Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-69-Ո-Կ-17

2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ.

 

Նախագահությամբ`

Բարձրագույն դատական

                   խորհրդի նախագահի           Ռ. Վարդազարյանի,

 

մասնակցությամբ` անդամներ  Գ. Բեքմեզյանի,

Հ. Հովհաննիսյանի,

Մ. Մակյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Վ. Քոչարյանի,

 

                   Արդարադատության նախարար    Ռ. Բադասյանի,

 

Արդարադատության նախարարի  Ռ. Գրիգորյանի,

առաջին տեղակալ

 

Արդարադատության նախարարի  Մ. Զալիբեկյանի,

ներկայացուցիչ

 

                   Երևան  քաղաքի առաջին       Ռ. Ներսիսյանի,

                   ատյանի ընդհանուր  

                   իրավասության դատարանի

                   դատավոր

 

                   Երևան  քաղաքի առաջին       Գ. Մուղնեցյանի,

                   ատյանի ընդհանուր  

                   իրավասության դատարանի

                   դատավոր Ռ. Ներսիսյանի

                   փաստաբան

 

                   քարտուղարությամբ`          Մ. Թելոյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պաշտոնակատարի 14.10.2019թ. N 76-Ա որոշումը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ռուբեն Ներսիսյանին (այսուհետ` Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Արդարադատության նախարարի 02.09.2019թ. թիվ 33-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար առիթ է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

Մասնավորապես, քաղաքացի Համլետ Քարաջյանը 14.06.2019 թ-ին դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարին` թիվ ԵԿԴ/4585/02/17 քաղաքացիական գործով Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարության 26.08.2019թ. թիվ 28.1/19310-2019 գրությամբ դիմումին տրվել է պատասխան առ այն, որ դրանում նշված փաստարկներով չի հիմնավորվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առերևույթ լինելը:

Ուսումնասիրվել է դիմումին կից ներկայացված թիվ ԵԿԴ/4585/02/17 քաղաքացիական գործով Դատարանի 20.07.2018թ. վճիռը, որի արդյունքում ինքնուրույն հայտնաբերվել են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր, այն է` Դատավորի կողմից խախտվել են վճռի հիմնավորված և պատճառաբանված լինելուն, ինչպես նաև վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Նշված հանգամանքը նկատի ունենալով` Արդարադատության նախարարի 02.09.2019թ. թիվ 33-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված խախտման հատկանիշների առկայության հիմքով:

Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը Արդարադատության նախարարին 13.09.2019 թ-ին ներկայացրել է գրավոր բացատրություն:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Արդարադատության նախարարը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իր միջնորդության մեջ նշել է, որ Դատավորի կողմից խախտվել են վճռի հիմնավորված և պատճառաբանված լինելուն, ինչպես նաև վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները: Իր դիրքորոշումը Արդարադատության նախարարը հիմնավորել է հետևյալ իրավական փաստարկներով. 17.06.1998 թ-ին ընդունված և 09.04.2018 թ-ից ուժը կորցրած քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

i

Օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին:

i

Օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

i

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի`

1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

2) եզրահանգում կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերաբերելի է համարում.

3) ապացուցման կարիք չունեցող փաստերը` նշելով, թե սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի որ մասի հիման վրա և ինչ հիմքով է գործին մասնակցող անձն ազատվում տվյալ փաստի ապացուցման պարտականությունից.

4) ապացուցման ենթակա փաստերը (...):

Դատական ակտի պատճառաբանված լինելու կանոնը պահանջում է, որ դատական ակտը պետք է պարունակի լիարժեք տեղեկատվություն այն ապացույցների մասին, որոնք գնահատվել են, այն փաստերի մասին, որոնք հաստատվել են, ինչպես նաև այն իրավական նորմերի և միաժամանակ դրանց կիրառելի լինելու վերաբերյալ եզրահանգումների մասին, որոնք կիրառվել են: Հաջորդիվ դատական ակտը պետք է արտացոլի դատարանի կողմից իրականացված այս երեք գործընթացների վերաբերյալ դատողությունների ընթացքը և այդ դատողություններից բխող եզրահանգումները:

i

Վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին` այդ կապակցությամբ նշելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տրվի նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008թ. թիվ 3-54(ՎԴ) որոշում):

Վերոշարադրյալ իրավանորմերից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության:

Քննարկվող դեպքում Վճռի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրա պատճառաբանական մասում բացակայում են Ելենա Մելիքյանի կողմից ներկայացված` 50.487.692 ՀՀ դրամի չափով (25.582.800 ՀՀ դր.+24.904.892 ՀՀ դր.) ժառանգական զանգվածն սպառված համարելու պահանջի քննության արդյունքում Դատավորի կողմից Ելենա Մելիքյանի` ժառանգության հաշվին կատարված ծախսերը (700.000 ՀՀ դր. + 200.000 ՀՀ դր. + 1.000.000 ՀՀ դր.` հուղարկավորության ծախսեր, 46.665.000 ՀՀ դր.` իրավաբանական ծառայությունների վճար) նշված չափով հիմնավորված, իսկ 24.904.892 ՀՀ դրամի չափով անհիմն համարելու պայմաններում վերջինիս պահանջը մասնակի` 22.382.800 ՀՀ դրամի չափով բավարարելու հիմքում դրված փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Միևնույն ժամանակ, Վճռի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը չեն համապատասխանում առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին` հետևյալ հիմնավորմամբ:

Նախ` հարկ է նշել, որ Վճռում իսպառ բացակայում են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ուստի չկա նաև նշում առ այն, թե դրանցից որոնք են ապացուցման կարիք չունեցող, իսկ որոնք` ապացուցման ենթակա:

Դատավորի կողմից հաստատված է համարվել և Ելենա Մելիքյանի հայցապահանջի մասնակի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վերջինիս կողմից գերեզմանաքարի և դրա տեղադրման համար ծախսվել է 700.000 ՀՀ դրամ, սգո ծառայությունների համար` 200.000 ՀՀ դրամ և հուղարկավորության ծախսերի համար` 1.000.000 ՀՀ դրամ, մինչդեռ Վճռի պատճառաբանական մասը չի պարունակում նշում առ այն, թե հայցվորի կողմից ներկայացված հատկապես որ ապացույցների վրա են հիմնված Դատավորի հետևությունները նշված հանգամանքների մասին:

Միաժամանակ, առանց որևէ ապացույցի հաստատված է համարվել Ելենա Մելիքյանի կողմից Դավիթ Մանթաշյանին 46.665.000 ՀՀ դրամ վճարված լինելը: Մասնավորապես, Դատավորն այս կապակցությամբ նշել է, որ. «26.04.2007 թ-ին անորոշ ժամկետով իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագիր է, համաձայն որի` Արամ Քարաջյանը պարտավորվել է մինչ պայմանագրի գործողության ավարտը յուրաքանչյուր ամիս վճարել 180.000 ՀՀ դրամ: Համաձայն Դավիթ Մանթաշյանի կողմից կազմված ստացականի նրան վճարվելիք պարտքը 25.11.2012թ. դրությամբ կազմել է 46.665.000 ՀՀ դրամ»: Նշվածով հաստատվում է պարտավորության առկայությունը, այլ ոչ թե դրա կատարման փաստը:

Բացի դրանից, Դատարանը Ելենա Մելիքյանի հայցը մասնակի բավարարել, իսկ Համլետ Քարաջյանի հայցը մերժել է` բավարարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի համարված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ և 1244-րդ հոդվածների, 411-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ: Մինչդեռ, Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից հետևում է, որ Դատավորը Վճռում ոչ միայն պետք է նշեր նորմատիվ իրավական ակտերի այս կամ այն հոդվածը, այլ պետք է պատճառաբաներ, թե հատկապես ինչու է այդ նորմը տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ համարում կիրառելի:

Ավելին, Դատավորը գտել է, որ մերժման է ենթակա նաև Համլետ Քարաջյանի կողմից ներկայացված` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պահանջը` առանց հիմնավորելու և պատճառաբանելու իր այդ դիրքորոշումը: Նշվածից երևում է, որ Վճիռը զուրկ է փաստական և իրավական հիմնավորումից:

Վերոգրյալի արդյունքում հիմնավորվում է, որ Դատավորը, Վճռում չհիմնավորելով և չպատճառաբանելով իր հետևությունները, չպահպանելով վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները` թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և գրավոր պատասխան` Բարձրագույն դատական խորհրդին:

i

Արդարադատության նախարարին ներկայացված գրավոր բացատրության մեջ Դատավորը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները, նշել է, որ վարույթ հարուցող մարմնի համար սահմանված է հստակ ժամկետ, որի ընթացքում կարող է լուծվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը` կայացնելով համապատասխան որոշում: Տվյալ դեպքում քաղաքացու հաղորդմանը սահմանված կարգով լուծում տալու նպատակով վարույթ հարուցող մարմինը պարտավոր էր և իրականացրել է հաղորդմանը կից ներկայացված վճռի ուսումնասիրություն, ուստի վճռում առկա և Դատավորին վերագրվող խախտումների առկայությամբ պայմանավորված կարգապահական վարույթ հարուցելու առիթը վերջինիս հայտնի է դարձել առնվազն 14.06.2019 թ-ից սկսած, որից հետո միայն մեկ ամսվա ընթացքում մինչև 14.07.2019 թ-ը կարող էր հարուցվել կարգապահական վարույթ: Նշել է, որ եթե անգամ վճռի ուսումնասիրումն ու վարույթի հարուցման առիթների հայտնաբերումը տեղի է ունեցել քաղաքացու հաղորդման ուսումնասիրման համար սահմանված մեկամսյա ժամկետի վերջում` 13.07.2019 թ-ին, ապա այդ դեպքում վարույթը կարող էր հարուցվել մինչև 13.08.2019թ.: Այնինչ, որոշումը կայացվել է միայն 02.09.2019 թ-ին, որի արդյունքում խախտվել են նաև իրավական որոշակիության և օրինականության սկզբունքները:

Որոշումը պետք է պարունակի դատավարական խախտումների ակնհայտ և կոպիտ լինելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ` արդեն իսկ ձեռք բերված և ուսումնասիրված տեղեկությունների հիման վրա արված եզրահանգումներ համապատասխան փաստեր հայտնաբերելու վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Դատավորը հանգել է այն հետևությանը, որ որոշման մեջ այդ կապակցությամբ որևէ նշման առկա չլինելը վկայում է դրա ոչ իրավաչափ լինելու մասին:

Դատավորը նշել է, որ Վճռում ակնհայտ և կոպիտ դատավարական իրավունքի խախտումների փաստումը կարող է կատարվել բացառապես վերադաս դատական ատյանների կողմից սահմանված բողոքարկման ընթացակարգերի հիման վրա իրականացված քննության արդյունքում կայացված դատական ակտերով: Մասնավորապես` թիվ ԵԿԴ/4585/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.07.2018թ. որոշմամբ մերժել է Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը` փաստելով գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացման ու դրա արդյունքում իրավաչափ դատական ակտի կայացումը և ընդգծել, որ դատական սխալի մասին փաստարկները հիմնավորված չեն: Վճռաբեկ դատարանը 13.06.2019թ. որոշմամբ մերժել է գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված գրավոր պատասխանի մեջ Դատավորը նշել է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմի մեկնաբանությունը դատարանի բացառիկ իրավազորությունն է, իսկ ստորադաս դատարանի մեկնաբանությունները կարող են վերանայվել, փոփոխվել (իրավաբանորեն խմբագրվել, գնահատվել, ուղղորդվել) միայն սահմանված կարգով` վերադաս դատարանի կողմից կայացված դատական ակտերով. գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու, հետևաբար` արդարադատության իրականացման միակ սուբյեկտը դատարանն է.

Չբեկանված դատական ակտի պարագայում անթույլատրելի է իրավական գնահատման ենթարկել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, առավել ևս` կամայական մեկնաբանությունները դիտարկել որպես հնարավոր պատասխանատվության հիմք` շրջանցելով դատավարության մասնակիցների (ում իրավունքների և շահերի առնչությամբ կայացվում է դատական ակտը, և տեղի է ունենում դատավարությունը) կամքը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Թիվ ԵԿԴ/2667/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2015թ. վճռի համաձայն` Համլետ Քարաջյանի հայցն ընդդեմ Ելենա Մելիքյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, բավարարվել է:

2. Ելենա Մելիքյանը 20.11.2017 թ-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Համլետ Քարաջյանի` ժառանգական զանգվածը մասնակի սպառված համարելու պահանջի մասին, որը Դատավորի 21.11.2017թ. որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԿԴ/4585/02/17 քաղաքացիական գործ):

3. Համլետ Քարաջյանը 22.11.2017 թ-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ելենա Մելիքյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի 23.11.2017թ. որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԿԴ/4644/02/17 քաղաքացիական գործ):

Համլետ Քարաջյանի կողմից հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ 09.10.2015թ. թիվ ԵԿԴ/2667/02/14 վճռով սահմանված դրամական պարտավորությունը Ելենա Մելիքյանի կողմից մինչ օրս չի կատարվել, որի համար խնդրել է կիրառել քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կանոնները և վերջինից բռնագանձել 12.933.881 ՀՀ դրամ: Միաժամանակ, առարկելով Ելենա Մելիքյանի կողմից ներկայացված հայցի դեմ` խնդրել է կիրառել հայցային վաղեմություն:

4. Դատավորի 24.05.2018թ. որոշմամբ թիվ ԵԿԴ/4585/02/17 և թիվ ԵԿԴ/4644/02/17 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում և գործին տրվել է թիվ ԵԿԴ/4585/02/17 համարը:

5. Վճռով Ելենա Մելիքյանի հայցը բավարարվել է մասնակի` վճռվել է Արամ Քարաջյանի ժառանգական զանգվածից 22.382.800 ՀՀ դրամի չափով գումարը համարել սպառված, իսկ Համլետ Քարաջյանի հայցը մերժվել է:

6. Թիվ ԵԿԴ/4585/02/14 քաղաքացիական գործով Վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ մերժվել է, Վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` այն պատճառաբանությամբ, որ «Առաջին ատյանի դատարանը սույն գործով իրականացրել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն` արդյունքում կայացնելով իրավաչափ դատական ակտ և, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ներկայացված վերաքննիչ բողոքում նշված փաստարկները դատական սխալի մասին հիմնավորված չեն, ուստի բողոքը բավարարելու հիմքերը իրավացիորեն բացակայում են»:

7. Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: 2019 թվականի մարտի 13-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ բողոքի վարույթի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար:

8. Քաղաքացի Համլետ Քարաջյանը 14.06.2019 թ-ին դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարին թիվ ԵԿԴ/4585/02/17 քաղաքացիական գործով Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

i

9. Արդարադատության նախարարության 26.08.2019թ. թիվ 28.1/19310-2019 գրությամբ դիմումին տրվել է պատասխան առ այն, որ դրանում նշված փաստարկներով չի հիմնավորվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առերևույթ լինելը:

10. Թիվ ԵԿԴ/4585/02/17 քաղաքացիական գործով 09.08.2019թ. «Կատարողական թերթը պարզաբանելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման ուսումնասիրման արդյունքում 02.09.2019թ. վարույթ հարուցող մարմնի կողմից ինքնուրույն հայտնաբերվել են Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար առերևույթ հիմքեր:

11. Արդարադատության նախարարի 02.09.2019թ. թիվ 33-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված խախտման հատկանիշների առկայության հիմքով:

12. 14.10.2019թ. N 76-Ա որոշմամբ Արդարադատության նախարարի պաշտոնակատարը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի տեղակալի հաղորդումը, Արդարադատության նախարարի ներկայացուցչի ելույթը, Դատավորի ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1) արդյո՞ք թիվ ԵԿԴ/4585/02/14 քաղաքացիական գործով Դատավորի կողմից խախտվել է վճռի պատճառաբանված լինելու օրենսդրական պահանջը,

2) արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը կարող է գնահատվել որպես կոպիտ և ակնհայտ:

i

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն` պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

i

ՀՀ Սահմանադրության 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

i

ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

i

Միևնույն ժամանակ, Խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի համաձայն` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում: Հետևաբար, Խորհուրդը իրավասու չէ դուրս գալու ներկայացված միջնորդության սահմաններից և քննարկել նաև Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը:

Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորին` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս հանդես գալով որպես դատարան, որևէ օրենսդրական կարգավորմամբ կաշկանդված չէ ինքնուրույն որոշել դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտման առկայությունը, դրա ակնհայտ և կոպիտ լինելը:

Ուսումնասիրելով թիվ ԵԿԴ/4585/02/17 քաղաքացիական գործով 20.07.2018թ. Դատավորի կողմից կայացված վճիռը և գործի նյութերը, ինչպես նաև հիմք ընդունելով վերոգրյալ դիրքորոշումը Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ պետք է տվյալ դեպքում անդրադառնա վճռում միայն Համլետ Քարաջյանի կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պահանջն առանց որևէ պատճառաբանության և հիմնավորվածության մերժելու խնդրին, քանի որ Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում այդ հանգամանքը նշվել է որպես հիմք և հիմնավորում, սակայն Վերաքննիչ դատարանում քննության առարկա չի դարձվել` ի տարբերություն միջնորդության մեջ նշված մնացած հիմքերի:

i

05.05.1998թ. ընդունված և մինչ օրս գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

i

Օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն. «1. Գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո:

2. Դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում»:

Բարձրագույն դատական խորհուրդն այս համատեքստում անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներով (Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ /0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը և այլն) անդրադարձել է հայցային վաղեմության ինստիտուտի կիրառությանը և հատուկ ընդգծել այս ինստիտուտի նշանակությունը դատական պաշտպանության իրավունքի իրացման հարցում, նշելով, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը («Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 04.06.2019թ. որոշում):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 29.07.2011թ. թիվ ԵՔԴ/0085/02/08, ԵՔԴ/1222/02/08 որոշումներով արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետը լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից` հայցը հիմնավոր է, թե` ոչ:

i

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ 17.06.1998թ. ընդունված, գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետև` Օրենսգիրք) 130-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

i

Օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին:

i

Օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

i

Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջի կարևորությունն ընդգծել է Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես նշելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (Թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով վճռաբեկ դատարանի 27.03.2008թ. որոշում` ըստ հայցի Ռազմիկ Մարությանի ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին):

i

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ` կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող ընկալվել որպես պահանջ` մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով ՄԻԵԴ 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված` «Դատավորներ. անկախություն, արդյունավետություն և պատասխանատվություն» CM/Rec(2010)12 հանձնարարականի 1-ին գլխի 5-րդ մասով սահմանվում է, որ դատավորները պետք է ունենան գործերով որոշում կայացնելու անխափան ազատություն` անաչառորեն, օրենքի հիման վրա և փաստերի իրենց մեկնաբանությամբ, իսկ 15-րդ մասում ամրագրված է, որ վճիռները պետք է լինեն պատճառաբանված և հրապարակված: Դատավորները չպետք է այլ կերպ արդարացնեն իրենց վճիռների հիմքերը:

Իսկ նույն հանձնարարականի 1-ին գլխի 63-րդ մասի համաձայն` դատավորները պետք է հստակ նշեն իրենց վճիռների հիմքերը կողմերի համար որոշակի և հասկանալի լեզվով:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վերոգրյալ բոլոր պահանջներն առավել կարևորվում են դատական ակտում հայցային վաղեմության հարցի լուծման դեպքում, քանի որ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելն իրավական համապատասխան հետևանք առաջացնող, քննվող գործի հնարավոր ելքը կանխորոշող գործոն է` որոշ դեպքերում անկախ վեճի նյութաիրավական փաստակազմից:

Մինչդեռ Վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատավորը որևէ վերլուծություն և/կամ պատճառաբանություն հայցային վաղեմության ժամկետը լրացած լինել-չլինելու մասին չի իրականացրել, մանրամասն քննարկման առարկա չի դարձրել հայցային վաղեմություն կիրառելու կամ դրա կիրառումը մերժելու հիմքերը, այլ սահմանափակվել է հայցային վաղեմության կիրառումը մերժելու վերաբերյալ եզրահանգում արձանագրելով, ինչն էլ հանգեցրել է գործով կողմի` դատարան ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության վերաբերյալ արդար դատաքննության իրավունքի մաս կազմող պատճառաբանված որոշում ունենալու իրավունքի խախտմանը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը թույլ է տվել հայցային վաղեմություն կիրառելը մերժելու մասով դատական ակտի պատճառաբանման օրենսդրական պահանջի խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Խախտումը նաև կոպիտ է, քանի որ առանց պատճառաբանության հայցային վաղեմության կիրառումը մերժելը խախտում է անձի արդար դատաքննության իրավունքը, ինչն իր հերթին հեղինակազրկում է դատական իշխանությունը և նվազեցնում վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը, անդրադառնալով կարգապահական վարույթի հարուցման` օրենքով սահմանված ժամկետն անցած լինելու վերաբերյալ Դատավորի փաստարկին, գտնում է, որ այն անհիմն է, քանի որ վարույթ հարուցող մարմինը` որպես կարգապահական վարույթի հարուցման առիթի ծագման ժամկետ է դիտարկել ենթադրյալ խախտման ինքնուրույն հայտնաբերման պահը և օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

i

Բարձրագույն դատական խորհուրդը նաև արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին հայտարարել նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

                   խորհրդի նախագահ            Ռ. Վարդազարյան

                   Անդամներ`                  Գ. Բեքմեզյան

                                              Հ. Հովհաննիսյան

                                              Մ. Մակյան

                                              Լ. Մելիքջանյան

                                              Ա. Մխիթարյան

                                              Ս. Չիչոյան

                                              Վ. Քոչարյան

 

Հատուկ կարծիք

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման վերաբերյալ

 

Սույն կարծիքը ներկայացնում եմ ի լրումն Խորհրդի որոշման պատճառաբանական մասում արտացոլված դատողությունների:

 

Կարծիքս նպատակ է հետապնդում սույն գործի լույսի ներքո կատարել որոշակի ընդհանրացումներ, որոնք կարող են օգտակար լինել թե՛ օրենսդրական և դատաիրավական բարեփոխումների, և թե՛ իրավակիրառ պրակտիկայի հետագա կատարելագործման համար, վեր հանել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև և առաջարկել որոշակի մոտեցումներ դրանց հաղթահարման ուղղությամբ` ներառյալ կարգապահական վարույթների հարուցման և գործերի քննման պրակտիկայի բարելավումները:

Անկախ որոշ ազգանունների հիշատակման, որը կրում է զուտ մտքի ընկալումն ավելի դյուրին դարձնելու նպատակ, կարծիքս չի անձնավորում որևէ կոնկրետ դատավորի կամ այլ պաշտոնատար անձի և որևէ նպատակ չի հետապնդում բացասաբար որևէ անձի քննադատելու կամ թիրախավորելու: Մեր գերնպատակը խնդիրների վերհանումն ու դրանց միասնաբար լուծումն է:

Վերոհիշյալի հաշվառմամբ, կարծում եմ, որ կարևոր է անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

. որտե՞ղ է վճռի պատճառաբանվածության և հիմնավորվածության ողջամիտ սահմանը:

. կարո՞ղ է արդյոք Խորհուրդն անդրադառնալ դատավարական և/կամ նյութական իրավունքի նորմի խախտմանն այն պարագայում, երբ վերաքննիչ ատյանը դատական ակտը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ ատյանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը և առաջին ատյանի դատարանի ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Առաջին հարցի առնչությամբ կարծում ենք, որ ողջամիտ սահմանը պետք է փնտրել նախկին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՔԴՕ) կիրառման պարագայում 132-րդ հոդվածում և դրա կիրառման իրական փորձերում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպերում, որոնց հղում է արված նաև Խորհրդի որոշման մեջ, իսկ գործող ՔԴՕ պարագայում` 8 և 9-րդ հոդվածներում: Ընդ որում, 9-րդ հոդվածում օրենսդիրն իմ կարծիքով ամփոփել է նախկին իրավակիրառ պրակտիկայի բացերը և առավել մանրամասն կարգավորել ակտի պատճառաբանվածության չափանիշները:

Ինչպես նկարագրված է ստորև, կարևորը ոչ թե դատական ակտի պատճառաբանվածության և/կամ հիմնավորվածության իմիտացիա ստեղծելն է, այլ այն իրականում հիմնավորելն ու պատճառաբանելը: Կողմնակի ընթերցողի մոտ ակտը հիմնավորելու և պատճառաբանելու դատավորի անկեղծ և պրոֆեսիոնալ ջանքերը ողջամիտ կասկած չպետք է հարուցեն: Ավելին, պետք է ձգտել նրան, որ նույնիսկ վեճում պարտված շահագրգիռ կողմը, ուսումնասիրելով դատական ակտը, դատավորի դատողությունների խորության, լրիվության, անաչառության և պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ կասկածներ չունենա:

Ընդ որում, կարծում եմ, որ համատեղ ջանքեր պետք է գործադրենք, ձերբազատվելու համար ձևավորված այն պրակտիկայից, երբ հաճախ որպես հիմնավորում կամ պատճառաբանություն դատական ակտերում մեջբերվում են վերադաս ատյանների և ՄԻԵԴ-ի նախադեպերից ծավալուն պարագրաֆներ, սակայն վերջում դրանց կապը կոնկրետ գործում առկա փաստերի ու ապացույցների հետ տեսանելի չի լինում:

Երկրորդ հարցադրման առումով. ընդհանուր առմամբ համաձայնվելով Խորհրդի եզրահանգումների հետ հարկ եմ համարում ավելացնել հետևյալը.

Դասական ճշմարտություն է, որ առաջին ատյանի դատական սխալները պետք է ուղղվեն վերաքննիչ ատյանում1, որն առաջին ատյանի դատարանի դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող հիմնական ատյանն է2:

__________________________

1 Վճռաբեկ ատյանի սահմանադրաիրավական առաքելությանը չեմ անդրադառնում` խնդրից չշեղվելու նկատառումներով:

2 Տե՛ս Վ. Վ. Հովհաննիսյան, «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի նորմերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական խնդրի իրացումը քաղաքացիական դատավարությունում», էջ 64, // «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Եր., 2016, No 1 (19) http://www.ysu.am/files/07V_Hovhannisyan.pdf

 

Դասական առումով ընդունելի է նաև այն մոտեցումը, որ վերադասության կարգով բողոքարկված և ուժի մեջ մնացած (չբեկանված, չփոփոխված, օրինական ուժ ստացած) դատական ակտում առերևույթ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման (այն էլ կոպիտ և ակնհայտ արտահայտչաձևերով) հարցը կարգապահական վարույթում քննարկման առարկա դարձնելը կարող է հարցականի տակ դնել թե՛ դատական բողոքարկման աստիճանակարգությունը և թե՛ արդարադատություն իրականացնող դատական ատյանների սահմանադրական գործառութայնությունը: Բայց այս ամենը` դասական առումով:

Վերադառնանք մեր իրականություն, ուր տասնամյակներով տեղի են ունեցել դասական և կայացած դատական համակարգերի համար աներևակայելի անցքեր ու դրանց հաղթահարումն էլ պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ ու ջանքեր: Խնդրո առարկա գործում, առաջին ատյանի դատարանի վճռում ձևական առումով նշված է «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և Դատարանի իրավական վերլուծությունը», վկայակոչված են քաղաքացիական և դատավարական օրենսգրքերի հոդվածներ և վճռաբեկ դատարանի նախադեպ, սակայն իր տրամաբանական եզրահանգումները հիմնված չեն ո՛չ ներկայացված փաստերի ու ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության, ո՛չ իրավական ակտերի իրական համակարգային վերլուծության, և ո՛չ էլ դատական ակտի պատճառաբանվածության նվազագույն ստանդարտի վրա: Վստահ եմ, որ շատերը, կարդալով այս տողերը, կվերհիշեն իրենց գլխով անցած նմանատիպ բազում դեպքեր:

Տվյալ գործով, ուշագրավ է Դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) եզրահանգումն առ այն, որ 2007-2012թթ. յուրաքանչյուր ամիս 180 000 դրամ վճարելու պարտավորությունը` 10.800.00 ՀՀ դրամի փոխարեն հանգեցնում 46.665.000 ՀՀ դրամ գումարի, այն դեպքում, երբ Դատավորի բնորոշմամբ «անորոշ ժամկետով իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրում» ներառված 800 000 դրամ, գումարած 160 000 դրամ ԱԱՀ գումարի յուրաքանչյուր ամիս վճարելու/չվճարելու և դրա հաշվարկի շուրջ նույն գործի շրջանակներում եղած վեճն ու ներկայացված փաստարկներն ու ապացույցները դե ֆակտո չեն դարձել քննության առարկա3:

___________________

3 ԿԱՐԵՎՈՐ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ` սույն պարագրաֆում բերված հաշվարկները կրում են բացառապես իլյուստրատիվ բնույթ և չեն կարող մեկնաբանվել կամ օգտագործվել որպես իմ կողմից որևէ փաստի ընդունում կամ հաստատում վերաբերյալ այդ հաշվարկներին կամ պարտավորության գոյության կամ բացակայության:

 

Արդարադատության նախարարի միջնորդության քննության արդյունքներով, այդպես էլ անբացատրելի մնաց նաև, թե ինչպես և ինչու է Դատարանը, նախկին ՔԴՕ իրավակարգավորումների պայմաններում և մյուս կողմի ակնհայտ առարկությունների ներքո, թույլատրելի ապացույցներ համարում պայմանագրի, համաձայնագրի և ստացականի սովորական պատճեններն ու դրանք ներկայացնող կողմի պահանջներն այդ ապացույցների հիման վրա համարում հիմնավոր: Ավելին, վերաքննիչ դատարանն էլ նշում է4, որ «բողոքարկվող վճռի պատճառաբանական մասում Առաջին ատյանի դատարանի` «տվյալ դեպքում, դատարանը ուսումնասիրելով հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրում է, որ ...» ձևակերպման լույսի ներքո փաստելով, որ դատարանը ընդունում և հետազոտում է միայն այն ապացույցները, որոնք հաստատում են գործի լուծման և հիմնավորված վճիռ կայացնելու համար նշանակություն ունեցող փաստերը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով ապացույցները գնահատել է ըստ իր ներքին համոզման, որը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ` հիմնված է գործում եղած բոլոր ապացույցների համակցության, բազմակողմանի և լրիվ քննության վրա` միաժամանակ ղեկավարվելով օրենքով:»:

___________________

4 Տե՛ս ԵԿԴ/4585/02/17 գործը:

 

Մի՞թե առաջին ատյանի դատարանի «տվյալ դեպքում, դատարանը ուսումնասիրելով հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրում է, որ ...» արտահայտությունն ունիվերսալ «ինդուլգենցիա» կարող է լինել, և անհրաժեշտ չէ ստուգել, թե ինչպիսի փաստաթղթեր են ներկայացվել, ինչպես են դրանք ուսումնասիրվել, արդյո՞ք պահպանվել են ապացույցների թույլատրելիության, վերաբերելիության և ապացուցման ստանդարտները:

Սույն գործի շրջանակներում Դատավորը չօգտվեց լսված լինելու իր իրավունքից իրավունք բառն ընդգծում եմ դրա իրավագիտական իմաստով: Դատավորն իր ներկայացուցչի միջոցով հրաժարվեց պատասխանել որևէ հարցի ըստ էության: Թեև Դատական Օրենսգիրքը և վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերն իրավաչափ են դարձնում դատավորների նման վարքագիծը կարգապահական վարույթներում, նրանք ազատ են ընտրելու իրենց պաշտպանական տակտիկան, սակայն դատավորի դերի և կերպարի հասարակագիտական առումով ընկալման տեսանկյունից Խորհրդի հարցերին չպատասխանելն ու ընդհանրապես լռելը, հատկապես դռնբաց նիստում, իմ համոզմամբ չի նպաստում դատավորի դերի ու կերպարի` դեռևս Մխիթար Գոշի կողմից սահմանված5 կերպարի ձևավորմանը, ինչպես նաև Դատական Իշխանության պաշտոնական կայքում զետեղված «Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչներին»6:

___________________

5 Տե՛ս Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի (աշխատասիր. Խ. Թորոսյանի), Երևան, 1975: ;.Ի*. Թորոսյան, (Նախադր. գլ. Զ, էջ 30): «Դատավորը պետք է լինի չափահաս, հմուտ, քաջուսումն, գիտուն, օրենսգետ, բարի, առաքինի, աննախանձ, ուշիմ, զգաստ, անաչառ, խիստ, անկաշառելի, համբերող»:

6 Տե՛ս http://court.am/storage/uploads/files/service-page/ 1dEDKK0skG85aghhGhyl2D350jb610anhFqIv4Ve.pdf

 

Կատալինյան դավակցության գործով հրավիրված նիստում Հուլիոս Կեսարի արտասանած ճառից այս միտքը լավագույնս է բնորոշում դատավորին ու նրա ճակատագիրը. «Եթե անհայտության մեջ ապրող ստորին ծագում ունեցող մարդկանցից մեկն իր բռնկունության արդյունքում մի զանցանք է կատարել, ապա այդ մասին քչերը գիտեն. դրանց մասին խոսակցություններն այնքան աննշան են, որքան և այդպիսի զանցանք թույլ տվածի դիրքը: Մինչդեռ մեծ իշխանությամբ օժտված բարձր դիրք զբաղեցնող մարդկանց արարքները հայտնի են բոլորին: Այդպես ամենաբարձր ճակատագրի հետ է կապակցված ամենաքիչ ազատությունը. այդպիսի մարդկանց չի կարելի ի ցույց դնել ո՛չ իրենց բարեհաճությունը, ոչ ատելությունը, իսկ ամենից առավել` տրվել զայրույթին7»:

___________________

7 Տե՛ս Զապիսկի Յուլիյա Ցեզարյա. Գայ Սալլյուստիյ Կրիսպ. Սօչինենիյա. Մ.: Լադօմիր; ՕՕՕ «Ֆիրմա Իզդատելստվօ ԱՍՏ», 1999., 1981 գ. Պերեվօդ ս լատ., ստատյա ի կօմմենտարիի Վ.Օ. Գօրենշտեյնա, էջ. 51:

 

Ինչպես նշում էր Նապոլեոն Բոնապարտը. «Արդարադատությունից է կախված հասարակական կարգը: Այդ պատճառով էլ հասարակական աստիճանակարգությունում դատավորների տեղն իրավամբ առաջին շարքում է: ՈՒստի դատավորների հանդեպ ցուցաբերվող ոչ մի պատիվ և հարգանքի նշան չափազանց չի կարող համարվել»8:

___________________

8 Տե՛ս Նապոլեոն Բոնապարտ, Սուրբ Հեղինե Կղզում գերության մեջ գտնվողի մաքսիմներն ու աֆորիզմները, Հեղ. Հրատ. Երևան 2017, Տեր - Հովհաննիսյան, Ա.

 

Այսինքն, այն ամբողջ պատիվն ու հարգանքի նշանները դատավորին ցուցաբերվում են ոչ թե որպես արտոնություն կամ ընծա, այլ հասարակության առջև նրա կարևորագույն պարտականությունների կատարման պայման: Այդպիսի պարտավորություններից է նաև իրապես հիմնավորված և պատճառաբանված վճռի կայացումը:

Համաշխարհային պատմությունն ու մարդկության ապագան իրենց գործերով կանխորոշած պատմական անհատներին ու խնդրո առարկայի մասին նրանց հնչեցրած մտքերի շարքն ընդհատում եմ հիմնական գծից չշեղելու նպատակով: Հետևությունը մեկն է. թե՛ առաջին և թե՛ հատկապես վերադաս ատյանի դատավորի դերն ու պատմական նշանակությունն անգնահատելի են հասարակական համերաշխության ու երկրի առաջընթացի ապահովման գործում: Ու քանզի արդարության և համերաշխության զգացումը յուրաքանչյուր հանրության կայունության և առաջընթացի գրավականն է, ապա դրա հաստատումը պետք է գերակշռի մնացյալ նախապաշարմունքներին և մտավախություններին, ինչպիսիք են օրինակ դատական աստիճանակարգությունում 4-րդ ատյանի համբավ ձեռք բերելը կամ դատական բողոքարկման ինստիտուտը վտանգելը: Կարևորը Խորհրդի համապարփակ նպատակն է, որը չի ձգտում վերածվել մեկ այլ արդարադատական ատյանի, նրա մղումը պետք է լինի արդարության մթնոլորտի և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնումը: Այդ իսկ պատճառով, ի հեճուկս բոլոր սահմանված դասական կանոնների, Խորհուրդը չպետք է անմասն մնա իր դիրքորոշումն արտահայտելուց բոլոր այն դեպքերում, երբ, կարգապահական վարույթի արդյունքներով իր համար ակներև են կարգապահական խախտումները, եթե նույնիսկ դատական աստիճանակարգության խողովակներում այդպիսի խախտումը չի արձանագրվել:

Դարեր ի վեր դատավորները, պետության և պետականության մեջ իրենց ունեցած բացառիկ դերի ու նշանակության ուժով չեն համարվել սովորական սուբյեկտներ և նրանց նկատմամբ գործել է «Jura novit curia»9 սկզբունք - մոտեցումը: Հաշվի առնելով մեր իրականությունը (գերծանրաբեռնվածություն, օժանդակ ուժերի մասնագիտական ոչ բավարար մակարդակ և այլն), երբեմն, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով կարելի է հասկանալ, որ առաջին ատյանի դատավորը թույլ է տալիս դատական սխալ, որը սակայն, ոչ միշտ պետք է հանգեցնի կարգապահական պատասխանատվության: Այսինքն, առաջին ատյանի դատավորներին վերոհիշյալի հաշվառմամբ և խիստ կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով կարելի է մոտենալ նաև «errare humanum est10» տեսանկյունից: Սակայն, սխալվելու շեմը (խոսքը տեխնիկական վրիպակների կամ բացթողումների մասին չէ) վերաքննիչ ատյանների դեպքում պետք է գրեթե բացառվի` հաշվի առնելով վերջիններիս սահմանադրաիրավական առաքելությունը:

____________________

9 թարգ. «դատարանը գիտի օրենքները»:

10 թարգ. «մարդուն հատուկ է սխալվելը»:

 

Այո, Խորհուրդը սահմանափակված է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, սակայն գտնում եմ, որ ակնբախ երևույթները պետք է բարձրաձայնվեն առկա համակարգային խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ պետական իշխանության ու հանրության ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելու նպատակով: Ասվածի լույսի ներքո, քննարկման են արժանի հետևյալ հարցերը.

Եթե նույնիսկ Դատավորը սխալ հաշվարկի կամ վրիպակի արդյունքում կողմին մի քանի տասնյակ միլիոն դրամ գումարի պահանջ ավելի է բավարարում, ինչու՞ է այդ մասով որոշումը մնում անփոփոխ վերաքննիչ ատյանում:

Եթե նույնիսկ Դատավորը կարծել է, որ վճռում ընդամենը նշելով, որ «Վերոգրյալ վերլուծություններից ելնելով, դատարանը գտնում է, որ մերժման է ենթակա, հայցային վաղեմության պահանջը նույնպես» (թեև «վերոգրյալում» իսպառ բացակայել է որևէ «վերլուծություն» այդ հարցի կապակցությամբ) կարելի է վճռի պատճառաբանվածության ստանդարտը համարել բավարարված, ինչու՞ վերաքննիչ դատարանը չի անդրադառնում այս հարցին` առավել ևս, երբ նույն վերաքննիչ դատարանի որոշման «բողոքաբերի իրավական դիրքորոշման» բաժնում հստակ նշված է «բողոքաբերի» «բողոքը» հայցային վաղեմության ժամկետների չկիրառման մասով Դատարանի գործողությունների դեմ:

Ինչ վերաբերում է այն հնարավոր հակափաստարկին, որ հնարավոր է վերաքննիչ բողոքում այս կամ այն հարցը արծարծված չլիներ կամ ձևակերպումներն ու շեշտադրումները չլինեին այնպիսին, որպիսին այն կցանկանա տեսնել վերադաս ատյանը, ապա ինչպես արդարացիորեն նշում է դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը. «վերաքննիչ բողոքում ստորադաս ատյանում գործի քննության ժամանակ թույլ տրված խախտումների փաստացի նշումը պետք է համարել բավարար11»:

___________________

11 Տե՛ս Վ.Վ. Հովհաննիսյան, «Վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի հստակեցումը և վերաքննության տեսակի օբյեկտային սահմանների հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու/ԵՊՀ; Գլխ. խմբ.` Գ.Ս. Ղազինյան. - Եր.: ԵՊՀ, 2016:

 

Ուշագրավ է նաև, որ նույն կողմերի միջև փաստացի նույն վեճի շարունակության վերաքննությունը12 մակագրվել և քննվել է վերաքննիչ դատարանի երեքից հոգանոց կազմից նույն երկու դատավորներին (Լ. Գրիգորյան և Հ. Ենոքյան) է, այն պայմաններում, երբ դրանցից մեկով վերաքննիչ դատարանի կազմը, որում ներառված էին վերոհիշյալ երկու դատավորները, արդեն որոշում էր կայացրել, որն էլ մտել էր օրինական ուժի մեջ: Այս առումով, անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել հենց Խորհրդի կողմից, որպեսզի դատավորներին տեսանելի լինեն հնարավոր բացարկման հիմքերը և իրացվեն միջազգային ուղեցույցներում առկա` դատավորների կողմից բացարկվելու, ինքնաբացարկ ներկայացնելու և անկողմնակալ դիտորդի մոտ շահերի բախման տպավորությունից զերծ մնալու վերաբերյալ առաջարկները:

___________________

12 Տե՛ս ԵԿԴ/2667/02/14 (ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պ/մ) և ԵԿԴ/4585/02/17 (Ժառանգական զանգվածը մասնակի սպառված համարելու պ/մ)

 

Ամփոփում.

 

Վերոհիշյալի լույսի ներքո, հաշվի առնելով, որ սույն գործի հանգամանքները տեսության և մեր իրականության աղաղակող տարբերության ապացույցն են, ելնելով կարգապահական վարույթների նախականխող ու հասարակական հարաբերությունները ուղղորդող դերից.

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական գործեր քննող դատավորների ուշադրությունն եմ հրավիրում վճիռների պատճառաբանական մասերում Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի նախադեպերի տեքստերից արվող ծավալուն պատճենում - վերատեղադրում (copy - paste) գործողությունը փոխարինել գործում առկա ապացույցների գնահատման և փաստերի հաստատման վերաբերյալ սեփական դատողություններով և դրանցից բխող եզրահանգումներով` ՀՀ ՔԴՕ 9-րդ հոդվածի հաշվառմամբ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ուշադրությունն եմ հրավիրում առաջին ատյանի դատարանների կողմից վճիռների «Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» մասերի հանդեպ, որպեսզի վեր հանվեն և ստուգվեն այդ «պատճառաբանությունների» և «եզրահանգումների» իրական բովանդակությունները և դրանց` ՀՀ գործող ՔԴՕ 9-րդ հոդվածի ուժով դատական ակտի «պատճառաբանվածության» կատարելագործված ստանդարտներին համապատասխանելու հարցերը,

ՀՀ Արդարադատության նախարարի ուշադրությունն եմ հրավիրում ապագա հնարավոր միջնորդություններ ներկայացնելիս` քննարկման առարկա դարձնել նաև վերաքննիչ ատյանների կողմից կարգապահական խախտում կատարելու հարցը: Հաճախակիացել են հիշեցումներն ու պնդումներն առ այն, որ դատավորներին ընդունված չէ կարգապահական պատասխանատվության ենթարկել նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման համար: Այս առումով, կրկին հարկ է հիշել դասականի, տեսականի, կայացած ժողովրդավարությունների (որոնց կայացման համար անցած ուղին ու վճարած գինն ամենքիս է հայտնի) և մեր անցյալի տարբերությունը:

ՀՀ Ազգային Ժողովի ուշադրությունն եմ հրավիրում հետևյալի վրա.

Դատական օրենսգրքի սպասվող փոփոխությունների ու լրացումների համատեքստում հարկ է հաշվի առնել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը դատավորի հատուկ, սահմանադրաիրավական կարգավիճակով պայմանավորված էական առանձնահատկություն ունի: Այն հնարավորությունը ապահովում է դատավորի անկախության (ինչը երբևէ չի ենթադրում ամենաթողություն և անպատասխանատվություն), և հասարակության առջև նրա դատավորի պարտավորությունների հավասարակշռություն: Այս հանգամանքը օրենսդրից պահանջում է առանձնահատուկ մանրակրկիտություն կարգապահական պատասխանատվության հիմքերի, առիթների և դատավորի հանդեպ կարգապահական պատասխանատվության միջոցների սահմանման հարցերում, իսկ դրանք կիրառող մարմիններից` այդպիսի հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ որոշումներ կայացնելիս` միշտ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից:

Ու քանի դեռ, աստիճանային վերադասության կարգով իրականացվող բողոքարկումները, ինչպես ցույց են տալիս նաև սույն գործի հանգամանքները, արդյունավետ կերպով չեն ապահովում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, կայացած ժողովրդավարություններում առկա կառուցակարգերի «կույր» և կիսատ ներդրումը, առանց մեր պատմական, մշակութային, փիլիսոփայական, աշխարհայացքային գոյի հաշվառման` հղի է դատական իշխանության և հասարակության միջև անվստահության անջրպետի խորացման վտանգով:

Վերոհիշյալի հաշվառմամբ կարևոր է, որ մինչև աստիճանային վերադասության իրական արդյունավետ և կատարելագործված համակարգի աշխատանքը Խորհուրդը հանդիսանա այն մարմինը, որը (առանց 4-րդ ատյանի դեր ստանձնելու) մատնացույց անի այն ակնհայտ և կոպիտ սխալներն ու բացթողումները, որոնց տարբեր պատճառներով անդրադարձ չի կատարվի վերադաս դատական ատյանների կողմից:

 

Հայկ Հովհաննիսյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ

17 դեկտեմբերի, 2019թ. Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
17.12.2019
N ԲԴԽ-69-Ո-Կ-17
Որոշում