Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՉՊԻՍԻ՞ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՉՊԻՍԻ՞ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԻ ՀԱՇՏԱՐԱՐԸ` ՖԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԴ/26423/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26423/02/20      2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով` ըստ դիմումի «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ` Հաշտարար) 23.07.2020 թվականին կայացված թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Հաշտարարի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հաշտարարի 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) 03.12.2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-203 գործով որոշման կայացումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) 08.01.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 360-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը, Հաշտարարին չդիտարկելով իբրև գործին մասնակցող անձ, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչի արդյունքում սահմանափակվել են Հաշտարարի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի Հաշտարարը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

i

Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ...»:

Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը կողմերին իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու հաշտարարի որոշումը` տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ մասնավորապես արձանագրվել է, որ «(...) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:

Միևնույն ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների և ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ:

Մասնավորապես, ի տարբերություն այլ վարույթների (օրինակ` հայցային, հատուկ և այլն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետևության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ Հաշտարարը, իսկ տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտն ուղարկվում է նաև Հաշտարարի գրասենյակ: Այսինքն օրենսդիրը նախատեսել է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերին նաև Հաշտարարի մասնակցությունը, իսկ եթե Հաշտարարը կարող է մասնակցել դատական նիստին, ապա պետք է ունենա դատավարական կարգավիճակ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հաշտարարի դատավարական կարգավիճակին` վերջինիս դատական նիստին մասնակցելու համար իր որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` (...) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Ելնելով նշված իրավական նորմերի վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով բողոքաբերի շահագրգռվածության հարցը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/4208/02/16 գործով 17.09.2018 թվականի որոշմամբ նշել է, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները և դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Այլ կերպ ասած` հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,

§ որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն տվյալ գործով,

i

§ որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ` այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի գործակալությունը և այլն): ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/5521/02/19 գործով 05.11.2021 թվականի որոշմամբ փաստել է, որ հաշտարարը դատարանի կողմից դատական նիստին ներգրավվում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն, հաշտարարին գործի քննությանը ներգրավելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես` բողոքարկել տվյալ գործով դատական ակտը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` 23.07.2020 թվականին Երևան քաղաքում Հաշտարարը կայացրել է թիվ 15-5890/20 որոշումը Անդրանիկ Զարգարյանի` Ընկերության դեմ ուղղված 03.06.2020 թվականի թիվ 08-1164/20 պահանջը բավարարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 37):

Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել` համաձայն Հաշտարարի 06.08.2020 թվականի թիվ 01-08/21307 գրության (հատոր 2-րդ, գ.թ. 19):

Դատարանի 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարվել է: Սույն գործում առկա է Դատարանի 03.03.2021 թվականի որոշումը ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ուղարկելու փաստը հավաստող թիվ Ե-79616/21 ուղեկցական գրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 70):

i

Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Հաշտարարը գործին մասնակցող անձ չի հանդիսանում, իսկ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով կարող են վիճարկել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում նշված կողմերը` Հաշտարարի քննության պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ Հաշտարարը ոչ միայն չի հանդիսանում գործին մասնակցող անձ, այլև հանդիսանում է Հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծող մարմին: Ուստի Հաշտարարը 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին 03.03.2021 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք օրենքի ուժով չունի, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց շրջանակի մեջ չի մտնում:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով այն հիմքով, որ բողոքաբերը գործին մասնակցող անձ չի հանդիսանում, իսկ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով կարող են վիճարկել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում նշված կողմերը` Հաշտարարի քննության պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը, անտեսել է այն հանգամանքը, որ թեև օրենսդիրը հստակ չի նախատեսել Հաշտարարի դատավարական կարգավիճակը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում, այնուամենայնիվ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով ունի իրավական շահագրգռվածություն, հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ Հաշտարարի գրասենյակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ծանուցվում է դատական նիստի մասին, անհրաժեշտության դեպքում տալիս է պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ստանում է տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտը, այսինքն` համարվում է դատավարության մասնակից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկվում է Հաշտարարի կողմից կայացված 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը, հետևաբար Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով հանդիսանում է շահագրգիռ անձ և ունի դատավարության մասնակիցների համար օրենքով սահմանված իրավունքներ, մասնավորապես` վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու իրավունք, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Հաշտարարը վերոհիշյալ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին Դատարանի 03.03.2021 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք օրենքի ուժով ունի:

Նման պայմաններում համադրելով ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը բովանդակային իմաստով Հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկելու համատեքստում և վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:

i

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 360-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Հաշտարարի` վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Հաշտարարի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ընդ որում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործող օրենսդրությունը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարում չի նախատեսում: Ուստի, վճռաբեկ բողոքին կից ներկայացված 14.06.2021 թվականին վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման բողոքաբերին:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԴ/26423/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26423/02/20    2022 թ.

Նախագահող դատավոր Ն. Գաբրիելյան

    Դատավորներ        Լ. Գրիգորյան

                      Կ. Չիլինգարյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/26423/02/20 քաղաքացիական գործով 11.01.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    11 հունվարի 2022թ.                         ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.01.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` նաև Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)` Հաշտարարի 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

i

Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 11.01.2022 թվականի որոշման (այսուհետ` Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է` ֆինանսական համակարգի հաշտարարի դիմումի քննության ելքով շահագրգռված անձ հանդիսանալու և վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու իրավունք ունենալու, կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հաշտարարի 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը քննել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 360-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը, Հաշտարարին չդիտարկելով իբրև գործին մասնակցող անձ, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչի արդյունքում սահմանափակվել են Հաշտարարի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Որոշմամբ բարձրացնելով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթում Հաշտարարի դատավարական կարգավիճակը բացահայտելու իրավական հարցադրում` Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնությունը հանգել է այն հետևության, որ «(...) Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով հանդիսանում է շահագրգիռ անձ և ունի դատավարության մասնակիցների համար օրենքով սահմանված իրավունքներ, մասնավորապես` վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու իրավունք (...)»: Որոշմամբ նաև արձանագրվել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հետևանքով խախտվել է արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը հանդիսացող դատարանի մատչելիության` միջազգային և ներպետական իրավական ակտերով երաշխավորված իրավունքը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

i

Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք,

2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,

3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,

4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք` դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

i

Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

i

Օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

i

Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

i

Շարադրված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը, սահմանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից գործերի քննության իրականացման համապատասխան կարգ` այդ թվում նաև առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց սպառիչ ցանկ, հստակ ընդգծել է այն մոտեցումը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ ընդունվելու և քննության են ենթակա միայն այն բողոքները, որոնք ներկայացվել են Օրենսգրքով սահմանված անձանց կողմից և նույն օրենսգրքով սահմանված կարգով: Այս մեկնաբանության հաստատմանն է ծառայում նաև Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմք է համարում նաև այն դեպքը, երբ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի: Տվյալ դեպքում նախատեսելով առաջին ատյանի դատարանի` Օրենսգրքով սահմանված դատական ակտերը բողոքարկելու իրավունք, օրենսդիրը նեղացրել է բողոքարկման իրավունքի հասցեատերերի շրջանակը: Այդկերպ մի կողմից ապահովվել է դատական սխալները բացահայտելու և արդարադատության նպատակների գործնական իրականացմանը նպաստելու` բողոքարկման ինստիտուտի նշանակությունը, մյուս կողմից` բացառվել է դատական գործընթացներին անհաղորդ կամ դատական ակտով որևէ շահագրգռվածություն չունեցող այլ անձանց կողմից դատական ակտերը կամայական բողոքարկելու, դատական ակտի կատարումը ձգձգելու և ողջամիտ ժամկետում արդարադատություն իրականացնելու սկզբունքի խախտմանը հանգեցնող այլ հետևանքներ առաջանալու ռիսկերը: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ բողոքարկման ինստիտուտի գործնական արդյունավետությունն ապահովվելու տեսանկյունից օրենսդիրը վերաքննիչ բողոք ներկայացնելու անձանց ցանկում առանձին ներառել է գործին մասնակից չդարձված անձանց, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բայց տարբեր պատճառներով դատավարական գործընթացին մասնակից չեն դարձվել:

i

Օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

Օրենսգրքի 337-րդ հոդվածի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Օրենսգրքի 50-րդ գլխով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չլինելու պայմաններում նշված հատուկ վարույթը ևս ենթակա է իրականացման նույն օրենսգրքով նախատեսված` գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն:

Օրենսգրքի 337-րդ հոդվածում օգտագործված «կողմեր» եզրույթը պետք է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված է կողմերի հիմնական հասկացությունը, ըստ որի` կողմեր են ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը:

Շարադրվածը համադրելով Օրենսգրքի 50-րդ գլխի կարգավորումների հետ և հաշվի առնելով իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, կարելի է արձանագրել, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վարույթի կողմերն են ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը:

Այս տեսանկյունից կարևորվում է նաև այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումից իրավունքներ և պարտականություններ կարող են ծագել միայն հաճախորդի և կազմակերպության համար: Այդ մասին է վկայում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի` այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Հաճախորդի կողմից որոշման հետ համաձայնելու մասին գրությունն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ չհամաձայնելու դեպքում` 30 աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին և համապատասխանաբար` որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:

Նշված նորմի բովանդակությունից պարզ է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդի պահանջի քննության արդյունքով որևէ որոշում կայացնելուց հետո նշված որոշումը պարտադիր, այսինքն` կատարման ենթակա է դառնում միայն կողմերի` հաճախորդի և կազմակերպության համար: Ֆինանսական համակարգի հաշտարարի` հաճախորդի պահանջը քննելու գործառույթն ըստ էության ավարտվում է իր կայացրած որոշման կապակցությամբ հաճախորդի գրությունը ստանալուց հետո` որոշակի ժամկետներում, կազմակերպությանն այդ որոշման կարգավիճակի վերաբերյալ ծանուցումն ուղարկելու գործողությամբ:

i

Այս պատճառաբանությունների հիման վրա էլ` ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդին և կազմակերպությանն է վերապահված նախ` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հիման վրա վիճարկելու, իսկ դրա հիման վրա Օրենսգրքի 50-րդ գլխի կանոններով կայացված` առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը` որպես Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված «գործին մասնակցող անձինք»:

Տվյալ դեպքում Դատարանի 03.03.2021 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Հաշտարարը, ով վերը նշված իրավական կարգավորումների համաձայն` գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ կողմ է` Օրենսգրքի և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իմաստով, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ Օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ:

i

Հաշտարարը ո՛չ Օրենսգրքով և ո՛չ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով ֆինանսական կազմակերպությունների դեմ հաճախորդների ներկայացրած մասնավոր իրավահարաբերություններից բխող պահանջների քննության գործերով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ չէ: Հաշտարարը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորություններն իրացնելու միջոցով հաճախորդների կողմից Կազմակերպությունների դեմ ներկայացված պահանջները քննող և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունող ֆիզիկական անձ է («Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ): Վերջինս Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով առնվազն կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է Օրենսգրքի 50-րդ գլխով:

Ելնելով նշված հանգամանքից` օրենսդիրը դիմողի համար նախատեսել է դիմումը և դրան կից փաստաթղթերը դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը դիմումին կցելու պարտականություն, դատարանին էլ` դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին ծանուցելու և վերջինիս նաև դատարանի որոշումն ուղարկելու պարտականություն:

Հետևաբար ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ` հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «ֆինանսական համակարգի հաշտարար» և «ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշումն ազդում է միայն նրանց վրա և սույն գործով դարձել է դատական վերահսկողության օբյեկտ:

i

Շարադրվածից պարզ է նաև, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթում Հաշտարարի կողմ կամ քննության ելքով շահագրգիռ անձ չհանդիսանալու պայմաններում Սահմանադրության 61-րդ, 63-րդ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքի խախտում տեղի չի ունեցել:

i

Դատարանի 03.03.2021 թվականի որոշման դեմ Հաշտարարի ներկայացրած վերաքննիչ բողոքն Օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վկայակոչմամբ վարույթ ընդունելը մերժելով, Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատավարական որևէ նորմի, առավել ևս` դատարանի մատչելիության իրավունքի խախտում, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

    Դատավոր                      Ա. Մկրտչյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

11.01.2022 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/26423/02/20 քաղաքացիական գործով 11.01.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11.01.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ` Հաշտարար) 23.07.2020 թվականին կայացված թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Հաշտարարի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է` վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Մամիկոն Դրմեյանս համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն` 23.07.2020 թվականին Երևան քաղաքում Հաշտարարը կայացրել է թիվ 15-5890/20 որոշումը Անդրանիկ Զարգարյանի` Ընկերության դեմ ուղղված 03.06.2020 թվականի թիվ 08-1164/20 պահանջը բավարարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 37):

Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել` համաձայն Հաշտարարի 06.08.2020 թվականի թիվ 01-08/21307 գրության (հատոր 2-րդ, գ.թ. 19):

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարվել է: Սույն գործում առկա է Դատարանի 03.03.2021 թվականի որոշումը ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ուղարկելու փաստը հավաստող թիվ Ե-79616/21 ուղեկցական գրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 70):

i

Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Հաշտարարը գործին մասնակցող անձ չի հանդիսանում, իսկ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով կարող են վիճարկել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում նշված կողմերը` Հաշտարարի քննության պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ Հաշտարարը ոչ միայն չի հանդիսանում գործին մասնակցող անձ, այլև հանդիսանում է Հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծող մարմին: Ուստի Հաշտարարը 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին 03.03.2021 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք օրենքի ուժով չունի, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց շրջանակի մեջ չի մտնում:

 

Վճռաբեկ դատարանը որոշել է` վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտել է, որ

«(...) Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով ունի իրավական շահագրգռվածություն, հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ Հաշտարարի գրասենյակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ծանուցվում է դատական նիստի մասին, անհրաժեշտության դեպքում տալիս է պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ստանում է տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտը, այսինքն` համարվում է դատավարության մասնակից:

(...) տվյալ դեպքում վիճարկվում է Հաշտարարի կողմից կայացված 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը, հետևաբար Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով հանդիսանում է շահագրգիռ անձ և ունի դատավարության մասնակիցների համար օրենքով սահմանված իրավունքներ, մասնավորապես` վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու իրավունք, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Հաշտարարը վերոհիշյալ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին Դատարանի 03.03.2021 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք օրենքի ուժով ունի:

(...) Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 360-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Հաշտարարի` վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Հաշտարարի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից: (...)»:

Գտնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարին վերապահված չէ իր կողմից կայացված` դատական վերահսկողության օբյեկտ հանդիսացած որոշման վիճարկման արդյունքում դատարանների կողմից կայացված դատական ակտերը բողոքարկելու իրավունք, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը չէր կարող վերացվել հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած անձինք վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն իրենց ներկայացրած վերաքննիչ (...) բողոքը վարույթ ընդունելը մերժելու, (...) վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների դեմ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ի թիվս այլնի, սահմանվել է նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում քաղաքացիական գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգը, որի համաձայն` Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահվել վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Այդ կարգի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել ինչպես գործին մասնակցող անձանց, ինչպես նաև` գլխավոր դատախազին և նրա տեղակալներին` օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց:

Ինչպես վերն արդեն նշվեց, օրենսդիրը սահմանել է գործին մասնակցող անձանց կազմը` դրա մեջ ներառելով կողմերին (հայցվորին, պատասխանողին), երրորդ անձանց, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերի դեպքում` դիմողներին, ովքեր ներկայացրել են նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում, և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չէ, ուստի վերը նշված կարգավորման համաձայն` այս վարույթը ևս ենթակա է իրականացման նույն օրենսգրքով նախատեսված` գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն:

i

Սույն գործի փաստերի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով եզրափակիչ դատական ակտ հանդիսացող վերաքննիչ դատարանի որոշումը, որի դեմ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածում նշված անձինք:

i

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված վարույթի կողմերն են (գործին մասնակցող անձինք են) դիմողը` Ընկերությունը, և դիմումի քննության ելքով շահագրգռված անձ Անդրանիկ Զարգարյանը: Վերջիններս Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք չեն ներկայացրել: Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարը, որը վերը նշված իրավական կարգավորումների համաձայն` գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ հայցվոր է, ո՛չ պատասխանող, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ նույն օրենսգրքի իմաստով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ: Վերջինս նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով լավագույն դեպքում կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով, իսկ նշված հանգամանքից ելնելով օրենսդիրն ընդամենը դիմողի համար պարտականություն է նախատեսել դիմումին կցելու դիմումը և դրան կից փաստաթղթերը նաև դատավարության մասնակից Ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը, իսկ դատարանի համար` պարտականություն` դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին, բացի կողմերից, ծանուցելու նաև դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, ինչպես նաև բացի կողմերից, դատարանի որոշումն ուղարկելու նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, որպիսի օրենսդրական ձևակերպումներից ևս բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ. հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «Ֆինանսական համակարգի հաշտարար» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Գտնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշումը սույն գործով դարձել է դատական վերահսկողության օբյեկտ:

i

Վերը նշվածի հիման վրա գտնում ենք, որ թեև որպես գործին մասնակցող անձ Հաշտարարն իրավունք չունի բողոքարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այդուհանդերձ որպես գործին մասնակից չդարձված անձ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով նա կարող է վճռաբեկ բողոք ներկայացնել իր վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ, որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանի կողմից դատական վերահսկողությունը պետք է ուղղված լինի Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափության գնահատմանը:

Ամփոփելով վերոգրյալ վերլուծությունները` գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը իրավաչափորեն է մերժել Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը, ուստի ներկայացված վճռաբեկ բողոքը չէր կարող բավարար գնահատվել Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

                      Դատավոր            Դատավոր

                      Ռ. Հակոբյան        Մ. Դրմեյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/26423/02/20 քաղաքացիական գործով 11.01.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

11.01.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի հունվարի 11-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հաշտարարի 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) 03.12.2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-203 գործով որոշման կայացումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) 08.01.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 360-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Հաշտարարին չդիտարկելով իբրև գործին մասնակցող անձ, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչի արդյունքում սահմանափակվել են Հաշտարարի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

i

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի Հաշտարարը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում:

 

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր` հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):

i

Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր` 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ...»:

Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում` առանց դատական նիստ հրավիրելու:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են կողմերը և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում` դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատարանի որոշումը կողմերին և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը կողմերին իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու հաշտարարի որոշումը` տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

i

ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ մասնավորապես արձանագրվել է, որ «(...) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:

Միևնույն ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների և ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ և պահպանմամբ:

Մասնավորապես, ի տարբերություն այլ վարույթների (օրինակ` հայցային, հատուկ և այլն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետևության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի և ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ Հաշտարարը, իսկ տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտն ուղարկվում է նաև Հաշտարարի գրասենյակ: Այսինքն օրենսդիրը նախատեսել է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերին նաև Հաշտարարի մասնակցությունը, իսկ եթե Հաշտարարը կարող է մասնակցել դատական նիստին, ապա պետք է ունենա դատավարական կարգավիճակ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հաշտարարի դատավարական կարգավիճակին` վերջինիս դատական նիստին մասնակցելու համար իր որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` (...) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Ելնելով նշված իրավական նորմերի վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով բողոքաբերի շահագրգռվածության հարցը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/4208/02/16 գործով 17.09.2018 թվականի որոշմամբ նշել է, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները և դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Այլ կերպ ասած` հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նաև իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,

§ որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն տվյալ գործով,

i

§ որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ` այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի գործակալությունը և այլն): ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/5521/02/19 գործով 05.11.2021 թվականի որոշմամբ փաստել է, որ հաշտարարը դատարանի կողմից դատական նիստին ներգրավվում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն, հաշտարարին գործի քննությանը ներգրավելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես` բողոքարկել տվյալ գործով դատական ակտը: Սույն գործի փաստերի համաձայն` 23.07.2020 թվականին Երևան քաղաքում Հաշտարարը կայացրել է թիվ 15-5890/20 որոշումը Անդրանիկ Զարգարյանի` Ընկերության դեմ ուղղված 03.06.2020 թվականի թիվ 08-1164/20 պահանջը բավարարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 37): Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել` համաձայն Հաշտարարի 06.08.2020 թվականի թիվ 01-08/21307 գրության (հատոր 2-րդ, գ.թ. 19): Դատարանի 03.03.2021 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է: Սույն գործում առկա է Դատարանի 03.03.2021 թվականի որոշումը ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին ուղարկելու փաստը հավաստող թիվ Ե-79616/21 ուղեկցական գրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 70): Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Հաշտարարը գործին մասնակցող անձ չի հանդիսանում, իսկ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով կարող են վիճարկել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում նշված կողմերը` Հաշտարարի քննության պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ Հաշտարարը ոչ միայն չի հանդիսանում գործին մասնակցող անձ, այլև հանդիսանում է Հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծող մարմին: ՈՒստի Հաշտարարը 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին 03.03.2021 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք օրենքի ուժով չունի, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց շրջանակի մեջ չի մտնում: Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով այն հիմքով, որ բողոքաբերը գործին մասնակցող անձ չի հանդիսանում, իսկ Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով կարող են վիճարկել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում նշված կողմերը` Հաշտարարի քննության պահանջ ներկայացրած հաճախորդը և կազմակերպությունը, անտեսել է այն հանգամանքը, որ թեև օրենսդիրը հստակ չի նախատեսել Հաշտարարի դատավարական կարգավիճակը` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում, այնուամենայնիվ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով ունի իրավական շահագրգռվածություն, հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ Հաշտարարի գրասենյակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ծանուցվում է դատական նիստի մասին, անհրաժեշտության դեպքում տալիս է պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ստանում է տվյալ գործով կայացված եզրափակիչ դատական ակտը, այսինքն` համարվում է դատավարության մասնակից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկվում է Հաշտարարի կողմից կայացված 23.07.2020 թվականի թիվ 15-5890/20 որոշումը, հետևաբար Հաշտարարը սույն գործով դիմումի քննության ելքով հանդիսանում է շահագրգիռ անձ և ունի դատավարության մասնակիցների համար օրենքով սահմանված իրավունքներ, մասնավորապես` վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու իրավունք, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Հաշտարարը վերոհիշյալ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին Դատարանի 03.03.2021 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք օրենքի ուժով ունի: Նման պայմաններում համադրելով ՀՀ Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը բովանդակային իմաստով Հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկելու համատեքստում և վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 360-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Հաշտարարի` վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Հաշտարարի` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` դիմողն այն անձն է, որ ներկայացրել է նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում է սահմանել քաղաքացիական գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգ, որի համաձայն` Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները քննելու բացառապես նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով: Այդ կարգի համաձայն` վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք է վերապահվել միայն գործին մասնակցող անձանց, ինչպես նաև` գլխավոր դատախազին և նրա տեղակալներին` օրենքով նախատեսված դեպքերում:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, օրենսդիրը սահմանել է գործին մասնակցող անձանց կազմը` դրա մեջ ներառելով կողմերին (հայցվորին, պատասխանողին), երրորդ անձանց, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերի դեպքում` դիմողներին, ովքեր ներկայացրել են նույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում, և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց: Այսինքն` միայն նշված անձանց է վերապահվել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակի առումով հատուկ կանոն նախատեսված չէ, ուստի վերը նշված կարգավորման համաձայն` այս վարույթը ևս ենթակա է իրականացման նույն օրենսգրքով նախատեսված` գործի քննության վերը նշված ընդհանուր կանոնների համաձայն:

i

Սույն գործի փաստերի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով եզրափակիչ դատական ակտ հանդիսացող վերաքննիչ դատարանի որոշումը, որի դեմ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես վերը նշված անձինք:

i

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված վարույթի կողմերն են (գործին մասնակցող անձինք են) դիմողը` Ընկերությունը, և դիմումի քննության ելքով շահագրգռված անձ Անդրանիկ Զարգարյանը: Վերջիններս Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք չեն ներկայացրել: Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ֆինանսական համակարգի հաշտարարը, որը վերը նշված իրավական կարգավորումների համաձայն` գործին մասնակցող անձ չէ, քանի որ ո՛չ հայցվոր է, ո՛չ պատասխանող, ո՛չ երրորդ անձ և ո՛չ էլ դիմող կամ նույն օրենսգրքի իմաստով դիմումի քննության ելքով շահագրգռված անձ: Վերջինս նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իմաստով լավագույն դեպքում կարող է հանդիսանալ իրավասու անձի (մարմնի) կարգավիճակով քաղաքացիական դատավարությանը մասնակցելու իրավունք ունեցող անձ, որպիսի իրավունքը նրան տրամադրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ գլխով, իսկ նշված հանգամանքից ելնելով և` օրենսդիրն ընդամենը դիմողի համար պարտականություն է նախատեսել դիմումին կցելու դիմումը և դրան կից փաստաթղթերը նաև դատավարության մասնակից Ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը, իսկ դատարանի համար` պարտականություն` դատական նիստ հրավիրելու դեպքում դրա վայրի և ժամանակի մասին, բացի կողմերից, ծանուցելու նաև դատավարության մասնակից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, ինչպես նաև բացի կողմերից, դատարանի որոշումն ուղարկելու նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին, որպիսի օրենսդրական ձևակերպումներից ևս բխում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը տվյալ վարույթի կողմ չէ. հակառակ պարագայում օրենսդիրը «կողմ», «Ֆինանսական համակարգի հաշտարար» և «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» եզրույթներն առանձին-առանձին չէր օգտագործի: Կարծում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը հանդիսանում է իր քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդի և կազմակերպության միջև վեճը լուծած մարմին, ում որոշումը սույն գործով դարձել է դատական վերահսկողության օբյեկտ: Ավելին` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը սահմանում է նույն օրենքում օգտագործվող «կողմեր» հասկացությունը, բացահայտել է դրա կազմը` նշելով, որ դրանք են Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը պահանջ ներկայացրած հաճախորդը և Կազմակերպությունը, որի դեմ ներկայացվել է պահանջը, որպիսի կարգավորումից է բխում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված տվյալ վարույթի գործերով դատավարության իրականացման համապատասխան կարգը, այդ թվում` տվյալ վարույթի կողմերի առումով սահմանված համապատասխան շրջանակը:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք կարծիք հայտնել այն մասին, որ եթե գործին մասնակցող անձ չհանդիսացող Ֆինանսական համակարգի հաշտարարին դատական պրակտիկայում իրավունք վերապահվի իր կողմից կայացված` դատական վերահսկողության օբյեկտ հանդիսացած որոշման վիճարկման արդյունքում դատարանների կողմից կայացված դատական ակտերը բողոքարկելու, ապա նույն իրավունքից օգտվելու ցանկություն կարող են հայտնել նաև արբիտրաժի վճիռը կայացրած դատավորները, օրինակ, այն դեպքերում, երբ իրենց կողմից կայացված վճիռները վիճարկելու` չեղյալ ճանաչելու, պահանջ է ներկայացվել ընդհանուր իրավասության դատարան, և այն բավարարվել է, որը, մեր կարծիքով, անընդունելի է և ոչ իրավաչափ:

 

i

Վերը նշվածի հիման վրա գտնում ենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, ենթակա է առանց քննության թողնման` որպես վճռաբեկ բողոքը դրա ներկայացնելու իրավունքը չունեցող անձի կողմից ներկայացվածի` չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանել է Վճռաբեկ դատարանի` կայացվելիք որոշումների տեսակների առումով այն լիազորությունների շրջանակը, որոնք վերջինս իրավասու է իրականացնել վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիազորությունների վերը նշված շրջանակը սահմանելիս օրենսդիրը ղեկավարվել է այն կանխավարկածով, որ եթե վճռաբեկ բողոքն ընդունվում է վարույթ, ուստի բացակայել են այն վերադարձնելու, առանց քննության թողնելու և դրա ընդունումը մերժելու հիմքերը, կարծում ենք, որ տվյալ դեպքում ևս պետք է հնարավոր համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառումը, քանի որ հակառակ պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի վճռաբեկ բողոքն ըստ էության քննվել է, որը չի բխում մեր կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումներից:

 

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 11 հունվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.01.2022
N ԵԴ/26423/02/20
Որոշում