Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԻՐԱՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                    Վարչական գործ

    դատարանի որոշում                         թիվ ՎԴ/4665/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/4665/05/18          2020 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թովմասյան

    Դատավորներ`        Ա. Պողոսյան

                       Ա. Բաբայան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի հոկտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով, քննելով Հայկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Ղազարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 20.02.2018 թվականի թիվ Վ-0285599 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հայկ Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 20.02.2018 թվականի թիվ Վ-0285599 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 17.07.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2019 թվականի որոշմամբ Հայկ Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ենթադրյալ խախտումը կատարելուց հետո հայցվորին հնարավորություն չի տրվել ծանոթանալու արձանագրությանը և ստորագրելու այն, դիրքորոշում հայտնելու դրա վերաբերյալ, բացի այդ, արձանագրությունում նշված չեն իրավախախտի կողմից այն չստորագրելու պատճառները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ արձանագրությունը կազմվել է պատասխանատվության ենթարկվող անձի (ենթադրյալ իրավախախտի) բացակայությամբ, վարչական մարմինը զրկել է անձին արձանագրություն կազմելու ժամանակ իր անհամաձայնությունը կամ դիտողությունը հայտնելու հնարավորությունից:

Միաժամանակ բողոքաբերը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածը, նշել է, որ իր կողմից փոստային և այլ ծառայությունների համար կատարվել են վճարումներ` 1.320 ՀՀ դրամի չափով, որը ենթակա է փոխհատուցման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2019 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Տիրան Աբգարյանի կողմից 19.01.2018 թվականին կազմվել է թիվ 0302550 արձանագրությունը, որի համաձայն` «Համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, մասնավորապես` «11AN013» պետհամարանիշով «NISSAN X-TRAIL 2.5 I» մակնիշի տրանսպորտային միջոցը 16.01.2018 թվականին` ժամը 12:53-ից մինչև 13:11-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար վճարված չի եղել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016 թվականի թիվ 636-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցի կայանատեղի տեղական պարտադիր գանձույթը» (գ. թ. 26):

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի կողմից 20.02.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0285599 որոշմամբ Հայկ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «11AN013» պետհամարանիշով «NISSAN X-TRAIL 2.5 I»մակնիշի տրանսպորտային միջոցը 16.01.2018 թվականին` ժամը 12:53-ից մինչև 13:11-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում` առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված պարտադիր գանձույթը (գ. թ. 22-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով արձանագրության կազմման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արձանագրության կազմման գործընթացին ենթադրյալ իրավախախտին մասնակից դարձնելու, արձանագրությունը վերջինիս ներկայությամբ կազմելու օրենքի պահանջը չպահպանելն արդյո՞ք ընթացակարգային այնպիսի խախտում է, որը կարող է հանգեցնել վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի անվավերությանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարույթի ժամանակ օրենսդրի կողմից առաջադրված խնդիրների լուծման համար վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ յուրաքանչյուր գործ քննության նախապատրաստելիս պարտավոր է պարզել, ի թիվս այլնի, նաև այն հարցը, թե արդյոք ճիշտ է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում:

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված` նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնների, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջների պահպանման պայմաններում:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ արձանագրության կազմման գործընթացին ենթադրյալ իրավախախտին մասնակից դարձնելու, արձանագրությունը վերջինիս ներկայությամբ կազմելու օրենքի պահանջը ձևական բնույթ չի կրում, քանի որ ենթադրյալ իրավախախտին իր իրավունքներն ու պարտականությունները բացատրելու` արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում ողջ վարչական վարույթի ընթացքում ենթադրյալ իրավախախտի իրավունքների իրացումն ապահովելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու իմպերատիվ պահանջը նպատակ է հետապնդում նաև ապահովելու վարչական իրավախախտման պատշաճ սուբյեկտի պարզման հնարավորությունը: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու պայմաններում հնարավոր կլինի պարզել վարչական իրավախախտման սուբյեկտին, որից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վերջինիս հնարավոր կլինի ենթարկել վարչական պատասխանատվության (տե՛ս, Գառնիկ Վերմիշյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ (...) նյութական իրավունքի համեմատությամբ ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթն արտահայտվում է նրանում, որ ընթացակարգային սխալները որոշիչ չեն, եթե չեն ազդում որոշման նյութական իրավաչափության վրա և չեն խախտում շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտով` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի կողմից 20.02.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0285599 որոշմամբ, Հայկ Ղազարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «11AN013» պետհամարանիշով «NISSAN X-TRAIL 2.5 I» մակնիշի տրանսպորտային միջոցը 16.01.2018 թվականին` ժամը 12:53-ից մինչև 13:11-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում` առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված պարտադիր գանձույթը:

Նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Տիրան Աբգարյանի կողմից 19.01.2018 թվականին կազմվել է թիվ 0302550 արձանագրությունը, որի համաձայն` համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, մասնավորապես` «11AN013» պետհամարանիշով «NISSAN X-TRAIL 2.5 I» մակնիշի տրանսպորտային միջոցը 16.01.2018 թվականին` ժամը 12:53-ից մինչև 13:11-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար վճարված չի եղել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016 թվականի թիվ 636-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցի կայանատեղի տեղական պարտադիր գանձույթը:

Դատարանը մերժել է Հայկ Ղազարյանի վիճարկման հայցը` ի թիվս այլնի նշելով, որ հայցվորի փաստարկն առ այն, որ վարչական մարմինը չի պահպանել արձանագրության կազմմանը ներկայացվող պահանջները, չի կարող Երևանի քաղաքապետարանի 20.02.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0285599 որոշման անվավերության հիմք հանդիսանալ: Ի տարբերություն նյութական իրավունքի պահանջների խախտման` ընթացակարգային` արձանագրության կազմման ձևին ներկայացվող պահանջների խախտումը միշտ չէ, որ պետք է անվերապահորեն հանգեցնի վարչական ակտի անվավերության (վերացման): Տվյալ դեպքում կազմված արձանագրության մեջ առկա ձևական պահանջների խախտմամբ վարչական ակտի նյութական իրավաչափությունը չի խախտվել, հետևաբար այդպիսի խախտումը չի կարող հանգեցնել վիճարկվող վարչական ակտի անվավերության:

Վերաքննիչ դատարանը մերժել է Հայկ Ղազարյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել անփոփոխ` պատճառաբանելով նաև, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները և կիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է սույն գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման, և վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը բեկանելու համար:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի գլխավոր մասնագետ Տիրան Աբգարյանի կողմից 19.01.2018 թվականին կազմված թիվ 0302550 արձանագրությունում բացակայում է վարչական իրավախախտում կատարած անձի` Հայկ Ղազարյանի ստորագրությունը, ինչպես նաև առկա չէ նշում այն մասին, որ իրավախախտում կատարած անձը հրաժարվել է այն ստորագրելուց, բացակայում է նաև նշում այն մասին, որ իրավախախտում կատարած անձին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: Ավելին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշման հավելվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված` արձանագրությունն ուղարկելու պարտականությունը չի բացառում վարչական մարմնի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված պարտականության կատարումը:

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի կողմից 20.02.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0285599 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի խախտմամբ: Ընդ որում, արձանագրության կազմման գործընթացին ենթադրյալ իրավախախտին մասնակից դարձնելու, արձանագրությունը վերջինիս ներկայությամբ կազմելու օրենքի պահանջը, ինչպես նշվեց, ունի առանցքային նշանակություն, ինչը նշանակում է, որ դրա չպահպանումն ընթացակարգային այնպիսի խախտում է, որը հանգեցնում է այդ վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի անվավերությանը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված լինելը վարչական ակտի նյութական իրավաչափության վրա ազդող ընթացակարգային սխալ է, որով խախտվում է ակտի հասցեատիրոջ իրավունքները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների փոստային ծախսերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Հայկ Ղազարյանը վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով հայցադիմում ներկայացնելու, ինչպես նաև դատական բողոքարկման բոլոր փուլերում պետական տուրքի վճարման պարտականությունից:

Այս եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության այն մեկնաբանությունը, որի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից` դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանող վարչական մարմինը պարտավոր չէ պետությանը հատուցել հայցադիմումի և հայցվոր Հայկ Ղազարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքերի գումարները, որոնց վճարումից Հայկ Ղազարյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ սույն գործով այդ պետական տուրքերի գծով ծախսի կատարումը անհրաժեշտ չէր:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայկ Ղազարյանը տվյալ դեպքում հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Նկատի ունենալով, որ վարչական գործում և վճռաբեկ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրերի համաձայն` Հայկ Ղազարյանի կողմից կատարվել է փոստային ծախս ընդհանուր 1.340 ՀՀ դրամի չափով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայկ Ղազարյանի ենթակա է բռնագանձման 1.340 ՀՀ դրամ` որպես փոստային ծախսի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն. հայցը բավարարել` անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 20.02.2018 թվականի թիվ Վ-0285599 որոշումը:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայկ Ղազարյանի բռնագանձել 1.340 ՀՀ դրամ` որպես փոստային ծախսի գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.10.2020
N ՎԴ/4665/05/18
Որոշում