Սեղմել Esc փակելու համար:
{10.04.2021 - 28.05.2021} ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{10.04.2021 - 28.05.2021} ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.04.2021  -ից մինչեւ   28.05.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

600.0374.121213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013476

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2013 թվականի N 374-Ն

 

i

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշումը,

i

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 20-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 42-Ն որոշումը,

i

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշումը,

i

4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 168-Ն որոշումը,

i

5) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 330-Ն որոշումը,

i

6) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280-Ն որոշումը,

i

7) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 351-Ն որոշումը,

i

8) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 450-Ն որոշումը,

i

9) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 204-Ն որոշումը,

i

10) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 432-Ն որոշումը,

i

11) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 174-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հաստատված է

i

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի նոյեմբերի 1-ի

N 374-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառում սույն կարգով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման համար լիցենզիայի տրամադրման, գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, ժամանակահատվածների ամրագրման և ճշգրտման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման ընթացակարգերը:

2. Լիցենզիան տրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

3. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են.

1) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն, ջերմային էներգիայի արտադրություն կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրություն.

2) էլեկտրական էներգիայի հաղորդում, ջերմային էներգիայի փոխադրում կամ բնական գազի փոխադրում.

3) էլեկտրական էներգիայի բաշխում, ջերմային էներգիայի բաշխում կամ բնական գազի բաշխում.

4) էլեկտրական էներգիայի մատակարարում, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում.

5) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայություն.

6) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն.

7) էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուր.

8) բնական գազի ներկրում կամ բնական գազի արտահանում:

4. Կարգավորման (այդ թվում` լիցենզավորման) ենթակա չեն`

1) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը` արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը` կառուցման և արտադրության ժամանակահատվածում.

2) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.

3) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը` կառուցման ժամանակահատվածում.

4) մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը` կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի.

5) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը` կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:

5. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունների էությունը կազմող գործառույթները սահմանվում են համապատասխան գործունեության լիցենզիաներով: Լիցենզիայի անբաժանելի մասն են համարվում լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները:

6. Լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) և գործունեության իրականացման աշխարհագրական տարածքը (բնական գազի արտահանման կամ ներկրման լիցենզիաների դեպքում` համապատասխանաբար արտահանման կամ ներկրման վայրերը (երկրները) սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում տվյալ լիցենզիայում:

7. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առք ու վաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք):

8. Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) տրված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը, Օրենքի համաձայն, ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը` Օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը:

9. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաները տրվում են` հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը`

1) մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում` նաև հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջարկությունները` տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ.

2) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում` նաև ստանալով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը:

10. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից մինչև դրա գործողության ժամկետի ավարտը, իսկ ժամանակահատված ամրագրված լինելու դեպքում` այդ ժամանակահատվածում: Լիցենզիան ուժի մեջ է մտնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

11. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել» օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Լիցենզիայի պայմաններով նախատեսված դեպքերում լիցենզիայի էությունը կազմող գործառույթները կարող են պատվիրակվել այլ անձանց միայն Հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո:

12. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող անձանց վրա:

13. Լիցենզիայի տրման (ժամանակահատվածի ամրագրման), լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

14. Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

15. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում` փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում` հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները:

i

15.1. Լիցենզավորված անձը լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում` դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում պարտավոր է նախապես, իսկ այդ մասին վերջինիս հայտնի չլինելու դեպքում` այդ մասին տեղեկանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Հանձնաժողովին` ներկայացնելով փոփոխության հիմնավորումները և փոփոխված փաստաթղթերը:

(15.1-ին կետը լրաց. 30.09.2020 թիվ 350-Ն, 31.03.2021 թիվ 95-Ն որոշումներ)

i

15.2. Սույն կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում):

(15.2-րդ կետը լրաց. 31.03.2021 թիվ 95-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

16. Լիցենզիա ստանալու համար Հանձնաժողով է ներկայացվում հայտ, որը պետք է լրացված լինի սույն կարգի N 1 հավելվածի համաձայն և պարունակի սույն կարգի N 2 հավելվածով տվյալ տեսակի լիցենզիայի համար նախատեսված փաստաթղթերը:

17. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

18. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

19. Հայտը Հանձնաժողով մուտքագրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ստուգում են հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

i

21. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ինչպես նաև սույն կարգի 25-րդ կետում նշված հայտի մերժման հիմքեր ի հայտ գալու դեպքում:

(21-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

22. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին իրազեկում է հայտատուին` հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(22-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

i

23. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, կարող է կրկին դիմել Հանձնաժողով: Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 19-22-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

(23-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

24. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն քննարկելու գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` սկսած հայտատուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից 80 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության, որոնց դեպքում համապատասխան որոշումը կայացվում է սկսած հայտատուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելու պահից 25 աշխատանքային օրվա ընթացքում:

25. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե`

i

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում օրենքների, սույն կարգի կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը.

3) լիցենզավորվող գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության ցուցանիշների խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման, ներքին շուկայի սպառողների շահերի խախտման.

4) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, կամ գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.

5) բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին.

6) մինչև 30 Մվտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում` տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակները լրացել են, կամ լիցենզիան տրամադրելու պարագայում կլրանան.

7) 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում` չի ստացվել էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը:

(25-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

26. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

27. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում հանձնում է հայտատուին:

28. Հանձնաժողովը լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո լիցենզավորված անձի ներկայանալու դեպքում լիցենզիան` մեկ օրինակից անմիջապես առձեռն հանձնում է վերջինիս, իսկ չներկայանալու դեպքում` լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում` մինչև լիցենզավորված անձի ներկայանալը: Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 6) պահվում է Հանձնաժողովում:

29. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ: Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ), ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

 

30. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում այն վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաև այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները` այդ նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք:

31. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք Հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել երաշխավորված մատակարարին, այլ մատակարարներին և որակավորված սպառողներին` շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել չկարգավորվող գներով:

32. Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիա արտադրող կայան կառուցելու (վերակառուցելու), ջերմային էներգիա արտադրելու և Հանձնաժողովի սահմանած կարգով դա վաճառելու իրավունք: Ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի համար սակագինը սահմանվում է կայանի կառուցման ավարտից հետո:

i

33. Կայանի կառուցումը, բացառությամբ սույն կարգով նախատեսված չլիցենզավորման դեպքերի, կարող է իրականացվել արտադրության լիցենզիայում կառուցման ժամանակահատվածի ամրագրման դեպքում:

(33-րդ կետը փոփ. 28.08.2019 թիվ 318-Ն որոշում)

i

33.1. էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում, բացառությամբ սույն կարգի 33.2-րդ կետում նշված դեպքի, կառուցման ժամանակահատված սահմանվում է`

1) 2 տարի` մինչև 5 ՄՎտ տեղակայվող հզորությամբ արևային կայանի և մինչև 30 ՄՎտ տեղակայվող (հաշվարկային) հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ կայանի դեպքում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի և սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,

2) 3 տարի` փոքր հիդրոէլեկտրակայանի դեպքում, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված այլ տեսակի կայանի, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի դեպքում` համաձայն հայցվող ժամկետի և գործարար ծրագրի (կայանի կառուցման նախագծի),

4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է նշված ենթակետերով սահմանված ժամկետներից:

(33.1-ին կետը լրաց. 28.08.2019 թիվ 318-Ն, 31.03.2021 թիվ 95-Ն որոշումներ)

33.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրվող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում կառուցման ժամանակահատվածը ամրագրվում է համաձայն այդ գործարքի:

(33.2-րդ կետը լրաց. 28.08.2019 թիվ 318-Ն որոշում)

i

34. Արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում է`

1) մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար` մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` մինչև 5 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.

3) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված դեպքում.

4) համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին` մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար:

(34-րդ կետը փոփ. 09.10.2019 թիվ 371-Ն, 31.03.2021 թիվ 95-Ն որոշումներ)

i

35. Սույն կարգի 34-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում արևային էլեկտրակայանների գումարային հզորությունները գերազանցում են հետևյալ սահմանաչափերը`

1) 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` 10 ՄՎտ-ը.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` 50 ՄՎտ-ը.

3) 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` 100 ՄՎտ-ը.

4) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` 50 ՄՎտ-ը.

5) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում` 15 ՄՎտ-ը:

(35-րդ կետը փոփ. 09.10.2019 թիվ 371-Ն, 31.03.2021 թիվ 95-Ն որոշումներ)

i

36. Սույն կարգի 35-րդ կետի 2-3-րդ կետերով նախատեսված հզորությունները նույն ենթակետերում նշված ժամանակահատվածներում չտրամադրվելու դեպքում չլրացված մասը գումարվում է յուրաքանչյուր հաջորդող ենթակետում նշված ժամանակահատվածի համար նախատեսված հզորություններին` 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կազմելով առավելագույնը 200 ՄՎտ:

(36-րդ կետը փոփ. 09.10.2019 թիվ 371-Ն որոշում)

i

37. Հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է`

1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ չի գերազանցում 8,5 ՄՎտ-ը.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` առանց գումարային հզորության սահմանափակման` մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:

(37-րդ կետը փոփ. 09.10.2019 թիվ 371-Ն, 26.05.2021 թիվ 197-Ն որոշումներ)

i

37.1. Կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է`

1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների գումարային հզորությունը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի գերազանցում 0.9 ՄՎտ-ը.

2) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` առանց գումարային հզորության սահմանափակման` մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:

(37.1-ին կետը լրաց. 26.05.2021 թիվ 197-Ն որոշում)

i

38. 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում, 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ հողմային և 5 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում:

(38-րդ կետը փոփ. 26.05.2021 թիվ 197-Ն որոշում)

i

39. Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները տրամադրվում են առանց գումարային հզորության սահմանափակման:

(39-րդ կետը փոփ. 09.10.2019 թիվ 371-Ն, 26.05.2021 թիվ 197-Ն որոշումներ)

40. Արևային և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ամրագրված գումարային հզորության սահմանաչափի գերազանցման, հայտերը ուսումնասիրվում, քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության:

i

41. Սույն կարգի 35-րդ, 37-րդ և 37.1-րդ սահմանված սահմանաչափերի շրջանակում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց` լիցենզիաներով ամրագրված հզորությունների փոփոխման դիմումները Հանձնաժողովը քննարկում է ըստ դիմումների ներկայացման հաջորդականության և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված սահմանաչափի շրջանակում:

(41-րդ կետը փոփ. 26.05.2021 թիվ 197-Ն որոշում)

42. Սույն կարգի 34-րդ, 35-րդ, 37-րդ և 37.1-րդ կետերով ամրագրված կարգավորումները չեն տարածվում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների գործունեության վրա:

(42-րդ կետը փոփ. 26.05.2021 թիվ 197-Ն որոշում)

43. Կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է այդ լիցենզիայով ամրագրված ժամկետում Հանձնաժողով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով (այսուհետ` Նախագիծ), մինչև լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածի ավարտը կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ և լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի և ավարտական ակտի (շահագործման թույլտվության) պատճենները.

2) կայանի (հիդրոէլեկտրակայանների դեպքում ներառյալ գլխամասային հանգույցի) նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` էներգատեղակայանքի գործարկման եզրակացության պատճենը.

4) կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) վերաբերյալ տեղեկանք` դրանց մակնիշի, հզորության, արտադրության տարեթվի նշումով` կցելով անհրաժեշտ հիմնավորումներ.

5) էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի վաճառքի սակագնի սահմանման հայտ, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:

i

43.1. Նախագծի (Նախագծի փոփոխությունների) հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև Նախագծի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի N 7 հավելվածի:

(43.1-ին կետը լրաց. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

43.2. Նախագծի ներկայացման` լիցենզավորված անձի` սույն կարգի 43-րդ կետով նախատեսված պարտավորության պատշաճ կատարումը Հանձնաժողովը գնահատում է սույն կարգի N 7 հավելվածով սահմանված տվյալների շրջանակում:

(43.2-րդ կետը լրաց. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

44. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտադրության լիցենզիա ունեցող անձինք Նախագծի և 43-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն Հանձնաժողով են ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, առկայության դեպքում` նաև տնօրինման մասին որոշումների պատճենները:

45. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացվում է Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված պայմանագրի հիման վրա:

i

46. Սույն կարգի 43-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է կայանի փաստացի տեղակայված հզորությունն ու կայանում տեղակայված սարքավորումների (ագրեգատների) տվյալները արտադրության լիցենզիայում ամրագրելու վերաբերյալ որոշում (բացառությամբ արևային էլեկտրակայանների)` անհրաժեշտության դեպքում ճշգրտելով լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածը (ժամանակահատվածները)` համապատասխան փոփոխություն կատարելով նաև լիցենզիայի ժամկետում, կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:

(46-րդ կետը փոփ. 31.03.2021 թիվ 95-Ն որոշում)

47. Արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզիայով ամրագրված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում նշված ժամկետը համարվում է երկարաձգված նախկին ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև լիցենզիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածի ավարտը` հետևյալ պայմաններով.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում` առանց որևէ վարչական և ֆինանսական պատասխանատվության.

2) 2-րդ անգամ երկարաձգվելու դեպքում` սույն կարգի N 3 հավելվածի համաձայն երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն 2-րդ անգամ երկարաձգված ժամկետում Նախագիծը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում արտադրության լիցենզիայի գործողությունը կասեցվում է:

i

48. Կայանի վերակառուցման այն դեպքերում, երբ կատարվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ, և որոնք հանգեցնելու են կայանի` լիցենզիայով ամրագրված հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում` տեղակայված) հզորության փոփոխության, արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձից էլեկտրական ցանցին պահանջվող հզորությամբ միանալու տեխնիկական պայմաններ` էլեկտրական ցանցին միացման կետի վերաբերյալ տեղեկատվության նշումով` էլեկտրական էներգիայի արտադրության կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների պարագայում.

2) Կայանի հաշվարկային (արևային և հողմային էլեկտրակայանների դեպքում` տեղակայված) հզորության ավելացման դեպքում` ավելացող հզորության չափով երաշխիք` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի.

3) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` իրավասու մարմնի կողմից տրված հատակագծի պատճենը: Հողամասի (շենք, շինության) վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում` նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը: Այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս.

4) հիդրոէլեկտրակայանի վերակառուցման դեպքում` հաշվարկային ելքի և (կամ) ջրառի և ջրօգտագործման նիշերի փոփոխության դեպքում` ջրօգտագործման թույլտվություն:

(48-րդ կետը փոփ. 30.09.2020 թիվ 350-Ն որոշում)

49. Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմաններում վերակառուցման ժամանակահատված ամրագրելու վերաբերյալ որոշում, կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով:

50. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար դիմել Հանձնաժողով` ներկայացնելով սույն կարգի 43-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև սակագնի սահմանման հայտ:

51. Սույն կարգի 50-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշում է ընդունում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում ճշգրտելով վերակառուցման ժամանակահատվածը, կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:

 

ԳԼՈՒԽ 4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

 

52. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ծառայություն իրականացնելու, էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց կառուցելու (վերակառուցելու) իրավունք: Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել շուկայի կանոններին և պայմանագրերին համապատասխան:

53. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձանց, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կարգավորվում են շուկայի կանոններով և պայմանագրերով:

54. Բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում բնական գազի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), բնական գազ փոխադրելու, արտադրողից (արդյունահանողից) կամ ներկրողից բնական գազ գնելու, բաշխման, արտահանման լիցենզիա ունեցող անձանց կամ անմիջապես սպառողին բնական գազ վաճառելու, Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ բնական գազ տարանցելու իրավունք:

55. Ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հանձնաժողովի սահմանած կարգով լիցենզիայով սահմանված տարածքում ջերմային էներգիայի փոխադրման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), արտադրողից ջերմային էներգիա ստանալու կամ գնելու, բաշխման լիցենզիա ունեցող անձանց առաքելու կամ անմիջապես սպառողին ջերմային էներգիա վաճառելու և կարգավարական ծառայություն իրականացնելու իրավունք: Ջերմային էներգիայի փոխադրման գործունեության իրավունքը, պայմանավորված ջերմային էներգիայի առաքման տեխնոլոգիայով, կարող է տրվել ջերմային էներգիայի արտադրության կամ բաշխման լիցենզիա ունեցող անձին միևնույն լիցենզիայով:

 

ԳԼՈՒԽ 5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

 

56. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձն ունի Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման և բաշխման ցանցի կարգավարման բացառիկ իրավունք, ինչպես նաև էլեկտրական էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու) իրավունք:

57. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև մատակարարման լիցենզավորվող գործունեությամբ (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման):

58. Բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքում սպառողներին բնական գազ բաշխելու բացառիկ իրավունք, ինչպես նաև բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով բնական գազ գնելու և վաճառելու իրավունք:

59. Ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում սպառողներին ջերմային էներգիա բաշխելու իրավունք, ինչպես նաև ջերմային էներգիայի բաշխման ցանց կառուցելու (վերակառուցելու, ընդլայնելու), Հանձնաժողովի սահմանած կարգով ջերմային էներգիա գնելու և վաճառելու իրավունք:

 

ԳԼՈՒԽ 6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

 

60. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, և պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան` այն վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին, իսկ ավելցուկը` էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:

61. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է մատուցելու էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում` սպառողից անկախ պատճառներով:

62. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողից գնելու և (կամ) ներկրելու իրավունք, իսկ ավելցուկը վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:

63. Էլեկտրական էներգիայի մատակարարման և երաշխավորված մատակարարման լիցենզիաներ ունեցող անձինք պարտավոր են երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները Հանձնաժողովի սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 7. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

 

64. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգում մատուցելու էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն` հետևյալ բացառիկ գործառույթներով.

1) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորում և կարգավարում.

2) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում.

3) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում.

4) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում, ինչպես նաև լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:

65. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը և հաղորդմանը` հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները:

66. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

67. Գազամատակարարման համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին տրվում են բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման բացառիկ իրավունքներ:

68. Գազամատակարարման համակարգի օպերատորը պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում պետք է լիցենզիայի պայմաններին համապատասխան ապահովի բնական գազի ներկրման, փոխադրման (ներառյալ` պահեստավորման) և տարանցման հուսալիությունն ու անվտանգությունը:

 

ԳԼՈՒԽ 8. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ

 

69. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն հետևյալ բացառիկ գործառույթներով.

1) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում.

2) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում.

3) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների միջև կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառման վարում.

4) էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաև ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված և վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում և մեծածախ շուկայի առևտրի մասնակիցներին և ծառայություն մատուցողներին դրանք ներկայացում.

5) լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունք:

70. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում:

 

ԳԼՈՒԽ 9. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ

 

71. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձին տրվում է շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, մեծածախ շուկայում այն վաճառելու և արտահանելու իրավունք:

72. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները` Հանձնաժողովի սահմանած կարգով:

73. Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:

 

ԳԼՈՒԽ 10. ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

 

74. Բնական գազի ներկրման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազ ներկրելու և փոխադրման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձանց և (կամ) անմիջապես սպառողին այն վաճառելու իրավունք` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

75. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու և արտահանելու իրավունք` համաձայն Հանձնաժողովի սահմանած կարգի:

i

75.1. swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի պաշտոնական գործարկման օրվանից Հայտատուի կողմից բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը (ուսումնասիրության չընդունումը), այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձևակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը և դադարեցումը կարող է կատարվել նաև «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով սահմանված ընթացակարգով և ժամկետներում:

(75.1-ին կետը լրաց. 31.03.2021 թիվ 95-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 11. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ (ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ) ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

 

76. Լիցենզիայում ամրագրված ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս, և ոչ ուշ, քան 15 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով` նշելով հայցվող ժամկետը:

77. Հայտն իր մեջ պետք է պարունակի`

i

1) կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի երկարաձգման դեպքում` կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և հիմնավորումները, պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների դեպքում նաև հայցվող ժամկետի առնչությամբ գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի դրական դիրքորոշումը.

2) հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված արտադրության ժամանակահատվածի երկարաձգման դեպքում` նաև ջրօգտագործման թույլտվությունը, իսկ խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների դեպքում` նաև այլ անձի (անձանց) պատկանող հիդրոկառույցը օգտագործելու (հիդրոկառույցից օգտվելու) վերաբերյալ պայմանագիր կամ հիդրոկառույցին միացման թույլտվություն.

3) Բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզիաների երկարաձգման դեպքում`

ա. համակարգի օպերատորի եզրակացությունը` ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների իրականացման հնարավորության և էներգետիկայի բնագավառի հուսալիության ու անվտանգության ցուցանիշների վրա ազդեցության վերաբերյալ,

բ. բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիր (պայմանագրի փոփոխություն), իսկ դրա ներկայացման անհնարինության դեպքում` համապատասխան հիմնավորումներ:

(77-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 212-Ն, 31.03.2021 թիվ 95-Ն որոշումներ)

i

78. Հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիայի գործողության ժամկետը (ժամանակահատվածը) երկարաձգելու կամ հայտը մերժելու մասին հայտի մուտքագրման օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում` բայց ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտը: Կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում միաժամանակ նույն ժամկետի չափով ճշգրտվում է նաև արտադրության ժամանակահատվածը` համապատասխան փոփոխություն կատարելով լիցենզիայի ժամկետում:

(78-րդ կետը փոփ. 31.03.2021 թիվ 95-Ն որոշում)

79. Հանձնաժողովը հայտը մերժում է, եթե`

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, սույն կարգի կամ այլ իրավական ակտերի պահանջներին.

2) լիցենզավորվող գործունեության իրականացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման.

3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակաընթացքում փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

5) բնական գազի ներկրման կամ արտահանման լիցենզիաների դեպքում լիցենզավորվող գործունեության իրականացումը հնարավոր չէ ներկրման կամ արտահանման առաջարկվող ռեժիմների պայմաններում կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման, կամ հակասում է, կամ կարող է հակասել ներքին շուկայի սպառողների շահերին:

80. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հայտը ներկայացվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այդ ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման հարցը քննարկվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

i

81. Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում տրամադրված համապատասխան լիցենզիաների երկարաձգվում է.

1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում` լիցենզիայում ամրագրված ժամանակահատվածից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ երկարաձգվելու դեպքում` նախորդ երկարաձգման ժամկետից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

3) Լիցենզավորված անձի կողմից Նախագիծը ներկայացնելու դեպքում` կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից կամ նախորդ երկարաձգման ժամկետից կրճատելով Նախագծի ներկայացման համար լիցենզիայի պայմաններով` լիցենզիայի տրամադրման պահին սահմանված ժամկետը` հաշվի չառնելով դրա հետագա երկարաձգումները (եթե այն պակաս չէ 2 ամսից)` բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով և 81.1-րդ կետով նախատեսված դեպքերի.

4) Լիցենզավորված անձի դիմումով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է սույն կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված ժամկետից:

(81-րդ կետը փոփ. 28.08.2019 թիվ 318-Ն, 17.06.2020 թիվ 212-Ն որոշումներ)

i

81.1. Սույն կարգի 81-րդ կետով սահմանված կարգավորումը կիրառելի չէ կառուցման (վերակառուցման) 6 ամիս և (կամ) պակաս ժամանակահատվածի պարագայում, իսկ եթե կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը նույն կետի համաձայն կրճատվելու դեպքում կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը կկազմի 6 ամսից պակաս, ապա այն կրճատվում է այնքանով, որ տվյալ ժամանակահատվածը կազմի 6 ամիս, բացառությամբ սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ավելի պակաս ժամկետի հայցման դեպքի: Լիցենզավորված անձի դիմումի հիման վրա կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն 6 ամսից պակաս ժամկետով երկարաձգվելուց հետո հաջորդ անգամը կարող է երկարաձգվել առավելագույնը 6 ամսով:

(81.1-ին կետը լրաց. 28.08.2019 թիվ 318-Ն, 31.03.2021 թիվ 95-Ն որոշումներ)

i

81.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է լիցենզավորված անձի դիմումով հայցվող և գործարքի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետով, սակայն նախկինում սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից, իսկ այն երկարաձգված լինելու պարագայում` նախորդ երկարաձգման ժամկետից ոչ ավելի ժամկետով:

(81.2-րդ կետը լրաց. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 12. ԼԻՑԵՆԶԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

82. Լիցենզիայում փոփոխություններ կարող են կատարվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

83. Լիցենզավորված անձը լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը և դրանք հիմնավորող փաստաթղթերը:

84. Հանձնաժողովը, սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համապատասխան որոշում կամ գրավոր մերժում է դիմումը` սույն կարգի 25-րդ կետով սահմանված հիմքերով, բացառությամբ լիցենզավորված անձի սնանկության գործընթացում գտնվելու հիմքի:

85. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարվում են լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխություններն անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի պատշաճ կատարումն ապահովելու համար:

86. Հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին` հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը:

87. Լիցենզավորված անձն իր դիրքորոշումը Հանձնաժողովին հայտնում է Հանձնաժողովի սահմանած ժամկետում` անհամաձայնության դեպքում ներկայացնելով իր հիմնավորումները:

i

88. Լիցենզիայի գործողության կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև սույն կարգի 47-րդ և կարգի N 3 հավելվածի 8.1-րդ կետերով սահմանված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով:

(88-րդ կետը փոփ. 17.06.2020 թիվ 212-Ն որոշում)

89. Ի լրումն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորված անձի նախաձեռնությամբ լիցենզիայի գործողության կասեցման դեպքերի` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովը կարող է մերժել նաև, եթե կասեցումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման կամ էներգետիկայի բնագավառում հուսալիության և անվտանգության խաթարման կամ ներքին շուկայի սպառողների շահերի խախտման:

 

ԳԼՈՒԽ 13. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

90. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

91. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

92. Հայտը մերժվում է, եթե`

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.

3) հայտատուն օրենքի, այլ իրավական ակտերի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

 

ԳԼՈՒԽ 14. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

93. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման և արտադրության ժամանակահատվածներում:

 

Հավելված N 1

i

Էներգետիկայի բնագավառում

գործունեության լիցենզավորման

կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

ՀԱՅՏ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Խնդրում եմ տրամադրել ______________________________________________

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը

_____________________________________________________________ լիցենզիա

(արտադրության լիցենզիաների դեպքում նշվում է նաև կայանի

տեսակը և հզորությունը)

 

2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը)

____________________________________________________________________

                        մարզ, համայնք (բնակավայր)

 

3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը

____________________________________________________________________

____________________________________________________________________

 

4. Գտնվելու (բնակության) վայրը _______________________________________

5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________

6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման համարը

____________________________________________________________________

7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը`

____________________________________________________________________

(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում`

առանձին նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության

ժամանակահատվածները)

 

8. Հայտին կցվում են`

1) __________________________________________________________________

2) __________________________________________________________________

3) __________________________________________________________________

4) __________________________________________________________________

5) __________________________________________________________________

6) __________________________________________________________________

7) __________________________________________________________________

8) __________________________________________________________________

9) __________________________________________________________________

10) _________________________________________________________________

 

9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ:

10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

_______________________________________________________________________

(Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____________________

                                          (օրը, ամիսը, տարին)

 

(1-ին հավելվածը խմբ. 21.11.2018 թիվ 429-Ն, 17.06.2020 թիվ 212-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
01.11.2013
N 374-Ն
Որոշում