Սեղմել Esc փակելու համար:
{28.07.2018 - 12.05.2023} ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{28.07.2018 - 12.05.2023} ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.07.2018  -ից մինչեւ   12.05.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

28/07/2018 - 12/05/2023

040.2013.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 2013-Ն

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

«Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 11.05.2023 թիվ 698-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2002 թվականի նոյեմբերի 21-ի

N 2013-Ն որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն փաստաթղթով սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության (այսուհետ` ԱՀՀ) կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

ԱՀՀ-ն էներգաբլոկի անվտանգությունը հիմնավորող հիմնական փաստաթուղթն է, որը փաստում է անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովմանն ուղղված` էներգաբլոկի նախագծով ու շահագործման ընթացակարգով նախատեսված միջոցառումների համապատասխանությունն անվտանգության չափանիշներին:

ԱՀՀ-ն մշակվում է շահագործող կազմակերպության կողմից և ներկայացվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ` ԿՄ)` էներգաբլոկի անվտանգությունը գնահատելու համար:

ԱՀՀ-ն պետք է ներառի ՀԱԷԿ-ի բոլոր այն համակարգերը, որոնք ապահովում են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԸ

 

Սույն փաստաթղթի շրջանակում օգտագործվող հասկացություններն են`

ԱԷԿ-ի բնականոն շահագործման խախտում` խախտում ԱԷԿ-ի աշխատանքում, որի դեպքում շեղում է տեղի ունեցել շահագործման սահմանված պայմաններից և սահմաններից: Այդ դեպքում կարող են խախտվել նաև նախագծով սահմանված այլ սահմաններ և պայմաններ` ներառյալ անվտանգ շահագործման սահմանները.

անվտանգ շահագործման սահմաններ` ԱԷԿ-ի նախագծով սահմանված տեխնոլոգիական գործընթացի պարամետրերի արժեքներ, որոնցից շեղումները կարող են բերել վթարի.

անվտանգ շահագործման պայմաններ` ԱԷԿ-ի նախագծով սահմանված` անվտանգության համար կարևոր համակարգերի (տարրերի) քանակի, բնութագրերի, տեխնիկական սպասարկման պայմանների և աշխատունակության վիճակի նվազագույն պայմաններ, որոնցով ապահովվում է անվտանգ շահագործման սահմանների և (կամ) անվտանգության չափանիշների պահպանումը.

անվտանգության չափանիշներ` նորմատիվ-իրավական ակտերով և (կամ) կարգավորող մարմնի կողմից սահմանված էներգաբլոկի պարամետրեր և (կամ) դրա շահագործման ճառագայթային ցուցանիշների սահմանային արժեքներ, որոնց համապատասխան հիմնավորվում է ԱԷԿ-ի անվտանգությունը.

անվտանգության սկզբունքներ` տեխնիկական և կազմակերպական միջոցներ, որոնց կիրառումն էներգաբլոկի հրապարակի ընտրման, նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ ապահովում է անձնակազմի ու բնակչության անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանությունը.

անվտանգության գործառույթ` կոնկրետ նպատակ և դրա կատարումն ապահովող գործողություններ, որոնք ուղղված են կանխելու վթարը կամ մեղմելու դրա հետևանքները.

անվտանգություն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հատկություն` օբյեկտի բնականոն շահագործման և բնականոն շահագործումից շեղումների (ներառյալ վթարների) դեպքում անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունը թույլատրված սահմաններով սահմանափակելը.

առաջին կոնտուր` ճնշման փոխհատուցման համակարգի հետ միասին փակ կոնտուր կազմող համակարգ, որով աշխատանքային ճնշման տակ շրջանառում է ջերմատարը` հովացնելով ռեակտորի ակտիվ գոտում տեղադրված միջուկային վառելիքը.

արտանախագծային վթար` վթար, որն առաջացել է նախագծային վթարների ցանկում չներառված ելակետային պատահարի հետևանքով կամ ուղեկցվում է անվտանգության համակարգերի լրացուցիչ խափանումներով (եզակի խափանման սկզբունքից առավել), անձնակազմի սխալ որոշումների իրականացմամբ, որոնք կարող են բերել ծանր հետևանքի կամ միջուկային վառելիքի վնասման.

դետերմինիստական վերլուծություն` վթարի վերլուծության մեթոդակարգ, որը ներառում է վթարի հնարավոր ելակետային պատահարների որոշումը: Տվյալ միջադեպերի վերլուծության հիման վրա գնահատվում է տեղակայանքի նախագիծը, հաշվի առնելով ճառագայթային պաշտպանության նորմերի պահանջները, օգտագործելով կոնսերվատիվ մուտքային տվյալներ: ԱԷԿ-ի անվտանգության գնահատման դեպքում դիտարկվում է ակտիվ համակարգի կամ տարրի կամայական եզակի խափանումը` հաշվի առնելով միայն անվտանգության համար կարևոր համակարգերը և տարրերը: Դետերմինիստական վերլուծությունն ուղղված է վթարի հետևանքների և անվտանգության կանոնների պահպանման գնահատմանը.

եզակի խափանման սկզբունք` սկզբունք` համաձայն որի համակարգը պետք է կատարի իր գործառույթները ցանկացած ելակետային պատահարի դեպքում, երբ պահանջվում է դրա գործողությունը, և ելակետային պատահարից անկախ, այդ համակարգում առկա ակտիվ կամ մեխանիկական շարժական մասեր ունեցող պասիվ տարրի խափանման դեպքում.

ելակետային պատահար` ԱԷԿ-ի համակարգերում եզակի խափանում, արտաքին միջադեպ կամ անձնակազմի սխալ, որոնք բերում են բնականոն շահագործման խախտմանը և կարող են բերել անվտանգ շահագործման սահմանների և (կամ) պայմանների խախտմանը: Ելակետային պատահարը ներառում է դրա հետևանքը հանդիսացող բոլոր կախյալ խափանումները.

հերմետիկ պատվար` նախագծով սահմանված, ռեակտորային համակարգը կամ այլ ռադիոակտիվ նյութեր պարունակող օբյեկտը շրջափակող շինարարական և այլ կոնստրուկցիաներ ընդգրկող համակարգ, որը խոչընդոտում է թույլատրելի սահմանները գերազանցող քանակով ռադիոակտիվ նյութերի արտահոսքը շրջակա միջավայր.

խափանումներ` ընդհանուր պատճառներով` մեկ խափանման կամ անձնակազմի սխալի, կամ արտաքին կամ ներքին ազդեցության կամ այլ ներքին պատճառով առաջացած համակարգերի (տարրերի) խափանումներ.

ծանր վթար` նախագծային առավելագույն սահմանը գերազանցող, միջուկային վառելիքի վնասվածքով ուղեկցվող արտանախագծային վթար, որի դեպքում կարող է գերազանցվել ռադիոակտիվ նյութերի շրջակա միջավայր արտանետման թույլատրելի վթարային սահմանը.

ճառագայթահարում` մարդու վրա իոնացնող ճառագայթման ազդեցությունը.

նախագծային վթար` վթար, որի համար նախագծով որոշված են ելակետային պատահարներն ու վերջնական վիճակը, նախատեսված են անվտանգության համակարգերը, որոնք հաշվի առնելով անվտանգության համակարգերի եզակի խափանման սկզբունքը կամ անձնակազմի կողմից թույլ տրված եզակի սխալը, ելակետային պատահարի հետ միասին, ապահովում են դրա հետևանքների սահմանափակումը` նման վթարների համար որոշված սահմաններում.

բնականոն շահագործում` շահագործում` ԱԷԿ-ի նախագծով սահմանված շահագործման սահմաններում և պայմաններում.

չհայտնաբերվող խափանում` համակարգի (տարրի) խափանում, որը բնականոն շահագործման ժամանակ հանդես չի գալիս իր առաջացման պահին և չի հայտնաբերվում սպասարկման և ստուգման կանոնակարգով նախատեսված հսկողության միջոցներով.

վթար` ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ, որի ժամանակ տեղի է ունեցել անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի ելք և (կամ) իոնացնող ճառագայթման տարածում` նախագծով նախատեսված նորմալ շահագործման սահմաններից դուրս: Վթարը բնութագրվում է ելակետային պատահարով, զարգացման ուղիներով և հետևանքներով.

Օգտագործված հապավումներն են`

 

ԱԳՀՀ - ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգ

ԱԷԿ  - ատոմային էլեկտրակայան

ԱԷՄԳ - Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն

ԱՀՀ  - անվտանգության հիմնավորման հաշվետվություն

ԱՋԱՀ - աշխատած ջերմանջատիչ հավաքվածք

ՀԱԷԿ - Հայկական ատոմային էլեկտրակայան

ԲԿՎ  - բլոկի կառավարման վահանակ

ԳՇՊ  - գլխավոր շրջանառու պոմպ

ԿՊՀ  - ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգ

    ՇԳ    - շոգեգեներատոր

ՀԿՏ   - համակարգ/կառույց/տարր

ՋԱՀ  - ջերմանջատիչ հավաքվածք

ՋԱՏ  - ջերմանջատիչ տարր

ՌԱԹ  - ռադիոակտիվ թափոններ

ՊԴԷԿ - պահուստային դիզելային էլեկտրակայան

    ՊՏ    - պայմանական տրամագիծ

ՎԷՀ   - վթարային էլեկտրասնուցման համակարգ

LBB  - Leak before break

 

III. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հաշվետվության հիմնական մասը և հավելվածները պետք է հաստատված լինեն շահագործող կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:

ԱՀՀ-ի համապատասխան բաժինները պետք է պարունակեն մշակողների կողմից ստորագրված տիտղոսաթերթեր: ԱՀՀ-ն պետք է պարունակի օգտագործված գրականության ցանկ` ներառյալ հրապարակումներ, գիտատեխնիկական հաշվետվություններ, շահագործման փաստաթղթեր և այլ հղումներ:

ԱՀՀ-ն պետք է ներկայացվի առանձին թղթապանակների տեսքով: Յուրաքանչյուր թղթապանակ պետք է պարունակի ԱՀՀ-ի առանձին բաժինները: Յուրաքանչյուր թղթապանակի վրա պետք է նշվի ԱԷԿ-ի անվանումը, էներգաբլոկի համարը, բաժնի անվանումը:

ԱՀՀ-ի կազմում ներկայացված բոլոր տեքստային նյութերը պետք է տպագրվեն համակարգչային տպագրական սարքի օգտագործմամբ` Ա4 ձևաչափի սպիտակ թղթի մեկ կողմի վրա: Գրաֆիկական նյութերը պետք է ներկայացվեն ոչ ավելի, քան Ա3 ձևաչափի թղթի վրա` կարդալու համար հարմար մասշտաբով:

Հապավումները և տերմինները պետք է համապատասխանեն բնագավառում ընդունված տերմինաբանությանը և նույն կերպ օգտագործվեն ԱՀՀ-ի բոլոր բաժիններում: ԱՀՀ-ի տեքստում փոփոխություններ, լրացումներ կատարվում են էջերը փոխարինելու միջոցով:

ԱՀՀ-ն` ներառյալ հավելվածները, կարգավորող մարմին պետք է ներկայացվի թղթային` երկու օրինակ և էլեկտրոնային տարբերակներով:

 

IV. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԱՀՀ-ն կազմված է հիմնական մասից և հավելվածներից: Հիմնական մասը բաղկացած է բաժիններից և ենթաբաժիններից ու պետք է պարունակի էներգաբլոկի անվտանգության ընթացիկ և սպասվելիք վիճակը բնութագրող բոլոր գործոնների դիտարկումն ու գնահատումը` ներառյալ վերլուծությունների մեթոդակարգերի նկարագրությունը:

Հավելվածներում պետք է շարադրվի էներգաբլոկի անվտանգության վերլուծությունների մանրամասն նկարագրությունը:

ԱՀՀ-ում պարունակվող տեղեկությունները պետք է շարադրված լինեն սեղմ տեսքով, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար մատչելի ձևով և անկախ փորձագիտական գնահատումներ անցկացնելու համար բավարար ծավալով: Հավելվածներում հնարավոր առավելագույն ծավալով պետք է ներկայացվեն ԱՀՀ-ում ներկայացված հիմնական դրույթների պարզաբանման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, կիրառված մեթոդիկայի նկարագրումը և վերլուծության արդյունքները: Հավելվածների մշակման ժամանակ պետք է օգտագործել սույն փաստաթղթի համապատասխան բաժիններում շարադրված մեթոդակարգերը և վերլուծության ծավալին ներկայացվող պահանջները:

 

V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ներածություն և ամփոփ տեղեկություն

Համառոտ տեղեկություն նախագծի, կառուցման, շահագործման հանձնելու և շահագործման վերաբերյալ

ԱՀՀ-ի տվյալ բաժնում պետք է ներկայացնել համառոտ տեղեկություն էներգաբլոկի սկզբնական նախագծի մշակման, կառուցման և շահագործման հանձնելու պատմության մասին: Նշել էներգաբլոկի նախագծմանը, կառուցմանը և շահագործմանը վերաբերող կառավարման մարմինների (այդ թվում` նախկին Խորհրդային Միության) համապատասխան որոշումները և դրանց ընդունման տարեթվերը: Նշել տվյալներ էներգաբլոկի սկզբնական նախագծի մշակման և էներգաբլոկի կառուցման համար պատասխանատու կազմակերպությունների մասին:

Բերել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և կարգավորող մարմնի թույլտվությունների վերաբերյալ: Նշել էներգաբլոկի անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը և գործառույթները` ներառյալ գիտահետազոտական ինստիտուտները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, հետազոտական լաբորատորիաները և այլ կազմակերպություններ: Նշել նաև այն կազմակերպությունները, որոնք ներգրավված են ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման, ինչպես նաև շահագործման նախագծային ժամկետի երկարացման, նոր տեղադրվող սարքավորումների մոնտաժման, կարգաբերման, փորձարկման և տեխնիկական սպասարկման համար: Նշել համակարգերի շահագործումը և (կամ) տեխնիկական սպասարկումը պայմանագրային հիմունքներով իրականացնող այլ կազմակերպության մասին: Բերել տեղեկություններ ԱՀՀ-ի մշակմանն ուղղված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, մշակող կազմակերպությունների ցանկը, դրանց կողմից միջուկային էներգիայի օգտագործման բնագավառում աշխատանքներ կատարելու իրավասությունների հաստատմամբ:

Անվտանգության բարձրացման միջոցառումները

Տվյալ բաժնում անհրաժեշտ է ներկայացնել`

- արդեն իսկ իրականացված, այդ թվում` նաև շահագործման ժամկետի երկարացման ընթացքում, անվտանգության բարձրացման միջոցառումները և դրանց ազդեցությունը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի վրա.

- հակիրճ` պլանավորվող անվտանգության բարձրացման միջոցառումները, հղում կատարելով սույն հաշվետվության համապատասխան գլխին:

Հաշվետվության խնդիրները, կառուցվածքը և կազմակերպումը

Տվյալ բաժնում անհրաժեշտ է հստակ սահմանել ԱՀՀ-ի խնդիրները: Այդ խնդիրները պետք է ներառեն`

- էներգաբլոկի նախագծում օգտագործված անվտանգության հայեցակարգի ու տեխնիկական լուծումների համապատասխանության վերլուծությունը միջուկային, ճառագայթային և տեխնիկական անվտանգության գործող նորմերի ու կանոնների պահանջներին.

- գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներից` էներգաբլոկի նախագծի հնարավոր շեղումների հայտնաբերումը, էներգաբլոկի անվտանգության վրա դրանց ազդեցության վերլուծությունը, փոխհատուցող միջոցների համապատասխանության ապացույցը` ներառյալ տեղակայանքի անվտանգության բարձրացման միջոցառումները.

- կառույցների, համակարգերի և բաղադրամասերի տեխնիկական վիճակի բավարար մակարդակի հիմնավորումը.

- հիմնավորում, որ էներգաբլոկի շահագործման ընթացակարգերը, անվտանգ շահագործման սահմաններն ու պայմանները, կառավարման և գերատեսչական հսկողության սխեմաներն ու որակի ապահովման համակարգն ապահովում են Հայաստանի Հանրապետության ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությամբ նախատեսված` շահագործող կազմակերպության գործառույթների արդյունավետ իրականացումը.

- հիմնավորում, որ էներգաբլոկի շահագործման փաստացի ազդեցությունն անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա չի գերազանցում նորմատիվ փաստաթղթերով ու կարգավորող մարմնի կողմից սահմանված անվտանգության չափանիշները և սահմանները:

Տվյալ բաժնում անհրաժեշտ է միայն հաստատել, որ վերը շարադրված կետերը հանդիսանում են ԱՀՀ-ի խնդիրները. այդ դրույթների մանրամասն դիտարկումը պետք է կատարվի հաջորդ բաժիններում:

Հրապարակի բնութագրերը

Տվյալ ենթաբաժնում պետք է ներկայացնել տեղեկատվություն հրապարակի և հարակից տարածքի երկրաբանական, սեյսմոլոգիական, հրաբխային, հիդրոլոգիական և օդերևութաբանական բնութագրերի, ինչպես նաև ներկա և կանխատեսվող բնակչության բաշխման և հողօգտագործման վերաբերյալ: Պետք է ներառել բավարար տվյալներ` անկախ գնահատում կատարելու համար:

ԱՀՀ-ն պետք է ներառի տեղեկատվություն հրապարակի գնահատման վերաբերյալ` ներառյալ.

- հրապարակին բնորոշ տեխնածին կամ բնական ծագում ունեցող այն վտանգները, որոնք պետք է դիտարկվեն որպես ՀԱԷԿ-ի անվտանգության վրա ազդեցություն ունեցող արտաքին ազդակներ.

- արտաքին ազդակի ծագման հավանականությունը և ուժգնությունը (մագնիտուդը).

- հրապարակի երկրաբանական, սեյսմոլոգիական, հրաբխային, հիդրոլոգիական և օդերևութաբանական տվյալները, որոնք դրված են նախագծի հիմքում.

- վթարային պատրաստվածության ու վթարների կառավարման վրա հրապարակից բխող վտանգների նկարագրությունը.

- հրապարակին բնորոշ վտանգների մոնիթորինգի համակարգի նկարագրությունը:

Հրապարակի բնութագրերի գնահատման արդյունքները պետք է օգտագործվեն որպես հիմք ՀԿՏ-ների (համակարգ/կառույց/տարր) նախագծման և որակավորման համար: Դա պետք է մանրամասն նկարագրվի ԱՀՀ-ի հետագա բաժիններում:

Աշխարհագրություն և ժողովրդագրություն

Տվյալ բաժնում նկարագրվում է հրապարակի աշխարհագրական դիրքը, ինչպիսի սահմանափակումներ են գործում ՀԱԷԿ-ի հրապարակում և հրապարակին կից տարածքում` ներառյալ ավիաթռիչքի բացառման գոտիները: Պետք է նշվեն համապատասխան տվյալներ ՀԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիներում բնակչության բաշխման ու խտության, ինչպես նաև հանրային ու մասնավոր հաստատությունների (օդանավակայաններ, երկաթգծային կայարաններ, գործարաններ և այլ արդյունաբերական օբյեկտներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ոստիկանական ծառայություններ, հակահրդեհային ծառայություններ և քաղաքային ծառայություններ) վերաբերյալ: Պետք է տալ կանխատեսումներ ՀԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիներում բնակեցված տարածքներում բնակչության աճի վերաբերյալ:

Տվյալ բաժնում պետք է նաև ներառել տեղեկատվություն ՀԱԷԿ-ի վթարային պլանավորման գոտիներում գտնվող տարածքում հողօգտագործման և ջրային պաշարների և դրանց օգտագործման վերաբերյալ:

Հրապարակին բնորոշ վտանգների գնահատում

Տվյալ բաժնում պետք է ներկայացնել հրապարակում բնական և տեխնածին վտանգների գնահատման արդյունքները: Այն տարածքներում, որտեղ իրականացվում են վարչական միջոցառումներ, այդ վտանգները մեղմելու նպատակով (հատկապես տեխնածին վտանգների դեպքում) ներկայացնել տեղեկատվություն դրանց վերաբերյալ:

Պետք է ներկայացնել վտանգի ընտրության կամ բացառման հիմնավորումը և ցույց տալ, թե ինչպես է տվյալ վտանգը հաշվի առնվել նախագծում:

Պետք է ներկայացնել վտանգների հնարավոր համադրության վերլուծության արդյունքները և տեղեկատվություն` նշված վերլուծության հիման վրա իրականացված անվտանգության միջոցառումների վերաբերյալ:

Պետք է նկարագրել վտանգների պարբերաբար վերանայման համակարգը:

Մոտակա արդյունաբերական, տրանսպորտային և ռազմական օբյեկտները

Տվյալ բաժնում պետք է ներկայացնել հրապարակի մոտակայքում առկա կամ առաջարկվող (պլանավորվող) արդյունաբերական, տրանսպորտային կամ այլ օբյեկտներում հնարավոր պատահարների հետևանքների գնահատման արդյունքները: Պետք է հիմնավորել ի հայտ բերված վտանգների ներառումը կամ բացառումը` որպես նախագծային ազդակ:

ՀԱԷԿ-ի հրապարակում գործունեության իրականացման ընթացքում ՀԱԷԿ-ի անվտանգության վրա ազդող գործունեություններ

Տվյալ բաժնում պետք է նկարագրել ՀԱԷԿ-ի հրապարակում իրականացվող այն գործունեությունը, որը կարող է ազդել անվտանգության վրա, և նշել` ինչպես է այդ վտանգներից պաշտպանությունը հաշվի առնված ՀԱԷԿ-ի նախագծում:

Հիդրոլոգիա

Տվյալ բաժնում պետք է ներկայացվի բավարար տեղեկատվություն գնահատելու հրապարակի հիդրոլոգիական պայմանների հնարավոր հետևանքների ազդեցությունը ՀԱԷԿ-ի անվտանգության վրա, օրինակ` տեղատարափ անձրևը, տարբեր պատճառներով առաջացող հեղեղումները և այլն: Բացի դրանից, պետք է ներկայացնել տեղեկություն երկրաշարժի արդյունքում առաջացող հնարավոր ջրային ազդեցությունների վերաբերյալ:

Օդերևութաբանություն

Տվյալ բաժնում պետք է նկարագրել հրապարակի և դրան հարակից տարածքի օդերևութաբանական պայմանները` հաշվի առնելով տարածաշրջանային և տեղական կլիմայական ազդեցությունները: Այդ նպատակով պետք է փաստաթղթավորել հրապարակում օդերևութաբանական մոնիթորինգի ծրագրերի իրականացման արդյունքում ստացած տվյալները: ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված պետք է գնահատել օդերևութաբանական պարամետրերի առավելագույն արժեքները, այդ թվում` ջերմաստիճանը, խոնավության մակարդակը, կայծակը, քամու արագությունը և ձյան բեռնվածությունը: Պետք է վերլուծել օդերևութաբանական երևույթների երկրորդային ազդեցությունների առաջացման պայմանները:

Երկրաբանություն, սեյսմոլոգիա և երկրատեխնիկական հետազոտություններ

Տվյալ բաժնում պետք է ներկայացնել տեղեկատվություն հրապարակի և հարակից տարածքի սեյսմիկ և տեկտոնային բնութագրերի վերաբերյալ: Սեյսմիկ վտանգների գնահատումը պետք է հիմնված լինի համապատասխան երկրատեկտոնիկ մոդելի վրա` հիմնավորված համապատասխան ապացույցներով և տվյալներով:

Պետք է ներկայացնել նաև հրապարակի ելակետային տվյալները, որոնք վերաբերում են հողի երկրատեխնիկական հատկություններին և ստորգետնյա ջրերի հիդրոլոգիային: Պետք է ներկայացնել հիմքերի նախագծման, հող-կառույց փոխազդեցության գնահատման, վերգետնյա և ստորգետնյա շինությունների կառուցման համար օգտագործված տվյալները:

ՀԱԷԿ-ի հրապարակում ճառագայթային իրավիճակը

Տվյալ բաժնում պետք է մանրամասն նկարագրել ՀԱԷԿ-ի հրապարակում սկզբնական և առկա ճառագայթային իրավիճակը և ներկայացնել ճառագայթային մոնիթորինգի համակարգերի նկարագրությունը:

Հրապարակի բնութագրերը կապված վթարային պլանավորման և վթարների կառավարման հետ

Տվյալ բաժնում պետք է ներկայացնել ծանր վթարի դեպքում վթարային հակազդման միջոցառումների իրագործելիությունը` ՀԱԷԿ-ի տրանսպորտային ուղիների հասանելիության առումով: Պետք է ներկայացնել հրապարակից դուրս համապատասխան ենթակառուցվածքների նկատմամբ սահմանված պահանջները և դրանց իրականացումը:

Հրապարակին վերաբերող պարամետրերի մոնիթորինգ

Տվյալ բաժնում պետք է նկարագրել հրապարակի բնութագրիչ պարամետրերի` ներառյալ սեյսմիկ, մթնոլորտային, հիդրոլոգիական, ժողովրդագրական, արդյունաբերական և տրանսպորտային զարգացումների մոնիթորինգը:

Պետք է նկարագրել մոնիթորինգի իրականացումը և մոնիթորինգի արդյունքում ձեռքբերված տվյալների օգտագործումը` ճշտելու և անհրաժեշտության դեպքում վերագնահատելու հրապարակի հետ կապված վտանգները և դրանց պարամետրերը:

Էներգահամակարգի և ՀԱէԿ-ի փոխազդեցությունը

Տվյալ բաժնում պետք է ներկայացնել տեղեկատվություն էներգահամակարգի հզորության, հուսալիության, կայունության և խոցելիության վերաբերյալ: ԱՀՀ-ում պետք է ներկայացնել տեղեկություն էներգահամակարգի վրա արտաքին վտանգների ազդեցության վերլուծության, ինչպես նաև այդ վտանգները մեղմելու համար նախատեսված գործնական լուծումների վերաբերյալ: Պետք է տալ տեղեկություն էներգահամակարգի և ՀԱԷԿ-ի փոխազդեցության` ներառյալ ՀԱԷԿ-ի էլեկտրամատակարարման գծերի անկախության և քանակի վերաբերյալ:

ԱՀՀ-ում պետք է նկարագրել ՀԱԷԿ-ի աշխատանքի դադարեցման դեպքում արտաքին էներգամատակարարման ընդհատման հավանականությունը նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցառումները:

Ընդհանուր տեղեկություններ ռեակտորային տեղակայանքի վերաբերյալ

Ընդհանուր տեղեկություններ և հիմնական տեխնիկական բնութագրեր

Տվյալ բաժինը պետք է ներառի ռեակտորային տեղակայանքի համառոտ նկարագրությունը: Անհրաժեշտ է հղումներ կատարել 5.3-րդ գլխի վրա, որը պարունակում է ռեակտորային տեղակայանքի ընդհանուր նկարագրությունը:

Տեխնոլոգիական սխեմա

Տվյալ բաժնում պետք է ներկայացվի էներգաբլոկի սկզբունքային տեխնոլոգիական սխեման, որը ներառում է ռեակտորը, գլխավոր շրջանառու պոմպերը, առաջին կոնտուրի հիմնական խողովակաշարերը, շոգեգեներատորները, ճնշման փոխհատուցիչը, շոգեմուղները, շոգետուրբինային տեղակայանքը, տուրբագեներատորները, կոնդենսատասնուցման ուղին (տրակտ):

Սխեմայի վրա պետք է նշվեն հերմետիկ պատվարների սահմանները: Սխեման պետք է լրացվի հիմնական տեխնոլոգիական սարքավորման, դրա նշանակության և փոխազդեցության համառոտ նկարագրությամբ: Տեխնոլոգիական համակարգերի նկարագրման դեպքում պետք է նշվեն կառավարման և հսկման հիմնական միջոցները: Անհրաժեշտ է տալ հղումներ այն փաստաթղթերի վրա, որտեղ ներկայացված է էներգաբլոկի կոնկրետ տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների մանրամասն նկարագրությունը` հաշվի առնելով շահագործման ընթացքում դրանց մոդիֆիկացիան և վերակառուցման միջոցառումները:

Էներգաբլոկի հիմնական տեխնիկական պարամետրերը

Աղյուսակի ձևով պետք է ներկայացվեն էներգաբլոկի հիմնական տեխնոլոգիական և տեխնիկական բնութագրերը, այդ թվում`

- անվանական էլեկտրական հզորությունը.

- ռեակտորային տեղակայանքի անվանական ջերմային հզորությունը.

- առաջին և երկրորդ կոնտուրի ջերմատարի պարամետրերը բնորոշ կետերում.

- տեղադրված հզորության օգտագործման հաշվարկային գործակիցը.

- սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը.

- միջուկային վառելիքի հիմնական բնութագրերը (սկզբնական հարստացում, միջին և առավելագույն այրման խորություն, ռեակտորի ակտիվ գոտու ընդհանուր ծավալը, ամենամյա վերաբեռնման ծավալը).

- էներգաբլոկի հիմնական սարքավորումների և ամբողջությամբ էներգաբլոկի շահագործման հաշվարկային ժամկետը,

- էներգաբլոկի նախագծով նախատեսված հիմնական տեխնոլոգիական գործընթացները բնութագրող այլ պարամետրերը:

Էներգաբլոկի շահագործման ռեժիմները

Տվյալ բաժնում պետք է ներկայացվի տեղեկություն էներգաբլոկի շահագործման առավել բնորոշ ռեժիմների վերաբերյալ, նշվեն բազային և թույլատրելի մանևրային ռեժիմների բնութագրերը: Բոլոր ռեժիմների համար անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ էներգաբլոկի ամբողջ կենսական ցիկլի ընթացքում ռեժիմների քանակի սահմանափակման մասին, բնականոն և վթարային պայմաններում ռեակտորային տեղակայանքի սարքավորումների և խողովակաշարերի տաքացման ու հովացման սահմանային արագությունների մասին և ռեակտորային տեղակայանքի հզորության տարբեր մակարդակներում բեռնվածության փոփոխման արագության վերաբերյալ:

Փոխազդեցություն էներգահամակարգի հետ

Տվյալ բաժնում պետք է նկարագրվեն էլեկտրաէներգիայի արտահանման սխեման և դրա հիմնական բնութագրերը (էլեկտրահաղորդման լարերի քանակությունը, հզորությունը, լարումը), էներգաբլոկի շահագործման ռեժիմների վրա ազդող էներգահամակարգի ավտոմատիկայի և ռելեային պաշտպանության աշխատանքի ռեժիմները: Անհրաժեշտ է նշել էներգահամակարգի աշխատանքի խախտումների հետ կապված ռեժիմները, որոնք բերում են էներգաբլոկի բեռնվածության նվազեցմանը (ընդհուպ մինչև սեփական կարիքներ) և դրանց թույլատրելի քանակն էներգաբլոկի կյանքի տևողության ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է նաև ներկայացնել տեղեկություն արտաքին աղբյուրներից էներգաբլոկի սեփական կարիքների էլեկտրասնուցման վերականգնման համար անհրաժեշտ ժամանակի մասին:

Անվտանգության հիմնավորման օրենսդրական և նորմատիվ բազան

Տվյալ բաժնում պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ցանկը, որոնց պահանջները դրված են էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հիմքում:

Անվտանգության հիմնավորման հիմքում դրված հիմնական փաստաթղթերի ցանկը

Տվյալ բաժնում` աղյուսակի տեսքով պետք է ներկայացվեն այն փաստաթղթերը, որոնք ԱՀՀ-ի մշակման ընթացքում օգտագործվել են և իրականացվել են հղումներ: Փորձարկման և վերլուծության արդյունքները կարող են ներկայացվել առանձին հաշվետվության ձևով կամ համապատասխան հավելվածների կազմում: Այդ դեպքերում անհրաժեշտ է տվյալ բաժնում հղումներ կատարել այդ հաշվետվությունների վրա և համառոտ ներկայացնել ԱՀՀ-ի համապատասխան բաժնում:

Համապատասխանությունն անվտանգության պահանջներին

Տվյալ բաժնում անհրաժեշտ է նշել ԱՀՀ-ում ներկայացված տեղեկության ամբողջականության ու սահմանված պահանջների հետ համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն: Եթե ներկայացված տեղեկությունը լրիվ ծավալով չի համապատասխանում կարգավորող մարմնի պահանջներին, ապա պետք է դա նշել և բերել անհրաժեշտ բացատրություններ:

Անվտանգության ապահովման հայեցակարգը

Անվտանգության ապահովման նպատակները և դրանց իրականացման սկզբունքները

Տվյալ բաժնում անհրաժեշտ է ձևակերպել անվտանգության ապահովման նպատակները, որոնց իրականացումը պետք է ապացուցվի հետագա բաժիններում: Պետք է թվարկել անվտանգության ապահովման սկզբունքները, որոնց արդյունավետ իրականացումն էներգաբլոկի նախագծում և շահագործման պրակտիկայում պետք է ցուցադրվի ԱՀՀ-ում:

Անվտանգության ապահովման նպատակները

Տվյալ բաժնում անհրաժեշտ է շարադրել էներգաբլոկի անվտանգության ապահովման ընդհանուր և լրացուցիչ (տեխնիկական և ճառագայթային) նպատակները:

Ընդհանուր նպատակ` ՀԱԷԿ-ում արդյունավետ տեխնիկական և կազմակերպական պաշտպանական միջոցների ստեղծման և պահպանման ճանապարհով պետք է ապահովվի անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը ճառագայթային վտանգից:

Անվտանգության ապահովման տեխնիկական նպատակ` պետք է ձեռնարկվեն գործնականում իրականացվող բոլոր տեխնիկական և կազմակերպական միջոցները, որպեսզի`

- կանխվի վթարը և նվազեցվեն դրա հետևանքները.

- ապահովվի, որ էներգաբլոկի նախագծում հաշվի առնված վթարների հետևանքները չգերազանցեն ճառագայթային անվտանգության նորմերը.

- ապահովվի ծանր հետևանքների բերող արտանախագծային վթարի առաջացման չափազանց փոքր հավանականությունը:

Ճառագայթային պաշտպանության նպատակ` անհրաժեշտ է ապահովել, որպեսզի`

- բնականոն շահագործման ժամանակ անձնակազմի և բնակչության ճառագայթահարման դոզան գտնվի խելամտորեն հասանելի ցածր մակարդակի վրա և չգերազանցի սահմանված թույլատրելի արժեքը.

- վթարով պայմանավորված, էներգաբլոկի սահմաններից դուրս ռադիոակտիվ նյութերի արտահոսքի, արտանետման սահմանափակումը և դրանցով պայմանավորված ճառագայթային հետևանքների մեղմացումը:

Նախագծային չափանիշները և անվտանգության ապահովման սկզբունքները

Տվյալ բաժինը պետք է պարունակի նախագծման պահին գոյություն ունեցող նախագծման և շահագործման ժամանակ կիրառվող անվտանգության ապահովման հիմնական չափանիշների և սկզբունքների նկարագրությունը: Տվյալ բաժնում պետք է հղում կատարվի էներգաբլոկի նախագծման, կառուցման և շահագործման ընթացքում օգտագործված անվտանգության ապահովման միջոցառումներին վերաբերող նորմերի և կանոնների վրա:

Շեղումներ պահանջներից

Այս բաժինը պետք է նկարագրի գոյություն ունեցող և ԱՀՀ-ի մշակման ժամանակ գործող նորմատիվային պահանջներից բոլոր շեղումները: Բաժինը պետք է պարունակի անվտանգության վրա պահանջներից շեղումների ազդեցության վերլուծությունը` հղումներ անելով այն որոշումների վրա, որոնց համաձայն թույլատրվել է էներգաբլոկի շահագործումն այդ շեղումներով:

Բաժնում պետք է վերլուծել ԱԷԿ-ի անվտանգության ընդհանուր դրույթների, ԱԷԿ-ի ռեակտորային տեղակայանքի միջուկային անվտանգության կանոնների և սեյսմակայուն ԱԷԿ-ների նախագծման նորմերի պահանջների կատարման վիճակը: Եթե նշված փաստաթղթերի պարտադիր պայմանները դեռ չեն կատարվել, ապա պետք է ներկայացնել դրանց կատարման ժամանակացույցը կամ այդ պահանջների իրականացման անհնարինության հիմնավորումը:

Անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներին և գործառույթներին վերաբերող նախագծային լուծումները

Տվյալ բաժնում պետք է ներկայացնել անվտանգության ապահովման հիմնական սկզբունքների և գործառույթների ներդրմանը վերաբերող նախագծային լուծումների համառոտ նկարագրությունը:

Անհրաժեշտ է տալ կազմակերպական միջոցառումների նկարագրությունը, որոնք ապահովում են էներգաբլոկի անվտանգության վրա նախագծի փոփոխման անբարենպաստ ազդեցության բացառումը:

Անվտանգության համակարգի մոդիֆիկացիան

Տվյալ բաժնում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի մոդիֆիկացիայի և շահագործման ռեժիմների փոփոխությունների վերաբերյալ:

Անհրաժեշտ է նաև ներկայացնել տեղեկություն մոդիֆիկացված համակարգերի տեխսպասարկման, նորոգման, փորձարկման և հսկողության մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Ներքին ինքնակարգավորման հատկությունների օգտագործումը

Տվյալ բաժնում պետք է նկարագրել բնականոն շահագործման, անցումային պրոցեսների և վթարների ժամանակ ռեակտորային տեղակայանքի ինքնակարգավորման հատկությունների օգտագործումը:

Անվտանգության ապահովման տեխնիկական սկզբունքը

Տեխնիկական սկզբունքների թվում հիմնական շեշտը պետք է դրվի իոնացնող ճառագայթման ու ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ հաջորդական պատվարների համակարգի և այդ պատվարների պաշտպանության ու արդյունավետության պահպանման միջոցները ներառող էշելոնային պաշտպանության հայեցակարգի վրա:

Տվյալ բաժինը պետք է ցույց տա, թե ինչպես է կիրառվել էշելոնային պաշտպանության սկզբունքը ՀԱԷԿ-ի նախագծման և շահագործման ժամանակ: Ինժեներատեխնիկական և կազմակերպական միջոցները պետք է կազմեն ԱԷԿ-ների անվտանգության ընդհանուր դրույթներում նշված էշելոնային պաշտպանության հինգ մակարդակները:

Լրացուցիչ տարրերը, որոնք անհրաժեշտ է դիտարկել որպես էշելոնային պաշտպանության մաս, ներառում են`

- բնականոն շահագործման ժամանակ առաջին կոնտուրի հովացման համակարգի հուսալիությունը.

- պահուստավորման, տարածական և գործառութային բաժանման ու եզակի խափանման սկզբունքների հիման վրա անվտանգության համակարգերի կիրառումը.

- բնականոն շահագործման ժամանակ անձնակազմի ճառագայթահարման դոզայի հսկողությունը.

- շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի չվերահսկվող արտանետման կանխման նպատակով բազմաթիվ պատվարների օգտագործումը (ՋԱՏ-ի պատյանի և ջերմատարի` առաջին կոնտուրի ամբողջականությունը ներառյալ).

- անվտանգության կրիտիկական գործառույթների (ակտիվ գոտու հզորությունը և ռեակտիվությունը ներառյալ) հսկման և կառավարման տարբեր միջոցների ապահովմանն ուղղված միջոցառումները.

- բնականոն շահագործումից շեղումների սահմանափակման և աշխատանքի բնականոն ռեժիմի վերականգնման ապահովման, ինչպես նաև վթարից հետո անվտանգ դադարի պայմաններին հասնելու նպատակով սարքավորումները և կազմակերպական միջոցառումները.

- միջուկային վառելիքի փոխադրման, պահման և վերաբեռնման ժամանակ միջուկային անվտանգության պահանջների կատարումը.

- վթարային հակազդման համար անհրաժեշտ վթարային արտանետման հսկման միջոցները.

- վթարային հակազդման արդյունավետ պլանների մշակումը:

Նշվածից բացի, պետք է նկարագրել անվտանգության բարձրացմանն ուղղված այլ միջոցներ, առկայության դեպքում:

Էներգաբլոկի անվտանգության հայեցակարգը

Տվյալ բաժնում պետք է շարադրվեն էներգաբլոկի անվտանգության նախագծային հայեցակարգի հիմնական դրույթները: Էներգաբլոկի անվտանգության նախագծային հայեցակարգի նկարագրման ժամանակ անհրաժեշտ է ցույց տալ, թե որքանով է այն հաշվի առնում 5.2.1-ին և 5.2.2-րդ բաժիններում շարադրված անվտանգության նպատակները և դրանց իրականացման սկզբունքները:

Անհրաժեշտ է ներկայացնել, ըստ գործառույթների, անվտանգության համար կարևոր համակարգերի ցանկը և ընդհանուր նկարագրությունը: Հաշվետվության համապատասխան բաժիններում անհրաժեշտ է հղումներ կատարել անվտանգության առանձին համակարգերի և սարքերի կազմի ու գործառույթների մանրամասն նկարագրության վրա: Պետք է համառոտ նկարագրվեն անվտանգության համակարգերը` ներառյալ գործառութային դերը, աշխատանքի սկզբունքը (ակտիվ, պասիվ), անվտանգության նույն գործառույթը կատարող զուգահեռ կանալների առկայությունը և այդ կանալների տարրերի պահեստավորումը, տարբեր կանալների տարածական բաժանումը, տարբեր մեթոդների կիրառումն ըստ գործողության սկզբունքի` տվյալ անվտանգության գործառույթը կատարելու համար, եզակի խափանման սկզբունքի հաշվի առնելը:

Անհրաժեշտ է նաև համառոտ բնութագրել բնականոն շահագործման համակարգերի մասնակցության չափն անվտանգության գործառույթների կատարման գործում:

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի վերլուծությունը

Տվյալ բաժնում պետք է ներկայացվեն անվտանգության համար կարևոր համակարգերի ու տարրերի ցանկը և դասակարգումը: Պետք է նկարագրվի դրանց գործառույթների արդյունավետության և հուսալիության վերլուծության մեթոդիկան, ներկայացվի բոլոր համակարգերի վերլուծության` ընդհանրացված արդյունքները, իսկ սահմանափակ ցանկի համար (5.3.3-րդ կետի համաձայն) ավելի մանրամասն շարադրմամբ:

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգումը

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգումը պետք է հիմնվի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջների վրա:

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգումը և կառուցվածքների դասը պետք է ներկայացվեն աղյուսակի տեսքով, ընդ որում, պետք է նշվեն`

- անվտանգության դասը (կախված դասակարգվող համակարգի կամ տարրի խափանման ազդեցությունից վառելիքի վնասվածության վրա, փակ կոնտուրի սահմաններից դուրս ռադիոակտիվության արտահոսքից, արտանետումից կամ անվտանգության համակարգերի գործարկումից).

- խումբը, որը որոշվում է սարքավորումների պատրաստման որակին ներկայացվող պահանջներով (ճնշման տակ աշխատող սարքավորումների և տարրերի համար).

- սեյսմակայունության կատեգորիան.

- էլեկտրասնուցման կատեգորիան:

Բացի դրանից, դասակարգման մեջ պետք է նշվի անվտանգության գործառույթը (գործառույթները), որն իրականացվում է դիտարկվող ՀԿՏ-ի օգնությամբ և որի կատարման արդյունավետությունը պետք է վերլուծել ԱՀՀ-ի «Համակարգերի վերլուծությունը» բաժնում: Անվտանգության գործառույթի որոշման ժամանակ պետք է ելնել N 1 աղյուսակում ներկայացված ցանկից:

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի դասակարգման հիմնավորումը պետք է բերվի ԱՀՀ-ում:

 

Աղյուսակ N 1. Անվտանգության գործառույթների ցանկը

 

._____________________________________________________________________.

|1. |Բնականոն շահագործման սահմանների և  պայմանների խախտում առաջացնող  |

|   |ռեակտիվության փոփոխությամբ պայմանավորված անցումային գործընթացների|

|   |կանխում                                                          |

|___|_________________________________________________________________|

|2. |Դադարի վիճակում ռեակտորի անվտանգության պահպանում                 |

|___|_________________________________________________________________|

|3. |Շահագործման բոլոր վիճակներում, ներառյալ կանգառի ռեժիմը, ակտիվ    |

|   |գոտու հովացման համար ռեակտորի մեջ ջերմատարի բավարար քանակության  |

|   |պահպանում                                                        |

|___|_________________________________________________________________|

|4. |Ռեակտորի ավտոմատ կանգառ, որն իրականացվում է, որպեսզի բնականոն    |

|   |շահագործման ռեժիմից խախտումները չվերածվեն վթարային վիճակի և      |

|   |որպեսզի մեղմացվեն վթարի հետևանքները                              |

|___|_________________________________________________________________|

|5. |Առանց առաջին կոնտուրի ամբողջականության խախտմամբ և  դրա խախտմամբ  |

|   |վթարի ժամանակ և  վթարից հետո ակտիվ գոտու հովացման համար ռեակտորի |

|   |մեջ ջերմատարի բավարար քանակության պահպանում                      |

|___|_________________________________________________________________|

|6. |Էներգաբլոկի անվտանգության վրա ազդող համակարգերից ջերմության      |

|   |հեռացում դեպի վերջնական կլանիչ                                   |

|___|_________________________________________________________________|

|7. |Անվտանգության համակարգերի աշխատունակության ապահովում (էլեկտրական,|

|   |պնևմատիկ  և  հիդրավլիկ էներգիայով, քսուքով ապահովում և  այլն)    |

|___|_________________________________________________________________|

|8. |Բնականոն շահագործման պայմաններում և  նախագծային վթարների ժամանակ`|

|   |նորմատիվ պահանջներին համապատասխան ՋԱՏ-երի պատյանների             |

|   |ամբողջականության պահպանում                                       |

|___|_________________________________________________________________|

|9. |Առաջին և  երկրորդ կոնտուրների ամբողջականության պահպանում         |

|___|_________________________________________________________________|

|10.|Նախագծային վթարների ժամանակ և  դրանցից հետո հերմետիկ տարածքներից |

|   |(շինություններից) ռադիոակտիվ նյութերի արտանետման սահմանափակում   |

|___|_________________________________________________________________|

|11.|Ռեակտորին կից պահեստարանում և  դրանից դուրս, բայց ԱԷԿ-ի հրապարակի|

|   |սահմաններում գտնվող աշխատած վառելիքի պարկուճներից ռադիոակտիվ     |

|   |նյութերի արտահոսքի հսկման ապահովում                              |

|___|_________________________________________________________________|

|12.|Ռեակտորից դուրս, բայց էլեկտրակայանի հրապարակի սահմաններում պահվող|

|   |բեռնաթափված ԱՋԱՀ-ում գեներացվող մնացորդային ջերմության հեռացում  |

|___|_________________________________________________________________|

|13.|Ռեակտորից դուրս, բայց էլեկտրակայանի հրապարակի սահմաններում պահվող|

|   |ինչպես թարմ, այնպես էլ աշխատած միջուկային վառելիքի բավարար       |

|   |ենթակրիտիկայնության պահպանում                                    |

._____________________________________________________________________.

 

Համակարգերի և տարրերի վերլուծության մեթոդիկան

Անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի վերլուծության խնդիրներն են`

- ցույց տալ, որ ապահովվում է համակարգի (տարրի) վրա դրված անվտանգության գործառույթների կատարումը,

- ցույց տալ, որ համակարգը (տարրը) կատարում է իր գործառույթը, ինչպես բնականոն շահագործման ռեժիմում, այնպես էլ սարքավորումների խափանման և անձնակազմի սխալ գործողությունների դեպքում` հաշվի առնելով անվտանգության համակարգերի նախագծման սկզբունքները,

- շահագործման փորձի հիման վրա հաստատել համակարգի (տարրի) գործառութային հուսալիությունը` հաշվի առնելով դրանց կատարելագործման համար իրականացված կամ պլանավորվող միջոցները,

- հայտնաբերել ԱՀՀ-ում մանրամասն քննարկում պահանջող թերի տեղերը, այդ թվում` համակարգի (տարրի) նախագծի և հանգույցների պատրաստման թերությունները, շահագործման ռեժիմների անկատարությունը, ինչպես նաև նորմատիվ պահանջներից շեղումները:

Վերլուծությունը պետք է կատարել ստորև ներկայացված մեթոդակարգով:

Համակարգի (տարրի) դերը և նախագծային հիմունքները

Նկարագրել համակարգի դերը` ներառյալ դրա դասակարգմանը վերաբերող տվյալները: Շարադրել համակարգի նախագծի հիմքում դրված սկզբունքները և չափանիշները, այդ թվում` ռեակտորային տեղակայանքի կողմից համակարգին ներկայացվող պահանջները: Պետք է նույնպես նշել համակարգի կողմից կատարվող անվտանգության գործառույթը (գործառույթները):

Կոնստրուկցիայի և (կամ) տեխնոլոգիական սխեմայի նկարագիրը

Տալ կոնստրուկցիայի և (կամ) տեխնոլոգիական սխեմայի նկարագիրը` ընդգծելով ինքնուրույն գործառույթներ կատարող տարրերը (ենթահամակարգերը):

Ներկայացնել համակարգի (տարրի) կոնստրուկցիայի և գործելու սկզբունքի պարզաբանման համար անհրաժեշտ սխեմաները, ինչպես նաև համակարգի հիմնական տեխնիկական բնութագրերը:

Ներկայացնել համակարգի տարրերի հիմնական մեխանիկական, ջերմահիդրավլիկ, նեյտրոնաֆիզիկական բնութագրերի սահմանային թույլատրելի արժեքները:

Կառավարումը և հսկումը

Ներկայացնել համակարգի կառավարման և հսկման միջոցների նկարագրումը` ներառյալ տեխնոլոգիական պաշտպանության և գործարկման պարամետրերը:

ՀԿԲ-ում օգտագործված նյութերը

Ցույց տալ օգտագործված նյութերի բնութագրերի համապատասխանությունը համակարգի շահագործման պայմաններին:

ՀԿԲ-ի պատրաստման, մոնտաժման և շահագործման ժամանակ որակի ապահովումը

Տեղեկություններ ՀԿԲ-ի պատրաստման, մոնտաժման և շահագործման ժամանակ համակարգի բոլոր տարրերի որակի ապահովման վերաբերյալ:

Տեղեկություններ փորձարկումների, զննումների և ստուգումների վերաբերյալ

Ներկայացնել տեղեկություններ փորձարկումների անցկացման մեթոդների, ծավալների, ժամկետների և հիմնական արդյունքների վերաբերյալ` ներառյալ տեղեկություններ գործարկման և կարգաբերման աշխատանքների ժամանակ անցկացված փորձարկումների վերաբերյալ, ինչպես նաև շահագործման ընթացքում անցկացված փորձարկումների, զննումների և ստուգումների վերաբերյալ:

Ցույց տալ փորձարկման արդյունքների համապատասխանությունը համակարգի գործառութային պահանջներին, ընդ որում, պետք է ներկայացնել փորձարկումների անբավարար արդյունքների և հայտնաբերված շեղումների վերացմանը և (կամ) փոխհատուցմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ տվյալները:

Համակարգի հուսալիության վերլուծությունը

Ելնելով էներգաբլոկի, ինչպես նաև նմանատիպ այլ էներգաբլոկների շահագործման փորձից` ներկայացնել տվյալներ անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի հուսալիության վերաբերյալ: Շահագործման ամբողջ ժամանակաշրջանում տեղի ունեցած համակարգի և դրա մեջ մտնող բոլոր տարրերի խափանումների վերաբերյալ տվյալները ներկայացնել աղյուսակի ձևով: Տվյալ բաժնում պետք է ներկայացնել համակարգի հուսալիության վերլուծության նկարագրությունը` ներառյալ եզակի խափանման և օպերատորի սխալի հետևանքները:

Համակարգի աշխատանքը բնականոն ռեժիմում

Նկարագրել համակարգի կողմից տրված գործառույթների կատարումը բնականոն շահագործման ռեժիմում և համակարգի տարրերի փոխազդեցությունը համակարգի ներսում և մյուս համակարգերի հետ:

Ցույց տալ, որ համակարգի (տարրի) պարամետրերը չեն գերազանցում 0-ին ենթաբաժնում նշված թույլատրելի արժեքները:

Նկարագրել փոխազդեցությունը համակարգի մյուս բաղադրիչների հետ, մոնիթորինգի, ներքին ստուգման, հսկման փորձարկման և տեխնիկական սպասարկման միջոցառումները, ցույց տալ, որ համապատասխան արդյունաբերական կոդերի և ստանդարտների պահանջները և կարգավորող մարմնի պահանջները պատշաճ կերպով հաշվի են առնված:

Համակարգի աշխատանքը խափանումների դեպքում

Կատարել շահագործման ժամանակ տեղի ունեցած համակարգերի տարրերի խափանումների` ներառյալ անձնակազմի սխալների վերլուծություն:

Տալ համակարգի աշխատունակության վրա խափանումների ազդեցության գնահատականը և համակարգի կողմից անվտանգության գործառույթների կատարումը, ընդ որում, պետք է հաշվի առնել էներգաբլոկի և նմանատիպ այլ էներգաբլոկների շահագործման ընթացքում գրանցված խափանումները և միջադեպերը` ներառյալ ինչպես համակարգերի տարրերի, այնպես էլ դրա հետ կապված ապահովող ու կառավարող համակարգերի խափանումները: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ընդհանուր պատճառներով առաջացած խափանումների վերլուծության վրա:

Դիտարկվող խափանումների համար տալ դրանց հետևանքների` ներառյալ էներգաբլոկի անվտանգության վրա ազդող հիմնական պարամետրերի փոփոխությունները, որակական և հնարավորության դեպքում` քանակական բնութագրումը: Գնահատել այդ խափանումների ազդեցությունը մյուս համակարգերի աշխատունակության վրա, որոշել նման խափանումների հետևանքների սահմանափակման և վերացման համար անհրաժեշտ միջոցառումները:

Համակարգի (տարրի) ունակությունը դիմակայելու ներքին և արտաքին ազդեցություններին

Ներկայացնել համակարգի (տարրի)` նախագծում հաշվի առնվող ներքին և արտաքին ազդեցությունների ցանկը, օրինակ` ներքին հրդեհ, ներքին հեղեղում, բարձր էներգիա պարունակող միջավայրերի քայքայման հետևանքով երկրորդային վնասվածքներ, պայթյուններ, ծանր բեռի անկում, երկրաշարժ, արտաքին հրդեհ, ուժեղ քամիներ, արտաքին հեղեղում, ձյան բեռնվածություն, կայծակ, թունավոր կամ քիմիապես ագրեսիվ նյութերի ազդեցություն, եղանակային ծայրագույն/էքստրեմալ պայմանների ազդեցություններ (օրինակ` չափազանց բարձր և ցածր ջերմաստիճաններ), կենսաբանական ազդեցություններ (օրինակ` հովացնող ջրի արտաքին ջրանցքների խցանումը կենսազանգվածով):

Ազդեցությունների ցանկը յուրաքանչյուր համակարգի (կամ համակարգերի խմբի) համար որոշվում է առանձին:

Պետք է հաշվի առնել նաև հրապարակին բնորոշ հատուկ արտաքին ազդեցություններով պայմանավորված երկրորդական ազդեցությունները:

Ներքին ազդեցությունների պարամետրերը որոշվում են` տվյալ համակարգի շահագործման կոնկրետ պայմաններից ելնելով:

Համակարգի նախագծի ընդհանուր գնահատականը

Համակարգի վերլուծության արդյունքում ցուցադրել, որ այն համապատասխանում է անվտանգության պահանջներին և չափանիշներին ու այդպիսով կատարվում են անվտանգության նպատակները`

- ռեակտորում շղթայական ռեակցիայի հուսալի դադարեցում,

- դադարի ռեժիմում ենթակրիտիկայնության ապահովում,

- ՋԱՀ-երի հովացում,

- ՋԱՏ-երի պատյանների և ռադիոակտիվ նյութերի տարածման դեմ այլ պատվարների ամբողջականության ապահովում:

Համակարգերի (տարրերի) վերլուծությունը

Տվյալ բաժնում պետք է ներկայացվեն համակարգերի և տարրերի վերլուծության արդյունքները` հաշվի առնելով դրանց ազդեցությունն էներգաբլոկի անվտանգության վրա:

Նշված վերլուծությանը ենթակա են 5.3.1-ին բաժնում թվարկված բոլոր համակարգերը (տարրերը):

Վառելիքային համակարգի բնութագրերը

Պետք է նկարագրել վառելիքային համակարգի հիմնական տարրերը` ընտրված նախագծային հիմքերի անվտանգության հիմնավորմամբ: Պետք է նկարագրել վառելիքի համակարգի ջերմային, մեխանիկական և նյութաբանական նախագիծը: Վառելիքի համակարգի նախագծային հիմքերի հիմնավորումը պետք է ներառի, այդ թվում` վառելիքի նախագծային սահմանների և գործառութային բնութագրերի նկարագրությունը` բնականոն շահագործման ընթացքում ակնկալվող պատահարների ժամանակ և վթարային պայմաններում:

Պետք է նկարագրվեն վառելիքի նախագծային սահմանափակումները, որոնք սահմանվել են` հիմք ընդունելով միջուկային վառելիքի ջերմամեխանիկական բնութագրերի համապարփակ վերլուծության արդյունքները բնականոն շահագործման ընթացքում ակնկալվող պատահարների ժամանակ և վթարային պայմաններում: Պետք է նկարագրել միևնույն կամ համանման նախագիծ ունեցող միջուկային վառելիքի օգտագործման փորձը և փորձարարական, այդ թվում` նաև հետռեակտորային հետազոտության արդյունքները բնականոն շահագործման և վթարային պայմաններում, այդ թվում` միջուկային վառելիքի օգտագործման փորձը և հետռեակտորային փորձարկման արդյունքներն առավելագույն այրման խորության պայմաններում:

Պետք է ներկայացնել վառելիքի համակարգի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

- վառելիքի պատյանի տեսակը և մետաղագործական/մետալուրգիական բնութագիրը,

- վառելիքի պատյանի ներքին և արտաքին տրամագիծը,

- վառելիքի պատյանի և հաբի անհարթությունը,

- վառելիքային հաբի ներքին և արտաքին տրամագիծը,

- վառելիքային հաբի խտությունը,

- վառելիքի շահագործման ընթացքում նրա բնութագրերի փոփոխության մասին տվյալները,

- վառելիքի հաբի երկայնական հատույթների չափսերը, հաբի բյուրեղի չափը, ընդհանուր և բաց ծակոտկենությունը, այրվող կլանիչի պարունակությունը (եթե այդպիսին կա),

- վառելիքի հաբի և ՋԱՏ-ի պատյանի ընդհանուր երկարությունը,

- ՋԱՏ-ի ներքին ազատ ծավալը,

- ՋԱՏ-ում առկա ելակետային գազի տեսակն ու ճնշումը,

- ՋԱՏ-ում կիրառված զսպանակի, վերին և ստորին փականների չափսերը,

- միջուկային վառելիքի հարստացումը,

- համարժեք հիդրավլիկ տրամագիծը,

- ջերմատարի ճնշման սահմանները,

- այրման խորության նախագծային սահմանը,

- կառավարման ձողերի/հավաքվածքի նկարագրությունները, չափսերը, և շահագործման ժամկետները,

- կառավարման հավաքվածքի/ձողի տարածական համապատասխանությունն ակտիվ գոտու և միջուկային վառելիքային կասետի կառուցվածքին:

Տվյալ բաժնում պետք է ներկայացնել նաև շահագործող կազմակերպության կողմից հաստատված վառելիքային համակարգի ստուգման և հսկման ծրագրի նկարագրությունը: Ստուգման ծրագրում պետք է ներկայացնել վառելիքի պատյանի ամբողջականության, վառելիքի չափսերի, վառելիքի հարստացման, այրվող կլանիչի կոնցենտրացիայի և կլանիչի կազմի վերիֆիկացիայի նկարագրությունը:

Պետք է ներկայացնել ճառագայթված վառելիքի բնութագրերի հետռեակտորային վերահսկողության ծրագրի նկարագրությունը` հնարավոր անոմալիաները հայտնաբերելու կամ վառելիքի նախատեսված շահագործումը հաստատելու համար: Պետք է նկարագրել յուրաքանչյուր վերաբեռնավորման ժամանակ բեռնաթափված վառելիքային հավաքվածների տեսողական զննման արդյունքները, ինչպես նաև հնարավոր վնասված վառելիքի տեղադրման և անվտանգ պահպանման վայրը:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 2013-Ն
Որոշում