Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ      

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/2711/02/10    

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2711/02/10   2019 թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                       Ա. Մկրտչյան      

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Ազիզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Սևակ Արզարունու ընդդեմ Նարեգ և Սարո Հարթունյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սարո Հարթունյանի ընդդեմ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի` Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի կազմված և նոտարական կարգով վավերացված (սեղանամատյանի համար` 2403) 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն` Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սևակ Արզարունին պահանջել է Նարեգ Հարթունյանից բռնագանձել 151.784.000 ՀՀ դրամ, իսկ Սարո Հարթունյանից` 846.263.220 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նարեգ և Սարո Հարթունյանները պահանջել են Սարո Հարթունյանի կողմից հօգուտ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի կազմված ու նոտարական կարգով վավերացված 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն` Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, ճանաչել անվավեր:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 02.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան) 13.11.2014 թվականի որոշմամբ Նարեգ և Սարո Հարթունյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ Նարեգ և Սարո Հարթունյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.03.2015 թվականի և 22.04.2015 թվականի որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.02.2015 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով Նարեգ և Սարո Հարթունյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճիռը և հաստատվել է թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.08.2018 թվականի որոշմամբ Արմեն Ազիզյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Ազիզյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Սույն գործով Դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա վերանայել է օրինական ուժի մեջ մտած Դատարանի 02.04.2014 թվականի վճիռը և հաստատել վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոք բերած անձի խախտված իրավունքների վերականգնման պահանջով և ոչ թե` դրամական պահանջով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վարույթով կայացված վճիռը բողոքարկելիս արդյո՞ք անձը պարտավոր է վճարել դրամական պահանջի գործերի համար սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման համար անձը ևս պարտավոր է վճարել օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք` վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման համար` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ Ա. Հարությունյանը 26.07.2016 թվականին դիմելով դատարան` խնդրել է հաստատել սույն քաղաքացիական գործով Դատարանի 02.04.2014 թվականի վճռի հարկադիր կատարման ընթացքում պահանջատեր Սևակ Արզարունու իրավահաջորդ Արթուր Հովսեփյանի, պարտապաններ Նարեգ Հարթունյանի և Սարո Հարթունյանի ներկայացուցիչ Մարտուն Պողոսյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը (հատոր 10-րդ, գ.թ. 81):

Դատարանի 05.08.2016 թվականի վճռով վերանայվել է Դատարանի 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճիռը և հաստատվել է թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով վերոհիշյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը (հատոր 10-րդ, գ.թ. 99-102):

Արմեն Ազիզյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք Դատարանի 05.08.2016 թվականի վճռի դեմ: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը (հատոր 10-րդ, գ.թ. 118-120, 122):

Վերաքննիչ դատարանի 29.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանի 05.08.2016 թվականի վճռի դեմ Արմեն Ազիզյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) բողոքին կից ներկայացվել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարում կատարելու փաստը հավաստող անդորրագիր, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի, 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի դրույթներով, արձանագրում է, որ պակաս է վճարվել վերաքննիչ բողոքի համար հաշվարկվող պետական տուրքի գումարը, որպիսի պարագայում չի ներկայացվել նաև պետական տուրքի վճարման գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդություն (...)»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) Դատարանի` 05.08.2016 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ հայցագինը սահմանվել է 209.253.198 ՀՀ դրամ (...)»: Անդրադառնալով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությանը` Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն քննարկման առարկա կարող է դառնալ բողոքում թույլ տրված խախտումը վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում (հատոր 10-րդ, գ.թ. 144-146):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա, իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով,

գ) հատուկ վարույթների գործերով` բազային տուրքի ութապատիկի չափով:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ գլխի 202-204-րդ հոդվածներով սահմանվել են հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթը կարգավորող նորմերը, միաժամանակ նշված վարույթն ընդգրկվել է հատուկ վարույթի կարգով քննվող գործերի կազմում:

i

Համանման կարգավորում է սահմանված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, համաձայն որի` դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վերաբերյալ գործերը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսին են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը: Մասնավորապես` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը` տարբերակվել են հայցային և հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նաև հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական և ոչ դրամական պահանջների համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափը որոշելիս Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեն վարույթի տեսակը, պահանջի բնույթը, բողոքարկվող դատական ակտի տեսակը և բողոքարկման ծավալը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միայն նշված հանգամանքները պարզելու պարագայում է հնարավոր որոշել վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված և գանձման ենթակա պետական տուրքի դրույքաչափը, ըստ այդմ` լուծել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը բողոքարկելիս Արմեն Ազիզյանի կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափը պետք է հաշվարկվեր և վճարվեր դրամական պահանջի գործերով սահմանված պետական տուրքի դրույքաչափին համապատասխան, հաշվի չի առել, որ սույն գործով վերաքննության կարգով բողոքարկված վճիռը ոչ թե կայացվել է դրամական պահանջով ներկայացված հայցադիմումի քննության արդյունքով, այլ` կողմերի հաշտության համաձայնության հիման վրա Դատարանի 02.04.2014 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարողի դիմումի քննության արդյունքում: Ընդ որում, վերոհիշյալ դիմումը քննության է առնվել հատուկ վարույթի կարգով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր կատարողի դիմումով վճռի հարկադիր կատարման ընթացքում կողմերի միջև կնքված հաշտության համաձայնության հիման վրա դատարանի վճռի վերանայման վարույթով կայացված վճիռը բողոքարկելիս անձը պարտավոր է վճարել հատուկ վարույթի գործերով վերաքննիչ բողոքների համար սահմանված դրույքաչափով պետական տուրք` բազային տուրքի ութապատիկի չափով:

Վերը նշվածը հաշվի առնելով և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանը ոչ թե բողոքարկել է Դատարանի 02.04.2014 թվականի վճիռը, որը կայացվել է դրամական պահանջի քննության արդյունքով, այլ Դատարանի` 05.08.2016 թվականի վճիռը, որը կայացվել է հարկադիր կատարողի դիմումի հիման վրա` հատուկ վարույթի կարգով գործի քննության արդյունքում: Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից ներկայացվել է 10.000 ՀՀ դրամ վճարված լինելու փաստը հավաստող պետական տուրքի վճարման անդորրագիր, ինչը նշանակում է, որ բողոքաբերի կողմից ամբողջությամբ վճարվել է բողոքարկված դատական ակտի համար օրենքով սահմանված չափով պետական տուրքը, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանի կողմից հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման արդյունքով կայացված` 05.08.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելիս Արմեն Ազիզյանը պարտավոր էր վճարել դրամական պահանջով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չկիրառելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «գ» ենթակետը, անհիմն կերպով վերադարձրել է Արմեն Ազիզյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը և վերջինիս զրկելով Դատարանի 05.08.2016 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից` սահմանափակել է նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 29.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Միաժամանակ նկատի ունենալով, որ 29.08.2018 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոք բերած անձի` օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու մասին միջնորդությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշումը վերացվելու դեպքում այդ հարցը ենթակա է լուծման բողոքը վարույթ ընդունելու փուլում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԵԿԴ/2711/02/10
Որոշում