040.0174.270212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2012 թվականի N 174-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագրի և Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում ձևավորված ֆինանսավորման մեխանիզմների հաջող կիրառության փորձը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից (այսուհետ` հիմնադրամ) իրականացվող ջեռուցման և վերականգնվող էներգետիկայի վարկավորման գործող ծրագրերն ընդլայնելու նպատակով` նշված ծրագրերում ներառել նաև էներգախնայողության նպատակով կատարվող աշխատանքների ֆինանսավորումը և ապահովել բնակարանային, հասարակական, արտադրական տարածքների ջեռուցման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացումը Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում:
3. Սահմանել, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը ֆինանսավորվում են հետևյալ տարբերակներով`
1) հիմնադրամի կողմից` գումարների հատկացմամբ հետաքրքրված բանկերին և վարկային կազմակերպություններին` նրանց կողմից նպատակային վարկերի տրամադրման համար: Ծրագրում արդեն ընդգրկված և գործող վարկային գիծ ունեցող բանկերը կարող են նաև ծրագրեր վարկավորել սույն որոշման հավելվածում նշված նոր ուղղություններով` համաձայն հիմնադրամի կողմից սահմանվող ընթացակարգի.
2) հիմնադրամի կողմից` էներգախնայողության նպատակով կատարվող աշխատանքների ֆինանսավորման, ինչպես նաև այդ աշխատանքների համար անհրաժեշտ էներգետիկ ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման նպատակով, որոնց դիմաց շահառուն տարաժամկետ վճարմամբ վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված գործակալության պայմանագրում և 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրում` սույն որոշումից բխող փոփոխությունների և լրացումների կատարումը.
2) հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված մարումների վերահատկացումը հիմնադրամին` շրջանառելի ֆոնդի մեխանիզմով նշանակալիորեն ավելացնելով ֆինանսավորված ծրագրերի թիվը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի փետրվարի 16-ի
N 174-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Ներկայումս Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից (այսուհետ` հիմնադրամ) իրականացվում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության, այդ թվում` ջեռուցման ծրագրերի ֆինանսավորում: Ֆինանսավորման միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից`
1) Համաշխարհային բանկի կողմից տրամադրված (ՄԶԸ վարկ) 5 մլն ԱՄՆ-ի դոլար` Վերականգնվող էներգետիկայի ծրագրի (ՎԷԾ) համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաֆինանսավորում չի կատարում: Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության գործակալն է` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված գործակալության պայմանագրով: Գումարներն օգտագործվում են փոքր ՀԷԿ-երի և հողմակայանների վարկավորման ծրագրերի ֆինանսավորման համար: Իրականացվում է «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով` որպես բանկին պետության անունից տրված վարկ: Պորտֆելը «Կասկադ բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից փոխանցվել է «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը: Բանկի կողմից հիմնադրամին տրված մարման վերջնաժամկետը 2017 թվականն է:
2) Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 4.2 մլն ԱՄՆ-ի դոլար (ՄԶԸ վարկ)` Քաղաքային ջեռուցման ծրագրի (ՔՋԾ) վարկավորման բաղադրիչի իրականացման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաֆինանսավորում չի կատարում: Հիմնադրամի հարաբերությունը պետության հետ` փոխառու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրով: Օգտագործվում է քաղաքային բազմաբնակարան շենքերի բնակարանների ջեռուցման համար բանկերի կողմից վարկեր տրամադրելու նպատակով, որպես բանկին հիմնադրամի կողմից տրված վարկ: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից շահառուներին իրականացվում է շրջանառու վարկավորում, վերատեղաբաշխվում են տեղաբաշխված գումարներից ստացված մարումները: Չնայած հաջող գործընթացին` շուկայի հագեցման և գազի գնի աճի պարագայում տեղաբաշխման տեմպերն ընկել են: Բանկի կողմից հիմնադրամին տրված մարման վերջնաժամկետը 2016 թվականն է: Ներկա դրությամբ Քաղաքային ջեռուցման ծրագրին 503,584 ԱՄՆ-ի դոլար վերադարձված գումարից 299,695.97 ԱՄՆ-ի դոլարը վերահատկացվել է.
3) Քաղաքային ջեռուցման ծրագրի նախապատրաստման կանխավճարից փորձնական ծրագրերով (ՓԾ) պետության անունից որպես փոխառություն շահառուներին տեղաբաշխվել է 453,631 ԱՄՆ-ի դոլար, մարվել է 215,670 ԱՄՆ-ի դոլարը: Հիմնադրամի հարաբերությունը պետության հետ` գործակալ 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ համաձայնագրով: Ծրագրի շահառուների կողմից հիմնադրամին տրված մարման վերջնաժամկետը 2020 թվականն է: «Ջերմամատակարարման ծրագրեր» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից 10,432.3 ԱՄՆ-ի դոլարը փոխանցվել է Կենտրոնական գանձապետարան:
Միջոցները` 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ (ԱՄՆ-ի դոլար)
._____________________________________________________________.
| |Ծրագիրը|Ենթ. գումարը|Տեղաբաշխված|Վերադարձված|Առկա գումարը|
| | | |գումարը |գումարը | |
|___|_______|____________|___________|___________|____________|
|1. |ՎԷԾ | 5,000,000| 4,999,571| 3,476,266| 3,476,266|
|___|_______|____________|___________|___________|____________|
|2. |ՔՋԾ | 4,200,000| 4,245,021| 503,584| 203,888|
|___|_______|____________|___________|___________|____________|
|3. |ՓԾ | 0 | 453,631| 215,670| 205,238|
._____________________________________________________________.
2. Հաշվի առնելով գազի գնի շարունակական բարձրացումը` առավել կարևորվում են էներգախնայողության միջոցառումների իրականացումը, ինչպես նաև վերականգնվող աղբյուրների օգտագործումը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև ջերմային էներգիայի ստացման համար: Այդ ոլորտի զարգացման նպատակով գործող ծրագրերին ավելանում են նոր մոտեցումներով ծրագրերի ֆինանսավորման հնարավորություններ, մասնավորապես, կարող են ֆինանսավորվել`
1) ըստ տեխնոլոգիայի`
ա. ջեռուցում, այդ թվում` բնական գազի, արևի, կենսագազի, ջերմային պոմպի, քամու և այլ տեխնոլոգիաներով,
բ. ջերմամեկուսացում, այդ թվում` պատերի, տանիքի և նկուղի ջերմամեկուսացում, պատուհանների փոխում, լուսավորության համակարգի փոփոխում,
գ. էլեկտրաէներգիա, այդ թվում` ՓՀԷԿ, հողմային, արևային, կենսագազի և այլ ՎԷ տեխնոլոգիաներով.
2) ըստ տարածքի` Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրեր.
3) ըստ ոլորտի` բնակարանային, հասարակական, արտադրական տարածքների ջեռուցում և էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա.
4) ըստ շահառուների` ֆիզիկական և իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմիններ:
3. Ֆինանսավորման եղանակներն են`
1) ֆինանսավորում` ֆինանսական շուկայի միջոցով. հիմնադրամը նպատակային փոխառություններ է հատկացնում բանկերին և վարկային կազմակերպություններին` սահմանված կարգով ծրագրեր վերավարկավորելու համար: Գումարները հատկացվում են դրամով և ԱՄՆ-ի դոլարով, մինչև 8 տարի ժամկետով, ընդ որում, ժամկետը համընկնում է այն ծրագրի ժամկետին, որը ֆինանսավորվում է, իսկ տոկոսադրույքը` շահառուին տրամադրված վարկի տոկոսից 4 նիշ պակաս: Բանկի կողմից կատարվում է 20 տոկոս համաֆինանսավորում` իրավաբանական անձանց վերավարկավորման դեպքում: Անհրաժեշտության դեպքում մասնակից բանկերի հետ կնքված պայմանագրերում կատարվում է փոփոխություն` հնարավորություն տալով վարկեր տրամադրել սույն ծրագրին համապատասխան նոր ուղղություններով.
2) ֆինանսավորում` հիմնադրամի կողմից էներգետիկ ծառայությունների մատուցման միջոցով. հիմնադրամն իրականացնում է էներգախնայողության նպատակով ներդրումներ, ինչպես նաև` դրանց համար անհրաժեշտ էներգետիկ ուսումնասիրություններ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, որոնց դիմաց շահառուն տարաժամկետ վճարմամբ վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը: Հիմնադրամը թույլատրելի շահառուին մատուցված ծառայություններին ավելացնում է 20 տոկոս` հետագա մոնիթորինգի և տարաժամկետ վճարումների կառավարման նպատակով: Ժամկետը կազմում է մինչև 10 տարի:
(3-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1061-Ն որոշում)