Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾ ...

 

 

040.1678.021102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2002 թվականի N 1678-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

 

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների (միությունների) կայացման, ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին (միություններին) անհատույց օգտագործման իրավունքով փոխանցման գործընթացին աջակցելու, ոռոգման համակարգերը հանրային- մասնակցային կառավարման միջոցով արդյունավետ շահագործելու և ընկերությունների (միությունների) գործունեությունը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ և հաստատել նրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ` Ջրային կոմիտե):

(3-րդ կետը փոփ. 26.02.15 թիվ 184-Ն, 22.04.15 թիվ 422-Ն, 20.01.16 թիվ 22-Ն, 03.10.2019 թիվ 1392-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 26.02.15 թիվ 184-Ն որոշում)

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ջրային տնտեսության զարգացման քաղաքականության իրականացման ու ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կայացմանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(15.11.2018 թիվ 1281-Ն որոշման համաձայն որոշման ամբողջ տեքստում և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին» բառերը փոխարինել պետք է փոխարինվեր «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին» բառերով: Որը կատարվել է: Սակայն նշված որոշմամբ չի նախատեսվել փոփոխել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերը: Այս իսկ պատճառով դրանք չեն փոփոխվել:)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1678-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (կանոնակարգող խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ

Ջրային կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

Բնագավառի գործող կազմակերպությունների երեք ներկայացուցիչ (բացառությամբ ոռոգման ջրամատակարար կազմակերպությունների)

Արմավիրի մարզպետ

Արարատի մարզպետ

Արագածոտնի մարզպետ

Կոտայքի մարզպետ

Շիրակի մարզպետ

 

(1-ին հավելվածը խմբ. 20.01.16 թիվ 22-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 22.04.04 թիվ 532-Ն, 07.04.05 թիվ 410-Ն, 26.02.15 թիվ 184-Ն, 15.11.2018 թիվ 1281-Ն, 03.10.2019 թիվ 1392-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1678-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդը (այսուհետ` կանոնակարգող խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Կանոնակարգող խորհուրդն ստեղծվել է «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2. Կանոնակարգող խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Կանոնակարգող խորհրդի և ջրօգտագործողների ընկերության ու ջրօգտագործողների ընկերությունների միության (այսուհետ` ընկերության և միության) փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Կանոնակարգող խորհրդի անվանումն է` Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ:

 

II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Կանոնակարգող խորհրդի հիմնական նպատակն ընկերության և միության գործունեությունը համակարգելն է:

6. Կանոնակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի միջոցով:

7. Կանոնակարգող խորհուրդն իր խնդիրներն իրականացնելու նպատակով`

1) ընկերության և միության կողմից սպասարկվող տարածքների տեխնիկա-տնտեսական նպատակահարմարության մասին տալիս է գրավոր եզրակացություն.

2) տալիս է իրավաբանական, հաշվապահական և տեխնիկական հարցերով խորհրդատվություն.

3) ըստ հաստատված ձևերի` վարում է ընկերության և միության գործունեության վերաբերյալ գրանցամատյանները.

4) քննարկում է ընկերությանը և միությանը տրամադրվող ֆինանսական աջակցության չափաքանակն ու դրանց օգտագործման արդյունավետությունը.

5) ընկերության և միության անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է ստուգումներ` իր աշխատողների կամ անկախ աուդիտորների միջոցով.

6) ուսումնասիրում է ընկերության և միության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, ներառյալ իրենց վարած գրանցամատյանները, և անհրաժեշտության դեպքում տալիս է գրավոր եզրակացություն ընկերության և միության` տվյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին.

7) ընկերությանը և միությանը համաձայնություն է տալիս կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, վերակազմակերպվելու կամ լուծարվելու համար.

8) աուդիտի և ստուգումների արդյունքում ընկերության ֆինանսական գործունեության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընկերության վարչական խորհրդից կարող է պահանջել հրավիրել ընկերության ժողով, որտեղ կանոնակարգող խորհուրդը ժողովի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները: Եթե վարչական խորհուրդը 30 օրվա ընթացքում չի հրավիրում ընկերության ժողով, ապա կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել վարչական խորհրդի լիազորությունները և ինքը հրավիրել ընկերության ժողով.

9) եթե դադարեցված են վարչական խորհրդի լիազորությունները, ապա կարող է դադարեցնել ընկերության տնօրենի լիազորությունները և նշանակել ժամանակավոր տնօրեն, քանի դեռ ընկերության ժողովը նոր վարչական խորհուրդ չի ընտրել.

10) եթե միության ֆինանսական գործունեության մեջ հայտնաբերում է անճշտություններ, համաձայն կայացրած աուդիտի (ստուգումների), ապա վարչական խորհրդից պահանջում է գումարել նիստ, որտեղ կանոնակարգող խորհուրդը վարչական խորհրդի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները և առաջարկում մշակել միջոցառումների ծրագիր` իր կողմից սահմանված ժամկետում անճշտությունները վերացնելու համար: Եթե վարչական խորհուրդը միջոցառումների ծրագրին համապատասխան չի վերացնում անճշտությունները, ապա կանոնակարգող խորհուրդը կարող է կասեցնել վարչական խորհրդի լիազորությունները.

11) եթե վարչական խորհրդի լիազորությունները կասեցված են, ապա կարող է դադարեցնել միության տնօրենի լիազորությունները և նշանակել միության ժամանակավոր տնօրեն, որն իրականացնում է կանոնակարգող խորհրդի մշակած միջոցառումների ծրագիրը.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

8. Ընկերության և միության ղեկավար անձինք պատասխանատու են կանոնակարգող խորհրդին տված տեղեկությունների ճշտության և դրանք սահմանված ժամկետներում ներկայացնելու համար:

9. Կանոնակարգող խորհրդի լիազորած աշխատողը կարող է ստուգել ընկերության և միության հաշվապահական փաստաթղթերը կամ գրանցամատյանները, եթե`

1) ընկերության կամ միության անդամների մեկ երրորդը գրավոր պահանջում է.

2) ընկերության կամ միության հաշիվները կամ տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս կանոնակարգող խորհուրդը հայտնաբերում է ֆինանսական ոչ ճիշտ կամ անկանոն գործընթացի ապացույցներ:

 

III. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Կանոնակարգող խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հրավիրված արտահերթ նիստերի միջոցով:

11. Կանոնակարգող խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է կանոնակարգող խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի կամ գործադիր մարմնի առաջարկությամբ:

12. Կանոնակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների մեկ երրորդը:

13. Կանոնակարգող խորհրդի նիստը վարում է կանոնակարգող խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` կանոնակարգող խորհրդի անդամներից մեկը:

14. Կանոնակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կանոնակարգող խորհրդի նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:

15. Կանոնակարգող խորհրդի նիստի օրակարգը կազմվում է կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի կողմից և օրակարգի հարցերին վերաբերող համապատասխան փաստաթղթերով տրամադրվում կանոնակարգող խորհրդի անդամներին` նիստից առնվազն 3 օր առաջ` թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:

16. Կանոնակարգող խորհրդի անդամները կանոնակարգող խորհրդի նիստից առնվազն 10 օր առաջ կարող են առաջադրել հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար: Եթե այդ հարցերը չեն ընդգրկվում օրակարգում, ապա կանոնակարգող խորհրդի գործադիր մարմինը կանոնակարգող խորհուրդ է ներկայացնում համապատասխան հիմնավորում:

17. Օրակարգի հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում նշված հարցի քննարկումը տեղափոխվում է կանոնակարգող խորհրդի հաջորդ նիստ:

18. Կանոնակարգող խորհրդի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախատեսված վայրում: Կանոնակարգող խորհրդի նիստի օրակարգի հաստատման ժամանակ խորհրդի անդամները կարող են առաջադրել լրացուցիչ հարցեր` օրակարգում ընդգրկելու համար:

(18-րդ կետը փոփ. 03.10.2019 թիվ 1392-Ն որոշում)

19. Կանոնակարգող խորհրդի որոշումներն ստորագրում է կանոնակարգող խորհրդի նախագահը: Կանոնակարգող խորհրդի որոշումները ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Կանոնակարգող խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք, ինչպես նաև օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

IV. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

21. Կանոնակարգող խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է կանոնակարգող խորհրդի աշխատանքները` օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան.

2) պատասխանատու է կանոնակարգող խորհրդի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար.

3) ներկայացնում է կանոնակարգող խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում, այլ մարմիններում և կազմակերպություններում:

 

V. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

22. Կանոնակարգող խորհուրդը կազմված է առնվազն 14 անդամից:

23. Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններից, տարածքային կառավարման մարմիններից, բնագավառի մասնագետներից և ջրօգտագործողներից:

24. Նախարարությունը ներկայացնող կանոնակարգող խորհրդի անդամի թեկնածությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը:

(24-րդ կետը փոփ. 03.10.2019 թիվ 1392-Ն որոշում)

25. Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվող` բնագավառի գործող կազմակերպությունները ներկայացնողների (բացառությամբ ոռոգման ջրամատակարար կազմակերպությունների) թեկնածություններն առաջարկում է կանոնակարգող խորհրդի նախագահը` ռոտացիոն կարգով:

(25-րդ կետը փոփ. 03.10.2019 թիվ 1392-Ն որոշում)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 03.10.2019 թիվ 1392-Ն որոշում)

27. Կանոնակարգող խորհրդի անդամն իր հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է կանոնակարգող խորհրդի անդամ լինելուց:

28. Կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը` համապատասխան մարմինների ներկայացրած թեկնածությունների հիման վրա:

(28-րդ կետը փոփ. 03.10.2019 թիվ 1392-Ն որոշում)

29. Կանոնակարգող խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից` համապատասխան թեկնածություն ներկայացրած մարմնի համաձայնությամբ:

(28-րդ կետը փոփ. 03.10.2019 թիվ 1392-Ն որոշում)

30. Կանոնակարգող խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ կանոնակարգող խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը և գրառվում կանոնակարգող խորհրդի նիստի արձանագրության մեջ:

 

VI. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

31. Կանոնակարգող խորհրդի գործավարությունը կազմակերպվում է գործադիր մարմնի միջոցով: Այդ նպատակով գործադիր մարմինը`

1) կազմակերպում է կանոնակարգող խորհրդի նիստերի արձանագրային աշխատանքները.

2) կազմում է կանոնակարգող խորհրդի որոշումների նախագծերը.

3) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը կանոնակարգող խորհրդի անդամներին.

4) կանոնակարգող խորհրդի որոշումներն ու նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան մարմիններ.

5) վարում է կանոնակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

 

VII. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(VII գլուխն ուժը կորցրել է 03.10.2019 թիվ 1392-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2002
N 1678-Ն
Որոշում