Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 հունիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված` «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 4-ի N 873-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված` «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 4-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հունիսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոհիշյալ նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը (Նամակ-համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև ստորագրվել է 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին:

Սահմանադրական դատարանը Նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը քննության է առնում` հիմք ընդունելով Նամակ-համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության լրամշակված տեքստը, որը 2020 թվականի հունիսի 11-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը` ի պատասխան Սահմանադրական դատարանի գրության, համաձայն որի` հայկական կողմի ստորագրած Նամակ-համաձայնագրի անգլերեն բնօրինակի և դրա հայերեն պաշտոնական թարգմանության տեքստի մեջ նույնականության առումով առկա են անհամապատասխանություններ:

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո տրամադրում է 231.656 միլիոն հատուկ փոխառության իրավունքին (ՀՓԻ) համարժեք վարկ` որպես ուղղակի բյուջետային աջակցություն` ֆինանսավորելու Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջեի դեֆիցիտը:

Փոխառու միջոցները, ներառյալ` Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի գնման իրավունքները (ընդհանուր` 231.656 մլն ՀՓԻ-ին համարժեք գումար), մասհանվելու են 2020 թվականի ընթացքում երկու մասնաբաժնով. առաջին մասհանումը համարժեք է լինելու 205.942 մլն ՀՓԻ-ին, իսկ երկրորդ մասնաբաժինը համարժեք է լինելու 25.714 մլն ՀՓԻ-ին և մասհանվելու է Պահուստային ծրագրի երրորդ վերանայման եզրափակումից հետո:

Ըստ սույն գործում առկա նյութերի` ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25.714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում:

Պահուստային ծրագրի ներքո փոխառու միջոցների մարումը ենթակա է մասհանման 3.25-5 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասհանում մարվելու է 8 հավասար եռամսյակային մարումներով` սկսած յուրաքանչյուր մասհանման 3.25 տարուց հետո:

2. Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) վճարել վարկավորման տոկոսադրույք, որը բաղկացած է` (1) շուկայական ՀՓԻ տոկոսադրույքից, որն ունի նվազագույն 0.05 տոկոսի շեմ, և մարժայից (ներկայում 1 տոկոս), միասին հայտնի որպես բազիսային տոկոսադրույք, և (2) հավելավճարից, որը կախված է վարկի մնացորդի գումարից և ժամանակից: 2 տոկոս հավելավճար է վճարվում վարկի մնացորդի` քվոտայի 187.5 տոկոսը գերազանցող գումարի համար: Եթե վարկը մնում է քվոտայի 187.5 տոկոսից բարձր երեք տարի անց, հավելավճարը բարձրանում է մինչև 3 տոկոս,

բ) վճարել պարտավորության վճար, որը գանձվում է յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի սկզբում տրամադրվելիք մասհանումների նկատմամբ (0.15 տոկոս` մինչև քվոտայի 115 տոկոսը ստանձնած միջոցների համար, 0.3 տոկոս` քվոտայի 115 տոկոսից բարձր և մինչև 575 տոկոսը ստանձնած միջոցների համար և 0.6 տոկոս` քվոտայի 575 տոկոսը գերազանցող գումարների համար): Վճարները համամասնորեն վերադարձվում են, եթե գումարները համապատասխան ժամանակահատվածի ընթացքում մասհանվում են,

գ) վճարել 0.5 տոկոս ծառայության վճար, որը կիրառվում է մասհանված յուրաքանչյուր գումարի համար:

Նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը ծանուցում ստանա Հայաստանի Հանրապետության կողմից` Նամակ-համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող ներքին ընթացակարգերի կատարման մասին:

3. Սահմանադրական դատարանին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը հայտնել են, որ Նամակ-համաձայնագրով նախատեսված միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող խնդիրների լուծման ու դրանց հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը:

i

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները պետք է իրականացվեն վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում, և մասնավորապես` հաշվի առնելով Սահմանադրության 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի (ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանն ուղղված պետական քաղաքականության մասով), ինչպես նաև 86-րդ հոդվածի, հատկապես` 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված` պետության քաղաքականության հիմնական նպատակների սահմանադրական բովանդակությունը:

i

Սահմանադրական դատարանը, կարևորելով վերոնշյալ միջոցառումները, դրանց ֆինանսավորումը ու վերջիններիս հրապարակայնությունը և թափանցիկությունը, ընդգծում է նաև Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը որպես բյուջետային աջակցության վարկ տրամադրվող միջոցների նպատակային, արդյունավետ օգտագործման և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ, բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում, պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը: Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված` «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

16 հունիսի 2020 թվականի

ՍԴՈ-1544

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 16 հունիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.06.2020
N ՍԴՈ-1544
Որոշում