Սեղմել Esc փակելու համար:
{02.04.2021 - 11.06.2021} ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{02.04.2021 - 11.06.2021} ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.04.2021  -ից մինչեւ   11.06.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

02/04/2021 - 11/06/2021

041.0745.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 745-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասերը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(որոշման վերնագիրը և տեքստ փոփ. 01.06.2019 թիվ 662-Լ որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի հունիսի 11-ի

N 745-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն.

2) ռուսերեն` մինիստեռստվօ օկռուժայուշեյ սռեդի Ռեսպուբլիկի Առմենիյա.

3) անգլերեն` Ministry of Environment of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Ministere de l''Environnement de la Republique d''Armenie:

4.1. Նախարարության պաշտոնական կայքն է` www.env.am:

i

(4.1-ին կետը լրաց. 10.06.2021 թիվ 363-Լ որոշում)

4.2. Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն է` [email protected]:

(4.2-րդ կետը լրաց. 10.06.2021 թիվ 363-Լ որոշում)

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գործակալությունները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակն է`

1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների բանական օգտագործման, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ` հարմարվողականության, ինչպես նաև բնական պաշարների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման, շրջակա միջավայրի ու բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովման, շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման, էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ապահովման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն է:

10. Նախարարության խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության, բարելավման, դրա վրա բնական կամ մարդածին բացասական և վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ` հարմարվողականության ոլորտի, Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը.

3) բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը.

4) շրջակա միջավայրի պահպանությունը տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում ինտեգրելու` Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումը.

5) շրջակա միջավայրի ու բնական պաշարների վիճակի, բնական երևույթների, մարդածին ազդեցության հետևանքով շրջակա միջավայրի փոփոխությունների դիտարկումը, բացահայտումը և գնահատումը.

6) էկոլոգիական իրազեկման, մշակույթի, դաստիարակության քաղաքականության մշակումն ու իրականացումը, մասնակցությունը էկոլոգիական կրթության և գիտության քաղաքականության մշակմանը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության և բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման ու վերարտադրության ոլորտի քաղաքականության ծրագրերի ու ռազմավարությունների մշակումը և դրանց իրականացման գործընթացի ապահովումն ու վերլուծությունը.

2) շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) բանական օգտագործման ու վերարտադրության տնտեսական մեխանիզմների և գործիքակազմի մշակումը.

3) շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկման մեթոդների և բնապահպանական պատասխանատվության մեխանիզմի մշակումը.

4) կանաչ տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը` իր իրավասությունների շրջանակում.

5) տնտեսության մեջ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից լավագույն հասանելի տեխնոլոգիաների օգտագործման խթանման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

6) շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ապահովումը.

7) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնին (պետական կառավարման լիազորված մարմնին) վերապահված լիազորությունների իրականացումը.

8) անտառածածկ տարածքների ընդլայնման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

9) էկոլոգիական հավասարակշռության ապահովմամբ` բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման քաղաքականության մշակումն ու իրականացումը.

10) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության ու կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում քաղաքականության մշակումն ու իրականացումը.

11) անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացման քաղաքականության մշակումը և իրականացումը.

12) օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգության ապահովումը` իր իրավասության շրջանակներում.

13) Հայաստանի Հանրապետության բույսերի ու կենդանիների կարմիր գրքերի վարումը.

14) շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակումը.

15) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` շրջակա միջավայրի բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումը և դրա վերաբերյալ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների տրամադրումը.

16) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը և փորձաքննական եզրակացության տրամադրումը.

17) պետական մարմինների կողմից մշակված և նախարարություն համաձայնեցմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

18) միասնական համակարգի միջոցով շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) օգտագործման ոլորտում, այդ թվում` վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների, պայմանագրերի, չափաքանակների (այդ թվում` անհատական), համաձայնեցումների, եզրակացությունների, հավաստագրերի տրամադրումը, որոշումների ընդունումը.

19) էկոլոգիական իրազեկման, մշակույթի, դաստիարակության քաղաքականության, ծրագրերի և ռազմավարությունների մշակումն ու իրականացումը, էկոլոգիական գիտության, կրթության ռազմավարության հիմնական ուղղությունների մշակմանը մասնակցությունը.

20) շրջակա միջավայրի վիճակի, ինչպես նաև թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի իրականացումը.

21) բուսական և կենդանական աշխարհի, ներառյալ` բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի, անտառների, որսորդական տնտեսությունների կադաստրի վարումը, հաշվառումը և մոնիթորինգի իրականացումը.

22) շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և դրանց աղբյուրների բացահայտման, ուսումնասիրության ու մոնիթորինգի (դիտանցի) չափորոշիչների մշակումը.

22.1) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.

22.2) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգումը.

22.3) քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովման իրականացումը.

23) բնական պաշարների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կադաստրների ստեղծումը և դրանց վարումը.

24) Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության մշակումը և դրա իրականացման մոնիթորինգը.

25) համաձայն ջրի ազգային ծրագրի` ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի, ջրառի չափաքանակի, էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանումը և կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական ու քանակական չափանիշների հաստատումը.

26) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության և ջրավազանային կառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը.

27) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմավորումը և պետական հաշվառումը, օզոնային շերտը քայքայող նյութերի ու հիդրոֆտորածխածինների քանակությունների և փաստաթղթերի հաշվառումը.

28) վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրեր» նախագծերի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների տրամադրումը.

29) քիմիական նյութերի, թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը.

30) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական (այդ թվում` ընդերքօգտագործման) ու սպառման թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը.

31) թափոնների գոյացման և դրանց վնասակար ազդեցության նվազեցման քաղաքականության մշակումն ու իրականացումը, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից թափոնների շահավետ օգտահանման, օգտագործման աստիճանակարգության քաղաքականության մշակումը և իրականացումը.

32) թափոնների պետական հաշվառումը, թափոնների անձնագրերի համաձայնեցումը, թափոնների պետական կադաստրի, գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծումը և վարումը, թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատումը.

33) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը մասնակցությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը` շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտում.

34) շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային ծրագրերի մշակումը և իրականացումը, նախարարություն ներկայացված միջազգային ծրագրերի նախագծերի ուսումնասիրումը և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

35) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում շրջակա միջավայրի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված իրավասությունների իրականացումը.

36) ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի պահպանության, բնապահպանական կորուստների կանխարգելման և նվազեցման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման գիտելիքահենք ու նորարար նախաձեռնությունների վրա հիմնված պետական ծրագրերի, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակումը, ներդնումն ու իրականացումը.

37) հողերի կայուն կառավարման համատեքստում հողերի օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բնապահպանական սահմանափակումների կիրառումը, հողերի որակի վատթարացման, աղտոտման և դեգրադացման գործընթացների կանխման պետական ծրագրերի, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակումը, ներդնումը և իրականացումը, իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի նախագծի ու հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

38) իր իրավասության սահմաններում սեյսմիկ ռիսկի և արտածին երկրաբանական երևույթների հետ կապված էկոլոգիական անվտանգության պետական ծրագրերի, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակումը, ներդնումն ու իրականացումը.

39) շրջակա միջավայրի պահպանության ոլորտում տեղեկատվական քաղաքականության իրականացումը և հասարակայնության հետ կապերի կազմակերպումը.

40) քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, բողոքները սահմանված կարգով քննարկելը և դրանց պատասխանելը.

40.1) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստությունը, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի ու պլանների մշակումը և իրականացման ապահովումը.

41) օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

(11-րդ կետը փոփ. 03.07.2019 թիվ 884-Լ, 02.12.2019 թիվ 1785-Լ, 01.04.2021 թիվ 320-Լ որոշումներ)

i

11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը` ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(11.1-ին կետը լրաց. 15.02.2019 թիվ 138-Լ որոշում)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը (այսուհետ` նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կանոնադրության մեջ կատարում փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջականորեն հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գործակալությունների ղեկավարները, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

18. Նախարարը`

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության` նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ, այդ թվում` վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություններ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

i

9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գործակալությունների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում կամ արտասահմանում գործուղման մեջ գտնվելու դեպքում` նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը`

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները` (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գործակալություններին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջականորեն հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջականորեն հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գործակալությունների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գործակալությունների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվությունը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվությունը.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գործակալություններին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) համակարգում և ապահովում է նախարարության կողմից հաշվապահական հաշվառում վարելու և հաշվետվություններ ներկայացնելու գործառույթների իրականացումը.

11) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

27. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջականորեն հաշվետու է գլխավոր քարտուղարին:

28. Նախարարի խորհրդականը`

1) իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթները.

2) առանձին դեպքերում կարող է իրականացնել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացմանն աջակցման որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգումը:

29. Նախարարի մամուլի քարտուղարն իրականացնում է նախարարության` հասարակայնության հետ կապերի ապահովումը.

30. Նախարարի օգնականն առանձին դեպքերում կարող է իրականացնել պետական մարմնի ղեկավարի լիազորությունների իրականացմանն աջակցման որոշակի աշխատանքների կատարումը:

31. Նախարարի տեղակալի օգնականն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները և իր անմիջական ղեկավարի հանձնարարականները:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

i

(V բաժինն խմբ. 02.12.2019 թիվ 1785-Լ որոշում)

 

i

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ջրային ռեսուրսների կառավարման վարչությունը.

2) ռազմավարական քաղաքականության վարչությունը.

3) միջազգային համագործակցության վարչությունը.

4) իրավաբանական վարչությունը.

5) կլիմայական քաղաքականության վարչությունը.

6) մթնոլորտային քաղաքականության վարչությունը.

7) ջրային քաղաքականության վարչությունը.

8) անտառային քաղաքականության վարչությունը.

9) բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը.

10) հողերի և ընդերքի քաղաքականության վարչությունը.

11) վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչությունը.

12) կենսառեսուրսների կառավարման վարչությունը.

13) թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչությունը:

(32-րդ կետը փոփ. 10.06.2021 թիվ 363-Լ որոշում)

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) քարտուղարությունը.

2) ֆինանսատնտեսական վարչությունը.

3) հասարակայնության հետ կապերի բաժինը.

4) առաջին բաժինը.

5) մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը:

 

VI. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

i

(VI բաժինն ուժը կորցրել է 02.12.2019 թիվ 1785-Լ որոշում)

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

35. Նախարարությանը ենթակա մարմինն է`

Անտառային կոմիտեն:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 745-Լ
Որոշում