Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ...

08.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.07.2000  -ից մինչեւ   08.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

041.0362.190600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2000 թվականի N 362

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի կատարմանն ուղղված միջոցառումների մասին» N 289 որոշմանը համապատասխան`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 1-ի N 233 որոշման խմբագրությամբ) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը`

ա) 4-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. ՀՀ առողջապահության նախարարություն 73,5 3 - «:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 233 որոշման 1-ին կետը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 19-ի N 362

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

6. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

7. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) առողջապահական զարգացման քաղաքականության, ամենամյա պետական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը.

բ) համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումը և ֆինանսավորումը.

գ) հանրային առողջապահության, բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովումը.

դ) բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովումը.

ե) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական ապահովության իրականացումը.

զ) բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրության համակարգի ներդրումը.

է) առողջապահության ոլորտում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.

ը) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման և կյանքի տևողության ավելացման ծրագրերի մշակումն ու իրականացումը.

թ) առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի մշակումն ու դրանք սահմանված կարգով ներկայացնելը:

8. Նախարարության հիմնական գործառույթներն են`

ա) բժշկական օգնության որակի չափորոշիչների ու չափանիշների մշակումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

բ) արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության ապահովումը.

գ) մարզային առողջապահական կազմակերպությունների գործունեությունն ապահովող նորմատիվ փաստաթղթերի մշակումը և հաստատումը.

դ) նախարարության կազմակերպամեթոդական աշխատանքներն ապահովող նորմատիվ փաստաթղթերի մշակումը և այդ աշխատանքների իրականացումը.

ե) համակարգի վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումը և վերլուծությունը.

զ) նախարարության համակարգի ընկերությունների և հիմնարկների` սահմանված կարգով ֆինանսավորումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.

է) ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, գիտական նվաճումների ներդրումը, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

ը) սանիտարական նորմերի ու կանոնների մշակումը, իրականացումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

թ) հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների մշակումն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ժ) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գործոնների հիգիենիկ հետազոտությունների կազմակերպումը.

ժա) վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

ժբ) բնակչության բժշկահիգիենիկ կրթության կազմակերպումը.

ժգ) մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի ու միջոցառումների մշակումը և իրականացումը.

ժդ) բժշկական օգնության և ծառայությունների տեսակների ցանկի մշակումը, բուժօգնության որակի նկատմամբ վերահսկողությունը.

ժե) բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող բուժաշխատողների և կազմակերպությունների մասնագիտական լիցենզավորումը.

ժզ) բժշկական կադրերի պատրաստման, մասնագիտացման և շարունակական կրթման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

ժէ) անվճար բուժօգնության շրջանակներում դեղերի կենտրոնացված գնումների կազմակերպումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

ժը) հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղորայքի տեսակների ու որակի նկատմամբ պետական վերահսկողության և դեղերի պետական գրանցման կազմակերպումը.

ժթ) առողջապահության բնագավառում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.

ի) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

իա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

9. Նախարարության համակարգը ներառում է նախարարության ենթակայության հիմնարկները և կազմակերպությունները:

10. Նախարարությունը`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում` չխախտելով համակարգի հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը.

բ) մյուս պետական մարմինների հետ միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն.

գ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ, համագործակցում պետական կառավարման տարածքային մարմինների հետ.

դ) սահմանված կարգով մասնակցում է իր իրավասությանը պատկանող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) կազմակերպում է քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումներ, բողոքներ) ժամանակին քննարկումը, հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարի տեղակալներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր սանիտարական բժշկին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:

12. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարության, իսկ հատուկ լիազորությունների առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.

զ) տալիս է լիազորագրեր, կնքում քաղաքացիական-իրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատողների, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը և կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.

ը) սահմանված կարգով խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում ոլորտի աշխատողների նկատմամբ.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և դադարեցնում է համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը.

ժա) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժբ) իրականացնում է իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները` Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված բաժնետոմսերի մասով, կամ այդ իրավասությունների իրականացումը լիազորում է նախարարության պաշտոնատար անձանց.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Նախարարությունը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետը` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցերին առնչվող այլ անձինք:

15. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննության են առնվում ոլորտի զարգացման հարցերը, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, նախարարի հրամանների, հրահանգների նախագծերը, համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման հարցերը, նախարարության վարչությունների և բաժինների, համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները և նախարարության լիազորությունների հետ կապված այլ հարցեր:

16. Կոլեգիայի նիստերին նրա անդամների ներկայությունը պարտադիր է: Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին: Կոլեգիայի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում նախարարի հրամաններով:

17. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Կոլեգիայի անդամը (անդամները) ծագած տարաձայնությունների մասին կարող է (են) իր (իրենց) կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

18. Նախարարին կից ստեղծվում են գիտնականներից և մասնագետներից կազմված` առողջապահության հարցերով զբաղվող հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհուրդ և այլ խորհուրդներ:

19. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման, նրանց վերապատրաստման աշխատանքները, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

հունիսի 19-ի N 362

որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարության կենտրոնական ապարատի

 

Բժշկական օգնության կազմակերպման վարչություն

Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության վարչություն

Առողջապահության էկոնոմիկայի վարչություն

Կրթության և կադրերի վարչություն

Միջազգային կապերի վարչություն

Հատուկ ծրագրերի և արտակարգ իրավիճակների վարչություն

Առողջապահության քաղաքականության վարչություն

Դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչություն

Հաշվապահական հաշվառման վարչություն

Վերահսկողության տեսչություն

Գործերի կառավարչություն

Առաջին բաժին
Նախարարի աշխատակազմ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.06.2000
N 362
Որոշում