Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/9085/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/9085/05/16        2019թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Պողոսյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում քննելով Զարուհի Ղարիբյանի ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Զարուհի Ղարիբյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 29.08.2016 թվականի թիվ 1604980204 որոշումը (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Զարուհի Ղարիբյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 17.03.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.07.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է,

Դատարանի 17.03.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է, և Զարուհի Ղարիբյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Ղարիբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածները, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածները որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով միակ ապացույց հանդիսացող տեսանյութի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանում չի երևում խաչմերուկի աջ մասում լուսացույցի առկայությունը: Այսինքն` տեսանյութում առկա չէ այն հիմնական կողմնորոշիչը` խաչմերուկի մուտքի լուսացույցը, որով առաջին հերթին պետք է կողմնորոշվի վարորդը: Հայցվորին պատկանող «MERCEDES-BENZ» մակնիշի 11 OO 701 պետհամարանիշի ավտոմեքենան երևում է տեսանյութի 00:03 (տեսախցիկի արձանագրած ժամանակով 15:01:28) վայրկյանին, երբ խաչմերուկից հետո տեղադրված ելքի լուսացույցի կամ այլ կերպ ասած` կրկնող լուսացույցի վրա դեռևս վառվում է կանաչ գույնի թույլատրող ազդանշանը, որը փոխվում է նույն վայրկյանին: Հայցվորի տրանսպորտային միջոցը երթևեկում է երթևեկելի երկրորդ գոտիով: Իսկ նույն ուղղության երրորդ գոտիով հայցվորի տրանսպորտային միջոցից առաջ առկա են մի քանի մեքենաներ, այդ թվում` սպիտակ բեռնատար, որը մուտք է գործում խաչմերուկ լուսացույցի դեղին ազդանշանի տակ և խոչընդոտ է հանդիսանում ելքի լուսացույցի տեսանելիության համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ միայն այն փաստի առկայությունը, որ տեսանյութում չի երևում հիմնական լուսացույցը, որը պետք է տեղադրված լինի խաչմերուկից առաջ աջ մասում, ինքնին բավարար է ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության առումով կասկած հարուցելու համար: Հետևաբար ի սկզբանե վարչական մարմինը պետք է զերծ մնար որոշում կայացնելուց:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով ֆիզիկական անձն ազատված է պետական տուրքի վճարումից` անկախ դատաքննության ելքից և իրադարձությունների հետագա զարգացման տրամաբանությունից: Հետևաբար տվյալ դեպքում Զարուհի Ղարիբյանի վրա չէր կարող դրվել Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականություն, քանի որ Զարուհի Ղարիբյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Նման դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ: Վերաքննիչ դատարանը, բավարարելով պատասխանող վարչական մարմնի ներկայացրած վերաքննիչ բողոքը և վերաքննիչ բողոք բերելու համար վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցման պարտականություն դնելով հայցվորի վրա, խախտել է հայցվորի դատարան դիմելու մատչելիության իրավունքը և նրան ծանրաբեռնել օրենքով չնախատեսված պարտականությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.03.2017 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության Որոշման համաձայն` Զարուհի Ղարիբյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 20.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 09.08.2016 թվականին` ժամը 15:01-ին, Երևան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին (գ.թ. 8),

2) Որոշմամբ Զարուհի Ղարիբյանին վերագրվող արարքն ամրագրող տեսանյութում երևում է խաչմերուկի ձախ հատվածում տեղադրված լուսացույցը, որի կարմիր ազդանշանի ներքո Զարուհի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը հատում է «Կանգ-գիծ» գծանշումը, իսկ խաչմերուկի աջ հատվածի լուսացույցը չի երևում (էլեկտրոնային կրիչ, գ.թ. 29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

1) Վճռաբեկ բողոքի առաջին հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.

Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված տեսանյութում ամրագրված արարքը կարո՞ղ է արդյոք հիմք հանդիսանալ Զարուհի Ղարիբյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետով օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իր այդ լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածի 4-րդ կետի համաձայն` լուսացույցներում կիրառվում են կանաչ, դեղին, կարմիր և լուսնասպիտակ գույների լուսային ազդանշաններ:

i

Նույն որոշման նույն հավելվածի 7-րդ կետի համաձայն` լուսացույցի կլոր ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունները`

1) (...).

2) (...).

3) դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը (...) և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.

4) (...).

5) կարմիր ազդանշանը, այդ թվում նաև` թարթող, արգելում է երթևեկությունը (...).

6) (...):

i

Նույն որոշման նույն հավելվածի 18-րդ կետի համաձայն` լուսացույցի (...) արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (...) առջև (...):

i

ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 44-րդ կետի համաձայն` երթևեկելի մասի կողքին տեղակայված Տ(T).1 ցանկացած կատարման և Տ(T).2 լուսացույցները կրկնում են: Կրկնող լուսացույցը տեղակայվում է խաչմերուկում կամ անմիջապես դրանից հետո` հաշվի առնելով վարորդի կողմից լուսացույցի ազդանշանի տեսանելիությունը: Բաժանարար գոտու, ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների առկայության դեպքում կրկնող լուսացույցները (...) տեղակայվում են խաչմերուկում, դրանից հետո` երթևեկելի մասերի միջև կամ խաչմերուկից ձախ (...): Բաժանարար գոտիների, բարձրացված ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների բացակայության դեպքում` կրկնող լուսացույցները տեղակայվում են անմիջապես խաչմերուկից հետո` Տ(T).1.ա կամ Տ(T).2 («դեպի աջ» սլաքով)` աջ կողմում, մյուսները` ձախ կողմում (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների նշված խախտումը հաճախ հայտնաբերվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով:

i

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (...) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

i

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն` առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ` իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկնման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև` ընթացիկ փուլի անհրաժեշտությունը (տե՛ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այսինքն` այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստը հայտնաբերվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի` այդ արարքի կատարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չհարուցի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կամ այն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու փաստի առկայությունը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում կարող է կասկած չհարուցել միայն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պարունակում է միանշանակ տվյալներ այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին: Այլ կերպ ասած` քննարկվող իրավիճակում վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պետք է բովանդակի այնպիսի տեղեկություններ, որոնք անառարկելիորեն վկայում են այն մասին, որ լուսացույցի արգելող ազդանշանին ենթարկվելու պահանջները ենթադրյալ իրավախախտման կատարման պահին տարածվել են տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի վրա, և վերջինս չի կատարել այդ ազդանշանի պահանջները:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի արդյունքում լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտ ընդունելու իրավական նախադրյալն այն է, որ այդ վարչական վարույթում ձեռք բերված լուսանկարով կամ տեսանյութով ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Զարուհի Ղարիբյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Որոշումը: Նշված վարչական ակտով Զարուհի Ղարիբյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 20.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 09.08.2016 թվականին, ժամը 15:01-ին, Երևան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին:

Դատարանը բավարարել է Զարուհի Ղարիբյանի հայցը` պատճառաբանելով, որ պատասխանող վարչական մարմինը չէր կարող տեսանյութում արձանագրված իրադրության պայմաններում վստահ լինել, որ տվյալ դեպքում առկա են իրավախախտման բոլոր հատկանիշները, քանի որ տվյալ դեպքում տեսանյութում ամրագրված իրադրությունը Դատարանի գնահատմամբ կասկած է հարուցում խաչմերուկի աջ մասում լուսացույցի (որը հայցվորի համար տեսանելի կլիներ) առկայության և խաչմերուկի ձախ մասում տեղադրված լուսացույցի` հայցվորի համար տեսանելի լինելու կապակցությամբ:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Ծառայության մոտ վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը և սույն գործում առկա` տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութը, խնդրո առարկա հանդիսացող հատվածում լուսացույցի կարմիր արգելող ազդանշանին չենթարկվելու պայմաններում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված արարքի և իրավախախտման հատկանիշների համադրումը կասկած չպետք է հարուցեր: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ թեպետ տեսանյութում արտացոլված չէ խաչմերուկի աջ կողմում գտնվող լուսացույցը, սակայն պարզ երևում է ձախ հատվածի լուսացույցը, որը նույնությամբ պետք է կրկնի աջ կողմի լուսացույցի ազդանշանները: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի` հնարավոր է միանշանակ հետևություն անել առ այն, որ հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը մուտք է գործել խաչմերուկ` արգելող նշանի առկայության դեպքում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության հարցը լուծելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված տեսանյութով ամրագրված արարքի և իրավախախտման, այսինքն` լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու, հատկանիշների համապատասխանությունը կասկած հարուցում է, թե` ոչ: Սույն գործի փաստերից հետևում է, որ Որոշմամբ Զարուհի Ղարիբյանին վերագրվող արարքն ամրագրող տեսանյութը, որն առանձին էլեկտրոնային կրիչով ներկայացվել է Ծառայության կողմից, պարունակում է այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է ապացուցել, որ իրավախախտման կատարման վայրում` խաչմերուկի ձախ հատվածում, առկա է լուսացույց, իսկ նախքան լուսացույցին մոտենալը` հստակ երևացող «Կանգ-գիծ» գծանշում, որին Զարուհի Ղարիբյանին պատկանող տրանսպորտային միջոցի մոտենալու պահին լուսացույցն ուներ երթևեկությունն արգելող ազդանշան:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև տեսանյութում արտացոլված չէ խաչմերուկի աջ կողմում գտնվող լուսացույցը, սակայն պարզ երևում է ձախ հատվածի լուսացույցը, որը նույնությամբ պետք է կրկնի աջ կողմի լուսացույցի ազդանշանները: Լուսացույցի դեղին և կարմիր ազդանշաններն արգելում են երթևեկությունը, իսկ դրանցից որևէ մեկի միացման պարագայում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման առջև: Ներկայացված տեսանյութից ակնհայտ է, որ Զարուհի Ղարիբյանին պատկանող տրանսպորտային միջոցը խաչմերուկ մուտք գործելիս չի կատարել նշված պահանջը` չենթարկվելով խաչմերուկի ձախ հատվածում գտնվող լուսացույցի` իր համար ողջամտորեն տեսանելի արգելող ազդանշանին:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տվյալ դեպքում տեսանյութում ամրագրված արարքի և Զարուհի Ղարիբյանին վերագրվող իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, և Որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին.

արդյո՞ք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է: Արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Այսպես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած, որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախ և առաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի իրավաչափ շահի միջև պատշաճ հավասարակշռություն երաշխավորելու նպատակով օրենսդիրը որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու ձևով: Այդ արտոնությունը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենքի ուժով ազատված են իրենց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատման ձևով օրենքի ուժով սահմանված արտոնության` դատական բողոքարկման փուլերում կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է դատական ծախսերի բաշխման հարցն այն իրավիճակում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջի հիման վրա հարուցված դատական գործը վարչական դատարանում լուծվում է հայցվորի օգտին, վարչական դատարանի դատական ակտը վերադաս դատական ատյան է բողոքարկվում ոչ թե հայցվորի, այլ պատասխանող վարչական մարմնի կողմից, և այդ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվում է ի վնաս հայցվորի: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել իրավական դիրքորոշումներ ձևավորել հենց այդ խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ` հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ արտահայտել է, մասնավորապես, այն իրավական դիրքորոշումը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերի համատեղ կիրառման շրջանակներում դատական ծախսերի բաշխման կանոնները չեն կարող մեկնաբանվել այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի` պետական տուրքի գծով արտոնություն ունեցող անձից այդ ծախսերը գանձվեն` ներառելով նաև վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Դատաքննության անբարենպաստ ելքով կամ օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով պայմանավորված դատավարության մասնակից այն սուբյեկտը, որն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի վճարման արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով հատուցելու պարտականություն` պահպանելով պետական տուրքի գծով արտոնությունը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների հենց այսպիսի ընկալմամբ` ապահովելով դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը նաև դատական բողոքարկման ընթացակարգերում:

i

Հիմնվելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների վրա` ՀՀ սահմանադրական դատարանը 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով` դատական բողոքարկման բոլոր փուլերում:

ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչված որոշմամբ փաստել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված վերոհիշյալ իրավական դիրքորոշումները վերաբերում են, մասնավորապես` իրավակիրառ պրակտիկայում հանդիպող այն իրավիճակին, երբ հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ոչ առևտրային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հայցը վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտով լրիվ կամ մասնակիորեն բավարարվում է, և այդ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվում է պատասխանող վարչական մարմնի կողմից: Այդ դեպքում պատասխանող վարչական մարմինն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և պարտավոր է վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել պետական տուրք` օրենքով սահմանված չափով: Այդ իրավիճակում ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքը բավարարելու և վարչական դատարանի վճիռը բեկանելու, փոփոխելու և հայցը մերժելու դեպքում վերաքննիչ դատարանը, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, չի կարող պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականությունը դնել պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր կողմի վրա:

Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին. վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության. եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Այլ կերպ ասած` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Զարուհի Ղարիբյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով ազատված է Որոշման` որպես անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի, վիճարկման հայցով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:

Դատարանը, ինչպես նշվեց, բավարարել է Զարուհի Ղարիբյանի հայցը` Որոշումը ճանաչելով անվավեր:

Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է պատասխանող Ծառայությունը: Ծառայությունն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամի չափով: Սակայն Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` հայցը մերժել է: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ Զարուհի Ղարիբյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Ծառայության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ֆիզիկական անձի` Զարուհի Ղարիբյանի վրա:

Մինչդեռ, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն որոշմամբ արված իրավական հետևությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Զարուհի Ղարիբյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Զարուհի Ղարիբյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Զարուհի Ղարիբյանի վրա պետական տուրք վճարելու (փոխհատուցելու) պարտականություն դնելու փոխարեն, պարտավոր էր վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարուհի Ղարիբյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Զարուհի Ղարիբյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2018 թվականի որոշման` վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման մասը, և այդ մասով այն փոփոխել` վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

Որոշումը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2019
N ՎԴ/9085/05/16
Որոշում