Սեղմել Esc փակելու համար:
{10.04.2021 - 06.10.2022} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{10.04.2021 - 06.10.2022} ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.04.2021  -ից մինչեւ   06.10.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 մարտի 2020 թվականի N 112-Ն

 

i

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

i

1) սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները և պահանջվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի,

3) սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.11.2020 թիվ 460-Ն հրաման)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

i

3. Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

(3-րդ կետը փոփ. 11.06.2020 թիվ 212-Ն, 10.11.2020 թիվ 460-Ն հրամաններ)

(վերնագիրը փոփ. 10.11.2020 թիվ 460-Ն հրաման)

 

Ռ. Բադասյան

 

Հավելված N 1

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 112-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

i

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 10.11.2020 թիվ 460-Ն հրաման)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) կից խորհրդակցական մարմին է, որը անցկացնում է սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումը (այսուհետ` որակավորման ստուգում):

(1-ին կետը փոփ. 10.11.2020 թիվ 460-Ն հրաման)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Սնանկության մասին» օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

i

3. Հանձնաժողովի իրավաբան և տնտեսագետ գիտնական անդամի կողմից որակավորման քննության առաջին փուլում խնդրի ստուգման և գնահատման դիմաց սահմանվում է 5000 դրամի չափով հատուցում: Սույն կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) վճարումները կատարում է մինչև որակավորման ստուգման տվյալ փուլի ավարտին հաջորդող ամսվա 15-ը:

(3-րդ կետը փոփ. 04.10.2022 թիվ 596-Ն հրաման)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովը բաղկացած է առնվազն 9 անդամից:

i

(4-րդ կետը փոփ. 04.10.2022 թիվ 596-Ն հրաման)

i

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն երկու ներկայացուցիչ նախարարությունից, որոնցից մեկը նախարարի տեղակալն է, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններից, մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից, մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, մեկ դատավոր Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանից, ինչպես նաև մեկ իրավաբան և մեկ տնտեսագետ գիտնական:

(5-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 131-Ն, 04.10.2022 թիվ 596-Ն հրամաններ)

6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում և փոփոխվում է նախարարի հրամանով:

7. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու համար նախարարը`

i

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացուցչին նշանակում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի նախագահի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ.

2) մեկ իրավաբան գիտնականին և մեկ տնտեսագետ գիտնականին նշանակում է միանձնյա` վերջիններիս համաձայնությամբ:

(7-րդ կետը փոփ. 04.10.2022 թիվ 596-Ն հրաման)

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  04.10.2022 թիվ 596-Ն հրամանով նախատեսված փոփոխության

վերաբերյալ գտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարն

չունի որևէ լիազորություն Հանրապետության պետական եկամուտների

կոմիտեի նախագահի կամ Հայաստանի Հանրապետության սնանկության

դատարանի նախագահի կամ դատավորների վերաբերյալ նորմատիվ

պահանջներ սահմանելու:

Դատարանները, որպես պետական իշխանության առանձին ճյուղ

առաջներդվում եմ միայն օրենով:

---------------------------------------------------------------

 

8. Հանձնաժողովի աշխատանքներին որևէ անդամի հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է մեկամսյա ժամկետում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հանձնաժողովը`

i

1) անցկացնում է որակավորման ստուգումները.

2) ամփոփում է որակավորման ստուգման արդյունքները.

3) նախարարին ներկայացնում է առաջարկություն սնանկության գործով կառավարչի որակավորում շնորհելու վերաբերյալ.

4) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ կետը փոփ. 08.04.2021 թիվ 131-Ն հրաման)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

10. Նախարարի տեղակալը ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է:

11. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

4) անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ է ուղղում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց.

5) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված և հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարմանն ուղղված այլ լիազորություններ:

12. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից որպես փոխարինող նշանակված հանձնաժողովի անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում` հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Հանձնաժողովի նախագահին փոխարինող հանձնաժողովի անդամի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես հանձնաժողովի նախագահի ձայն:

13. Հանձնաժողովի անդամը`

i

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում անցկացվող քվեարկությանը.

2) ուսումնասիրում է հանձնաժողովում քննարկվող փաստաթղթերը.

3) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

5) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 10.11.2020 թիվ 460-Ն հրաման)

14. Հանձնաժողովը կարող է դիմել նախարարին` հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը`

1) երեք և ավելի անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

2) երեք և ավելի անգամ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերի քվեարկությանը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, այդ թվում` աշխատակարգային:

16. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը լուծվում են հանձնաժողովի աշխատակարգային որոշումներով:

17. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի ընթացքում:

18. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

19. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է նախարարության ներկայացուցչի կողմից: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:

20. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

21. Ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ գրավոր կարծիք: Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստում` այն ներկայացնող հանձնաժողովի անդամի ստորագրությամբ և կցվում է արձանագրությանը:

22. Եթե հանձնաժողովի անդամը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել իր կամ հանձնաժողովի այլ անդամի անկողմնակալության մեջ, նա պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել նախարարությանը:

23. Հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են գրավոր բողոքարկվել նախարարին` որոշումներն ստանալու պահից, իսկ գործողությունները կամ անգործությունը` համապատասխանաբար գործողության կատարման կամ անգործության դրսևորման պահից 10-օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հրամանի հավելված 3-ով:

24. Բողոքը քննվում է նախարարություն մուտքագրվելուց հետո` 10-օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հրամանի հավելված 3-ով: Բողոքի քննության արդյունքում նախարարի ընդունած որոշումը պարտադիր է հանձնաժողովի համար:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

25. Հանձնաժողովի գործունեությունն ապահովում է քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է նախարարի կողմից որոշված ստորաբաժանումը:

26. Քարտուղարությունն ապահովում է`

1) հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) հանձնաժողովի անդամների տեղեկացումը հանձնաժողովի նիստերի անցկացման մասին.

3) հանձնաժողովի նիստերի արձանագրումը և արձանագրությունների պահպանումը.

4) հանձնաժողովի որոշումների փոխանցումը նախարարին.

5) հանձնաժողովի նիստի օրակարգի և նյութերի փոխանցումը հանձնաժողովի անդամներին.

6) հանձնաժողովի ընթացիկ գործունեության հետ կապված այլ գործողությունների կատարումը:

 

Հավելված N 2

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 112-Ն հրամանի

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ձև

 

.__________.                            Հայաստանի Հանրապետության

|Լուսանկար |                            արդարադատության նախարարությանը

|(3 x 4)   |

|          |

.__________.

 

Դիմումատու`

Անունը, ազգանունը, հայրանունը ______________

Ծննդյան օրը, ամիսը, տարին______________

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը ______________

Ծանուցման հասցեն _______________

Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) ______________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________

Կապի այլ միջոցներ (առկայության դեպքում) ______________

 

ԴԻՄՈՒՄ

 

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու

Ներկայացնելով սույն դիմումը` խնդրում եմ թույլ տալ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք` սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը:

Դիմումին կից ներկայացվում են (նշել համապատասխան վանդակները)`

[] 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.

[] անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

[] բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

[] պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

[] նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը.

[] նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին.

[] որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Առդիր` ___ էջ

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը օրենքով սահմանված կարգով իմ անձնական տվյալների մշակման, ինչպես նաև դիմումի մեջ և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների ստուգման համար:

Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):

Սույնով հայտարարում եմ, որ դիմումի մեջ նշված և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են:

 

Դիմող`  _________________  ___________________ __________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը) (օրը, ամիսը, տարին)

 

ՑԱՆԿ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին կցվում են`

1) դիմումատուի 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի, որից մեկը փակցվում է դիմումին.

2) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) դիմումատուի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) դիմումատուի` պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

5) նախարարի սահմանած կարգով դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը.

6) նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին.

7) որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

 

Հավելված N 3

i

Արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 13-ի

N 112-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

I. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

1. Սնանկության գործով կառավարչի (այսուհետ` կառավարիչ) որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

2. Նախարարությունը որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն (այսուհետ` հայտարարություն), որում նշվում են որակավորման ստուգման (փուլի) անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու եղանակը, վերջնաժամկետը և վայրը:

3. Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմողի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով` դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:

4. «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` որակավորման ստուգմանը կարող է մասնակցել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:

5. «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` անձը չի կարող մասնակցել որակավորման ստուգմանը, եթե`

1) հանրային ծառայող է.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) դիմելու օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ճանաչվել է սնանկ.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:

6. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անձը հայտարարության մեջ նշված ժամկետում նախարարություն է ներկայացնում որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը:

7. Դիմումին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ` փաստաթղթերը հանձնելու պահին:

8. Նախարարության իրավասու աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ, ընդունում է դրանք` պատճենների վրա կատարելով «իսկականի հետ ճիշտ է» գրառում` ստորագրելով և նշելով ամսաթիվը, որից հետո համապատասխան փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են դիմողին:

9. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում դիմումը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան որակավորման ստուգման անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ դիմողը տեղեկացվում է այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, շտկելու թերությունները:

10. Ներկայացված փաստաթղթերից կազմված` դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:

11. Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը նախարարության կողմից մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում կամ սույն ընթացակարգի 9-րդ կետով սահմանված դեպքում` նույն կետով սահմանված ժամկետում չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը.

3) պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո պարզվել է, որ դիմողի տվյալները չեն բավարարում սույն ընթացակարգի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները:

12. Սույն ընթացակարգի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմումը մերժելու մասին որոշումն ուղարկվում է դիմողին ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, իսկ սույն ընթացակարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով մերժելու դեպքում` մերժման հիմքը հայտնաբերելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան որակավորման ստուգման անցկացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

13. Որակավորման ստուգումն անցկացվում է տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամիսը ներառյալ: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու հետևանքով որակավորման ստուգման կազմակերպման կամ անցկացման անհնարինության դեպքում տվյալ տարվա ընթացքում որակավորման ստուգում կարող է չանցկացվել:

14. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, երկու փուլով: Առաջին փուլն անցկացվում է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծման միջոցով, իսկ երկրորդ փուլում մասնակիցն անցնում է հարցազրույց:

15. Որակավորման ստուգումն անցկացվում է քննասենյակում:

16. Որակավորման ստուգման ժամանակ մասնակցին չի թույլատրվում`

1) քննասենյակ տանել որևէ նյութ, պայուսակ, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում` բջջային հեռախոս, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ տեխնիկական սարքավորումներ.

2) օգտագործել իրավական ակտեր, մեկնաբանության գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, նախապես կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում` այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, բացառությամբ մասնակցին հատկացված համակարգչում տեղադրված իրավական ակտերի և այլ նյութերի.

3) քննասենյակում և դրա հարակից տարածքներում այլ մասնակցի հետ խոսել կամ ժեստերով և (կամ) որևէ այլ կերպ հաղորդակցվել.

4) ծխելը կամ ծխելու պատրվակով դուրս գալը.

5) քննության ընթացքում, բացի սանհանգույցից, այլ տարածք մուտք գործելը.

6) աշխատանքը հանձնելուց հետո քննասենյակում կամ անմիջապես հարակից տարածքներում մնալը:

17. Որակավորման ստուգման ժամանակ թեստային առաջադրանքները կատարելիս մասնակցին չի թույլատրվում օգտվել ինտերնետային կայքերից (ինտերնետ հասանելիությունը սահմանափակվում է), իսկ իրավիճակային խնդիրները լուծելիս թույլատրվում է օգտվել համակարգչում տեղադրված իրավական ակտերից (օրենսգրքերից, օրենքներից, այլ իրավական ակտերից):

18. Որակավորման ստուգումն սկսվելուց հետո մասնակիցը կարող է դուրս գալ քննասենյակից միայն նախարարության ներկայացուցչի թույլտվությամբ, որը պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել այլ անձանց հետ հավակնորդի շփումը բացառելու նպատակով:

19. Սույն ընթացակարգի 16-րդ կետի 1-5-րդ ենթակետերով, 17-18-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում խախտում թույլ տված մասնակիցը հեռացվում է քննասենյակից: Մասնակցին քննասենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է նախարարության ներկայացուցչի կողմից: Խախտում թույլ տված մասնակիցը համարվում է որակավորման ստուգման համապատասխան փուլը չհաղթահարած:

20. Որակավորման ստուգման ընթացքում մասնակցի անձի կամ քննության ընթացքի հետ կապված արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում նախարարության ներկայացուցիչը, կազմելով համապատասխան արձանագրություն, այդ հանգամանքների տևողության չափով երկարաձգում է որակավորման ստուգման տվյալ փուլի համար հատկացված ժամանակը քննասենյակում ներկա համապատասխանաբար բոլոր կամ առանձին մասնակիցների համար: Արձանագրությունը ստորագրում են նաև քննասենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ:

21. Սույն ընթացակարգի 15-20-րդ կետերով նախատեսված կարգավորումները տարածվում են որակավորման ստուգման բոլոր փուլերի նկատմամբ:

22. Որակավորման ստուգման առաջին փուլի թեստավորման առաջադրանքների մասն անցկացվում է գրավոր, իսկ իրավիճակային խնդրի լուծումը գրավոր` համակարգչի միջոցով: Որակավորման ստուգման առաջին փուլի ժամանակ թեստային հարցերը և իրավիճակային խնդիրը համարվում են մեկ ամբողջական քննական առաջադրանք:

23. Նախապես ընտրված թեստային հարցերը քննական առաջադրանքի տարբերակը որոշելուց հետո տրամադրվում է մասնակիցներին:

24. Թեստային առաջադրանքը կազմված է 35 թեստային հարցից: Յուրաքանչյուր թեստային հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը պետք է լինի միանշանակ ճիշտ պատասխանը:

25. Թեստավորումն ավարտելուց և աշխատանքը հանձնելուց հետո մասնակիցները լուծում են քննական առաջադրանքում ներառված գրավոր խնդիրը` համակարգչի միջոցով` սույն ընթացակարգի 38-39-րդ կետերին համապատասխան պատասխանելով ներկայացված հարցադրումներին:

26. Իրավիճակային խնդրի դեպքում առաջադրվում են փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջներ: Խնդիրը, բացի նեղ մասնագիտական ոլորտներում տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված է որակավորման ստուգման մասնակցի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը: Խնդրի պահանջը պարունակում է երեք հարցադրում:

27. Թեստային հարցերը և իրավիճակային խնդիրը կազմում է նախարարությունը` սնանկության գործով կառավարչի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի, այդ թվում` սնանկության, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության շրջանակներում և այնպիսի փաստական հանգամանքներով, որին կարող է առնչվել սնանկության գործով կառավարիչն իր գործունեության ընթացքում:

28. Առաջին փուլի քննական առաջադրանքի նմուշը ոչ ուշ, քան որակավորման ստուգումն անցկացնելուց տասն օր առաջ հրապարակվում է նախարարության կայքում:

29. Առաջին փուլին մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Նախարարության ներկայացուցիչն ստուգում է թեկնածուի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել որակավորման ստուգման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Անձը հաստատող փաստաթուղթ չներկայացրած, ինչպես նաև ստուգումն սկսելուց հետո ներկայացած հավակնորդի մուտքը քննասենյակ արգելվում է:

30. Մինչև առաջին փուլով նախատեսված ստուգումն սկսելը` նախարարության ներկայացուցիչը մասնակիցներին համառոտ պարզաբանում է որակավորման ստուգման գործընթացը, փուլերը, որակավորման ստուգման և դրանց փուլերի տևողությունը, ինչպես նաև հաղորդում է որակավորման ստուգումը պատշաճ ձևով անցկացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

31. Թեստային հարցերի և իրավիճակային խնդրի միասնական առաջադրանքի տարբերակը որոշելու նպատակով քննասենյակում անցկացվում է վիճակահանություն հետևյալ կարգով. մասնակիցներից մեկը փակ ծրարներով սեղանին դրված քննական առաջադրանքների երեք տարբերակներից ընտրում է որևէ մեկը (ցանկացածը) և ընտրված տարբերակը համարվում է քննական: Համապատասխան քննական առաջադրանքի տարբերակով ծրարը բացվում է, և համապատասխան տարբերակի քննական առաջադրանքը տրամադրվում է մասնակիցներին:

32. Որակավորման առաջին փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

33. Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է նաև թեստային հարցերի լուծման ամփոփաթերթ, որը պարունակում է ծածկագիր և կազմված է հիմնական և կտրվող մասերից: Մասնակիցը ամփոփաթերթի կտրվող մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և գցում է կտրոնների համար նախատեսված արկղի մեջ: Սույն կետում նշված արկղը թույլատրվում է բացել առաջին փուլի արդյունքները հրապարակելիս:

34. Կազմակերպչական գործողություններն իրականացնելուց հետո նախարարության ներկայացուցիչը հայտարարում է որակավորման ստուգման առաջին փուլն սկսված, և ավարտի ժամանակը սկսվում է հաշվարկվել այդ պահից: Առաջին փուլի քննական առաջադրանքի լուծման համար ընդհանուր հատկացվում է 180 րոպե ժամանակ:

35. Մասնակիցը առաջին հերթին լուծում է թեստային առաջադրանքները: Թեստային առաջադրանքների լուծումը կատարվում է նախարարության կողմից տրամադրված ամփոփաթերթի հիմնական մասում նախատեսված համապատասխան վանդակում նշում կատարելու միջոցով` ընտրելով մեկ պատասխան: Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան: Սխալ պատասխաններ են համարվում նաև մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

36. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև որակավորման ստուգման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո մասնակիցը, նախարարության ներկայացուցչի թույլտվությամբ, ամփոփաթերթի բնօրինակը տեղադրում է թափանցիկ և կնքված արկղի մեջ, իսկ կրկնօրինակը տրամադրվում է իրեն: Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր: Սույն կետում նշված արկղը թույլատրվում է բացել առաջին փուլի արդյունքները հրապարակելիս: Ամփոփաթերթի օրինակը հանձնելուց հետո մասնակիցը համարվում է թեստային առաջադրանքները կատարած, որից հետո ամփոփաթերթում փոփոխություններ կատարելը կամ նոր ամփոփաթերթ ներկայացնելը արգելվում է:

37. Ամփոփաթերթի օրինակը հանձնելուց հետո մասնակիցը անցնում է խնդրի լուծմանը, որի նպատակով մասնակցին էլեկտրոնային եղանակով տրամադրվում են խնդրի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերը (օրենսգրքերը, օրենքները, այլ իրավական ակտերը) և այլ նյութեր, որոնց շրջանակը որոշում է նախարարությունը: Եթե մասնակիցը հրաժարվում է շարունակել մասնակցել որակավորման ստուգմանը, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է նախարարության ներկայացուցչի կողմից:

38. Մասնակիցները խնդրի լուծումը շարադրում են համակարգչով` Microsoft Word ծրագրի միջոցով` պահպանելով փաստաթղթի հետևյալ ձևաչափը`

1) տառատեսակը` GHEA Grapalat.

2) տառաչափը` 12.

3) տողերի հեռավորությունը` 1,15 սմ.

4) լուսանցքները` վերևից` 2 սմ, ներքևից` 2 սմ, աջից` 3 սմ, ձախից` 1,5 սմ.

5) նոր պարբերության խորությունը` 1 սմ.

6) էջերը` համարակալված 1-ից, էջի ստորին կենտրոնական մասում:

39. Արգելվում է համակարգչի էլեկտրոնային փաստաթղթում (գրավոր աշխատանքի մեջ) կամ համակարգչային ֆայլի անվանման մեջ գրել իրենց անունը կամ կատարել որևէ այլ նշում, որը կարող է անհատականացնել գրավոր աշխատանքը: Աշխատանքն անհատականացնող նշաններ են համարվում, ի թիվս այլնի, նաև` սույն ընթացակարգի 38-րդ կետի պահանջները խախտելը, շարադրանքում որևէ եղանակով բառերի համակարգչային ընդգծումը (մգեցում, շեղատառ, ընդգծում, խոշոր կամ այլ տառատեսակների կիրառում և այլն), շարադրանքի հետ առնչություն չունեցող բառեր, տառեր կամ թվեր օգտագործելը, միմյանց հաջորդող կրկնվող բառեր, տառեր, կետադրական նշաններ օգտագործելը, իրավական ակտերի անվանումների անթույլատրելի կրճատումներ կատարելը կամ հապավումներ կիրառելը, «հոդված», «մաս», «կետ», «ենթակետ» բառերի կրճատումները, ծալված կամ ջրի, թանաքի կամ այլ նյութերի հետքեր պարունակող աշխատանք հանձնելը:

40. Խնդրի լուծումն ավարտելուց (դադարեցնելուց) հետո մասնակիցը, նախարարության ներկայացուցչի թույլտվությամբ, տպիչի միջոցով տպում է այն երկու օրինակից: Այնուհետև մասնակցին տրամադրվում է ծածկագիր պարունակող կտրոն, որը կազմված է հիմնական և կտրվող մասերից: Մասնակիցը կտրոնի կտրվող մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և գցում է կտրոնների համար նախատեսված արկղի մեջ: Օրինակներից մեկի վրա մասնակիցը նշում է իր անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրում է բոլոր էջերը, և այն տեղադրվում է թափանցիկ արկղի մեջ: Մյուս օրինակի վրա փակցվում է կտրոնի հիմնական մասը և խնդրի լուծումը գնահատելու համար նախատեսված` չլրացված ստուգաթերթը, իսկ օրինակը տեղադրվում է ծրարի մեջ, ծրարը փակվում է, կնքվում և տեղադրվում է թափանցիկ արկղի մեջ: Սույն կետում նշված արկղերը և ծրարը թույլատրվում է բացել առաջին փուլի արդյունքները հրապարակելիս:

41. Առաջին փուլի ավարտից անմիջապես հետո հրապարակվում են քննական առաջադրանքի` թեստավորման հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշը և խնդրի լուծման ուղենիշային տիպային պատասխանները:

42. Առաջին փուլի աշխատանքների ստուգումը, գնահատումն ու ամփոփումն իրականացվում է երկշաբաթյա ժամկետում: Գրավոր աշխատանքները ստուգում և գնահատում են հանձնաժողովի դռնփակ նիստին ներկա բոլոր անդամները:

43. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար հանձնաժողովն ապահովվում է թեստային առաջադրանքների ճիշտ և խնդրի ուղենիշային տիպային պատասխաններով: Ուղենիշային տիպային պատասխանները գնահատման հանձնաժողովի համար պարտադիր չեն և ունեն օժանդակ նշանակություն:

44. Քննական առաջադրանքի թեստային յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավորով (ընդհանուր` 35 միավոր), իսկ խնդրում առաջադրված հարցադրումներից յուրաքանչյուրի պատասխանը գնահատվում է առավելագույնը 5 միավորով (ընդհանուր` 15 միավոր, միավորների քայլը` 1):

45. Գնահատման ժամանակ խնդրի յուրաքանչյուր հարցադրում գնահատվում է հետևյալ չափորոշիչներով և առավելագույն միավորներով`

1) իրավական գիտելիքներ` 3 միավոր.

2) վերլուծություն, եզրակացություն, գրավոր խոսք` 2 միավոր:

46. Ստուգված խնդրին կցվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կողմից լրացված ստուգաթերթը, որը կարող է պարունակել նաև աշխատանքում առկա թերությունների վերաբերյալ ստուգողի կատարած համապատասխան նշումները:

47. Քննական առաջադրանքի թեստային հարցերի համար մասնակցի վերջնական գնահատականը որոշվում է ճիշտ պատասխանած հարցերի համար տրված միավորների հանրագումարով, իսկ խնդրի համար մասնակցի վերջնական գնահատականը որոշվում է առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով:

48. Ստուգման արդյունքներն ամփոփելու և մասնակիցներին ներկայացնելու նպատակով նախարարությունը մասնակիցներին հրավիրում է արդյունքների հրապարակմանը: Արդյունքները հրապարակելու նպատակով բացվում է մասնակիցների անունները պարունակող կտրոնների արկղը` կտրոնները տրամադրելով համապատասխան մասնակիցներին: Մասնակիցներից յուրաքանչյուրը ջնջում է իրեն տրամադրված կտրոնի վրա առկա անթափանց ծածկաշերտը` իրեն հատկացված համարին ծանոթանալու նպատակով: Այնուհետև նախարարության ներկայացուցիչը ջնջում է ստուգված աշխատանքների վրա փակցված անթափանց ծածկաշերտերը` հայտարարելով յուրաքանչյուր աշխատանքին համապատասխանող ծածկագիրը: Մասնակիցներին տրամադրված կտրոնի վրա առկա ծածկագրի և աշխատանքի վրա առկա և հրապարակված ծածկագրի համապատասխանեցման միջոցով իրականացվում է աշխատանքների հեղինակների նույնականացումը` հայտարարելով նրանց ստացած միավորների քանակը համապատասխանաբար թեստային հարցերի և խնդրի լուծման համար:

49. Արդյունքները հրապարակելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է տեղեկություններ պարունակի թեստային յուրաքանչյուր առաջադրանքի և խնդրի յուրաքանչյուր հարցադրման համար մասնակցի ստացած միավորների և դրանց հանրագումարի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին մասնակցած և աշխատանքները ստուգած բոլոր անդամները:

50. Գրավոր աշխատանքների ստուգումը, գնահատումը և ամփոփումն ավարտելուց հետո հանձնաժողովի արձանագրությունը` գրավոր աշխատանքների և այլ փաստաթղթերի հետ, տրամադրվում են քարտուղարությանը:

51. Առաջին փուլի արդյունքների մասին մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան գրավոր աշխատանքների ստուգումն ու գնահատումն ամփոփելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

52. Մասնակցի գրավոր դիմումի հիման վրա վերջինիս մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են գրավոր աշխատանքի ստուգման արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից լրացված ստուգաթերթերի պատճենները:

53. Մասնակիցը գնահատման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` արդյունքների մասին տեղեկացվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

54. Բողոքարկումը թեստային առաջադրանքների, խնդիրների կամ դրանց ենթադրյալ պատասխանների ճշտության, ինչպես նաև թեստային առաջադրանքների և խնդիրների լուծման արդյունքում մասնակցի միավորները հաշվարկելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

55. Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է բողոքը ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում թեկնածուի գնահատականը չի նվազեցվում:

56. Եթե հանձնաժողովը գտնում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման, խնդիրների, դրանց հարցադրումների կամ դրանց ենթադրյալ պատասխանների ճշտության կամ ստուգման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա բավարարում է մասնակցի պահանջը և կատարում գնահատման արդյունքների ճիշտ հաշվարկ:

57. Եթե մասնակցի բողոքը բավարարվում է թեստային առաջադրանքների, խնդիրների, դրանց հարցադրումների կամ դրանց ենթադրյալ պատասխանների կամ ստուգման արդյունքների հաշվարկման սխալի հիմքով, ապա այդ որոշման հիման վրա տվյալ սխալի հետևանքով միավոր կորցրած մյուս մասնակիցների միավորները համապատասխանաբար վերանայվում են` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով համապատասխան մասնակիցներին:

58. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը հաստատում է որակավորման ստուգման երկրորդ փուլ անցած մասնակիցների ցանկը և տրամադրում է քարտուղարությանը: Որակավորման ստուգման երկրորդ փուլ անցած մասնակիցների ցանկը սույն կետում սահմանված ժամկետում հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում և ուղարկվում է մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեին:

59. Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստային առաջադրանքներից առնվազն երեսուն և խնդրի լուծման արդյունքում առնվազն տասը միավոր ստացած մասնակիցները:

60. Հարցազրույցի փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` քսանօրյա ժամկետում: Հարցազրույցի փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան հարցազրույցն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ:

61. Հարցազրույցի նպատակն է որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար մասնակցի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են մասնակցի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, կառավարիչ դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, կառավարչի կարգավիճակին և գործունեությանը վերաբերող իրավական ակտերի պահանջներին, վարքագծի կանոններին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես` ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և կառավարչի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

62. Հարցազրույցն անցկացնում է հանձնաժողովը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան:

63. Հարցազրույցը կազմված է երկու մասից`

1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ մասնակցին սույն ընթացակարգի 61-րդ կետում նշված հատկանիշների մասին.

2) կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում` վարքագծի կանոնների իմացությունը, որպես կառավարիչ գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտությունները ու որակները գնահատելու համար:

64. Սույն ընթացակարգի 63-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդի կողմից ընտրելու միջոցով: Պատասխանելուն պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է 10 րոպե ժամանակ:

65. Յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը 30 րոպե է:

66. Յուրաքանչյուր թեկնածուի հետ անցկացվող հարցազրույցն արձանագրվում է թղթային տարբերակով կամ ձայնագրման միջոցով:

67. Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի անդամներին նախարարության կողմից տրամադրվում է ստուգաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները:

68. Հարցազրույցի փուլը յուրաքանչյուր մասնակցի համար գնահատվում է առավելագույնը 20 միավորով: Գնահատումն իրականացվում է հետևյալ չափորոշիչներով և առավելագույն միավորներով`

1) որպես կառավարիչ արդյունավետ գործելու համար մասնագիտական աշխատանքի փորձառություն, կառավարիչ դառնալու շարժառիթներ ու ակնկալիքներ, կառավարչի կարգավիճակին և գործունեությանը վերաբերող իրավական ակտերի պահանջներին, վարքագծի կանոններին տեղեկացվածություն, անձնական հատկանիշներ և որակներ` ընդհանուր 10 միավոր.

2) կառավարչի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի վերլուծություն և դիրքորոշում` ընդհանուր 10 միավոր:

69. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր մասնակցի և կարող է նշել իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

70. Բոլոր մասնակիցների հարցազրույցների ավարտից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացնում են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:

71. Հարցազրույցի փուլի համար մասնակցի վերջնական գնահատականը որոշում է հանձնաժողովը` առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով:

72. Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրություն, որը պետք է պարունակի տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի ստացած միավորների և դրանց հանրագումարի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները:

73. Որակավորման ստուգումը հաղթահարած են համարվում հարցազրույցի փուլի արդյունքներով առնվազն տասնհինգ միավոր ստացած մասնակիցները:

74. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է սույն ընթացակարգի 73-րդ կետում նշված մասնակիցների ցանկը և առաջարկում նախարարին` ցանկում նշված մասնակիցներին շնորհել սնանկության գործով կառավարչի որակավորում:

75. Հանձնաժողովի` սույն ընթացակարգի 74-րդ կետով սահմանված որոշմանը կցվում է որակավորման ստուգմանը մասնակցած և որակավորման ստուգման նախորդ փուլերը չհաղթահարած մասնակիցների ցանկը` համապատասխան փուլերի արդյունքների մասին նշումներով:

76. Հանձնաժողովի առաջարկության հիման վրա նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է սնանկության գործով կառավարչի որակավորում կամ մերժում է որակավորման շնորհումը:

77. Մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է որակավորման ստուգման արդյունքների և որակավորում շնորհվելու կամ շնորհումը մերժելու մասին` համապատասխան որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

78. Որակավորման ստուգման արդյունքներով որակավորում շնորհված մասնակիցների տվյալները սույն ընթացակարգի 77-րդ կետով սահմանված ժամկետում հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում:

79. Որակավորման ստուգման արդյունքներով որակավորման շնորհումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

80. Որակավորում շնորհելու մասին որոշում կայացվելու դեպքում համապատասխան մասնակցին տրվում է որակավորման վկայական` անժամկետ:

81. Վկայականը տրամադրվում է որակավորման ստուգման արդյունքների մասին մասնակցին տեղեկացնելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

82. Որակավորման վկայականում նշվում են`

1) որակավորման վկայականի համարը.

2) որակավորում ստացած անձի անունը, ազգանունը, հայրանունը.

3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.

4) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

5) որակավորման բնագավառը:

83. Որակավորման վկայականում փակցվում է որակավորում ստացած անձի գունավոր լուսանկարը:

84. Որակավորման վկայականը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ և նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

85. Որակավորման վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նախարարություն` ներկայացնելով նաև 3x4 չափսի մեկ լուսանկար: Նախարարությունը վկայականի կրկնօրինակը դիմողին տրամադրում է դիմումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:

86. Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

87. Որակավորման վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում տվյալ անձը պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում դիմել նախարարություն` որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր որակավորման վկայական ստանալու համար: Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

88. Նախարարությունը վարում է կառավարչի որակավորում ստացած անձանց ցուցակ, որում յուրաքանչյուր անձի համար նշվում են սույն ընթացակարգի 82-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված տվյալները:

 

(3-րդ հավելվածը խմբ. 04.10.2022 թիվ 596-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
13.03.2020
N 112-Ն
Հրաման