Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 փետրվարի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Ս. Պապիկյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի նոյեմբերի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, գործում առկա եզրակացություններն ու մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

i

1. «Նավագնացության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի փետրվարի 1-ին` ԵԱՏՄ անդամ պետությունների (այսուհետ` Անդամ պետություն) ջրային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ու ամրապնդման, ինչպես նաև «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» Արձանագրությունն իրականացնելու նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 24-րդ հավելված», որը ՀՀ կողմից վավերացվել է «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացմամբ` Ազգային ժողովի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի ԱԺՈ-132-Ն որոշմամբ (ՍԴՈ-1175):

2. Համաձայնագիրը սահմանում է Անդամ պետության ներքին ջրային ուղիներով նավարկության կարգը, մասնավորապես` իրավունքներ և պարտավորություններ է սահմանում Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերի համար: Այն կոչված է դյուրացնելու ԵԱՏՄ անդամ պետությունների ներքին ջրային ուղիները, երկկողմ և տարանցիկ բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը, ինչպես նաև նավերի քարշակումը:

Երկկողմ փոխադրումը կատարվում է ծանուցման հիման վրա, ըստ որի` լիազորված մարմինները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, համաձայնեցնում են նախատեսվող ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրման` նավի դրոշի մի Անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներից (դեպի նավահանգիստներ) այլ Անդամ պետության ներքին ջրային ուղիների դեպի նավահանգիստներ (նավահանգիստներից) քարշակման համար նախատեսվող նավերի նախնական ցուցակները, և Անդամ պետության ներքին ջրային ուղիներով նավարկելը թույլատրվում է այն նավերին, որոնք համապատասխանում են տվյալ Անդամ պետության օրենսդրությամբ սահմանված` այդպիսի նավի համար կիրառելի պահանջներին (հոդված 3, կետեր 2 և 4):

Համաձայնագրով նախատեսված է, որ ներքին ջրային ուղիներով նավարկման ընթացքում չի թույլատրվում Անդամ պետությունների օրենսդրությամբ` իրենց տարածքներում ներմուծման և տեղաշարժման համար արգելված բեռների փոխադրումը և ներքին ջրային ուղիներով նավերի շարժի հետ կապ չունեցող` ձկնորսական, հիդրոգրաֆիկ, հետազոտական և այլ գործունեության իրականացում (Հոդված 4):

Նավերի անձնակազմի նվազագույն քանակի պահանջները սահմանվում են առանձին միջազգային միջգերատեսչական պայմանագրով, որը կնքվում է Անդամ պետությունների իրավասու մարմինների միջև` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում (հոդված 7, կետ 3, մաս 2):

3. Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքից, չունենալով նավարկելի ջրային տարածք` Համաձայնագիրն առավելապես առնչվում է ՀՀ դրոշի ներքո նավարկող նավերի` այլ Անդամ պետությունների ներքին ջրային տարածքներում նավարկության կարգին:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- սահմանել ՀՀ լիազորված և իրավասու մարմիններ, որոնք պատասխանատու են Համաձայնագրի իրականացման համար և աջակցել այդ մարմինների, ինչպես նաև ջրային տրանսպորտի բնագավառում տնտեսվարող սուբյեկտների միջև գործնական հարաբերությունների և համագործակցության պահպանմանն ու զարգացմանը (հոդված 10, հոդված 11, կետ 1),

- տեղեկացնել ավանդապահին Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու` լիազորված և իրավասու մարմինների մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ, իսկ ՀՀ լիազորված կամ իրավասու մարմնի անվանման փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնել ավանդապահին (հոդված 11, կետ 2),

- ապահովել, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ իրավասու մարմինները մյուս Անդամ պետությունների իրավասու մարմինների հետ փոխանակեն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի օրինակները, ինչպես նաև դրանք տալու կանոնները, իսկ վերոհիշյալ փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու դեպքում` այդ փոփոխությունների կատարման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ իրավասու մարմինները այլ Անդամ պետությունների իրավասու մարմիններին ուղարկեն նոր փաստաթղթերի օրինակները և դրանց հանձնման կանոնները (հոդված 11, կետ 4):

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

11 փետրվարի 2020 թ.

ՍԴՈ-1505

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 12 փետրվարի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.02.2020
N ՍԴՈ-1505
Որոշում