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:
Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.
- մատնանշել հայցադիմումում առկա ձևական սխալները,
- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,
- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,
- առաջարկել տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները,
- առաջարկել համալրել ոչ բավարար փաստական տվյալները,
- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
i
Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձևակերպելու իրավական հետևանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (տե՛ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):
i
Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը և դրա նպատակին` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած` վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք` անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս շեշտադրել է նաև, որ որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար իրավական հիմքեր առ այն, որ հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, ապա վարչական դատարանը պարտավոր է գործի քննության հենց այդ սկզբնական փուլում կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ իր դատավարական պարտականությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
i
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ճիշտ հայցատեսակի մատնանշմամբ հայցադիմումը վերադարձնում է միայն այն դեպքում, երբ հայցվորի պահանջը չի համապատասխանում օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը, երբ ներկայացված հայցապահանջը ձևակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ: Ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականությունը գործում է այն դեպքում, երբ հայցապահանջն իր բովանդակությամբ չի համապատասխանում այն հայցատեսակի առարկային, որի շրջանակներում առավել արդյունավետորեն կարող է իրացվել հայցվորի դատարան դիմելու իրավական նպատակը (տե՛ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր վեճի առանցքում շահագրգիռ անձի այն կոնկրետ սուբյեկտիվ իրավունքն է, որը վերականգնելու կամ որի խախտումը կանխարգելելու նպատակով հայց է հարուցվել դատարանում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 66-69-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակների ճիշտ ընտրությունը կարևոր նախապայման է իրավունքի առավել արդյունավետ վերականգնումն ապահովելու համար: Ընդ որում, ճիշտ հայցատեսակի ընտրության գործընթացում ակտիվ դերակատարություն է վերապահված ՀՀ վարչական դատարանին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականության կատարման միջոցով:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Նշված հայցատեսակի նյութական օբյեկտն իրավաբանական ուժ ունեցող վարչական ակտն է: Այս հայցատեսակի շրջանակներում դատական պաշտպանություն հայցելու դեպքում խախտված իրավունքի վերականգնումը տեղի է ունենում միջամտող վարչական ակտը վերացնելու միջոցով:
Միաժամանակ, նպատակ ունենալով վարչական արդարադատության ոլորտում երաշխավորել դատական պաշտպանության իրավունքի լիարժեք ու արդյունավետ իրացումը` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է ճանաչման հայցատեսակ` որպես դատավարական կառուցակարգ այն դեպքերի համար, երբ տվյալ միջամտող վարչական ակտն այլևս իրավաբանական ուժ չունի:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Նշված ճանաչման հայցի առարկայի շրջանակներում օրենսդիրը հնարավորություն է ընձեռում, ի թիվս այլնի, վիճարկել այն միջամտող վարչական ակտի իրավաչափությունը, որն այլևս իրավաբանական ուժ չունի: Ընդ որում, նման հայց ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հետապնդի Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խնդիրների լուծման նպատակ:
Նշված հայցատեսակով հետապնդվող` Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված իրավական նպատակների բովանդակությունից բխում է, որ այս հայցատեսակի շրջանակներում դատական պաշտպանություն հայցելու դեպքում խախտված իրավունքի վերականգնումը տեղի է ունենում.
- կամ նույնաբովանդակ խախտումը կանխելու միջոցով,
- կամ վնասի հատուցման պահանջի համար անհրաժեշտ նախադրյալ հանդիսացող` այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու փաստի ճանաչման միջոցով,
- կամ հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավ վերականգնելու միջոցով:
Օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի և 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առանձնահատկությունների համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս հայցատեսակների համար ընդհանրական են հետևյալ տարրերը.
- երկու հայցատեսակների դեպքում էլ հայցի նյութական օբյեկտը վարչական ակտն է. մի դեպքում իրավաբանական ուժ ունեցող, մյուս դեպքում` իրավաբանական ուժը կորցրած,
- երկու հայցատեսակների դեպքում էլ վարչական ակտի հասցեատերը դատական պաշտպանություն է հայցում ընդդեմ միջամտող վարչական ակտի,
- երկու հայցատեսակների դեպքում էլ վեճի բովանդակությունը կազմում է վարչական ակտի ենթադրյալ ոչ իրավաչափության վերաբերյալ ակտի հասցեատիրոջ և ակտն ընդունած վարչական մարմնի միջև տարաձայնությունը:
i
Տարբեր են միայն այդ հայցատեսակների շրջանակներում դատական պաշտպանության արդյունքում իրավունքի վերականգնման եղանակները` պայմանավորված վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու և չունենալու հանգամանքով: Եթե վիճարկման հայցի դեպքում իրավունքի վերականգնումը տեղի է ունենում միջամտող վարչական ակտը վերացնելու միջոցով, ապա ճանաչման հայցի դեպքում` Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված նպատակներն իրացնելու միջոցով (տե՛ս, «ՌԻՈ» ՓԲԸ-ի ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, երրորդ անձինք` «Տիտան Օիլ» ՍՊԸ, «Սիվաս» ՍՊԸ, թիվ ՎԴ/2102/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին ճանաչման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության ընթացքում դատարանը պարտավոր է պարզել հետևյալ հարցերը.
1) արդյո՞ք ներկայացված հայցի առարկան իսկապես այնպիսի վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելն է, որն այլևս չունի իրավաբանական ուժ,
i
2) արդյո՞ք առկա է հայցվորի` արդարացիորեն շահագրգռված լինելը հաստատող պայմաններից որևէ մեկը, որոնք թվարկված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում,
3) արդյո՞ք առկա է բողոքարկվող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք` ըստ դրա գործողության ժամանակ գործած օրենքների (տե՛ս, Գևորգ Հարությունյանը և Էլիդա Սարգսյանն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ թիվ ՎԴ/6572/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի նյութական օբյեկտ կարող են լինել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, այսինքն, նշված հայցատեսակն իր հերթին ունի երկու առանձին ենթատեսակներ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում օրենսդիրն ամրագրել է հայցի իրավունքի ծագման տարբեր իրավական նախադրյալներ, մասնավորապես` միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է, որ այն այլևս իրավաբանական ուժ չունենա, իսկ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի դեպքում` այն պետք է կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած լինի:
Ուստի, հաշվի առնելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով կատարված հստակ տարանջատումը` նշված մասով սահմանված ճանաչման հայցի նյութական օբյեկտների միջև (այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտ, կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողություն կամ անգործություն)` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարմամբ կամ որևէ այլ կերպ սպառված լինելու պայմանը վերաբերելի է միայն գործողությանը (անգործությանը) և որևէ դեպքում չի կարող կիրառելի համարվել միջամտող վարչական ակտերի պարագայում, քանի որ միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում քննության առարկա կարող է դառնալ բացառապես այն դեպքում, եթե վերջինս այլևս իրավաբանական ուժ չունենա, իսկ վարչական ակտի կատարված լինելու հանգամանքն ինքնին բավարար չէ այն` որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող որակելու համար:
Անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքերում միջամտող վարչական ակտը կարող է դիտարկվել որպես այլևս իրավաբանական ուժ չունեցող` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` նույն օրենքի իմաստով` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով:
Անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ նույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել:
Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչև տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական ակտը օրենքով նախատեսված դեպքերում կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որևէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման կամ իրադարձության վրա հասնելու հետ, որոնց կատարման ավարտի կամ վրա հասնելու պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ):
Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը:
Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից (...):
Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջամտող իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է նորից ընդունվի միևնույն բովանդակությամբ նոր վարչական ակտ, կամ եթե այդ ակտի ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով:
Օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:
Օրենքով հստակ կանոնակարգված են իրավաչափ և ոչ իրավաչափ վարչական ակտերի ուժը կորցնելու հետ կապված հարաբերությունները, մասնավորապես` օրենսդիրն առանձնացրել է գրավոր վարչական ակտերի գործողության դադարման (իրավաբանական ուժը կորցնելու) հետևյալ հիմքերը.
- վարչական ակտը փոխարինվել է մեկ այլ վարչական ակտով,
- վարչական ակտն Օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվավեր,
- վարչական ակտն Օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ուժը կորցրած (միջամտող իրավաչափ վարչական ակտը չի կարող ուժը կորցնել այն դեպքերում, երբ պետք է նորից ընդունվի միևնույն բովանդակությամբ նոր վարչական ակտ, կամ եթե այդ ակտի ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով):
- վարչական ակտի գործողությունը օրենքով նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է,
- որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ակտի գործողության ժամկետի ավարտման ուժով,
- եթե վարչական ակտի ուժի մեջ մնալը փոխկապակցվում է որոշակի պայմանի հետ, ապա դրա կատարման պահին ավարտվում է նաև վարչական ակտի գործողության մեջ գտնվելու ժամկետը:
Վճռաբեկ դատարանը նկատում է, որ ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել վարչական կամ դատական կարգով վիճարկման արդյունքում, իսկ առանձին դեպքերում նաև առանց վիճարկման` վարչական մարմնի նախաձեռնությամբ` Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված ինքնավերահսկողության կարգով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված հայցատեսակի նյութական օբյեկտ հանդիսացող միջամտող վարչական ակտի որակումը` «այլևս իրավաբանական ուժ չունեցող», վերաբերելի է այն վարչական ակտերին, որոնք վարչական կամ դատական կարգով անվավեր չեն ճանաչվել օրենքով նման լիազորություններով օժտված համապատասխան մարմինների կողմից, քանի որ արտադատական կամ դատական կարգով վարչական ակտն անվավեր ճանաչված լինելու պայմաններում այլևս դատարանի առջև չի կարող բարձրացվել այդ նույն վարչական ակտի իրավաչափության ստուգման հարց:
Այսպիսով, ևս մեկ անգամ ընդգծելով, որ վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքով է պայմանավորված վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակով օրենսդրի կողմից սահմանված կանոններին համապատասխան Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման կամ 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի ընտրությունը դատական պաշտպանության դիմելու համար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու «ex officio» սկզբունքի ուժով Դատարանը, պարզելով որ հայցի նյութական օբյեկտ հանդիսացող միջամտող վարչական ակտը գտնվում է գործողության մեջ և ունի իրավաբանական ուժ, ինչից ելնելով դրա իրավաչափությունը չի կարող գնահատվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում, պարտավոր է առաջարկել հայցվորին ճշտել ոչ ճիշտ հայցապահանջը և ներկայացնել Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Արզուման Ղազարյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետի այլևս իրավաբանական ուժ չունեցող «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ. 12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումը:
Դատարանի 10.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) նկատի ունենալով, որ վիճարկվող որոշումը կատարման հիմքով այլևս կորցրել է իր իրավաբանական ուժն ու նշանակությունը հայցվորի համար, սակայն ակտի ոչ իրավաչափ ճանաչելը կարող է հայցվորի համար առաջացնել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք, այն կարող է վիճարկվել ՎԴ օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցով:
(...) հայցվորն իրավունք է ունեցել Կարգի 34-րդ կետի հիմքով ձեռք բերել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը, սակայն վիճարկվող որոշմամբ այն քանդվել է` առանց հաստատելու Որոշման 2-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը: Նման պայմաններում վիճարկվող որոշումն ընդունվել է վկայակոչված դրույթների խախտմամբ, ուստի ոչ իրավաչափ է»:
Վերաքննիչ դատարանի 23.04.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ «(...) գործում առկա` Վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի նյութերով որևէ կերպ չի հաստատվում այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցի պահպանումը վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, որպիսի հանգամանքը հիմք ընդունելով` վարչական մարմինը Վիճարկվող որոշմամբ որոշել է չօրինականացնել ինքնակամ կառույցը և հանձնարարել է այն քանդել:
Ընդսմին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերով չի հաստատվում նաև այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում է հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի դիրքորոշման հետ, գտնում է, որ Վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ է»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ըստ գործի փաստերի` Երևանի քաղաքապետին հասցեագրված 31.05.2021 թվականի դիմումով Արզուման Ղազարյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Աջափնյակ, Մազմանյան 12 շենքի հարևանությամբ գտնվող շինությունը (հողամասը) (գ. թ. 13):
Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերով որոշվել է.
1. չօրինականացնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական կոնստրուկցիաներով և քարե շարվածքով ինքնակամ շինությունը:
2. Հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված մետաղական կոնստրուկցիաներով և քարե շարվածքով ինքնակամ շինությունն (կրպակը) ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (գ. թ. 53-56):
Դիմելով դատարան` Արզուման Ղազարյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող Երևանի քաղաքապետի 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի Հ.12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» որոշումը:
Դատարանը 10.03.2023 թվականի վճռով գտել է, որ «(...) նկատի ունենալով, որ վիճարկվող որոշումը կատարման հիմքով այլևս կորցրել է իր իրավաբանական ուժն ու նշանակությունը հայցվորի համար, սակայն ակտի ոչ իրավաչափ ճանաչելը կարող է հայցվորի համար առաջացնել վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք, այն կարող է վիճարկվել ՎԴ օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցով»:
Փաստորեն, սույն գործի քննությունն իրականացվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի շրջանակներում, այսինքն, ստորադաս դատարանները գտել են, որ Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումն այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտ է և կարող է դառնալ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի առարկա:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի հանդիսանում այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտ, քանի որ այն չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով, Օրենքով սահմանված կարգով չի ճանաչվել անվավեր կամ ուժը կորցրած, դրա գործողությունը օրենքով նախատեսված որևէ հիմքով չի դադարեցվել:
Ինչ վերաբերում է վարչական ակտի կատարված լինելու հանգամանքին, ապա այն չի կարող գնահատվել որպես վարչական ակտն ուժը կորցրած համարելու իրավաչափ հիմք, քանի որ կատարմամբ սպառված լինելու պայմանը որևէ դեպքում չի կարող կիրառելի համարվել միջամտող վարչական ակտերի դեպքում, քանի որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով կատարված հստակ տարանջատում է կատարված նույն մասով սահմանված ճանաչման հայցի նյութական օբյեկտների միջև, և կատարմամբ սպառված լինելու պայմանը վերաբերելի է բացառապես գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է որ վարչական ակտը այլևս իրավաբանական ուժ չունեցող կարող է դիտարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում, մինչդեռ, Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի հ.12 շենքի հարևանությամբ կառուցված ինքնակամ շինությունը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» 25.06.2021 թվականի թիվ 2147-Ա որոշումը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկի համաձայն, ուժը կորցրած լինելու վերաբերյալ ապացույց սույն գործի նյութերում առկա չէ: Նման պայմաններում հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը որպես ճանաչման հայց հարուցելու նախադրյալ` նախանշում է միջամտող վարչական ակտի` այլևս իրավաբանական ուժ չունենալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշյալ որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին ներկայացված հայցը չի համապատասխանում Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին և չէր կարող քննության առարկա դառնալ նշված հայցատեսակի շրջանակներում:
Տվյալ դեպքում Դատարանը չի բացահայտել, որ ներկայացվել է սխալ` ճանաչման հայցատեսակ ու ըստ դրա` գործը քննել է այդ սխալ հայցատեսակի շրջանակներում և խախտելով Օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջները` ձեռնպահ է մնացել հայցվորին իր կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակն (Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ճանաչման հայց) Օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակով (վիճարկման) փոփոխելու անհրաժեշտության մասին մատնանշում կատարելուց, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը` կապված հայցատեսակի ճիշտ ընտրության և դրա շրջանակներում գործի քննության անհրաժեշտության հետ, գտնում է, որ նման պայմաններում հնարավոր չէ քննարկման առարկա դարձնել գործի փաստերը, ինչպես նաև անդրադառնալ և գնահատել դրա հետ կապված ստորադաս դատարանների կողմից կատարված դատողություններն ու պատճառաբանությունները և համապատասխան եզրահանգումներ կատարել դրանց վերաբերյալ:
Ամբողջ վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան նոր քննության, որի շրջանակներում ՀՀ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան մատնանշման պարտականության կատարմամբ հայցվոր կողմին հնարավորություն կտրվի սույն վարչական գործով ներկայացված ճանաչման հայցը վարչադատավարական կանոններին համապատասխան փոխարինել վիճարկման հայցատեսակով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու նպատակով գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.04.2024 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան
Զեկուցող Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809965980