ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 2020 թվականի N 888-Ն
ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`
1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2020 թ. օգոստոսի 3-ի
N 888-Ն որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Աշխատակարգը կարգավորում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ' աշխատանքային խումբ) գործունեության նպատակի, խնդիրների և աշխատանքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած զինծառայողների` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ հարուցված` սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերը (այսուհետ` գործեր): Նշված գործերից յուրաքանչյուրով աշխատանքային խումբը կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդատվական եզրակացություն:
3. Աշխատանքային խմբի խնդիրներն են`
1) վերհանել գործերի քննության ընթացքում քրեաիրավական և քրեադատավարական նորմերի ենթադրյալ խախտումները.
2) վերհանել քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության ենթադրյալ խախտումները.
3) վերհանել քննության համար պատասխանատու անձանց կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները:
4. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կասեցնում կամ որևէ կերպ սահմանափակում քննվող գործերի շրջանակներում տուժողների իրավահաջորդների կողմից իրենց իրավունքների իրականացումը, այդ թվում` գործերի քննության ընթացքում միջնորդությունների և առարկությունների ներկայացումը, քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունների և որոշումների, այդ թվում` դատավճիռների և դատարանի այլ վերջնական ակտերի բողոքարկումը:
5. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կարող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի շրջանակներում դիտվել որպես պետության կողմից գործերի քննությանն ուղղված արդյունավետ միջոց, և աշխատանքային խմբի գործունեության արդյունքները չեն կարող ազդել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների և որոշումների` պետության կողմից պատշաճ կատարման պարտականության վրա:
6. Աշխատանքային խմբի գործունեության ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն որոշման N 3 հավելվածում նշված` ուսումնասիրության ենթակա գործով խախտման արձանագրմամբ վճիռ կայացվելու դեպքում աշխատանքային խումբը դադարեցնում է տվյալ գործի ուսումնասիրությունը:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Աշխատանքային խումբը կազմված է վեց անդամից` Հայաստանի Հանրապետության վարչապետի և սույն որոշման N 3 հավելվածով թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների երեք ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատվում է սույն որոշման N 2 հավելվածով:
8. Աշխատանքային խմբի անդամն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, ինչպես նաև սույն աշխատակարգով:
9. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցները) միջամտությունը աշխատանքային խմբի գործունեությանը:
10. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգի 2-րդ կետով սահմանված խնդիրներն իրականացնելիս առաջնորդվում է նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ գործող մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմինների իրավական դիրքորոշումներով:
11. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործել խմբի գործունեության շրջանակներից դուրս, անձնական կամ մասնավոր այլ նպատակներով, հրապարակել դրանք կամ այլ կերպ հասանելի դարձնել հասարակությանը: Խմբի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է աշխատանքների ընթացքի և միջնաժամկետ արդյունքների վերաբերյալ:
12. Աշխատանքային խումբն իր գործունեության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնի աջակցությամբ կարող է ստանալ իր կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի պատճեններն ամբողջությամբ` բացառությամբ պետական գաղտնիք կազմող նյութերի, ինչպես նաև կարող է պետական իրավասու մարմիններ ուղարկել հարցումներ, ստանալ պատասխաններ, պարզաբանումներ:
13. Քրեական գործերում առկա փորձաքննության արդյունքների ոչ բավարար հիմնավորվածության կամ դրանց ում դատավարական կանոնների ենթադրյալ խախտումների առկայության վերաբերյալ դիտարկումներն աշխատանքային խմբի կողմից ամրագրվում են խորհրդատվական եզրակացությունների մեջ:
14. Աշխատանքային խումբը յուրաքանչյուր գործով ուսումնասիրությունն սկսելուց առաջ և գործով եզրակացությունը կազմելուց առաջ հանդիպում է տվյալ գործով տուժողի իրավահաջորդի (իրավահաջորդների) հետ:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
15. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգով նախատեսված քրեական գործերից յուրաքանչյուրի ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իր գործունեության և դրա արդյունքների մասին գրավոր խորհրդատվական եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բանավոր պարզաբանումներ: Եզրակացությունների համառոտ` նախաքննության կամ պետական գաղտնիք, ինչպես նաև անձնական տվյալ հանդիսացող տեղեկություններ չպարունակող տարբերակները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից:
16. Եզրակացությունները կազմվում են աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի կողմից ուսումնասիրության առարկա յուրաքանչյուր գործի կապակցությամբ ներկայացված գրավոր կարծիքների հիման վրա: Եթե խնդրո առարկա որևէ հարցի վերաբերյալ խմբի անդամներին չի հաջողվում ձևավորել միասնական մոտեցում, ապա խորհրդատվական եզրակացությունների մեջ շարադրվում են խմբի անդամների կողմից գրավոր ներկայացված բոլոր կարծիքները:
17. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը կարող է իր կողմից վեր հանված առանձին հարցերի վերաբերյալ եզրակացություններն ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման N 1 հավելվածով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովին:
18. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության և դրա արդյունքում կազմված բոլոր գրավոր խորհրդատվական եզրակացությունները, իսկ անհրաժեշտության դեպքում' նաև բանավոր պարզաբանումները Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելուց հետո:
i
19. Մինչև աշխատանքային խմբի գործունեության դադարումն աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառմամբ նախատեսված միջոցների հաշվին ապահովելու է որոշման N 2 հավելվածով հաստատված աշխատանքային խմբի անհատական կազմում ներգրավված և ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից չհանդիսացող անձանց վարձատրության ֆինանսավորումը:
(19-րդ կետը լրաց. 17.09.2020 թիվ 1059-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ վարչապետի
2020 թ. օգոստոսի 3-ի
N 888-Ն որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Աննա Վարդապետյան - ՀՀ վարչապետի օգնական
Արայիկ Պապիկյան - փաստաբան, արտոնագիր թիվ 970
Դավիթ Գյուրջյան - փաստաբան, արտոնագիր թիվ 1897
Զարուհի Մեջլումյան - փաստաբան, արտոնագիր թիվ 2511
Լալա Բեգոյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության
ավագ իրավաբան
Պետիկ Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
(2-րդ հավելվածը փոփ. 10.05.2021 թիվ 492-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ վարչապետի
2020 թ. օգոստոսի 3-ի
N 888-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Զինծառայող |Գործի համար |
|____|_________________________________________________|______________|
|1. |Տիգրան Սուրենի Օհանջանյան |90603807 |
|____|_________________________________________________|______________|
|2. |Լևոն Արսենի Թորոսյան |90753018 |
|____|_________________________________________________|______________|
|3. |Վալերիկ Ազատի Մուրադյան |90951310 |
|____|_________________________________________________|______________|
|4. |Արթուր Սումբատի Ղազարյան |90150611 |
|____|_________________________________________________|______________|
|5. |Արման Հովսեփի Մուրադյան |90857913 |
|____|_________________________________________________|______________|
|6. |Արսեն Արթուրի Մխիթարյան |90757016 |
|____|_________________________________________________|______________|
|7. |Անդրանիկ Արմենի Մկրտչյան |90556717 |
|____|_________________________________________________|______________|
|8. |Էմիլ Գագիկի Մաթևոսյան |90404996 |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2020 թվական: