Սեղմել Esc փակելու համար:
{24.08.2017 - 23.08.2018} «ՕՐԵՆՍԴՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{24.08.2017 - 23.08.2018} «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.08.2017  -ից մինչեւ   23.08.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0294.290316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2016 թվականի N 294-Ն

 

i

«ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշման N 1 հավելվածի 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հիմնադրել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ): Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

(1-ին կետը փոփ. 09.08.18 թիվ 901-Ն որոշում)

2. Հաստատել`

1) հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արմեն Եղիազարյանին (անձնագիր` AH 0369816, տրված` 13.04.2007 թ., 004-ի կողմից):

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո.

4) սույն որոշման 9-րդ կետում նշված գումարը տրամադրել հիմնադրամին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա.

i

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 16-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված սարքավորումները և գույքը որպես գույքային ներդրում փոխանցել հիմնադրամին:

(5-րդ կետը փոփ. 02.06.16 թիվ 566-Ն, 03.11.16 թիվ 1114-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ 2012 թվականի մարտի 28-ին կնքված N 18/0012 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների հաշվին.

2) հիմնադրամի պետական գրանցման աշխատանքների ավարտից հետո հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացված գործարար ծրագրի հիման վրա կնքել Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 10-րդ հարկից 389,3 քառ. մետր մակերեսով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր` ծրագրով նախատեսված ժամկետով, պայմանագրում սահմանելով, որ`

ա. պայմանագրով ստանձնած հարաբերությունները տարածվում են հիմնադրամի գրանցման օրվանից ծագող հարաբերությունների վրա,

բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին:

7. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն, մեկամսյա ժամկետում, որպես կամավոր գույքային վճար, հանձնվում է հիմնադրամին:

i

8. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում ու փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 3, 4 և 5 հավելվածների:

9. «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2016 թվականին հատկացնել 71,500.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակ` 16,508.8 հազ. դրամ, ինն ամսում` 40,012.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 10-ի

N 294-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

i

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր), որի լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:

(3-րդ կետը փոփ. 09.08.18 թիվ 901-Ն որոշում)

4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և (կամ) օտարերկրյա պետություններում:

5. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

6. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ.

2) ռուսերեն լրիվ` Ֆոնդ «Նացիօնալնիյ ցենտր պօ ուրեգուլիրօվանիյու զակօնօդատելստվա».

3) անգլերեն լրիվ` «Natiօnal Centre fօr Legislative Regսlatiօn» Foundation.

4) հայերեն կրճատ` ՕԿԱԿՀ.

5) ռուսերեն կրճատ` ՖՆՑՈՒԶ.

6) անգլերեն կրճատ` 'NCLRF:

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Սարյան 22, 0002:

8. Հիմնադրամի շահառուներ են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի աշխատողները, միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և քաղաքացիները:

9. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, ինչպես նաև` հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրություններին համապատասխան:

10. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

12. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործվում են միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

13. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

14. Հիմնադրամի հիմնական նպատակներն են`

1) օրենսդրական դաշտի բարելավմանը և դրա արդյունավետության բարձրացմանը նպաստելուն ուղղված`

ա. Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրին և շուկայական տնտեսության զարգացմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում առկա խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, դասակարգման աշխատանքների, ինչպես նաև կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ուղղված առաջարկությունների փաթեթի, այդ թվում` դրա կիրառման արդյունքի ֆինանսական գնահատականի, նախապատրաստումը և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը,

բ. կարգավորման ազդեցության գնահատման նոր փորձարարական համակարգի մշակումը, փորձարկումը և ներդրումը` ներառյալ խնդրի ձևավորումը, դրա հիմնավորվածության ապացուցումը, այլընտրանքային տարբերակների սահմանումը, դրանց հետ կապված ծախսերի և օգուտների հաշվարկումը, ինչպես նաև ազդեցությունների հաշվարկման նոր մեթոդաբանության փորձարկումը,

գ. հանրային և մասնավոր հատվածի շահառուների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը (վերապատրաստումների և դասընթացների, համաժողովների, սեմինարների, քննարկումների կազմակերպումը),

դ. սույն կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված գործառույթների իրականացմանն ուղղված մեթոդաբանական և ուսումնամեթոդական փաստաթղթերի մշակումը և տարածումը,

ե. սույն կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված գործառույթների իրականացմանն ուղղված գործունեության համար անհրաժեշտ նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացումը.

2) պետական կառավարման որակի և դրա արդյունավետության բարձրացմանը նպաստելուն ուղղված`

ա. պետական կառավարման համակարգի ուսումնասիրությունը, դրա գործառույթների և կազմակերպական կառուցվածքի հստակեցմանը վերաբերող առաջարկությունների նախապատրաստումը, որոնք ուղղված են պետական կառավարման արդյունավետության և արտադրողականության աճի բարձրացման ապահովմանը,

բ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների ուսումնասիրությունը, այդ մարմինների գործառությունների հստակեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, որոնք ուղղված են տեղական կառավարման արդյունավետության և արտադրողականության աճի բարձրացման ապահովմանը,

գ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը (վերապատրաստումների և դասընթացների, համաժողովների, սեմինարների, քննարկումների կազմակերպումը),

դ. սույն կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված գործառույթների իրականացմանն ուղղված մեթոդաբանական և ուսումնամեթոդական փաստաթղթերի մշակումը և տարածումը,

ե. սույն կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված գործառույթների իրականացմանն ուղղված գործունեության համար անհրաժեշտ նախագծային և հետազոտական աշխատանքների իրականացումը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

15. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

17. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

19. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.

6) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

21. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

22. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքների կազմակերպում ու իրականացում.

2) ուսումնամեթոդական նյութերի մշակում և դասընթացների կազմակերպում.

3) գործարարությանն աջակցող ծառայությունների և գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում.

4) հրատարակչական գործունեություն:

23. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ` իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և արտերկրի հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ:

24. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել`

ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում,

բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:

i

26. Խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ են հանդիսանում`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը.

2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը.

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալը.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

(26-րդ կետը փոփ. 16.02.17 թիվ 140-Ն, 10.08.17 թիվ 950-Ն, 09.08.18 թիվ 901-Ն որոշումներ)

27. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցմանը հաջորդող օրվանից: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում:

28. Խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադիրներին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

29. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) վերապատրաստումների վերաբերյալ հայտարարվող և անցկացվող մրցույթների մասին կանոնակարգի մշակումն ու հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

10) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.

11) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.

12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

14) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.

15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

19) տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.

20) իր կազմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը.

21) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի` ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը.

22) հիմնադրամի բյուջեի առանձին հոդվածներում 5.0 մլն դրամը գերազանցող չափով վերաբաշխում կատարելու մասին որոշումների ընդունումը.

23) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

i

30. Ի պաշտոնե խորհրդի նախագահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.

5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:

(30-րդ կետը փոփ. 10.08.17 թիվ 950-Ն, 09.08.18 թիվ 901-Ն որոշումներ)

31. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարման բոլոր հարցերը: Հիմնադրամի տնօրենը`

1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.

2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

4) գործում է առանց լիազորագրի.

5) տալիս է լիազորագրեր.

6) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

10) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.

11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

12) հաշվետու է խորհրդին.

13) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.

14) ընդունում է որոշում հիմնադրամի բյուջեի առանձին հոդվածներում վերաբաշխում կատարելու մասին առանց խորհրդի հաստատման, սակայն ոչ ավելի, քան 5.0 մլն դրամի չափով:

32. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ` միայն խորհրդի համաձայնությամբ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է տարեկան 2 անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:

34. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

35. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

36. Խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

37. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

38. Խորհրդի որոշմամբ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:

39. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

40. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:

41. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

42. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

43. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է միայն հիմնադիրների միաձայն որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

44. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

45. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.

7) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

46. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

47. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված` պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

48. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը` դադարած` պետական գրանցման պահից:

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 10-ի

N 294-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար (խորհրդի նախագահ)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

(2-րդ հավելվածը փոփ. 16.02.17 թիվ 140-Ն, 10.08.17 թիվ 950-Ն, 09.08.18 թիվ 901-Ն որոշումներ)

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 3 և 4 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2016
N 294-Ն
Որոշում