07.08.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 հունիսի 2023 թվականի N 336-Ն
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ ձևավորելու նպատակով ընդհանուր ժողովի գումարման և անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Գ. ՄԻՆԱՍՅԱՆ
Հավելված
Արդարադատության նախարարի
2023 թվականի հունիսի 26-ի
N 336-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող կառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ ձևավորելու նպատակով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի (այսուհետ նաև` Ընդհանուր ժողով) գումարման և անցկացման կարգը:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
2. Ընդհանուր ժողովը հրավիրվում և անցկացվում է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որակավորման ստուգման հիման վրա որակավորման վկայագրի տրամադրման և նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վերապատրաստման դասընթացի ավարտման արդյունքով հաշտարարների ռեեստրի համալրումից հետո` երեք ամսվա ընթացքում:
3. Ընդհանուր ժողովին մասնակցում են որակավորման ստուգման արդյունքում որակավորման վկայագիր ստացած, ինչպես նաև մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի ուժի մեջ մտնելը որակավորված և նշված օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան վերապատրաստում անցած և նոր որակավորման վկայագիր ստացած բոլոր հաշտարարները:
4. Ընդհանուր ժողովը հրավիրվում է սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված հաշտարարների (այսուհետ` հաշտարար) համատեղ հավաքի ձևով: Ծանուցման մեջ նշվում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 10 օր առաջ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ հաշտարարության առցանց հարթակի միջոցով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է ուղարկվում հաշտարարներին և այդ մասին հայտարարությունը տեղադրվում է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Ընդ որում` էլեկտրոնային կամ ֆիզիկական հասցեի փոփոխության պատճառով հաղորդագրության չստանալու ռիսկը կրում է հաշտարարը: Արտոնագրված հաշտարարների ռեեստրում հաշվառված փոստային հասցեին պատվիրված նամակի ուղարկումը կամ էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային նամակով ծանուցման ուղարկումը համարվում է պատշաճ ծանուցում նամակի ուղարկման հաջորդ օրվանից:
5. Ընդհանուր ժողովի օրակարգում ներառվում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործող մարմինների լիազորությունները դադարեցնելու և նոր կառավարման մարմիններ` ընդհանուր ժողով, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդ ձևավորելու վերաբերյալ հարցերը: Ընդհանուր ժողովի որոշմամբ օրակարգում կարող են ներառվել նաև կազմակերպության կառավարմանը և գործունեությանը վերաբերող այլ հարցեր: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրության հարցը համարվում է ներառված Ընդհանուր ժողովի օրակարգում:
(5-րդ կետը փոփ. 06.08.2024 թիվ 468-Ն հրաման)
6. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հաշտարարների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում հայտարարվում է նոր ընդհանուր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ընդհանուր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում: Չկայացած ընդհանուր ժողովի փոխարեն գումարվող նոր ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված հաշտարարների 30 տոկոսից ավելին:
7. Ընդհանուր ժողովը վարում է տարիքով ավագ հաշտարարը: Ընդհանուր ժողովի մեկնարկից հետո վիճակահանության միջոցով ընտրվում է Ընդհանուր ժողովի քարտուղարը:
8. Ընդհանուր ժողովի օրակարգում ներառված հարցերի ընդունումը, այդ թվում ընտրությունները իրականացվում են փակ գաղտնի քվեարկության միջոցով, որտեղ յուրաքանչյուր հաշտարար ունի մեկ ձայն: Հաշտարարները քվեարկությանը մասնակցում են բացառապես անձամբ: Քվեարկությունը կազմակերպվում է քվեաթերթիկները լրացնելու և հանձնելու միջոցով:
9. Քվեաթերթիկը պետք է պարունակի ժողովի որոշմանը առաջադրված բոլոր հարցերը և ընտրության տարբերակները: Հաշտարարը լրացնում է իր ընտրած տարբերակի տակ առկա վանդակում V լատինատառ տառի գրառմամբ: Ցանկացած այլ նշումով կամ մեկից ավել վանդակ նշելու կամ որևէ վանդակ չնշելու դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր:
10. Հեռակա կարգով ժողովի անցկացման դեպքում քվեարկության արդյունքները ամփոփվում են Ընդհանուր ժողովի անցկացման օրը: Ժողովի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի քվեարկության արդյունքները պարունակող ցուցակը ըստ քվեարկությանը մասնակցած անդամների, ինչպես նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկների մասին տեղեկատվություն: Անվավեր են համարվում բոլոր այն քվեաթերթիկները, որոնք ներկայացվել են քվեարկելու ձևի խախտմամբ:
11. Ընդհանուր ժողովի կողմից քվեարկությունները կազմակերպելու և քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելու նպատակով կազմավորվում է հաշվիչ հանձնաժողով: Հաշվիչ հանձնաժողովի կազմը բաղկացած է 3 անդամից, ովքեր հանդիսանում են հաշտարարներ և որոնք ընտրվում են ընտրվող մարմնի անդամի թեկնածու չհանդիսացող և նրանց հետ չփոխկապակցված անձանց թվից` վիճակահանության միջոցով ժողովի գումարումից անմիջապես հետո:
12. Հաշվիչ հանձնաժողովը, ձևավորվելուց հետո իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) վերահսկողություն է իրականացնում ընտրության տարածքում սույն հավելվածի պահանջների կատարման և կարգուկանոնի պահպանման նկատմամբ,
2) կազմակերպում և ամփոփում է քվեարկության արդյունքները,
3) ապահովում է ընտրությունների պատշաճ ընթացքը և իրականացնում է ձայների հաշվարկը,
4) կազմում է քվեարկության արդյունքների արձանագրություն,
5) իրականացում է ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված սույն հավելվածով, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
13. Յուրաքանչյուր հաշտարար կարող է առաջադրել ընտրվող մարմնի, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի թեկնածու կամ թեկնածուներ: Թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է Ընդհանուր ժողովի գումարման վերաբերյալ ծանուցման օրվանից և ավարտվում է ծանուցման մեջ նշանակված վերջնաժամկետի օրը` ժամը 23:59-ին, որը պետք է նշանակվի ոչ ուշ քան Ընդհանուր ժողովի անցկացման օրվանից երեք օր առաջ:
(13-րդ կետը փոփ. 06.08.2024 թիվ 468-Ն հրաման)
14. Ինքնաառաջադրման կամ թեկնածու առաջադրելու մասին դիմումը ներառում է`
1) թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,
2) թեկնածուի աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը) (մի քանի վայրեր և պաշտոնների դեպքում ներկայացվում են բոլորը),
3) թեկնածուի հաշտարարի վկայագրի համարը,
15. Առաջադրումից հետո նախարարությունը ուսումնասիրում է ներկայացված նյութերը և թեկնածուներ առաջադրելու վերջնաժամկետից հետո հաստատված թեկնածուների ցանկը և վերջիններիս առաջադրած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկում է հաշտարարներին:
16. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի անդամները ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից վարկանիշային կարգով: Ընդհանուր ժողովի այլ որոշումներն ընդունվում են Ընդհանուր ժողովին ներկա հաշտարարների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
(16-րդ կետը փոփ. 06.08.2024 թիվ 468-Ն հրաման)
17. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել` առավելագույնը այնքան թեկնածուի, որքան կազմում է խորհրդի` ընդհանուր ժողովի կողմից ընտրվող անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է կամ առավելագույնը մեկ թեկնածուի, եթե ընտրվելու է մեկ անդամ:
18. Ընտրված են համարվում համապատասխան մարմնի ընտրվող անդամների թվի չափով առավելագույն կողմ քվեարկված թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:
19. Սույն կարգի 9-րդ մասին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր, և հաշվի չեն առնվում քվեարկությունների արդյունքներն ամփոփելիս:
20. Ընդհանուր ժողովի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից հետո 5 օրվա ընթացքում` առնվազն 2 օրինակից: Արձանագրությունը ստորագրում են ժողովը վարողը և քարտուղարը:
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հունիսի 2023 թվական: