Սեղմել Esc փակելու համար:
{31.10.2019 - 16.02.2024} ԱՆՏԱՌԱՅԻՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{31.10.2019 - 16.02.2024} ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2019  -ից մինչեւ   16.02.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 31.10.2019 - 16.02.2024

040.0133.250208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2008 թվականի N 133-Ն

 

i

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կառավարման ոլորտում գտնվող անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

i

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 7-ի

N 133-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Անտառային պետական կադաստրը Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է:

i

2. Սույն կարգով սահմանվում է անտառային պետական կադաստրի վարման կարգը, որն անտառների, անտառապատման, անտառների օգտագործման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, նպատակային և գործառնական նշանակության, ինչպես նաև անտառային տնտեսությունների ու անտառային տնտեսության վարման, անտառային հողերի և անտառների որակական, քանակական ու տնտեսական բնութագրերի գնահատման մասին փաստաթղթային տվյալների համակարգված մուտքագրումն է` անտառների կայուն կառավարման համար տվյալների շտեմարան ստեղծելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության անտառային պետական կադաստրը վարվում է, ու տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կողմից` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

i

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

4. Բնության հատուկ պահպանվող տարածքների անտառային պետական կադաստրը վարվում է, ու տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից` տարածքների պահպանությունն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Անտառային պետական կադաստրի վարման տեղեկատվական հիմքերն են անտառաշինական նախագծերը (անտառակառավարման պլաններ), անտառների հաշվառման, անտառային մոնիթորինգի, անտառօգտագործման պայմանագրերի, իրավաբանական անձանց անտառային տնտեսության վարման և այլ տվյալները:

6. Անտառային պետական կադաստրը բաղկացած է երեք բաժնից`

1) անտառներ և անտառային ռեսուրսներ.

2) անտառօգտագործում.

3) անտառների պահպանություն, պաշտպանություն և վերականգնում:

7. «Անտառներ և անտառային ռեսուրսներ» բաժնում ներառվում է փաստաթղթային տեղեկատվություն`

1) անտառային հողերի և անտառների կազմի,

2) անտառային տնտեսությունների` անտառապետության, քառակուսու և անտառային հատվածների,

3) նպատակային նշանակության` պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության անտառների,

4) անտառների և անտառային ռեսուրսների որակական, քանակական և տնտեսական բնութագրերի մասին:

8. «Անտառների օգտագործում» բաժնում ներառվում է փաստաթղթային տեղեկատվություն`

1) անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններ) թույլատրված և փաստացի անտառօգտագործման տեսակների,

2) քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման տրված անտառների (օգտագործման իրավունքի և տեսակի, թույլատրված և փաստացի անտառօգտագործման ժամկետների, ծավալների և այլնի) մասին:

9. «Անտառների պահպանություն, պաշտպանություն և վերականգնում» բաժնում ներառվում է փաստաթղթային տեղեկատվություն`

1) անտառների պահպանության, պաշտպանության և վերականգնման բնագավառում անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններ) նախատեսված և իրականացված միջոցառումների,

2) անտառների պահպանության, պաշտպանության և վերականգնման բնագավառում անտառօգտագործողների կողմից նախատեսված ու իրականացված միջոցառումների,

3) պետական պատվերով նախատեսված և իրականացված անտառների պահպանության, պաշտպանության ու վերականգնման միջոցառումների մասին:

10. Անտառային պետական կադաստրի տվյալները գրանցվում են գրանցամատյանում, որի ձևը և վարման կարգը հաստատում է համապատասխան պետական լիազոր մարմինը:

11. Անտառային պետական կադաստրի վարման գրանցամատյաններում ներառվում են նաև անտառների պետական հաշվառման տվյալները:

12. Անտառային պետական կադաստրի վարման գրանցամատյաններում տվյալները մուտքագրվում են դրանք ներկայացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

13. Անտառային պետական կադաստրի վարման գրանցամատյանները վարվում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով: Փաստաթղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում փաստաթղթային տարբերակը:

14. Անտառային պետական կադաստրի վարման գրանցամատյանների էլեկտրոնային ձևով վարման ժամանակ պետք է ապահովվի դրանց համադրելիությունն այլ պետական տեղեկատվական համակարգերի հետ:

15. Անտառային պետական կադաստրի վարման գրանցամատյանների փաստաթղթային տվյալները մատչելի են բոլորի համար` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

16. Շահագրգիռ անձանց պարտադիր կարգով տրամադրման ենթակա տեղեկությունների ցանկը և տրամադրման պայմանները հաստատում է համապատասխան պետական լիազոր մարմինը:

17. Անտառային պետական կադաստրի վարման գրանցամատյանների փաստաթղթային տվյալների փոփոխությունները գրանցվում են սկզբնական տվյալների մուտքագրման համար նախատեսված կարգով և ժամկետում:

18. Անտառային պետական կադաստր վարող պետական լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու են փաստաթղթային տվյալները ճշգրիտ և սահմանված ժամկետներում մուտքագրելու համար:

19. Անտառօգտագործողները, անտառների պահպանություն, պաշտպանություն և վերականգնում իրականացնող անձինք, ինչպես նաև անտառների պահպանության, պաշտպանության և վերականգնման բնագավառում համապատասխան պետական լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու են սույն կարգի 7-րդ, 8-րդ ու 9-րդ կետերով սահմանված անտառային պետական կադաստրի տվյալների ճշտության և ամբողջականության համար:

20. Անտառային պետական կադաստրի տվյալները պետական սեփականություն են և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Անտառային պետական կադաստրի տվյալները տրամադրվում են պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ձևերով:

22. Անտառների կառավարման, վարձակալության, հավատարմագրային կառավարման, անտառօգտագործման կամ իրավական կարգավիճակի ցանկացած այլ փոփոխություն իրականացվում է անտառային պետական կադաստրի համակարգում հաշվառվելուց և գրանցվելուց հետո: Այն պայմանագրերից ծագող իրավունքները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պարտադիր պետական գրանցման, հաշվառվում են միայն այդ իրավունքների պետական գրանցումից հետո:

23. Անտառային պետական կադաստրի վարման ընթացքում անտառային հողերի իրավական կարգավիճակի փոփոխության մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի պետական հաշվառում իրականացնելու համար:

 

II. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Սույն կարգով սահմանվում են անտառների պետական հաշվառման հիմքերը:

25. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` հիմք ընդունելով անտառաշինական նախագծերը (անտառակառավարման պլաններ), անտառների գույքագրման, անտառների հաշվառման գրանցամատյանների, փորձահրապարակների, հեռազննման, անտառային պետական մոնիթորինգի և վերահսկողության արդյունքում ստացված տվյալները:

26. Անտառների պետական հաշվառումն իրականացվում է անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման, որակական և քանակական փոփոխությունների գրանցման, տեղեկատվության տրամադրման, հաշվարկային հատատեղերի սահմանման, անտառների օգտագործման, զարգացման, անտառատնտեսական այլ միջոցառումների ծրագրավորման, ինչպես նաև անտառների նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխման նպատակով:

27. Անտառների պետական հաշվառման ենթակա տվյալներն են`

1) անտառների և անտառային հողերի որակական ու քանակական բնութագրերը` ըստ հիմնական նպատակային և գործառնական նշանակության.

2) հավատարմագրային կառավարման, անտառօգտագործման, վարձակալության կամ այլ հիմունքներով տրամադրված անտառային տարածքներում առաջացած փոփոխությունները.

3) անտառածածկ տարածքների կամ անտառային պաշարների ընթացիկ փոփոխությունները.

4) միակցված, չմիակցված և հիմնադրված անտառային մշակաբույսերի բնութագրերը.

5) հիվանդություններից և վնասատուներից վնասված տարածքների մասին տվյալները.

6) անտառային հողերում անտառային տարածքների բաշխվածության փոփոխությունները.

7) ծառուտների բաշխվածության փոփոխությունները` հասակային փուլերի սահմաններում, ըստ գերակշռող ծառատեսակի.

8) տարիքային դասի փոփոխությունները վերջին անտառաշինությունից հետո` ըստ գերակշռող անտառի տիպերի (անտառաճման պայմանների) և լրիվության խմբերի.

9) անտառատնտեսական աշխատանքների, հատումների և անտառավերականգնման միջոցառումների տվյալները.

10) հատկացված հատատեղերի և փաստացի հատված տեղամասերի տվյալները.

11) ծառուտների վերակառուցման ծավալները և եղանակները.

12) բնափայտի մթերման տարեկան ծավալները` ըստ հատման եղանակների և տեսակների.

13) անտառակառավարման պլաններում ընթացիկ փոփոխությունների ընդգրկումը.

14) անտառատնտեսական նշանակության ճանապարհների տվյալները.

15) անտառային սերմերի հենքը, տնկարանների արտադրողականությունը.

16) հակահրդեհային պահպանության միջոցառումները, հրդեհների պատճառների, ծավալների վերլուծությունը և խախտված տարածքների բնութագիրը.

17) ոչ բնափայտային անտառօգտագործման տեսակները և ծավալները.

18) կենսաբանական բազմազանության պահպանության և վերարտադրման միջոցառումները:

28. Անտառների պետական հաշվառման, փաստաթղթերում կատարված փոփոխությունները պարտադիր գրանցվում են համապատասխան իրավական կամ տեխնիկական ակտերի հիման վրա:

29. Անտառների պետական հաշվառման նպատակով անտառատնտեսական միջոցառումների գնահատման ընթացքում հաշվի են առնվում`

1) անտառավերականգնման հատումների կանոնների պահպանումը (հատատեղի չափերը, հատման տարիքը և եղանակը), հատատեղի օգտագործման ծավալը` ըստ տեսակների (հատատեղերում մնացած բնափայտի քանակությունը` ըստ տեսակների և տեխնիկական բնութագրերի), բնական վերաճը, հողի հանքայնացման աստիճանը, հատատեղի մաքրման որակը, անտառաշինական նախագծերով նախատեսված հատատեղերի բաշխվածության և հատման եղանակների համապատասխանությունը.

2) խնամքի հատումների ընթացքում թույլ տրված շեղումները, հատման տեսակի համապատասխանությունը ծառուտի տարիքին, հատման ընթացքում ծառերի ընտրության ճշտությունը և բաշխվածությունը, հատման տեսակի հիմնավորումը, կանգուն ծառերի վնասվածության աստիճանը, հատատեղերի մաքրումը մնացորդներից, հատումների արդյունավետությունը (ծառուտների տեսակային կազմի և որակի բարելավումը, դրանց փոխադրումն առավել արժեքավոր ծառուտի).

3) սանիտարական հատումների ընթացքում ցցաչոր, հիվանդ և վնասատուներից վնասված ծառերի հեռացման աշխատանքների ծավալները, ծառերի ընտրության չհիմնավորված դեպքերը, հատման մնացորդների մաքրման և հատման հաճախականությունը.

4) անտառային մշակաբույսերի հիմնադրման համար ընդունված տեխնոլոգիական պահանջները, ցանքի և տնկման տեղերի բաշխվածությունը, հողագիտական ուսումնասիրությունները, գլխավոր և ուղեկցող ծառատեսակների հիմնավորումը, կպչողականությունը, վիճակը, սերմերի, տնկանյութի, իրականացվող աշխատանքի որակը, խնամքի իրականացումը և այլն.

5) բնական վերաճին օժանդակելու նպատակով մատղաշի վիճակը, ինքնացանքի առկայությունը և արդյունավետությունը.

6) անտառամելիորատիվ միջոցառումների իրականացման համապատասխանությունը նախագծին (չորացման ցանցի վիճակը, ջրակարգավորիչ հարմարանքները), իրականացվող մելիորատիվ միջոցառումների ազդեցությունը ծառուտների վիճակի և ոչ անտառածածկ հողերի վրա.

7) անտառապատման և անտառավերականգնման միջոցառումների արդյունավետությունը:

30. Անտառների պետական հաշվառման տվյալները մուտքագրվում, պահպանվում, վերլուծվում և տրամադրվում են երկրատեղեկատվական համակարգերի (ԵՏՀ) միջոցով:

31. Անտառների պետական հաշվառման տվյալների հավաքագրման և տրամադրման ձևերը հաստատում են համապատասխան պետական լիազոր մարմինները:

 

III. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Սույն կարգով սահմանվում են անտառային հողերի և անտառների (այսուհետ` անտառներ) մասին քաղաքացիներին և իրավաբանական անձանց փաստաթղթային տեղեկությունների տրամադրման պայմանները, տեղեկատվության տրամադրման համար վճարի սահմանման սկզբունքները:

33. Սույն կարգը տարածվում է անտառների մասին տեղեկություններ օգտագործող, պահպանող ու հավաքագրող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա:

34. Անտառների մասին տեղեկատվությունն օգտագործվում, տնօրինվում և տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջներին համապատասխան:

35. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին անտառների մասին ձեռք բերված տեղեկատվությունը համարվում է պետական սեփականություն, և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում, տիրապետում և օգտագործում են համապատասխան պետական կառավարման մարմինները:

36. Անտառների մասին տեղեկատվությունը ներառում է անտառների պետական հաշվառման, անտառային պետական կադաստրի, պետական մոնիթորինգի, անտառաշինության և անտառների կառավարման արդյունքում ձեռք բերված այլ տվյալներ:

37. Անտառների մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել տեղեկանքների, հաշվետվությունների, գրաֆիկական և այլ նյութերի տեսքով:

38. Անտառների մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել վճարովի և անվճար հիմունքներով` առանց հրապարակման և այլ անձանց փոխանցման իրավունքի:

39. Անտառների մասին տեղեկատվությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում է անվճար:

40. Գիտահետազոտական, ուսուցման և այլ ոչ առևտրային նպատակներով անտառների մասին տեղեկատվությունն օգտագործողներին տրամադրվում է անվճար:

41. Առևտրային նպատակներով անտառների մասին տեղեկատվությունը տրամադրվում է վճարովի հիմունքներով:

42. Անտառների մասին վճարովի տեղեկատվությունն իրավաբանական անձանց և քաղաքացիներին տրամադրվում է համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից հաստատված արժեքով:

43. Անտառների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով իրավաբանական անձինք և քաղաքացիները սահմանված կարգով դիմում են համապատասխան պետական լիազոր մարմին:

44. Քաղաքացիների կողմից անտառների ընդհանուր օգտագործման իրավունքի, հանրային շահերի և շրջակա միջավայրի պաշտպանության մասին պետական սեփականություն հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է պարբերաբար հրատարակվող տեղեկագրերի, ինտերնետային կայքերի, հայտարարությունների և իրազեկման այլ մատչելի միջոցներով կամ ըստ պահանջի:

45. Անտառների մասին պետական սեփականություն հանդիսացող տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման, եթե պահանջվող տեղեկատվությունը պարունակում է`

1) պետական գաղտնիքներ կամ ծառայողական այլ նյութեր.

2) երրորդ կողմի մասին արտադրական կամ առևտրային նշանակության տվյալներ.

3) սահմանային և ռազմական նշանակության անտառների վերաբերյալ նյութեր.

4) հեղինակային իրավունքի պաշտպանության մասին տվյալներ.

5) մրցութային փաստաթղթերում կամ աճուրդներում վճարովի հիմունքներով տրամադրված տվյալներ.

6) նախապատրաստվող ծրագրերի, անավարտ կամ ընթացիկ գործունեության մասին չամփոփված տվյալներ.

7) տվյալների ձեռքբերման անհրաժեշտություն, որը պահանջում է լրացուցիչ աշխատանքների և ծախսերի իրականացում.

8) անտառների պետական հաշվառման, անտառային պետական կադաստրի, անտառային մոնիթորինգի, անտառների գույքագրման, անտառապատման, անտառավերականգնման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացված այլ հատուկ ուսումնասիրությունների տվյալներ, որոնք ընդգրկված չեն սույն կարգի 16-րդ կետում նշված ցանկում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2008
N 133-Ն
Որոշում