Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29-ՐԴ, 105-ՐԴ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0115/01/08

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Ն. Թումանյանի

                   մասնակցությամբ դատախազ`    Պ. Պետրոսյանի

 

    2019 թվականի դեկտեմբերի 20-ին                    ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սմբատ Ժիրայրի Այվազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի` հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի փետրվարի 25-ին Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13106908 քրեական գործը` թմրամիջոց գործածելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկված Ս.Այվազյանի կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց վիրավորելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և բռունցքով ոստիկանին հարվածներ հասցնելու դեպքի առթիվ:

2008 թվականի փետրվարի 25-ին Սմբատ Ժիրայրի Այվազյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Սմբատ Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Ս.Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է դատարանի` 2008 թվականի ապրիլի 21-ի և հունիսի 20-ի որոշումներով:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Ս.Այվազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով:

2008 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Ս.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով համապատասխանաբար` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով և տուգանքի` 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ս.Այվազյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով և տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Ս.Այվազյանի պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Ս.Այվազյանի և նրա պաշտպանների վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 15-ի որոշմամբ վերադարձվել է:

5. 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը 2019 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Առաջին ատյանի դատարանը, Ս.Այվազյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, հաստատված է համարել հետևյալ փաստերը. «(...) Ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով 2008 թվականի փետրվարի 24-ին ժամը 11:30-ին Երևան քաղաքի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկի հատվածում ամբաստանյալ Սմբատ Այվազյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Ամբաստանյալ Ս.Այվազյանը ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ (լախտ), որը 2008 թվականի փետրվարի 24-ին անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտ` բաճկոնի ծոցագրպանից և առգրավվել:

Նշված փաստի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից տարածքային կարգով ընթացք տալու համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին: Նշված բաժնի ավագ հետաքննիչի կողմից այդ նյութերով 2008 թվականի փետրվարի 24-ին որոշում է կայացվել Սմբատ Այվազյանին տոքսիկո-քիմիական փորձաքննության ենթարկելու մասին: Որոշման կատարումն ապահովելու` Ս.Այվազյանից փորձանմուշներ վերցնելու նպատակով Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ տուժող Կարեն Հովսեփյանը, վկաներ Աշոտ Շամիրյանը և Էրիկ Պողոսյանը 2008 թվականի փետրվարի 24-ին` ժամը 23-ի սահմաններում հանձնարարություն են ստացել, վերջինիս վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, Սմբատ Այվազյանին ուղեկցել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ:

Հետաքննիչի որոշման հիման վրա Ս.Այվազյանից փորձանմուշներ վերցնելու նպատակով Կ.Հովսեփյանը, Ա.Շամիրյանը և Է.Պողոսյանը, ստացած հանձնարարության համաձայն` գործելով իրենց լիազորությունների շրջանակում, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, Ս.Այվազյանին ուղեկցել են վերոհիշյալ ՊՈԱԿ:

Տեղեկանալով իրենից փորձանմուշներ վերցնելու անհրաժեշտության մասին` Սմբատ Այվազյանը վրդովվել, դժգոհել, իսկ հետդարձի ճանապարհին հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող` իրեն ուղեկցող վերոհիշյալ ոստիկանների հասցեին:

Սմբատ Այվազյանից մեզի և մազի փորձանմուշներ վերցնելուց հետո, ոստիկանության նշված աշխատակիցները պարտավոր էին սահմանված կարգի համաձայն, իրենց ծառայողական լիազորությունների շրջանակում` Ս.Այվազյանին ներկայացնել հանձնարարությունը տված, որոշումը կայացրած մարմնին: Երևան Իսրայելյան թիվ 41 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մուտքի մոտ իրենց վերոհիշյալ պաշտոնական պարտականությունը կատարելու նպատակով, տուժող Կարեն Հովսեփյանը, վկաներ Աշոտ Շամիրյանը և Էրիկ Պողոսյանը Սմբատ Այվազյանից պահանջել են դուրս գալ ավտոմեքենայից և մտնել բաժնի վարչական շենք: Վերջինս չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանների օրինական պահանջներին և հրաժարվել է մեքենայից դուրս գալ և մտնել բաժնի վարչական շենք: Տուժող Կ.Հովսեփյանի կողմից վարչական շենք մտնելու պահանջը կրկնելուց հետո վերջինս նախ հրել, ապա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ քաշքշել և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, տուժող Կարեն Հովսեփյանի կրծքավանդակին` նրան պատճառելով ֆիզիկական ցավ: Դրանից հետո ուժի գործադրմամբ ամբաստանյալ Սմբատ Այվազյանը ուղեկցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ մաս, որի ընթացքում վերջինս շարունակել է սպառնալիքները ոստիկանների հասցեին (...)»(1):

_______________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 93-94:

 

6.1. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(...) Դատարանը, վերլուծելով և գնահատելով քրեական գործի նյութերը, ապացուցված է համարում, ամբաստանյալ Ս.Այվազյանի` իր մոտ ապօրինի կերպով հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ կրելու և իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու և տուժող Կ.Հովսեփյանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքները:

Փաստորեն ոստիկանները կատարել են իրենց ծառայողական պարտականությունները, նրանք պարտավոր չէին ճշտել, ստուգել կատարման ենթակա դատավարական որոշման կամ դրա նախորդող պահին Ս.Այվազյանի նկատմամբ կատարված գործողությունների օրինականության հարցը: Նրանք գործել են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում` Ս.Այվազյանին` որոշման կատարումն ապահովելու նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ ուղեկցելու և Ոստիկանության բաժին վերադարձնելու` համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացնելու ստացած հանձնարարությունը: Ամբաստանյալ Ս.Այվազյանը պարտավոր էր կատարել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններ Կարեն Հովսեփյանի, Էրիկ Պողոսյանի և Աշոտ Շամիրյանի այդ լիազորությունների շրջանակում տրված հրահանգ-պահանջները: Որից հետո սահմանված կարգով ու ժամկետում բողոքարկել համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունները: Սակայն նա հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջները, սպառնալիքներ է տվել նրանց հասցեին և կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել նրանցից տուժող Կարեն Հովսեփյանի նկատմամբ:

Ոստիկանների կողմից ծառայողական պարտականությունների կատարումը արտահայտվել է նրանում, որ նրանք գործել են իրենց լիազորությունների շրջանակում` կայացվել է որոշում, պատշաճ կարգով ստացել են հանձնարարություն և այդ որոշման ու հանձնարարության համաձայն նրանք պարտավոր էին և ուղեկցել են Ս.Այվազյանին ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ և վերադարձնել բաժին: Այդ իրավաչափ գործողությունների ընթացքում էլ Ս.Այվազյանը կատարել է հանցավոր գործողություններ: Իսկ ստացած հանձնարարությունից առաջ կատարված գործողությունների օրինականության համար Կարեն Հովսեփյանը, Էրիկ Պողոսյանը և Աշոտ Շամիրյանը պարտավոր և պատասխանատու չէին:

Սմբատ Այվազյանը ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը 2008 թվականի փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ` բաճկոնի ծոցագրպանից (...)»(2):

_______________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 100-101:

 

6.2. Առաջին ատյանի դատարանը, Ս.Այվազյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք է ընդունել տուժող` ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարեն Հովսեփյանի, վկաներ` նույն բաժանմունքի օպերլիազորներ Աշոտ Շամիրյանի, Էրիկ Պողոսյանի, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասի պետ Սահակ Հակոբյանի, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ հերթապահի օգնական Արայիկ Հակոբյանի ցուցմունքները, Ս.Այվազյանին բերման ենթարկելու, անձնական խուզարկության ենթարկելու, փորձաքննված մահակը զննելու, իրեղեն ապացույց ճանաչելու, Ս.Այվազյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունները և քրեագիտական փորձաքննության թիվ 350 եզրակացությունը(3):

_______________________

3) Տե՛ս նույն տեղում:

 

6.3. Առաջին ատյանի դատարանում, գործի քննության ընթացքում, Ս.Այվազյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք անձանց: Նշված միջնորդությանը կից դատարանին են ներկայացվել նաև այդ անձանց հարցման ենթարկելու մասին արձանագրություններ, որոնք դատարանը կցել է քրեական գործին: Առաջին ատյանի դատարանը հիշյալ անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները մերժել է` պատճառաբանելով, որ քրեական գործում այդ անձանց վերաբերյալ տեղեկություններ չկան(4):

_______________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 40-47:

 

7. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նշել է. «(...) Դատավճռում շարադրվել է վերջինիս գործողությունների քրեաիրավական գնահատականը, որից ակնհայտ է նրա գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիաներով նախատեսված հանցակազմի առկայության հանգամանքը, հետևաբար գործի վարույթը կարճելու և Ս.Այվազյանին կալանքից ազատ արձակելու հիմքեր չեն եղել:

(...) Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր է համարում ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումը այն մասին, որ վերոհիշյալ ապացույցներով հերքվում են պաշտպանական կողմի այն պատճառաբանություններն ու փաստարկները, որ Ս.Այվազյանի նկատմամբ գործողություններ կատարելու ընթացքում տուժող Կ.Հովսեփյանի, վկաներ Է.Պողոսյանի և Ա.Շամիրյանի հասցեին սպառնալիքներ, իսկ Կ.Հովսեփյանի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն չի գործադրվել կամ վերջիններս չեն գործել իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակում կամ Ս.Այվազյանը ուղեկցվել է ձեռնաշղթայով, ինքնաձիգ հրացաններ կրող ոստիկանների կողմից և, որ նրանք իրականությունը չեն ներկայացրել, զեկուցագրերը, իսկ հետագայում նաև ցուցմունքները տվել են այլ ղեկավար անձանց պարտադրանքով: (...)

Վերաքննիչ քրեական դատարանը (...) եկավ հետևության, որ ամբաստանյալի հանցանքը ապացուցված է, մեղավորությունը` հաստատված, հետևաբար վերաքննիչ բողոքում շարադրված պատճառաբանությունների հիման վրա դատավճիռը բեկանելու և գործի վարույթը կարճելու հիմքեր չկան, (...)»(5):

_______________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 83-87:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները, որպես Ս.Այվազյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի կատարումը հիմնավորող ապացույցներ վկայակոչել են Ս.Այվազյանին բերման ենթարկելու, անձնական խուզարկության ենթարկելու, փորձաքննված մահակը զննելու, Ս.Այվազյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունները, քրեագիտական փորձաքննության թիվ 350 եզրակացությունը և իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը:

Ըստ բողոքաբերի` վկայակոչվածներից առանցքային նշանակություն ունի Ս.Այվազյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը, քանի որ մյուս բոլոր ապացույցները բխում են դրանից, իսկ անձից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունը որպես ապացույց դիտվել չի կարող, քանի որ այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որպես առանձին ապացույցի տեսակ նախատեսված չէ, Ս.Այվազյանից բացատրություն վերցնելիս ապահովված չեն եղել վերջինիս իրավունքների պաշտպանության երաշխիքները:

Անդրադառնալով Ս.Այվազյանի` անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը որպես ապացույց ճանաչելու թույլատրելիության հարցին, բողոքաբերը նշել է, որ այդ արձանագրությունը կազմվել է 2008 թվականի փետրվարի 24-ին` ժամը 11:45-ին, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանի կողմից, որի ընթացքում հրավիրված ընթերականերին և Ս.Այվազյանին չեն բացատրվել իրենց իրավունքներն ու պարտականությունները: Խուզարկության արդյունքում` ի թիվս այլնի, հայտնաբերվել է նաև սև կաշվե պատյանով, սև բռնակով զսպանակավոր մահակ, որի ճշգրիտ չափը, անհատական այլ հատկանիշներն ու առանձնահատկությունները չեն նշվել: Մեկ այլ օպերլիազոր նույն օրը և ժամին, նշված ընթերակաների ու Ս.Այվազյանի մասնակցությամբ իրականացրել է ավտոմեքենայի զննություն, ինչի գոյության փաստը, ըստ բողոքաբերի` արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու Ս.Այվազյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրության իրավաչափությունը:

Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ, 105-րդ և 115-րդ հոդվածների պահանջները, բողոքաբերը հանգել է հետևության, որ Ս.Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղավոր ճանաչելու վերաբերյալ դատական ակտերի հիմքում դրված ապացույցները` Ս.Այվազյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը, քրեագիտական փորձաքննության թիվ 350 եզրակացությունը, իրեղեն ապացույց ճանաչված մահակը և Ս.Այվազյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունն անթույլատրելի են:

Անդրադառնալով Ս.Այվազյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, բողոքաբերը փաստել է, որ պաշտպանների կողմից միջնորդություն է ներկայացվել նաև դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Արտակ Եղիազարյանին, ով ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց տեսել է Ս.Այվազյանին սպասող մի շարք անձանց, այդ թվում` Սեյրան Այվազյանին, Հովիկ Արսենյանին և Լյովա Սիսակյանին: Նշված միջնորդություններին կից դատարան են ներկայացվել նաև այդ անձանց հարցման ենթարկելու մասին արձանագրություններ, որոնք դատարանը կցել է քրեական գործին: Սակայն հիշյալ անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը մերժել է` պատճառաբանելով, որ քրեական գործում այդ անձանց վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները: Վկայակոչելով «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` բողոքաբերը փաստել է, որ սույն գործով դատարանը բացառապես հիմնվել է վիճարկվող իրադարձությանն ակտիվ ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որևէ հնարավորություն, ինչը հանգեցրել է պաշտպանության իրավունքի սահմանափակման:

8.1. Բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասը, փաստել է, որ ստորադաս դատարանները, գործի նախորդ դատական քննության ընթացքում, թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը և խախտվել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Ըստ բողոքի հեղինակի` խախտվել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը: Բողոքաբերի պնդմամբ` թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն առավել արժանահավատ են համարել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները և արդյունքում եկել են սխալ եզրահանգման:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Ս.Այվազյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանել ու փոփոխել` ճանաչելով և հռչակելով Սմբատ Այվազյանի անմեղությունը մեղսագրված արարքներում:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սմբատ Այվազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

11. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

(...)

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Նույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

13. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով: Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն:

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը` դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին: (...)»(6):

_______________________

6) Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը:

 

«Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(...) Հիմնարար խախտումը պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»(7):

_______________________

7) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը:

 

14. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռում(8) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

_______________________

8) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

 

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե` ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ(9),

_______________________

9) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:

 

- որպես ընդհանուր կանոն` դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել` արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը` կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի` համեմատած իր հակառակորդի հետ»(10),

_______________________

10) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:

 

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին(11),

_______________________

11) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:

 

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն(12),

_________________________

12) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Topic v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ:

 

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին: Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին(13),

_______________________

13) Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետ:

 

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել` հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու: Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները(14):

_______________________

14) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ:

 

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Ս.Այվազյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք վկաների: Առաջին ատյանի դատարանը հիշյալ անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները մերժել է` պատճառաբանելով, որ քրեական գործում այդ անձանց վերաբերյալ տեղեկություններ չկան(15):

_______________________

15) Տե՛ս սույն որոշման 6.3-րդ կետը:

 

15.1. Առաջին ատյանի դատարանը, 2008 թվականի նոյեմբերի 18-ի դատավճռով Ս.Այվազյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների մեջ, որպես արարքի կատարումը հիմնավորող ապացույցներ` հիմք է ընդունել տուժող` ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարեն Հովսեփյանի, վկաներ` նույն բաժանմունքի օպերլիազորներ Աշոտ Շամիրյանի, Էրիկ Պողոսյանի, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասի պետ Սահակ Հակոբյանի, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ հերթապահի օգնական Արայիկ Հակոբյանի ցուցմունքները, Ս.Այվազյանին բերման ենթարկելու, անձնական խուզարկության ենթարկելու, փորձաքննված մահակը զննելու, իրեղեն ապացույց ճանաչելու, Ս.Այվազյանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունները և քրեագիտական փորձաքննության թիվ 350 եզրակացությունը(16):

_______________________

16) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

15.2. Վերաքննիչ դատարանը, 2009 թվականի հունվարի 27-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ հիմնավոր է համարում ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն այն մասին, որ նշված ապացույցներով հերքվում են պաշտպանական կողմի պատճառաբանություններն ու փաստարկները(17):

_______________________

17) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

16. Սույն որոշման 15-15.2-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ս.Այվազյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված` արդար դատաքննության իրավունքի երաշխիքները: Դատարանները Ս.Այվազյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին` պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը: Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Ս.Այվազյանի մասնակցությունը նրան վերագրված արարքների կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` տուժող` ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Կարեն Հովսեփյանի ցուցմունքներն են, ինչպես նաև որպես վկա հարցաքննված նույն բաժանմունքի օպերլիազորներ Աշոտ Շամիրյանի, Էրիկ Պողոսյանի, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասի պետ Սահակ Հակոբյանի, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ հերթապահի օգնական Արայիկ Հակոբյանի ցուցմունքները: Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, ապա դրանք անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում Ս.Այվազյանի առնչությունը մեղսագրվող արարքներին:

Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն` ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Ս.Այվազյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում: Ավելին, ինչպես նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում, սույն գործով ևս պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ: Մասնավորապես, պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարան հրավիրելու մի շարք վկաների և ապացուցողական զանգվածում ներառելու նրանց ցուցմունքները, որոնք, ըստ պաշտպանների, կասկածի տակ էին դնում ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալները և հիմնավորում էին դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմի առաջ քաշված վարկածը: Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը` առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչպես արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման:

17. Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարելու մեջ Ս.Այվազյանի մեղավորության հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»:

17.1. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով «ապացույցների բավարարություն» հասկացությանը` Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ. «(...) «Ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,

2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը:

(...) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով` քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:

(...) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը: Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ` փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ` վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

(...):

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները:

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա:

(...) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս` դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (...):

(...) Քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը: Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով` մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»(18):

_______________________

18) Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31-րդ և 33-րդ կետերը:

 

18. Սույն որոշման 17-17.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով որոշման 15-15.2-րդ կետերում ներկայացված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` սույն գործի փաստական հանգամանքների և գործի նյութերի համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն` դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից: Այսպես, դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է.

- Ս.Այվազյանը, բերման ենթարկվելուց առաջ, մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին,

- 2008 թվականի փետրվարի 24-ին` ժամը 11.00-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում կանգնած սև գույնի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ուղևորները զինված են: Կարճ ժամանակ անց, նշված վայրից բերման են ենթարկվել Սմբատ Այվազյանը, Արտակ Սիսակյանը և Վարդան Կիրակոսյանը,

- Ս.Այվազյանի մոտից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեկ հատ սև գույնի բռնակով և նիկելապատ զսպանակով մահակ, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվել է մեկ հատ «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` թիվ KM 8852 գործարանային համարով` իր պահունակով և յոթ հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով(19),

_______________________

19) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 18:

 

- 2008 թվականի փետրվարի 25-ին Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13106908 քրեական գործը` թմրամիջոց գործածելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման ենթարկված Ս.Այվազյանից փորձանմուշներ վերցնելու նպատակով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ ուղեկցելիս նրա կողմից` 2008 թվականի փետրվարի 24-ին, ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց վիրավորելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և բռունցքով ոստիկանին հարվածներ հասցնելու առթիվ, և նույն օրը վերջինս ձերբակալվել է,

- Նախաքննության մարմնի` 2008 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Ս.Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը 2008 թվականի հունիսի 26-ին փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով(20),

_______________________

20) Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

 

- Հարկ է նաև նշել, որ գործով կատարված քննությամբ պարզվել է, որ հայտնաբերված և առգրավված մեկ հատ «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակը` թիվ KM 8852 գործարանային համարով` իր պահունակով և յոթ հատ 9 մմ տրամաչափի փամփուշտները եղել են օրինական:

Միաժամանակ, Ս.Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել` 2008 թվականի փետրվարի 24-ին ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց վիրավորելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու` բռունցքով ոստիկանին հարվածներ հասցնելու առթիվ, ինչն առավելապես հիմնավորվել է վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից ոստիկանների ցուցմունքներով:

Դեպքի վերոնշյալ ժամանակագրությունը` հանրահավաքին Ս.Այվազյանի մասնակցելու պահից մինչև ապօրինի զենք պահելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվելը, այնուհետև` վերոնշյալ արարքների համար մեղադրանքի առաջադրումը, ողջամտորեն ստվերում են այն հիմնավորող, գործով ուղղակի ապացույց հանդիսացող` տուժող ճանաչված ոստիկանության աշխատակցի և ոստիկանության այլ աշխատակիցների ցուցմունքների վստահելիությունն ու ճշգրտությունը` կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը:

19. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի իրավական ռեժիմով վճռաբեկ բողոքը քննության առնելու պայմաններում, չանդրադառնալով 2009 թվականի հունիսի 15-ի որոշմամբ` ապացուցողական զամբյուղում ներառված փաստական տվյալների վերաբերյալ արդեն իսկ տրված գնահատականներին, հարկ է համարում քննարկել նաև Ս.Այվազյանի` անձնական խուզարկության ենթարկելու մասին և նրանից բացատրություն վերցնելու մասին արձանագրությունները որպես ապացույց ճանաչելու թույլատրելիության հարցը:

Այսպես, Ս.Այվազյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը կազմվել է 2008 թվականի փետրվարի 24-ին` ժամը 11:45-ին, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանի կողմից: Հատկանշական է, որ մեկ այլ օպերլիազոր նույն օրը և ժամին, նույն ընթերակաների ու Ս.Այվազյանի մասնակցությամբ իրականացրել է ավտոմեքենայի զննություն, ինչի գոյության փաստը ողջամտորեն բավարար է Ս.Այվազյանին անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրառմամբ անթույլատրելի ճանաչելու համար: Ընդ որում, հարկ է նկատել նաև, որ անձնական խուզարկության ընթացքում հրավիրված ընթերականերին և Ս.Այվազյանին չեն բացատրվել իրենց իրավունքներն ու պարտականությունները: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «թունավոր ծառի պտուղների» սկզբունքի կիրառմամբ(21), որպես ածանցյալ ապացույց անթույլատրելի են նաև մահակը զննելու, այն իրեղեն ապացույց ճանաչելու արձանագրություններն ու քրեագիտական փորձաքննության թիվ 350 եզրակացությունը:

_______________________

21) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 որոշումը:

 

Միևնույն ժամանակ, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում Ս.Այվազյանի բացատրությունը որպես ապացույց ճանաչելու հարցին` Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում բողոքաբերի փաստարկը և գտնում, որ սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում բացատրությունը թույլատրելի ապացույց չէ, Ս.Այվազյանից բացատրություն վերցնելիս ապահովված չեն եղել վերջինիս իրավունքների պաշտպանության երաշխիքները, ուստի Վճռաբեկ դատարանն այն անթույլատրելի է ճանաչում և գտնում է, որ նշված բացատրությունը պետք է հանել սույն գործով ապացուցողական զամբյուղից:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերի հիմքում դրված վերոնշյալ ապացույցներն անթույլատրելի են:

20. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Ս.Այվազյանը կատարել է իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ս.Այվազյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սմբատ Ժիրայրի Այվազյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հունվարի 27-ի որոշումը բեկանել:

2. Սմբատ Ժիրայրի Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում` հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

                   Նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   Մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.12.2019
N ԵԿԴ/0115/01/08
Որոշում