Սեղմել Esc փակելու համար:
{30.12.2018 - 28.10.2022} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.12.2018 - 28.10.2022} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.2018  -ից մինչեւ   28.10.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0797.230715

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2015 թվականի N 797-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին 2015-2022 թվականներին կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և շինարարական աշխատանքների ընթացքում գտնվող դպրոցների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.07.17 թիվ 805-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)

i

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ծրագիր:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմիններին` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման աշխատանքներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու որոշումը փոփ. 27.10.2022 թիվ 1666-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 23-ի

N 797-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

I. ԾՐԱԳՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988 թվականը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Այդ է վկայում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) կողմից 1998 թվականին կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման (շրջանացման) նոր քարտեզը: Քանի որ Հայաստանի տարածքում մինչև 1988 թվականը կառուցված դպրոցական շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունը ընդունված է եղել 7-8 բալ ըստ երկրաշարժերի ուժգնության MSK-64 սանդղակի, իսկ Հայաստանի տարածքը գտնվում է սեյսմիկ գոտում` գետնի սպասվելիք առավելագույն Amax=0.2-0.4g արագացումով (8-ից մինչև 9 բալ և ավելի) ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում (5.5 և ավելի մագնիտուդով) տեղի կունենան բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով հնարավոր զոհերի և նյութական մեծ կորուստների:

(1-ին կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն որոշում)

 

II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը, և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում:

3. 1989 թվականից սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապամոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու Հայաստանի Հանրապետության մնացած մարզերը, որոնք նույնպես ընկած են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում, բավական անտեսվել են:

4. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և 1999 թվականին ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության երկու որոշումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 07.06.99թ. N 392-Ն և 10.06.99թ. N 429-Ն որոշումներ): Նշված ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցմանը, այդ թվում նաև հանրակրթական դպրոցներին: Սույն ծրագիրը միաժամանակ կօժանդակի Աղետների ռիսկի նվազեցման ազգային ծրագրի իրականացմանը` բարելավելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը, որպեսզի նվազեցվեն դպրոցներում հնարավոր զոհերը և վնասները երկրաշարժերի ժամանակ, և ավելի լավ հնարավորություն ստեղծվի դպրոցների շենքերը երկրաշարժից հետո որպես ընդհանուր հանրության համար կացարաններ և արտակարգ իրավիճակների արձագանքման կետեր օգտագործելու համար: Ծրագիրն արտացոլում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությամբ սահմանված հիմնական ոլորտները և համահունչ է Սենդայի Աղետների ռիսկի նվազեցման 2015-2035թթ. ծրագրի չորս գերակայություններին, որոնք են, մասնավորապես` (i) աղետների ռիսկերի մասին պատկերացումը, (ii) աղետների ռիսկերի կառավարման հզորացումը աղետների ռիսկերը կառավարելու նպատակով, (iii) աղետների նվազեցման ուղղությամբ ներդրումների կատարումը` կայունության նպատակով, և (iv) աղետների դեպքում պատրաստվածության ուժեղացումն արդյունավետ արձագանքնման համար, ինչպես նաև լավագույն որակի օբյեկտների վերականգնման հասկացությունը վերականգնման, և վերակառուցման գործում:

5. Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր փուլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ և կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ, ջրամբարներ, կենսապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ և այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով և այլ գործոններով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ օրենքներ և որոշումներ ուղղված ազգաբնակչության առողջության ու անվտանգության ապահովմանը, սակայն շատ խնդիրներ այս բնագավառում դեռևս մնում են չլուծված, մասնավորապես դպրոցների շենքերի ու շինությունների բարձր խոցելիությունը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6.  (6-րդ կետն ուժը կորցրել է 26.01.17 թիվ 97-Ն որոշում)

i

7. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի օժանդակությամբ մշակված սեյսմակայունության առումով խոցելիության սահմանման չափանիշների համաձայն և ելնելով դպրոցների ուսումնական մասնաշենքերի հիմնականում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ լուծումներից և հարկայնությունից, դպրոցների շենքերը դասակարգրվել են հետևյալ 5 տիպերի (A, B, C, D1, D2)`

A. Քարե շարվածքից կրող պատեր, կոմպլեքսային կոնստրուկցիա,

B. Արտաքին կրող պատեր, ներքին ե/բ հավաքովի կամ միաձույլ կարկաս,

C. Արտաքին ե/բ կարկաս, ներքին հավաքովի ե/բ կրող պատեր,

D1. Հավաքովի երկհարկ ե/բ կարկաս (ԻԻՍ-04 սերիա),

D2. Հավաքովի եռահարկ ե/բ կարկաս (ԻԻՍ-04 սերիա):

885 դպրոց դասվում են A տիպի դպրոցների շարքին, 35-ը` B տիպի, 37-ը` C տիպի, 187-ը` D1 տիպի, 16-ը` D2 տիպի, իսկ 21 դպրոց ունեն տարբեր տիպերի մասնաշենքեր, այդ թվում նաև C տիպի:

Գոյություն ունեցող տիպարային դպրոցների շենքերի և շինությունների հետազննությունից և նախագծերի վերլուծություններից պարզվել է, որ C տիպի շենքերին ունեն բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէ դրանց վերակառուցումը: Կարևորագույն խնդիր է մյուս տիպի դպրոցական շենքերի համար ուժեղացման կամ վերակառուցման ծրագրի իրականացման աշխատանքները` հաշվի առնելով վերջին երկրաշարժերի հետևանքներն ու կուտակված փորձը:

Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի կողմից սահմանված սեյսմիկ անվտանգության չափանիշների, դպրոցներին` սեյսմիկ անվտանգության տեսակետից տրվել են հետևյալ գնահատականները`

* անվտանգության բարձր մակարդակ ունեցող դպրոցներ` մինչև 14.25

* անվտանգության միջին մակարդակ ունեցող դպրոցներ` 14.25-29.75

* անվտանգության ցածր մակարդակ ունեցող դպրոցներ` 29.75-56.00

(7-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն որոշում)

i

8. Հայաստանի Հանրապետությունում առկա 1385 պետական հանրակրթական դպրոցների ծրագրում ներառվել է 495 դպրոց.

1) ըստ առաջնահերթությունների ընտրվել են`

ա. բարձր սեյսմիկ խոցելիության ցուցանիշ (18) ունեցող ուսումնական մասնաշենքերով 245 դպրոց,

բ. տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող 232 դպրոց,

գ. պայմանավորված բնածին և տեխնածին աղետների հետևանքով դպրոցների տեխնիկական վիճակով` 18-ից բարձր սեյսմիկ խոցելիության ընդհանուր ցուցանիշ ունեցող 18 դպրոց: Դրանց թվին են դասվում, օրինակ` 3 վթարային դպրոց կամ բնածին աղետի հետևանքով անբավարար տեխնիկական վիճակ ունեցող 6 դպրոց.

2) ելնելով յուրաքանչյուր աշակերտին` 2.5 քառ. մետր դասասենյակային մակերես նորմատիվային պահանջից` տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող 232 դպրոցներից 72 դպրոցների աշակերտներն ապահովված են անվտանգ դասասենյակային մակերեսով.

3) 2015-2022 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվել և իրականացվում են մի շարք դպրոցական շենքերի կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական օրենսդրական կարգավորումների և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (այդ թվում` երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի) պահանջներին համապատասխան, մասնավորապես` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ կառավարության 19.03.2015 թ. N 596-Ն որոշման, ՀՀ քաղաքաշինության նախարարի 09.04.2014 թ. N 103-Ն, 24.03.2014 թ. N 87-Ն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 28.12.2020 թ. N 102-Ն, 10.12.2020 թ. N 95-Ն հրամանների դրույթներին և նորմերին համապատասխան: Նշված դպրոցների ցանկը և աշխատանքների ֆինանսական գնահատականներն ու ֆինանսավորման աղբյուրները ներկայացված են N 4 հավելվածում.

4) արդյունքում սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման (այդ թվում` վերանորոգման) ծրագրում ընդգրկվել է 368 դպրոց:

(8-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)

9. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի նոր մարզերի և համայնքների զարգացման նոր կազմվող ծրագրերում ընդգրկվեն սեյսմիկ տեսակետից խոցելի դպրոցները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

10. Ծրագրի ազդեցությունը համապատասխանեցվել է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18.11.2021 թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված` 2021-2026 թվականների գործունեության ծրագրի դրույթներին` սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման (այդ թվում` վերանորոգման) աշխատանքներն իրականացվում են հանրապետության տարածքում հանրակրթության համար բարելավված և անվտանգ միջավայրի ապահովման նպատակին և ծրագրով ամրագրված` մինչև 2026 թվականն առնվազն 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման, այդ թվում` վերանորոգման արդյունքում ձեռքբերվող արդյունքային ցուցանիշներին: Վերջնական արդյունքն է սեյսմակայունության տեսակետից անվտանգ դպրոցների շենքերի բարելավված ծածկույթը: Հիմնական արդյունքների ոլորտները և ուղղակի արդյունքները ամփոփ ներկայացված են ստորև:

(i) Արդյունքների ոլորտ 1. Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում. Ծրագրի շրջանակներում շուրջ 437 գերակա դպրոցների շենքերը կուժեղացվեն կամ կկառուցվեն նորերը` համաձայն վերանայված շինարարական նորմերի և դպրոցների շենքերի ուժեղացման ուղեցույցների: ՈՒժեղացված կամ վերանորոգված դպրոցների շենքերը կհամապատասխանեն Մեդվեդև-Սպոնհոյեր-Կարնիկ (ՄՍԿ/MSK) երկրաշարժերի ուժգնության սանդղակի 9 (IX) բալ ուժգնությամբ երկրաշարժի համար միջազգայնորեն ընդունված սեյսմիկ անվտանգության նորմերին: ՈՒժեղացված կամ վերանորոգված դպրոցների շենքերը նաև կհամապատասխանեն էներգիայի արդյունավետության մասով կառավարության սահմանած պահանջներին, կունենան հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն:

(ii) Արդյունքների ոլորտ 2. Սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում. Կմշակվի արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների ծրագիր ՍԱԲԾ շրջանակում ուժեղացված կամ վերանորոգված յուրաքանչյուր դպրոցի համար: Իրազեկման քարոզարշավներ կիրականացվեն շուրջ 437 դպրոցներն ընդգրկող համայնքներում: Ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիտորինգի համալիր դիտակետերն արդիականացնելու նպատակով կտրամադրվեն սարքավորումներ և բացի այդ նշված դիտակետերի աշխատակիցները կանցնեն վերապատրաստում սեյսմիկ մոնիտորինգի և կանխատեսումների կարողությունները բարելավելու նպատակով: Կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման հավանականային քարտեզի թարմացման և սեյսմիկ ռիսկերի գնահատման աշխատանքներ:

(iii) Արդյունքների ոլորտ 3. Սեյսմիկ աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում. Ծրագրի շրջանակներում կիրականացվի երկրի շինարարական նորմերի վերանայման և թարմացման աշխատանքներ` դրանք սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով, միջազգային լավագույն փորձին համահունչ դպրոցների շենքերի ուժեղացման, ուղեցույցների մշակման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ներդրումային ծրագրի վերանայման նպատակով: Կիրականացվեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ շինարարական աշխատանքների կառավարիչների և աշխատողների համար` նրանց սեյսմիկ ուժեղացման շինարարական տեխնոլոգիաները, տեխնիկաները և հմտությունները բարելավելու նպատակով:

(10-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)

i

11. Ծրագրի առաջնային շահառուները կլինեն շուրջ 201,829 աշակերտներ, ուսուցիչներ և դպրոցի այլ աշխատակիցներ: Բացի այդ, ուժեղացված և վերակառուցված դպրոցների շենքերից կօգտվեն նաև դպրոցներին շուրջ ապրող 706,401 բնակիչ, որոնց կտրամադրվի ժամանակավոր կացարաններ սեյսմիկ իրադարձությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև իրազեկման ծրագրեր, ինչը նրանց հնարավորություն կտա իրենց տները դարձնել ավելի անվտանգ և ավելի լավ արձագանքել աղետների ժամանակ:

(11-րդ կետը փոփ. 13.12.2018 թիվ 1438-Ն, 06.05.2021 թիվ 723-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)

i

12. Ծրագրի ծախսեր. Ծրագրի ծախսերը 2015-2035 թթ. համար գնահատվել է 1,678 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 223,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` մինչև 2026 թ., իսկ 1,4545 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` 2026-2035 թթ., որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

(12-րդ կետը փոփ. 06.05.2021 թիվ 723-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)

(1-ին հավելվածը փոփ. 13.07.17 թիվ 805-Ն, 13.12.2018 թիվ 1438-Ն, 06.05.2021 թիվ 723-Ն որոշումներ)

 

i

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 23-ի

N 797-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

______________________________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

(2-րդ հավելվածը փոփ. 26.01.17 թիվ 97-Ն, 13.12.2018 թիվ 1438-Ն, 27.10.2022 թիվ 1666-Ն որոշումներ)

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2015
N 797-Ն
Որոշում