Սեղմել Esc փակելու համար:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Կ ...

 

 

102.0046.010906

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»         09           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10206258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 օգոստոսի 2006 թ. թիվ ՔՀ-46-Ն

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը» (հավելված N 1) կցվում է:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

 

Հաստատված է`

ՀՀ արդարադատության նախարարի

2006 թվականի օգոստոսի 29-ի

թիվ ՔՀ-46-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգն ու պայմանները:

Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով քրեակատարողական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն է:

2. Քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացվում է ծառայողական կարգապահության ամրապնդման, քրեակատարողական ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման ժամանակին բացահայտման և կարգապահական պատասխանատվության ենթարկման, կարգապահական խախտումների կանխարգելման, կարգապահական խախտում ծնող պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացման, կարգապահական խախտման հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանման, անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված քրեակատարողական ծառայողի հեղինակության վերականգնման նպատակով:

 

ԳԼՈՒԽ 2.
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնատար անձինք:

Ծառայողական քննությունը նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի հրամանով, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև դրա հետ կապված այլ տվյալներ: Հրամանում կարող են նշվել նաև ենթադրյալ կարգապահական խախտումը և դրա հանգամանքները:

4. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

1) կարգապահական խախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, ձևը, եղանակը և այլն),

2) քրեակատարողական ծառայողի կողմից կարգապահական խախտումը կատարելը, ինչպես նաև կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը,

3) կարգապահական խախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները:

i

5. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության և զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, իսկ ծառայողական քննությունն ավարտված չլինելու դեպքում` կարող է կասեցվել կամ շարունակվել:

(5-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

6. Ծառայողական քննությունն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը ծառայողական քննությունն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել ևս 30 օրով, եթե ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում են այլ մարմին կատարած հարցումների պատասխանները կամ ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ:

i

7. Քրեակատարողական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել ծառայողական քննության նշանակումից հետո մինչև ծառայողական քննության արդյունքներով իրավասու պաշտոնատար անձի կողմից վերջնական որոշում ընդունելը: Տվյալ ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողը ծառայողական քննությունն իրականացնողին է հանձնում իր վկայականը, ինչպես նաև ծառայողական զենքը: Այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է քրեակատարողական ծառայողին:

(7-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 3.
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Ծառայողական քննության մասնակիցներն են` ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը, ծառայողական քննություն իրականացնող անձը, ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը), կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև ծառայողական քննության ընթացքում նոր ի հայտ եկած կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ծառայողական քննությանն առնչվող անձինք:

9. Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորություններն են`

1) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն` կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում,

2) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի և ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար ներկայացնել ծառայողական քննության նյութերը և զեկուցել քննության ընթացքի մասին,

3) քրեակատարողական հիմնարկներից, առանձնացած ստորաբաժանումներից և այլ մարմիններից ստանալ փաստաթղթեր, նյութեր, տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել կարգապահական խախտման և դրան առնչվող անձանց մասին,

4) վերցնել ծառայողական քննության համար նշանակություն ունեցող և քրեակատարողական ծառայությունում պահվող կամ գտնվող իրեր և փաստաթղթեր,

5) վերցնել բացատրություններ կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողից, ծառայողական քննությանն առնչվող այլ անձանցից,

6) կատարել ուսումնասիրություն և ծառայողական քննությանը վերաբերող նյութերի, իրերի և փաստաթղթերի զննություն,

7) միջնորդություն ներկայացնել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` ժամանակավորապես դադարեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը,

8) ծառայողական քննության ավարտից հետո կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին տեղեկացնել ծառայողական քննության իրեն վերաբերյալ նյութերին, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների:

10. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի լիազորություններն են`

1) գրավոր նշել ծառայողական քննություն իրականացնող անձին,

2) ծառայողական քննություն իրականացնող անձին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ,

3) ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության իրականացումը գրավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի, եթե ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը չի նշանակել ծառայողական քննություն իրականացնող անձին` այդ մասին գրավոր զեկուցելով ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին,

4) մասնակցել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել ծառայողական քննությունը, եթե ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը չի նշանակել ծառայողական քննություն իրականացնող անձին,

5) ստորագրությամբ համաձայնել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը:

i

10.1. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի ցուցումով մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի կարգապահական խախտումների կատարմանը մասնակցելու մեջ կասկածվող մի քանի քրեակատարողական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունները կամ մեկ քրեակատարողական ծառայողի կողմից կատարված մի քանի կարգապահական խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունները, ինչի մասին ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը գրավոր զեկուցում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին:

(10.1-ին կետը լրաց. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 4.
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողն իրավունք ունի`

1) իմանալ, թե ինչ կարգապահական խախտման մեջ է կասկածվում,

2) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող` սույն կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ,

3) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ,

4) ծառայողական քննության ավարտից հետո ծանոթանալ ծառայողական քննության իրեն վերաբերող նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների) և դրանց կապակցությամբ ներկայացնել իր առաջարկությունները և դիտողությունները:

12. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն,

2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած ծառայողական քննությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը,

3) կատարել ծառայողական քննություն իրականացնող անձի` սույն կարգով սահմանված պահանջները:

13. Ծառայողական քննությանն առնչվող անձ է համարվում նա, ում կարող է հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց համապատասխան նա կամավորության հիմունքներով տալիս է գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի): Ծառայողական քննությանն առնչվող անձն իրավունք ունի`

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների մասին պարզաբանում,

2) տեղեկանալու, թե ինչ նպատակով է կանչել ծառայողական քննություն իրականացնող անձը,

3) բացատրություններ տալու և անձամբ շարադրելու դրանք,

4) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարած գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ և առաջարկություններ:

14. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև ծառայողական քննությանն առնչվող անձը ծառայողական քննություն իրականացնող անձի գործողությունները կարող է բողոքարկել նրա անմիջական ղեկավարին կամ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին:

 

ԳԼՈՒԽ 5.
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. Ծառայողական քննությունն անցկացվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, քրեակատարողական հիմնարկներում, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ վայրում:

(15-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 239-Ն հրաման)

i

16. Քրեակատարողական ծառայողի մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաև ի պաշտպանություն նրա` բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է ծառայողական քննություն իրականացնող անձը: Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննությունն անցկացնում է ծառայողական քննություն նշանակելու պատճառ կամ առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ: Ծառայողական քննության ընթացքում քրեակատարողական ծառայողի գործողություններում մեկ այլ կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում քննություն է իրականացվում նաև այդ ուղղությամբ, ինչի մասին գրավոր զեկուցագիր, իսկ անհրաժեշտության դեպքում` նոր ծառայողական քննություն նշանակելու միջնորդություն է ներկայացվում ծառայողական քննություն նշանակած անձին: Այդ մասին տեղեկացվում է քրեակատարողական ծառայության այն ստորաբաժանման ղեկավարը, որի աշխատակիցների գործողություններում հայտնաբերվել են նոր կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ:

(16-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

17. Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է ծառայողական քննության նյութերին կցել հետևյալ փաստական տվյալները`

1) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի, ծառայողական քննությանն առնչվող անձանց բացատրությունները: Բացատրություն տվողը ստորագրում է դրա յուրաքանչյուր էջը և վերջում,

2) զննության և ուսումնասիրության արձանագրությունները, որոնք կազմվում են ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով,

3) տեղեկանքները, որոնք կազմում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ: Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը, այն ստորագրում են այն կազմողը և ներկա գտնվողները,

4) ծառայողական քննությանն առնչվող այլ փաստաթղթեր կամ նյութեր կամ դրանց պատճենները:

18. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ծառայողական քննությանն առնչվող անձինք կարող են կանչվել ծանուցագրով, որը ստորագրությամբ հանձնվում է նրանց: Կանչով անհարգելի չներկայացած քրեակատարողական ծառայողը ենթակա է կարգապահական տույժի «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

19. Ծառայողական քննություն իրականացնող անձը կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին, ծառայողական քննությանը մասնակցող անձին, այլ անձին բացատրում է նրանց իրավունքները և պարտականությունները, որոնց կապակցությամբ կազմված արձանագրությունների տակ նրանք նշում են կատարում և ստորագրում:

20. Ծառայողական քննության ընթացքը և արդյունքները ծառայողական քննություն իրականացնող անձը պետք է գրանցի արձանագրություններում կամ գրավոր այլ փաստաթղթերում:

Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը:

21. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության հիմքում չի կարող դնել կամ օգտագործել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով, ինչպես նաև տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից:

Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները ծառայողական քննություն իրականացնող անձը գնահատում է իր ներքին համոզմունքով` հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումով, ծառայողական քննության ընթացքում հավաքված հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:

 

ԳԼՈՒԽ 6.
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

22. Ծառայողական քննությունը կարող է կասեցվել, եթե`

i

1) Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների քննարկմանն է ուղարկվել հանցագործության կամ զանցանքի հատկանիշներ պարունակող ծառայողական քննության նյութեր` մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև քրեակատարողական ծառայողի նկատմամբ կայացված դատարանի վերջնական որոշման օրինական ուժի մեջ մտնելը,

2) ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ այն քրեակատարողական ծառայողը, որը այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի,

3) հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա քրեակատարողական ծառայողի գտնվելու վայրը,

4) կարգապահական տույժի ենթակա քրեակատարողական ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը,

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը:

(22-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

i

22.1. Ծառայողական քննությունը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում այն իրականացնող անձի կողմից կազմվում և ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին է ներկայացվում համապատասխան եզրակացություն, որի քննարկման արդյունքներով կայացված որոշմամբ ծառայողական քննությունը կասեցվում է:

(22.1-ին կետը լրաց. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

i

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձն այդ մասին գրավոր զեկուցում է ծառայողական քննությունը նշանակող պաշտոնատար անձին, որի որոշմամբ ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այն կասեցվել է: Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

(23-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

24. Սույն կարգի 22-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

i

ԳԼՈՒԽ 7.
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ (ԱՎԱՐՏԸ)

(7-րդ գլխի վերնագիրը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

 

i

25. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում (ավարտվում) է, եթե`

1) ծառայողական քննություն նշանակած անձն արձակում է հրաման ծառայողական քննությունը նշանակելու մասին հրամանը չեղյալ ճանաչելու մասին,

2) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա քրեակատարողական այլ ծառայողներ չկան,

3) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը իրեն լրիվ մեղավոր ճանաչելով տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ, եթե չկան բավարար հիմքեր ենթադրելու, որ նա դրանով ցանկանում է պարտակել կարգապահական խախտում կատարած այլ անձանց կամ կարգապահական այլ խախտում,

4) քրեակատարողական ծառայողի (ծառայողների) գործողություններում կարգապահական խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել կամ կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները,

5) հիմնավորվել է քրեակատարողական ծառայողի կողմից կարգապահական խախտում կատարելը,

6) լրացել է մեկ տարին` սկսած այն օրվանից, երբ ծառայողական քննությունը կասեցվել է սույն կարգի 22-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով:

(25-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

i

26. Ծառայողական քննությունը դադարեցնելու (ավարտելու) վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կազմվում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած անձին` վերջինիս կողմից եզրակացության քննարկման հիման վրա համապատասխան որոշում ընդունելու նպատակով: Եզրակացությունը և ծառայողական քննություն նշանակած անձի հրամանի քաղվածքը տասնօրյա ժամկետում տրվում են կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին: Ծառայողական քննությունը դադարեցված (ավարտված) է համարվում ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ:

(26-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 8.
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ

 

27. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Եզրակացության`

1) ներածական մասում շարադրվում են տվյալներ` եզրակացությունը կազմելու վայրի, ծառայողական քննությունը սկսելու առիթի և ժամկետի մասին,

2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ` ծառայողական քննության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ, կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալներ, ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ, ինչպես նաև ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի կամ խրախուսանքների վերաբերյալ տվյալներ,

3) եզրափակիչ մասում շարադրվում են ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ արված հետևությունների, ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացվող առաջարկությունների, ծառայողական քննություն իրականացնող անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, կոչումի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվերի մասին:

(27-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 239-Ն հրաման)

28. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացությունը կազմելուց հետո մինչև դրա հաստատումը կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է այդ մասին, ծառայողական քննություն կատարած անձի ներկայությամբ ծանոթանում է եզրակացությանը, ծառայողական քննության իրեն վերաբերող նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների):

29. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին` համապատասխան որոշում ընդունելու նպատակով:

30. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը, նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում է ծառայողական քննություն իրականացնող անձի հետ, լսում է կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին կամ նրա անմիջական ղեկավարին, կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարից պահանջում կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի վերաբերյալ բնութագիրը, որը վերջինիս կողմից ներկայացվում է հնգօրյա ժամկետում:

(30-րդ կետը փոփ. 26.11.12 թիվ 239-Ն հրաման)

31. Քննարկման արդյունքներով ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը`

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը` կայացնում է համապատասխան որոշում,

2) ծառայողական քննություն իրականացնող անձին եզրակացություն փոխելու գրավոր կամ բանավոր ցուցում է տալիս` դրանում եղած ձևակերպումներից և հետևություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով,

3) ծառայողական քննություն իրականացնող անձին լրացուցիչ գործողություններ կատարելու և առանձին հանգամանքներ պարզելու համար տալիս է հանձնարարականներ` նշելով կատարման համապատասխան ժամկետը:

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կազմվում է նոր եզրակացություն, իսկ նախկին եզրակացությունը կցվում է ծառայողական քննության նյութերին:

32. Ծառայողական քննության արդյունքների մասին հնգօրյա ժամկետում տեղեկացվում է կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող քրեակատարողական ծառայողին:

i

33. Ծառայողական քննության ընթացքում նախապատրաստած նյութերը և ներկայացված բոլոր փաստաթղթերը կարվում են: Նյութերին կցված բոլոր փաստաթղթերը համարակալվում և ցուցակագրվում են ըստ ժամանակագրական հերթականության:

Ըստ տարիների կատարված ծառայողական քննության նյութերին տրվում են առանձին համարներ` դրանց գրանցման և հաշվառման մատյանի հերթական համարների համաձայն: Գրանցման և հաշվառման մատյանում գրառվում են ծառայողական քննության անցկացման հիմքը, այն անցկացնող քրեակատարողական ծառայողների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, ծառայողական քննության սկիզբը և ավարտը, ինչպես նաև դրա արդյունքները:

(33-րդ կետը փոփ. 06.05.16 թիվ 153-Ն հրաման)

34. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կարգով:

35. Ծառայողական քննության նյութերն արխիվացվում են օրենքով սահմանված կարգով:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
29.08.2006
N ՔՀ-46-Ն
Հրաման