Սեղմել Esc փակելու համար:
{14.09.2017 - 27.04.2019} ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.09.2017 - 27.04.2019} ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.09.2017  -ից մինչեւ   27.04.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

14/09/2017 - 27/04/2019

040.1069.300915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1069-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ` ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆ` ԿԱՑԱՐԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են որոշակի բնակության վայր չունեցող անձանց, այդ թվում` երեխաներին որպես ժամանակավոր օթևան` կացարան (այսուհետ` ժամանակավոր կացարան) տրամադրելու, ինչպես նաև կացարանում այդ անձանց սոցիալական ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

i

1.1. Սույն կարգի իմաստով` որոշակի բնակության վայր չունեցող կամ անօթևան է համարվում հատուկ սոցիալական կարիքներ ունեցող անձը, ով չունի բնակարան կամ ընտանիքում առկա միջանձնային անառողջ հարաբերությունների հետևանքով առաջացած անհաղթահարելի խոչընդոտների պատճառով ի վիճակի չէ ապրել սեփական բնակարանում կամ ձեռք բերել բնակարան, ով սոցիալապես ու հոգեբանորեն մեկուսացված է և կարիք ունի ապաստարանի ու սոցիալական աջակցության:

(1.1-ին կետը լրաց. 04.02.16 թիվ 86-Ն որոշում)

2. Որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարանով կարող են ապահովել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):

3. Որոշակի բնակության վայր չունեցող անձանց` ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակն այդ անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է և, ըստ անհրաժեշտության, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու սույն կարգով սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը` կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար:

4. Ժամանակավոր կացարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

5. Միևնույն ժամանակավոր կացարանը որոշակի բնակության վայր չունեցող երեխաներին և չափահաս անձանց կարող է տրամադրվել սույն կարգով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում` ժամանակավոր կացարանում երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները բավարարելու դեպքում:

6. Ժամանակավոր կացարանը տրամադրվում է մինչև 90 օր տևողությամբ:

7. Ժամանակավոր կացարանը տրամադրվում է որոշակի բնակության վայր չունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ` բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի: «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով` որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարանը տրամադրվում է առանց տվյալ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության:

 

II. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Ժամանակավոր կացարանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ժամանակավոր կացարանի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի մակերեսին, ժամանակավոր կացարանի անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), ժամանակավոր կացարանում միաժամանակյա բնակվողների առավելագույն թվին, նրանց տրամադրվող սննդի չափաքանակին, դրա էներգետիկ արժեքին, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային և անձնական հիգիենայի պարագաների չափորոշիչներին, ժամանակավոր կացարանի անվտանգության ապահովմանը և այլ պայմաններին ներկայացվող պահանջներ: Որոշակի բնակության վայր չունեցող երեխաների համար նախատեսված ժամանակավոր կացարանում, սույն կետում նշված պայմաններից բացի, պետք է ապահովվեն ժամանակավոր կացարանում երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները:

9. Ժամանակավոր կացարանը պետք է ունենա ներքին կարգապահական կամ համակեցության կանոններ (այսուհետ` կանոններ)` հաստատված ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության` համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից:

 

III. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

10. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին տեղեկություն կարող է ստանալ անձամբ այդ անձից, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից (այսուհետ` ոստիկանություն), խնամակալության ու հոգաբարձության մարմիններից, պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններից, իրավաբանական ու ֆիզիկական այլ անձանցից, զանգվածային լրատվության միջոցներից և այլ աղբյուրներից:

11. Ժամանակավոր կացարանը կարող է տրամադրվել`

1) որոշակի բնակության վայր չունեցող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա.

3) ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության նախաձեռնությամբ:

12. Որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձը ժամանակավոր կացարան տրամադրելու մասին գրավոր դիմումն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` իր փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում` միասնական ընդունարան) կամ ժամանակավոր կացարան կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպություն (դրա մշտական գործող մարմնի գտնվելու վայր): Որոշակի բնակության վայր չունեցող երեխայի անունից սույն կետում նշված գրավոր դիմումը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` բացառությամբ, երբ երեխան (անչափահասը) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ճանաչվել է լրիվ գործունակ (էմանսիպացիա):

13. Ժամանակավոր կացարան տրամադրելու համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (կամ բաժին) դիմելու, որոշակի բնակության վայր չունեցող անձին սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ժամանակավոր կացարան ուղղորդելու, սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ժամանակավոր կացարան տրամադրելու մասին որոշման ընդունման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով և այլ իրավական ակտերով:

14. Որոշակի բնակության վայր չունեցող անձի (կամ նրա ներկայացուցչի) կողմից ժամանակավոր կացարանի տրամադրման մասին գրավոր դիմումը` համաձայն N 1 ձևի, ներկայացվում է ժամանակավոր կացարան կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպություն: Դիմումն ընդունում է ժամանակավոր կացարանի կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության` համապատասխան իրավասություն ունեցող աշխատողը (կամ պաշտոնատար անձը), որն անհրաժեշտության դեպքում օգնում է դիմումատուին լրացնել պահանջվող տվյալները: Եթե դիմումատուն, օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի խնդիրներով պայմանավորված կամ տառաճանաչ չլինելու կամ այլ օբյեկտիվ պատճառներով, չի կարող անձամբ լրացնել դիմումը, ապա դիմումում պահանջվող տվյալները լրացվում են ժամանակավոր կացարանի կամ ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության` համապատասխան իրավասություն ունեցող աշխատողի (կամ պաշտոնատար անձի) կողմից, ինչի վերաբերյալ դիմումում կատարվում է հատուկ նշում:

15. Այն դեպքում, երբ որոշակի բնակության վայր չունեցող անձը (կամ նրա ներկայացուցիչը) ժամանակավոր կացարան տրամադրելու մասին գրավոր դիմումը ներկայացնում է ժամանակավոր կացարանի գտնվելու վայրից դուրս տեղակայված` ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության մշտական գործող մարմնի գտնվելու վայր, ապա ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող անձի տեղափոխումը ժամանակավոր կացարան:

16. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների և այլ աղբյուրների միջոցով որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին տեղեկություններ ստանալու դեպքում ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը ոչ ուշ, քան համապատասխան տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է իրավիճակի ուսումնասիրություն` տեղեկատվությամբ հայտնի դարձած վայրում որոշակի բնակության վայր չունեցող անձի հայտնաբերման, անհրաժեշտ օգնության տրամադրման և նրան ժամանակավոր կացարան տեղափոխելու համար: Այն դեպքում, երբ, ժամանակավոր կացարանում միաժամանակյա բնակվողների առավելագույն թվով կամ սույն կարգի 8-րդ և 22-րդ կետերում նշված այլ պայմաններով պայմանավորված, հնարավոր չէ անձի տեղափոխումը ժամանակավոր կացարան, կամ որոշակի բնակության վայր չունեցող անձը հրաժարվում է տեղափոխվել ժամանակավոր կացարան, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տեղեկացնում է տվյալ տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, սույն կետում նշված այն անձանց կամ մարմիններին, որոնցից ստացել էր տեղեկություններ որոշակի բնակության վայր չունեցող տվյալ անձի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն:

17. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցառումներ` որոշակի բնակության վայր չունեցող անձանց հայտնաբերման և սեփական նախաձեռնությամբ ժամանակավոր կացարան տրամադրելու նպատակով: Որոշակի բնակության վայր չունեցող անձին, սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայությամբ պայմանավորված, ժամանակավոր կացարան տեղափոխելու անհնարինության դեպքում, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը տվյալ անձի մասին իրեն հայտնի դարձած տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տրամադրում է տվյալ տարածքն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին) և տվյալ վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն:

18. Ժամանակավոր կացարան որոշակի բնակության վայր չունեցող անձի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա:

19. Որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձին ժամանակավոր կացարան տրամադրելիս` միևնույն ժամանակավոր կացարանով ապահովվում է նաև այն երեխան, ով գտնվում է տվյալ չափահաս անձի փաստացի խնամքի տակ կամ, որի օրինական ներկայացուցիչն է հանդիսանում տվյալ չափահաս անձը, եթե դա բխում է երեխայի շահերից, և ժամանակավոր կացարանը բավարարում է երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ սոցիալական նվազագույն չափորոշիչները, ունի ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող) այլ անձանցից տվյալ երեխայի` առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ: Որոշակի բնակության վայր չունեցող երեխային ժամանակավոր կացարան տրամադրելիս` միևնույն ժամանակավոր կացարանով կարող է ապահովվել նաև այն չափահաս` որոշակի բնակության վայր չունեցող անձը, ով հանդիսանում է տվյալ երեխայի օրինական ներկայացուցիչը կամ, որի փաստացի խնամքի տակ է գտնվում տվյալ երեխան, եթե դա բխում է երեխայի շահերից, և ժամանակավոր կացարանն ունի այնտեղ բնակվող (գտնվող) այլ երեխաներից տվյալ չափահաս անձի` առանձին բնակվելու համար անհրաժեշտ կոմունալ պայմաններ:

20. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան ընդունելիս` ժամանակավոր կացարանի կանոններով սահմանված` համապատասխան իրավասություն ունեցող աշխատողը կամ պաշտոնատար անձը վերցնում է նրա հագուստը և անձնական իրերը` ախտահանման նպատակով:

21. Որոշակի բնակության վայր չունեցող անձի` ժամանակավոր կացարան տեղափոխվելուց անմիջապես հետո նրան զննում է ժամանակավոր կացարանի բժիշկը, որոշում ընդունելության համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը և տալիս եզրակացություն տվյալ անձին սանիտարական մշակման ուղարկելու և հատուկ առանձնացված (կարանտինի) սենյակում տեղավորելու անհրաժեշտության (կամ բացակայության) վերաբերյալ: Ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին ժամանակավոր կացարան տեղափոխվելու դեպքում որոշակի բնակության վայր չունեցող անձը տեղավորվում է հատուկ առանձնացված (կարանտինի) սենյակում` մինչև ժամանակավոր կացարանի բժշկի կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից նրա առողջական վիճակի մասին եզրակացության տրամադրումը:

22. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ընդունելիս` զննման արդյունքում կամ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրամադրված եզրակացության համաձայն շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի կամ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների հայտնաբերման դեպքում (ներառյալ բարձր ջերմությունը, հոգեկան և վարքային խանգարումները, անհայտ ծագման ցանը, իր կամ շրջապատի համար վտանգավոր շեղված վարքի դրսևորումները և (կամ) ակնհայտ հոգեկան խանգարումը), ժամանակավոր կացարանի բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն` որոշակի բնակության վայր չունեցող անձին հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու համար, և դրա մասին անմիջապես իրազեկում է ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, ինչպես նաև տվյալ անձի օրինական ներկայացուցչին կամ ընտանիքի որևէ անդամի (դրանց առկայության դեպքում):

i

23. Որոշակի բնակության վայր չունեցող անձի` ժամանակավոր կացարան տեղափոխվելուց (փաստացի ընդունվելուց) հետո մեկ օրվա ընթացքում, անկախ սույն կարգի 25-րդ կետով սահմանված հրամանի ընդունումից կամ ժամանակավոր կացարան տրամադրելը մերժելու հանգամանքից, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին իրազեկում է ոստիկանության տարածքային մարմնին, սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին), ինչպես նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազորած պետական մարմին)` սույն կարգի 50-րդ կետով սահմանված կարգով: Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունն իր միջոցների հաշվին կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող անձի բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու գործընթացը` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Եթե ժամանակավոր կացարան տեղափոխված (փաստացի ընդունված) անձը երեխա է, ապա ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը սույն կետով սահմանված ժամկետում դրա մասին տեղեկացնում է նաև ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

(23-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 1054-Ն որոշում)

24. Ժամանակավոր կացարան չի թույլատրվում բերել հրազեն, այն համալրող դետալներ, սառը զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, դյուրավառ կամ այրիչ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքեր: Սույն կետում նշված առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքում, ժամանակավոր կացարանի` համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) դրա մասին անմիջապես իրազեկում է ոստիկանությանը:

25. Ժամանակավոր կացարանում որոշակի բնակության վայր չունեցող անձի ընդունելությունը ձևակերպվում է ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության` համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով: Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան տրամադրելու մասին հրամանն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների բացակայության մասին սույն կարգի 21-րդ կետով նախատեսված եզրակացությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան տվյալ եզրակացությունն ստանալու օրվա ավարտը:

26. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան տրամադրելու մասին հրամանի ընդունումից անմիջապես հետո ժամանակավոր կացարանի` համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը) ժամանակավոր կացարան ընդունված անձի մասին տվյալները գրանցում է ժամանակավոր կացարանի հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:

27. Ժամանակավոր կացարանի հաշվառման մատյանը կարող է վարվել` ինչպես թղթային (թղթային կրիչով), այնպես էլ` էլեկտրոնային եղանակով` անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները համակարգչում մուտքագրելու միջոցով: Ընդ որում, հաշվառման մատյանը միաժամանակ թղթային և էլեկտրոնային եղանակներով կազմելու և վարելու դեպքում, դրանցում ներառված տվյալները և տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը պետք է լինի համարակալված և էջակարված: Թղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը լրացվում է մուգ կապույտ կամ սև թանաքով գրիչով, ընթեռնելի ձեռագրով` առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից վերցվում է փակագծերի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը, և տվյալ էջի աջ անկյունում հաշվառման մատյանում գրառում կատարող համապատասխան աշխատողի (պաշտոնատար անձի) կողմից լրացվում են «ՈՒղղումը կատարված է իմ կողմից» բառերը, և ուղղումը հավաստվում է ստորագրությամբ:

28. ժամանակավոր կացարան ընդունված` որոշակի բնակության վայր չունեցող յուրաքանչյուր անձի համար, ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատանքի մասնագետը կամ ժամանակավոր կացարանի` համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որում գրանցում է որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին հետևյալ տեղեկությունները`

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան տարեթիվը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը (առկայության դեպքում).

5) անձնագրի սերիան և համարը (առկայության դեպքում).

6) հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

7) մինչև ժամանակավոր կացարանի տրամադրումը` տվյալ անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում` վերջին կամ նախկին հաշվառման հասցեն.

8) անձի հայտնաբերման կամ, մինչև ժամանակավոր կացարանի տրամադրումը, անձի փաստացի գտնվելու (վերջին բնակության) վայրը.

9) ընտանեկան դրությունը.

10) որոշակի բնակության վայր չունեցող անձի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը և տեղեկատվությունը տրամադրած անձի (մարմնի) վերաբերյալ տվյալները (առկայության դեպքում).

11) ժամանակավոր կացարանի տրամադրման և դուրսգրման օրը, ամիսը, տարեթիվը.

12) սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերում նշված դեպքերում` անձի անհատականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

29. Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում` որոշակի բնակության վայր չունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, տարիքը, սեռը, հաշվառման մասին տվյալները հաշվառման քարտում գրանցվում են նրա բանավոր հայտարարության կամ այդ անձի մասին տեղեկատվություն տրամադրած մարմնի (անձի) հայտարարության հիման վրա: Այդ դեպքում, հաշվառման քարտը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքի հիման վրա, հաշվառման քարտում գրանցվում են նաև որոշակի բնակության վայր չունեցող անձի մազերի ու աչքերի գույնը, հասակը և այլ անհատականացման նշաններ, ինչպես նաև նշվում է որոշակի բնակության վայր չունեցող տվյալ անձի անհատական տվյալների տրամադրման աղբյուրը:

30. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության, որոշակի բնակության վայր չունեցող անձի կողմից իր մասին սույն կարգի 28-րդ կետում նշված տվյալները չհայտնելու և այդ անձի անհատական տվյալների մասին այլ տեղեկատվության բացակայության դեպքում, հաշվառման քարտը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի) անձնական դիտարկման արդյունքի հիման վրա, ի թիվս սույն կարգի 29-րդ կետում նշված անհատականացման համար անհրաժեշտ այլ նշանների, հաշվառման քարտում գրանցվում են նաև որոշակի բնակության վայր չունեցող անձի սեռը և մոտավոր տարիքը:

31. Որոշակի բնակության վայր չունեցող անձին ժամանակավոր կացարան կրկին անգամ ընդունելու (դուրս գրելու) դեպքում դրա մասին նրա հաշվառման քարտում կատարվում է համապատասխան գրառում, և անհրաժեշտության դեպքում փոփոխվում են հաշվառման քարտում գրանցված տվյալները:

32. Ժամանակավոր կացարանի հաշվառման քարտի ձևը հաստատում է ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության ղեկավարը: Որոշակի բնակության վայր չունեցող անձի` ժամանակավոր կացարանում գտնվելու (բնակվելու) ամբողջ ժամանակահատվածում, տվյալ անձի հաշվառման քարտը պահվում է քարտարանում, իսկ ժամանակավոր կացարանից դուրսգրման դեպքում, այն պահվում է տվյալ անձի անձնական գործում:

33. Ժամանակավոր կացարան ընդունված յուրաքանչյուր անձի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են նրա դիմումը (առկայության դեպքում), սույն կարգի 42-րդ կետում նշված վերասոցիալականացման համաձայնագիրը, անձը հաստատող և այլ փաստաթղթերի պատճենները, նրա հետ կապված հարցումների և պատասխանների պատճենները, տվյալ անձին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները): Նշված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները պահպանվում են որոշակի բնակության վայր չունեցող անձանց հաշվառման տեղեկատվական շտեմարանում:

34. Որոշակի բնակության վայր չունեցող անձը չի կարող ընդունվել ժամանակավոր կացարան, եթե`

1) տառապում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, կամ`

2) հրաժարվում է սույն կարգի 20-րդ և (կամ) 21-րդ կետում նշված միջոցառումների իրականացումից:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1069-Ն
Որոշում