Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐ ...

 

 

ԻՐՏԵԿ    Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

N 02-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, 6-րդ, 11-րդ և 12-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը` համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների քվեաթերթիկների ձևերը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 19.02.2009 թ. «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 01-Լ որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

2018 թ. մայիսի 18

Երևան

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

դատավորների ընդհանուր ժողովի

2018 թ. մայիսի 18-ի

թիվ 02-Լ որոշման

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է դատավորների ինքնակառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ` Ժողով) խնդիրների իրականացման նպատակով գործունեության կազմակերպման կարգը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ` Դատական օրենսգիրք) և այլ օրենքներով վերապահված լիազորություններն իրականացնելիս:

2. Ժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

2) ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, Ուսումնական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար` աշխատանքային խմբեր.

3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.

4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.

7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.

8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի հաղորդումը.

9) իրականացնում է այլ գործառույթներ:

3. Ժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Դատական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան:

4. Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Ժողովի անդամներ են:

i

5. ժողովն իր գործունեությունն իրականացնում է առկա կամ հեռակա նիստերի միջոցով:

Հեռակա նիստերն անց են կացվում տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ գրավոր ընթացակարգով:

(5-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

6. Ժողովի գործունեության և նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ) կողմից:

7. Ժողովն ունի սահմանված ձևի կլոր կնիք: Կնիքի վրա պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի շուրջը հայերեն լեզվով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ» բառերը:

 

ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼԸ

 

8. Ժողովը հրավիրում և վարում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում Ժողովը հրավիրում և վարում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:

9. Հերթական Ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ: Արտահերթ Ժողով կարող է հրավիրվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից`

1) իր նախաձեռնությամբ.

2) դատավորների առնվազն 1/5-ի պահանջով.

3) Ժողովի հանձնաժողովի պահանջով:

i

9.1 ժողովի հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ժողովի հանձնաժողովի նախագահի դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից հրավիրվում է արտահերթ ժողով:

(9.1-ին կետը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

i

10. Եթե Ժողովը հրավիրվում է սույն կարգի 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված հիմքերով, ապա Ժողովի օրը (ամիսը, ամսաթիվը) նշանակելու և Ժողովը կազմակերպելու համար գրավոր միջնորդություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին: Նման միջնորդություն ստանալու դեպքում, ելնելով ներկայացված հարցի քննարկման հրատապությունից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը ոչ ուշ, քան միջնորդությունը ներկայացնելու օրվան հաջորդող երեսուն օրվա ընթացքում, նշանակում է Ժողովի օրը (ամիսը, ամսաթիվը) և վայրը:

(10-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

i

11. Ժողովի առկա նիստը հրավիրվում է Երևան քաղաքում, եթե Ժողովն իր որոշմամբ Ժողով հրավիրելու այլ վայր չի սահմանում:

(11-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

12. Ժողովը հրավիրվում է աշխատանքային օրերին և ժամերին: Բացառիկ դեպքերում, ելնելով հարցի հրատապությունից, Ժողով կարող է հրավիրվել ոչ աշխատանքային օրերին և ժամերին:

13. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

14. Ժողովը լուսաբանելու նպատակով Ժողովի որոշմամբ կարող են ներկա գտնվել նաև լրատվության միջոցների ներկայացուցիչներ` Ժողովի կողմից սահմանված կարգով:

15. Ժողովը սկսվում է օրակարգի նախագծի (այսուհետ` Օրակարգ) ներկայացմամբ, քննարկմամբ և հաստատմամբ:

 

ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

 

16. Ժողովի նիստի Օրակարգում ընդգրկվում են Ժողովի նիստը նախաձեռնողի կողմից առաջարկվող հարցերը: Օրակարգը կազմում է Դեպարտամենտը, որում ներառվում են առաջարկվող հարցերը, զեկուցողի անունն ու ազգանունը:

i

17. Եթե Ժողովը հրավիրվել է սույն կարգի 9-րդ կատի 2-րդ և 3-րդ ենթակետերով նշված հիմքերով, ապա նախաձեռնողի կողմից առաջարկվող հարցն Օրակարգի մեջ ընդգրկելու համար պետք է ներկայացվի`

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված առաջարկություն (միջնորդություն), որը նկարագրում է հարցի նախապատմությունը, սահմանում է բուն հարցը և շարադրում հարցի քննարկման անհրաժեշտության հիմնավորումը.

2) զեկուցողի անունն ու ազգանունը.

3) Ժողովում ներկայացվող հարցի վերաբերյալ որոշման նախագիծը.

4) առկայության դեպքում այլ փաստաթղթեր:

(17-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

i

18. Ժողովի նիստի Օրակարգի, անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին Ժողովի անդամներին պատշաճ ձևով ծանուցելու գործընթացն ապահովում է Դեպարտամենտը:

(18-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

19. Ժողովի նիստի մասին ծանուցումը, Օրակարգը և դրանում ընդգրկված հարցերի կապակցությամբ Դեպարտամենտում առկա նյութերը, ինչպես նաև անհրաժեշտ այլ փաստաթղթերը, որպես կանոն, Ժողովի անդամներին ուղարկվում է նրանց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով (այսուհետ` էլեկտրոնային եղանակով): Էլեկտրոնային եղանակով ծանուցելու անհնարինության դեպքում հիշյալ գործընթացն իրականացվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ այլ այնպիսի եղանակով, որն ապահովի սահմանված ժամկետում դրանց ստացումը Ժողովի անդամների կողմից:

i

20. Ժողովի անդամները Ժողովի նիստի Օրակարգի, անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին, որպես կանոն, ծանուցվում են նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության դեպքում, որպես կանոն, առնվազն 10 օր առաջ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Միաժամանակ, դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն` Ժողովի անցկացման եղանակի, ժամանակի և վայրի մասին:

(20-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

i

21. Ժողովի առկա և հեռակա նիստերին դատավորների մասնակցությունը պարտադիր է: Բացակայությունը թույլատրվում է միայն հարգելի պատճառով: Բացակայության պատճառների մասին դատավորը նախօրոք տեղեկացնում է Ժողովին` Դեպարտամենտի միջոցով:

(21-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

ԺՈՂՈՎԸ ՎԱՐՈՂԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Ժողովը վարողը`

ա) վարում է Ժողովի նիստերը.

բ) հայտարարում է նիստի ընդմիջումները.

գ) ապահովում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և յուրաքանչյուր հարցի քննարկումը սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող հարցի մասին.

դ) հարցի քննարկումը սկսվելուց առաջ տեղեկացնում է հարցի քննարկման կարգի և տևողության մասին.

ե) հայտարարում է ելույթների և հարցերի համար հերթագրումը, քվեարկության անցկացումը.

զ) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար.

է) հանում է այն հարցերը կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք չեն առնչվում կամ վերաբերելի չեն քննարկվող հարցին.

ը) նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով կարող է ընդմիջել ելույթները.

թ) համակարգում է նիստը սպասարկող ծառայողների աշխատանքը.

ժ) հայտարարում է նիստի ավարտի մասին.

ժա) ստորագրում է Ժողովի արձանագրությունը, որոշումները.

ժբ) իրականացնում է նիստի բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված այլ գործողություններ:

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Դատավորներն իրավունք ունեն`

1) ծանոթանալ նիստի Օրակարգին և նրանում ընդգրկված հարցերի վերաբերյալ նյութերին.

2) ելույթ ունենալ նիստում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հարցեր տալ, ներկայացնել առաջարկություններ և առարկություններ.

3) իրականացնել օրենքով և սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

24. Դատավորները պարտավոր են`

i

1) մասնակցել Ժողովում ցանկացած հարցի քննարկմանը և որոշման կայացմանը, այդ թվում` մասնակցել Ժողովի հեռակա նիստերին.

2) կատարել Ժողովը վարողի օրինական կարգադրությունները.

3) Ժողովի Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ժամանակ լինել անաչառ և օբյեկտիվ.

4) պահպանել իր լիազորությունների իրականացման շրջանակներում իրեն հայտնի դարձած հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության գաղտնիությունը.

5) իրականացնել օրենքով և սույն կարգով նախատեսված այլ պարտականություններ:

(24-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

ԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

25. Ժողովին ներկա անձինք պարտավոր են`

1) կատարել Ժողովը վարողի օրինական պահանջները.

2) չխոչընդոտել նիստի բնականոն ընթացքը.

3) անջատել բջջային հեռախոսները և տեխնիկական այլ միջոցները, որոնք կարող են խոչընդոտել նիստի բնականոն ընթացքը:

 

ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

26. Ժողովը վարողը նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և քվեարկության է դնում Օրակարգը:

27. Օրակարգը քննարկվում և հաստատվում է բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` հետևյալ կարգով.

1) Ժողովը վարողը դատավորների կարծիքն է հարցնում Օրակարգի վերաբերյալ.

2) Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ առարկությունների դեպքում դրանք դրվում են քվեարկության.

3) եթե կան լրացուցիչ հարցեր, ապա Ժողովը վարողն ընթացիկ քվեարկության է դնում Օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու յուրաքանչյուր առաջարկություն.

4) Ժողովը վարողը, ելնելով աշխատանքի արդյունավետությունից, կարող է քննարկման դնել Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը.

5) Ժողովը վարողը վերջնական քվեարկության է դնում Օրակարգը` հավանության արժանացած փոփոխություններով:

28. Մինչև Օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

29. Ժողովում հարցերի քննարկումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի և զեկուցողի արձագանքները.

3) ելույթներ.

3) մտքերի փոխանակում.

4) քվեարկություն:

30. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են Ժողովը վարողին: Հարցերը տրվում են, ինչպես նաև ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, Ժողովը վարողի հայտարարությամբ, որով հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անուն-ազգանունը:

31. Ժողովը վարողը հանում է հարցին չառնչվող կամ կրկնվող հարցերը:

32. Հարցի քննարկման ընթացքում`

1) զեկուցման համար հատկացվում է մինչև 15 րոպե.

2) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաև արձագանքելու համար հատկացվում է մինչև 5 րոպե.

3) ելույթների համար հատկացվում է մինչև 10 րոպե:

33. Նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:

34. Նիստի տեսանկարահանումը և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում է Ժողովի որոշմամբ:

35. Հարցերին պատասխանելուց հետո զեկուցումն ավարտվում է, որից հետո, եթե ելույթներ չկան, Ժողովը վարողը հրավիրում է մտքերի փոխանակման:

Մտքերի փոխանակումն իրականացվում է նիստում քննարկվող հարցի վերաբերյալ առաջարկություններ և (կամ) առարկություններ հնչեցնելու միջոցով:

Մտքերի փոխանակման ժամանակ մասնակիցներին իրենց առաջարկությունը և (կամ) առարկությունը հնչեցնելու համար տրվում է մինչև 10 րոպե ժամանակ:

Ժողովը վարողը կարող է պարզել դատավորների դիրքորոշումը հնչեցված առաջարկության և առարկության վերաբերյալ:

36. Քննարկման արդյունքում քվեարկվում է Ժողովի որոշումը` ներկայացված առաջարկությունների և առարկությունների համաձայն:

 

ԺՈՂՈՎԻ ՀԵՌԱԿԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ

(բաժինը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

i

36.1. Եթե Դեպարտամենտի կողմից Ժողովի անդամների համար ապահովվում են համապատասխան տեխնիկական միջոցներ, ապա ժողովի նիստերը կարող են անցկացվել հեռակա` տեխնիկական միջոցների կիրառմամբ, հետևյալ դեպքերում.

1) ռազմական կամ արտակարգ դրության, բնակչության առողջության պահպանման, անվտանգության, այդ թվում` Ժողովի անդամների կամ դատարանի աշխատակազմի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված,

2) Ժողովի անդամների առնվազն 1/5-ի պահանջով,

3) Ժողովի հանձնաժողովի պահանջով,

4) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ` այլ անհրաժեշտ դեպքերում:

36.2. Տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստերի անցկացման դեպքում գործում են սույն կարգի 26-36-րդ, իսկ որոշումների ընդունման կարգի մասով` 40-45-րդ կետերով սահմանված կարգավորումներն այնքանով, որքանով կիրառելի են տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստերի նկատմամբ:

Տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստ անցկացնելու դեպքում ժողովը վարողն իրականացնում է սույն կարգի 22-րդ կետում նշված գործողություններն այնքանով, որքանով դրանք կիրառելի են տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստի ընթացքում` անհրաժեշտության դեպքում իրականացնելով նիստի բնականոն գործընթացի ապահովման համար անհրաժեշտ այլ գործողություններ:

36.3. Տեխնիկական միջոցների կիրառմամբ հեռակա նիստերի անցկացումն ապահովելու նպատակով Դեպարտամենտը Ժողովի անդամներից յուրաքանչյուրի համար ապահովում է հասանելիություն տեխնիկական այնպիսի միջոցի, որը ժողովի անդամին տալիս է ձայն խնդրելու, ելույթ ունենալու, ինչպես նաև բաց քվեարկությամբ Ժողովի մյուս անդամների հետ ժողովին միաժամանակ մասնակցելու և էլեկտրոնային եղանակով «կողմ» կամ «դեմ» քվեարկելու հնարավորություն:

 

ԺՈՂՈՎԻ ՀԵՌԱԿԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ

(բաժինը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

i

36.4. Բաց քվեարկությամբ ընդունվող որոշումների դեպքում Ժողովի հեռակա նիստերը կարող են անցկացվել գրավոր ընթացակարգով` սույն Կարգի 36.1-րդ կետով սահմանված դեպքերում:

36.5. Գրավոր ընթացակարգով հեռակա նիստի անցկացման նպատակով ժողովի օրակարգը, քննարկվող հարցի վերաբերյալ Ժողովի որոշման նախնական նախագիծը Ժողովը վարողի կողմից Դեպարտամենտի միջոցով ուղարկվում է ժողովի անդամներին` սահմանելով ողջամիտ ժամկետ կարծիք ներկայացնելու համար:

36.6. Սահմանված ժամկետից հետո ժողովի անդամների կարծիքներն ամփոփելուց հետո վերջնական նախագիծը` կարծիքների ամփոփաթերթի հետ միասին, ուղարկվում է Ժողովի անդամներին` քվեարկության:

36.7. Վերջնական նախագիծը ստանալուց հետո ժողովի անդամները ստորագրում են քվեաթերթիկը` կողմ կամ դեմ լինելու մասին` քվեարկված քվեաթերթիկն ուղարկելով Դեպարտամենտի կենտրոնական մարմնին:

36.8. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմում է Դեպարտամենտի ղեկավարը և իր ստորագրությամբ ներկայացնում է Ժողովը վարողին` վերջինիս ստորագրությամբ հաստատման: Արձանագրությունը` ստորագրված քվեաթերթիկների հետ միասին, դրվում է ծրարի մեջ, փակվում և հանձնվում Դեպարտամենտին` պահպանության համար: Փակ ծրարն ստորագրվում է Դեպարտամենտի ղեկավարի և Ժողովը վարողի կողմից:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ ժողովի անդամները ծանուցվում են Դեպարտամենտի կողմից:»:

 

ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐԸ

 

37. Ժողովի` յուրաքանչյուր հարցով նիստը շարունակվում է անընդհատ, բացառությամբ Ժողովի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակի, ինչպես նաև նիստը հետաձգվելու դեպքի:

38. Ժողովի նիստն անհրաժեշտության դեպքում կարող է ընդմիջվել նաև Ժողովին մասնակցող դատավորի առաջարկությամբ` Ժողովի որոշմամբ:

Ընդունված որոշման հիման վրա ընդմիջումը հայտարարում է Ժողովը վարողը:

39. Ժողովի նիստը հետաձգվում է`

1) հարցի վերաբերյալ նյութերը դատավորներին սույն կարգով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե դատավորը պնդում է այդ մասին.

2) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

 

ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

40. Ժողովում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ համապատասխան քվեարկությունը և դրա արդյունքում որոշում կայացնելը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո:

i

41. Ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ Դատական օրենսգրքով:

Բաց քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով, տեխնիկական միջոցի կիրառմամբ` էլեկտրոնային եղանակով, կամ քվեաթերթիկով` գրավոր ընթացակարգի դեպքում: Բաց քվեարկության ընթացքում ձայները հաշվում է Ժողովը վարողը` Դեպարտամենտի օժանդակությամբ:

Բաց քվեարկության արդյունքներն արտացոլվում են Ժողովի նիստի արձանագրության մեջ:

(41-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

42. Ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում Ժողովում հրապարակվելու պահից, եթե այլ բան սահմանված չէ Ժողովի որոշմամբ:

43. Ժողովի կողմից հավանության արժանացած որոշման նախագծի տեքստը խմբագրվում է Դեպարտամենտի կողմից: Ժողովի որոշումը ձևակերպվում է առանձին ակտի ձևով` բացառությամբ արձանագրային որոշումների (դրանք են` Ժողովի գործունեության կազմակերպչական հարցերի վերաբերյալ որոշումները, որոնք առանձին ակտի ձևով չեն ընդունվում և արտացոլվում են արձանագրության մեջ):

Առանձին ակտի ձևով կազմված որոշումը ստորագրում է Ժողովը վարողը, և այն կնքվում է Ժողովի կնիքով:

44. Ժողովի առանձին ակտի ձևով կազմված որոշումները ենթակա են հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

45. Ժողովում ընդունված բնօրինակ որոշումները, արձանագրությունը և այլ նյութերը պահվում են Դեպարտամենտում:

 

ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

46. Ժողովի կողմից ընտրությունները, բացառությամբ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության, իրականացվում են գաղտնի քվեարկությամբ: Բոլոր տեսակի ընտրություններն անցկացվում են առկա նիստերի ընթացքում կազմակերպվող քվեարկությունների միջոցով:

Ռազմական կամ արտակարգ դրության, բնակչության առողջության պահպանման, անվտանգության, այդ թվում` Ժողովի անդամների կամ դատարանի աշխատակազմի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` Ժողովը վարողը կարող է սահմանել քվեարկության ժամանակացույց, որում նշվում է ըստ դատարանների քվեարկող դատավորների անունները և քվեարկության ժամանակահատվածը:

(46-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

i

47. Գաղտնի քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկներով: Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության համար քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով կամ անվանական քվեաթերթիկներով:

(47-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

48. Գաղտնի քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Ժողովը բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, կազմավորում է հաշվիչ հանձնաժողով: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից առաջադրվելու եղանակով, եթե անցկացվելիք գաղտնի քվեարկությանը իրենց թեկնածությունը չի քվեարկվելու:

Հաշվիչ հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որոնք իրենցից ընտրում են նախագահ, որը կանոնակարգում է հանձնաժողովի աշխատանքները:

i

49. Գաղտնի քվեարկությամբ անցկացվող ընտրությանն առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուները, նախքան քվեարկության սկիզբը, ունեն մինչև 10 րոպե ելույթի իրավունք:

Գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար Ժողովը վարողը հայտարարում է ընդմիջում:

(49-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

50. Հաշվիչ հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու արդյունքում կազմում է արձանագրություն, որը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնող հաշվիչ հանձնաժողովի անդամն իրավունք ունի չստորագրելու արձանագրությունը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Արձանագրության մեջ, ի թիվս այլնի, ըստ առանձին քվեաթերթիկների, նշվում են.

1) քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.

3) չօգտագործված քվեաթերթիկների թիվը.

4) անվավեր քվեաթերթիկների թիվը.

5) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` ըստ ձայների նվազման հաջորդականության:

51. Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո` ստորագրված արձանագրությունը (առկայության դեպքում նաև քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրությունը/ները/) քվեաթերթիկների հետ դրվում են ծրարի մեջ, փակվում և հանձնվում Դեպարտամենտին` պահպանության համար: Փակ ծրարի վրա ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի նախագահը և/կամ այլ անդամները: Քվեաթերթիկները պահպանվում են 1 տարի ժամկետով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

52. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգի մանրամասները սահմանված են Դատական օրենսգրքով:

i

52.1. Դեպարտամենտի ղեկավարը Ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ ժողովի անդամներին է տրամադրում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական եզրակացությունը:

(52.1-ին կետը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

53. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով` ըստ Դատական օրենսգրքում նշված դատական ատյանների` քվեաթերթիկում նշելով համապատասխան ատյանի դատարանի անվանումը:

Նախքան քվեարկության սկիզբը համապատասխան դատական ատյանի քվեաթերթիկները (դարձերեսի մասում) կարող են ստորագրվել տվյալ դատական ատյանից առաջադրված թեկնածուների կողմից:

54. Քվեաթերթիկի ձախ կողմում այբբենական հերթականությամբ նշվում են համապատասխան դատարանից թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, իսկ աջ կողմում` «կողմ» բառը` ներքևում նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:

55. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկի ձախ կողմում նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, իսկ աջ կողմում` «կողմ» և «դեմ» բառերը` յուրաքանչյուրի ներքևում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

Քվեարկողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ» բառերի, եթե դեմ` «դեմ» բառերի ներքևի դատարկ քառանկյունում:

Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:

56. Քվեաթերթիկը պետք է ներառի համապատասխան թեկնածուների մասնագիտացումների մասին նշում, ինչպես նաև ծանուցում քվեարկողի ունեցած ձայների քանակի վերաբերյալ:

57. Քվեաթերթիկը լրացվում է գաղտնի: Լրացված քվեաթերթիկը քվեարկողի կողմից դրվում է համապատասխան դատական ատյանի քվեաթերթիկների համար նախատեսված քվեատուփում:

58. Քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) քվեարկողն ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն կարգով.

2) քվեաթերթիկում նշումը կատարվել է ոչ սահմանված ձևի նշանով.

3) չի պարունակում որևէ նշում.

4) պարունակում է քվեարկողի ինքնությունը բացահայտող կամ որևէ այլ նշում:

59. Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները:

60. Քվեարկության արդյունքները հրապարակվելուց անմիջապես հետո թեկնածուները կարող են ծանոթանալ քվեարկության արդյունքների վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի արձանագրությանը և ինքնուրույն կատարել քաղվածքներ:

61. Այն դեպքում, երբ քվեարկության արդյունքների արձանագրության ուսումնասիրմամբ թեկնածուի մոտ ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ, ապա վերջինս իրավունք ունի բողոքարկելու այն քվեարկության արդյունքները, որտեղ քվեարկվել է իր թեկնածությունը` հաշվիչ հանձնաժողովին ներկայացնելով իր ներկայությամբ քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) պահանջ` հիմնավոր փաստարկներով:

62. Վերահաշվարկ կատարվում է այն դեպքում, երբ հաշվիչ հանձնաժողովի կարծիքով վերահաշվարկ պահանջող թեկնածուի կողմից ներկայացված են համապատասխան քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր փաստարկներ:

Այն դեպքում, երբ պահանջվել է վերահաշվարկի իրականացում սույն կարգի դրույթների խախտմամբ` հաշվիչ հանձնաժողովը մերժում է վերահաշվարկի պահանջը և վերահաշվարկ չի իրականացնում: Վերահաշվարկ կատարելու պահանջը մերժելու դեպքում հաշվիչ հանձնաժողովը կայացնում է պատճառաբանված որոշում:

63. Մինչև վերահաշվարկ սկսելը` վերահաշվարկի պահանջ ներկայացրած թեկնածուի քվեարկության արդյունքների վերահաշվարկից հրաժարվելը հիմք է վերահաշվարկ չիրականացնելու համար:

64. Վերահաշվարկին կարող են ներկա գտնվել նաև վերահաշվարկի պահանջ ներկայացրած թեկնածուի հետ քվեարկված մյուս թեկնածուները:

65. Վերահաշվարկի հիմնավոր մի քանի պահանջների առկայության դեպքում հաշվիչ հանձնաժողովն առաջին հերթին վերահաշվարկում է ավելի վաղ ներկայացված պահանջի հիմքում ընկած քվեարկության արդյունքները:

66. Վերահաշվարկի պահանջ ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:

67. Վերահաշվարկ կատարելիս քվեաթերթիկի վավերականությունը որոշվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

68. Վերահաշվարկի ժամանակ այնտեղ գտնվելու իրավունք ունեցող թեկնածուներն իրավունք ունեն ծանոթանալու քվեարկությանը մասնակցած քվեարկողների ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ:

i

69. Հաշվիչ հանձնաժողովը կատարված վերահաշվարկի արդյունքում կազմում է արձանագրություն, որի կազմման վրա տարածվում են սույն կարգի 50-րդ կետի կարգավորումները:

Վերահաշվարկին ներկա գտնվելու իրավունք ունեցող թեկնածուների պահանջով նրանց տրամադրվում է համապատասխան քվեարկության արդյունքների վերահաշվարկի արձանագրությունը` ծանոթանալու և ինքնուրույն քաղվածքներ կատարելու համար:

(69-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

70. Քվեարկության արդյունքները վերջնական ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները:

71. Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո դրանք հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

72. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգի մանրամասները սահմանված են Դատական օրենսգրքով:

73. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկներով: Նախքան քվեարկության սկիզբը համապատասխան քվեաթերթիկները (դարձերեսի մասում) կարող են ստորագրվել առաջադրված թեկնածուների կողմից:

i

74. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քվեարկության անցկացման կարգի վրա տարածվում են սույն կարգի 54-71-րդ կետերով սահմանված դրույթները` հաշվի առնելով այս ընտրության համար Դատական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները:

(74-րդ կետը փոփ. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

75. էթիկայի և կարգապահական հարցերի, Ուսումնական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների ընտրության կարգի մանրամասները սահմանված են Դատական օրենսգրքով:

76. էթիկայի և կարգապահական հարցերի, Ուսումնական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների ընտրության քվեարկության անցկացման կարգի վրա տարածվում են սույն կարգի 53-71-րդ մասերով սահմանված դրույթները:

i

76.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության դեպքում գործում են նաև սույն կարգի 47-րդ կետով սահմանված առանձնահատկությունները:

(76.1-ին կետը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

i

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՆՔՆԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

(բաժինը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

76.2. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուները կարող են առաջադրվել ինքնառաջադրմամբ, դատավորի կողմից առաջադրմամբ կամ Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու եղանակով:

76.3. Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

76.4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

76.5. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների` հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվելու դեպքում հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

76.6. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների` ինքնառաջադրման կամ դատավորի կողմից առաջադրման դեպքում Դեպարտամենտի կողմից հանձնաժողովի անդամի ընտրությունից առաջ ողջամիտ ժամկետում հրապարակվում է հայտարարություն` թեկնածուների ինքնառաջադրման կամ դատավորի կողմից առաջադրման վերաբերյալ:

76.7. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ինքնառաջադրման դեպքում թեկնածուն Դեպարտամենտ է ներկայացնում դիմում` կցելով.

1) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) թեկնածուի 3x4 մմ չափսի երկու գունավոր լուսանկար.

3) թեկնածուի կենսագրությունը և գործունեության մասին տվյալները.

4) թեկնածուի գրավոր համաձայնությունը` իր կենսագրությունը և գործունեության մասին տվյալները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ.

5) իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

6) գիտական աստիճանի առկայությունը և (կամ) պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում` աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

7) համաձայնություն` իր վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին:

76.8. Ուսումնական հարցերի և Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի` դատավորի կողմից առաջադրվելու դեպքում դատավորը Դեպարտամենտ է ներկայացնում դիմում և 76.7 կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև թեկնածուի գրավոր համաձայնությունը` դատավորի կողմից որպես թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:

76.9. Դեպարտամենտը ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և թերություններ հայտնաբերելու դեպքում տրամադրում է մեկօրյա ժամկետ` թերությունները շտկելու համար:

Դեպարտամենտը մերժում է Դատական օրենսգրքով սահմանված պահանջներին չհամապատասխանող թեկնածուի դիմումը:

76.10. Դեպարտամենտը ներկայացված դիմումներն ամփոփում և ժողովի անդամներին է ներկայացնում ընտրությունից առաջ ողջամիտ ժամկետում:»:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

77. Իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար Ժողովը կարող է ձևավորել աշխատանքային խմբեր:

78. Ժողովը բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, դատավորներից ընտրում է աշխատանքային խմբի անդամներ: Դատավորները կարող են առաջադրվել որպես աշխատանքային խմբի անդամ ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից առաջադրվելու եղանակով:

79. Աշխատանքային խմբի անդամների քանակը և դրա գործունեության ժամկետը, անհրաժեշտության դեպքում` նաև կարգը, սահմանվում է Ժողովի` աշխատանքային խումբ ձևավորելու մասին որոշմամբ:

 

ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

80. Ժողովի ընթացքն արձանագրվում է: Արձանագրությունը վարում է Ժողովի կողմից բաց քվեարկությամբ` քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, որոշված դատավորը (քարտուղարը): Ժողովի արձանագրությունը կազմվում է Ժողովի ավարտից 5 օրվա ընթացքում, որը ստորագրում են Ժողովը վարողը և քարտուղարը:

81. Արձանագրությունում նշվում են` Ժողովի հրավիրման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, վայրը, Ժողովը վարողը, արձանագրողը, օրակարգը, քվեարկության դրված հարցերը, զեկուցողը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, Ժողովի ընդունած որոշումները, Ժողովում կայացած ելույթների հիմնական դրույթները:

Ժողովի ընթացքը կարող է ձայնագրվել: Ձայնագրվելու դեպքում այն պահպանվում է լազերային կրիչի վրա:

82. Դատավորներն իրավունք ունեն ծանոթանալ Ժողովի արձանագրությանը: Նրանք իրավունք ունեն դիտողություններ ներկայացնելու թղթային արձանագրությունը կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:

83. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է Ժողովը վարողը` դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

84. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին Ժողովը վարողը կայացնում է որոշում: Արձանագրության վերաբերյալ ներկայացված դիտողությունները ևս պահպանվում են:

 

(1-ին հավելվածը փոփ.. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

դատավորների ընդհանուր ժողովի

2018 թ. մայիսի 18-ի

թիվ 02-Լ որոշման

 

Ձև 1

Մի քանի թեկնածուների քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ

 

Քվեաթերթիկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՆՇՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ծանուցում` քվեարկողի ունեցած

ձայների քանակի վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,            |Կողմ        |

|   |դատարանի անվանումը, դատավորի մասնագիտացումը         |            |

|___|____________________________________________________|____________|

|1. |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,   |Նշումի համար|

|   |դատարանի անվանումը, դատավորի մասնագիտացումը         |            |

|___|____________________________________________________|____________|

|2. |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,   |Նշումի համար|

|   |դատարանի անվանումը, դատավորի մասնագիտացումը         |            |

|___|____________________________________________________|____________|

|3. |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,   |Նշումի համար|

|   |դատարանի անվանումը, դատավորի մասնագիտացումը         |            |

._____________________________________________________________________.

 

Ձև 2

Մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ

 

Քվեաթերթիկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(նշվում է ընտրության անվանումը) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ծանուցում` քվեարկողի ունեցած

ձայների քանակի վերաբերյալ

 

._________________________________________________.

|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը,|Կողմ|Դեմ|

|դատարանի անվանումը, դատավորի            |    |   |

|մասնագիտացումը                          |    |   |

|________________________________________|____|___|

|                                        |    |   |

._________________________________________________.

 

i

Հավելված 3

«Հայաստանի Հանրապետության

դատավորների ընդհանուր ժողովի

գործունեության կարգը

հաստատելու մասին»

2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ

որոշման

 

Ձև 1

Մի քանի թեկնածուների քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ

 

Քվեաթերթիկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

(նշվում է համապատասխան հանձնաժողովի անվանումը)

ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._________________________________________________________________.

|Հ/հ|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը         |    Կողմ    |

|___|________________________________________________|____________|

|1  |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|

|___|________________________________________________|____________|

|2  |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|

|___|________________________________________________|____________|

|3  |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|

._________________________________________________________________.

 

Ձև 2

 

Մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

(նշվում է համապատասխան հանձնաժողովի անվանումը)

ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.__________________________________________________________________.

|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը |Կողմ        |   Դեմ      |

|________________________________________|____________|____________|

|Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը,   |Նշումի համար|Նշումի համար|

|հայրանունը                              |            |            |

.__________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

Հավելված 4

«Հայաստանի Հանրապետության

դատավորների ընդհանուր ժողովի

գործունեության կարգը

հաստատելու մասին»

2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ

որոշման

 

Ձև 1

Մի քանի թեկնածուների քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ

 

Քվեաթերթիկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._________________________________________________________________.

|Հ/հ|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը         |    Կողմ    |

|___|________________________________________________|____________|

|1  |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|

|___|________________________________________________|____________|

|2  |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|

|___|________________________________________________|____________|

|3  |Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը|Նշումի համար|

._________________________________________________________________.

 

Ժողովի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը`

__________________________________________

 

Ձև 2

Մեկ թեկնածուի քվեարկվելու դեպքում քվեաթերթիկ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.__________________________________________________________________.

|Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը |Կողմ        |   Դեմ      |

|________________________________________|____________|____________|

|Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը,   |Նշումի համար|Նշումի համար|

|հայրանունը                              |            |            |

.__________________________________________________________________.

 

Ժողովի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը`

__________________________________________:

 

(4-րդ հավելվածը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

Հավելված 5

«Հայաստանի Հանրապետության

դատավորների ընդհանուր ժողովի

գործունեության կարգը

հաստատելու մասին»

2018 թվականի մայիսի 18-ի N 02-Լ

որոշման

 

ՁԵՎ

ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԺՈՂՈՎԻ ՀԵՌԱԿԱ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ

 

Գրավոր ընթացակարգով հեռակա նիստի ժամանակ քվեարկության դրված որոշման նախագծի անվանումը`

___________________________________________________

___________________________________________________

 

._________________________.

|   Կողմ     |    Դեմ     |

|____________|____________|

|Նշումի համար|Նշումի համար|

._________________________.

 

Ժողովի անդամի անունը, ազգանունը, ստորագրությունը`

__________________________________________:

 

(5-րդ հավելվածը լրաց. 03.06.2020 թիվ 01 որոշում)

 

 

pin
Դատավորների ընդհանուր ժողով
18.05.2018
N 02-Լ
Որոշում