Սեղմել Esc փակելու համար:
{08.09.2019 - 14.05.2022} ՋՐԱՅԻՆ ԼՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{08.09.2019 - 14.05.2022} ՋՐԱՅԻՆ ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.09.2019  -ից մինչեւ   14.05.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1945.280607

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1945-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.05.2022 թիվ 646-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Լողամիջոցների շահագործման և վարման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 995-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 13.05.2022 թիվ 646-Ն որոշում)

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - նախաբանի փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն

Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն

ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները

կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ

իրավական ակտեր:

ԼԻԱԶՈՐՈՂ ՆՈՐՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔԻՆ:

-------------------------------------------------------------

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1945-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՋՐԱՅԻՆ ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 13.05.2022 թիվ 646-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կանոնները մշակված են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի կիրարկումն ապահովելու համար և սահմանում են ջրային լողամիջոցների (այսուհետ` լողամիջոց) կառուցվածքի և անվտանգ շահագործման պահանջները:

2. Սույն կանոնների դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում լողամիջոցներ (բացառությամբ ջրային հեծանիվների և մինչև 225 կգ առանց շարժիչի նավակների, այդ թվում` փչովի), ինչպես նաև դրանց կանգատեղեր շահագործող կազմակերպությունների վրա (այդ թվում` օտարերկրյա)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:

3. Սույն կանոնների 2-րդ կետում նշված բոլոր լողամիջոցները տեխնիկական անձնագրի հիման վրա ենթակա են գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և տեխնիկական անվտանգության փորձաքննության` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

i

ինքնագնաց լողամիջոց` ջրավազաններում շահագործման համար նախատեսված շարժիչով լողամիջոց,

զբոսանավ` ուղևորների փոխադրման, ափահանման, ջրային զբոսանքի, էքսկուրսիաների, զվարճալիքների և այլ միջոցառումների համար նախատեսված լողամիջոց,

ջրացիկլ` մոտոցիկլետային տեսակի մեխանիկական շարժիչով լողամիջոց,

լողամիջոցների կանգատեղի` լողամիջոցների կայանման, պահպանման, վերանորոգման և այլ աշխատանքների համար նախատեսված, համապատասխան սարքավորումներով կահավորված առափնյա կառույց,

տախտակամած` համատարած հորիզոնական ծածկույթ լողամիջոցի վրա,

խարիսխ` հարմարանք լողամիջոցը տեղում ամրացման համար,

փրկարարական կայան կամ կետ` ջրային ավազանների առափնյա տարածքներում հատուկ կահավորված և փրկարարներով համալրված կետեր` նախատեսված ջրում աղետի ենթարկվածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար,

լուսանցույց` լողամիջոցի վրա հաստ ապակիով, ռետինե շրջանակով անջրաթափանց կլոր պատուհան,

նավահեծան` նավի վրա լայնական կապ` նախատեսված տախտակամածի և նրա վրա գտնվող բեռի կայունության և ամրության ապահովման համար,

նավագնացության նշան` լողամիջոցի անվտանգ երթևեկության ապահովման համար հատուկ հարմարանք,

նավի իրան` լողամիջոցի արտաքին երեսապատումը, տախտակամածը, հենահատակը, նավակողերը, տղմազտարանը և այլ բաղկացուցիչ մասեր:

 

III. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

5. Լողամիջոցները դասակարգվում են երեք դասի:

6. Լողամիջոցների դասակարգումը խորհրդանշվում է «Լ» (լճային), «Գ» (գետային) կամ «Ջ» (ջրամբարային) տառանիշերով` ելնելով լողամիջոցի կառուցվածքից և ջրային լողավազանի խմբից:

7. Լողամիջոցին տրված դասը կարող է փոխվել դրա հիմնական տարրերի փոփոխության, վերասարքավորման կամ արդիականացման պատճառով:

8. Լողամիջոցի տեսակի բնութագրման համար ընդունվում է բառանշանակում` ջերմանավ, առագաստանավ, դիզելաէլեկտրաշարժիչանավ, լաստանավ և կախովի շարժիչով լողամիջոցներ:

 

IV. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

 

9. Լողամիջոցի հիմնական բաղկացուցիչ մասերն են`

ա) նավի իրանը և վերնակառուցվածքը,

բ) կառուցվածքը և մատակարարումը,

գ) մեքենասարքավորումները,

դ) ամբարձիչ սարքավորումները,

ե) էլեկտրասարքավորումները,

զ) ռադիոսարքավորումները,

է) ավտոմատացման միջոցները,

ը) դիզելաբենզինային շարժիչները:

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

i

10. Լողամիջոցներ (բացառությամբ ջրացիկլների) վարելը թույլատրվում է այն անձանց, ովքեր «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի և 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներով անցել են ուսուցում, համապատասխան ատեստավորում և սահմանված կարգով ստացել են նավավարման իրավունքի վկայական:

(10-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 940-Ն որոշում)

11. Լողամիջոցների շահագործումը ջրային ավազաններում թույլատրվում է նավագնացության բացման ժամանակաշրջանի սկզբից մինչև դրա ավարտը:

i

11.1. Թույլատրվում է լողամիջոցները լողափնյա հատվածներում ափին մոտենան և հեռանան միայն հատուկ նշաններով առանձնացված գոտիներում:

(11.1-ին կետը լրաց. 25.07.2019 թիվ 940-Ն որոշում)

11.2. Արգելվում է լողամիջոցի վարումը հանգստյան գոտիներում` լողալու համար նախատեսված վայրերում:

(11.2-րդ կետը լրաց. 25.07.2019 թիվ 940-Ն որոշում)

12. Լողամիջոցի անվտանգ շահագործման պատասխանատվությունը կրում է լողամիջոցի սեփականատեր հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VI. ԼՈՂԱՄԻՋՈՑԻ ԻՐԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Տեխնիկական զննման են ենթակա լողամիջոցի արտաքին երեսապատումը, տախտակամածը, նավահեծանը, ներքին և արտաքին հենահատակը, երկայնական և լայնական անջրանցիկ միջնորմները, արտաքին նավակողը, տղմազտարանը, լայնական և երկայնական վերնակառուցվածքները, որոնք մասնակցում են լողամիջոցի ընդհանուր ճկվածքին:

14. Լողամիջոցի իրանի, վերնակառուցվածքի և դրանց բաղադրիչների տեխնիկական զննման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարմանը:

15. Լողամիջոցների զննման, դրանց տեխնիկական վիճակի որոշման համար լողամիջոցները պետք է կանգնացվեն նավանորոգման կայանում կամ ափահանման հարթակում: Մինչև տեխնիկական փորձաքննություն սկսելը` լողամիջոցի բեռնամբարձման նավամբարը, գագաթնակետային և անջրաթափանց հատվածամասերը, ինքնագնաց լողամիջոցներում նաև վառելիքի զետեղարանը պետք է դատարկվեն բոլոր հատվածամասերում, տախտակափորվածքը հանվի, մետաղական մասերն արտաքինից և ներսից մաքրվեն կեղտից և ժանգից:

Լողամիջոցի իրանի երեսապատման հաստաշերտը, առագաստի ծածկույթը և իրանի մյուս տարրերը պետք է չափվեն և գրանցվեն լողամիջոցի տեխնիկական անձնագրում:

16. Եթե լողամիջոցի զննման ընթացքում բացահայտվում են խախտվածքներ լողամիջոցի ներքին երեսապատման տախտակամածի, միջնորմների մեջ, ապա պետք է անցկացնել համապատասխան փորձարկում:

17. Լողամիջոցի զննման ընթացքում պետք է մանրամասն ուսումնասիրվեն դրա մետաղական մասերի եռակցման կարերի և ողնածռուկի վիճակը:

18. Մինչև զննումն սկսելը վառելիքալցավորող լողամիջոցների վառելիքային, անջրաթափանց, բեռնային հատվածամասերը և ցիստեռները պետք է ենթարկվեն ապագազացման, և վերցվի գազի նմուշ: Մանրակրկիտ զննման են ենթակա նաև փականները, հեղյուսակային միացումները, ինչպես նաև հեշտ փտող այլ հանգույցներ:

19. Բակլերազացված նրբատախտակից կառուցված լողամիջոցի զննման ժամանակ պահանջվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, ամրակապի, ճեղքվածքների, ջնջվածքների և շերտվածքների առկայությանը:

20. Լողամիջոցի պլաստմասսայե իրանի զննումն իրականացվում է` հաշվի առնելով դրա տարրերի վրա ճեղքվածքները, մաշվածքները, քերծվածքները, կոտրվածքները և տեղական այլ վնասվածքներ:

21. Լողամիջոցի իրանին զգալի մաշվածություն կամ ձևախախտում առաջանալու, դրա վիճակի զգալիորեն վատթարանալու դեպքում այն տեղափոխվում է վերանորոգման կայան կամ ափահանման հարթակ` նորոգման և կարգաբերման համար, կազմվում է տեխնիկական եզրակացություն և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

 

VII. ԼՈՂԱՄԻՋՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

22. Տեխնիկական զննման ենթակա են`

ա) լողամիջոցի խարսխային, ղեկային, մակույկային, քարշակային, նավակառանային, կցորդման և թվային կառուցվածքները,

բ) ձայնային, ազդանշանային և տարբերանշանային սարքավորումները,

գ) գործարկման արտապարուրակչային, նավակողաելուստային, լուսանցուցային, նավասանդուղքային նյութերը, փողանցքային մակույկները, ջրամեկուսիչ դռները,

դ) նավային մատակարարման, փրկարարական, հակահրդեհային, նավագնացության միջոցները:

i

23. Լողամիջոցների կառուցվածքի, ազդարարման և գործարկման սարքավորումների անսարքության դեպքում դրանց շահագործումն արգելվում է:

Լողամիջոցների շահագործումն արգելվում է նաև`

ա) եթե ղեկային վարման ճոպանի վնասված լարերի քանակը գերազանցում է լարերի ընդհանուր քանակի 10 տոկոսը,

բ) եթե խարսխի շղթայի տրամագծի շեղումը գերազանցում է սահմանված չափի 20 տոկոսը, ինչպես նաև խարսխի շղթայի տարահրման օղակների ընկնելու դեպքում,

գ) ղեկի կոթի 10 o-ից ավելի ոլորման կամ կոթի վրա ճեղքվածքների առկայության դեպքում` անկախ ոլորման անկյունից:

i

24. Փրկարարական միջոցների անբավարարության դեպքում թույլատրվում է լողամիջոցի ժամանակավոր շահագործումը` պայմանով, որ համապատասխան չափով պակասեցվի ուղևորների թիվը:

25. Լողամիջոցի ղեկային կառուցվածքի զննման ժամանակ պետք է ուսումնասիրվեն ղեկային հաղորդակները, ճոպանը, գլանիկային հաղորդալարերը, ղեկալծակը, թափարգելային զսպանակները, ղեկի շրջադարձի սահմանափակիչները:

26. Լողամիջոցի խարսխային կառուցվածքի զննման ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել խարսխի շղթայի ամրացման արագընթաց հարուցման և կասեցուցիչների վիճակը:

27. Եռակայմ առագաստանավի կառուցվածքները պետք է զննվեն արտաքին զննմամբ և փորձարկվեն առագաստանավի լրիվ մատակարարմամբ, կայմերի բարձրացման և իջեցման մեթոդով:

28. Լողամիջոցի կցորդման սարքավորումների զննման ժամանակ նախատեսվում է զննել լողամիջոցի իրանի ամրացման կառուցատարրերը, կցորդման հեծանը, փականի հենքը և գլխիկը, շարժաթևը, սալիկների հեղյուսային միացումները:

29. Լողամիջոցի քարշիչ սարքավորումների զննման ժամանակ պահանջվում է ուսումնասիրել նավաքարշային հակի, քարշակային ճոպանի, քարշակային ճոպանասյան վիճակը, դրանց միացումների հուսալիությունը:

30. Գործարկման սարքավորումների` արտապարուրակիչների, նավակողաելանների, նավասանդուղքների, փողանցքային մակույկների, ջրամեկուսիչ դռների զննումը կատարվում է ընտրման մեթոդով:

 

VIII. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

31. Լողամիջոցների մեխանիզմների զննման ընթացքում ուսումնասիրման ենթակա են`

ա) գլանի բլոկի վերին և ստորին վայրէջքների գոտիները, ինչպես նաև կողերի մակընթացության կարծրության վիճակը,

բ) ներքին այրման շարժիչի աշխատանքային վիճակը,

գ) ծնկաձև լիսեռի շարժաձողի հենոցային առանցքակալը և թմբիկի շրջաձև վզիկները,

դ) շարժաձողի առանցքակալների յուղային անցուղիները, ինչպես նաև առանցքակալներն անկողնակին ամրացնելու խտությունը,

ե) հենակային, միջանկյալ և սանրային լիսեռների վզիկների աշխատանքային մակերևույթը, անցքեր ունեցող տեղամասերը, երիթային ակոսները, սանրային լիսեռի կոնը:

32. Չափումների, ընտրովի զննումների արդյունքում որոշվում է մեխանիզմների վիճակը, դրանց հետագա աշխատանքի պիտանիությունը, անհրաժեշտ վերանորոգումների կամ մեխանիզմների տարրերի և հանգույցների փոփոխության ծավալները:

33. Օժանդակ շարժիչների զննումը կատարվում է գլխավոր շարժիչների զննման նույնանման պահանջներով:

34. Լողամիջոցների մեխանիզմների զննման ժամանակ դրանց տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար և արգելվում դրանց հետագա շահագործումը, եթե`

ա) ծնկաձև լիսեռի ձևախախտումը, մաշվածությունը և գամաքանդվածքը գերազանցում են սահմանային թույլատրելին` 0,00025 Տ մմ-ն (Տ-ը մխոցի ընթացքն է),

բ) ծնկաձև լիսեռի վզիկի տրամագծի ուղղությամբ մաշվածությունը գերազանցում է 0,04 d մմ-ն (d-ն լիսեռի նոմինալ տրամագիծն է),

գ) կան ճեղքվածքներ հիմնական շարժվող մասերում (լիսեռ, շարժաձող, կոթ, ձգաձող, ժանանիվ)` անկախ դրանց մեծությունից,

դ) գլխավոր ատամնավոր փոխանցման ատամների մաշվածությունը գերազանցում է 0,2m մմ-ն (m-ը կառչման մոդուլն է),

ե) գլխավոր ատամնավոր փոխանցումների ատամների կոնտակտային գծի երկարությունը փոքր է ատամի լրիվ երկարության 55 տոկոսից,

զ) լիսեռի մաշվածությունը գերազանցում է դրա նախնական տրամագծի 0,04 մասը,

է) լիսեռների վզիկների էլիպսայնությունը և կոնայնությունը գերազանցում է 0,001d մմ-ն (d-ն լիսեռի վզիկի տրամագիծն է),

ը) հենակային, միջանկյալ և սանրային լիսեռների սխալ տեղադրումը և ճկվածքը հանգեցնում են առանցքակալների տեղաշարժման կամ տաքացման` արտադրող գործարանի կողմից սահմանված չափից ավելի բարձր ջերմաստիճանով, իսկ այդպիսի տվյալների բացակայության դեպքում` 65 oC-ից բարձր ջերմաստիճանով:

35. Լողամիջոցների մեխանիզմների շահագործումն արգելվում է նաև, եթե`

ա) շեղված են շարժիչի աշխատանքային պարամետրերը,

բ) կան բացակներ և մաշվածություն գլանամխոցային խմբում,

գ) կան անսարքություններ գլխավոր մեխանիզմն սպասարկող օժանդակ սարքերի մեջ,

դ) կան անսարքություններ թողարկիչ, բեռնվածքաթողարկիչ, լիսեռաշրջադարձային և կարգավորիչ սարքերում,

ե) գերտաքացված են առանցքակալները և մյուս մասերը, որը հնարավոր չէ վերացնել ուժեղացված յուղման պայմաններում,

զ) կա հովացման խոռոչից ջրի արտահոսք դեպի գլանային խոռոչներ կամ դեպի քարտեր,

է) կա գազերի հոսք դեպի ներքին այրման շարժիչներ, փականներ կամ բլոկի հատվածներ,

ը) կան անսարքություններ մեխանիզմների ապահովիչ փականների, չափիչ-ստուգիչ, ազդարարման, ավտոմատացման, հեռահար կառավարման և ձայնաազդանշանային համակարգերում,

թ) բարձր են մեխանիզմների տատանումները, որոնք կարող են թուլացնել լողամիջոցի իրանի, մեխանիզմների, էլեկտրասարքավորումների հիմքերը:

 

IX. ԱՄԲԱՐՁԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

36. Զննման ենթակա են լողամիջոցների վրա տեղակայված`

ա) ամբարձիչ սարքավորումը բարձրացնող ծայրամասային անջատիչները,

բ) սլաքի թռիչքի և տեղաշարժման արտաթիռը,

գ) բարձման պահի սահմանափակիչները,

դ) սլաքի թռիչքի արտաթիռի ցուցանակը,

ե) կետանետիչի, երկայնական թեքման անկյան, հողաչափի ցուցանակները,

զ) արգելակիչները, որսիչները, հանովի տարրերը, շղթան, ճոպանը,

է) վթարային անջատիչները, դռների, ելարանների, պաշտպանիչների բլոկավորումը,

ը) ձայնային և լուսային ազդարարման համակարգերը:

37. Ամբարձիչ սարքավորումները ենթակա են`

ա) ստատիկ փորձարկման` փորձնական ծանրաբեռնվածությամբ, աշխատանքային ծանրաբեռնվածության 25 տոկոսի գերազանցմամբ,

բ) դինամիկ փորձարկման` փորձնական ծանրաբեռնվածությամբ, աշխատանքային ծանրաբեռնվածության 10 տոկոսի գերազանցմամբ:

38. Ստատիկ փորձարկման ժամանակ փորձնական բեռը կախվում է բեռնաբռնիչ հարմարանքից, տախտակամածից բարձրացվում է 150-300 մմ բարձրությամբ և այդ դիրքում պահվում 10 րոպե:

39. Ստատիկ փորձարկումից հետո, եթե արդյունքները բավարար են, կատարվում է դինամիկ փորձարկում` փորձարկման բեռի ոչ պակաս կրկնապատիկի չափով և այն իջեցվում է լրիվ արագությամբ:

Դինամիկ փորձարկման ժամանակ կատարվում է ամբարձիչ սարքավորման արգելափակման համակարգի զննում` ցանկացած բարձրության վրա, բեռի հանկարծակի կանգնեցմամբ:

40. Բոլոր տեսակի զննումներից ու փորձարկումներից հետո ամբարձիչ սարքավորումը պառկեցվում է երթային դիրքով` ամրակապի վիճակի վստահելիությունն այդ դիրքում ուսումնասիրելու համար:

41. Ամբարձիչ սարքավորումների շահագործումն արգելվում է հետևյալ թերությունների բացահայտման դեպքերում`

ա) բեռնային սլաքների ծռվածքի կամ ոլորման,

բ) հիմնական մետաղակառուցվածքների խախտման ու ճեղքվածքների,

գ) բեռի բարձրացման, սլաքի շրջադարձի և տեղաշարժման մեխանիզմների արգելակման համակարգերի անսարքության,

դ) անվտանգության սարքերի և բլոկավորման սարքավորումների անսարքության և բացակայության,

ե) մեխանիզմների շարժվող մասերի էլեկտրասարքավորումների բաց հոսանքատար մասերի պաշտպանակների բացակայության և անսարքության,

զ) հուսալի առաստանային հարմարանքների բացակայության,

է) ամբարձիչ սարքավորման տարրերի սահմանային խախտվածության,

ը) ամբարձիչ սարքավորման հատվածակեռի, ճարմանդների, դարձակի, փոկանիվի բլոկի առանցքի, հատակային կափույրի, շնիկների և այլ մասերի ճաքերի, կոտրվածքների և խախտումների,

թ) ճոպանի մեկ հյուսվածքի կտրվածքի և մետաղալարերի երկարությամբ 10 տոկոս կտրվածքի,

ժ) հակաբեռի կամ բալաստի չհամալրման,

ժա) ձայնային և ազդանշանային սարքավորումների անսարքության:

 

X. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

42. Զննման ենթակա են լողամիջոցի ընդհանուր նավային և ալիքի գագաթային էլեկտրասարքավորումները:

43. Տնտեսական, կենցաղային էլեկտրասարքավորումները ենթակա չեն զննման, դրանց անվտանգ շահագործումն ապահովում է լողամիջոցի սեփականատերը:

44. Յուրաքանչյուր զննման ժամանակ պետք է ուսումնասիրվեն`

ա) էլեկտրասարքավորումների մետաղական մասի հողանցման առկայությունը հաստատուն հոսանքի 50 Վ-ից և փոփոխական հոսանքի 36 Վ-ից ավելի լարման դեպքում,

բ) չմեկուսացված բաց շարժիչի հոսանքատարների պաշտպանակների առկայությունը և սարքինությունը,

գ) էլեկտրասարքավորումների պաշտպանությունը` մեխանիկական վնասվածքներից, ջրի, ջերմության, վառելիքի թափանցումից,

դ) հակահրդեհային միջոցների և կայծակնահատ սարքավորումների առկայությունը և սարքին վիճակը:

45. Էլեկտրական մեքենաների զննման ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել`

ա) հավաքիչների, հպակների օղակի, խոզանակային սարքի մաշվածությունը և վիճակը,

բ) կցափաթույթի միջաթմբի, հպակային միացումների, ներքին փոխարկման հաղորդալարերի վիճակը, կալանդների ամբողջականությունը,

գ) առանցքակալների վիճակը,

դ) բաշխիչ սարքավորումները,

ե) մալուխային գծերը,

զ) կուտակչային մարտկոցները,

է) պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումների վիճակը,

ը) պաշտպանիչ հողամեկուսիչների վիճակը և այլն:

46. Էլեկտրասարքավորումների զննման ժամանակ ուսումնասիրվում են`

ա) սարքավորումների թողարկիչ, կարգավորիչ և կառավարող սարքերի ճշտությունը և հստակությունը,

բ) մեքենաների բեռնվածությունը,

գ) խոզանակային կայծարձակման աստիճանը, որը նոմինալ աշխատանքային գործելակարգի դեպքում չպետք է գերազանցի 1,5 բալանիշը,

դ) ծայրամասային անջատիչները, արգելակների բլոկավորումը, հսկման և ազդարարման համակարգերի գործարկումը,

ե) էլեկտրահաղորդման լարերի հեռահար և վթարային անջատումները,

զ) առանցքակալները,

է) պաշտպանիչ սարքերը,

ը) ուժային ենթակայանները,

թ) պահուստային հարուցիչները, օդափոխիչները և գլխավոր դիզել-գեներատորի գործարկիչ միջոցները,

ժ) գլխավոր դիզել-գեներատորի տաքացման գագաթային էլեկտրաշարժիչների և գլխավոր հոսանքի ցանցի մալուխները:

47. Լողամիջոցների էլեկտրասարքավորումների շահագործումն արգելվում է`

ա) գլխավոր էլեկտրական մեքենաների գլխավոր բաշխիչ սարքերի, գլխավոր հոսանքի շղթայի անսարքության դեպքում,

բ) ընդհանուր նավային էլեկտրակայանի գեներատորներից մեկի անսարքության դեպքում, եթե գործարկման մեջ գտնվող գեներատորի հզորությունը բավարար չէ ապահովելու ընթացքային և վթարային ռեժիմները` բեռնային մեխանիզմների աշխատանքը,

գ) էլեկտրակայանի գլխավոր բաշխիչ վահանակի անսարքության դեպքում,

դ) գլխավոր էլեկտրական մեքենայի էլեկտրագագաթի սարքավորումների կալանդների կամ կցափաթույթների մեկուսիչների վնասվածքների դեպքում,

ե) գլխավոր հոսանքի մալուխի մեկուսիչների վնասվածության դեպքում:

 

XI. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

48. Ռադիոսարքավորումների անսարքության դեպքում արգելվում է լողամիջոցի շահագործումը նախատեսված ջրային տարածքում:

49. Ռադիոսարքավորումների կապի հանգույցները զննվում են լողամիջոց շահագործող կազմակերպության կողմից և կազմվում է ակտ, որը համապատասխան փաստաթղթերի հետ պահվում է լողամիջոցի հատուկ պահարանում:

50. Լողամիջոցը ջրատարածք մտցվելուց առաջ պարտադիր կարգով պետք է ստուգվի ռադիոսարքավորումների սարքինության վիճակը:

51. Ավտոմատացման միջոցների զննումը և փորձարկումը կատարվում են այն մեխանիզմների, սարքավորումների, համակարգերի հետ, որոնցով պայմանավորված է ավտոմատացման միջոցների աշխատանքը:

52. Հեռահար ավտոմատ կառավարման համակարգերի զննման և փորձարկման ժամանակ պետք է զննվեն`

ա) գլխավոր ուժային կայանքի փորձարկման ժամանակը ղեկային խցից մեքենայական բաժին, որը չպետք է գերազանցի 10 վայրկյանը,

բ) կառանման փորձարկման ժամանակ հեռահար կառավարման աշխատունակությունը, բոլոր հրահանգների ստույգ կատարումը,

գ) վթարային սարքի կանգնեցման գործունեությունը,

դ) ամբողջ ընթացքով առաջ շարժման ժամանակ դարձափոխման տևողությունը, որը չպետք է գերազանցի 25 վայրկյանը,

ե) բռնակի կառավարման աշխատանքը` նախնական բազմակի փոփոխության դեպքում:

53. Լողամիջոցի էլեկտրակայանի ավտոմատացման միջոցների զննման և փորձարկման ժամանակ պետք է ստուգվեն`

ա) դիզել-գեներատորի բաշխիչ վահանակի ավտոմատացված կարգով թողարկումը և միացումը,

բ) դիզել-գեներատորի հեռահար գործարկումը և կանգնեցումը ղեկային խցիկից,

գ) դիզել-գեներատորի գլխավոր շարժիչների ծանրաբեռնվածության ավտոմատ կարգով փոխարկումը (լարման իջեցումը մինչև 80 տոկոս, հաճախականությունը` 45 Հց),

դ) դիզել-գեներատորի կամ պահուստային մարտկոցի ավտոմատ կարգով միացումը և անջատումը,

ե) ջրի և յուղի ջերմաստիճանի տվիչները,

զ) հրդեհային ազդարարման ավտոմատացման միջոցները,

է) լուսային և ձայնային ազդարարման սարքավորումները:

 

XII. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

54. Փրկարարական միջոցների զննումը և փորձարկումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրափրկարարական ծառայությունների կողմից:

55. Փրկարարական միջոցների փորձարկման դրական արդյունքի դեպքում ձևակերպվում է եզրակացություն դրանց տեխնիկական պահանջներին համապատասխանության մասին և դրոշմանշվում: Լողամիջոցի վրա փրկարարական միջոցների տեղակայումն առանց դրոշմի արգելվում է:

56. Լողամիջոցների վրա տեղակայված յուրաքանչյուր մակույկային միջոց փորձարկվում է մակույկի իջեցման կամ բարձրացման ժամանակ:

57. Բոլոր ազդարարման և նավագնացային սարքավորումները պետք է ունենան դրոշմ և տեղադրվեն լողամիջոցի վրա` դրա գծագրերին համապատասխան:

 

XIII. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՆԳԱՏԵՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

58. Լողամիջոցների կանգատեղերը պետք է տեղակայվեն խմելու և տնտեսական ջրամատակարարման ցանցերի սանիտարական առաջին և երկրորդ գոտու, ինչպես նաև ջրի ալիքային և քամու ներգործության սահմաններից դուրս:

59. Կանգատեղերի տեղադրման վայրի ընտրությունը կատարվում է շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:

60. Կանգատեղերի սահմանների հեռավորությունը պետք է լինի նավամատույցներից մարդատար և բեռնային կառաններից ոչ պակաս 200 մ, հիդրոտեխնիկական կառույցներից` 500 մ, հանգստյան գոտիներից` 250 մ, բնակտարածքների գծից` 150 մ:

61. Կանգատեղերի շինությունները շահագործման համար պետք է լինեն տեխնիկապես կայուն, ճանապարհները` բավարար հրդեհային ավտոտրանսպորտի և այլ միջոցների մուտք գործելու համար:

62. Կանգատեղերը պետք է ցանկապատվեն, լուսավորվեն, կահավորվեն լողամիջոցային ցուցանակներով և տարբերիչ նշաններով:

63. Կանգատեղերում արգելվում է լողամիջոցի կանգառը, եթե`

i

ա) լողամիջոցը գրանցված չէ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չունի համապատասխան վկայական,

բ) խախտված են լողամիջոցների անվտանգ շահագործման նորմերի պահանջները,

գ) խախտված է կանգատեղի թողարկման գործելակարգը,

դ) լողամիջոցների վրա բացակայում են փրկարարական և հակահրդեհային միջոցները,

ե) խախտված են ուղևորատարողության և բեռնատեղափոխման գործելակարգի պահանջները,

զ) նավավարը գտնվում է ալկոհոլային ոչ սթափ վիճակում կամ առկա են թմրանյութերի ազդեցության նշաններ:

64. Կանգատեղերում հանգրվանած բոլոր լողամիջոցների վրա պետք է նշվեն դրանց տեսակը, կողային համարը, լողամիջոցի սեփականատիրոջ անվանումը:

65. Կանգատեղի տարածքը պետք է ունենա`

ա) հատուկ կահավորված նավամատույց` ուղևորներին նստեցնելու և իջեցնելու համար,

բ) բարձրախոս սարքեր, հեռախոս կամ ռադիոկապ,

գ) եղանակի տեսության ընդունման և տեղեկացման կետ,

դ) ցուցադրական նյութեր և միջոցներ` լողի անվտանգ կազմակերպման համար:

66. Կանգատեղերի տարածքը և շինությունները պետք է համապատասխանեն տեխնիկական և հրշեջ անվտանգության, սանիտարահիգիենիկ, բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանության նորմերի պահանջներին:

 

XIV. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

i

67. Յուրաքանչյուր լողամիջոց պարտադիր կարգով պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը`

ա) վկայական լողամիջոցն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցելու մասին,

բ) փորձագիտական եզրակացություն լողամիջոցի տեխնիկական վիճակի մասին,

գ) եզրակացություն լողամիջոցի սանիտարահիգիենիկ վիճակի մասին,

դ) լողամիջոցի անձնակազմի ցուցակ,

ե) լողամիջոցի տեխնիկական անձնագիր,

զ) լողամիջոցի վերամբարձ սարքավորման տեխնիկական անձնագիր,

է) լողամիջոցի սառցարանային տեղակայանքի տեխնիկական անձնագիր:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2006
N 1945-Ն
Որոշում