Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻ ...

24.11.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2016  -ից մինչեւ   24.11.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 19-Ն հրաման)

i

320.0065.290507

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         05           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

25 ապրիլի 2007 թվականի N 65-Ն

 

i

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին վկայականների տրման» թիվ 1 և «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» թիվ 17 Հավելվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

i

1) «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգ»-ը` համաձայն հավելված 1-ի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.12.14 թիվ 302-Ն հրաման)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.12.14 թիվ 302-Ն հրաման)

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.12.14 թիվ 302-Ն հրաման)

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 05.12.14 թիվ 302-Ն հրաման)

(1-ին կետը փոփ. 05.12.14 թիվ 302-Ն հրաման)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայում բժշկական տեղեկագրման մասին» N 76-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված

i

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007 թվականի ապրիլի 25-ի

թիվ 65-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ավիացիոն մասնագետներին բժշկական զննման արդյունքում բժշկական սերտիֆիկատների (այսուհետ` բժշկական սերտիֆիկատ) հատկացման կարգը (այսուհետ նաև` Կարգ) սահմանում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայական ունեցող բժշկական կենտրոնների (այսուհետ` Ավիացիոն բժշկական կենտրոն) կողմից ավիացիոն մասնագետների բժշկական զննման և դրա արդյունքում բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը:

i

2. Սույն կարգը մշակված է Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի Կոնվենցիա) «Ավիացիոն անձնակազմերին սերտիֆիկատների տրման» թիվ 1 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984-ի 2012 թվականի երրորդ հրատարակության, Եվրամիության խորհրդի 2011 թվականի նոյեմբեր 3-ի թիվ 1178/2011` «Քաղաքացիական ավիացիայի անձնակազմին վերաբերող տեխնիկական պահանջներ և վարչական ընթացակարգեր» կանոնակարգի Փարտ-Մեդ (Part-Med), Փարտ-ԱՐԱ (Part-ARA), Փարտ-ՕՐԱ (Part-ORA), Փարտ-ՍիՍի (PART-CC) հավելվածների և ԵԱԱԳ Փարթ ԷյԹիՍիՕ Մեդի (EASA Part ATCO Med) դրույթներին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 10.02.16 թիվ 28-Ն հրաման)

3. Բժշկական զննման ենթակա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետի վկայական ստանալու հայտ ներկայացրած կամ վկայական կրող հետևյալ ավիացիոն մասնագետները (այսուհետ` ավիացիոն մասնագետ).

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուները` օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողները (կուրսանտները), օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.

3) Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները, գծային օդաչուները, ավիացիոն ինժեներները (ավիացիոն տեխնիկները), շտուրմանները, բորտինժեներները, դիտորդ-օդաչուները, բորտօպերատորները, բորտուղեկցորդները.

4) Սիրողական օդաչուները, սավառնորդ-օդաչուները, ազատ օդապարիկի օդաչուները, պարաշյուտիստները, գերթեթև թռչող ապարատների օդաչուները.

5) Օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները:

4. Ավիացիոն մասնագետների աշխատանքային և ուսումնական պիտանիության չափանիշների պահանջները համապատասխանաբար սահմանվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով:

5. Բժշկական զննության և թռիչքային բժշկական փորձաքննության արդյունքներով որոշվում է ավիացիոն մասնագետի առողջական վիճակի պիտանիությունը մասնագիտական գործունեության իրականացնելու համար և տրվում է առաջին, երկրորդ, երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ և ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների) մասով առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք (այսուհետ` Բժշկական սերտիֆիկատ):

i

6. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի բժշկական սերտիֆիկատները կազմվում են սպիտակ գույնի թղթից և բաղկացած են 4 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 3-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:

(6-րդ կետը փոփ. 10.02.16 թիվ 28-Ն հրաման)

7. Բժշկական սերտիֆիկատների տեսակները հետևյալն են.

1) Առաջին դասի (Դաս 1) բժշկական սերտիֆիկատը, համաձայն սույն կարգի Ձև 2-ի, տրվում է`

ա. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի վկայականներ կրողներին.

բ. օդանավի բազմանդամ անձնակազմի օդաչուի վկայականներ կրողներին.

գ. գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին:

2) Երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատը, համաձայն սույն կարգի Ձև 2-ի տրվում է`

ա. շտուրմանի վկայականներ կրողներին.

բ. բորտինժեների վկայականներ կրողներին.

գ. սիրողական օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին.

դ. դիտորդ-օդաչուի վկայականներ կրողներին.

ե. սավառնող-օդաչուի վկայականներ կրողներին.

զ. պարաշյուտիստի, թեթև և գերթեթև թռչող ապարատների օդաչուների վկայականներ կրողներին.

է. ազատ օդապարիկի օդաչուի վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին.

ը. բորտուղեկցորդների վկայականներ կրողներին.

թ. բորտռադիստի վկայականներ կրողներին.

ժ. բորտօպերատորի վկայականներ կրողներին և թեկնածուներին:

3) Երրորդ դասի (Դաս 3) բժշկական սերտիֆիկատը, համաձայն սույն կարգի Ձև 3-ի տրվում է`

ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականներ կրողներին և թեկնածուներին:

i

8. Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը, ներառյալ սովորական կամ հատուկ հետազոտությունները, հատկացման կամ երկարաձգման դեպքում հաշվարկվում են բժշկական հետազոտությունը սկսելու օրվանից, իսկ վերականգնման դեպքում` նախորդ բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի լրանալու օրվանից: Բժշկական սերտիֆիկատների ժամկետները հետևյալն են.

1) «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը 12 ամիս է.

ա. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողը աշխատում է եզակի-օդաչուի կարգավիճակով և դիմողի տարիքը 40 տարի և ավելի է.

բ. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողի տարիքը 60 տարի և ավելի է.

2) «Դաս 2» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը 12 ամիս է:

3) «Դաս 3» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը 12 ամիս է:

(8-րդ կետը փոփ. 10.02.16 թիվ 28-Ն հրաման)

9. Բժշկական սերտիֆիկատների գործողության ժամկետները կարող են կրճատվել բժշկական ցուցումների առկայության դեպքում: Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի փոփոխության հիմնավորումը պետք է արտացոլվի Բժշկական սերտիֆիկատի և Փարտ-ԱՐԱ-ով (Part-ARA) սահմանված եզրակացության մեջ` «TML սահմանափակում» նշումով:

10. Առանց բժշկական սերտիֆիկատի կամ ժամկետանց բժշկական սերտիֆիկատով ավիացիոն մասնագետները մասնագիտական պարտականությունների կատարման չեն թույլատրվում:

11. Բժշկական սերտիֆիկատ ստացած ավիացիոն մասնագետը չպետք է շարունակի իր աշխատանքային գործունեությունը ստորև թվարկված բոլոր դեպքերում.

1) տեղյակ է իր անվտանգ աշխատանքային գործունեությանը սպառնացող առողջական պիտանելիության նվազեցման վերաբերյալ,

2) ընդունում է որոշակի դեղորայք, որը կարող է ազդել աշխատանքային գործունեության անվտանգությանը,

3) դեղորայքային, վիրահատական կամ այլ բուժում է ստանում, որը կարող է ազդել աշխատանքային գործունեության անվտանգությանը:

12. Ավիացիոն մասնագետը անհապաղ տեղեկացնում է Ավիացիոն բժշկական կենտրոնին բոլոր հետևյալ դեպքերի մասին.

1) երբ նա ենթարկվել է վիրահատական կամ որևէ այլ ինվազիվ բժշկական միջամտության.

2) սկսել է որևէ դեղամիջոցի կանոնավոր ընդունում.

3) վնասվածք է ստացել, ներառյալ այնպիսին, որը կարող է ազդեցություն ունենալ ծառայողական պարտականությունների կատարման վրա.

4) որևէ լուրջ հիվանդություն է տանում, որը կարող է ներազդել ծառայողական պարտականությունների կատարման վրա.

5) հղի է.

6) հիվանդանոց կամ բժշկական կլինիկա է տեղափոխվել.

7) առաջին անգամ տեսողության կոռեկցիայի կարիք ունի:

13. Սույն կարգի 10-րդ կետում նշված յուրաքանչյուր դեպքից հետո Ավիացիոն բժշկական կենտրոնը իրականացված փորձագիտական քննության արդյունքում որոշում է կայացնում տվյալ ավիացիոն մասնագետի առողջական պիտանելիության վերաբերյալ:

14. Հիվանդության կապակցությամբ` որոշակի առողջական ֆունկցիաների կորստի դեպքում, ավիացիոն մասնագետը անհապաղ տեղեկացնում է Ավիացիոն բժշկական կենտրոնին:

15. Ցանկացած դեղամիջոցի` բուժական կամ կանխարգելիչ նպատակով (իմունիզացիա) առաջին անգամ ընդունման դեպքում ավիացիոն մասնագետը անհապաղ իրազեկում է Ավիացիոն բժշկական կենտրոնին, իսկ նրա գործունեությունը այդ դեպքում դադարեցվում է առնվազն 24 ժամով:

16. Ավիացիոն մասնագետների (մինչև բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը) առողջական վիճակը վատանալու դեպքում, եթե նրանք բուժօգնություն ստանալու համար այլ առողջապահական հաստատություն են դիմել, այդ մասին անհապաղ տեղեկացնում են բժշկական զննումն անցկացրած` Ավիացիոն բժշկական կենտրոնին: Մասնագիտական պարտականությունների կատարումը վերսկսելու հնարավորության հարցը նրանց բուժվելուց հետո որոշում են Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից:

17. Բժշկական զննման արդյունքները հանդիսանում են բժշկական գաղտնիք և կարող են տրամադրվել այլ անձանց միայն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

18. Ավիացիոն մասնագետի բժշկական պատմությունը` դրան վերաբերող բոլոր փաստաթղթերով պահվում է Ավիացիոն բժշկական կենտրոնի դրա համար հատուկ հատկացված տարածքում` դրանք երրորդ անձանց, ներառյալ Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետներին հասանելի չլինելու համար:

19. Ավիացիոն բժշկական կենտրոնում ավիացիոն մասնագետների բժշկական պատմությունը պահպանվում է ավիացիոն մասնագետի մասնագիտական աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, որի ավարտից հետո ավիացիոն մասնագետի բժշկական պատմությունը կից փաստաթղթերով արխիվացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

20. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամները, բորտուղեկցորդները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները յուրաքանչյուր թռիչքից կամ հերթափոխից առաջ անցնում են նախաթռիչքային կամ նախահերթափոխային բժշկական զննում Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:

Աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդները նախահերթափոխային բժշկական զննում են անցնում ընտրանքային կարգով, հերթափոխի վարորդների ընդհանուր թվի մեկ քառորդի քանակից ելնելով յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մեկ հերթափոխի կտրվածքով` Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:

(20-րդ կետը փոփ. 10.02.16 թիվ 28-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 2. ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

21. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը` սերտիֆիկատի տրամադրման կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարացման համար, անցկացվում է Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից:

22. Բժշկական զննման նպատակներն են` որոշել ըստ առողջական վիճակի պիտանիությունը, հոգեֆիզիոլոգիական որակների` թռիչքային աշխատանքի, օդային երթևեկության կառավարման, մասնագիտական գործունեության այլ տեսակների, քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորությունը:

23. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը կատարվում է անհատապես` Բժշկական սերտիֆիկատում նշված ժամկետներում, առանձին դեպքերում ավիացիոն մասնագետի ցանկությամբ կամ գործատուի նախաձեռնությամբ` Բժշկական սերտիֆիկատում նշված ժամկետից շուտ:

24. Ավիացիոն մասնագետները արտահերթ բժշկական զննում են անցնում Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս աշխատանքի մեկնելուց առաջ և վերադառնալուց հետո, երկարատև արձակուրդից (3 ամսից ավելի) հետո, կասեցված Բժշկական սերտիֆիկատի գործողության վերսկսման, նախքան նոր ավիացիոն տեխնիկայի վրա վերասովորելու ուսուցումից առաջ, ավիացիոն քիմիական աշխատանքներ և շոգ կլիմայով երկրներում և բևեռային արշավախմբերում աշխատանքի մեկնելուց և վերադառնալուց (գործուղման ժամկետը 3 ամսից ավելի):

25. Բժշկական զննման ենթակա ավիացիոն մասնագետները բժշկական զննման օրերին ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ բժշկական զննման նախօրյակին նրանց տրվում է հանգստյան օր: Բժշկական զննումը ըստ ծավալների կատարվում է մեկից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

i

26. Ավիացիոն մասնագետների զննման ընթացքում կատարվում է բժշկական հետազոտություն` Ավիացիոն մասնագետի տարիքին, նախնական առողջական վիճակին և Բժշկական սերտիֆիկատի տեսակին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով ներկայացվող պահանջների ծավալով: Այն դեպքերում, երբ ավիացիոն մասնագետի առողջական տվյալները լիովին չեն համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայի հավելված 1-ով և Դոկ 8984-ով սահմանված պահանջներին, բժշկական սերտիֆիկատի հատկացումը հետաձգվում է և ավիացիոն մասնագետը 2 (երկու) աշխատանքային օրյա ժամկետում ուղեգրվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուի մոտ: Հաշվի առնելով բժշկական սերտիֆիկատի շնորհիվ ընձեռվող արտոնությունները և դրանց իրականացման համար ավիացիոն մասնագետի աշխատանքային պայմանները` Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն կարող է հատկացնել Բժշկական սերտիֆիկատ սահմանափակումներով` ԵԱԱԳ Փառթ-Մեդ և Փառթ-ԷյԹիՍիՕ փաստաթղթերին համապատասխան: Տվյալ բժշկական սերտիֆիկատը հատկացվում է Կարգի 31-րդ կետում նշված ժամկետում: Սահմանափակումների կիրառմամբ բժշկական սերտիֆիկատի թողարկումը Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն իր խորհրդատվության հիման վրա կարող է պատվիրակել Ավիացիոն բժշկական կենտրոնին:

(26-րդ կետը փոփ. 10.02.16 թիվ 28-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 3. ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

27. Ավիացիոն մասնագետի առաջին անգամ բժշկական զննման ծավալները հետևյալն են`

1) Ընդհանուր բժշկական պատմության հավաքում, ընդհանուր կլինիկական զննում` ներառյալ սրտաբանական քննություն, հենաշարժական համակարգի և վեստիբուլյար համակարգի կլինիկական գնահատում պետք է իրականացվի բոլոր հետազոտությունների ժամանակ, շեղումների հայտնաբերման կամ կասկածների դեպքում ցուցված է ուղեգրում լրացուցիչ գործիքային հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվության.

2) Սրտանոթային համակարգի հետազոտություն` ներառյալ ԷՍԳ, սրտանոթային հիվանդությունների ռիսկի գնահատում և արյան լիպիդային պրոֆիլի որոշում, 40 տարեկանից հետո տրեդմիլ թեստի իրականացում` «Դաս 1» և «Դաս 3» համար: «Դաս 3»-ի համար` ըստ ցուցումների.

3) Բժշկական սերտիֆիկատի համար աչքի և տեսողության սովորական քննությունը բոլոր երկարաձգման և վերականգնման հետազոտությունների բաղադրիչ մասն է կազմում: Ռեֆրակցիայի խանգարումների կամ աչքի ֆունկցիոնալ վիճակի փոփոխությունների դեպքում իրականացվում է մանրակրկիտ հետազոտություն.

4) Ակնաբանական համապարփակ հետազոտությունն իրականացվում է ակնաբույժի կողմից: «Դաս 1» և «Դաս 3» բժշկական սերտիֆիկատների համար առաջին անգամ բժշկական զննումն իրականացվում է խորացված կարգով: Համապարփակ ակնաբանական հետազոտության ծավալը ներառում է.

ա. Տեսողության սրության որոշում,

բ. Ներակնային ճնշման որոշում,

գ. Աչքի հատակի քննություն,

դ. Ակնագնդերի շարժողություն,

ե. Բինօկուլյար տեսողություն,

զ. Գունազգացություն (անոմալոսկոպիա կամ համարժեք),

է. Տեսադաշտերի որոշում,

ը. Ռեֆրակցիայի որոշում,

թ. Հետերոֆորիա.

5) «Դաս 2» բժշկական սերտիֆիկատի համար իրականացվում է սովորական ակնաբանական հետազոտություն հետևյալ ծավալով.

ա. բժշկական պատմություն,

բ. տեսողության սրության որոշում` մոտիկ, միջանկյալ և հեռու տեսողություն (առանց կոռեկցիայի կամ լավագույն կոռեկցիայի պայմաններում),

գ. արտաքին աչքի քննություն` անատոմիա, միջավայրեր, աչքի հատակ,

դ. հետագա հետազոտություն` ըստ կլինիկական ցուցումների:

Համապատասխան կլինիկական ցուցումների դեպքում նշանակվում է համապարփակ հետազոտություն:

6) Բժշկական սերտիֆիկատի երկարաձգման և վերականգնման հետազոտությունը իր մեջ ներառում է սովորական քիթ-կոկորդ-ականջաբանական հետազոտություն` բոլոր երկարաձգման և վերականգնման հետազոտությունների պարտադիր բաղադրիչն է.

7) Լսողության ստուգումն իրականացվում է բոլոր հետազոտությունների ժամանակ: Հետազոտվողը պետք է լսի խոսակցական տոնով խոսքը` 2 մ հեռավորությունից, մեջքով դեպի բժիշկ-փորձագետին` շրջված դիրքում: Մաքուր տոնային աուդիոմետրիա (բժշկական սերտիֆիկատի ժամկետի երկարաձգման ժամանակ աուդիոմետրիան իրականացվում է` մինչև 40 տարեկանը` 2 տարին մեկ անգամ` երկարաձգման հետազոտությունների շրջանակներում, իսկ 40 տարեկանից հետո` յուրաքանչյուր տարին մեկ անգամ).

8) Մանրակրկիտ քիթ-կոկորդ-ականջաբանական հետազոտություն` ներառյալ.

ա. Օթոսկոպիա,

բ. Բերանի, կոկորդի զննում,

գ. Մաքուր տոնային աուդիոմետրիա,

9) Շնչառական ֆունկցիայի հետազոտում` ներառյալ սպիրոմետրիա,

10) Մեզի քննություն` ներառյալ մեզի նստվածքի ընդհանուր քննություն,

11) Արյան քննություն` ներառյալ ընդհանուր ֆորմուլա-HB, էրիթրոցիտներ, թրոմբոցիտներ, լեյկոցիտների հաշվարկ, ԷՆԱ, հեմատոկրիտ,

12) բիոքիմիական քննություն գլյուկոզ, լիպիդային պրոֆիլ, ընդհանուր խոլեստերին, տրիգլիցերիդներ, GGT, CRP.

13) որովայնի խոռոչի օրգանների գերձայնային հետազոտություն,

14) հոգեբանական և հոգեբուժական գնահատում,

15) կրծքավանդակի ռենտգեն և ԷԷԳ` ըստ կլինիկական ցուցումների:

28. Բժշկական սերտիֆիկատների ժամկետների երկարաձգման և վերականգնման հետազոտությունների ծավալները ներառում են սույն կարգի 27-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով նախատեսվող հետազոտությունները` յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչպես նաև տեսողության համապարփակ հետազոտություն հետևյալ դեպքերում.

1) +5/-6 դիոպտրիա տեսողության խանգարումների դեպքում վերագնահատում` 2 տարին մեկ անգամ,

2) +5/-6 դիոպտրիայից բարձր տեսողության խանգարումների դեպքում վերագնահատում` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

3) Ներակնային ճնշման որոշում` 40 տարեկանից հետո` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԿԱՄ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼԸ

 

29. Ավիացիոն մասնագետը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուն (այսուհետ` Հայտատու) Բժշկական սերտիֆիկատ առաջին անգամ ստանալու համար, կամ Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու (Բժշկական սերտիֆիկատի գործողության ավարտի օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ) համար Ավիացիոն բժշկական կենտրոն է ներկայացնում հայտ (այսուհետ` Հայտ)` համաձայն սույն կարգի Ձև 1-ի` կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագրի պատճենը.

2) զինգրքույկի պատճենը (ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածու արական սեռի ներկայացուցչի դեպքում).

3) տեղեկանքներ հոգենյարդաբանական և նարկոլոգիական դիսպանսերներից (առաջին անգամ բժշկական զննում անցնելու դեպքում).

4) առկայության դեպքում նաև նախկինում ցանկացած տեսակի բժշկական զննում անցնելը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև գործող Բժշկական սերտիֆիկատը:

30. Ավիացիոն բժշկական կենտրոնը անհրաժեշտության դեպքում տրամադրում է խորհրդատվություն Հայտը լրացնելու վերաբերյալ: Հայտը ներկայացնելու օրը Հայտատուն տեղեկացվում է բուժզննման անցկացման օրվա և ժամի մասին:

i

30.1. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետի կողմից կազմվում է Ավիաբժշկական փորձագետի հաշվետվություն` համաձայն Ձև 4-ի:

(30.1-ին կետը լրաց. 10.02.16 թիվ 28-Ն հրաման)

31. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից Հայտատուին Հայտը մուտք լինելու օրվանից առնվազն 10-օրյա ժամկետում տրամադրվում է Բժշկական սերտիֆիկատ, կամ Հայտը մերժվում է: Բժշկական սերտիֆիկատը կամ Հայտը մերժելու մասին համապատասխան ծանուցումը մեկօրյա ժամկետում տրամադրվում է Հայտատուին:

i

32. Բժշկական զննման արդյունքները և բժշկական սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հաշվետվական ամփոփ ձևով (Ձև 4) և ստորագրվում է հետազոտություն իրականացնող բժշկի կողմից: Այն դեպքերում, երբ բժշկական զննումն իրականացրել են Ավիացիոն բժշկական կենտրոնի մեկից ավելի բժիշկ-փորձագետներ, հաշվետվական ձևը վերջնական ստորագրում է վերջին հետազոտություն իրականացրած բժիշկ-փորձագետը:

Տրամադրված Բժշկական սերտիֆիկատի պատճենը, Հայտատուի անձնական բժշկական գործը, բժշկական զննման բոլոր փաստաթղթերը պահպանվում են Ավիացիոն բժշկության կենտրոնում:

(32-րդ կետը փոփ. 10.02.16 թիվ 28-Ն հրաման)

33. Բժշկական սերտիֆիկատը տրամադրելու օրվանից երկօրյա ժամկետում, բժշկական զննմանը վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են Գլխավոր վարչություն:

34. Հայտը մերժվում է, եթե`

1) բժշկական զննման արդյունքներով հաստատվում է, որ ավիացիոն մասնագետը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով սահմանված պիտանիության պահանջներին.

2) չեն պահպանվել սույն կարգի 29-րդ կետի պահանջները.

3) ներկայացված փաստաթղթերը և/կամ տեղեկություններն ակնհայտ կեղծ են:

35. Հայտը մերժելու մասին գրությունը ենթակա է բողոքարկման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՎԻԱՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

36. Բժշկական սերտիֆիկատի գործողությունը կասեցվում է եթե.

1) Ավիացիոն մասնագետը չի տեղեկացրել Ավիացիոն բժշկական կենտրոնին այլ բժշկական հաստատությունում չպլանավորված բժշկական միջամտության ենթարկվելու մասին.

2) չեն պահպանվել սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դրույթները:

37. Ավիացիոն բժշկական կենտրոնը Բժշկական սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու մասին որոշումը մեկօրյա ժամկետում տրամադրում է ավիացիոն մասնագետին, ինչպես նաև դրա վերաբերյալ մեկօրյա ժամկետում տեղեկացնում է գործատուին, իսկ կասեցված Բժշկական սերտիֆիկատի և կից փաստաթղթերի պատճենները մեկօրյա ժամկետում տրամադրում է Գլխավոր վարչությանը:

38. Ավիացիոն մասնագետի բժշկական սերտիֆիկատի գործունեությունը կարող է վերսկսվել Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից, եթե նոր բժշկական զննման արդյունքներով հաստատվել է ավիացիոն մասնագետի լիարժեք կամ մասնակի համապատասխանությունը պիտանիության պահանջներին:

39. Բժշկական սերտիֆիկատի գործողությունը դադարեցվում է, եթե.

1) սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով չպլանավորված բժշկական միջամտության ենթարկվելուց հետո Ավիացիոն բժշկական կենտրոնի կողմից իրականացված բժշկական զննման արդյունքներով հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) «Ավիացիոն բժշկության ձեռնարկ» Դոկ 8984 2012 թվականի երրորդ հրատարակության փաստաթղթով սահմանված պիտանիության պահանջներին այլևս չհամապատասխանելու փաստը.

2) Ավիացիոն մասնագետը չի տեղեկացրել Ավիացիոն բժշկական կենտրոնին այլ բժշկական հաստատությունում չպլանավորված բժշկական միջամտության ենթարկվելու մասին.

3) լրացել է և սույն կարգով սահմանված կարգով չի երկարաձգվել Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը:

40. Ավիացիոն բժշկական կենտրոնը Բժշկական սերտիֆիկատի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը մեկօրյա ժամկետում տրամադրում է ավիացիոն մասնագետին, ինչպես նաև դրա վերաբերյալ մեկօրյա ժամկետում տեղեկացնում է գործատուին, իսկ դադարեցված Բժշկական սերտիֆիկատի և կից փաստաթղթերի պատճենները մեկօրյա ժամկետում տրամադրում է Գլխավոր վարչությանը:

41. Բժշկական սերտիֆիկատի գործողության դադարեցման դեպքում Ավիացիոն մասնագետը Ավիացիոն բժշկական կենտրոն է հանձնում Բժշկական սերտիֆիկատի բնօրինակը:

 

(հավելվածը փոփ. 23.01.08 թիվ 9-Ն, 05.12.14 թիվ 302-Ն հրամաններ)

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
25.04.2007
N 65-Ն
Հրաման