041.0846.180915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2015 թվականի N 846-Ա
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐՋԻՆԻՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը`
1. Ստեղծել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման նպատակով ներկայացված հայտերն ուսումնասիրող և գնահատող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով):
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2015 թ. սեպտեմբերի 18-ի
N 846-Ա որոշման
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
զարգացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային
անվտանգության և ագրովերամշակման զարգացման
վարչության պետ
Օ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների
քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության
վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության թվայնացման, կապի և փոստի
վարչության պետ
Տ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության էներգետիկայի վարչության պետ
Ա. Միքայելյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական
ապահովման վարչության պետի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության
մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման
վարչության պետի տեղակալ
Տ. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար
Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական
տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Մանուկյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
(1-ին հավելվածը փոփ. 06.11.2019 թիվ 1617-Ա որոշում)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2015 թվականի սեպտեմբերի 18-ի
N 846-Ա որոշման
ԿԱՐԳ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանձնաժողովի նպատակն ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման համար ներկայացված հայտերի ուսումնասիրումն ու գնահատումն է:
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող իրավական ակտերով (այսուհետ` կարգեր) և ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիներին առնչվող այլ իրավական ակտերով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովը`
1) հաստատում է հանձնաժողովի կանոնակարգը, դրանում փոփոխությունները և լրացումները.
2) հաստատում է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակով ներկայացված հայտերի (այսուհետ` հայտ) կարգերով սահմանված չափանիշների համաձայն գնահատման թերթիկների ձևերը.
3) հրապարակում է հանձնաժողովի գործունեության և հայտերի գնահատման հետ կապված տեղեկատվությունը` տեղադրելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.
4) ընդունում է հանձնաժողովի գործառույթներից բխող որոշումներ.
5) 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և դրանց ամբողջականության կամ անճշտությունների բացակայության դեպքում` գնահատում հայտը, ընդունում համապատասխան եզրակացություն և 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան եզրակացությունը ներկայացնում է լիազոր մարմին, որը մշակում է համապատասխան որոշման նախագիծ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
4. Հանձնաժողովի նախագահը`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, ով հանդես է գալիս հանձնաժողովի անունից.
2) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.
3) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկների, բանկերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին և համապատասխան փորձագետների.
4) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները:
5. Հանձնաժողովի քարտուղարը`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետն է.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և նիստերը.
3) կազմակերպում է հայտերի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
4) ներկայացնում է հանձնաժողովի եզրակացությունները լիազոր մարմնին.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության` ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման վերաբերյալ դրական կամ բացասական որոշումներն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուներին` վերջիններիս վերաբերյալ.
6) գնահատման թափանցիկության, պետության և շահագրգիռ կողմերի միջև երկխոսության և հետադարձ կապի ապահովման նպատակով հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրում է հայտատուներին և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին.
7) հանձնաժողովի նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին ներկայացնում է նախատեսվող նիստի օրակարգը և համապատասխան փաստաթղթերը.
8) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և ներկայացնում հանձնաժողովի նախագահին և անդամներին` ստորագրության:
6. Հանձնաժողովի անդամները`
1) հանձնաժողովի անդամները պետական կառավարման մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների համապատասխան ներկայացուցիչներն են.
2) հանձնաժողովի անդամները հայտի ընդունման առնչությամբ կայացած նիստից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտերի գնահատման թերթիկի հիման վրա գնահատում են հայտերը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտի ստեղծելու նպատակով հայտերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:
9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների 2/3-ի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի նոր նիստի օրվա և ժամի մասին տեղեկացվում է բոլոր հայտատուներին:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում` նրան փոխարինում է հանձնաժողովի քարտուղարը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
12. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: