Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ԵՎ 127-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՍԴ/0012/01/17  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0012/01/17

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

    դատավորներ`        Մ. Պետրոսյան

                       Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`                

                    դատախազ           Դ. Մելքոնյանի

                    պաշտպան           Մ. Հովհաննիսյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ ամբաստանյալ Արշակ Ռուբենի Պողոսյանի պաշտպան Ռ.Ղազարյանի, ամբաստանյալ Կառլեն Արմենի Գրիգորյանի պաշտպան Մ.Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 51153216 քրեական գործը:

1.1. Նախաքննության մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Արսեն Ժորայի Եսայանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, որը 2016 թվականի դեկտեմբերի 27-ին փոփոխվել է, և Ա.Եսայանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2017 թվականի հունվարի 25-ին Ա.Եսայանին առաջադրված մեղադրանքը կրկին փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով:

1.2. Նախաքննության մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Արշակ Ռուբենի Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

1.3. Նախաքննության մարմնի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ Կառլեն Արմենի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի փետրվարի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Արսեն Եսայանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով` արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ա.Եսայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Արշակ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

Կառլեն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Վահրամ Գրիգորի Գևորգյանը, Բահման Հոսսեինալիի Աբոլհասսանզադեն և Արտակ Վլադիմիրի Կարապետյանը:

3. Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Ռ.Ղազարյանի, ամբաստանյալ Կ.Գրիգորյանի, ամբաստանյալ Վ.Գևորգյանի պաշտպան Վ.Մարգարյանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 21-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Ռ.Ղազարյանը, ամբաստանյալ Կ.Գրիգորյանի պաշտպան Մ.Հովհաննիսյանը, ամբաստանյալ Վ.Գևորգյանի պաշտպան Վ.Մարգարյանը, ամբաստանյալ Ա.Եսայանը և նրա պաշտպան Հ.Դավթյանը:

4.1 Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Եսայանի և նրա պաշտպան Հ.Դավթյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

4.2 Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Գևորգյանի պաշտպան Վ.Մարգարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

4.3 Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի, ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Ռ.Ղազարյանի, ամբաստանյալ Կ.Գրիգորյանի պաշտպան Մ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2016 թվականի հունիս ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի բնակիչ Արշակ Ռուբենի Պողոսյանին շաբաթական 1 անգամ ապօրինի իրացրել է ափիոն տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, 2016 թվականի նոյեմբերի 11-ին Ա.Եսայանը Սիսիան քաղաքի բնակիչ Վահրամ Գևորգյանից ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում պահել զգալի չափերով` 0.16 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց:

Այնուհետև, Ա.Եսայանը Կապան քաղաքի բնակիչ Արշակ Պողոսյանին իրացնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 11-ին Սիսիան քաղաքի բնակիչ Վահրամ Գևորգյանից դարձյալ ապօրինի ձեռք է բերել ափիոն տեսակի թմրամիջոց, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ բերման է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին:

Բացի այդ, Ա.Եսայանն ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում պահել խոշոր չափերով` 6.0 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և զգալի չափերով` 970 գրամ ընդհանուր քաշով տետրահիդրոկանաբինոլ պարունակող թվով 11 հատ ամբողջական կանեփի թուփ»1:

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 4-5:

 

5.1. Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, Սիսիան քաղաքի բնակիչ Արսեն Ժորայի Եսայանից 20.000 ՀՀ դրամ գումարով ապօրինի 2 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 11-ին Կապան քաղաքից մեկնել է Սիսիան և ժամը 20:30-ին մոտեցել վերջինիս պատկանող, Սիսիան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3-րդ շենքի մոտ գտնվող ավտոտնակին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ նույն պահին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին»2:

________________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 5:

 

5.2. Կ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, իրենց բակում վայրաճ կանեփի թփից ապօրինի ձեռք է բերել` հավաքել, մանրացրել, զգալի չափերով` 1.74 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և 2016 թվականի նոյեմբերի 11-ին պահել «Օպել Աստրա» մակնիշի 35 AS 177 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող բաց դարակում, որը նույն օրը` ժամը 21:25-ին, կատարված զննությամբ հայտնաբերվել է»3:

________________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 5:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել նախաքննության մարմնի կողմից Արսեն Եսայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

Սույն քրեական գործի նյութերում առկա է Արսեն Եսայանին առաջադրված նշված մեղադրանքին առնչվող հետևյալ ապացույցները, այն է` Արշակ Պողոսյանի որպես կասկածյալ տված ցուցմունքը (դատաքննությամբ վերջինս հերքել է նշված ցուցմունքի բովանդակությամբ արտահայտված փաստական տվյալները), հեռախոսազանգերի վերծանումները և տոքսիկոքիմիկ-փորձագետի թիվ 16-3325 (...) եզրակացությունը: Միևնույն ժամանակ բացակայում են իրեղեն ապացույցը և դատաքիմիկ-փորձագետի եզրակացությունը` Արսեն Եսայանի կողմից Արշակ Պողոսյանին ենթադրյալ իրացրած կամ իրացման փորձ կատարած «ափիոն» տեսակի թմրամիջոցի վերաբերյալ: Տվյալ պայմաններում, դատարանը հանգում է հետևության, որ երկու դեպքում էլ բացակայում է հանցագործության առարկան` թմրամիջոցը և հիմնվելով նշված ապացույցների վրա հնարավոր չէ Արսեն Եսայանի վերաբերյալ այդ մասերով կայացնել մեղադրական դատավճիռ:

(...)

Դատարանը փաստում է, որ միայն նշված ապացույցներով հնարավոր չէ ապահովել Արսեն Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ապացուցման առարկայի պարզումը և նրան դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը տվյալ դեպքում հանգեցնում է անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չլինելուն, այսինքն` բացակայում է Արսեն Եսայանի այդ մասերով մեղավորության մասին վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցները:

(...)

Տվյալ դեպքում դատարանն արձանագրում է, որ պետք է ճանաչվի և հռչակվի ՀՀ քրեական օրենսգրքի 34-266 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Արսեն Եսայանի անմեղությունը` արարքներում հանցակազմի (հանցագործության օբյեկտի) բացակայության հիմքով:

Անդրադառնալով Արսեն Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքին, դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերաորակման հետևյալ պատճառաբանությամբ.

(...) Արսեն Եսայանի կատարած մեկ արարքում միաժամանակ առկա են հիմնական և ծանրացնող հանգամանքներով ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով հանցակազմերի հատկանիշներ, որոնք պետք է գնահատել որպես մեկ հանցագործություն և որակել միայն ծանրացնող հանգամանքը նախատեսող մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դատարանը նշված եզրահանգմանն է գալիս նաև այն նկատառումներից ելնելով, որ մեղադրանքի կողմից դատարան չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ Արսեն Եսայանը 6.0 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը և զգալի չափերով` 970 գրամ ընդհանուր քաշով «տետրահիդրոկանաբինոլ» պարունակող թվով 11 հատ ամբողջական կանեփի թուփը ձեռք է բերել առանձին-առանձին, կամ նույն ժամանակ, բայց տարբեր անձանցից:

(...)

Վերլուծելով ու գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները և գործի նյութերն իրենց համակցությամբ, դրանց գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչպես նաև դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը հաստատված է համարում հետևյալը`

- Արսեն Ժորայի Եսայանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով ու ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (...)

- Արշակ Ռուբենի Պողոսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (...)

- Կառլեն Արմենի Գրիգորյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով (...)»4:

________________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 34-43:

 

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Արսեն Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, վերահաստատում է Առաջին ատյանի դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված ապացույցներում բացակայում է ենթադրյալ հանցագործության առարկան` այն է` թմրամիջոցը, բացի այդ առկա չէ դատաքիմիական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ տվյալ նյութը հանդիսանում է «ափիոն» տեսակի թմրամիջոց, իսկ Առաջին ատյանի դատարան ներկայացված մյուս ապացույցները բավարար չեն հաղթահարելու ամբաստանյալ Արսեն Եսայանի անմեղության կանխավարկածը:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները թույլատրելիության, արժանահավատության, վերաբերելիության և բավարարության տեսանկյունից, բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի, իրավաչափ եզրահանգում է կատարել այն մասին, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի ապահովվում ապացույցների բավարարության շեմի համար «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը, որը կբացառի հակառակի ողջամիտ հավանականությունը:

(...) Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված, նաև Վերաքննիչ դատարանի կողմից թույլատրելի ճանաչված ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանելով հօգուտ ամբաստանյալի, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալ Արսեն Եսայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով (...) առաջադրված մեղադրանքը հաստատող ապացույցների բավարար ամբողջություն չի ստեղծվում, ուստի ապացուցված չէ ամբաստանյալ Արսեն Եսայանի կողմից նրան մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով (...) նախատեսված հանցագործությունների կատարումը:

(...)

Վերաքննիչ դատարանը քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալ Արշակ Պողոսյանի և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Կառլեն Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության (...)»5:

________________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 129-141:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Ռ.Ղազարյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական նորմերի էական խախտումներ, ինչն էլ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը: Ըստ բողոքաբերի` հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվել Ա.Պողոսյանի մեղավորությունը մեղսագրված արարքում: Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև անմեղության կանխավարկածի տարր հանդիսացող չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու սկզբունքը:

i

8.1. Միաժամանակ բողոքաբերը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է ամբաստանյալ Ա.Պողոսյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման նրա նկատմամբ:

8.2. Վերոշարադրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է Ա.Պողոսյանի մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշումը` ճանաչելով և հռչակելով Ա.Պողոսյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում և դադարեցնել քրեական հետապնդումը, կամ Ա.Պողոսյանի կատարած արարքը համապատասխանեցնել ՀՀ գործող քրեական օրենսգրքին` նշանակելով ավելի մեղմ պատիժ և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

9. Ամբաստանյալ Կ.Գրիգորյանի պաշտպան Մ.Հովհաննիսյանը փաստարկել է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը պատճառաբանված և հիմնավորված չեն, ուստի ենթակա են բեկանման:

Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները պատշաճ կարգով չեն գնահատել գործում առկա ապացույցների ամբողջությունը` դրանով իսկ խախտելով քրեադատավարական նորմերի պահանջները:

Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանները պատիժ նշանակելիս հաշվի չեն առել Կ.Գրիգորյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, նրա անձը բնութագրող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և արդյունքում թույլ են տվել քրեական օրենսդրության սկզբունքների խախտումներ:

9.1. Միաժամանակ, բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է ամբաստանյալ Կ.Գրիգորյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման նրա նկատմամբ:

9.2. Վերոշարադրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է Կ.Գրիգորյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

10. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չենթարկելով գործում առկա բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ, եկել են սխալ հետևության` ամբաստանյալ Ա.Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելով: Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով չի հաստատվել Ա.Եսայանի մեղավորությունը և գործով բացակայում է հանցագործության առարկան` «ափիոն» տեսակի թմրամիջոցը, հիմնազուրկ են, քանի որ հանցագործության առարկան չհայտնաբերելը կամ դրա բացակայությունն ինքնին չի կարող հանգեցնել թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձի հանցակազմի բացակայության:

10.1. Բացի այդ, բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է ամբաստանյալներ Կ.Գրիգորյանի, Ա.Պողոսյանի և Ա.Եսայանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման նրանց նկատմամբ:

10.2. Արդյունքում, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Ա.Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու, Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Կ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «(...) 3.Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:

4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

i

13. Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում և իրավական դիրքորոշում ձևավորել առ այն, որ մարդու անմեղությունը քրեական դատավարության կարևորագույն կանխավարկածներից է: Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով` քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած6:

________________________

6) Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-30-րդ և 33-րդ կետերը:

 

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ստորադաս դատական ատյանները`

- Արսեն Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացրել են այն պատճառաբանությամբ, որ գործով ձեռք բերված ապացույցները` Արշակ Պողոսյանի` որպես կասկածյալ տված ցուցմունքը, որը հերքվել է դատաքննության ընթացքում տրված ցուցմունքով, հեռախոսազանգերի վերծանումները և տոքսիկոքիմիկ-փորձագետի թիվ 16-3325 եզրակացությունը բավարար չեն առաջադրված մեղադրանքում նրան մեղավոր ճանաչելու համար` հաշվի առնելով, որ բացակայում են իրեղեն ապացույցը և դատաքիմիական փորձաքննության եզրակացություն այն մասին, որ ենթադրյալ հանցագործության առարկան հանդիսացել է «ափիոն» տեսակի թմրամիջոց,

- Արշակ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր են ճանաչել` հիմքում դնելով, ի թիվս այլոց, նրա` որպես կասկածյալ տված ցուցմունքը, Արսեն Եսայանի հետ առերես հարցաքննության արձանագրությունը, ինչպես նաև նրա` անձնական խուզարկության արձանագրությունը,

- Կառլեն Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր են ճանաչել` հիմքում դնելով, ի թիվս այլոց, նրա` որպես կասկածյալ տված ցուցմունքը, ինչպես նաև նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի զննության արձանագրությունը7:

________________________

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 8-17:

 

15. Վճռաբեկ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործով հաստատված փաստական հանգամանքների իրավաչափությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները հանգել են ճիշտ եզրահանգման ամբաստանյալներ Ա.Եսայանին, Ա.Պողոսյանին և Կ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությունը որոշելիս: Մասնավորապես, ստորադաս դատարանները, համակողմանի գնահատման և վերլուծության ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները թույլատրելիության, վերաբերելիության և արժանահավատության տեսանկյունից` հանգել են հիմնավոր հետևության` Ա.Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու, իսկ Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Կ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում մեղավոր ճանաչելու վերաբերյալ: Հետևաբար, այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի, ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Ռ.Ղազարյանի, ամբաստանյալ Կ.Գրիգորյանի պաշտպան Մ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքները հիմնավոր չեն և ենթակա են մերժման:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. առկա է արդյո՞ք ամբաստանյալներ Արշակ Պողոսյանի, Կառլեն Գրիգորյանի և Արսեն Եսայանի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող, նրանց արարքների իրավական որակման փոփոխության հանգեցնող հանգամանք:

i

17. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

18. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն8:

________________________

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

i

19. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1.Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

i

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ: Նույն հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ: Նույն հավելվածում «կանեփ» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 500.0 գրամից մինչև 1000.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես զգալի չափ` 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ: Նույն հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես զգալի չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ: Նույն հավելվածով «կանեփ» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 500.0 գրամից մինչև 2500.0 գրամը ներառյալ:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Ա.Եսայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` զգալի չափի` 0.16 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 6 գրամ «մարիխուանա» տեսակի և զգալի չափի` 970 գրամ «կանեփ» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար9,

________________________

9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Ա.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 2 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցը ձեռք բերելու փորձի համար10,

________________________

10) Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

 

- Կ.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` զգալի չափի` 1.74 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ձեռք բերելու և պահելու համար11:

________________________

11) Տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը:

 

22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-20-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները Կ.Գրիգորյանի և Ա.Եսայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք են:

22.1. Մասնավորապես, «մարիխուանա» և «ափիոն» տեսակի թմրամիջոցների զգալի չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ 1.74 գրամ «մարիխուանա» և 0.16 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցներն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի են:

Վերոգրյալի պայմաններում Կ.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և Ա.Եսայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքների մեջ հանցակազմի բացակայության հիմքով:

23. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հանգեցնում են Ա.Պողոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և Ա.Եսայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

23.1. Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ այդ փոփոխությունների արդյունքում 2 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի, Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով:

23.2. Միևնույն ժամանակ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ այդ փոփոխությունների արդյունքում 6 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է, իսկ 970 գրամ «կանեփ» տեսակի թմրամիջոցը շարունակում է համարվել զգալի չափի: ՈՒստի, Ա.Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

24. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին պետք է տալ հետադարձ ուժ և դրա գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելն ամբաստանյալներ Ա.Պողոսյանի, Կ.Գրիգորյանի և Ա.Եսայանի կատարած արարքների վրա:

i

25. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքն (այսուհետ նաև` Համաներման մասին օրենք) ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Ա.Եսայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

i

26. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «(...) Հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով`

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում (...)»:

i

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել`

(...)

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:

27. Համաներման մասին Վճռաբեկ դատարանը Վարուժան Ավետիսյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը կամ վերացվել դատվածությունը: Առանց համաներման ակտի գոյության օրենսգրքերի համապատասխան դրույթներն իրացվել չեն կարող:

(...)

i

Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն: (...)»12:

________________________

12) Տե՛ս Վարուժան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը:

 

28. Սույն որոշման 23.1.-23.2.-րդ կետերից հետևում է, որ Ա.Պողոսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ Ա.Եսայանի արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:

29. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 26-27-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ`

ա) ամբաստանյալ Ա.Պողոսյանը մեղադրվում է 2016 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ ամբաստանյալ Ա.Եսայանը` 2016 թվականի նոյեմբերի 12-ին ավարտված հանցագործությունների մեջ,

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Ա.Պողոսյանը և Ա.Եսայանը մեղադրվում են հանցագործությունների կատարման մեջ, որոնք տեղի են ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը և որոնց համար նախատեսված պատիժը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալներ Ա.Պողոսյանի և Ա.Եսայանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և ամբաստանյալ Ա.Եսայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և Ա.Եսայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

i

30. Հիշյալ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ամբաստանյալներն արդեն իրացրել են օրենքով սահմանված կարգով իրենց մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրենց իրավունքը, հետևաբար պարտավոր չէ ամբաստանյալներից լրացուցիչ ճշտել, թե նրանք չեն առարկում արդյոք, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով13:

________________________

13) Տե՛ս mutatis mutandis Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշման 16-րդ կետը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 25-րդ կետը:

 

31. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել: Ամբաստանյալ Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը անհրաժեշտ է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով ու վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով: Ամբաստանյալ Կ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է ճանաչել անմեղ և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով: Ամբաստանյալ Ա.Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է ճանաչել անմեղ և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ու վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի, Կ.Գրիգորյանի և Ա.Եսայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները ենթակա են վերացման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 21-ի որոշումը` ամբաստանյալներ Արշակ Ռուբենի Պողոսյանի, Կառլեն Արմենի Գրիգորյանի և Արսեն Ժորայի Եսայանի մասով բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Արշակ Ռուբենի Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա Արշակ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել:

Ամբաստանյալ Արշակ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Ամբաստանյալ Կառլեն Արմենի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ամբաստանյալ Կառլեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Ամբաստանյալ Արսեն Ժորայի Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

5. Արսեն Ժորայի Եսայանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա Արսեն Եսայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել:

Արսեն Եսայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել:

6. Դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

7. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ՍԴ/0012/01/17
Որոշում