Սեղմել Esc փակելու համար:
{05.12.2019 - 18.08.2023} ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.12.2019 - 18.08.2023} ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.12.2019  -ից մինչեւ   18.08.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 05.12.2019 - 18.08.2023

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1664-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված մարտական գործողությունների մասնակցի և (կամ) երկրապահ կամավորականի կարգավիճակները պահպանվում են:

3. Սույն որոշման հավելվածի 4-րդ կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի նոյեմբերի 21-ի

N 1664-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով`

1) մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած, ինչպես նաև անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից` մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք, ովքեր`

ա. գտնվել են զինվորական ծառայության մեջ, ներառյալ` վարժական հավաքների ներգրավման միջոցով,

բ. գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

գ. ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել մարտական գործողությունների գոտու սպասարկումը,

դ. մարտական կամ այլ հատուկ առաջադրանքների կատարման նպատակով գործուղվել են մարտական գործողությունների գոտի,

ե. մասնակցել են մարտական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին.

2) կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ դատական կարգով մահացած ճանաչվելը.

3) առողջությանը պատճառված վնաս է համարվում անձի` վնասվածք կամ խեղում ստանալը կամ դրանց հետևանքով հիվանդություն ձեռք բերելը:

3. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

i

4. Միջգերատեսչական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը եզրակացություն է տալիս անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ: Միջգերատեսչական հանձնաժողովը կազմված է 12 անդամից, որոնցից 3-ը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, 1-ական` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, իսկ 3-ը` մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն է: Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով սույն որոշման 4-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են ներկայացնում հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներ ունենալու ցանկություն ունեցող` մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության հիման վրա դիմում են ներկայացնում հանձնաժողովի նախագահին` հայտարարությունում նշված ձևով և ժամկետում:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում` հանձնաժողովի նոր անդամի նշանակումն իրականացվում է սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգով: Հանձնաժողովի կազմում թափուր տեղ կարող է առաջանալ`

1) հանձնաժողովի անդամի մահվան դեպքում.

2) հանձնաժողովի անդամի կողմից անդամությունը դադարեցնելու դիմումի հիման վրա` ներկայացված հանձնաժողովի նախագահին.

3) հանձնաժողովի անդամին ներկայացրած պետական կառավարման մարմնի կամ կազմակերպության կողմից այդ անդամի հետկանչի դեպքում:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը: Նիստերը հրավիրվում են 2 ամիսը մեկ անգամ` մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու դիմումների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հրավերով նիստերին կարող են մասնակցել նաև այլ անձինք: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում հաստատվում են հանձնաժողովի եզրակացությունների ձևերը:

9. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումը, որի ներկայացուցիչը հանդիսանում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը, ով հանձնաժողովի անդամ չէ: Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած անձը, իսկ վերջինիս` զոհված (մահացած) լինելու դեպքում` նրա ընտանիքի անդամը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (անձի` զոհված (մահացած) լինելու դեպքում` հետմահու) ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում`

i

1) դիմում և մարտական գործողությունների մասնակցի 2x3 սմ չափսի 3 լուսանկար.

2) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան հանգամանքները հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ զինվորական ծառայության ստաժի հաշվարկման կանոններով սահմանված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին.

3) մարտական ուղի` տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները.

4) մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող փաստաթղթերը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1456-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշումների համաձայն:

i

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում դիմումատուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ այդ ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է` նշելով դիմումի վերադարձման հիմքերը:

12. Միջգերատեսչական հանձնաժողովն անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու եզրակացությունն ընդունում է սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա և եզրակացության ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, ստացված դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Նշված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում պաշտպանության նախարարը որոշում է անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու) շնորհելու հարցը: Պաշտպանության նախարարի կողմից անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու) շնորհելու մասին հրաման ընդունելու դեպքում դիմումատուին տրվում է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ շնորհելու դիմումը մերժվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից` անձի կարգավիճակը սույն կարգի 2-րդ կետի պայմաններին չհամապատասխանելու դեպքում` դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով դիմումատուին և նշելով դիմումի մերժման հիմքերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2019
N 1664-Ն
Որոշում