Սեղմել Esc փակելու համար:
{15.10.2020 - 17.05.2021} «ՀԱՅԱՍՏԱՆՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{15.10.2020 - 17.05.2021} «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.10.2020  -ից մինչեւ   17.05.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

050.0295.130705

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         07           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005272

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2005 թվականի N 295-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 18-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ հոդվածները, 16-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի հունիսի 8-ի

թիվ 295-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 18 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրման, տրամադրված թույլտվության կասեցման և դադարեցման, համակարգի օպերատորի փոփոխման, համակարգին և դրա գործունեությանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կանոնակարգը չի տարածվում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը (այսուհետ` դրամական միջոցների փոխանցում) հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացվելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներբանկային վճարահաշվարկային համակարգերի և այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր: Սույն կետից բացառություն են կազմում սույն կանոնակարգով սահմանված Համակարգի գործունեությանը ներկայացվող պահանջները, որոնք տարածվում են նաև այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր:

4. Սույն կանոնակարգով սահմանված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-Նեթ ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով: Փաստաթղթերը ներկայացվում են Յունիկոդ տառատեսակով, «Փի Դի Էֆ» ֆորմատով: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրում նշվում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկություններն արժանահավատ են և ամբողջական, և որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված պատասխանատվության և Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրման մերժմանը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

i

5. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Համակարգ` Օրենքի 3-րդ հոդվածի «ժթ» կետով սահմանված հայաստանյան վճարահաշվարկային համակարգ,

2) Համակարգի մասնակից` Համակարգի օպերատորի հետ Համակարգում մասնակցության պայմանագիր կնքած վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող անձ (հայաստանյան և (կամ) արտասահմանյան բանկ և (կամ) վճարահաշվարկային կազմակերպություն) այդ թվում` Համակարգի օպերատոր,

3) Համակարգի օպերատոր` Օրենքի 3-րդ հոդվածի «դ» կետով սահմանված և սույն կանոնակարգով սահմանված կարգով թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկ դիմած անձ,

4) Ներբանկային համակարգ` Օրենքի 3-րդ հոդվածի «ժը» կետով սահմանված համակարգ,

5) Համակարգի գործունեության կանոններ` Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված փաստաթուղթ, որով սահմանվում են Համակարգում մասնակցության, Հարակից համակարգի հետ համագործակցության (առկայության դեպքում) պայմանների, ինչպես նաև քլիրինգի, պրոցեսինգի իրականացման և վերջնահաշվարկի կատարման հետ կապված ընդհանուր կանոններն ու ընթացակարգերը և դրանք ապահովող տեխնիկա-ծրագրային միջոցների կիրառման կարգն ու պայմաններ,

6) Օպերատորի ղեկավար` Օպերատոր հանդիսացող կազմակերպության գործադիր տնօրեն կամ նրա պարտականությունները իրականացնելու իրավասություն ունեցող Կենտրոնական բանկում գրանցված ղեկավար անձ,

7) Հարակից համակարգ` Համակարգի ցանկացած արտասահմանյան մասնակցի, բացառությամբ Օպերատորի, հետ համագործակցող այլ արտասահմանյան համակարգ, որի միջոցով կարելի է մատուցել ծառայություններ Համակարգով,

8) Համակարգի վերջնահաշվարկ իրականացնող կազմակերպություն/հաշվարկային բանկ` Օրենքի 3-րդ հոդվածի «է» կետով սահմանված գործողությունն իրականացնող կազմակերպություն,

9) Համակարգում պրոցեսինգ իրականացնող կազմակերպություն` Օրենքի 3-րդ հոդվածի «ժ» կետով սահմանված գործընթացի իրականացումն ապահովող կազմակերպություն,

10) Համակարգում քլիրինգ իրականացնող կազմակերպություն` Օրենքի 3-րդ հոդվածի «զ» կետով սահմանված գործընթացի իրականացումն ապահովող կազմակերպություն,

11) Համակարգի ծրագրային ապահովում (այսուհետ` Համակարգի ԾԱ)` Համակարգի կողմից ծառայությունների մատուցման համար կիրառվող ծրագիր (ծրագրային համալիր),

12) Ներհանրապետական վճարումներ` անկանխիկ վճարումներ (գործարքի երկու կողմում իրականացված փոխանցումները կամ վճարումները անկանխիկ են), որոնք կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, և ներառում են ինչպես ֆինանսական կազմակերպությունների սեփական, այնպես էլ դրանց հաճախորդների կողմից կատարված վճարումները և (կամ) փոխանցումները,

13) Ֆինանսական շուկայի ենթակառուցվածք` բազմակողմանի հարաբերությունների համակարգ, որն օգտագործվում է վճարումների, արժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների կամ այլ ֆինանսական գործառնությունների քլիրինգի, վերջնահաշվարկի կամ հաշվառման ապահովման նպատակով:

(5-րդ կետը փոփ. 27.04.2021 թիվ 56-Ն որոշում)

6. Սույն կարգում կիրառվող այլ հասկացությունները ունեն Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

7. Համակարգ ստեղծելու և գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հետևյալ փաստաթղթերը.

1) Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստանալու միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) Համակարգի մասնակիցներից յուրաքանչյուրի կառավարման իրավասու մարմնի որոշումը Համակարգին անդամակցելու մասին,

3) Համակարգի Օպերատորի և Համակարգի մասնակիցների միջև կնքված գործունեության պայմանագրի պատճենը կամ պայմանագրի նախագիծը` որով առնվազն պետք է սահմանված լինեն Համակարգի օպերատորի անվանումը, Օպերատորի և Համակարգի մասնակիցների իրավասությունները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Այն դեպքում, երբ Համակարգի օպերատորի կողմից թույլտվություն ստանալու համար ներկայացվել են Համակարգի մասնակիցների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը, ապա թույլտվությունը ստանալուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Համակարգի առնվազն երկու մասնակցի հետ կնքած պայմանագրերի ստորագրված տարբերակների պատճենը: Սույն կետում նշված ժամկետում պայմանագրերի ստորագրված տարբերակների պատճենը Կենտրոնական բանկ չներկայացնելու դեպքում` տրամադրված թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:

4) Համակարգի մասնակիցների միջև պարտավորությունների բաշխման, Համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

5) Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված Համակարգի գործունեության կանոնակարգ, որի դրույթները պարտադիր են Համակարգի բոլոր մասնակիցների համար և ներառում են.

ա. Համակարգի գործունեության կանոնները,

բ. Համակարգում նախատեսվող ծառայությունների մատուցումը նկարագրող ընթացակարգերը` ըստ ծառայության տեսակի,

գ. Համակարգի կառավարման և կազմակերպման կարգը և պայմանները,

դ. դիտորդ խորհուրդ ունենալու դեպքում` վերջինիս ձևավորման, գործունեության իրականացման կարգը և պայմանները,

6) Համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

7) Համակարգի օպերատորի ղեկավարների մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:

8. Եթե սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Համակարգի օպերատորին, որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և (կամ) բացակայող փաստաթղթերը: Սույն կետով սահմանված ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը մերժվում է` փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու հիմքով:

9. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 7-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը: Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:

10. Սույն կանոնակարգով սահմանված թույլտվության ստացման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:

11. Սույն կանոնակարգով սահմանված թույլտվության ստացման համար ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու դեպքում Համակարգի օպերատորը 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

12. Կենտրոնական բանկը մերժում է սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգով Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը, եթե.

1) չեն պահպանվել Օրենքի 6-րդ Հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները.

2) առկա են Օրենքի 8.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը:

13. Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Համակարգ ստեղծելու թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում Համակարգի օպերատորն իրավունք ունի Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել սույն կանոնակարգով սահմանված ընթացակարգով:

14. Սույն կանոնակարգով սահմանված կարգով տրամադրված թույլտվությունը Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ կասեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում` Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին դիմում և սույն կանոնակարգի Հավելված 5-ով սահմանված փաստաթղթերը` ոչ ուշ, քան Համակարգի գործունեության թույլտվությունը կասեցնելու մասին օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելուց 15 աշխատանքային օր առաջ: Համակարգի օպերատորի դիմումին Կենտրոնական բանկի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում չառարկելու դեպքում Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը համարվում է կասեցված` օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

15. Սույն կանոնակարգով սահմանված կարգով տրամադրված Համակարգի գործունեության թույլտվությունը Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ դադարեցնելու մասին որոշում կայացնելու դեպքում` Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Համակարգի գործունեության թույլտվությունը դադարեցնելու մասին դիմում և սույն կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված փաստաթղթերը` ոչ ուշ, քան Համակարգի գործունեությունը դադարեցնելու մասին օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելուց 15 աշխատանքային օր առաջ: Կենտրոնական բանկը 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է Համակարգի օպերատորի դիմումի հիման վրա Համակարգի գործունեությունը դադարեցնելու կամ դադարեցումը մերժելու մասին որոշում: Համակարգի օպերատորի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում որոշում չկայացնելու դեպքում Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվությունը համարվում է դադարեցված` օպերատորի իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

16. Համակարգի օպերատորի նախաձեռնությամբ Համակարգի գործունեության թույլտվությունը կարող է կասեցվել ոչ ավել, քան 1 տարի ժամկետով, դիմումում նշելով կասեցման հստակ ժամկետը:

17. Կասեցման ողջ ժամանակաշրջանում Համակարգի մասնակիցները չեն կարող տվյալ Համակարգով վճարահաշվարկային որևէ ծառայություն մատուցել, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրամադրված Համակարգի գործունեության թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ որոշման մեջ նշված առանձին վճարահաշվարկային ծառայությունների:

18. Համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության կասեցման կամ գործունեության դադարեցման դեպքում Համակարգի մասնակիցները չեն կարող Համակարգով նոր գործառնություններ իրականացնել և չեն կարող ստանձնել նոր պարտավորություններ` միաժամանակ շարունակելով կատարել նախկինում ստանձնած և չմարված պարտավորությունները:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

19. Համակարգի օպերատորը իր գործունեությունը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և կարող է մատուցել բացառապես Օրենքով և սույն կանոնակարգով տրված թույլտվությամբ սահմանված ծառայություններ:

20. Համակարգի կանոնները և ընթացակարգերը պետք է մշակված լինեն այնպես, որպեսզի Համակարգի ցանկացած մասնակից ունենա պատկերացում Համակարգում իր մասնակցության արդյունքում առաջացող ֆինանսական ռիսկերի ազդեցության, այդ ռիսկերի կառավարմանն ուղղված միջոցառումներում իր ունեցած դերի և իրավական հետևանքների մասին:

21. Եթե Համակարգի կանոնակարգով և (կամ) Օպերատորի հետ հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերով նախատեսված է դրանցում Օպերատորի կողմից փոփոխություններ կատարելու վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելու իրավասություն, ապա պետք է սահմանված լինի, որ Համակարգի օպերատորը որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ պետք է տեղեկացնի Համակարգի բոլոր մասնակիցներին:

22. Համակարգի գործունեության կանոնները և (կամ) ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերը պետք է ներառեն.

1) Համակարգում մատուցվող ծառայությունների տեսակները, ծառայությունների մատուցման կարգը` ներառյալ անվերադարձելիության և վերջնականության պահերը,

2) Պրոցեսինգի, քլիրինգի և (կամ) վերջնահաշվարկի իրականացման կարգն ու պայմանները, ներկայացվող պահանջները, համաձայն որոնց Համակարգում պրոցեսինգ, քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ կարող է իրականացնել բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում պրոցեսինգ, քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունը,

3) Համակարգում մասնակցության և Համակարգից դուրս գալու և (կամ) մասնակցության կասեցման ընթացակարգերը,

4) Համակարգի մասնակիցներին դասակարգման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների տեսակները սահմանող կարգը,

5) Հարակից համակարգի միջոցով Համակարգով ծառայություններ մատուցելու դեպքում` ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները (առկայության դեպքում),

6) Համակարգի մասնակցի իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվության չափը,

7) սակագնային քաղաքականությունը, այդ թվում` Համակարգի մասնակիցների նկատմամբ կիրառվող միջնորդավճարների գանձման մասով,

8) Համակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ Համակարգի մասնակցին տեղեկացման կարգը, մասնավորապես` Համակարգում մասնակցության պայմանագրով կամ այլ փաստաթղթով նախատեսված Համակարգի մասնակցի իրավունքների, պարտավորությունների կամ պատասխանատվության փոփոխման հետ կապված,

9) Համակարգով կամ Հարակից համակարգով (առկայության դեպքում) նախաձեռնած ծառայությունը Համակարգով կամ Հարակից համակարգով չստանալու դեպքում` Համակարգի մասնակիցների գործողությունների կարգն ու պայմանները, սահմանված առավելագույն ժամկետները,

10) Համակարգի մասնակիցների և վերջինիս հաճախորդների կողմից Համակարգով մատուցված ծառայությունների բողոքարկման կարգն ու պայմանները, այդ թվում` Հարակից համակարգով մատուցելու դեպքում,

11) Համակարգի աշխատանքը նկարագրող սխեման և ժամանակային գրաֆիկը,

12) Համակարգում վճարային փաստաթղթերի և կարգադրությունների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը,

13) Համակարգի անխափան աշխատանքի, տեղեկատվության մշակման, պահպանման, ներկայացման, ստացման, փոխանցման և գործարքների ժամանակին մշակման ապահովմանը ուղղված չափանիշները և դրանց ապահովման կարգը,

14) Համակարգում տեղեկատվության պահպանմանը ներկայացվող պահանջները,

15) Համակարգում ռիսկերի կառավարման միջոցները և իրականացվող միջոցառումների ցանկը,

16) արտակարգ իրավիճակներում Համակարգի մասնակիցների գործողությունների կարգն ու պայմանները` ղեկավարող աշխատանքային խմբի պատասխանատվության շրջանակը, արտակարգ իրավիճակն ի հայտ գալու դեպքում թույլատրելի վնասի մեծության չափը, վերականգնման միջոցառումները և ժամկետները,

17) Համակարգում տեղի ունեցած խափանումների վերաբերյալ Համակարգի մասնակցին տեղեկացման կարգն ու պայմանները,

18) Համակարգի կանոնների և ընթացակարգերի պահպանման հսկողության իրականացման կարգը,

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվություն:

23. Վճարային քարտերով ծառայություն մատուցելու դեպքում, բացի սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված պահանջների, Համակարգի կանոնները և ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերը պետք է պարունակեն նաև.

1) Վճարային քարտի անվանագրում, հավաստագրում և նույնականացում իրականացնելու կարգն ու պայմանները, անվտանգությանը ներկայացվող պահանջները,

2) ՊԻՆ կոդերի ստեղծման, պահպանման և Համակարգի մասնակցին տրամադրման կարգն ու պայմանները, անվտանգությանը ներկայացվող պահանջները:

24. Առանց բանկային հաշիվների բացման և (կամ) բանկային հաշիվների միջոցով դրամական միջոցների փոխանցման ծառայություն մատուցելու դեպքում, բացի սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված պահանջների, Համակարգի կանոնները և ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերը պետք է պարունակեն նաև.

1) դրույթ, համաձայն որի` Համակարգի հաշվարկային բանկում հաշիվ ունենալու իրավասություն չունենալու դեպքում Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող Համակարգի մասնակիցը պարտավոր է Համակարգով վերջնահաշվարկի կատարումը ապահովելու նպատակով.

ա. ընտրել Համակարգի մասնակից հանդիսացող որևէ հայաստանյան բանկ, որը կհանդիսանա Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող Համակարգի մասնակցի հաշվարկային գործակալ (այսուհետ` Համակարգի հաշվարկային գործակալ մասնակից), և

բ. ունենալ Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող մասնակցի և Համակարգի հաշվարկային գործակալ մասնակցի միջև հարաբերությունները կարգավորող պայմանագիր,

2) դրույթ, համաձայն որի` Համակարգի մասնակցի կողմից դրամական միջոցների փոխանցում նախաձեռնելու համար Հաշվարկային բանկում համապատասխան դրամական ապահովվածություն չունենալու դեպքում Համակարգի օպերատորը պարտավոր է մերժել դրամական փոխանցման կատարումը: Ընդ որում` սույն կետով սահմանված ապահովվածությունը Համակարգի հայաստանյան բանկ մասնակիցը պետք է ապահովվի Հաշվարկային բանկում բացված իր բանկային հաշիվների միջոցով, իսկ Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող Համակարգի մասնակիցների համար` Համակարգի հաշվարկային գործակալ հանդիսացող մասնակիցը` Հաշվարկային բանկում բացված իր բանկային հաշիվների միջոցով,

3) դրույթ, համաձայն որի` Համակարգի օպերատորը պարտավոր է գնահատել Համակարգի հաշվարկային գործակալ մասնակցի և Համակարգի արտասահմանյան բանկ, հայաստանյան կամ արտասահմանյան ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող մասնակցի միջև գործող հարաբերություններից ծագող ռիսկերի և դրանց սահմանափակմանը ուղղված Համակարգի հաշվարկային գործակալ մասնակցի կողմից կիրառվող միջոցները,

4) դրույթ, համաձայն որի` Համակարգի օպերատորը պարտավոր է գրանցել Համակարգի մասնակցի ներկայացրած բոլոր սպասարկման կետերը, որոնք բավարարում են իր կողմից սահմանված պահանջներին, և ապահովել դրանցում Համակարգի գործունեության իրականացումը, այդ թվում` տեղադրել Համակարգի մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների և (կամ) Համակարգը սպասարկող ինքնասպասարկման սարքավորումների (սպասարկման կետերի) գտնվելու վայրերի (առնվազն բնակավայրերի) վերաբերյալ տեղեկատվությունը Համակարգի ԾԱ մեջ կամ էլեկտրոնային տեղեկատուներում և ուղղակի ձևով (առանց հղումների) իր ինտերնետային կայքում տեսանելի վայրում:

25. Համակարգի կանոններով և ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերով չի կարող սահմանվել այլ Համակարգերում մասնակցելը սահմանափակող դրույթ:

i

25.1 Համակարգի կանոններով, ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերով և Օպերատորի հետ հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերով Համակարգի օպերատորի համար չի կարող սահմանվել ծառայությունների մատուցման առավել բարենպաստ պայմաններ, քան համակարգի մյուս մասնակիցների համար:

(25.1-ին կետը լրաց. 27.04.2021 թիվ 56-Ն որոշում)

26. Համակարգի օպերատորը պետք է.

1) հետևի իր կողմից սահմանված կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պատշաճ կատարմանը,

2) ունենա ռիսկերի կառավարման համակարգ,

3) թույլտվություն ստանալուց հետո Կենտրոնական բանկ ներկայացնի Համակարգի մասնակիցների միջև կիրառվող միջնորդավճարների հաստատված տարբերակը, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում ճշգրտված տարբերակը` ոչ ուշ, քան փոփոխությունները ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օր առաջ,

4) սահմանի, որ Համակարգում պրոցեսինգ, քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ իրականացնող Համակարգի մասնակիցը կարող է միակողմանի դադարեցնել (նման իրավասությամբ օժտված լինելու դեպքում) իր գործունեությունը Համակարգում, եթե տեղեկացրել են Օպերատորին` դադարեցման մասին որոշում կայացնելուց առնվազն երեք ամիս առաջ,

5) ունենա սեփականության իրավունքով, այդ թվում` լիցենզային պայմանագրով օգտագործման իրավունքով իրեն պատկանող Համակարգի ԾԱ, որի շահագործման համար ապահովի հիմնական և պահուստային կապի առկայությունը` Համակարգով մատուցվող ծառայությունների անընդհատությունը ապահովելու նպատակով:

27. Համակարգի ԾԱ-ն պետք է ապահովի.

1) տեղեկատվության ստեղծման, մշակման, պահպանման, ներկայացման, ստացման և փոխանցման անխափանությունը, ամբողջականությունն ու արժանահավատությունը,

2) Համակարգի ԾԱ-ին հասանելիություն ունեցող անձանց նույնականացումը,

3) Համակարգի ԾԱ-ի խափանումների կամ արտակարգ իրավիճակների դեպքում` տվյալների ամբողջականությունը, հասանելիությունը և գաղտնիությունը,

4) աշխատակայանների աշխատունակության, տեղեկատվական ռեսուրսների և Համակարգում ձևավորված տվյալներին հասանելիության ժամանակահատվածի մոնիտորինգը և հսկողությունը:

28. Համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման, ինչպես նաև Համակարգի գործարար գործընթացների անընդհատության ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների գործառույթների պատվիրակման դեպքում` Համակարգի օպերատորը պետք է ապահովի Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով իր գործունեությանը բնորոշ պահանջներին համապատասխանությունը և գործարար ծրագրերի, ընթացակարգերի, ուղեցույցների և պայմանագրերի առկայությունը, որոնք առնվազն պետք է սահմանեն.

1) Համակարգի ԾԱ ծրագրային կոդերը Օպերատորի տիրապետության տակ գտնվելու դեպքում` պահանջ այդ ծրագրային կոդերի կրկնօրինակը հիմնական սերվերի գտնվելու վայրից տարբերվող այլ սերվերային սենյակում կամ սերվերային սենյակի նկատմամբ սահմանված պահանջներին բավարարող այլ վայրում պահպանելու վերաբերյալ,

2) Համակարգի մասնակիցների գրանցումը, հեռացումը, նույնականացումը և իրավասությունների տրամադրումը Համակարգի ԾԱ-ի մեջ,

3) Համակարգի ԾԱ-ում գաղտնաբառերի օգտագործման քաղաքականությունը,

4) Համակարգի ԾԱ-ի տվյալների և տեղեկատվական հենքի պահուստային կրկնօրինակումը, արխիվացումը, պահպանումը և վերականգնումը,

5) Համակարգի ԾԱ-ի տվյալներին հասանելիություն ունեցող անձանց պարտականությունների տարանջատումը և դասակարգումը,

6) Համակարգի ԾԱ-ի տեղեկատվական ակտիվների դասակարգման (գաղտնիության մակարդակները, գաղտնի համարվող տեղեկատվության բնութագրիչները) և դրանց նկատմամբ հասանելիության իրավասությունների տրամադրման սկզբունքները,

7) Համակարգի ԾԱ-ի տեղեկատվական պաշտպանության գործընթացների կազմակերպման, դրանց նկատմամբ մոնիտորինգի իրականացման և սխալների բացահայտման ընթացակարգերը,

8) Պատահարների գրանցման և մոնիտորինգի իրականացման ընթացակարգերը,

9) Համակարգի ԾԱ-ի տեղեկատվական ակտիվների ամբողջականությունը, հասանելիությունը և գաղտնիությունը սպառնալիքներից և խոցելիություններից պաշտպանելու միջոցառումներ,

10) Սերվերային սենյակի նկատմամբ պահանջների նկարագրություն:

29. Համակարգի ԾԱ-ի մշակումը այլ անձին պատվիրակելու դեպքում, եթե ապահովված չէ սույն կանոնակարգի 28-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը, ապա Համակարգի օպերատորը պետք է ունենա Համակարգի ԾԱ-ն մշակող ընկերության, Էսքրոու (Escrow) ծառայություններ մատուցող երրորդ ընկերության և Օպերատորի միջև կնքված պայմանագիր, որով պետք է սահմանվի Համակարգի ԾԱ ծրագրային կոդերի պահուստային պահպանման և արտակարգ իրավիճակում Օպերատորին հանձնելու պարտավորությունը:

30. Համակարգի օպերատորին բնորոշ գործառույթների հետ կապված գործընթացները, երրորդ անձի (այսուհետ` Մատակարար ընկերություն) միջոցով իրականացնելու դեպքում` Համակարգի օպերատորի հետ կնքվող պատվիրակման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ` պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում` պայմանագրում պետք է սահմանված լինեն կողմերի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության շրջանակների վերաբերյալ առնվազն հետևյալ դրույթները.

1) Համակարգի օպերատորի կողմից Մատակարար ընկերության նկատմամբ պարբերական մոնիտորինգ իրականացնելու իրավասություն,

2) Համակարգի օպերատորի կողմից Մատակարար ընկերության համար արտաքին աուդիտ հրավիրելու իրավասություն, ինչպես նաև Կենտրոնական բանկի պահանջով Մատակարար ընկերությունում արտաքին աուդիտ հրավիրելու Համակարգի օպերատորի իրավասություն,

3) Մատակարար ընկերության նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության, ստուգման, վերստուգման, ուսումնասիրությունների իրականացման հնարավորության վերաբերյալ նշում, բացառությամբ այն դեպքերի, երբ Մատակարարը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություն,

4) ծառայությունների դադարեցման դեպքում կողմերի գործողությունների նկարագրություն` ուղղված Համակարգի անընդհատության ապահովմանը,

5) վեճերի լուծման կարգը, այդ թվում` արդյոք Մատակարար ընկերությունը շարունակելու է մատուցել ծառայություններ վեճերի քննման և որոշման կայացման ընթացքում,

6) գաղտնիք հանդիսացող տեղեկատվության պաշտպանության և չբացահայտման պահանջ Մատակարար ընկերության համար,

7) Համակարգի օպերատորի կողմից մատակարար ընկերության միջոցով ծառայությունների մատուցում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

31. Համակարգը համարվում է համակարգային նշանակություն ունեցող, եթե բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.

1) տվյալ համակարգով է իրականացվում ներհանրապետական վճարումների համախառն ծավալի 75%-ը և ավելին.

2) տվյալ Համակարգով են իրականացվում ֆինանսական շուկայում, այդ թվում` կարգավորվող շուկայում կնքված գործարքների, ինչպես նաև այլ վճարահաշվարկային համակարգերում, արժեթղթերի հաշվարկային համակարգերում կատարված գործառնությունների դրամական վերջնահաշվարկները:

32. Համակարգը համարվում է հանրային նշանակություն ունեցող, եթե բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.

1) տվյալ համակարգը երկրի միակ մանրածախ վճարումների համակարգն է.

2) համակարգով իրականացվում է ներհանրապետական վճարումների համախառն ծավալի 25%-ը և ավելին.

3) համակարգով իրականացվում է տվյալ տեսակի (օրինակ` վճարային քարտերով ներհանրապետական վճարումներ, վճարային քարտերով միջազգային վճարումներ, առանց հաշվի բացման միջազգային վճարումներ, այլ) վճարումների ծավալի 30%-ը և ավելին: Իսկ առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումների դեպքում նշված շեմը սահմանվում է 10% և ավելին.

4) տվյալ համակարգի միջոցով է կատարվում այլ վճարահաշվարկային համակարգերով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նույն տեսակի վճարումների համախառն ծավալի 30 և ավել տոկոսի պրոցեսինգը և (կամ) քլիրինգը և (կամ) վերջնահաշվարկը:

i

33. Սույն կանոնակարգով սահմանված կարգով թույլտվություն ստացած Համակարգերը համակարգային կամ հանրային համարվելու դեպքում` Օպերատորը պետք է ապահովի, որ.

1) համակարգային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում` վերջնահաշվարկն իրականացվի իրական ժամանակում կամ առնվազն մինչև հաշվարկների կատարման օրվա վերջ,

2) հանրային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում` վերջնահաշվարկի իրականացումը ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ ունենա ռիսկերի կառավարման այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորի վերջնահաշվարկի կատարման հուսալիությունը,

3) եթե վերջնահաշվարկը չի ապահովվում Կենտրոնական բանկում վարվող հաշիվներով, ապա համակարգի Օպերատորը պետք է նվազագույնի հասցնի և խստորեն վերահսկի առևտրային բանկերի միջոցով վերջնահաշվարկի կատարման արդյունքում առաջացող վարկային և իրացվելիության ռիսկը,

4) իրականացվի ռիսկերի մոնիտորինգ և վերլուծություն, ընդ որում.

ա. համակարգային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում` ընթացիկ,

բ. հանրային նշանակություն ունեցող համակարգերի դեպքում` պարբերական: Պարբերականությունը պետք է հստակ սահմանված լինի ըստ յուրաքանչյուր ռիսկի տեսակի և լինի հիմնավորված:

5) ունենա ռիսկերի կառավարման համակարգ, որը պետք է առնվազն ներառի.

ա. ռիսկերի կառավարման քաղաքականություն, ընթացակարգեր և համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել, գնահատել, և հսկել Համակարգում առաջացող կամ նրա կողմից ստեղծվող ռիսկերը, ինչպես նաև իրականացնել դրանց մոնիթորինգը: Պետք է նաև սահմանված լինի, թե ինչ դեպքերում պետք է վերանայվեն վերը նշված գործընթացները և փաստաթղթերը, և ինչ պարբերականությամբ,

բ. Համակարգում առկա կամ հավանական, և Համակարգի վրա ազդող, ինչպես նաև Համակարգի կողմից ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների և (կամ) ֆինանսական համակարգի վրա ազդեցություն ունեցող ռիսկերի, ռիսկերի կառավարման համար կիրառվող ընթացակարգերի, մեխանիզմների և (կամ) միջոցառումների նկարագրություն,

գ. Համակարգում ռիսկերի վերլուծության համար կիրառվող մեթոդները` ըստ ռիսկերի տեսակների,

դ. համակարգի անընդհատության չափանիշները և դրա ապահովման ընթացակարգերի առկայությունը, անընդհատության երաշխավորված մակարդակի ապահովումը: Օպերատորի կողմից բոլոր այն իրավիճակների և սցենարների բացահայտում, որոնք կարող են պոտենցիալ խոչընդոտ հանդիսանալ համակարգի կողմից իր կրիտիկական և խիստ անհրաժեշտ գործառնությունների և ծառայությունների անընդհատության համար: Դրանց վերականգնման կամ գործունեության բնականոն և սահուն դադարեցման համար բոլոր հնարավոր տարբերակները, որոշումների կայացման գործընթացը,

ե. ռիսկերի կառավարման կազմակերպչական կառուցվածքը, որը պետք է ապահովի ռիսկերի կառավարման համար սահմանված պահանջների` Համակարգի մասնակիցների կողմից իրականացման վերահսկողությունը: Ռիսկերի կառավարման քաղաքականությունը պետք է սահմանի ռիսկերի կառավարման գործընթացի պատասխանատուներին` ըստ յուրաքանչյուր օղակի, նրանց պատասխանատվության շրջանակը և փոխհարաբերությունները,

զ. ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես կազմակերպչական կառուցվածքի ներսում (այլ օղակների հետ փոխհարաբերությունները և ռիսկերի վերաբերյալ Օպերատորի կառավարման մարմիններին տեղեկացման ընթացակարգերը և հաշվետվողականությունը), այնպես էլ Համակարգի մասնակիցների և այլ շահագրգիռ կողմերի հետ,

է. վիճելի, ոչ ստանդարտ, այդ թվում` համակարգային խափանումների և արտակարգ իրավիճակներում համագործակցության կարգը,

ը. գործառնական ու տեխնոլոգիական միջոցների և գործընթացների փոփոխման ընթացակարգերը,

թ. համակարգում տեղեկատվության պաշտպանության ընթացակարգերը:

(33-րդ կետը փոփ. 27.04.2021 թիվ 56-Ն որոշում)

34. Համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող Համակարգերում վերջնահաշվարկի հետ կապված ռիսկերի կառավարման համակարգի ներքո պետք է առկա լինեն հետևյալ մեխանիզմներից առնվազն երկուսը.

1) Համակարգի մասնակիցների նկատմամբ սահմանված սահմանաչափեր` հաշվի առնելով ռիսկի մակարդակը,

2) երաշխավորման հիմնադրամ,

3) հերթերի կառավարման հնարավորություն,

4) վերջնահաշվարկի իրականացում` Համակարգի մասնակիցների կողմից վերջնահաշվարկի կատարումը ապահովող երաշխավորման միջոցների սահմաններում,

5) անվերադարձելի բանկային երաշխիք կամ ակրեդիտիվ,

6) վարկավորման հնարավորություն,

7) Համակարգի կանոններով սահմանված վերջնահաշվարկի հետ կապված ռիսկերի կառավարման այլ համարժեք մեխանիզմներ:

35. Սույն Գլխով սահմանված չափանիշներին համապատասխանող Համակարգի օպերատորը պետք է ունենա համապատասխան անձ, ով պատասխանատու կլինի.

1) Համակարգի համարժեքության (ադեկվատության) գնահատման հսկողության համար` Համակարգի կառավարման օղակներում ստուգում իրականացնելու, Համակարգում բացահայտված թերությունների վերացման և Համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հիմնավոր առաջարկներ ներկայացնելու միջոցով,

2) Համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովումը գնահատելու համար` նպատակ ունենալով բարձրացնել տեղեկատվության անվտանգության մակարդակը և կրճատել գործառնական ռիսկերից առաջացող հնարավոր կորուստները,

3) Համակարգի արդյունավետությունը գնահատելու համար,

4) Համակարգի գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և Համակարգի օպերատորի կողմից մշակված կանոններին ու ընթացակարգերին համապատասխանությունը գնահատելու համար:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Համակարգերը համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող վճարահաշվարկային համակարգեր համարվելու ծավալային չափանիշները հաշվարկվում են տարեկան սկզբունքով: Ընդ որում.

1) ներհանրապետական համախառն վճարումների ծավալային չափանիշների դեպքում հաշվարկն իրականացվում է համախառն տարեկան սկզբունքով,

2) նույն տեսակի վճարումների ծավալային չափանիշների դեպքում` օրացուցային տարվա չորս եռամսյակներից առնվազն երկուսում սահմանված կշիռը զբաղեցնելու սկզբունքով:

37. Համակարգը համարվում է համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող` Կենտրոնական բանկի կողմից համակարգի Օպերատորին այդ մասին տեղեկացնելու (ծանուցելու) օրվանից: Սույն կետով նախատեսված տեղեկացումները Կենտրոնական բանկի կողմից ուղարկվում են Օպերատորին: Ընդ որում, սույն կետով սահմանված տեղեկացումը համակարգի Օպերատորին ուղարկվում է նաև այն դեպքում, երբ համակարգը դադարում է լինել համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող:

38. Համակարգը համակարգային կամ հանրային համարվելու դեպքում Կենտրոնական բանկի կողմից օպերատորին տեղեկացումն իրականացվում է.

1) ծավալային չափանիշների հիման վրա մինչև օրացուցային տարվան հաջորդող փետրվարի 15-ը (ոչ աշխատանքային օրվա դեպքում` վերջինիս հաջորդող առաջին աշխատանքային օրը),

2) ոչ ծավալային չափանիշների դեպքում.

ա. նոր ստեղծվող Համակարգերի համար թույլտվության տրամադրման պահին.

բ. գործող Համակարգերի համար` տվյալ փաստը ի հայտ գալու և (կամ) այդ մասին Կենտրոնական բանկի կողմից տեղեկանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

39. Համակարգի օպերատորի կողմից համակարգային կամ հանրային համարվելու վերաբերյալ Կենտրոնական բանկի տեղեկացումը ստանալու պահից 90 օրացուցային օր հետո նրանց նկատմամբ տարածվում են սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված համապատասխան պահանջները: Ընդ որում` Համակարգի օպերատորի կողմից Կենտրոնական բանկ հիմնավոր փաստեր ներկայացնելու դեպքում տվյալ ժամկետը Կենտրոնական բանկի կողմից կարող է երկարաձգվել ևս 90 օրացուցային օրով:

40. Եթե Համակարգը դադարում է համարվել համակարգային կամ հանրային նշանակություն ունեցող, ապա Համակարգի օպերատորի կողմից այդ մասին Կենտրոնական բանկի տեղեկացումը ստանալու պահից վերջինիս նկատմամբ դադարում են կիրառվել սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված համապատասխան պահանջները:

 

ԳԼՈՒԽ 8. ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

41. Կենտրոնական բանկի` թույլտվության տրամադրման գործընթացի համար պատասխանատու ստորաբաժանման կողմից վարվում է Համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվությունների գրանցամատյան, որում նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) Համակարգի անվանումը,

2) Համակարգ ստեղծելու և գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը,

3) Համակարգի օպերատորի անվանումը և գտնվելու վայրը,

4) Համակարգում յուրաքանչյուր Համակարգի մասնակցի անունը, կարգավիճակը, տիպը և ռեզիդենտությունը:

42. Համակարգում մասնակցության թույլտվությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը:

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

43. Համակարգի օպերատորի և (կամ) Համակարգի գործունեության կանոնակարգի փոփոխությունները ենթակա են Կենտրոնական բանկի հետ համաձայնեցման:

44. Համակարգի օպերատորի փոփոխման դեպքում Համակարգի գործող օպերատորը Կենտրոնական բանկի համաձայնեցմանն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Համակարգի օպերատորի փոփոխման վերաբերյալ դիմում` վավերացված և կնքված գործող օպերատորի գործադիր մարմնի ստորագրությամբ,

2) գործող օպերատորի իրավասու մարմնի որոշումը` Համակարգի օպերատորի փոփոխման վերաբերյալ,

3) Համակարգի օպերատորի փոփոխման արդյունքում սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված` Համակարգի նոր օպերատորի ղեկավարների մասին նոր տեղեկանք:

45. Համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման դեպքում Համակարգի օպերատորը Կենտրոնական բանկի համաձայնեցմանն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Համակարգի գործունեության կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման համար դիմում` վավերացված և կնքված օպերատորի գործադիր մարմնի ստորագրությամբ,

2) Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված որոշումը` Համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխություններ և (կամ) լրացումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանված գործունեության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձև սահմանված լինելու դեպքում` այդ կարգով սահմանված ձևով հաստատված կանոնակարգը` համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխություններ և (կամ) լրացումներ իրականացնելու վերաբերյալ,

3) Համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված Համակարգի գործունեության փոփոխված կանոնակարգը, իսկ Համակարգի մասնակիցների միջև կնքված մասնակցության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձև սահմանված լինելու դեպքում` այդ կարգով հաստատված ձևով փոփոխված կանոնակարգը: Միաժամանակ ներկայացնելով կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները նկարագրող ամփոփ փաստաթուղթ (տեղեկանք):

46. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 44-րդ կամ 45-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո երկամսյա ժամկետում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

47. Կենտրոնական բանկը մերժում է փոփոխությունների իրականացումը, եթե տվյալ փոփոխությունը հակասում է Օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջներին, կամ համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` տվյալ փոփոխությամբ կվտանգվի վճարահաշվարկային համակարգի կայունությունը կամ անվտանգությունը, կամ եթե պահպանված չեն սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված պահանջները:

48. Համակարգի օպերատորի, Համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխությունների իրականացման մերժման դեպքում Կենտրոնական բանկը մերժման հիմքերի մասին տեղեկացնում է Համակարգի օպերատորին:

49. Համակարգի մասնակիցների կազմում, կարգավիճակում և կամ նախկինում ներկայացված տեղեկատվության մեջ տեղի ունեցած փոփոխության (այդ թվում Համակարգի մասնակցի հետ մասնակցության պայմանագրի դադարեցման) մասին Համակարգի օպերատորը փոփոխության կատարման պահից հնգօրյա ժամկետում պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին` ներկայացնելով սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված նոր տեղեկանք:

50. Եթե Համակարգի մասնակիցների փոփոխման արդյունքում փոփոխության է ենթարկվում նաև Համակարգի գործունեության կանոնակարգը, ապա Համակարգի օպերատորը պետք է ներկայացնի Կենտրոնական բանկի համաձայնեցման նաև Համակարգի գործունեության նոր կանոնակարգը` համաձայն սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված ընթացակարգի:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
08.06.2005
N 295-Ն
Որոշում