Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

 

 

112.0005.301110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        11            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11210449

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

5 նոյեմբերի 2010 թվականի թիվ 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.8-րդ հոդվածի 31-րդ մասի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու կարգը սահմանելու մասին» թիվ 4-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ոստիկանության պետի

2010 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 5-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնելու կարգը և պայմանները:

2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն է համարվում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված` օրենքով սահմանված կարգով չզբաղեցված պաշտոնը:

4. Մրցույթ չի անցկացվում քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

5. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 60.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պաշտոնների խմբերում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները, ինչպես նաև Օրենքի 60.5-րդ հոդվածի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

6. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու և Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարելու դեպքերում ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է մրցութային Հանձնաժողովին (այսուհետ` Հանձնաժողով):

7. Սույն կարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանման ղեկավարն է:

8. Մրցույթն անցկացնում է Հանձնաժողովը:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) հրապարակում է Հանձնաժողովը: Հայտարարությունը հրապարակվում է նաև Ինտերնետում` ոստիկանության պաշտոնական կայքում:

10. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների և ներկայացվող պահանջների համառոտ նկարագիրը.

2) քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

3) օրենքով տվյալ պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը.

4) մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

5) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ մրցույթի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն 15 օր հետո և մրցույթն սկսվելու` սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված ժամկետից առնվազն յոթ օր առաջ.

6) մրցույթն սկսվելու օրը, ժամը և վայրը.

7) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

11. Մրցույթ հայտարարելուց հետո սույն կարգի 10-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է Հանձնաժողովի կամ ոստիկանության պետի կողմից փոփոխվել` այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

12. Մրցույթին մասնակցելու համար սույն կարգի 5-րդ կետում նշված քաղաքացիները (այսուհետ` դիմորդ) մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ոստիկանության համապատասխան ստորաբաժանում են ներկայացնում`

1) գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմորդը).

2) քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) տեղեկանք այն մասին, որ իր մոտ առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի «Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 950-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը.

4) հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.

5) հայտարարություն` տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին.

6) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

7) հայտարարություն այն մասին, ինքը չի դատապարտվել հանցագործության համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է.

8) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ.

9) 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի.

10) անձնագրի պատճենը:

(12-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 9-Ն հրաման)

13. Մրցույթին մասնակցելու համար դիմորդը սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

14. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան ստորաբաժանումը դիմորդի ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո դիմորդից այլ փաստաթղթեր չեն ընդունվում:

15. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

16. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո մրցույթին մասնակցելու համար դիմորդների դատվածության մասին տեղեկանք (տեղեկանքներ) ստանալու նպատակով հարցմամբ դիմում է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որը հարցումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում պահանջվող տեղեկանքը (տեղեկանքները):

17. Մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ կազմելու, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով, նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումում վարվում է մրցույթների մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Հանձնաժողովի կողմից կնքված մատյան, որտեղ նշվում են դիմորդի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի համարը և սերիան, բնակության վայրը (հասցեն), նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի քանակը:

18. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերը մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման կողմից ընդունելու օրը:

19. Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները մատյանում գրառելուն զուգահեռ մուտքագրվում են նաև համակարգիչ:

20. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ գրավոր հրաժարվել մրցույթին մասնակցելուց և մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումից հետ վերցնել իր ներկայացրած փաստաթղթերը, ինչի մասին մատյանում կատարվում է համապատասխան նշում:

21. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Հանձնաժողովի նախագահին:

22. Սույն կարգի 21-րդ կետում նախատեսված դեպքում Հանձնաժողովի կողմից ընդունվում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին և այդ մասին զեկուցվում է ոստիկանության պետին:

23. Օրենքի 60.8-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված բնագավառներին վերաբերող հարցերը (խնդիրները) և դրանց ճիշտ պատասխանները կազմում են ոստիկանության ուսումնական հաստատությունները, իսկ 3-րդ կետում նշված բնագավառներին վերաբերող հարցերը (խնդիրները)` ոստիկանության կառուցվածքային այն ստորաբաժանման ղեկավարը, որում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթը: Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում պետք կազմվի նվազագույնը 200 հարց (խնդիր), գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` նվազագույնը 160 հարց (խնդիր), առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` նվազագույնը 120 հարց (խնդիր):

24. Մրցույթի հարցազրույցի փուլի հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է ոստիկանության կառուցվածքային այն ստորաբաժանման ղեկավարը, որում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթը:

25. Մրցույթի թեստավորման փուլի և հարցազրույցի փուլի հարցերը (խնդիրները) ճիշտ պատասխանների հետ ուղարկվում են մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանում, որն էլ ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ հրապարակում է թեստավորման փուլի հարցաշարը:

26. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր դիմորդի (բացառությամբ սույն կարգի 20-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված), այդ փաստաթղթերի համապատասխանելիության և ամբողջականության մասին տեղեկանքը, թեստավորման փուլի և հարցազրույցի փուլի հարցերը (խնդիրները) ճիշտ պատասխանների հետ մրցույթից առնվազն երեք օր առաջ ներկայացնում է Հանձնաժողով:

27. Հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումից ստանում է նաև Հանձնաժողովի կնիքը, տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը և դիմորդների թվին համապատասխան քանակով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից):

28. Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ:

29. Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է վերևի ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ կողմում:

30. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում մրցույթին ներկայացած դիմորդների փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին:

31. Հանձնաժողովը դիմորդին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե վերջինս չի բավարարում Օրենքի 60.5-րդ հոդվածով և 60.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև դիմորդին:

(31-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 9-Ն հրաման)

32. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:

33. Եթե Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած դիմորդներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին, և այդ մասին զեկուցվում է ոստիկանության պետին:

34. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

35. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է տվյալ մրցույթի թեստավորումն անցկացնելու համար հարցեր (խնդիրներ) և կազմում թեստեր` հետևյալ չափաբաժիններով`

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 50 թեստ, որոնցից`

ա. 5-ը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

բ. 10-ը` ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն,

գ. 15-ը` ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն,

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 05.05.15 թիվ 9-Ն հրաման)

ե. 25-ը` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր).

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 40 թեստ, որոնցից`

ա. 4-ը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

բ. 8-ը` ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն,

գ. 13-ը` ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն,

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 05.05.15 թիվ 9-Ն հրաման)

ե. 15-ը` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր),

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում` 30 թեստ, որոնցից`

ա. 3-ը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

բ. 6-ը` ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն,

գ. 11-ը` ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն,

դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 05.05.15 թիվ 9-Ն հրաման)

ե. 10-ը` ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր):

(35-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 9-Ն հրաման)

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

36. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումն հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:

37. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով:

38. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

39. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

40. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորումն սկսվելուց առաջ մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում մասնակիցների բոլոր հարցերին, որպեսզի հավաստիանա, որ բոլոր մասնակիցները հասկացել են առաջադրանքի էությունը:

41. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն կարգի 28-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և, անջատելով այն հիմնական մասից, գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

42. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելը արգելվում է, հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

43. Գրավոր թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է: Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:

44. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

45. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ գցելուց հետո, թեստավորման առաջադրանքներն ստանում են համակարգչի միջոցով` մոնիտորի վրա: Մոնիտորի վրա ստացվող առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

46. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

47. Թեստավորումը համակարգչով անցկացնելու դեպքում մասնակիցը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

48. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

49. Սույն կարգի 48-րդ կետում նշված պահանջները խախտելու մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն, տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

50. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման հիմք չէ հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

51. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է, հակառակ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ պատասխան:

52. Աշխատանքն ավարտելուց կամ թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին: Մասնակիցը, աշխատանքը հանձնելիս, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանուն, անուն, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

53. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ, մասնակիցն աշխատանքն ավարտելուց կամ թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, Հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի երկու օրինակների հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով: Մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ և, Հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանուն, անուն, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

54. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է`

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 60 րոպե,

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 50 րոպե,

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի դեպքում` 40 րոպե:

55. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

56. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

57. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

58. Համակարգչով գրավոր աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը տեսաներածիչի (սկաների) միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր մասնակցի պատասխանների ամփոփաթերթի տվյալները: Համակարգչային ծրագիրը կատարում է տվյալ ամփոփաթերթի պատասխանների վերլուծությունը և մոնիտորի վրա դուրս է բերում արդյունքը` արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում Հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

59. Սույն կարգի 58-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքներն ստուգվում են սույն կարգի 35-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս բերված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

60. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները: Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը նշվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

61. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 51-րդ կետով նախատեսված դեպքը:

62. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:

63. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն անմիջապես արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

64. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ, սույն կարգի 63-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, ստանում իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած մասնակիցների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

65. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

66. Մասնակիցը երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

67. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են հարցազրույցի փուլին մասնակցելուց կամ դադարեցվել է տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ մասին զեկուցվում է ոստիկանության պետին:

68. Թեստավորման առաջադրանքները բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո փաթեթավորվում և կնքվում են Հանձնաժողովի կողմից` արխիվացման նպատակով:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

69. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց:

70. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

71. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

72. Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է թվով 5 հարց և կազմում հարցատոմս:

73. Հարցերը կազմվում են քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի իրավասությունը սահմանող իրավական ակտերից:

74. Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:

75. Մասնակիցը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:

76. Սույն կարգի 73-րդ կետում նշված հարցերը քաղաքացիական հատուկ ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար չպետք է գերազանցեն 50 հարցը:

77. Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են համակարգչում:

78. Սույն կարգի 73-րդ կետով նախատեսված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում: Մասնակցի ցանկությամբ մրցութային Հանձնաժողովը տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում են սույն կարգի 73-րդ կետով նախատեսված հարցերը:

79. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից (բացառությամբ Հանձնաժողովի կողմից տրամադրվող սույն կարգով նախատեսված միջոցների), հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

80. Սույն կարգի 79-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն, և տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է:

81. Հարցազրույցի ընթացքում մասնակցի կողմից հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում (ճիշտ կամ սխալ) են Հանձնաժողովի անդամների կողմից: Սխալ պատասխանի դեպքում Հանձնաժողովի անդամը հնչեցնում է ճիշտ պատասխանը:

82. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով դուրս բերված դրա ճիշտ պատասխանները:

83. Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի յուրաքանչյուր (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

84. Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

85. Հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար Հանձնաժողովն անցկացնում է քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթերի միջոցով: Քվեաթերթի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ: Քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացվում է որոշում:

86. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր:

87. Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

88. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

89. Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի «կողմ» ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

90. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի «կողմ» ձայները, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

91. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը: Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի նախագահի կողմից:

92. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են.

1) ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման անվանումը և քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանուն, անուն, հայրանունը:

93. Սույն կարգի 67-րդ և 90-րդ կետերով նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

94. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

95. Գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 94-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև ոստիկանության պետի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 7-Ն հրամանով սահմանված հավելվածի 18-րդ կետով նախատեսված որոշումը (որոշումները)` դա ստանալուց անմիջապես հետո:

96. Հանձնաժողովի եզրակացության մեջ պետք է նշվեն`

1) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանուն, անուն, հայրանունը` ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

97. Եզրակացությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

98. Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

99. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված Հանձնաժողովի կնիքը և թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանմանը հանձնելուց հետո:

100. Հանձնաժողովը, հանձնման ակտով, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման ղեկավարին է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`

1) Հանձնաժողովի կնիքի և դիմորդների թվին համապատասխան քանակով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) Հանձնաժողովն իրավազոր չլինելու մասին արձանագրությունը (այդպիսիք լինելու դեպքում).

4) մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու և (կամ) չթույլատրելու մասին որոշումը.

5) մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը.

6) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

7) Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

8) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

9) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

10) հարցազրույցն անցկացնելու օրվա մասին որոշումը.

11) Հանձնաժողովի անդամի հարցազրույցի փուլից բացակայելու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

12) մասնակցի հարցազրույցին մասնակցելուց հրաժարվելու կամ չներկայանալու մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

13) մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները և ձայնագրությունները.

14) քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

15) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը.

16) մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

17) մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը.

18) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը.

19) մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը.

20) թեստավորման առաջադրանքների տետրերը.

21) թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

22) քվեաթերթերը.

23) մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը.

24) այլ փաստաթղթեր:

101. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը սույն կարգի 100-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

102. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:

103. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 94-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և ոստիկանության պետի` սույն կարգի 95-րդ կետով նախատեսված որոշումը (որոշումները) տալու օրը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում են`

1) դիմում.

2) լրացված անձնական թերթիկ.

3) ինքնակենսագրություն.

4) իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող այլ փաստաթղթեր:

104. Սույն կարգի 103-րդ նշված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր անհիմն պահանջելն արգելվում է:

105. Գրավոր բողոքի բացակայության դեպքում սույն կարգի 94-րդ կետով նախատեսված եզրակացությունը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում եզրակացությունը և ոստիկանության պետի` սույն կարգի 95-րդ կետով նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնում:

106. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակումը ձևակերպվում է համապատասխան հրամանի միջոցով, որը պետք է բովանդակի`

1) ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ նշանակվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված համապատասխան անձը.

2) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անվանումը, որում կատարվում է նշանակումը.

3) մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված համապատասխան անձի կողմից իր պարտականությունների կատարումն սկսելու ժամանակի նշումը.

4) առաջին անգամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը.

5) մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված համապատասխան անձի պաշտոնային դրույքաչափը:

107. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու մասին հրամանը կարող է անվավեր ճանաչվել, եթե`

1) ստորագրվել է ոչ իրավասու պաշտոնատար անձի կողմից.

2) ընդունվել է օրենքի կամ սույն կարգի պահանջների խախտմամբ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվել դատական կարգով:

 

IX. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

108. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:

109. Հասարակական միավորումների ներկայացուցիչները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
05.11.2010
N 5-Ն
Հրաման