Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ, 27-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ թիվ ՎԴ/1434/05/16

    դատարանի որոշում                       2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1434/05/16

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարինա Մացակյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Յուրիկ Սողոմոնյանի, Վահե Սողոմոնյանի, Նարեկ Սողոմոնյանի և Նորիկ Սողոմոնյանի` 05.10.2010 թվականին ընդունված միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում հայցվորին չուղարկելու հետ կապված Հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվորի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու և հայցվորի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարինա Մացակյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Հանձնաժողովի կողմից 05.10.2010 թվականին ընդունված միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում հայցվորին չուղարկելու հետ կապված անգործությունը, անվավեր ճանաչել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության` Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասը, ինչպես նաև պարտավորեցնել Հանձնաժողովին Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ կազմել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ոչ իրավաչափ է ճանաչվել 05.10.2010 թվականին ընդունված վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում Մարինա Մացակյանին չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությունը: Մարինա Մացակյանի հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Մարինա Մացակյանի, Նորիկ, Վահե և Նարեկ Սողոմոնյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 30.06.2017 թվականի վճիռը մասնակիորեն` 05.10.2010 թվականին ընդունված թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու պահանջով հայցը մերժելու և դրա հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանվել և այդ մասով փոփոխվել է հետևյալ կերպ. Մարինա Մացակյանի հայցը` 05.10.2010 թվականին ընդունված թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասով, բավարարվել է: Հանձնաժողովի` 05.10.2010 թվականին ընդունված թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով, ճանաչվել է անվավեր:

Դատարանի 30.06.2017 թվականի վճիռը մասնակիորեն` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (ներկայումս` ՀՀ քաղաքաշինության կոմիտե) նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (ներկայումս` ՀՀ քաղաքաշինության կոմիտե) նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջով հայցը մերժելու և դրա հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանվել, և գործն այդ մասով ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության` նույն որոշմամբ արտահայտված դիրքորոշման շրջանակներում:

Սույն գործով դատավոր Ա. Առաքելյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ, 126-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Այսպես` հայցվորի կողմից վիճարկվող արձանագրային որոշման համաձայն` Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի մասով ընդունված վարչական ակտի հասցեատեր են հանդիսացել Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամները` ինքը, Մարինա Մացակյանը, Վահե և Նարեկ Սողոմոնյանները, որպես ծրագրի շահառու հանդիսանալուն հավակնող ընտանիք, քանի որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված կարգի, մասնավորապես` դրա 5-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ ծրագրի շահառու հանդիսանալուն հավակնող, հետևաբար նաև` վարչական ակտի հասցեատերեր են հանդիսանում հենց ընտանիքները կամ մեկ անձը` որպես առանձին ընտանիք, այլ ոչ թե բազմանդամ ընտանիքի յուրաքանչյուր անդամ: Սույն պարագայում, հայցվորը հանդիսանում է հերթացուցակում հաշվառված Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամ, վարչական ակտի հասցեատերը Նորիկ Սողոմոնյանի ընտանիքն է և Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը` Հանձնաժողովի կողմից 05.10.2010 թվականին Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի մասով ընդունված որոշման վերաբերյալ, Նորիկ Սողոմոնյանին է տրամադրվել դեռևս ՀՀ քաղաքաշինության նախարարության 21.10.2010 թվականի թիվ 01/13/4232-10 գրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին ուղղված դիմումի կապակցությամբ նախարարության 10.09.2012 թվականի թիվ 03/13.1/4432-12 գրությամբ: Հետևաբար Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի մասով ընդունված վարչական ակտի տրամադրումը նրա ընտանիքի անդամներին կատարվել է պատշաճ ժամկետներում և կարգով, իսկ Մարինա Մացակյանը, որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամ, տեղեկացված է եղել վիճարկվող վարչական ակտի մասին: Սակայն, ստորադաս դատարաններն ընտանիքը դիտարկել են ոչ թե որպես մեկ միասնական ամբողջություն, այլ այն տրոհել են անհատների:

i

Ծրագրի շրջանակներում բնակարան արտահերթ ստանալուն կարող էին հավակնել Յուրիկ Սողոմոնյանը և նրա ընտանիքի անդամները` որպես մեկ ընտանիք: Սակայն Յուրիկ Սողոմոնյանի անվամբ գրանցվել է սեփականության իրավունք` Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող 144.0 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ, ինչը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման համաձայն դիտվում է որպես բնակարանային պայմանների բարելավում և որպես իրավական հետևանք մարում է պետության պարտավորությունը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 24-րդ շենքի թիվ 3 բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Նման պայմաններում Դատարանը իրավաչափ է գնահատել հանձնաժողովի դիրքորոշումն առ այն, որ Նորիկ Սողոմոնյանի հոր անվամբ 144.0 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմամբ, ըստ էության տեղի է ունեցել բնակարանային պայմանների բարելավում այն իմաստով, որ երկրաշարժի հետևանքով քանդվել է այն բնակարանը, որի վարձակալը եղել է Յուրիկ Սողոմոնյանը` անկախ այն իրողությունից, որ հետագա գործընթացում Յուրիկ Սողոմոնյանը չի նշվել որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամ:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում բնակապահովման հարցը լուծելիս Նորիկ Սողոմոնյանը չի կարող դիտարկվել իր ընտանիքի մյուս անդամներից առանձին:

Հետևաբար, Հանձնաժողովն իրականացնելով օրենքով սահմանված իր լիազորությունները, իրավաչափորեն եկել էր այն եզրահանգման, որ Սողոմոնյանների ընտանիքը չի կարող համարվել անօթևան, քանի որ, եթե երկրաշարժի օրվա դրությամբ տվյալ բնակարանում բնակվող անձանց կամ նրանցից որևէ մեկի բնակարանային պայմանները բարելավվում են, ապա այդ փաստը դիտվում է որպես ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում, ինչն էլ հիմք է հանդիսանում այդ քաղաքացիներին ծրագրի շահառու չճանաչելու և հետագայում հաշվառումից հանելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բավարարված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում` 290 համարի տակ, Նորիկ Յուրիկի Սողոմոնյանը 4 անձով` ինքը, կինը` Մարինե Մացակյանը, երկու որդիները` Վահե և Նարեկ Սողոմոնյանները, հաշվառված են երկրաշարժի հետևանքով քանդված բնակարանի դիմաց երեքսենյականոց բնակարան ստանալու համար (հատոր 1-ին գ.թ. 95):

2. Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ Յուրիկ Անդրանիկի Սողոմոնյանի սեփականության իրավունքը գրանցվել է 21.06.2006 թվականին (հատոր 1-ին գ.թ. 110-112):

3. Լոռու մարզի «Սպիտակ» նոտարական տարածքի նոտարի կողմից 01.09.2009 թվականի վավերացված գույքի նկատմամբ իրավունքների մասին թիվ 1685 հայտարարության համաձայն` Յուրիկ Սողոմոնյանը հրաժարվել է իր կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից և տվել է իր համաձայնությունը, որ իր` բնակարան ստանալու իրավունքից օգտվի իր որդու` Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը (հատոր 1-ին գ.թ. 109):

i

4. Հանձնաժողովը ղեկավարվելով ՀՀ կառավարության` 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ ու 12-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության` 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով, 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշմամբ որոշել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 01.11.2008 թվականի դրությամբ հաշվառված ընտանիքներից 2010 թվականին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկել Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը` 4 անձով` Նորիկ Սողոմոնյանը, կինը` Մարինա Մացակյանը, երկու երեխաները` Վահե և Նարեկ Սողոմոնյանները, այն հիմքով, որ Նորիկ Սողոմոնյանի հոր` երկրաշարժի հետևանքով քանդված բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանի անվամբ Սպիտակի քաղաքապետի 14.04.2006 թվականի թիվ 52 որոշման հիման վրա 21.04.2006 թվականին գրանցվել է սեփականության իրավունք քաղաք Սպիտակ, Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ (ընդհանուր մակերես` 144 քմ) (հատոր 1-ին գ.թ. 81):

5. ՀՀ քաղաքաշինության նախարարի 21.10.2010 թվականի թիվ 01/13/4232-10 գրությամբ Նորիկ Սողոմոնյանին տրամադրվել է Հանձնաժողովի 05.10.2010 թվականին Սպիտակ քաղաքում կայացված արտագնա նիստի թիվ 20 արձանագրությունից քաղվածքը (հատոր 1-ին գ.թ. 88):

i

6. Մարինա Մացակյանի կողմից 09.03.2016 թվականի ներկայացված բողոքի արդյունքում ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի` 16.03.2016 թվականի թիվ 03/18.2/4278-16 գրությամբ որոշվել է վարչական բողոքը թողնել առանց քննարկման` վարչական բողոքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելուց հետո ներկայացված լինելու պատճառաբանությամբ հայտնելով, որ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման վերաբերյալ բողոքաբերի ընտանիքը տեղեկացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության դեռևս 21.10.2010 թվականի թիվ 01/13/4262-10 գրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին ուղղված նրա դիմումի կապակցությամբ` նախարարության 10.09.2012 թվականի թիվ 03/13.1/4432-12 գրությամբ (հատոր 1-ին գ.թ. 80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին. կարող է արդյո՞ք Հանձնաժողովը կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե ընտանիքի անդամներից մեկի բնակարանային պայմանները բարելավվել են:

Վարչական ակտի հասցեատիրոջը (ընտանիքին) վարչական ակտն ուղարկված լինելու պայմաններում արդյո՞ք Հանձնաժողովը կրում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի վարչական ակտն ուղարկելու պարտավորություն:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու բնակավայրերում (բացառությամբ գյուղական բնակավայրերի) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու, և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ, որի 1-ին կետով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը (այսուհետ` Կարգ):

Կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

Կարգի 3-րդ կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

Կարգի 4-րդ կետի համաձայն` բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին (...):

Կարգի 7-րդ կետի համաձայն` քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը: Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկվում են (...):

Կարգի 12-րդ կետի համաձայն` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.

գ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Կարգի 13-րդ կետի համաձայն` պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

Կարգի 23-րդ կետի համաձայն` նույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը ուղարկվում են ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

i

ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի կանոնակարգը:

Հանձնաժողովի կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և նույն կանոնակարգով:

Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներն են`

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները (...):

i

Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով և 13.11.2008 թվականի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերով:

Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում: Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

Սույն գործով Դատարանը մասնակիորեն բավարարելով հայցադիմումը նշել է, որ տվյալ դեպքում բացակայում է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքը: Սա նշանակում է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի որոշումը հայցվորի ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչելու մասին հայցն անհիմն է և մերժման ենթակա: Եվ քանի որ Հանձնաժողովի որոշումը որակվում է իրավաչափ, հետևապես դատարանի գնահատմամբ մերժման է ենթակա նաև հայցվորի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջի մասին հայցը:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ 05.10.2010 թվականի որոշումը նաև հայցվորին սահմանված կարգով չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցը ենթակա է բավարարման, քանի որ Հանձնաժողովը քննարկել է Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի փաստաթղթային փաթեթը, ինչը նշանակում է, որ վարույթով շահագրգռված անձ է նաև Մարինա Մացակյանը` որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի չափահաս անդամ, որպիսի պայմաններում Հանձնաժողովն ունեցել է կայացված որոշման մասին նաև Մարինա Մացակյանին իրազեկելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանը Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Մարինա Մացակյանի և երրորդ անձինք Վահե, Նորիկ, Նարեկ Սողոմոնյանների վերաքննիչ բողոքը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքում Հանձնաժողովը 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումը կայացրել է, առանց Նորիկ Սողոմոնյանի և նրա կնոջ` Մարինա Մացակյանի, ու երեխաների` Վահե և Նարեկ Սողոմոնյանների բնակարանային պայմանները բարելավված լինելու փաստը պարզելու ու հաստատված համարելու` Նորիկ Սողոմոնյանին և նրա կնոջը` Մարինա Մացակյանին, ու երեխաներին` Վահե և Նարեկ Սողոմոնյաններին, ծրագրում չընդգրկելու հիմքում դնելով բացառապես Յուրիկ Սողոմոնյանի կողմից սեփականության իրավունքով բնակելի տուն ունենալու փաստը` չպարզելով, թե արդյոք այդ փաստի արդյունքում բարելավվել են նաև հաշվառման վերցված Նորիկ Սողոմոնյանի և նրա կնոջ` Մարինա Մացակյանի, ու երեխաների` Վահե և Նարեկ Սողոմոնյանների բնակարանային պայմանները, որից ելնելով գտել է, որ Հանձնաժողովը սխալ է կիրառել ՀՀ կառավարության` 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի դրույթները, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման ՀՀ կառավարության` 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառման վերաբերյալ և առանց բավարար ապացույցների ու հաստատված հանգամանքների կայացրել է ոչ իրավաչափ որոշում` խախտելով Կանոնակարգի 11-րդ կետը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը Մարինա Մացակյանի հայցը` քաղաքացուն բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին համապատասխան հրամանի նախագիծ կազմելուն և այն հաստատման ներկայացնելուն պարտավորեցնելու մասին գործողության կատարման մասով, դատարանի վճիռը բեկանել է և գործն այդ մասով ուղարկել է նոր քննության:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության համաձայն` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 01.11.2008 թվականի դրությամբ հաշվառված ընտանիքներից 2010 թվականին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չի ընդգրկվել Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը` 4 անձով` Նորիկ Սողոմոնյանը, կինը` Մարինա Մացակյանը, երկու երեխաները` Վահե և Նարեկ Սողոմոնյանները, այն հիմքով, որ Նորիկ Սողոմոնյանի հոր` երկրաշարժի հետևանքով քանդված բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանի անվամբ Սպիտակի քաղաքապետի 14.04.2006 թվականի թիվ 52 որոշման հիման վրա 21.04.2006 թվականին գրանցվել է սեփականության իրավունք` քաղաք Սպիտակ, Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ: Նշված արձանագրությունը 21.10.2010 թվականի թիվ 01/13/4232-10 գրությամբ հանձնվել է Նորիկ Սողոմոնյանին:

Վերլուծելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ հիշատակված իրավական ակտերի պահանջները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված «քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները» հասկացությունը վերաբերում է երկրաշարժի օրվա դրությամբ տվյալ բնակարանում բնակվող անձանց: Հետևաբար աղետի հետևանքով քանդված բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանը և Նորիկ Սողոմոնյանը հանդիսացել են միևնույն ընտանիքի անդամներ: Անհրաժեշտ է փաստել նաև, որ Յուրիկ Սողոմոնյանին և վերջինիս ընտանիքի անդամներին վարձակալության իրավունքով պատկանող բնակարանն աղետի հետևանքով քանդված լինելու հիմքով է Նորիկ Սողոմոնյանն ընտանիքի չորս անձով հաշվառվել հերթացուցակում: Սույն պարագայում Յուրիկ Սողոմոնյանի բնակարանային պայմանների բարելավումը դիտվում է նաև հաշվառված ընտանիքի մնացած անդամների բնակարանային պայմանների բարելավում, անկախ այն հանգամանքից, որ Յուրիկ Սողոմոնյանը նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ հրաժարվել է իր կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից և տվել է իր համաձայնությունը, որ իր` բնակարան ստանալու իրավունքից օգտվի իր որդու` Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը: Տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից 05.10.2010 թվականին կայացված թիվ 20 արձանագրությունը կայացվել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված կարգի 12-րդ կետով սահմանված պայմաններին համահունչ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովի որոշումը որակվում է իրավաչափ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ է նաև Դատարանի 30.06.2017 թվականի վճռի` հայցվորի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջի մասին հայցը մերժելու մասը և հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը` գործը նոր քննության ուղարկելու մասով, հիմնավորված չէ:

Վերաքննիչ դատարանը 29.11.2018 թվականի որոշմամբ անդրադառնալով Կոմիտեի ներկայացրած վերաքննիչ բողոքի` 05.10.2010 թվականի վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետներում չուղարկելու ձևով` հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, եզրահանգել է. «(...) համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների` ընտանիքի անդամներ հանդիսացող անձանց` հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության և ըստ դրա` հերթացուցակում ընդգրկված նշված ընտանիքի անդամներ հանդիսացող անձանց բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու հարցը Հանձնաժողովը պետք է գնահատի անհատապես` ըստ տվյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Հետևաբար, անկախ նրանից, որ նշված հարցը վերաբերում է բնակարանային շինարարության ծրագրում ամբողջ ընտանիքին ընդգրկելուն, և նկատի ունենալով, որ հիշյալ իրավակարգավորումներով սահմանված չէ որևէ դրույթ այն մասին, որ վարույթի մասնակիցը, այսինքն` Հանձնաժողովի համապատասխան որոշման հասցեատերը հանդիսանում է անմիջականորեն ընտանիքի գլուխը (որպիսի հասկացություն (դրան համարժեք իրավական որևէ եզրույթ) Կարգով նույնպես նախատեսված չէ), Վերաքննիչ դատարանը գտնում է, որ խնդրո առարկա վարույթի մասնակիցը չի կարող ներդաշնակեցվել ու նույնացվել ընտանիքի կամ նրա չափահաս անդամներից միայն մեկի հետ, հետևաբար Հանձնաժողովի կայացրած որոշման մասին պետք է իրազեկվեն նաև ընտանիքի բոլոր չափահաս անդամները, որպիսի եզրահանգումը ուղղակիորեն բխում է նաև Կանոնակարգի 13-րդ կետի պահանջից, ըստ որի` ընդունված որոշման մասին 10-օրյա ժամկետում գրավոր հայտնում են քաղաքացիներին, այսինքն` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված ընտանիքի անդամներ հանդիսացող բոլոր անձանց, այլ ոչ թե ընտանիքին կամ նրա անդամներից մեկին»:

i

ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 15-րդ կետի համաձայն` բնակարանները բաշխելիս սոցիալական արդարությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով`

ա) համայնքի ղեկավարն ստեղծում է բնակարանային հարցերի հանձնաժողով, որի կազմի մեջ մտնում են համայնքի ղեկավարը (հանձնաժողովի նախագահ), համայնքի ավագանու անդամներ, համապատասխան մարզպետարանի բնակարանային և առողջապահական մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բնակարանների հատկացման հարցերը լուծելիս հաշվի են առնվում նշված հանձնաժողովների առաջարկությունները.

բ) քաղաքացիներին բնակարան հատկացնելու մասին որոշումները հրապարակվում են տեղական մամուլում:

Նույն որոշման 16-րդ կետի համաձայն` բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են նույն կետով սահմանված նորմաների սահմաններում, սակայն վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից նախկինում զբաղեցրած սենյակների թվից ոչ ավելի:

Բնակելի տարածությունը հատկացվում է`

մեկսենյականոց բնակարանը` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին.

երկուսենյականոց բնակարանը` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին.

երեքսենյականոց բնակարանը` չորս-հինգ մարդուց բաղկացած ընտանիքին.

չորսսենյականոց բնակարանը` վեց-յոթ մարդուց բաղկացած ընտանիքին:

Քաղաքացիների առանձին կատեգորիաների բնակելի տարածության նորմաներից ավելի, լրացուցիչ բնակելի տարածություն հատկացվում է մեկ սենյակի կամ տասը քառակուսի մետրի չափով: Որոշ քրոնիկ հիվանդությունների ծանր տեսակներով տառապող քաղաքացիներին, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնք այդ տարածությունն անհրաժեշտ է կատարած աշխատանքի պայմաններից ու բնույթից ելնելով, լրացուցիչ բնակելի տարածության չափը կարող է մեծացվել:

Լրացուցիչ բնակելի տարածության հատկացման կարգն ու պայմանները և այն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

i

Որոշման 17-րդ կետի համաձայն` մինչև բնակելի տարածություն հատկացնելու մասին որոշման ընդունումը բնակարանային հարցերի հանձնաժողովը նորից ստուգում է քաղաքացիների բնակարանային պայմանները և նրանց ներկայացրած փաստաթղթերը:

Բնակարան ստացող քաղաքացին և նրա ընտանիքի բոլոր չափահաս անդամները պարտավոր են տալ գրավոր պարտավորություն հատկացված բնակելի տարածությունում բնակեցումից հետո պետական ժամանակավոր կացարանը տասն օրվա ընթացքում նրանց կողմից ազատելու կամ իրեն պատկանող ժամանակավոր կացարանը քանդելու և հողամասն ազատելու մասին: Նման պարտավորություն ստանձնած քաղաքացու ստորագրությունը վավերացնում է համայնքի ղեկավարը:

Սույն կետի գործողությունը չի տարածվում անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների վրա, որտեղ հաշվառման պահին հաշվառված անչափահաս երեխաները մինչև բնակարանի հատկացումը դարձել են չափահաս և կազմել իրենց ընտանիքները:

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի, մասնավորապես` դրա 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ ծրագրի շահառուներ, հետևաբար նաև` վարչական ակտերի հասցեատերեր, հանդիսանում են հենց ընտանիքները կամ մեկ անձը` որպես առանձին ընտանիք, այլ ոչ թե բազմանդամ ընտանիքի յուրաքանչյուր անդամ:

Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումներն առ այն, որ վարույթով շահագրգռված անձ է նաև Մարինա Մացակյանը` որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի չափահաս անդամ, որպիսի պայմաններում Հանձնաժողովը պարտավոր էր կայացված որոշման մասին իրազեկել նաև Մարինա Մացակյանին, իրավաչափ չէ, քանի որ վարչական ակտի հասցեատերն ընտանիքի անունից հանդես եկող Նորիկ Սողոմոնյանն է, որը կայացված որոշման մասին պատշաճ կերպով իրազեկվել է:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեն վճռաբեկ բողոքի համար վճարել է 40.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Մարինա Մացակյանի կողմից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարինա Մացակյանից հօգուտ Կոմիտեի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ Մարինա Մացակյանից, Նորիկ Սողոմոնյանից, Վահե Սողոմոնյանից և Նարեկ Սողոմոնյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ, որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 02.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` Մարինա Մացակյանի հայցը մերժել:

2. Մարինա Մացակյանից հօգուտ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Մարինա Մացակյանից հօգուտ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Մարինա Մացակյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

21.05.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/1434/05/16 վարչական գործով 21.05.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 21.05.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարինա Մացակյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի, Յուրիկ Սողոմոնյանի, Վահե Սողոմոնյանի, Նարեկ Սողոմոնյանի և Նորիկ Սողոմոնյանի` 05.10.2010 թվականին ընդունված միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում հայցվորին չուղարկելու հետ կապված Հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվորի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու և հայցվորի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` Մարինա Մացակյանի հայցը մերժել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարինա Մացակյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Հանձնաժողովի կողմից 05.10.2010 թվականին ընդունված միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում հայցվորին չուղարկելու հետ կապված անգործությունը, անվավեր ճանաչել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության` Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասը, ինչպես նաև պարտավորեցնել Հանձնաժողովին Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ կազմել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` ոչ իրավաչափ է ճանաչվել 05.10.2010 թվականին ընդունված վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում Մարինա Մացակյանին չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությունը: Մարինա Մացակյանի հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2018 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Մարինա Մացակյանի, Նորիկ, Վահե և Նարեկ Սողոմոնյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 30.06.2017 թվականի վճիռը մասնակիորեն` 05.10.2010 թվականին ընդունված թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու պահանջով հայցը մերժելու և դրա հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանվել և այդ մասով փոփոխվել է հետևյալ կերպ. Մարինա Մացակյանի հայցը` 05.10.2010 թվականին ընդունված թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասով, բավարարվել է: Հանձնաժողովի` 05.10.2010 թվականին ընդունված թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով, ճանաչվել է անվավեր:

Դատարանի 30.06.2017 թվականի վճիռը մասնակիորեն` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (ներկայումս` ՀՀ քաղաքաշինության կոմիտե) նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (ներկայումս` ՀՀ քաղաքաշինության կոմիտե) նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջով հայցը մերժելու և դրա հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանվել, և գործն այդ մասով ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության` նույն որոշմամբ արտահայտված դիրքորոշման շրջանակներում:

Սույն գործով դատավոր Ա. Առաքելյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ, 126-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես` հայցվորի կողմից վիճարկվող արձանագրային որոշման համաձայն` Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի մասով ընդունված վարչական ակտի հասցեատեր են հանդիսացել Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամները` ինքը, Մարինա Մացակյանը, Վահե և Նարեկ Սողոմոնյանները, որպես ծրագրի շահառու հանդիսանալուն հավակնող ընտանիք, քանի որ ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված կարգի, մասնավորապես` դրա 5-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ ծրագրի շահառու հանդիսանալուն հավակնող, հետևաբար նաև` վարչական ակտի հասցեատերեր են հանդիսանում հենց ընտանիքները կամ մեկ անձը` որպես առանձին ընտանիք, այլ ոչ թե բազմանդամ ընտանիքի յուրաքանչյուր անդամ: Սույն պարագայում, հայցվորը հանդիսանում է հերթացուցակում հաշվառված Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամ, վարչական ակտի հասցեատերը Նորիկ Սողոմոնյանի ընտանիքն է և Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը` Հանձնաժողովի կողմից 05.10.2010 թվականին Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի մասով ընդունված որոշման վերաբերյալ, Նորիկ Սողոմոնյանին է տրամադրվել դեռևս ՀՀ քաղաքաշինության նախարարության 21.10.2010 թվականի թիվ 01/13/4232-10 գրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին ուղղված դիմումի կապակցությամբ նախարարության 10.09.2012 թվականի թիվ 03/13.1/4432-12 գրությամբ: Հետևաբար Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի մասով ընդունված վարչական ակտի տրամադրումը նրա ընտանիքի անդամներին կատարվել է պատշաճ ժամկետներում և կարգով, իսկ Մարինա Մացակյանը, որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամ, տեղեկացված է եղել վիճարկվող վարչական ակտի մասին: Սակայն, ստորադաս դատարաններն ընտանիքը դիտարկել են ոչ թե որպես մեկ միասնական ամբողջություն, այլ այն տրոհել են անհատների:

Ծրագրի շրջանակներում բնակարան արտահերթ ստանալուն կարող էին հավակնել Յուրիկ Սողոմոնյանը և նրա ընտանիքի անդամները` որպես մեկ ընտանիք: Սակայն Յուրիկ Սողոմոնյանի անվամբ գրանցվել է սեփականության իրավունք` Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող 144.0 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ, ինչը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման համաձայն դիտվում է որպես բնակարանային պայմանների բարելավում և որպես իրավական հետևանք մարում է պետության պարտավորությունը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 24-րդ շենքի թիվ 3 բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Նման պայմաններում Դատարանը իրավաչափ է գնահատել հանձնաժողովի դիրքորոշումն առ այն, որ Նորիկ Սողոմոնյանի հոր անվամբ 144.0 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմամբ, ըստ էության տեղի է ունեցել բնակարանային պայմանների բարելավում այն իմաստով, որ երկրաշարժի հետևանքով քանդվել է այն բնակարանը, որի վարձակալը եղել է Յուրիկ Սողոմոնյանը` անկախ այն իրողությունից, որ հետագա գործընթացում Յուրիկ Սողոմոնյանը չի նշվել որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամ:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում բնակապահովման հարցը լուծելիս Նորիկ Սողոմոնյանը չի կարող դիտարկվել իր ընտանիքի մյուս անդամներից առանձին:

Հետևաբար, Հանձնաժողովն իրականացնելով օրենքով սահմանված իր լիազորությունները, իրավաչափորեն եկել էր այն եզրահանգման, որ Սողոմոնյանների ընտանիքը չի կարող համարվել անօթևան, քանի որ, եթե երկրաշարժի օրվա դրությամբ տվյալ բնակարանում բնակվող անձանց կամ նրանցից որևէ մեկի բնակարանային պայմանները բարելավվում են, ապա այդ փաստը դիտվում է որպես ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում, ինչն էլ հիմք է հանդիսանում այդ քաղաքացիներին ծրագրի շահառու չճանաչելու և հետագայում հաշվառումից հանելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բավարարված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2018 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում` 290 համարի տակ, Նորիկ Յուրիկի Սողոմոնյանը 4 անձով` ինքը, կինը` Մարինե Մացակյանը, երկու որդիները` Վահե և Նարեկ Սողոմոնյանները, հաշվառված են երկրաշարժի հետևանքով քանդված բնակարանի դիմաց երեք սենյականոց բնակարան ստանալու համար (հատոր 1-ին գ.թ. 95):

2) Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ Յուրիկ Անդրանիկի Սողոմոնյանի սեփականության իրավունքը գրանցվել է 21.06.2006 թվականին (հատոր 1-ին գ.թ. 110-112):

3) Լոռու մարզի «Սպիտակ» նոտարական տարածքի նոտարի կողմից 01.09.2009 թվականի վավերացված գույքի նկատմամբ իրավունքների մասին թիվ 1685 հայտարարության համաձայն` Յուրիկ Սողոմոնյանը հրաժարվել է իր կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից և տվել է իր համաձայնությունը, որ իր` բնակարան ստանալու իրավունքից օգտվի իր որդու` Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը (հատոր 1-ին գ.թ. 109):

4) Հանձնաժողովը ղեկավարվելով ՀՀ կառավարության` 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ ու 12-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության` 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով, 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշմամբ որոշել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, 01.11.2008 թվականի դրությամբ հաշվառված ընտանիքներից 2010 թվականին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկել Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը` 4 անձով` Նորիկ Սողոմոնյանը, կինը` Մարինա Մացակյանը, երկու երեխաները` Վահե և Նարեկ Սողոմոնյանները, այն հիմքով, որ Նորիկ Սողոմոնյանի հոր` երկրաշարժի հետևանքով քանդված բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանի անվամբ Սպիտակի քաղաքապետի 14.04.2006 թվականի թիվ 52 որոշման հիման վրա 21.04.2006 թվականին գրանցվել է սեփականության իրավունք քաղաք Սպիտակ, Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ (ընդհանուր մակերես` 144 քմ) (հատոր 1-ին գ.թ. 81):

5) ՀՀ քաղաքաշինության նախարարի 21.10.2010 թվականի թիվ 01/13/4232-10 գրությամբ Նորիկ Սողոմոնյանին տրամադրվել է Հանձնաժողովի 05.10.2010 թվականին Սպիտակ քաղաքում կայացված արտագնա նիստի թիվ 20 արձանագրությունից քաղվածքը (հատոր 1-ին գ.թ. 88):

6) Մարինա Մացակյանի կողմից 09.03.2016 թվականի ներկայացված բողոքի արդյունքում ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի` 16.03.2016 թվականի թիվ 03/18.2/4278-16 գրությամբ որոշվել է վարչական բողոքը թողնել առանց քննարկման` վարչական բողոքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելուց հետո ներկայացված լինելու պատճառաբանությամբ հայտնելով, որ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման վերաբերյալ բողոքաբերի ընտանիքը տեղեկացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության դեռևս 21.10.2010 թվականի թիվ 01/13/4262-10 գրությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին ուղղված նրա դիմումի կապակցությամբ` նախարարության 10.09.2012 թվականի թիվ 03/13.1/4432-12 գրությամբ (հատոր 1-ին գ.թ. 80):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործը հարուցվել է Մարինա Մացակյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Հանձնաժողովի կողմից 05.10.2010 թվականին ընդունված միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում հայցվորին չուղարկելու հետ կապված անգործությունը, անվավեր ճանաչել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության` Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասը, ինչպես նաև պարտավորեցնել Հանձնաժողովին Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ կազմել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը:

Դատարանը մասնակիորեն բավարարելով հայցադիմումը նշել է, որ տվյալ դեպքում բացակայում է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքը: Սա նշանակում է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի որոշումը հայցվորի ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչելու մասին հայցն անհիմն է և մերժման ենթակա: Եվ քանի որ Հանձնաժողովի որոշումը որակվում է իրավաչափ, հետևապես դատարանի գնահատմամբ մերժման է ենթակա նաև հայցվորի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջի մասին հայցը:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ 05.10.2010 թվականի որոշումը նաև հայցվորին սահմանված կարգով չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին հայցը ենթակա է բավարարման, քանի որ Հանձնաժողովը քննարկել է Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի փաստաթղթային փաթեթը, ինչը նշանակում է, որ վարույթով շահագրգռված անձ է նաև Մարինա Մացակյանը` որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի չափահաս անդամ, որպիսի պայմաններում Հանձնաժողովն ունեցել է կայացված որոշման մասին նաև Մարինա Մացակյանին իրազեկելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանը Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Մարինա Մացակյանի և երրորդ անձինք Վահե, Նորիկ, Նարեկ Սողոմոնյանների վերաքննիչ բողոքը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքում Հանձնաժողովը 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումը կայացրել է, առանց Նորիկ Սողոմոնյանի և նրա կնոջ` Մարինա Մացակյանի, ու երեխաների` Վահե և Նարեկ Սողոմոնյանների բնակարանային պայմանները բարելավված լինելու փաստը պարզելու ու հաստատված համարելու` Նորիկ Սողոմոնյանին և նրա կնոջը` Մարինա Մացակյանին, ու երեխաներին` Վահե և Նարեկ Սողոմոնյաններին, ծրագրում չընդգրկելու հիմքում դնելով բացառապես Յուրիկ Սողոմոնյանի կողմից սեփականության իրավունքով բնակելի տուն ունենալու փաստը` չպարզելով, թե արդյոք այդ փաստի արդյունքում բարելավվել են նաև հաշվառման վերցված Նորիկ Սողոմոնյանի և նրա կնոջ` Մարինա Մացակյանի, ու երեխաների` Վահե և Նարեկ Սողոմոնյանների բնակարանային պայմանները, որից ելնելով գտել է, որ Հանձնաժողովը սխալ է կիրառել ՀՀ կառավարության` 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի դրույթները, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման ՀՀ կառավարության` 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառման վերաբերյալ և առանց բավարար ապացույցների ու հաստատված հանգամանքների կայացրել է ոչ իրավաչափ որոշում` խախտելով Կանոնակարգի 11-րդ կետը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը Մարինա Մացակյանի հայցը` քաղաքացուն բնակելի տուն ստանալու համար շահառու ճանաչելու մասին համապատասխան հրամանի նախագիծ կազմելուն և այն հաստատման ներկայացնելուն պարտավորեցնելու մասին գործողության կատարման մասով, դատարանի վճիռը բեկանել է և գործն այդ մասով ուղարկել է նոր քննության:

Վճռաբեկ դատարանը, որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.11.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` Մարինա Մացակյանի հայցը մերժել:

Անդրադառնալով այն իրավական հարցադրումներին, թե կարող է արդյո՞ք Հանձնաժողովը կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե ընտանիքի անդամներից մեկի բնակարանային պայմանները բարելավվել են, արդյո՞ք վարչական ակտի հասցեատիրոջը (ընտանիքին) վարչական ակտն ուղարկված լինելու պայմաններում Հանձնաժողովը կրում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի վարչական ակտն ուղարկելու պարտավորություն, և վկայակոչելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ, որի 1-ին կետով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը (այսուհետ` Կարգ) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ, 23-րդ կետերը, ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված Հանձնաժողովի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 5-րդ, 6-րդ, 11-րդ կետերը, Վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը. «(...) երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում: Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում:

(...) աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

(...) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 7-8-րդ էջեր)»:

Միևնույն ժամանակ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված «քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները» հասկացությունը վերաբերում է երկրաշարժի օրվա դրությամբ տվյալ բնակարանում բնակվող անձանց: Հետևաբար աղետի հետևանքով քանդված բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանը և Նորիկ Սողոմոնյանը հանդիսացել են միևնույն ընտանիքի անդամներ: Անհրաժեշտ է փաստել նաև, որ Յուրիկ Սողոմոնյանին և վերջինիս ընտանիքի անդամներին վարձակալության իրավունքով պատկանող բնակարանն աղետի հետևանքով քանդված լինելու հիմքով է Նորիկ Սողոմոնյանն ընտանիքի չորս անձով հաշվառվել հերթացուցակում: Սույն պարագայում Յուրիկ Սողոմոնյանի բնակարանային պայմանների բարելավումը դիտվում է նաև հաշվառված ընտանիքի մնացած անդամների բնակարանային պայմանների բարելավում, անկախ այն հանգամանքից, որ Յուրիկ Սողոմոնյանը նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ հրաժարվել է իր կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից և տվել է իր համաձայնությունը, որ իր` բնակարան ստանալու իրավունքից օգտվի իր որդու` Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը: Տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից 05.10.2010 թվականին կայացված թիվ 20 արձանագրությունը կայացվել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ սահմանված կարգի 12-րդ կետով սահմանված պայմաններին համահունչ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովի որոշումը որակվում է իրավաչափ, (...) իրավաչափ է նաև Դատարանի 30.06.2017 թվականի վճռի` հայցվորի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջի մասին հայցը մերժելու մասը և հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը` գործը նոր քննության ուղարկելու մասով, հիմնավորված չէ:

(...)

ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի, մասնավորապես` դրա 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ ծրագրի շահառուներ, հետևաբար նաև` վարչական ակտերի հասցեատերեր, հանդիսանում են հենց ընտանիքները կամ մեկ անձը` որպես առանձին ընտանիք, այլ ոչ թե բազմանդամ ընտանիքի յուրաքանչյուր անդամ:

(...) ստորադաս դատարանների եզրահանգումներն առ այն, որ վարույթով շահագրգռված անձ է նաև Մարինա Մացակյանը` որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի չափահաս անդամ, որպիսի պայմաններում Հանձնաժողովը պարտավոր էր կայացված որոշման մասին իրազեկել նաև Մարինա Մացակյանին, իրավաչափ չէ, քանի որ վարչական ակտի հասցեատերն ընտանիքի անունից հանդես եկող Նորիկ Սողոմոնյանն է, որը կայացված որոշման մասին պատշաճ կերպով իրազեկվել է (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 10-12-րդ էջեր):

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:

 

1. ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր կայացրած դատական ակտերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դատական ակտերը վերանայող, այլ ոչ թե գործն ըստ էության քննող և լուծող դատական ատյան է, հետևաբար վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի բողոքարկվող դատական ակտի վերանայման միջոցով` վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում վերանայման ենթարկելու համար նախ և առաջ անհրաժեշտ է բացահայտել, թե որոնք են վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջի սահմանները:

Հարկ է նկատի ունենալ, որ Դատարանը Մարինա Մացակյանի հայցը բավարարել է մասնակիորեն, այն է` ոչ իրավաչափ է ճանաչել 05.10.2010 թվականին ընդունված վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում Մարինա Մացակյանին չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությունը, իսկ մնացած մասով հայցը մերժել է:

Դատարանի վճռի դեմ մասնակի` բավարարված մասով վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեն, իսկ մերժված մասով` Մարինե Մացակյանն ու երրորդ անձինք` Յուրիկ Սողոմոնյանը, Վահե Սողոմոնյանը, Նարեկ Սողոմոնյանը, Նորիկ Սողոմոնյանը:

Վերաքննիչ դատարանը Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է և 05.10.2010 թվականին ընդունված վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում Մարինա Մացակյանին չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հայցը բավարարելու և դրա հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով թողել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանը Մարինե Մացակյանի, երրորդ անձինք` Յուրիկ Սողոմոնյանի, Վահե Սողոմոնյանի, Նարեկ Սողոմոնյանի և Նորիկ Սողոմոնյանի բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի վճիռը մասնակիորեն` 05.10.2010 թվականին ընդունված թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով, անվավեր ճանաչելու պահանջով հայցը մերժելու և դրա հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով, բեկանել և այդ մասով փոփոխել է, այդ մասով հայցը բավարարել է` մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչելով Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքով Կոմիտեն պահանջել է. «Բավարարված մասով բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 29-ի ՎԴ/1434/05/16 որոշումը և հայցն ամբողջությամբ մերժել»:

Ինչպես վերը նշվեց, Վերաքննիչ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է միայն Մարինե Մացակյանի, երրորդ անձինք` Յուրիկ Սողոմոնյանի, Վահե Սողոմոնյանի, Նարեկ Սողոմոնյանի և Նորիկ Սողոմոնյանի բողոքը, իսկ Կոմիտեի բողոքը մերժվել է, ուստի գտնում ենք, որ 05.10.2010 թվականի վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում Մարինա Մացակյանին չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող վճռաբեկության կարգով վերանայման ենթարկվել, քանի որ Կոմիտեի վճռաբեկ բողոքը նշված մասով պահանջ չի պարունակում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վարչական ակտի հասցեատիրոջը (ընտանիքին) վարչական ակտն ուղարկված լինելու պայմաններում Հանձնաժողովը կրում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի վարչական ակտն ուղարկելու պարտավորություն, ըստ էության, անդրադարձ է կատարել նաև 05.10.2010 թվականի վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում Մարինա Մացակյանին չուղարկելու ձևով դրսևորված Հանձնաժողովի անգործությանը` ոչ իրավաչափ գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումներն առ այն, որ վարույթով շահագրգռված անձ է նաև Մարինա Մացակյանը` որպես Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի չափահաս անդամ, որպիսի պայմաններում Հանձնաժողովը պարտավոր էր կայացված որոշման մասին իրազեկել նաև Մարինա Մացակյանին և եզրահանգում է արվում այն մասին, որ վարչական ակտի հասցեատերն ընտանիքի անունից հանդես եկող Նորիկ Սողոմոնյանն է, որը կայացված որոշման մասին պատշաճ կերպով իրազեկվել է:

Այսպիսով գտնում ենք, որ տվյալ դեպքում չի ապահովվել Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում վերանայելու օրենսդրական պահանջը:

 

2. Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումից բխում է, որ քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշումը Հանձնաժողովը կարող է ընդունել Կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, իսկ ծրագրի շահառուներ, հետևաբար նաև` վարչական ակտերի հասցեատերեր, հանդիսանում են հենց ընտանիքները կամ մեկ անձը` որպես առանձին ընտանիք, այլ ոչ թե բազմանդամ ընտանիքի յուրաքանչյուր անդամ:

Ամբողջությամբ համակարծիք ենք Վճռաբեկ դատարանի այն իրավական դիրքորոշման հետ, ըստ որի` քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշումը Հանձնաժողովը կարող է ընդունել Կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, սակայն համակարծիք չենք մյուս դիրքորոշման հետ և գտնում ենք, որ բնակարանային պայմանները բարելավելու իրավունքը կրող սուբյեկտը քաղաքացին է, ընտանիքի յուրաքանչյուր անդամ անհատապես, և ոչ թե ընտանիքը` որպես միասնական, անտրոհելի միավոր, որպիսի իրավական դիրքորոշում արտահայտել է Վերաքննիչ դատարանը և որին համահունչ է նաև իմ կարծիքը:

Այսպիսով, Կարգի և Կանոնակարգի սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավանորմերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծություններն իմ գնահատմամբ չեն բխում դրանցում ամրագրված իրավակարգավորումների էությունից ու բովանդակությունից:

Միևնույն ժամանակ ամբողջությամբ կիսում ենք նշված իրավանորմերի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի վերլուծություններն ու իրավական դիրքորոշումները, որը հանգում է հետևյալին.

Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու առանձնահատկությունները սահմանված է Կարգով:

Կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

Կարգի 3-րդ կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

Կարգի 4-րդ կետի համաձայն` բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին:

Կարգի 4.1-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` դիմումին կից ներկայացվում երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանի օրդերի պատճենը, օրդերի բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք երկրաշարժի պահին զբաղեցրած բնակարանի հասցեի, չափի (սենյակների թվի) և ընտանիքի կազմի մասին:

Կարգի 6-րդ կետի համաձայն` դիմումում նշված տեղեկությունները և դիմում ներկայացրած քաղաքացիների բնակարանային պայմաններն ստուգում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը: Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ (...):

Կարգի 7-րդ կետի համաձայն` քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը:

Կարգի 9-րդ կետի համաձայն` հաշվառման վերցվածների ազգանունները` գրանցվում են բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման մատյանում` համաձայն նույն կարգի N 3 հավելվածի:

Կարգի 11-րդ կետի համաձայն` եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացին մշտական բնակության է մեկնել այլ վայր, մահացել է կամ այլ հիմքերով կորցրել է հաշվառման մեջ մնալու իրավունքը, ապա նրա հետ միասին հաշվառման վերցված նրա ընտանիքի անդամների համար պահպանվում է հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը:

Կարգի 12-րդ կետի համաձայն` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.

գ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը:

Կարգի 13-րդ և 13.1-րդ կետերի համաձայն` պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով, իսկ հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կարգի 16-րդ կետի համաձայն` բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են սույն կետով սահմանված նորմաների սահմաններում, սակայն վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թվից ոչ ավելի: (...):

Կարգի 19-րդ կետի համաձայն` բնակտարածություն արտահերթ ստանալու իրավունք տրվում է այն ընտանիքին, որի կազմում հաշվառման պահին եղել է այդ արտոնությունից օգտվող անձ, անկախ նրանից, թե ընտանիքի անդամներից ով է դիմել հաշվառման վերցնելու համար:

ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվել է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի որոշման ժամանակ ընտանիքի կազմում չի հաշվառվում` ա. ընտանիքի այն անդամը, ով ունի սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ, եթե ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակարանի (բնակելի տան) նրան պատկանող բաժնեմասը գերազանցում է 9 քառ. մետրը, (...):

Կանոնակարգի 1-ին կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման ու հատկացման աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը` իր կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) և մարզպետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:

Կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և նույն կանոնակարգով:

Կանոնակարգի 6-րդ կետի համաձայն` հանձնաժողովի գործառույթներն են`

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները.

2) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցումների իրականացումը.

3) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի (սենյակների թվով) որոշումը.

4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը.

5) հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների մասին համապատասխան մարզպետներին և քաղաքացիներին իրազեկելը.

6) վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպումը.

7) այլ անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

Կանոնակարգի 11-րդ կետի համաձայն` հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով և 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերով:

Կանոնակարգի 13-րդ կետի համաձայն` ընդունված որոշման մասին 10-օրյա ժամկետում քաղաքացիներին հայտնում են գրավոր:

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունքը ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների համար, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի: Ընդ որում, Կարգի 2-րդ կետի, 4.1-րդ կետի 3-րդ ենթակետի և 19-րդ կետի դրույթների հետ համադրված մեկնաբանությունը հանգեցնում է այն եզրակացության, որ բնակտարածություն արտահերթ ստանալու (բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու) իրավունք ձեռք բերելու համար ընտանիքի կազմի առումով որոշիչ հանգամանք է հանդիսանում տվյալ ընտանիքում այնպիսի անձի` ընտանիքի անդամի առկայությունը, ով երկրաշարժի պահին զբաղեցրել է դրա հետևանքով քանդված կամ բնակվելու համար ոչ պիտանի դարձած կացարան (բազմաբնակարան շենքի բնակարան), կամ ով հանդիսանում է նման կացարան զբաղեցրած քաղաքացու ընտանիքի անդամ:

Աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիները բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով դիմում են ներկայացնում ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին, իսկ վերջինս նշված դիմումները, կից ներկայացված փաստաթղթերի հետ միասին, մեկամսյա ժամկետում քննության է առնում և նշված քաղաքացիներին` որպես մեկ ընտանիքի անդամներ հանդիսացող անձանց, հաշվառման վերցնելու կամ նրանց մերժելու վերաբերյալ որոշում կայացնում: Համայնքի ղեկավարի կողմից հաշվառման վերցված քաղաքացիների` ընտանիքի անդամներ հանդիսացող անձանց ազգանունները գրանցվում են բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման մատյանում:

Միաժամանակ, Կարգով նախատեսվել է, որ համայնքի ղեկավարը հանում է հաշվառումից այն քաղաքացիներին, ովքեր մշտական բնակության են մեկնել այլ բնակավայր, մահացել են կամ այլ հիմքերով կորցրել են հաշվառման մեջ մնալու իրավունքը, կամ որոնց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը, կամ ովքեր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ընդ որում, նշված դեպքերում համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիներին հաշվառումից հանելիս նրանց հետ հաշվառման վերցված վերջիններիս ընտանիքի անդամներ հանդիսացող անձինք պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, եթե չեն վերացել տվյալ ընտանիքի` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարվելու հիմքերը:

Այսինքն` հաշվառման մեջ գտնվելու իրավունքը Կարգով նախատեսված վերոնշյալ հիմքերով կորցնում է հաշվառման մեջ գտնվող քաղաքացին, որպես տվյալ ընտանիքի անդամ, անհատապես, այլ ոչ թե ընտանիքը, իսկ ընտանիքի անդամներից որևէ մեկի կողմից հաշվառման մեջ գտնվելու իրավունքի կորուստն ինքնին չի հանգեցնում ընտանիքի մյուս անդամների հաշվառման մեջ գտնվելու իրավունքի կորստին:

Համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների հիման վրա` դրանցում ընդգրկված ընտանիքի անդամներ հանդիսացող անձանց` հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով ՀՀ քաղաքաշինության նախարարը (դատական ակտի կայացման դրությամբ` ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը, իսկ ներկայումս Քաղաքաշինության կոմիտեի նախագահը) իր կողմից ստեղծված Հանձնաժողովի և մարզպետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով կազմակերպում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) բաշխման ու հատկացման աշխատանքները: Ընդ որում, Հանձնաժողովի իրավասությունների մեջ է մտնում համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների` ցուցակում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և ըստ դրա` համայնքի ղեկավարի կողմից հերթացուցակում ընդգրկված ընտանիքի անդամներ հանդիսացող անձանց բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելը, եթե առկա են Կարգի 12-րդ կետով նախատեսված` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների հաշվառման համար դիմում ներկայացրած քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամի (անդամների) դիմումների քննության արդյունքներով մերժման հիմքերը: Այսինքն` Հանձնաժողովը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների` ցուցակում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը կայացնում է վերոհիշյալ ցուցակում ընդգրկված մեկ ընտանիքի անդամներ հանդիսացող անձանց առնչությամբ, նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ` անհատապես:

Այսպիսով վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ բնակարանային պայմանները բարելավելու իրավունքը կրող սուբյեկտը քաղաքացին է, ընտանիքի յուրաքանչյուր անդամ անհատապես, և ոչ թե ընտանիքը` որպես միասնական, անտրոհելի միավոր, հետևաբար նախ և առաջ փաստում է, որպես բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող հաշվառված անձի կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածության ձեռք բերումն ինքնըստինքյան, անհրաժեշտաբար չի հանգեցնում որպես այդ անձի ընտանիքի անդամ հաշվառված մյուս անձանց կողմից շահառուի կարգավիճակի կորստին, որպիսի հանգամանքը հիմք է տվյալ անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու համար, այսինքն` դրա հետևանքը տվյալ անձին, և ոչ թե ողջ ընտանիքին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելն է, և այն անհրաժեշտաբար չի ենթադրում նաև այդ հիմքով ընտանիքի հաշվառված մյուս անդամների` ծրագրում ընդգրկվելու հնարավորության բացառում:

Վերոգրյալից ուղղակիորեն հետևում է, որ հատկապես ՀՀ կառավարության` 10.06.1999 թվականի թիվ 432 և 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշումներով նմանատիպ որևէ դրույթ նախատեսված չլինելու պայմաններում, աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության միջոցով իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում որպես բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում չհաշվառված անձի կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածության ձեռք բերումը նույնպես չի կարող հանգեցնել այդ անձի` նույն ցուցակներում հաշվառված ընտանիքի անդամի (անդամների) կողմից շահառուի կարգավիճակի կորստին:

Համակարգային փոխկապակցության մեջ գտնվող` ՀՀ կառավարության թիվ 1402-Ն որոշման` հերթացուցակում ընդգրկված անձանց բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու հիմքերի, այն է` Կարգի 12-րդ կետով (ըստ 12-րդ կետի «ա» ենթակետի` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը) սահմանված հիմքերի համադրված վերլուծության արդյունքում գտնում ենք, որ յուրաքանչյուր դեպքում հերթացուցակում հաշվառված (չհաշվառված)` ընտանիքի անդամի կողմից սեփականության իրավունքով բնակելի տարածություն ձեռք բերելու պարագայում Հանձնաժողովի կողմից պետք է մանրամասն քննության առարկա դառնա այն հանգամանքը, թե արդյոք այդ փաստի արդյունքում բարելավվել են նաև հաշվառման վերցված` ընտանիքի մյուս անդամի (անդամների) բնակարանային պայմանները, և միայն այս հանգամանքը պարզելուց և հաստատված համարելուց հետո իրավասու մարմինը կարող է հերթացուցակում հաշվառված` ընտանիքի մյուս անդամի (անդամների) բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու որոշում կայացնել: Ընդ որում, որոշումը պետք է վերաբերի ոչ թե ընտանիքին, այլ ընտանիքի կազմում հաշվառված, նրա անդամ հանդիսացող անձանց, ինչի մասին է վկայում, օրինակ` Կարգի 12-րդ կետով սահմանված (այլ բնակավայր մշտական բնակության մեկնելու, մահանալու, հաշվառման մեջ մնալու իրավունքը այլ հիմքերով կորցնելու, բնակարանային պայմանները բարելավվելու կապակցությամբ են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը վերանալու, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու) դեպքերում տվյալ քաղաքացիներին, այսինքն` ընտանիքի համապատասխան անդամին (անդամներին), այլ ոչ թե ողջ ընտանիքին հաշվառումից հանելու իրավակարգավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթն առ այն, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի որոշման ժամանակ ընտանիքի կազմում չի հաշվառվում ընտանիքի այն անդամը, ով ունի սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ, եթե ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակարանի (բնակելի տան) նրան պատկանող բաժնեմասը գերազանցում է 9 քմ-ը: Փաստորեն, հաշվառված անձի` սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու հանգամանքը հիմք է ընդունվում հատկացվող բնակարանի չափը որոշելիս, այսինքն` նշված հանգամանքն ինքնին իրավական նշանակություն է ձեռք բերում միայն բնակարանի չափը որոշելու նպատակի համար, այդ հանգամանքի հետևանքը հատկացվելիք բնակելի տարածության չափի նվազեցումն է սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող անձին հասանելի չափով:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում` երկրաշարժի հետևանքով քանդված բնակարանի դիմաց երեքսենյականոց բնակարան ստանալու համար, որպես շահառու ընտանիք` հաշվառված են եղել Նորիկ Սողոմոնյանը, նրա կինը` Մարինե Մացակյանի, և երկու որդիները` Վահե և Նարեկ Սողոմոնյանները:

Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ Յուրիկ Անդրանիկի Սողոմոնյանի սեփականության իրավունքը գրանցվել է 21.06.2006 թվականին:

ՀՀ Լոռու մարզի «Սպիտակ» նոտարական տարածքի նոտարի կողմից 01.09.2009 թվականին վավերացված գույքի նկատմամբ իրավունքների մասին թիվ 1685 հայտարարության համաձայն` Յուրիկ Սողոմոնյանը հրաժարվել է իր կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից և տվել է իր համաձայնությունը, որ իր բնակարան ստանալու իրավունքից օգտվի իր որդու` Նորիկ Սողոմոնյանի ընտանիքը:

Գործում բացակայում է որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ Նորիկ Սողոմոնյանի, Մարինե Մացակյանի, Վահե Սողոմոնյանի, Նարեկ Սողոմոնյանի անվամբ առկա է որևէ իրավունքով գրանցված բնակելի տարածություն, ինչպես նաև, որ վերջիններս Յուրիկ Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան նկատմամբ ունեն որևէ գույքային իրավունք:

Ընդ որում, գործի փաստերի համաձայն Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ 21.06.2006 թվականին Յուրիկ Սողոմոնյանի սեփականության իրավունք ձեռք բերելը կապված չէ բնակարանային պայմանների բարելավման նպատակով իրականացվող պետական աջակցության հետ կամ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակապահովման նպատակով իրականացվող որևէ այլ ծրագրի հետ:

Նման պայմաններում գտնում ենք, որ միայն Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող բնակելի տան նկատմամբ 21.06.2006 թվականին Յուրիկ Սողոմոնյանի սեփականության իրավունքի գրանցման փաստով, առանց վեր հանելու առանձին հանգամանքներ, որոնցով հնարավոր կլիներ փաստել, որ որպես բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում չհաշվառված Յուրիկ Սողոմոնյանի կողմից բնակելի տուն ձեռք բերելու հետևանքով բարելավվել են նաև նույն ցուցակներում հաշվառված վերջինիս որդու` Նորիկ Սողոմոնյանի, Մարինե Մացակյանի, Վահե Սողոմոնյանի, Նարեկ Սողոմոնյանի բնակարանային պայմանները, Հանձնաժողովը չէր կարող հաստատված համարել նշված հանգամանքն ու ընդուներ վիճարկվող որոշումը:

Բացի այդ, նախկին ՀՀ բնակարանային օրենսգրքի (ուժը կորցրել է 26.11.2005 թվականին) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն օգտագործման համար բնակելի տարածություն ստանալու պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում` ԽՍՀ Միության օրենսդրությամբ, նույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Բնակելի տարածությունները տվյալ բնակավայրում մշտապես բնակվող հիշյալ քաղաքացիներին (եթե ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված), որպես կանոն, հատկացվում են իբրև առանձին բնակարան` մեկ ընտանիքի համար:

Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները:

Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները:

Հիշյալ իրավադրույթների համատեղ վերլուծությունից հետևում է, որ նախկին ՀՀ բնակարանային օրենսգիրքը սահմանել է, թե ովքեր են հանդիսացել վարձակալի ընտանիքի անդամներ, և միաժամանակ հստակ ամրագրել է, որ վարձակալի հետ համատեղ բնակվող վերջինիս ընտանիքի անդամները, այդ թվում` նրա երեխաները, բնակելի տարածության նկատմամբ ունեցել են վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքները, հետևաբար վարձակալի հետ համատեղ նույն իրավական հիմքերով զբաղեցրել են համապատասխան բնակարանը:

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունը` հիշյալ իրավանորմերի, Կարգով սահմանված դրույթների և սույն գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում պետք է փաստել, որ Նորիկ Սողոմոնյանը, որպես երկրաշարժի հետևանքով քանդված Սպիտակ քաղաքի Թորոսյան 24 (Թորոսյան 14ա/3) հասցեի բնակարանի վարձակալ Յուրիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամ ու նույն բնակարանի բնակիչ, Կարգի 2-րդ կետի ուժով հանդիսանում է բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացի, որի զբաղեցրած կացարանը (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել է, իսկ Մարինա Մացակյանն ու Վահե և Նարեկ Սողոմոնյանները հանդիսանում են Նորիկ Սողոմոնյանի ընտանիքի անդամները:

Տվյալ դեպքում Հանձնաժողովը 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումը կայացրել է, առանց Նորիկ Սողոմոնյանի և նրա կնոջ` Մարինա Մացակյանի, ու երեխաների` Վահե և Նարեկ Սողոմոնյանների բնակարանային պայմանները բարելավված լինելու փաստը պարզելու ու հաստատված համարելու` Նորիկ Սողոմոնյանին և նրա կնոջը` Մարինա Մացակյանին, ու երեխաներին` Վահե և Նարեկ Սողոմոնյաններին, ծրագրում չընդգրկելու համար հիմքում դնելով բացառապես Յուրիկ Սողոմոնյանի կողմից սեփականության իրավունքով բնակելի տուն ունենալու փաստը` չպարզելով, թե արդյոք այդ փաստի արդյունքում բարելավվել են նաև հաշվառման վերցված Նորիկ Սողոմոնյանի և նրա կնոջը` Մարինա Մացակյանին, ու երեխաներին` Վահե և Նարեկ Սողոմոնյաններին բնակարանային պայմանները, ուստի գտնում ենք, որ Հանձնաժողովը սխալ է կիրառել Կարգի 12-րդ կետի դրույթներ, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման ՀՀ կառավարության` 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի կիրառման վերաբերյալ և առանց բավարար ապացույցների ու հաստատված հանգամանքների կայացրել է ոչ իրավաչափ որոշում` խախտելով Կանոնակարգի 11-րդ կետը:

Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, հիմնավոր ենք համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ առկա են եղել բավարար հիմքեր Դատարանի վճիռը մասնակիորեն` Հանձնաժողովի` 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումը մասնակի` հայցվոր Մարինա Մացակյանի ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը մերժելու մասով, բեկանելու համար:

Միևնույն ժամանակ հիմնավոր ենք համարում Դատարանի վճիռը` Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն Կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջի մասին հայցը մերժելու մասով, բեկանման ենթակա լինելու, և գործը` նշված պահանջի մասով վարչական դատարան նոր քննության ուղարկելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, քանի որ Մարինա Մացակյանի ընտանիքին շահառու ճանաչելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն Կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջի մերժման հիմքում դնելով բացառապես Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրային որոշումն իրավաչափ որակելու վերաբերյալ եզրահանգումները` Դատարանն այդ պահանջի մասով գործի առանձին, ըստ էության քննություն չի իրականացրել և չի պարզել նշված պահանջի հիմնավորման վերաբերյալ ներկայացված իրավական և փաստական հանգամանքներն ու չի կիրառել դրանց նկատմամբ դատական ակտի կայացման պահին գործող իրավակարգավորումները:

 

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Կոմիտեի բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել` Վերաքննիչ դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:

 

    Դատավոր       Դատավոր       Դատավոր

Ռ. Հակոբյան   Գ. Հակոբյան   Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 21 մայիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.05.2021
N ՎԴ/1434/05/16
Որոշում