Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏ ...

 

 

102.0386.171114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10214517

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 նոյեմբերի 2014 թվականի N 386-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը և ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - հրամանի նախաբանում  հղումը պետք է կատարվի ոչ թե 2001 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1015 որոշման 4-րդ ենթակետին, այլ

4-րդ կետին

-------------------------------------------------------------------

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2014 թվականի նոյեմբերի 10-ի

թիվ 386-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստան Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը (այսուհետ` Հիմնարկ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Պետական մարմին) համակարգի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող քրեակատարողական ծառայությանը (այսուհետ` Ծառայություն) վերապահած լիազորությունների լիարժեք իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին դրա մասնակցությունը:

2. Հիմնարկը ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Հիմնադիր) որոշմամբ:

3. Հիմնարկի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները, կառուցվածքը և հաստիքային ցուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` Պետական մարմնի ղեկավար):

4. Իր գործունեության ընթացքում Հիմնարկը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Հիմնարկն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Հիմնարկի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ.

կրճատ` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ.

ռուսերեն լրիվ` ՈՒգօլօվնօ-իսպօլնիտելնօյե ուչրեժդենիե «Արմավիռ» Մինիստեռստվա յուստիցիի Ռեսպուբլիկի Առմենիյա.

կրճատ` ՈՒգօլօվնօ-իսպօլնիտելնօյե ուչրեժդենիե «Արմավիռ»

անգլերեն լրիվ` Criminal-executive institution «Armavir» of the Ministry of justice of the Republic of Armenia.

կրճատ` Criminal-executive institution «Armavir»:

7. Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Չոբանքարա հողամաս:

8. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ այլ կնիքներ, դրոշմակնիքներ, դրոշմակներ, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ: Անհատականացման այլ միջոցների ձևերը հաստատվում են Պետական մարմնի ղեկավարի կողմից:

i

9. Հիմնարկի հիմնական գործառույթն ազատազրկման ձևով պատժի կատարումը կամ կալանքի տակ պահելն է:

(9-րդ կետը փոփ. 16.02.16 թիվ 61-Ն հրաման)

10. Հիմնարկի պարտավորությունների կատարման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ

 

1. Հիմնարկի գույքը ձևավորվում է Հիմնադրի կողմից հիմնարկին ամրացված գույքից, որը հաշվառվում է հիմնարկի հաշվեկշռում:

2. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով:

4. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

1. Հիմնարկի հիմնական խնդիրներն են.

1) քրեական պատիժների կատարման կապակցությամբ դատարանների օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և որոշումները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարելը, կալանավորված անձանց կալանքի տակ պահելը, ինչպես նաև` դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումներին աջակցելը.

2) Հիմնարկում օրինականության, այնտեղ պահվող անձանց, իչնպես նաև դրա տարածքում գտնվող անձնակազմի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելը.

3) դատապարտյալների և կալանավորված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնումն ապահովելը.

4) իրավապահ մարմիններին հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներում աջակցելը.

5) դատապարտյալների և կալանավորված անձանց կյանքի և առողջության պահպանման, անձնական և մշակութային զարգացման պայմանները և նրանց զբաղվածությունն ապահովելը:

2. Հիմնարկն իր հիմնական գործառույթներն իրականացնելիս.

1) մշակում է օրենսդրական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերի նախագծեր.

2) առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին (այսուհետ` Վարչության պետ) օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրային կամ այլ կապեր հաստատելու վերաբերյալ.

3) ուսումնասիրում է իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացը և միջոցներ ձեռնարկում բացահայտված թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ.

4) իրականացնում է իր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարումը և պայմաններ է ստեղծում դրանց գործունեության արդյունավետության բարձրացման համար.

5) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների, ինչպես նաև կենցաղային և բժշկական պահանջմունքների ապահովման ուղղությամբ.

6) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների և կալանավորված անձանց` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման և նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ուղղությամբ.

7) մշտական հսկողություն է իրականացնում Հիմնարկում տիրող իրավիճակի նկատմամբ, բացասական հետևանքներ առաջացնող և իրավիճակը վատթարացնող արտակարգ պատահարների դեպքերում ձեռնարկում է անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ, ինչպես նաև մշակում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով.

8) դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով իրականացնում է հոգեբանական, սոցիալական, մանկավարժական և այլ ծրագրեր` դրանում ներգրավելով հասարակական և այլ կազմակերպությունների, միավորումների, ինչպես նաև քաղաքացիների.

9) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով ապահովում է համաներման և ներման ակտերի կատարումը.

10) կազմակերպում է դատապարտյալներին և կալանավորված անձանց սննդամթերքով և հանդերձանքով ապահովելը.

11) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների հետ, վարում է բանակցություններ և կնքում պայմանագրեր.

12) ապահովում է ֆինանսական, նյութատեխնիկական միջոցների արդյունավետ բաշխումը, օրենսդրությամբ սահմանված կարգով հսկողություն է իրականացնում դրանց օգտագործման նկատմամբ.

13) օրենքով սահմանված կարգով անց է կացնում ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների ստուգումներ.

14) ընդհանրացնում և վերլուծության է ենթարկում քրեական պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորված անձանց վերաբերյալ վիճակագրական և տեղեկատվական բնույթի տվյալները.

15) ապահովում է աշխատանքի անվտանգության և հիգիենիկ, հակահամաճարակային կանոնների պահպանությունը հիմնարկում.

16) կազմակերպում է Հիմնարկի մոբիլիզացիոն պատրաստվածության ապահովումը, հսկողություն է իրականացնում ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործելու պատրաստության աստիճանի բարձրացման նկատմամբ.

17) ապահովում է հակահրդեհային կանոնների պահպանությունը Հիմնարկի շենքերում և շինություններում.

18) օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավասության սահմաններում քննության է առնում քրեակատարողական հիմնարկում մարդու իրավունքների և ազատությունների խախտումների մասին քաղաքացիների, դատապարտյալների և կալանավորված անձանց դիմումներն ու բողոքները.

19) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի վերանորոգման աշխատանքների ծրագրերի, նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակման և դրանց օգտագործման ընթացքի վերաբերյալ.

20) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հաշվապահական հաշվառում, կազմում է հաշվետվություններ և դրանք ներկայացնում է Վարչության պետին և իրավասու մարմիններին, վերահսկողություն է իրականացնում կատարվող ֆինանսական և տնտեսական գործարքների օրինականության ու նպատակահարմարության, պետական միջոցների խնայողաբար ու արդյունավետ օգտագործման նկատմամբ.

21) վարում է ինքնուրույն գործավարություն` Պետական մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով.

22) հսկողություն է իրականացնում անձնակազմի կողմից համազգեստ կրելու կանոնները պահպանելու նկատմամբ.

23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված և ծառայության իրավասությանն առնչվող այլ գործառույթներ:

(III գլուխը փոփ. 16.02.16 թիվ 61-Ն հրաման)

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Հիմնարկի գործունեության ղեկավարումն իրականացնում են քրեակատարողական Վարչության պետը և Հիմնարկի պետը:

2. Վարչության պետը`

1) իրականացնում է Հիմնարկի ընդհանուր ղեկավարումը.

2) լսում է Հիմնարկի գործունեության մասին հաշվետվություններ, դրանք ներկայացնում Պետական մարմնի ղեկավարի հաստատմանը.

3) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում Հիմնարկին ամրացված կամ Հիմնարկի օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

4) Օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնարկի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` Հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում Պետական մարմնի ղեկավարին.

5) Օրենքով սահմանված իր իրավասության սահմաններում Հիմնարկի քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական հատուկ ծառայողներին և վարձու աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

3. Հիմնարկի պետը`

1) Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով օգտագործում, տիրապետում և տնօրինում է Հիմնարկին ամրացված պետական գույքը, վերահսկողություն է իրականացնում Հիմնարկին ամրացված կամ Հիմնարկի օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

2) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

3) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկում աշխատանքի ընդունելու, ինչպես նաև Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների պաշտոնական առաջխաղացման վերաբերյալ.

4) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների աշխատանքային կարգապահության, ինչպես նաև նրանց կողմից աշխատանքային պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

6) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին Հիմնարկի քրեակատարողական ծառայողներին և քաղաքացիական հատուկ ծառայողներին կոչում կամ դասային աստիճան շնորհելու վերաբերյալ.

7) ներկայացնում է Հիմնարկի շահերը պետական, միջազգային կազմակերպություններում և օտարերկրյա պետություններում.

8) Օրենսդրությամբ սահմանված իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, քննության է առնում դիմումներ, բողոքներ և դրանցով ներկայացնում համապատասխան որոշումներ.

9) Հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով անց է կացնում օպերատիվ խորհրդակցություններ, որտեղ քննարկվում են քրեակատարողական ծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների հաշվետվությունները, ինչպես նաև նրանց միջև փորձի փոխանակման, աշխատանքային ծրագրերի կատարման ընթացքի և հիմնարկի խնդիրներից բխող այլ հարցեր.

10) տալիս է Հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

11) Օրենքով սահմանված կարգով աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում է քրեակատարողական Հիմնարկի կրտսեր խմբի պաշտոնների ծառայողներին և վարձու աշխատողներին.

12) արձակում է համապատասխան հրամաններ Հիմնարկի քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական հատուկ ծառայողներին և վարձու աշխատողներին օրենքով սահմանված արձակուրդ տրամադրելու մասին.

13) Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, ինչպես նաև ընդունում որոշումներ.

14) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

15) Հիմնարկի պետը Օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ղեկավարում է Հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Հիմնադրի որոշումների, Պետական մարմնի ղեկավարի և Վարչության պետի հրամանների ու ցուցումների, ինչպես նաև Հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

16) Հիմնարկի պետը Օրենքով սահմանված կարգով լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

4. Հիմնարկի պետի բացակայության դեպքում նրան փոխարինող անձին նշանակում է Պետական մարմնի ղեկավարը:

5. Հիմնարկի գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է աշխատանքային ծրագրերի հիման վրա:

6. Հիմնարկի աշխատանքային ծրագրերը հաստատում է Վարչության պետը:

 

IV.1 ՀԻՄՆԱՐԿԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

i

1. Հիմնարկի տեղամասի (այսուհետ` Տեղամաս) ղեկավարումն իրականացնում է տեղամասի պետը:

2. Հիմնարկի տեղամասի պետը գործում է Հիմնարկի պետի անմիջական ենթակայությամբ:

3. Հիմնարկի տեղամասի պետն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է` համագործակցելով Հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների հետ:

4. Հիմնարկի տեղամասի պետը`

1) համակարգում է Տեղամասում տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, միջոցներ է իրականացնում դրանց կատարելագործման ուղղությամբ.

2) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրականացնում է ուսումնասիրություններ և, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին` Տեղամասի գործունեությանն առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու վերաբերյալ.

4) կազմում է Տեղամասի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Հիմնարկի պետին.

5) հետևում է Տեղամասում աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և Հիմնարկի պետին ներկայացնելով առաջարկություններ.

6) Հիմնարկի պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.

7) հսկողություն է իրականացնում Տեղամասում կալանավորված անձանց և դատապարտյալների օրվա կարգացուցակի պահպանման նկատմամբ.

8) Հիմնարկի համապատասխան ստորաբաժանումների միջոցով ապահովում է Տեղամասի շենք-շինությունների և տարածքի սանիտարահիգիենիկ մաքրությունը և ենթակառուցվածքների անխափան աշխատանքը.

9) համակարգում է Տեղամասում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անձնական հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին.

10) Տեղամասում պատիժ կրող դատապարտյալների վերաբերյալ բնութագրեր կազմելիս գրավոր կարծիք է ներկայացնում համապատասխան ստորաբաժանմանը.

11) Հիմնարկի պետին առաջարկություն է ներկայացնում Տեղամասում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.

12) անհրաժեշտության դեպքում Տեղամասում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխման վերաբերյալ գրավոր առաջարկություն է (դիրքորոշում) ներկայացնում Հիմնարկի պետին`

13) անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում Հիմնարկի պետին Տեղամասում խուզարկություններ և տեխնիկական ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, Հիմնարկի պետի հանձնարարությամբ մասնակցում է խուզարկություններին և տեխնիկական ստուգումներին.

14) հսկողություն է իրականացնում Տեղամասում իրականացվող մշակութային, մարզական, կրթական և այլ միջոցառումների իրականացման նկատմամբ, Հիմնարկի պետին ներկայացնում է առաջարկություններ` այդպիսիք կազմակերպելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ.

15) Հիմնարկի պետին ներկայացնում է առաջարկություն` տեղամասում պատիժ կրող դատապարտյալներին սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու, տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավելու, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու վերաբերյալ, Հիմնարկի պետի հանձնարարությամբ, կամ Հիմնարկի այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ համագործակցության շրջանակներում կարծիք է ներկայացնում Տեղամասում պատիժ կրող դատապարտյալներին սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու, տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավելու, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու նպատակահարմարության վերաբերյալ:

5. Տեղամասի պետը հաշվետու է Հիմնարկի պետին: Տեղամասի պետը պատասխանատվություն է կրում իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(IV.1 գլուխը լրաց. 16.02.16 թիվ 61-Ն հրաման)

 

V. ՀԻՄՆԱՐԿԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

1. Հիմնարկի քրեակատարողական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների և վարձու աշխատողների գործառնական պարտականությունները և իրավունքների շրջանակները սահմանվում են Պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված ծառայողական կանոնակարգերով:

2. Իրենց պարտականությունները կատարելիս քրեակատարողական ծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները և վարձու աշխատողները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, Պետական մարմնի ղեկավարի և Վարչության պետի հրամաններով և ցուցումներով, Պետական մարմնի կոլեգիայի որոշումներով, սույն կանոնադրությամբ և աշխատանքային ծրագրերով, ինչպես նաև Պետական մարմնում սահմանված աշխատանքային ներքին կարգապահության կանոններով և ծառայողական կանոնակարգերով:

3. Հիմնարկի քրեակատարողական ծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները և վարձու աշխատողները հաշվետու են ըստ վերադասության և գործում են յուրաքանչյուրն իր աշխատանքային ծրագրին համապատասխան:

4. Հիմնարկի քրեակատարողական ծառայողները և քաղաքացիական հատուկ ծառայողները պարտավոր են ենթարկվել աշխատանքային կարգապահությանը, ժամանակին ներկայանալ ծառայության, տագնապի ազդանշան ստանալուն պես ներկայանալ ծառայության և գործել այդ ժամանակահատվածի համար տրված հրահանգների համաձայն:

5. Հիմնարկի քրեակատարողական ծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները և վարձու աշխատողները պարտավոր են բարեխղճորեն օգտագործել ծառայողական պարտականությունները կատարելու համար իրենց տրամադրված գույքը, սպառազինությունը, կապի, տրանսպորտային և այլ միջոցները:

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Հիմնարկը վերակազմակերպվում է, ինչպես նաև դրա գործունեությունը դադարում է Հիմնադրի որոշմամբ` Պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

2. Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ Հիմնադրի որոշումն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո:

3. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում նրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է Հիմնարկի գործունեությունը դադարելու մասին որոշմամբ:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.11.2014
N 386-Ն
Հրաման