(ուժը կորցրել է 22.03.2020 թիվ 325-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2020 թվականի N 303-Ն
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը` թույլատրելով միայն`
1) ցամաքային հաղորդակցության դեպքում`
ա. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը` Վրաստանի տարածք մուտք գործելու իրավունք ունենալու պայմանով: Ընդ որում, թույլատրվում են միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը և ելքը,
բ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն` Հայաստանի Հանրապետության տարածքով` Վրաստանի տարածք մուտք գործելու իրավունք ունենալու պայմանով,
գ. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն,
դ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,
ե. Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների և Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու նրանց ուղեկցողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների մուտքը և ելքը,
զ. Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը,
է. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մուտքը.
ը. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների` Հայաստանի Հանրապետություն մուտքը.
2) օդային հաղորդակցության դեպքում` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ»-»ը» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը), ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող օդանավերի մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն օդանավի անձնակազմի մուտքը և ելքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի
Երևան