040.1281.121012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1281-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ (ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՈՒՄ) ԳԵՏՆԱՆՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 10.12.2020 թիվ 2004-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1281-Ն որոշման
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ (ՈՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՈՒՄ) ԳԵՏՆԱՆՇՄԱՆ
1. Փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթևեկելի հարևան գոտուց` ավտոկայանատեղի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ: Եթե փողոցի երթևեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաև լայնակի սահմանագծով` կարմիր գույնի հոծ գետնանշմամբ:
2. Հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը սահմանազատվում են կարմիր գույնի գետնանշմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մուտքի-ելքի ուղիների կողմից` խզվածքներով, ավտոկայանատեղի տարածքի սահմանագիծը հրապարակում` հոծ գծով:
3. Ելնելով ավտոկայանատեղի տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից, կարող է իրականացվել վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` կարմիր ներկանյութով, այդ թվում` կարմիր գույնի ասֆալտբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում: