Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0462.061117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        11            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2017 թվականի N 462-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստեր հրավիրելու և անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի նոյեմբերի 1-ի

N 462-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) նիստեր հրավիրելու և անցկացնելու կարգը:

2. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստերի միջոցով` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) որոշումներ:

3. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են Հանձնաժողովի գտնվելու վայրում` Երևան քաղաքում: Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար` առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով` ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ: Հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և զինանշանի պատկերը:

(3-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 213-Ն որոշում)

4. Հանձնաժողովի նախագահը հրավիրում և անցկացնում է հերթական ու արտահերթ նիստեր: Հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերը` ըստ անհրաժեշտության, ելնելով տվյալ հարցի լուծման հրատապությունից:

5. Արտահերթ նիստ գումարվում է Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ: Արտահերթ նիստ կարող է գումարվել նաև Հանձնաժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) ղեկավարի առաջարկությամբ:

6. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են` բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքերի: Դռնբաց նիստին մասնակցում են Աշխատակազմի ղեկավարը, տվյալ որոշման նախագծով կարգավորվող հարցի հետ առնչվող` Աշխատակազմի շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ` Շահագրգիռ ստորաբաժանում) ղեկավարները, մամուլի քարտուղարը, Հանձնաժողովի նիստերի արձանագրման համար պատասխանատու աշխատակիցը (այսուհետ` Արձանագրող), Հանձնաժողովի կողմից հրավիրված և այլ անձինք:

7. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող, կամ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցերը քննարկվում են դռնփակ: Հարցը կարող է քննարկվել դռնփակ` Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամի, կամ Աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ:

8. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի քննարկմանը մասնակցում են Աշխատակազմի իրավասու աշխատակիցները և տվյալ հարցով նիստին հրավիրված շահագրգիռ անձինք: Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցերի քննարկմանը մասնակցում են սույն կարգի 6-րդ կետում նշված անձինք` բացառությամբ Հանձնաժողովի կողմից հրավիրված և այլ անձանց:

9. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի քննարկման տեսանկարահանումը և (կամ) ձայնագրումը, հեռուստատեսությամբ, համացանցով կամ այլ կերպ հեռարձակելն արգելվում է: Նիստի մասնակիցները և (կամ) նրանց ներկայացուցիչները նախազգուշացվում են գաղտնի տեղեկությունները հրապարակելու կամ օգտագործելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

10. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ: Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո Հանձնաժողովի անդամների կամ նիստին հրավիրված շահագրգիռ անձանց կողմից ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն քննարկվում ու ընդունվում է օրենքով և սույն կարգով սահմանված ընթացակարգով:

11. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` Պատասխանատու ստորաբաժանում):

12. Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Աշխատակազմի ղեկավարը:

12.1. Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր գործընթացները (այդ թվում` փաստաթղթերի նշագրում, ստորագրում) կարող են իրականացվել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:

(12.1-ին կետը լրաց. 17.06.2020 թիվ 213-Ն որոշում)

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Հանձնաժողովի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` Ստորաբաժանում) նախապատրաստում է Հանձնաժողովի որոշման նախագիծ, իսկ ըստ անհրաժեշտության` նաև դրա ընդունման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր: Որոշման նախագիծը խմբագրվում է, այնուհետև` նշագրվում Ստորաբաժանման և Շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների կողմից` նշագրողի անվան սկզբնատառի և ազգանվան նշմամբ:

14. Օրենքով սահմանված գաղտնիք պարունակող որոշման նախագիծը նիստի է ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Ստորաբաժանումը որոշման նախագիծը նիստի քննարկմանը ներկայացնելու համար կազմում է Հանձնաժողովի նախագահին հասցեագրված զեկուցագիր (այսուհետ` Զեկուցագիր)` Ստորաբաժանման ղեկավարի և հարցը համակարգող Հանձնաժողովի անդամի (անհրաժեշտության դեպքում` Աշխատակազմի ղեկավարի) նշագրումներով` նշագրողի անվան սկզբնատառի և ազգանվան նշմամբ: Զեկուցագիրը ներառում է որոշման նախագծի հիմնավորումը և հակիրճ բովանդակությունը (դռնփակ քննության և չքննարկվող հարցերի դեպքում` համապատասխան նշումով): Զեկուցագրին կցվում է որոշման նախագիծը, ինչպես նաև նիստին հրավիրվածների ցանկը, որը ներառում է հրավիրվող անձանց անվանումը (անունը, ազգանունը) և հեռախոսահամարները:

16. Հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ սկզբունքային անհամաձայնության դեպքում Շահագրգիռ ստորաբաժանման ղեկավարը որոշման նախագծում կամ առանձին հայտնում է իր անհամաձայնության կամ վերապահումով համաձայնության հիմքերի (պատճառների) մասին: Այդ դեպքում Ստորաբաժանման ղեկավարը հարցը համակարգող Հանձնաժողովի անդամին ներկայացնում է զեկուցագիր` առաջարկելով նիստից առաջ կազմակերպել որոշման նախագծի նախնական քննարկում:

17. Հանձնաժողովի անդամը, ըստ անհրաժեշտության, կարող է նիստից առաջ Հանձնաժողովի անդամների կամ իր մասնակցությամբ քննարկում կազմակերպելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հանձնաժողովի նախագահին: Եթե քննարկումից հետո որոշման նախագծի վերաբերյալ տարաձայնությունները չեն վերանում, ապա առաջարկությունները և (կամ) առարկությունները քննարկվում են նիստում:

18. Ստորաբաժանումը Զեկուցագիրը` կից փաստաթղթերով, ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին, ով մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հանձնաժողովի նախագահի մակագրմանը: Զեկուցագիրը` կից փաստաթղթերով, Աշխատակազմի ղեկավարին ներկայացնելու հետ միաժամանակ Ստորաբաժանումն այն տեղադրում է Հանձնաժողովի համապատասխան ներքին համակարգչային ցանցում:

19. Հանձնաժողովի նախագահը մակագրում է Զեկուցագիրը` նշանակելով նիստի հրավիրման օրն ու ժամը: Նորմատիվ բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում նիստը նշանակվում է Զեկուցագրի ներկայացումից առնվազն վեց, իսկ անհատական և ներքին (լոկալ) բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում` առնվազն չորս աշխատանքային օր հետո:

20. Աշխատակազմի ղեկավարը Հանձնաժողովի նախագահի մակագրած Զեկուցագիրը` կից փաստաթղթերով, հանձնում է Պատասխանատու ստորաբաժանում:

21. Պատասխանատու ստորաբաժանումը նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ կազմում է նիստի օրակարգի նախագիծը և ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին: Օրակարգը կազմելուց և ներկայացնելուց անմիջապես հետո Պատասխանատու ստորաբաժանումը Զեկուցագիրը` կից փաստաթղթերով, վերադարձնում է Ստորաբաժանում:

22. Նիստի օրակարգը ներառում է նիստի անցկացման վայրը, օրը և ժամը, նիստին ներկայացված հարցերը (դռնփակ քննության և չքննարկվող հարցերի դեպքում` համապատասխան նշումով), ինչպես նաև յուրաքանչյուր հարց զեկուցողի անվան սկզբնատառը և ազգանունը:

23. Աշխատակազմի ղեկավարը նիստի օրակարգի նախագիծը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը և հանձնում Պատասխանատու ստորաբաժանում:

24. Պատասխանատու ստորաբաժանումը Զեկուցագիրը, կից Հանձնաժողովի որոշման նախագծերը և նիստի օրակարգի նախագիծը Աշխատակազմի ղեկավարից ստանալուց անմիջապես հետո տեղադրում է Հանձնաժողովի համապատասխան ներքին համակարգչային ցանցում:

25. Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարման համար պատասխանատու աշխատակիցը նորմատիվ բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում` նիստից առնվազն հինգ աշխատանքային, իսկ կարգավորվող անձին վերաբերող անհատական բնույթի որոշման նախագծի ներկայացման դեպքում` առնվազն երեք աշխատանքային օր առաջ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում զետեղում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի վերաբերյալ տեղեկությունները և որոշման նախագիծը, իսկ նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` նիստի օրակարգի նախագիծը:

(25-րդ կետը փոփ. 08.08.18 թիվ 322-Ն որոշում)

26. Սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում Հանձնաժողովի արտահերթ նիստի, ինչպես նաև նիստում լրացուցիչ կարգով ներկայացված ներքին (լոկալ), առանձնահատուկ դեպքերում` անհատական, իսկ արտակարգ իրավիճակներով (այդ թվում` ռազմական դրությամբ) պայմանավորված, ինչպես նաև սպառողների շահերին, համակարգի հուսալիությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում նաև նորմատիվ բնույթի որոշումների նախագծերի վրա:

(26-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 213-Ն որոշում)

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Հանձնաժողովի առնվազն երեք անդամ, և այն վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` վերջինիս հանձնարարությամբ նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը, հանձնարարականի անհնարինության դեպքում` Հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:

28. Նիստը նախագահողը Հանձնաժողովի անդամի բացակայության դեպքում հրապարակում է նրա` նիստին (քվեարկությանը) չներկայանալու պատճառը, որն արձանագրվում է:

29. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել Հանձնաժողովի որոշման քննարկմանը և քվեարկությանը, եթե դա հանգեցնում կամ նպաստում է, կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքներից որևէ մեկի առաջացմանը: Այդ դեպքում Հանձնաժողովի տվյալ անդամը, նախքան նիստը գումարելը, իսկ այդ մասին ավելի ուշ տեղեկանալու դեպքում` նախքան տվյալ հարցի քննարկումն սկսելը, շահերի բախման վերաբերյալ գրավոր հայտարարություն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահին` նշելով դրան վերաբերող կոնկրետ հանգամանքներ: Եթե ի հայտ են գալիս շահերի բախման հետ կապված վիճահարույց հանգամանքներ, ապա Հանձնաժողովը հետաձգում է տվյալ հարցի քննարկումը` սահմանված կարգով պարզաբանումներ ստանալու նպատակով:

30. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` սույն կարգի 27-րդ կետում նշված Հանձնաժողովի անդամը:

31. Հանձնաժողովի նիստը նախագահողը`

1) հրավիրում, նախագահում (վարում) է Հանձնաժողովի նիստերը և ապահովում դրանց բնականոն ընթացքը.

2) ըստ նիստի օրակարգում ներառված հարցերի հերթականության` ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար.

3) նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու դեպքում նիստի մասնակիցներին նախազգուշացնում կամ հեռացնում է նիստերի դահլիճից.

4) քվեարկության է դնում օրակարգում ընդգրկված հարցը և հայտարարում արդյունքը.

5) ստորագրում է Հանձնաժողովի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները.

6) իրականացնում է օրենքներով, սույն կարգով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

32. Պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը, նախքան նիստը սկսվելը, ստուգում է նիստին հրավիրված կարգավորվող անձանց ներկայացուցիչների անձը և նիստին մասնակցելու լիազորությունը հաստատող փաստաթղթերը, ապա կազմում նիստին ներկայացած անձանց ցանկ: Ցանկը ստորագրվում է նիստին ներկայացած անձանց կողմից, բացառությամբ Հանձնաժողովի նիստերը հեռավար անցկացվելու դեպքի, որի պարագայում ցանկը ստորագրվում է Պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի կողմից:

(32-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 213-Ն որոշում)

33. Նիստը նախագահողը, բացելով Հանձնաժողովի նիստը` քվորումի առկայության դեպքում հայտարարում է նիստի բացման մասին, ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը և առաջարկում քվեարկությամբ հաստատել այն: Օրակարգը հաստատվում է, եթե դրան կողմ է քվեարկել Հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

34. Օրակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունները (օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, հարցն օրակարգից (քննարկումից) հանելու, այլ նիստի օրակարգում ընդգրկելու, նիստը հետաձգելու վերաբերյալ և այլն) քվեարկության են դրվում առաջարկվող փոխոխություններով հանդերձ:

35. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) զեկուցողի (զեկուցողների) ելույթը.

2) հարցեր զեկուցողին.

3) ելույթներ.

4) քվեարկություն:

36. Հանձնաժողովի նիստում հարցը զեկուցում է Ստորաբաժանման ղեկավարը: Ըստ անհրաժեշտության` հարակից զեկույցով հանդես է գալիս կարգավորվող անձի լիազորված ներկայացուցիչը: Զեկույցի վերջում ներկայացվում է որոշման նախագծի եզրափակիչ մասի բովանդակությունը:

37. Զեկուցմանը հաջորդում են տվյալ հարցին վերաբերող հարցեր և ելույթներ: Հանձնաժողովի անդամին, նիստին ներկա աշխատակիցներին, ինչպես նաև նիստին հրավիրված այլ անձանց, նիստը նախագահողի հրավերով, ելույթ ունենալու (հարց տալու) հնարավորություն է տրվում: Նախագահողն իրավասու է սահմանել ելույթի (հարցի կամ պատասխանի) տևողությունը:

38. Հարցի քննարկման ժամանակ բանավեճ ծագելու դեպքում նիստը նախագահողը կարող է դադարեցնել բանավեճը և ամփոփել հարցը, եթե մասնակիցներն ըստ էության արտահայտել են իրենց դիրքորոշումը:

39. Հարցերի և ելույթների ավարտից հետո նիստը նախագահողն ամփոփում է որոշման նախագծի քննարկման արդյունքները և նախագիծը դնում քվեարկության: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել Հանձնաժողովի առնվազն երեք անդամ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է կողմ կամ դեմ:

40. Եթե քննարկման ընթացքում առաջարկվում է փոփոխություններ կատարել որոշման նախագծում, նիստը նախագահողի առաջարկությամբ նախագիծը քվեարկության է դրվում առաջարկված փոփոխություններով և (կամ) լրացումներով հանդերձ: Որոշման նախագիծը, նիստում արված առաջարկությունների և (կամ) առարկությունների հիման վրա, նիստը նախագահողի ընդհանրացումներին համապատասխան, լրամշակվում է Ստորաբաժանման կողմից:

41. Լրամշակված որոշման նախագիծը կրկին խմբագրվում և սույն կարգով սահմանված կարգով նշագրվում է Ստորաբաժանման ղեկավարի, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Այն նիստի ավարտից հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում է Շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների նշագրմանը:

42. Հանձնաժողովի նիստը (հարցի քննարկումը) կարող է հետաձգվել լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու, փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կամ այլ դեպքերում: Հնարավորության դեպքում հայտարարվում է նիստի անցկացման (վերսկսման) օրը և ժամը, որը համարվում է նիստին ներկա` տվյալ հարցով շահագրգիռ անձին գործի հաջորդ քննության օրվա և ժամի մասին պատշաճ ծանուցում:

43. Ստորաբաժանումը, նիստից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ընդունված որոշումը երկու օրինակից ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին, մեկը` խմբագրի, Ստորաբաժանման ղեկավարի, Հանձնաժողովի գործունեության իրավաբանական սպասարկման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի և որոշման նախագծի քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների նշագրումներով` նշագրողի անվան սկզբնատառի և ազգանվան նշմամբ, իսկ մյուսը` Հանձնաժողովի նիստը նախագահողի ստորագրմանը ներկայացնելու համար: Աշխատակազմի ղեկավարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընդունված որոշումը ներկայացնում է Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:

44. Ստորաբաժանումը Հանձնաժողովի որոշումը Աշխատակազմի ղեկավարին ներկայացնելու հետ միաժամանակ այն տեղադրում է Հանձնաժողովի համապատասխան ներքին համակարգչային ցանցում:

45. Հանձնաժողովի որոշումների (այդ թվում` նշագրված օրինակների) բնօրինակները համապատասխան թղթապանակներով պահվում են Աշխատակազմի ղեկավարի մոտ:

46. Հանձնաժողովի որոշումների պատճենները և դրանց ընդունման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (զեկուցագրեր, եզրակացություններ և այլն) պահվում են Ստորաբաժանումում, նիստի հաստատված օրակարգը և նիստին հրավիրվածների հետ կապված փաստաթղթերը` Պատասխանատու ստորաբաժանումում և սահմանված կարգով արխիվացվում:

47. Հանձնաժողովը անհատական որոշման ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկում է շահագրգիռ անձին:

48. Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի վարման համար պատասխանատու աշխատակիցը, Հանձնաժողովի` նորմատիվ բնույթի, ինչպես նաև կարգավորվող անձանց վերաբերյալ անհատական բնույթի որոշումների էլեկտրոնային տարբերակները` ստորագրումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում զետեղում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

(48-րդ կետը փոփ. 08.08.18 թիվ 322-Ն, 17.06.2020 թիվ 213-Ն որոշումներ)

 

4. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Հանձնաժողովի նիստերի արձանագրումը և ձայնագրումը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի, ապահովում է Արձանագրողը: Ներքին կանոնակարգային հարցերի դեպքում ապահովվում է միայն արձանագրումը:

50. Նիստի վերաբերյալ արձանագրությունը ներառում է`

1) Հանձնաժողովի անվանումը,

2) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,

3) նիստը նախագահողի անունը և ազգանունը,

4) Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամների և այլ աշխատակիցների անվան սկզբնատառը և ազգանունը,

5) նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերնագրերը,

6) օրակարգում ընդգրկված հարցերի բովանդակությունը` ըստ քննարկման հաջորդականության,

7) նիստում հնչեցված հարցերի, պատասխանների և ելույթների համառոտ բովանդակությունը,

8) ընդունված որոշման եզրափակիչ մասը, ներառյալ` տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները, Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը (առկայության դեպքում), որը կցվում է արձանագրությանը,

9) Արձանագրողի անունը և ազգանունը:

51. Արձանագրությունը կարող է պարունակել լրացուցիչ այլ տեղեկություններ: Արձանագրությանը կցվում է նիստին ներկայացած անձանց ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում` օրակարգի հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի նախագծեր, զեկույցների և ելույթների տեքստեր: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամը կամ նիստին հրավիրված անձը կարող են պահանջել նիստի արձանագրության մեջ մանրամասն արտացոլելու իրենց կարծիքը:

52. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի արձանագրությունը Արձանագրողի կողմից համարակալվում է, որն սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:

53. Արձանագրողը Հանձնաժողովի նիստի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իր ստորագրությամբ արձանագրությունը ներկայացնում է նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամների և Շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների նշագրմանը, այնուհետև` Աշխատակազմի ղեկավարին, ով մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է նիստը նախագահողի ստորագրմանը:

54. Հանձնաժողովի նիստի արձանագրությունների և ձայնագրությունների բնօրինակները համապատասխան թղթապանակներով պահվում են Աշխատակազմի ղեկավարի մոտ:

55. Շահագրգիռ անձը կարող է ծանոթանալ նիստի արձանագրությանը կամ ձայնագրությանը: Նիստի արձանագրությունից կամ ձայնագրությունից քաղվածքը տրամադրվում է ըստ պահանջի` դիմելու օրվանից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ շուտ, քան նիստից չորս աշխատանքային օր հետո:

 

5. ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

56. Շահագրգիռ անձինք, իսկ ըստ անհրաժեշտության` նաև իրավասու պետական, տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները պատշաճ կարգով ծանուցվում են նիստի վայրի, օրվա և ժամի մասին: Հանձնաժողովի նիստերին շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովվում է` հաշվի առնելով Հանձնաժողովի վարչական շենքի հնարավորությունները: Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացումը և որոշումների ընդունումը:

57. Անձը համարվում է պատշաճ ծանուցված, եթե տեղեկացումն իրականացվել է հեռախոսագրով, պաշտոնական գրությամբ, էլեկտրոնային փոստով, սույն կարգով նախատեսված կարգով կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ: Որպես կանոն, շահագրգիռ անձը ծանուցվում է հեռախոսագրի միջոցով:

58. Սույն կարգի համաձայն հեռախոսագրով ծանուցումը կատարվում է Պատասխանատու ստորաբաժանման աշխատակցի կողմից համապատասխան անձին իր ներկայացրած հեռախոսահամարով զանգահարելու և նիստի վայրի, օրվա, ժամի և քննարկվող հարցի մասին տեղեկացնելու միջոցով, որը ձայնագրվում է: Հրավիրվողը միաժամանակ տեղեկացվում է իր անձը, իսկ որպես ներկայացուցիչ հանդես գալու դեպքում` նաև նիստին մասնակցելու լիազորությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու մասին: Այնուհետև կազմվում է հեռախոսագիր, որը ներառում է նիստին հրավիրվող կարգավորվող անձի գործադիր մարմնի ղեկավարի, իսկ դրա անհնարինության դեպքում` այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսազրույցի ժամը և ստորագրվում Աշխատակազմի ղեկավարի կողմից: Սույն կարգի 57-րդ կետով նախատեսված այլ դեպքերում ծանուցումը իրականացնում է Ստորաբաժանումը` փաստաթղթաշրջանառության կարգի համաձայն:

59. Եթե Հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին և պայմաններին վերաբերող հարցեր, ապա Հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետում իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կարգավորվող ոլորտի իրավասու պետական մարմնին և սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցելու նիստին, հանդես գալու ելույթներով և առաջարկություններով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
01.11.2017
N 462-Ն
Որոշում